Առաջին Մրցույթ


Ֆերդինանդ Մուրադյան

ՍՐՏԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՐՄՈՆՆԵՐ


I

Ես քեզ այլևս չեմ հիշի. երկու կապույտ աչիկներով ճարճատուկի այս կանաչ ոստիկը սեղանիս… Լսնամաշկության ախտորոշմամբ գռեհկացված լուսին… Սովորական, դասական տառապանքով տառապողի ինքնագիտակցում այս ահեղ ձևակերպումով. մեռնելու ուժեղ կամք ցուցաբերած Ասորեստանին մերժելով — ես քեզ այլևս չեմ հիշի…
16.04.2003

II

Ծնունդը մահ է ենթադրում: Թե’թև էր կյանքդ, իմաստալի’ց, (սա ժողովողի ՙունայնության՚ խոր ըմբռնումից` առավել է ողբերգական դառնում) – գնում ենք… Մեռնելու համար` կյանքի առաջընթացը… Եթե զավակը ծնողին ինչ որ բանով օգտակար է ընդհանրապես. մտքի զավակներ-տեսությունները… Ցարդ երեք չափումներում մեր խղճուկ գոյությունը… Նույն սահմանափակության մեջ` մեր զգայարանների գռեհիկ ֆիզիկականը… Զո’ւր չեն ճիգերդ,հոգեառ ունեցող հոգեբան…
11.08.2003

III

Արցունքը սրտի տրամաբանության արդյունքներից է: Գրողի’ ծոցը աղի բաղադրությունն ու մեզ շփոթեցնելու համար ստեղծված, առանց լեզվի կոկորդիլոսը. Չէ’ որ Մոցարտի ռեքվիեմից են աչքերդ խոնավանում: Հատկապես երբ սիրահարված ես:
15.08.2003

IV

Փարթամորեն աճող կյանքի ծառը պարբերաբար պետք է ճյուղահատվի, այլապես վայրկյաններ-տերմիտները սովամահ կլինեն, որը կենթադրի աշխարհի կործանում ընդհանրապես. հավերժությունը սուբյեկտին մերժվեց: Տեսությունը այնքան չոր չէ, որքան ողբալի, քանզի իմաստությունը թզենու տերևով ամոթը ծածկելու խորամանկ հնարքին արժանի խորամանկություն է սոսկ:
Այնինչ հավատը մեզ կդարձներ աստվածներ:
15.08.2003

V

Օգոստոսի գիշերվա երկինքն էր աստղեր խոտանում: ՙՊատկերներ շինող սկսնակ բանաստեղծների ի~նչ գործարան՚- քմծիծաղեցի: Իսկ ինքս շարժվեցի դեպի հոգիների ուղղիչ գաղութ Ծիրկաթինը: Ու ասացի.
– Ինչ թանկ ունեի- Քո անհուններում են, Տեր, իսկ ես ինձանից անցա: Հոգնած եմ ու ձանձրացած: Ոչինչ տեղի չէր ունենա, եթե հանկարծ լուսինը չթվար լսնամաշկ օձի կծիկ: Դա մահն էր (փշաքաղված գայլեր են ոռնացել), նույն մահը, երբ դառնում է անթաքույց նշտար:
Ու մեկեն (ծանր խոսք եմ ասում), կայացրած վճռի ծնած կարոտով կարոտեցի աշխարհին:
ՆՆջարանից լոգարան ներխուժեց ասթմահար մորս հազը: Ես ինձ ատեցի, որ առաքելությունը դարձրել էի քմահաճույք:
Դա եղավ մե`կ անգամ:
15.08.2003

VI

Նա մի օր դուրս եկավ տանից, այլևս այնտեղ չվերադառնալու ճակատագրով: Սովորեց, աշխատեց, սիրեց, լավ ու վատ օրեր տեսավ, ինչպես բոլոր մարդիկ: Մի օր մեռավ մայրը և նրան թաղեցին. մի օր մեռած ամուսնու` իր հոր կողքին: Հետո, երբ հուղարկավորության ծեսի մասնակիցները գնացել էին (նա ցանկացել էր առանձին լինել), փլվեց մոր շիրիմի հողաթմբին և ոռնաց ՙորովայնի երգը՚:
15.08.2003

VII

Վերջապես ո’րն էր իմ կյանքի իմաստը: Արհեստներից խորշեցի, մեկս մեկից անբաժան իմ մի երկու ընկերները չունեցա (մի ցուցանք ֆալոս): Սե’րս ընթերցանության հանդեպ- այժմ այն վերագրում եմ ծուլությանս: Կամ հենց այս խզբզոցը- նախշված Պառնասից նետած հոտած ձվերի ծորանքով: Ձախողակ եմ մեկ դյուժին չար վհուկների միջամտությամբ: Կի’ն. օ~, կինը կլիներ հրաշալի, եթե չդառնար ձանձրալի: Այս բոլորին ավելացրած և այն, որ մեկ-մեկ խելագար մտքեր են գլուխս մտնում- ահա. եթե աշխարհի բոլոր ճանապարհները հանկարծակի ուղղաձիգ դիրք ստանային- Հռոմը կնմանվեր դիրիժաբլի:
15.08.2003

