Արաքսյա Աշոտի Հակոբյան

Ծնվել եմ 1960թ. Մարտի 1-ին, Մեղրու շրջանի Ագարակ քաղաքում
Սովորել եմ Ագարակի միջն. դպրոցում
Ուսանել եմ Երևանի Ն.Օստրովսկու ռուս.մանկավարժական ուսումնարանում
Աշխատել եմ Ագարակի կոմբինատում գիտ.տեխնիկական գրադարանի վարիչ,
հաստիքի կրճատման պատճառով հիմա չեմ աշխատում
Ամուսնացած եմ, ունեմ մեկ որդի` Տիգրան անունով


ԼԻԼ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Ապրում էր մի աղջնակ, որ ծնվել էր գարնան առաջին օրն ու ինքնին գարուն էր…ու չգիտեր, որ ինքը սիրունիկ է….
Դարձավ աղջնակը 15 տարեկան… և նրան նկատեց մի տղա, որին սիրահարված էին իր դասարանի աղջիկները…
— Ինչպե՞ս կարող է իմ հետ այդպես լինել,- մտածեց աղջնակը, որին ոչ ոք դեռ չէր ասել, որ ինքը սիրունիկ է…
— Ես ամենից շատ սիրում եմ քո ձայնն ու ձեռքերը,- ասաց մի օր տղան:
Ու աղջնակը մյուսներից սկսեց թաքցնել ձեռքերն ու դարձավ լռակյաց…

Խեղդված ձայն…արցունքներ…համբույր…իրենց տաք զգացող ձեռքեր…բաժանում…
բանակ…

Ոչ մի նամակ չգրեց տղան: Աղջիկը սփոփվում էր գեղեցիկ ձայնի ու ձեռքերի մասին խոսքերը հիշելով ու կրկին թաքցնում էր նրանց, որ ուրիշները չնկատեն…

Ու աղջնակը մեծացավ, դարձավ սիրունիկ աղջիկ:

Հետո պարզվեց, որ տղան խիստ վիրավոր է ոտքից ու պայքարում է քայլելու համար. ու գտել է մի ձև, մեթոդ, թե հույս` որի անունն է կրիշնա…
Ատեց աղջիկը կրիշնային, քանի որ տղան այլևս չէր համբուրում իր ձեռքերը ու այլևս չէր թողնում խոսել: Նրա տարերքի մեջ միայն կրիշնան էր…
Եղավ ամուսնության առաջարկ…հատուկ կանոններ…աղջկա ձեռքերն ու ձայնը ըմբոս-տացան…ու… հրաժարվեցին…

Սիրուն աղջիկը այդպես էլ սիրուն մեծանում էր…

— Իմ աղջիկը կրում է քո անունը, ես սիրում եմ նրան քո ձեռքերի չափ,- հեռաձայնեց տղան հեռավոր մի երկրից…

Ու ապրեց սիրուն աղջիկը… և այլևս գույներ չէր տեսնում…

Ու մի օր նա հասկացավ, որ անունն է իր դժբախտությունների պատճառը, որ այն պետք է լինի ուրիշ…

Լիլի անվանեց աղջիկը իր հոգու կանչին, որ իր երևակայության արդյունքն էր…

Այսպես ծնվեց Լիլին, որ հետո, ինտերնետի աշխարհում ճանաչելու ու սիրելու էր Նա-րեկին ու նրա մատների ու մտքի շնորհիվ դառնալու էր Լիլ ու այլևս տիրապետելու էր աղջկա բանականությանը:

Նարեկ
բարև, սիրելիս.
ես տեսա քո նկարը.
ասեմ, որ ես քեզ այդպես էլ պատկերացնում էի
շատ-շատ դուրս եկար:
Լիլս, դու տիրել ես հոգուս ու սրտիս…

Լիլ
Դու ինձ գայթակղում ես…
Ես քանի օր է շփոթված եմ…
ես վախենում եմ հիվանդանալ քեզանով,
դու ո՞վ ես…

Նարեկ
Հավատա, սիրելիս, ես նույն զգացումներն եմ ապրում.
Առանց քեզ ապրածս վայրկյանը դար է դառնում,
չգիտեմ դու ոնց, բայց ես ծարավ եմ քո համբույրի:
Արի մի բան մտածենք, հանդիպենք, ես սկսել եմ ցնորվել…
Ես քեզ սիրում եմ, գժվում եմ, խելագարվում եմ քո համար:
Շատ համբուրում եմ` քո Նարեկ

