Սուրեն Հակոբյան

Անառակ հոգին

Ես զգացի տահաճ խոնավություն և բացեցի աչքերս: Սկզբում պատկերն աչքերիս դիմաց շաղաղված էր և պահանջվեց մի քանի վայրկյան, որպեսզի վերադառնա տեսողությունս: Ես հասկացա, որ պառկած եմ հողի վրա, որից տահաճ հոտ է գալիս, կարծես այն ընդերքից տաքանում էր և փթում: Գործի դրեցի ամբողջ ուժերս և վեր կացա: Զարմանքով նկատեցի, որ գտնվում եմ բարձրահասակ ծառերով լի անտառում, բայց այն չուներ այն հիասքանչ բույրը, որին սովոր էի: Ծառերն այնքան բարձր էին, որ նրանց վերջը չէր երևում և չէին թողնում, որպեսզի արևի ճառագայթները սողոսկրեյին նրանց միջով: Անտառը մթնշաղ էր ու ճնշող, նա իրենից վտանգ էր սպառնում:

Առաջինը, ինչ արեցի, դա փորձեցի հիշել, թե ինչպես եմ այստեղ հայտնվել, բայց հիշողությունս դավաճանում էր ինձ, այն մթգնած էր: Ես հիշում էի, որ մեքենայի ղիկին էի, մութ էր ու ինչ-որ տեղ էի շտապում, որից հետո դատարկություն: Նայեցի շուրջս, կասկածելով, որ վթարի եմ ենթարկվել և հայտնվել այս անտառում, բայց մեքենան չտեսա: Նորից լարեցի հիշողությունը, որպեսզի հասկանամ, թե ուր էի գնում, բայց ապարդյուն: Անհասկանալի կերպով ես հայտնվել էի այս ահազդու անտառում, որտեղ բացի ինձնից ոչ մի կենդանի արարածի նշան անգամ չկար:

_Հե՜յ, մարդ կա՞ այստեղ,-որոշեցի ձայն տամ, հույս ունենալով որ ինչ-որ մեկը կլսի ինձ, բայց ի պատասխան իմ ձայնի արձագանքը լսեցի:

Մի քանի անգամ գոռալուց հետո զգացի, որ անիմաստ է, ոչ ոք էլ չկա այստեղ և հարկավոր է ինքնուրույն ելք գտնել այս անտառից: Բայց ո՞ր կողմ քայլել, որտե՞ղ է ելքը: Ես մի քանի րոպե կանգնած նայում էի շուրջս, փնտրում էի ինչ-որ բան, որ ինձ ճանապարհ ցույց կտա, բայց շուրջն ամեն ինչ միանման էր, կարծես կանգնած լինեյի հայելիների առջև:

Փակեցի աչքերս ու մի քանի պտույտ արեցի տեղում: Կանգնելուն պես բացեցի ու քայլեցի այն ուղղությամբ, որը տեսնում էի, չնայած ի՞նչ տարբերություն, միևնույնն է, ծառերն այս անտառում կարծես նույնը լինեյին, բոլորն էլ բարակ և երկար էին ու հնարավոր չէր տարբերել իրարից: Խորամանկ քայլ ձեռնարկեցի. վերցրեցի քարի կտոր և սկսեցի նշան անել այն ծառերի վրա, որոնց կողքով անցնում էի, որպեսզի գոնե հետո վերադարձի ճանապարհը գտնեմ:

Անտառի ծառերը հստակ շարքերով էին դասավորված, կարծես մետր առ մետր չափված և տնկված էին: Զարմանալի անտառում էի, այն նման էր սարսափ երազի, բայց արդյո՞ք սա երազ էր: Քայլում էի ու նայում շուրջս, փորձում էի ինչ-որ բան առանձնացնել, բայց դա պարզապես հնարավոր չէր: Այստեղ ամեն ինչ միանման էր և նույնիսկ իմ ձեռքի քարի կտորը, որի նման հազարավորները թափված էին շուրջս: Այո, նրանք բոլորն էլ նույնն էին, երբ դնում էիր իրար կողքի, կարծես զույգ եղբայրներ լինեին: Դա ինձ հանեց հավասարակշռությունից և ես ևս մի քանի անգամ սկսեցի գոռալ, օգնություն կանչել.