VIII

Հողագունդը և ինձ անկյուն տվեց: Բայց` ո°չ- թողնենք Դարվինին իր կապիկների հետ. ՙԱստված թող ընդարձակե Հաբեթը:՚: Եվ ես ընդարձակվեցի ի սփյուռս: Հիրավի օրհնանքը` վրաս ինձ մորթող ոչ մի ժողովուրդ ինձ չանիծեց: Սա կռվան չէ’. որ ես չցանկանայի ծնված լինել, ասենք` ֆրանսիացի: Եվ սա կույր մոլեռանդություն չէ. վկա` հայկական խնձորը: Սակայն թողնենք ազգերի թողած ավանդները. ոլորտներից եկած այս հայտնության մասին է խոսքս. Դրախտում դիսկանտ ձայնով երգողները առավելապես հայ երեխաներն են:
Հետգրություն.
Գրված է ռուսական ՙМаяак՚-ով հնչած` Բախի ՙՍուրբ զատկի օրատորիայի՚ հնչյունների տակ:
16.08.2003

IX

Դա դյութա’նք էր, հափշտակվածությո’ւն, գուցե (հեռո`ւ, սեքսուալ շեղվածություն) սե’ր` առաջին հայացքից: Իսկ կինը իսկապես չքնաղ էր. բարձրահասակ, մինչև գոտկատեղը իջնող սանդղաջրվեժ հիշեցնող կապտամոխրագույն մազերով, ըստ դասականի մասին մեր պատկերացման` մի քիչ ուռուցիկ ճակատով, կնո`ջ-մո`ր-ռազմիկի` հայացքով, հարթ քթով, հյութեղ շրթունքներով, ձվաձև դեմքով, բարձր, նուրբ պարանոցով, կաթով լցվելու պատրաստ (բայց այնպես, որ դա լինի մի հինգ տարի հետո), պիրկ կրծքերով, փարթամ կոնքերով, քանոնով ճշտված ոտքերով, նվաղեցնելու աստիճան զգլխիչ, կանգնել էր բազալտե` մորեմերկ այդ կինը զբոսայգում:
16.08.2003

X

Սի`րտս է քեզ սիրում: Ծիծաղում ես: Գրողի ծոցը` նրբությունը զգալու ճապոնացու վեցերորդ զգայարանը. զանգակածաղկի չէ ծիծաղդ: Բացի այդ, ես մեկ շաբաթ ծամել եմ փոկի ճարպ: Եվ սա է ինձ հետ պատահել. տեսել եմ թե ինչպես է արդեն կուտ կերած մարի աղավնուն վարուժանը քշում դեպի բույնը` ձվերի վրա: Սա արդեն արցունքներ կորզելու չափ զգայացունց էր: Ծիծաղո~ւմ ես:
Իսկ եթե մեռնեմ, ու դու լաց լինես: մոմի նման, ինչպես դեղին լուսապսակով մոմն է լուռ արտասվում:
Ծիծաղո~ւմ ես:
Փոկի ճարպից պատրաստված, սուր հոտով մոմի:
Քեզանից բաժանվելը արժեր իմ այս անկումին:
16.08.2003

XI

Մերկ պատեր, արդեն յոթ տարի շարքից դուրս եկած հեռուստացույց, խարխուլ ոտքերով գրասեղան, միայն վառելու համար պիտանի երկու տաբուրետ ու երևի հենց աղքատի համար շինված էլիպսաձև, փոքրիկ ճաշասեղան: Սենյակում կային նաև գրքեր ու դեռ դինոզավրի լսած ռադիոընդունիչ:
Պահաթախտին` աչքերը խուփ պառկած տղամարդը երաժշտության մեջ անրջում էր:
Եվ եկավ անուրջների կինը: Ասենք դա կին չէր ամբողջությամբ, այլ այդ կնոջ մարմնից մի ֆրագմենտ` մերկ, չքնաղ իրան և այդ իրանից բխած բարձր պարանոցի լուսե ողնաշար: Կինն ամբողջության մեջ թերևս հրաշագեղ լիներ, բայց դա տղամարդուն չէր պատկերանում. մտապատկերում այդ կնոջ ողորկ կոնքերն էին ու պարանոցի լույս ճառագող ողնաշարը: Եվ կինը խոսեց: Թավշյա, թրթռուն, հուզաթաթավ, հուզախռով ձայնով նա պատմեց աշխարհի խորհրդի, մարդկային փոխհարաբերությունների, սիրո և ատելության, կյանքի, գեղեցիկի մասին:
Ահա-թավջութակի մասին…
20.08.2003