Ու Լիլը տեսնում էր…
իրեն` Նարեկի գրկում…ծովի մեղմ ձայն… ու… շնչահեղձ է լինում…
ինքը չգիտի ինչպես համբուրվել…

Լիլ
ես քեզ զգացել եմ այս օրերին…
դու համբուրում էիր ինձ…
սիրտս լացում է, հրճվում…չեմ հասկանում…
ու բացատրություն չկա ինչի համար…
խնդրում եմ, ինձ մի համոզիր հանդիպել…
ես պետք է քո հետ միայն խոսեմ, դա ինձ կօգնի երևի…
Ի~նչ սիրուն ես ասում` Լիլս…

Նարեկ
Լիլս, չգիտեմ ի՞նչ գրեմ.
քո կարիքն եմ զգում ու դու ինձ ասում ես, թե չենք կարող հանդիպել…
դու անհնարին բան ես ասում…
ես ամեն վայրկյան ավելի, ավելի ուժեղ եմ քեզ սիրում…
եթե մենք չհանդիպենք, ես ինձ չեմ պատկերացնում այդ ժամանակ…
ուզում եմ քեզ տեսնել ու համբուրել…
այլևս չեմ կարող առանց քեզ
ուզում եմ ձեռքդ դնես սրտիս, տեսնես, թե ինչ ուժեղ է այն բաբախում…
նա քո կարիքն ունի…
սիրտս մի թող անտեր, աղաչում եմ…
ուզում եմ անհապաղ քեզ գրկել, համբուրել ու գուրգուրել…
քեզ պաշտող` Նարեկ

Լիլ
Նարեկ,
Դու այդ ե՞րբ սկսեցիր ինձ սիրել…
ինձ մի սիրի, ես չեմ կարող այդ բառը լսել…
այդ բառը սովորական չի, այն ինձ խելքահան է անում…
իմ լավ Նարեկ, իմ… ինչպե՞ս ասեմ իմ ին՞չն ես…
ես էլ չեմ հասկանում, ամեն ինչ այնպես միանգամից եղավ…
մեր հանդիպումը երբեք չի լինի,
ես դրանից սարսափում եմ, ես վախենում եմ սիրահարվել…
իմ դեպքում դա չի կարելի..
ինչու ՞ես միայն հանդիպելուց խոսում…
ես ուզում եմ…ինքս էլ չեմ հասկանում ինչ եմ ուզում…
ին՞չ ես անում իմ հետ…
ես կորցրել եմ ինձ…
սիրտս նվաղած է…
մտքով կգրկես ինձ… ես դա զգում եմ, իմ Նարեկ

Նարեկ
Լիլս, շատ եմ ուզում զրուցել զգացմունքներիս մասին:
ուզում եմ իմանաս, թե ինչքան շատ եմ քեզանով տարվել,
մտքիցս վայրկյան անգամ չես հեռանում,
ես չգիտեմ թե իմ վերջը ի՞նչ է լինելու…
ես չեմ կարող այսպես անկեղծ քեզ սիրել ու չտեսնել գոնե մեկ վայրկյանով,
գոնե մեկ ակնթարթ նայես…
նայես ինձ, ժպտաս` ես այդ ակնթարթով կապրեմ ողջ կյանքս…
իսկ դու ասում ես` անհնար է հանդիպելը…
դու ինձ պիտի հասկանաս…
Լիլս, ես վայրկայն առ վայրկյան փոխվում եմ,
լրիվ ուրիշ մարդ եմ դառնում…
ասես բանտում լինեմ…
առանց քեզ անկարող եմ շարունակել…
շփվել քո հետ առանց հանդիպու՞մ…
ես պետք է քեզ տեսնեմ…
այս պահին ուզում եմ մի բան…
ավելի ճիշտ տենչում եմ մի բան` քեզ գրկել ու համբուրել…
թե ինձ խղճում ես գոնե մի քիչ` արի հանդիպենք…
քո Նարեկ

Լիլ
գիտես, հր՞աշք սիրահարս, ես սկսել եմ բանաստեղծել`

այնպես կուզեի փարվեի կրծքիդ
ու մեղմ գգվեի…
ու տեսնեի քեզ իմ փակ աչքերով…
ու լսեի ես քնքշանքդ գորով
քո իսկ շուրթերից…
իմ հրաշք, իմ սեր, իմ անգին…

իմ հրաշք, ես էլ առավոտից երեկո միայն քո հետ եմ.
Բոլորն էլ նկատում են իմ հետ կատարվող փոփոխությունը…
Համբույրս թող քեզ փարվի` Լիլ