_Հե՜յ, մարդ կա այստեղ: Սա խա՞ղ է, ի՞նչ է կատարվում, պատասխանեք,-ու նորից միայն իմ ձայնի արձագանքն և լռություն:
Այո, պարզապես լռություն, ոչ մի ձայն: Այդ պահին միայն նկատեցի, որ անտառում ոչ մի ձայն չկա՝ ոչ ծառերի տերևների խշխշոցը, ոչ թռչյունների ծլվլոցը, ոչ…: Անտառը կարծես մեռած լիներ, օդը կանգնած էր, կենդանիներն անհետացել էին: Այդ լռության մեջ ես շատ լավ կարողացա առանձնացնել իմ սրտի բաբախումները: Այն միակ հույսն էր, որ ես կենդանի եմ և քնած չեմ ու ամեն անգամ ձայն տալուց հետո, ավելի արագ ու ցավալի էր աշխատում:

Այլևս չկարողացա դիմանալ այս անտառի ճնշմանը և սկսեցի վազել, վազել, ինչքան ուժ ունեի: Վազում էի, գլորվում, վեր կենում ու առաջ շտապում, գոռում էի, սրում լսուղությունս և պատասխանի սպասում, բայց դա անհնարին էր, ես մենակ էի այս անտառում: Ամեն ինչ իմ մեջ խառնվել էր, ուղեղս չէր կարողանում մտածել, չէր կարողանում նորմալ լուծումներ առաջարկել: Աչքերս այս ծառերի շարանի վերջը չէին տեսնում, այն պարզապես կորչում էր մթության գրկում, որտեղից մի տեսակ վտանգ էր դեպի ինձ մոտենում: Բայց ուրիշ ելք չունեի ու պետք է վազեի առաջ, ինչքան հնարավոր է հեռու:

Արդեն երկար ժամանակ է վազում եմ, բայց հոգնածություն չեմ զգում: Տարօրինակ է, նույնիսկ սովածություն չեմ զգում: Չկա ծարավ հիշեցնող ցանկությունը, չնայած այսքան ժամանակ ջրի չեմ հանդիպել: Այս անտառում իմ մարդկային զգացմունքներից միայն վախն է մնացել, իսկ մնացածը կարծես իմ միջից դուրս են քաշել: Եվ ամեն մի քայլիս հետ զգում էի, թե ինչպես է իմ մեջ վախը գլուխ բարձրացնում:

Վերջապես կանգնեցի ու որոշեցի մի փոքր նստել, չնայած հոգնած չէի: Պարզապես ցանկանում էի մի փոքր մտածել ու հասկանալ, թե որտե՞ղ կարող եմ լինել: Ոտքով ծառի մոտ մի կողմ հրեցի միանման քարերն և նստեցի: Հենվեցի ծառին ու մի պահ նայեցի վերև, որտեղ ծառերը նույնպես կորչում էին մթության մեջ: Այնուհետև գլուխս առա ափերիս մեջ և սկսեցի մտածել, տարբերակներ քննարկել իմ մեջ: Ինչքա՞ն լավ կլիներ, եթե մոտս ծխախոտ լիներ: Ձեռքս տարա գրպանս, հույս ունենալով, որ ծխախոտի տուփն այնտեղ է, բայց ապարդյուն: Նորից ետ բրերցի ձեռքս, որպեսզի փակեմ դեմքս, բայց այն կանգնեց ճանապարհին: Այն ամբողջովին արյունոտ էր, ներկված վառ կարմիր արյունով: Ես արագորեն շոշափեցի ինձ, կասկածելով, որ ինչ-որ տեղս վնասել եմ: Ու հանկարծ պարզեցի, որ նստած եմ արյան լճի վրա ու վեր թռա տեղիցս: Ամբողջ ձեռքերս ու շորերս արյունոտված էր, բայց դա իմ արյունը չէր: Զարմանքով նայեցի շուրջս, քանի որ անտառը կարծես դարձել էր արյան մի մեծ լիճ: Ծառերի բներից արյուն էր հոսում ու միանում գետնին սփռված անծայր կարմիր լճին:

Սա արդեն վեր էր իմ երևակայությունից: Ես սարսափած նորից սկսեցի վազել այդ արյան լճի վրայով: Խառնաշփոթի մեջ մի քանի անգամ ընկա այդ տահաճ լճի մեջ ու ամբողջ մարմնովս այժմ լողում էի կարմիր ջրով, որի համը չէր հեռանում շրթունքներիցս: Նորից գոռում էի, օգնություն կանչում, Աստված իմ, այս ի՞նչ է կատարվում:

Ես նորից կանգնեցի, քանի որ իմաստ չուներ իմ վազելը: Անտառն արդեն ամբողջովին կարմիր տեսք ուներ և այն տահաճ ու սարսափելի էր:

_Ախ, Աստված իմ, որտե՞ղ եմ ես,-լացակումաց գոռացի ես և չոքեցի արյան գետի մեջ: Այնուհետև բարձրացրի գլուխս վերև ու հայացքով հեռացա անծայր ծառերի մթության անդունդը,-ինչի՞ չեմ կարող թռչնի պես թռչել ու հեռանալ այստեից:

Այդ խոսքի վրա ոտքերս պոկվեցին գետնից և ես սլացա վերև: Այո, թռչում էի վերև, հեռանում էի հողից և մի քանի րոպեից այն այլևս չէր երևում: Փորձում էի ուրախանալ, որ Աստված օգնեց ինձ, բայց չէր ստացվում, քանի որ այդ զգացմունքը վերացել էր իմ միջից: Արդեն երկար ժամանակ էր վերև էի սլանում, բայց այս ծառերի վերը միևնույնն է, չէր երևում: Այսքան երկար ծառ աշխարհում գոյություն չունի և ես սկսեցի մտածել, որ այս ամենն ընդամենը երազ է: Այդ մտքի վրա զգացի, թե ինչպես են ձեռքերս սառել, որ չեմ կարողանում մատներս շարժել ու հանկարծ մի անտանելի գլխացավ սկսեց: Նորից տեսողությունս մթգնեց և սառը ձեռքերովս գլուխս բռնեցի: Զգում էի, թե ինչպես նորից ներքև եմ սլանում ու մտածում էի, աղոթում, որ շուտ գետնին ընկնեմ ու մահանամ, հեռանամ այս անտառից, այս դժողքից:

Գլխացավից ուշքս գնաց և ես չիմացա, թե ինչքան եմ մնացել անգիտակից վիճակում: Երբ ուշքի եկա, նորից պարկած էի տահաճ հոտով հողին ու նույն անտառում: Արյան լիճը վերացել էր ու նույնիսկ նրա հետքը չէր երևում: Ես վեր թռա տեղիցս, նայեցի ձեռքերիս և համոզվեցի, որ նրանք արյունոտ չեն:

_Երևի դա երազ էր,-համոզեցի ինձ ու հոգոց հանեցի:

Հենվեցի ծառին, մի քանի անգամ խորը շունչ քաշեցի ու հանգստացա: Հիշեցի, որ մի քանի ժամ վազել եմ, այնուհետև նստել և ենթադրեցի, որ այդ ժամանակ էլ քնել եմ: Այս ճնշող անտառը կարող էր սարսափ երազների պատճառ դառնալ, չնայած այստեղ գտնվելն էլ արդեն երազի էր նման: Նորից որոշեցի ճանապարհ ընկնել ու հնարավորինս շուտ դուրս պրծնել այս անիծված անտառից: Վերցրեցի քարի կտոր, որպեսզի նորից նշան անեմ ծառերի վրա ու շրջվեցի: Զարմանքով նկատեցի իմ նշանն այն ծառին, որի վրա հենվել էի: Ստացվում է, որ ես այստեղով անցել եմ: Շրջվեցի, մոտեցա մյուսին ու նորից նկատեցի իմ նշանը: Վերջապես նայեցի շուրջս և դող անցավ մարմնովս: Բոլոր ծառերի վրա իմ նշանն էր արած, կարծես ես բոլոր տեղերով արդեն անցել էի:

_Աստված իմ, այս ի՞նչ խաղ ես խաղում իմ գլխին,-վերև նայելով գոռացի ես ու նորից սկսեցի վազել:

Վազում էի անորոշ ուղղությամբ ու ամեն ծառի վրա նկատում էի իմ արած նշանը: Ամեն ծառի տակ մի կողմ էր տարած քարի կտորներն և տեղ էր բացած նստելու համար, ինչպես արել էի, երբ հայտնվել էի արյան լճի մեջ: Ես արդեն խելագարվում էի, բայց չէի կանգնում: Գոռում էի ամբողջ ուժով, իմանալով, որ ոչ ոք չի պատասխանելու ինձ, անիծում էի ամեն քայլին այս անտառին, բայց ի՞նչ օգուտ:

Վերջապես չդիմացա ու դեմքով տապալվեցի գետնին: Այլևս չէի կարող վազել, ոչ թե հոգնածության պատճառով, այլ ճնշմանը չէի դիմանում: Դեմքս փակեցի փթած հողով և փորձեցի լաց լինել: Հոգիս լալիս էր, բայց աչքերս չէին շաղաղվում արցունքով: Ես չէի կարող նույնիսկ ամբողջ սրտով լացել:

Մի քանի րոպեից տարօրինակ հոտ զգացի և բարձրացրեցի գլուխս: Գետինը նորից արյունի գետ էր դարձել, նորից նախկին տեսարանն էր աչքերիս դիմաց: Վեր թռա տեղիցս, նորից ամբողջ մարմնով արյունի մեջ կորած էի:

_Ես խելագարվե՞լ եմ,-անկախ ինձնից հարց տվեցի անտառին, բայց այդ անիծվածը նորից ինձ իմ ձայնով պատասխանեց,-գրողը քեզ տանի այս անտառի ստեղծող:

Ես հանձնվեցի ու չփորձեցի այլևս ելք փնտրել, պարզապես նստեցի արյան լճի վրա ու հենվեցի կարմիր ծառին: Չգիտեմ, ինչքան եմ այդպես մնացել նստած և մտածելով, թե ինչպե՞ս կարող էի այստեղ հայտնվել ու որտե՞ղ եմ, բայց ինձ թվաց, թե մի ամբողջ անվերջություն է անցել: Այդ ընթացքում ոչ մի անգամ չմտածեցի ինչ-որ բան ուտելու կամ խմելու մասին, չնայած արյունից բացի ուրիշ ոչնչով չէի կարող ծարավս հագեցնել:

Երբ բարձրացրի գլուխս, հեռվում, անտառի մութ ծայրից, դեպի ինձ մոտեցող ստվերներ նկատեցի: Կարծեցի, որ դա կարող է փրկություն լինի, բայց վախեցա մոտենալ նրանց:

_Ո՞վ է,-գոռացի ես, բայց նորից պատասխան չստացա, իսկ ստվերները վայրկյան առ վայրկյան մոտենում էին:
Դրանք նման չէին մարդու ստվերներին և պարզ երևում էր, որ չորս ոտքով են քայլում: Ես վախից վեր թռա տեղիցս և մտածեցի փախչել նրանցից, բայց երբ շրջվեցի, տեսա, որ չորս կողմից նրանք շրջապատել են ինձ: Այո, իհարկե, ախր այս անտառում ամեն ինչ նույնն է: Ինձ մնում էր միայն սպասել, թե երբ են նրանք հասնելու ինձ ու հոշոտելու: Նույնիսկ ուրախ կլինեի, որ նրանք կարող են ինձ մահ պարգևել և փրկել այս անտառից:

Քիչ հեռու ինձնից նրանք կանգնեցին և կարծես քմծիծաղ տալով նայում էին իմ վախեցած կերպարին, բայց այդպես էլ չէին մոտենում: Ես քարացած մնացել էի մեխված տեղումս ու սպասում էի հարձակման և ամեն մի վայրկյանն անտանելի երկար էր թվում:

_Դե, եկեք, ի՞նչ եք կանգնել,-վերջապես չդիմացա ճնշմանը և գոռացի ամբողջ ուժով:
Բայց դրա փոխարեն, ստվերները սկսեցին պարել, կարծես ծիծաղում էին իմ վրա: Ականջներս չէր լսում երաժշտություն, բայց իմ մեջ զգում էի նրա չար ռիթմը: Պլշած աչքերով նայում էի այդ պարին ու չգիտեի ինչ անել՝ ծիծաղե՞լ, վախենա՞լ, թե փախչե՞լ: Ու զարմանքով մի բան նկատեցի, որ ստվերներն իրենց ստվերների հետ են պարում: Փորձեցի նորից ուղեղս միացնել, բայց գլուխս սկսեց ցավել: Ընկա գետին ու փակեցի աչքերս, բայց դեռ շարունակում էի զգալ այդ անիրական ստվերների պարն իմ շուրջ, որոնցից սառնություն ու դաժանություն էր բխում:

Երբ բացեցի աչքերս, հեռվում մի լույս զգացի, մի փրկություն, որ ջերմություն լցրեց իմ մեջ: Մի ակնթարթում ոտքի կանգնեցի ու ամբողջ ուժով վազեցի դեպի հուսադրող լույսը: Ահա նա, իմ փրկությունն այս անտառից, որ հեռվից ծակում է աչքերս և դեպի իրեն կանչում ինձ: Նա հիասքանչ էր ու ամենաիրականն էր այս անիծված անտառում: Ես վազում էի ու ուշադրություն չէի դարձնում ոչ իմ ոտքերի տակ ծփող արյան լճին, ոչ էլ անհասկանալի ստվերների պարին: Իմ ամբողջ էությունը տարված էր այդ լույսով, նրան հասնելու նպատակով:

Մի պահ ես պոկ եկա իմ մտքերից ու հասկացա, որ ինչքան էլ վազում եմ, միևնույնն է, չեմ հասնում այդ ճրագին: Թվում էր, թե այն ինձնից բաժանող տարածությունն անվերջ է ու հաղթահարել դա հնարավոր չէ: Ու այդ մտքիս վրա հանգչեց իմ միակ հույսը, և ես մնացի շիվարած կանգնած արյան լճի մեջ: Ոտքերս մատնեցին ինձ ու ընկա գետնին, ուժ չունենալով նույնիսկ լացելու համար:
Աչքերիս դիմաց սկսեցին դեմքեր պտտվել: Միգուցե դա իմ երևակայությունն էր, բայց ես վախենում էի դրանցից: Սողեցի մոտակա ծառի մոտ ու հենվեցի նրան: Մի որոշ ժամանակ նայում էի այդ անիմաստ պտտվող դեմքերին, որոնք չարությունից ու սարսափից բացի ուրիշ ոչինչ չէին ներշնչում, բայց մի պահ իմ մեջ ուրախացա, որ մենակ չեմ այս անտառում: Հենց այդ մտքիս վրա կորչեցին դեմքերը, թողնելով ինձ իմ մտքերի ու հիշողությունների հետ:
Երկար այդպես չշարունակվեց, քանի որ վերադարձավ մեկը՝ մի անծանոթ դեմք ու սկսեց խոսել, զայրանալ վրաս ինչ-որ անհասկանալի լեզվով:
_Ո՞վ ես, ի՞նչ ես ասում,-հարցնում եմ նրան, բայց կարծես նա չի լսում ինձ ու շարունակում է իր ճառը:
Խոսում էր, խոսում և արդեն գլուխս նրա ձայնից ցավում էր: Ինչպե՞ս հեռացնեմ նրան ինձնից, ինչպե՞ս կտրեմ այս անտանելի ձայնը: Քշում եմ ձեռքով, բարկանում վրան, բայց անօգուտ: Մնում էր լսել նրա բողոքն ու համակերպվել այդ խռպոտ ձայնին: Որոշեցի շեղել ուշադրությունս ու փորձել հիշել, թե որտեղ եմ եղել վերջին անգամ, մինչ հայտնվել եմ այս անտառում: Բայց միևնույնն է, ոչ մի բան չի փոփոխվում. ես պարզ հիշում եմ, որ նստած էի մեքենայիս ղեկին ու ինչ-որ տեղ էի շտապում: Եվ մի պահ հարց տվեցի ինձ «իսկ ո՞վ եմ ես, ի՞նչ է իմ անունը»: Դա ամենադաժան պահն էր իմ համար այս անտառում: Ոչ մի արյան լիճ, ոչ մի ստվեր ու անիրական դեմք չէր կարող այդքան սարսափելի լինել, քան այդ հարցը, որի պատասխանը չգիտեյի: Ու այդ պահին ժպտաց ինձ իմ վրա բարկացող դեմքն ու բացեց իր չար բերանը, այնուհետև նորից սկսեց ինչ-որ բան ասել ու նրա խոսքերից մի բառ կարողացա հասկանալ՝ «ՄԱՀ»:

Դժողք

Մութ է շուրջ բոլորը, լռություն է տիրում
Ինչու՞ է միանգամից աշխարհն այսպես լռում
Միայն ես եմ այստեղ, որ ձայն եմ տալիս
Բայց ի պատասխան ինձ, ձայնիս արձագանքն է գալիս:
Վազում եմ անտառով խոնավ ու մութ
Վազում եմ շնչակտուր, բայց չգիտեմ ուր
Բարձր ծառերը վերևից նայում են ինձ
Ու իրենց խշխշոցով վախեցնում են ինձ:
Որտե՞ղ եմ ես, ո՞վ ինձ այստեղ բերեց
Որ մի հիմարn ինձ այստեղ թողեց
Մտքերով տարված վազում եմ ես
Չգիտեմ ու՞ր, որտեղ և ինչպես:

Վազում եմ քանի ժամ է արդեն անդադար
Չեմ զգում սովածություն, տարօրինակ է ինձ համար
Գոռում եմ, գոչում, ոչ մի պատասխան
Անտառում այս մութ չկա ոչ մի ձայն:
Ի՞նչ տարօրինակ է, կտրվեց ծառերի խշխշոցը
Չկա քամու անվերջ վշվշոցը
Չկա ձայն, բացի իմ սրտի բաբախումից
Անվերջ անտառի ոչ մի կողմից:
Կռանում եմ ես, ուզում մի փոքր նստել
Նայում գետնին, տեսնում արյան լիքը հետքեր
Վեր են թռնում ես, շարունակում վազել
Արյան հետքերը շարունակում են աճել:
Կանգնում եմ ես, ինչքա՞ն կարելի է վազել
Ինչու՞ չեմ կարող թռչնի նման թռչել
Ու հանկարծ ոտքերս պոկվում են գետնից
Ես սլանում եմ վերև, հեռու հողից:
Բարձնում եմ այնքան, որ հողն է կորչում
Բայց այս ծառերի վերջը չի երևում
Այսբան բարձր ծառ ոչ մի անտառում գոյություն չունի
Երևի սա երազ է, այսպիսի բան տեղի չունի:
Բայց եթե երազ է, ինչու՞ են ձեռքերս սառել
Ինչու՞ գլուխս սկսել է անտանելի ցավել
Ես ընկնում եմ ներքև, չեմ կարող կանգնել
Չեն տեսնում աչքերս, ի՞նչ կարելի անել:

Բարձրացնում եմ գլուխս, ես նորից հողի վրա եմ
Երևի սա երազ էր, բայց չեմ կարող ուրախ լինել
Ի՞նչ է կատավում ինձ հետ, ես նորից անտառում եմ
Եվ ես նորից վազում եմ, անվերջ վազում եմ:
Բոլոր ծառերը միանման են
Այստեղ ամեն ինչ միանման են
Այո, քիչ առաջ ես այստեղով անցնում էի
Քիչ առաջ ես այստեղ ուզում էի նստեի:
Նորից մութ է, լռություն է տիրում
Այս անտառը որտե՞ղ է վերջանում
Որ կողմ վազում եմ, նույն բաներն եմ տեսնում
Որտեղ նստում եմ, արյան հետքեր են առաջանում:
Սլանում եմ վերև արդեն հինգերորդ անգամ
Չկա ոչ մի օգուտ, ինչպե՞ս ելք ման գամ
Արդեն քանի ժամ է ես սկսել եմ վազել
Ի՞նչ տարօրիանկ է, չեմ ուզում քնել:
Անիմաստ է վազել, ելք չունի անտառը
Անիմաստ է երկինք նայել, լույս չունի անտառը
Ոչ մի ձայն և ոչ մի շշուկ
Ու՞ր են կորչել անտառի թռչյունները:
Եվ նստում եմ ես խոտերի, արյան վրա
Ու նստած մտածում եմ ես մինչ հիմա
Իսկ այս անցած տարիների ընթացքում
Ոչ մի շշուկ, ոչ մի ձայն չի լսվում:

Ստվերներ են երևում անվերջ, անհամար
Տեսնես ի՞նչ ծուղակ են սարքել ինձ համար
Հիմա երևի մի բան կկատարվի
Գուցե ստվերներից մեկը ինձ խեղդի ու տանջի:
Վախեցած նայում եմ ստվերների պարին
Անիծում եմ ես, անիծում այս անտառին
Ու հանկարծ զարմանքով մի բան եմ նկատում
Ստվերներն իրենց ստվերների հետ են պարում:
Փորձում եմ նորից ուղեցս միացնել
Ոչ, Աստված իմ, չեմ կարողանում մտածել
Հեռու հեռվում մի լույս եմ տեսնում
Սկսում եմ վազել, բայց չեմ մոտենում:
Վազում եմ, վազում, ինչքան կարող եմ արագ
Բայց նա դեռ հեռվում է, գրողը տանի քեզ կրակ
Ու հանկարծ հանգչում է լույսը հուսադրող
Ու նորից թողնում ինձ միայնակ ստվերների հետ պարող:
Դեմքեր են պտտվում աչքիս առջևով
Հավաքվում շուրջս, խոսում իմ հետ իրենց լացով
Եվ ուրախանում եմ ես, որ մենակ չեմ այստեղ
Անհետանում են դեմքերը հենց այդ մտքի վրա:
Մնում է մեկը, որ ինձ ինչ-որ բան է ասում
Նա ինձ զայրացած ինչ-որ բան է բացատրում
Խոսում է անվերջ, խոսում է խոսում
Լսում եմ դրա ձայնը, բայց ոչինչ չեմ հասկանում:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s