Սեդրակյան Տաթևիկ Էդվարդի

Ծնվել եմ 1987 թ. Հուլիսի 23-ին Երևան քաղաքում: Հայրս կաբելավար էր,հասարակ ընտանիքի զավակ եմ: Ունեմ մեկ քույր ու մեկ եղբայր: Շատ երջանիկ մանկություն եմ ունեցել, աշխույժ եմ եղել շատ: Անհամեստ թող չհնչի, բայց մանկապարտեզում բոլոր հանդեսներն իմ համեստ անձի շութշրջ էր կառուցվում: Ավարտել եմ Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցը: Մոտ 10տարի հաճախել եմ <<Գորանի>> ազգագրական երգ ու պարի անսամբլը: Կապս արմատներիս հետ հենց այդ տարիներին է ամրապնդվել, չնայած որ միայն ազգայինով չեմ սահմանափակվում: Սիրում եմ ռոք, ջազ, բլյուզ երաժշտություն, ընթերցանություն եմ սիրում: Սիրելի գրողներ ու երաժիշտներ շատ ունեմ, սակայն կարիքը չեմ գտնում թվելու նրանց բոլորին: Ավարտել եմ Հյուսիսային Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը, այժմ աշխատում եմ որպես հաշվապահ: Սիրում եմ իմ քաղաքը` Երևանը: Երբ տխուր կամ մտահոգ եմ լինում, կարող եմ ժամերով քայլել երևանյան փողոցներով ու դու լավագույն խորհրդատուս է լինում:
Շատ խոսել իմ մասին չեմ սիրում, կենսագրականներ գրելուց էլ միշտ խուսափել եմ: Հույս ունեմ այս տեղեկությունները բավական են գոնե մի փոքր պատկերացում կազմել իմ անձի մասին: Իսկ ինչն էլ մութ է մնում, ուրեմն այդպես է պետք: Առեղծվածներն ավելի հետաքրքրացնում են մեր կյանքը:

Լռությունն էլ խոսել գիտի

Գիշեր էր: Աստղաշատ երկնքում հազիվ նշմարվում էր նորածին լուսինը` իր արտացոլումը գտնելով ծովի վրա: Իսկ ծովն անհանգիստ էր այսօր. կարծես հատուկ նրա հոգեվիճակին համահունչ: Նա խմեց շշի մեջ մնացած վերջին գավաթ գինին ու քայլերն ուղղեց դեպի ծովը: Նա գնալով խորանում էր ծովի հեռուները, պար էր բռնել ալիքների հետ, որոնք կարծես ձեռքից ձեռք էին փոխանցում այդ անսանձ աղջկան: Նա լիովին կտրվել էր աշխարհից, մոռացել բոլոր տեսակի ցավերը, խնդիրներն ու անհանգստությունները: Նա հիմա իրեն ծովի տիրուհին էր զգում:

Մահճակալը, որի վրա պառկած էր Էվան, դրված էր սենյակի աջ անկյունում` պատուհանի տակ: Սենյակում ոչ մի ճոխություն չկար, հասարակ գյուղական մի կացարան էր` մի հին պահարանով, կլոր, փայտէ սեղանով,երկու ճոճվող աթոռներով և վերը նշված մահճակալով: Էվան զարմացած ուսումնասիրում էր չորսբոլորը. նա սովոր էր շռայլ կյանքի, գեղեցիկ կահավորված տանն էր մեծացել, հարուստ միջավայրում, և կենցաղային այս պայմանները խորթ էին նրա համար:

-Այստեղ որևէ մեկը կա՞,- հարցրեց քիչ շփոթված աղջիկը:

Ի պատասխան միայն լռություն էր: Միակ ձայնը, որ լսվում էր, թռչունների ծլվլոցն էր: Էվան փորձեց բարձրանալ, բայց ուժեղ գլխապտույտը թույլ չտվեց նրան: Նա հավաքեց բոլոր ուժերն ու դուրս նայեց պատուհանից: Նա ապշած էր իր առաջ բացված տեսարանից: Բակը ուղակի դրախտի էր նման: Գույնզգույն ծաղիկներ, բազմատեսակ մրգատու ծառեր, մի փոքրիկ առվակ ու առվակի գլխավերևում` մի թափվող ուռենի. սա չէ՞ արդյոք դրախտը:

Էվան, մոռանալով ամեն ինչ, անտեսելով գլխապտույտնն ու թուլությունը, դուրս գնաց: Բակում մի հաղթանդամ, գեղեցկատես երիտասարդ փայտ էր կոտրում: Էվան երկար կանգնել ու հիացած նայում էր այդ տղային: Նա բարձրահասակ էր, հաստ բազուկներով, գեղեցիկ դիմագծերով: Ու չնայած իր գյուղական հագուկապին գերեց Էվային առաջին իսկ հայացքից:
-Բարև Ձեզ,- հազիվ լսելի ձայնով արտաբերեց աղջիկը:

Իսկ նա նույնիսկ չշրջվեց էլ: Կարծես այնտեղ ոչ ոք չկար:

-Խանգարու՞մ եմ Ձեզ,- այս անգամ արդեն ավելի բարձր ու մի քիչ էլ վրդովված հարցրեց Էվան:

Սակայն այս անգամ էլ ոչ մի պատասխան չստացավ: Նա կարկամած էր մնացել: <<Իրեն ինչի՞ տեղ է դրել այս գեղջուկը: Ինչ է պիտի խնդրե՞մ, որ խոսի ինձ հետ>>,- մտածեց նա ու ջղային քայլերն ուղղեց դեպի այն սենյակ, որտեղ քիչ առաջ պառկած էր: Նա նստեց պատի տակ դրված ճոճվող աթոռին ու չգիտես ինչու արցունքները թափվվեցին նրա աչքերից: Այդ կամակոր աղջիկը, որն ուներ կյանքում ամեն ինչ, որ ստանում էր կյանքից այն, ինչ ուզում էր, որի գեթ մեկ հայացքին արժանանալու համար շատ տղաներ պատրաստ էին տարիներով ուղակի կանգնել նրա պատուհանի տակ, այժմ անուշադրության էր մատնվել հասարակ մի գյուղացի տղայի կողմից: Սակայն ինչու՞ նրան այդքան անհանգստացրեց այդ հանգամանքը: Նա կյանքում նման տղաների կողմը նույնիսկ չէր էլ նայում… Նա նմաններին անարժան էր համարում իր հայացքին, էլ ուր մնաց խոսեր նրանց հետ: Ու ինչու՞ նա հիմա այդքան նեղսրտեց այն փաստից, որ այդ գեղջուկը չէր խոսել իր հետ: Ինչ էր կատարվում Էվայի ներսում ինքն էլ չէր հասկանում: Վիրավորա՞նք էր դա, թե ուղակի բարկությունից էր լալիս:

Լսելով ոտնաձայները` Էվան սթափվեց և մաքրեց արցունքները: Երիտասարդը գեղեցիկ դաշտային ծաղիկների մի փունջ ձեռքին մտավ սենյակ: Էվան ձևացրեց, թե չի էլ նկատել, բայց իրականում անթաքույց մի ժպիտ հայտնվեց նրա դեմքին: Տղան առանց մի խոսք ասելու վերցրեց սեղանին դրված ծաղկամանը, ծաղիկները տեղադրեց մեջն ու դուրս եկավ սենյակից:
Էվան մոտեցավ սեղանին, հոտ քաշեց ծաղիներից: << Չեմ հասկանում այս տղային, դժվար էր գոնե մի բարև տալ: Ինչ է այս գյուղացուն ոչ ոք չի սովորեցրե՞լ, որ բարևն Աստծունն է>>,- մտածեց Էվան: Նրա մտքերն ընդհատվեցին տղայի հպումից: Նա աղջկան ցույց էր տալիս աթոռը: Էվան նստեց: Տղան մոտեցավ պահարանին, այնտեղից մի թուղթ ու գրիչ հանեց, նստեց սեղանի կողքին դրված մյուս աթոռին ու սկսեց գրել: Ավարտելով` նա թութը տվեց աղջկան:

-Բարև: Իմ անունը Սեթ է,- կարդաց Էվան: Ու ինչ-որ անասելի մի բան խեղդում էր նրան կարծես: << Աստվա~ծ իմ, փաստորեն այս տղան խուլ ու համր է: Իսկ ես……>>,- մտածեց Էվան` հազիվ զսպելով արցունքները:

-Բարև Սեթ: Իսկ ես Էվան եմ,- ի պատասխան գրեց աղջիկը:

-Չէ դու մի անհանգստացիր Էվա, ես կարող եմ կարդալ քո շուրթերով, այնպես որ պարտադիր չէ, որ դու էլ գրես,- գրել էր տղան:- Ու ի դեպ, ուրախ եմ ծանոթանալու համար Էվա,- ժպիտը դեմքին ուղղեց նա թուղթն աղջկան:
Էվան, չիմանալով ինչ ասել, ուղակի ժպտաց ի պատասխան: Նա այնքան շփոթված էր, որ չգիտեր ինչ անել: Իսկ այդ գեղեցկադեմ տղան նայում էր ուղիղ իր աչքերի մեջ ու ժպտում: Նա գերվել էր այդ ժպիտից, բայց քիչ էր մնում արտասվեր: Չէ դա հաստատ խղճահարություն չէր, որ զգում էր Սեթի նկատմամբ: Դա իր համար մի նոր, տարօրինակ բան էր:

-Սեթ իսկ ինչպե՞ս եմ ես այստեղ հայտնվել,- հարցրեց Էվան:
-Գիշերը ես տեսա, որ դու խեղդվում ես ծովում: Հանեցի ջրից ու բերեցի իմ տուն: Ի՞նչ էր պատահել, դու լողալ չգիտե՞ս, թե ուղակի ծովն էր անհանգիստ,- գրել էր նա:
-Դե…….

Ու աղջիկը փուլ եկավ ` չկարողանալով այլևս զսպել արցունքները: Սեթը մոտեցավ, գրկեց նրան ու սկսեց շոյել նրա փարթամ, գանգուր մազերը:

-Կուզես գնանք ծովափ, կքայլենք, քեզ ավելի լավ կզգաս,- աղջկան հանգստացնելուց հետո գրեց Սեթը:
Առանց որևէ բառ ասելու Էվան վեր կացավ աթոռից ու առաջ ընկավ: Սեթը մի կողմ դրեց ձեռքի գրիչն ու գնաց նրա հետևից: Մի քիչ քայլելուց հետո Էվան նստեց արևից տաքացած ավազին: Սեթը նստեց նրա կողքին:
-Անչափ շնորհակալ եմ քեզնից Սեթ,- ասաց Էվան:

Սեթն ուղակի ժպտաց ու մի քանի ժեստ արեց, որոնք անհասկանալի էին Էվային:

-Ինչու՞ թուղթն ու գրիչը չվերցրեցիր քեզ հետ Սեթ: Կներես, բայց ես այսպես չեմ կարողանա քեզ հասկանալ:
Էվան Սեթի աչքերում մեծ ցավ տեսավ ու այլևս ոչինչ չասաց: Նա հասկացավ, որ տղայի համար առանց այն էլ դժվար է: Մարդիկ չեն ընդունում նրա նմաններին, կարծես նա մեղավոր է, որ այդպիսին է ծնվել, կարծես նա ինչ-որ վարակ ունի իր մեջ, որը մարդկանց հեռու է պահում իրենից: Բայց նա սովորական մի տղա է, որն էլ մնացածի նման զգացմունքներ ունի, իղձեր, երազանքներ: Նա ավելի հոգատար է, քան իր համագյուղացիներից շատերը, ավելի աշխատասեր, ավելի բարի ու խելացի: Իսկ ի՞ նչ մեղք ունի այդ տղան, որ զրկված է այդ ունակությունից լսելու ու արտաբերելու այն, ինչ զգում է, ինչ տեսնում ու ընկալում է: Ինչ է դա նրան թերագնահատելու կամ էլ ծաղրելու առի՞թ է: Հասկանալով, որ գուցե իր այդչափ կենտրոնացումն այդ հարցի նկատմամբ կարող է վիրավորել Սեթին, Էվան կտրուկ փոխեց թեման:

-Սեթ ես կուզեի քեզ հետ խոսել անցած գիշերվա մասին, ուզում եմ բացատրել քեզ: Դեմ չե՞ս:
Սեթը ժպտաց ի պատասխան: Ու Էվան սկսեց պատմել.
-Ես հատուկ էի ջուրը մտել: Ուզում էի ինքնասպանություն գործել: Իսկ դու փրկեցիր իմ կյանքը: Ու հիմա չգիտեմ էլ շնորհակալություն հայտնեմ, թե մեղադրեմ քեզ այդ քայլիդ համար: Սեթ ես այլևս չեմ ուզում ապրել: Ինձ համար կյանքն այլևս անտանելի է ու անհասկանալի: Այն բանից հետո ինչ տեսել եմ երեկ, ես կարծում եմ, որ այս կյանքն ուղակի անիմաստ է: Ես երջանիկ էի, ես պատրաստվում էի ամուսնանալ մի տղամարդու հետ, ում սիրում էի աշխարհում ամեն ինչից շատ ու վստահ էի, որ այդ զգացմունքը փոխադարձ է: Իսկ նա… Ինչպե՞ս կարող էին նրանք այդպես վարվել ինձ հետ. իմ սիրած տղամարդն ու հարազատ քույրս: Երկու մարդիկ, ում կյանքում ամենից առավել էի վստահում, դավաճանեցին ինձ: Այդքանից հետո ինչպե՞ս կարելի է ապրել Սեթ: Այժմ աշխարհը փուջ է ինձ համար: Միակ բանը, որ ուզում եմ, մեռնելն է:

Արցունքները խեղդեցին նրան: Նա գլուխը դրեց Սեթի ծնկներին ու սկսեց լացել: Նրանք շատ երկար այդպես նստած մնացին:
-Սեթ, շնորհակալ եմ անչափ,-երկար մտածելուց հետո ասաց Էվան` նայելով այդքան իրեն գերած աչքերին:- Ես ահավոր մեծ սխալ էի պատրաստում գործել, ու շնորհակալ եմ, որ դու թույլ չես տվել ինձ: Կյանքը հիասքանչ երևույթ է: Շնորհակալ եմ, որ տվեցիր այդ հնարավորությունն ինձ նորից ապրելու:

Սեթն այնքան հպարտ զգաց իրեն ու կյանքում առաջին անգամ որևէ մեկին պետքական: Կյանքում առաջին անգամ նա իրոք երախտապարտ աչքեր տեսավ: Այդ պահին իրեն այնքան կարևոր զգաց, ինչպես երբեք:
-Ուզում եմ լողալ,- ասաց Էվան ու վազեց ծովի կողմը:

Սեթը վազեց նրա հետևից: Նրանք լողացին երկար: Կարծես երկու փոքրիկ երեխաներ լինեին, որոնք առաջին անգամ էին ջուրը մտել ու ուրախանում էին: Իսկ արևն արդեն մայր էր մտնում: Տեսարանն այնքան գեղեցիկ էր, որ որևէ խոսք անզոր է նկարագրել:

Արդեն երրորդ օրն էր, որ Էվան Սեթի տանն էր: Նա կարծես լիովին կտրված լիներ աշխարից: Այստեղ ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, այնքան մաքուր, զերծ ամեն տեսակի կեղծավորություններից, ստից, դավաճանությունից: Սեթը այնքան բարի էր, այնքան հոգատար նրա նկատմամբ: Նա ամեն առավոտ ծաղիկներ էր բերում աղջկան, նրա համար նախաճաշ էր պատրասում, երեկոները նրանք զբոսնում էին ծովի ափին: Ու չնայած նրանք շատ էին լռում, այդ լռությունն ավելի խոսուն էր, քան հազարավոր բառերն ու խոստումները: Նրանք իրար աչքերով էին հասկանում, ժպիտով, հպումներով: Սակայն նրանց երկուսի համար էլ շատ դժվար էր: Շատ հաճախ նրանք ուղակի իրար չէին կարողանում հասկանալ ու դա խանգարում էր երկուսին էլ:
Էվան արդեն ժամանակի զգացողությունը կորցրել էր ու չէր էլ հիշում, թե որքան ժամանակ է այստեղ, բայց մի օր որոշեց, որ իր վերադառնալու համար ժամանակն է:

-Ես պիտի գնամ Սեթ, հասկացիր, խնդրում եմ: Ես չեմ ուզում տաքնվել նրանցից, այդ նրանք, ինձ տեսնելով, պիտի իրենց գլուխները կախեն: Ու հետո ծնողներս վստահ եմ, որ շատ կանհանգստանան: Հայրս հիմա հավանաբար իր բոլոր կապերը գործի է դրել ինձ գտնելու համար: Բայց խոսք եմ տալիս, ես կվերադարնամ անպայման: Ես երբեք չեմ մոռանա այն մարդուն, ով ինձ երկրորդ կյանք է նվիրել: Դու հիմա այս աշխարհում միակ մարդն ես, ում հավատում եմ: Իմ բոլոր ընկերները, հարազատները ու նույնիսկ այն մարդն, ում սիրում էի, ինձ հետ են միայն նրա համար, որ ես փող ունեմ: Ես դա քո շնորհիվ հասկացա Սեթ: Դու ինձ ապրել սովորեցրեցիր, շնչել, զգալ ու գնահատել յուրաքանչյուր ակնթարթը: Երդվում եմ, ես անպայման կվերադառնամ:

Սեթը գրկեց նրան այնքան ամուր, որ կարծես էլ երբեք չէր տեսնելու: Նա երբեք չէր արտասվել, իսկ հիմա ուղակի չկարողացավ զսպել իրեն: Արցունքներն ակամայից թափվում էին նրա այտերն ի վար:
-Ես քեզ կսպասեմ,- կարդաց Էվան` իրեն մեկնված թղթի վրա:
-Ես կգամ Սեթ, անպայման կգամ, երդվում եմ,- ասաց Էվան, համբուրեց Սեթի այտը, վերցեց սեղանին դրված բանալիներն ու դուրս վազեց:

Էվայի մեկնելուց արդեն բավական ժամանակ էր անցել, բայց նա այդպես էլ չվերադարձավ: Մեկնելուց հետո Սեթն ամեն օր դուրս էր գալիս ու ժամերով անթարթ նայում այն նույն ճանապարհին, որով Էվան հեռացել էր` խոստանալով վերադանալ: Սեթն արդեն հույսը կտրել էր, որ նա կվերադառնա, բայց շարունակում էր սպասել նրան, այն գեղեցկուհուն, ում մասին չէր դադարում մտածել: Նա իրականում սիրահարվել էր այդ չքնաղ էակին առաջին իսկ հայացքից, սակայն ինքն իրեն նույնիսկ չէր ուզում խոստովանել: Նա չէր սիրում զուր հույսեր փայփայել: Ինչու՞ պիտի այդ հրաշքն ուշադրություն դարձներ նրա նման մեկին, խուլ ու համր մի գեղջուկի, որը նրան ոչինչ չէր կարող տալ, բացի մաքուր ու անարատ սիրուց: Աղջիկը ամբողջ կյանքում ցոպ կյանքով էր ապրել ու հաստատ չէր թողնի այդ շռայլությունն ու ուշադրությունը սևեռեր ո°չ անցյալ ու ո°չ էլ լուսավոր ապագա ունեցող այդ խեղճի վրա:

Դրսում դեկտեմբեր ամիսն էր: Բնությունը ճերմակ էր հագել` նորահարսի պես: Բոլորն ինչ-որ տեղ էին շտապում, Ամանորն էր մոտենում: Մարդիկ նախապատրաստվում էին, համեղ ամանորյա կերակուրներ էին պատրաստում, եղևնի էին զարդարում, նվերներ էին պատրաստում միմյանց համար: Բոլորն ուրախ էին, նոր սպասումներով, հավատով լեցուն:

Սեթն, ինչպես և նախորդ տարիներին, ոչինչ էլ չէր անում: Նա չէր հավատում ամանորյա հրաշքի գոյությանը: Նրա համար ամանորյա գիշերը ոչինչով չէր տարբերվում մնացած բոլոր գիշերներից:

Սեթը սթափվեց հպումից: Նա բացեց աչքերն ու չէր էլ հավատում իր տեսածին: Երա±զ էր դա, թե՞ իրականություն: Մի՞թե իրոք կա ամանորյա հրաշքը, մի՞թե իր երազանքն իրականություն էր դարձել: Սեթը տրորեց աչքերը` մտածելով, որ գուցե այդ հրաշագեղ պատկերն անհետանա, բայց նա կանգնած էր դեռ այնտեղ ու ժպտում էր Սեթին:

-Ես եմ Սեթ, ես, խոստացե՞լ էի չէ վերադառնալ,- ասաց Էվան:

Սեթն այնքան էր շփոթվել, որ չգիտեր ինչ անել: Նա վեր կացավ տեղից ու շատ ամուր գրկեց աղջկան: Այնքան կարոտ կար այդ գրկախառնումի մեջ, այնքան սեր, հավատ, սպասում: Նա երկար էր սպասել այս պահին, շատ երկար: Նա գրկել էր Էվային ու չէր ուզում այլևս բաց թողնել` կարծելով, թե իր հրեշտակային էակը կարող է անհետանալ:

-Այդ ու՞ր ես գնում Սեթ,-հարցրեց Էվան:- Սպասի°ր, պետք չէ:
Սեթը զարմացած նրան էր նայում:
-Սեթ հիմա կկարծես, թե ես մոռացել էի քեզ, անշնորհակալի պես ուղակի հեռացա ու այլևս չհիշեցի քո մասին, այդպես չէ՞:
Սեթն ուսերը թոթվեց:
-Իրականում Սեթ, ես քեզ ոչ մի վարկյան չեմ մոռացել, ես ամեն վարկյան եմ քեզ հիշել: Կներես, որ ուշացա Սեթ, ուղակի ես պատճառ ունեի դրա համար:

Սեթի աչքերում անհանգստություն նկատվեց:
-Չէ, մի° անհանգստացիր: Ես քեզ հիմա ամեն ինչ կբացատրեմ: Սեթ, ես սիրում եմ քեզ,- մեծ հուզմունքով ասաց Էվան: -Ես քեզ ոչ մի վարկյան չեմ էլ մոռացել, ուղակի ես ուզում էի անել մի բան, որ երկուսիս համար էլ կարևոր է անչափ: Դա առաջին կարևորագույն քայլն էր մեր համատեղ ապագան կառուցելու ճանապարհին:
Սեթը չէր հասկանում, թե Էվան ինչ է խոսում:

-Սեթ, այս ամբողջ ընթացքում, որ ես այստեղ չէի, ես ուսում էի ստանում: Ես որոշեցի, որ պետք է անպայման ժեստերի լեզուն սովորեմ քեզ մոտ վերադառնալուց առաջ, որ մեզ այլևս ոչ մի խանգարող հանգամանք չլինի: Ես քեզ սիրում եմ ու միակ երազանքս այն է, որ սերը փոխադարձ լինի: Ես ուզում եմ ամուսնանալ քեզ հետ, ուզում եմ, որ որդիս քեզ նման առնական ու հպարտ լինի, ու քեզ նման գեղեցիկ:

Էվային խեղդեցին հուզմունքի արցունքներն ու նա այլևս ոչինչ չկարողացավ արտաբերել:
Սեթը մոտեցավ, գրկեց նրան ամուր և այլևս ոչ մի բառ ասելու կարիք չկար: Նրա ամանորյա երազն իրականություն էր դարձել, նա երջանիկ էր, կյանքում առաջին անգամ: Ու հիմա արդեն վստահ, որ այդ երջանկությունն անսպառ է լինելու ամբողջ կյանքի համար®

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s