ես երեկ ամբողջ օրը սպասել եմ, քեզանից նամակ չեկավ…
ես վախենում եմ, քեզ բան՞ է պատահել…
մի վշտացրու ինձ, խնդրում եմ…
միգուցե օգնե՞մ…
ասա, ի՞նչ դարման անեմ քեզ, ի՞նչ սպեղանի դառնամ քո համար

Նարեկ
Բարև Լիլս

Լիլ
Բարև հրաշքս

Նարեկ
ես կուզեի այս պահին ինձ տեսնեիր
ես կորցրել եմ ինձ

Լիլ
ու ես էլ փնտրում եմ քեզ…
դու ինձ ստիպում ես տառապել…
ես շատ եմ ուզում հասկանալ ինչ-որ բան ու դու ինձ օգնում ես դրանում.
Շարունակիր օգնել ինձ, խնդրում եմ…
վերցրու այդ պարտականությունը քո վրա…
ես քեզանից մեծ բան չեմ պահանջում, կարծում եմ…
ես հավատում եմ իմ Նարեկին` ԼԻԼ

Նարեկ
Ես քեզ գրում եմ այն, ինչ բխում է իմ սրտից, գրում եմ այն`ինչ ստեղծվում է իմ մտքերում.
գիտես՞, ես կյանքում սիրո համար շատ եմ տառապել…
և խնդրում եմ մի արա այնպես, որ էլի տառապեմ…
ես հոգնել եմ սիրո բեռը տանելուց…
կուզեմ ինձ պատասխանես, մինչև երբ ՞պիտի այս պահմտոցին խաղանք:
դու ուզում ես քեզ օգնեմ, բայց ինքդ էլ ինձ պիտի օգնես…
այս պահին մի բան է ինձ հետաքրքրում`
քեզ տեսնել ու ասել ինչ եմ մտածում…
և կզգաս իմ սրտի ձայնը, որ մեղմ շշնջում է,
<<Լիլս, քեզ սիրում եմ>>
չհասկացա, թե ինչպես և երբ սկսեցի սիրել…
ուզում եմ ինձ ընդառաջ գաս, ինձ մենակ չթողնես սիրո դաժան, բայց և հետաքրքրիր ու չքնաղ ձեռքերում…
ինձ ընդառաջ արի, իմ սիրելի ԼԻԼ

Լիլ
Նարեկ, իմ հրաշք, իմ անգին մարդ.
Ես խենթանում եմ քո այս խոսքերից…
դրանք ասես ամենանուրբ նոտաներով սողոսկում են սիրտս
ու ստիպում հավատալ քեզ…
ես նույնպես սիրում եմ քեզ…
ես վախենում եմ հանդպումից…
միայն մի շտապեցնի ինձ, անգինս
ես ուզում եմ շատ երկար խոսել քո հետ, անվերջ լսել քո ձայնը
ես քեզ շատ եմ հավատում…
սիրում եմ քեզ` քո Լիլ

Նարեկ
Ես քեզ սիրում եմ, դա փաստ է…
Ու չեմ կարողանում հասկանալ ինչու եմ սիրում…
Ինչպես եղավ` այդպես արագ ու ամուր սիրել

Լիլ
Նարեկ, հրաշք մարդ իմ համար
ես ամեն օր ինքս ինձ ասում եմ, որ սա սխալ է և վերջապես
ուզում եմ քեզ ասել, որ ուզում եմ հեռանալ…
քեզանից հեռանալ…
ինքդ էլ չգիտես ես ինչքան հասունացա այս քանի օրերի ընթացքում
իմ համար ամեն ինչ անկեղծ էր, որքան ես էի անկեղծ
դու հավատա իմ անկեղծությանը, ինչպես մի մանկիկի,
որին մի մեծ մաքուր շոկոլադ են տալիս…
ես չկարողացա այն ըմբոշխնել…
ես սիրում եմ քեզ…
բայց այլևս շարունակելու ուժ չունեմ…
խնդրում եմ մինչև վերջ մնա իմը…
ես կուզենայի քեզ համբուրել, քո ճակատը` որպես հավատարիմ մարդու…
դու նույնիսկ ինձ անվանեցիր այնպես, որ իմ անունը բույր ստացավ ու գույն…
քո անկեղծությանն ապավինող` քո ԼԻԼ