XII

Դեռ անգիտակցականում մեր պատճառած ցավից (երկունքի ցավ) ընկճվածներս դառնում ենք մազոխիստներ, հաճույք քամածներս` սադիստներ: (Խոսքս ցայտուն արտահայտվածության մասին չէ):
Այստեղից և շինության ու ավերի հանգերը, ապաշխարանքն ու մեղքերի մեջ կորսվելը:
Հոգեվերլուծական այս խզբզոցը ես ինքս կհամարեի հոգեգարի, եթե մի օր իմ պոկած վարդը չճչար` սադի`ստ:
23.08.2003

XIII

Կարելի էր և քաղցր, տա~ք մեղրի հետ համեմատել, բայց օգոստոսյան այդ գիշերն ինձ թվաց ծխամորճի պատերին նստած կպչուն նիկոտին:
Կարելի էր համեմատել անուշաբույր համպարի հետ, սակայն այն ինձ թվաց մորեխի արյո’ւն ասեմ (կենսաբան չեմ), ստամոքսահյո’ւթ:
Դու կոտրել էիր սիրտս:
24.08.2003

XIV

Մարդկության և`ս մի պարտություն. էսպերանտոն նույն Բաբելոնյան աշտարակն էր, և կործանվեց: Իսկ ահա ես կփորձեմ խոսել ՙբերանովք հրեշտակաց՚.
– Էլոի`, դարբաթ խարաֆան հալմա գել` (Աստված իմ, կործանիր աշտարակները Քեզ եկող):
Ներիր ՙաշտարակաշինարարիս՚, Տեր Հիսուս: Քմծիծաղո~ւմ ես:
Գթա բազմամեղիս- ժպտա:
1.09.2003

XV

Ես սրտիս ասացի.- խաղաղվիր: Նայիր մանուշակագույն ծաղիկներով ու խխունջների սպիտակ բուստե ուլունքներով զուգված, առվույտի կանաչ, խավոտ գորգի մեջ ոտքերը սուզած, հովի առջև սեթևեթող դեղձուտ-հարեմի այս կանանց:
– Եկ նստենք այս առվի ափին,- ասացի,- ու նրա հին խոխոջի մեջ դիտենք ջրաչափի չմշկասահքը, լսենք առվեզրին կանգնած լվիճապատ ուռենիներից եկող մեղրահյութի կողոպտիչ բրետների թանձր բզզոցը, հետևենք լվիճներին հովվող շեկ մրջյուններին:
– Տե`ս, այնտեղ` շեներ- լավաշները փռած արևոտ աշնան անդաստանի հեռվում հառած լեռը (դու այդ լեռն ես` ցողի հայելում) ինչ տոկունությամբ է կրում իր տառապանքը:
Դե, գլուխս տարար քո այդ մարդով:
Մաշտոցի պողոտայով քայլում էր չոր-չոփ, բարձրահասակ, փոքր մորուքով, փողկապավոր այդ մարդը` աչքերում վերջացող փայլ, հագին` խնամվող աղքատություն: Նա քայլում էր դանդաղ, օրորվելով, ինչպես հարբեցողությունից ուրվական դարձած մեկը:
Խփեց, նրանից անցավ երևելի մի երիտասարդ, քայլքի մեջ նետելով աղբարկղ (վրիպելով աղբարկղից) իր հազիվ վառած սիգարետը: Փողկապավոր մարդը բարեկիրթ էր. նա մոտեցավ, վերցրեց համարյա ամբողջական սիգարետ- այդ կոթունը, որ մաքուր լինի իր քաղաքը:
Ես սրտիս ասացի. – խաղաղեցրու ինձ:
Սա` դեպքի հաջորդ օրվա նոթագրություն է- լորի որսի ժամանակ:
1.09.2003

XVI

Միտքն ու զգացմունքը միմյանց չեն ստորադասվում: Եվ, այնուհանդերձ, կլինիկական տեսանկյունից (զգացմունքի բացարձակությունը մոլագարություն է ծնում, սառնասիրտ մարդ մորթող է զուտ մտքի տերը) տանելի է դրանց համագոյակցությունը:
Ի’նչն է դրանք կրող սուբյեկտին դարձնում հավասարակշռված: Գրողի’ ծոցը Ֆրեյդն իր ՙես իդեալով՚. նա իր հոգու տեղը չի գտել: Հոգին` ահա թե ինչն է այդ ներքին մղումների կարգավորիչը, և մարդ արարածը իրեն հատկացրած կարողությունով դա չի կարող ըմբռնել- հոգեվերլուծաբանները երբեմն իրենք են ցնորվում:
Իսկ ահա Հիսուսը ասաց` ճանաչիր քո հոգին, իմա` մտքի և զգացմունքի ներդաշնակությունը, այսինքն` դրախտը: Նա մեզ տվեց և այդ դրախտի բանալին` հավատը. Պողոս դարձած Սողո`սը եղավ դրախտում:
Ամբողջ հարցը նրանում է, թե տիեզերք հռչակված մարդկային ամբողջությունը (համաստեղություններ կոչենք ազգերին) ինչպե’ս չի կործանվում.
Տեր Աստվածն է տիեզերքի հոգին:
3.09.2003

