Լիլիթ Հակոբյան, ծնվ. 1980 հունիսի 25-ին, Երևանում: Սովորել եմ “Գլաձոր” համալսարանի Օտար լեզուներ ֆակուլտետում: Սիրած գրողը` Բուկովսկի, Սիլվիա Փլաթ, Պալանիկ, Լուիս Բորխես և այլն: 2007-ին տպագրվել է իմ “Անգլխություն” գրքույկը, որը պատմվածքների ու բանաստեղծությունների ժողովածու էր: Գրքույկը չի վաճառվել, նվիրել եմ ընկերներիս: Երազում էի դառնալ կինոռեժիսոր կամ արձակագիր, բայց դարձա բանասեր-լեզվաբան:

Ծովախոզուկը

Ես ծովախոզուկ գնեցի:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մենակ էի: Ունեի մեկի կարիքը, ով ինձ կսիրեր հենց թեկուզ նրա համար, որ ես իր մասին հոգ եմ տանում, կերակրում ու մաքրում եմ: Բնակարանս փոքր է, շուն կամ կատու գնել չէի կարող, գնեցի մի փոքրիկ ակվարիում, ու մեջը ծովախոզուկս սկսեց ապրել: Ինձանից ավելի լավ բնակարանային պայմաններ ունի եղբայրս, ինքը ավելի մեծ ակվարիում ունի, մեջն էլ պիթոն է պահում: Մեծ ու սարսափելի: Բայց չեմ կարծում, թե ինքը նույն ապրումներն է ունենում օձին վիզը գցելիս, ինչ ես, երբ շոյում եմ խոզուկիս մորթը: Ինչևէ, մարդիկ տարբեր են: Շատ պարտաճանաչ սկսեցի խնամել խոզուկիս, ամեն օր մաքրել ակվարիումն ու իր սիրած կանաչեղենով կերակրել, հենց որ ձայնը գլուխն էր գցում սովից: Անցավ որոշ ժամանակ, խոզուկը սկսեց մեծանալ, ինչը չէի նախատեսել, երբ գնում էի ակվարիումը: Սկսեց խիստ նեղվել իր տարածքում, քանի որ շուտով անգամ կարգին ձգվել չէր կարողանում, տեղ չկար: Ես էլ առավոտից իրիկուն տանը չէի, մենակ էր ու տխուր:
Ինքը կամաց սկսեց ինձ չսիրել: Ես էլ` իրեն: Իր հիմար ճակատագրի համար ինձ էի մեղավոր զգում, զգում էի, որ հազիվ է իրենց զսպում, որ չճանկռտի ինձ, երբ շոյում եմ իրեն, զզվանքով քիթը փախցնում է ձեռքերիցս: Սկսեց դառնալ ավելի պահանջկոտ ու ավելի աղմկոտ, առավոտյան յոթին ձայնը գցել գլուխը, երբ դեռ խորը քնած եմ` առանց շաբաթ-կիրակի հաշվի առնելու: Ու գնալով ավելի տխուր ու մելամաղձոտ էր դառնում:
Անտանելի կերպով զգում էի իր վիճակը: Ինքն արդեն իմ մի մասն էր, որ տառապում էր փոքր ակվարիումում: Էդ ես էի, որ արթնանալով` ձգվել չէի կարողանում:
Մտածեցի` գնեմ երկրորդին, թող միասին զբաղվեն, ասեն խոսեն, օրներն անցնի: Հետո հիշեցի, որ մյուսն էլ է գնալով մեծանալու, իսկ ես իսկի մեկի համար տեղ չունեմ:
Սկսեցի խուսափել տուն գալուց: Չէի կարողանում տանել նրա ներկայությունը: Ինքը իմ մենակությունն էր, որ պատեպատ էր խփվում ակվարիումի մեջ: Ինքը իմ բոլոր վախերի ու տագնապների հավաքական կերպարն էր:
Սարսափում էի, երբ գիշերները աչքս ընկնում էր վրան. անշարժ նստած, աչքերը բաց քնում էր, ու երբ աչքին լույս էր ընկնում, այն փայլում էր զզվելի կարմիր փայլով, որից սարսռում էի:
Մտածեցի` տանեմ մի տեղ բաց թողնեմ, մեղք է, թող վազվզի իր համար: Հետո հասկացա, որ ինքն ազատության մեջ կսատկի, ինքն իր մասին հոգ տանել չի կարող, անգամ չի կծում, երբ ցավացնում եմ իրեն: Մենակ փախչել գիտի, բայց արագ չի վազում:
Իր համար ամեն ինչ գնում էի. էլ մոդայիկ ջրամաններ, էլ բարձրորակ թեփ, էլ իր սիրած կերը, բայց ինքը համառորեն գնալով ավելի դժբախտ էր դառնում: Ես էլ իր հետ: Երևի թե ինքն էլ իմ մենակությունն էր զգում, ու պատժում, որ իրեն դարձրել եմ իմ կյանքի հանդիսատեսը, մասնակիցը, որ իմ մենակությունը բուժում եմ (կամ միգուցե սնում) նրանով, որ իրեն էլ եմ մենակ թողնում: Պատկերացնում եմ` ոնց էր երազում ազատվել իր ակվարիումից, մի կարգին ձգվել ու մեջքը ճտճտացնել, ու գնալ հոտոտել այն մեկին, ով իրեն մենակ չէր թողնի:
Ու ես գտա լուծումը….
— Դե, դե, մի վախեցիր, հիմա քեզ կնվիրեմ կյանքիդ ամենապինդ գրկախառնությունը, ու դու էլ երբեք մենակ չես լինի….,- շշնջում էի ես` շոյելով վախեցած խոզուկիս գլուխն՝ իրեն կամաց իջեցնելով պիթոնի ակվարիումի մեջ: Հետո սառած աչքերով նայեցի մինչև այն պահը, երբ խոզուկս արդեն գնդվել էր պիթոնի կոկորդում, ու սիրտս թեթևացավ: Կամ էլ ուղղակի խիղճս դադարեց տանջել: Կամ էլ` էդ վերջին զգացմունքն էր, որ մեռավ:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s