Նարեկ
բարև սերս, բարև Լիլս
քո նամակը կարդացի և ահավոր հուզվեցի…
ես կյանքում այսպիսի հուզմունք չեմ ապրել
քո նամակը նման է ֆիլմի կամ գրքի…
ասես` ես ու դու էլ գրքի կամ ֆիլմի հերոսներ…
չգիտեմ ինչ գրեմ, սիրտս մի տեսակ կծկվել է…
ես ինձ չեմ պատկերացնում առանց քեզ…
դա նման է ծարավ մարդու` անապատում կամ սոխակը` վանդակում…
չես պատկերացնում հիմա ինչեր է մտքովս անցնում
քո սիրով այնքան լցված եմ, որ կուզենայի
Ամազոնի ամենահաստ սարը պոկեի և թաթախելով լավայի մեջ…
Եվ երկնակամարի վրա գրեի… ԼԻԼՍ,ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ…
գիտե՞ս, ես առաջ կյանքում այսքան երկար նամակ չեմ գրել…
ես չեմ ուզում քեզ կորցնել…
խնդրում եմ մի հեռանա…
ես կտամ քեզ այն` ինչի դու արժանի ես,
ես քեզ խոստանում եմ, որ իմ հետ ապրած ամեն մի վայրկյանը քեզ,
քո ողջ կյանքին շունչ կտա
Լիլս, քեզ խնդրում եմ ինձ մի թող մենակ էս անիմաստ, գորշ կյանքում…
Ես անհամբեր կսպասեմ քո պատասխանին
Ու լավ հույսերի ակնկալիքով ուզում եմ, որ դու հավետ մնաս իմը և ես քոնը
Լիլ ջան, ես սպասում եմ քո լավ նամակին- քո Նարեկ

Լիլ
Իմ լավ Նարե՛կ
հեքիաթը, որի հերոսներն էինք երկուսով, արդեն ավարտվել է
այսօր առավոտյան ես դա հասկացա… որ ազատ եմ արդեն…
Այսօր ես որոշել եմ բացել գաղտնիքը,
քանի որ ահավոր տանջվում եմ.
կա մի սուտ, որը առաջ անմեղ էր, հիմա` սխալ
ինչպե՞ս կվարվես, եթե իմանաս, որ ես` ես չեմ,
այսինքն` Լիլը հնարովի լինի…
Լիլը մտացածին կերպար է…
ես նրան հնարել եմ ու դու նրան գտել ես…
ու գտել ես այդպիսին…
ես ակամա դարձել եմ Լիլ ու նրա հետ սիրել քեզ…
քո իսկ կանչով մտել քո կյանքը…
ամեն ինչ, որ վերաբերում է զգացմունքներին, իրական է.
Ես ստել եմ, իմ անունը Լիլ չէ և այն նկարում ես չեմ
Լիլը տիրում է ինձ ամեն վայրկյան,
Նա սիրում է քեզ…
նա խենթ է Լիլիթի նման, հասկանու՞մ ես…
…եթե գրես, ես կպատասխանեմ
դու ես սկսել այս խաղը ու այն դարձել իմ համար ապրելու կանչ…
ես մնում եմ ԼԻԼ…
նա չի կարող թաթախվել լավայի մեջ, նա տկար է այլևս…
Ու դու պարտավոր ես Լիլին փրկել…
Ու նա քեզ ընդառաջ կգա…
ու քեզ տեսանելի կլինի նրա անկեղծությունը…

Երկու օր Նարեկը լուռ էր…

Օ~, զգոն բանականություն, չնայած դու կյանքի կոչեցիր Լիլին, սակայն արդարացի չեղար նրա հանդեպ: Դու կիսատ պահեցիր Լիլի թռիչքը, դու խորտակեցիր նրա Եսի Գոն, ու դա տկարացրել է Լիլին, նա հևում է, այլևս չի շնչում…
Նարեկ… միայն դու կարող ես շունչ տալ Լիլին…, քո ԼԻԼԻՆ

Նարեկ
Քեզ սազում է Լիլ…
դու հավերժ իմ համար կլինես ԼԻԼ…
սակայն, այսօր ևեթ մենք պետք է հանդիպենք,
հենց հիմա ես սպասում եմ…

Ու վազեցին քաղաքի երկու ծայրերից Նարեկը, Լիլն ու Բանականությունը:
Լիլն հեռվից ճանաչեց… Նարեկը, որ ուրիշ դեմքով գիտեր Լիլին… ժպտում էր ու կարծես թե ձեռքերը մեկնել էր, այնինչ` գրպանում էին…

Համբուրեց Նարեկը Լիլին, նայեց ձեռքերին`…<<ինչ գեղեցիկ են… իսկ ձայնը… ասես գարուն լինի…>>, իսկ բարձրաձայն`

Ուզում եմ քեզ անվանել…, — ու տվեց Բանականության անունը, որի մարմնում ապրում էր ԼԻԼը…

ՎԵՐՋ
Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s