XVII

Անձրևով լվացած մարնով` ահա թե ինչպես օգոստոսը գնաց, միացավ անհունին: Սա` մեծահասակների համար: Հրաշալի մասը սեպտեմբերի մեկի դպրոցական զանգի համաղողանջն էր: Խումբ-խումբ հավաքված աշակերտները (ծաղկեփնջերի երկվություն) — տղաների մի գրպանում թաշկինակ` քթի համար, մյուսում` կոշիկների ու լինելության ողջ խորհրդի, բույր են սփռում (այստեղ արդեն` առանց փռթկոցի) ու ճառագում լույս:
Եթե պատուհանդ նայում է դպրոցին, կարելի է անցնել հուշերի կամուրջով ու քեզ գտնել այնտեղ` քո համադասարանցիների հետ:
3.09.2003

XIX

<<Նրանք, ովքեր պատերազմ են հրահրում, նրանք հետո կարդում են մահախոսականը նրա, ով ապսպրել էր լուսնին լինել իր սիրած աղջկա ընկերուհին>>, ասացս զարգացնեմ.
այդ ապսպրանքը կլիներ տխրորեն գեղեցիկ, եթե չկորզեր ծիծաղ շոգեբաղնիքներում, խաղատներում, պաշտոնական ճաշկերույթներում:
Եվ հիստերիկ մի ծիծաղ հասարակաց տանը:

Advertisements

2 thoughts on “Առաջին Մրցույթ

  1. Արցունքը սրտի տրամաբանության արդյունքներից է: Գրողի’ ծոցը աղի բաղադրությունն ու մեզ շփոթեցնելու համար ստեղծված, առանց լեզվի կոկորդիլոսը. Չէ’ որ Մոցարտի ռեքվիեմից են աչքերդ խոնավանում: Հատկապես երբ սիրահարված ես:
    15.08.2003

    Բարձր եմ գնահատում մրցույթին ներկայացված գործերը և հեղինակների ստեղծագործական տաղանդը: Չեմ ցանկանում
    առանձնացնել և գովեստի խոսքեր հղել որևէ աշխատանքի, բայց “Սրտի տրամաբանության հորմոններ” աշխատանքը ես գնահատում եմ լավագույնը և անկասկած հեղինակը բարձր արժեքներ է կրում և այդ արժեքներով էլ հարստացնում մեր մշակույթը: Ես ընտրում եմ այս ստեղծագործությունը, որպես լավագույնը, իսկ մասնակիցներին մաղթում նոր նոր հաջողություններ գրական ասպարեզում…Հիրավի շատ լավ սկիզբ է…Շնորհակալություն մրցույթի հեղինակին…Քեզ Դավիթ, բարեկամս, նույնպես մաղթում եմ լուսավոր ու բարի մտահղացումներ, մեզ այսքան գեղեցիկ պահեր պարգևելու համար….

  2. Ֆերդինանդ Մուրադյանի ստեղծագործությունները յուրօրինակ ոճով և ասելիքով, ժանրային առումով նորություն է մեր գրականության մեջ: Տպագրվել է “Գարուն” ամսագրում, “Սուրճի հետ” քառագրքի հեղինակն է…բազմաթիվ են անտիպ գործերը…Գործեր որոնք ավարտուն տաճարներ են. Հայ գրողների միության անդամ է, գրական անունը ՌՈՒԹ.

    Նրա մասին ասել են`
    -Ավելին` ոչ թէ յուրօրինակ է, այլ` աննման, նոր, տաղանդավոր…
    Հովհաննես Մելքոնյան
    Գրող, Հայ գրողների միության նախագահ
    -Հարկ եմ համարում նշել, որ Ռութը քաջ ծանոթ է համաշխարհային պոեզիային…
    Տավրոս Դաշտենց
    Կինոքննադատ, սցենարիստ
    -Ռութի գործերը գրված են միայն հասուն, և ինտելեկտուալ մարդկանց համար, որոնք ունեն գեղարվեստի և հումորի զգացողություն…
    Արմեն Ղազինյան
    Բանասեր

    Այս թեման հայկական Պառնասում
    Նոր է, արդ` շատ դժվար
    Եվ եթե լինի քիչ մեղանչում,
    Աղոթեք ինձ համար:
    Ռութ

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s