Mark Pauler

Ես հայ եմ, ապրում եմ Երևանում, 31 տարեկան եմ, ամուսնացած չեմ: Մասնագիտությամբ սինթետիկ դեղանյութերի քիմիկ-տեխնոլոգ եմ: Միշտ աշխատել եմ ինժեներական ուղղվածությամբ: Սիրում եմ իմ աշխատանքի այն մասը, որի ընթացքում ունենում եմ ստեղծագործելու հնարավորություն` նոր բաղադրությունների ստեղծում, արտադրամասերի, սարքավորումների նախագծում և դրանց իրականացում: Ներկայումս ուսումնասիրում եմ մենեջմենտ և մարկետինգ: Պատմվացքներ գրում եմ սիրողական մակարդակով: Ծանր չեմ տանում քննադատությունները, հակառակը` պորձում եմ դրանցից հետևություններ անել ու ավելի մշակվել:

Փորձություն

Շաբաթվա առաջին աշխատանքային օրվա եռուզեռն իհարկե սկսվում է ճանապարհների անիմաստ խցանումերից, որոնք ինձ համար դարձել են օրինաչափություն, և որպեսզի ժամանակս անտեղի չվատնեմ, մեքենաների գունագեղ ձայնաազադանշանների սիմֆոնիայի ներքո, ղեկին “քնելու” փոխարեն, սկսում եմ վերհիշել նախորդ շաբաթվա կիսատ թողած գործերը և պլանավորում նորերը:
Այս անգամ, խցանումը ամբողջովին կանգնեցրել էր երթևեկությունը, որի պատճառը երկու ԱՊՊԱկողմնորոշված վարորդների վեճն էր փողոցի հենց մեջտեղում: Նրանք փոխանակ սպասեին ապահովագրական գործակալի գալուն, սկսել էին բանավիճել: Իհարկե մեր ազգային առանձնահատկությունը մեզ թույլ չի տալիս լինել սխալ ցանկացած հարցում: Մենք միշտ ճիշտ ենք անում ցանկացած բան, այդ թվում նաև մեքենա վարելու ձևը, և քանի որ երկու վարորդներն էլ “իրավացի” էին, բայց վթարը տեղի էր ունեցել, նրանք սկսել էին բորբոքվել ու փոխանակ վթարի մեջ հայավարի մեղադրին կառավարությանը, ազգային ժողովին կամ գոնե երկրի նախագահին, սկսել էին իրար քիթ ու մռութ ջարդել: Արդյունքում, երկու ջարդված լուսարձակներն ու դրանց տերերի քթերը, թատերաբեմի մեծ պահանջարկ վայելող տեսարան էին դարձել: Յուրաքանչյուր վարորդ, վթարի կողքին մնացած նեղ հատվածով անցնելիս կանգնեցնում էր մեքենան, առնվազն մի րոպե ուշադիր ուսումնասիրում էր իրավիճակը, իր հեղինակավոր կարծիքն էր հայտնում, ու նոր տեղից շարժվում:
Աշխատանքից արդեն ուշացել էի: Հեռախոսս նույնպես անհամբեր էր դարձել ու արդեն րոպեն մեկ թպրտում էր, հասկացնելով, որ մի հոգի ևս ինձ “կարոտել է”:
-Լսում եմ:
-Բարև Մհեր ջան:
-Բարև, — մի քիչ հարցական տոնով բարևեցի ես:
-Ախպերս, Գոռի ընկերն ա` Դուրոն: Էրեգ Գոռը քեզ պիտի ասած ըլներ, որ գործ ունեմ հետդ:
-Հա, ասել է:
-Էսօր ե՞րբ կարաս գաս մեր օֆիս:
-Ժամը երկուսին կազատվեմ, կզանգահարեմ: Ստույգ ժամ կպայմանավորվենք, ու նաև ձեր գրասենյակի տեղը կասեք:
-Շատ լավ, սպասում եմ զանգիդ, ախպերս, — ասաց մի տեսակ “ախպեր” բառի “խ” տառը ձայնավորի պես երկարացնելով ու խուլ հազով ավարտեց մեր հեռախոսազրույցը:
Ինչպես և պայմանավորվել էինք` ժամը երկուսին զանգահարեցի, իմացա դեռևս անծանոթ “եղբորս” գրասենյակի գտնվելու վայրն ու գնացի հանդիպման:
Ճանապարհին մտածում էի այն մասին, որ իմ փոքր հիմնարկի գործերը այդքան էլ լավ չեն ընթանում ու նույնիսկ փոքր ֆինանսական ցնցումը իր հետ կարող է բերել անվերահսկելի պրոբլեմներ: Երևի արդեն ժամանակ է ստացվող մասնագիտական առաջարկներից մեկն ընդունել, ու ֆինանսկան դիրքերս մի քիչ ամրապնդել:
Գործերի մասին մտորելով հասա պայմանավորված հասցեում գտնվող գրասենյակի մուտքի մոտ: Երբ ներս մտա, օդորակիչի հաճելի սառնությունը միանգամից ցրեց մտքերս: Ներսում գործավարուհին իմանալով, թե ես ով եմ` ուղեկցեց երկար միջանցքի ամենավերջում գտնվող տնօրենի աշխատասենյակ: Բոլոր աշխատասենյակների դռները բաց էին, բայց հիմնարկում անսովոր քար լռությունն էր տիրում: Երեսունից ավել աշխատակիցներ լուռ աշխատում էին` ամեն մեկն իր համակարգչի մեջ խորասուզված: Տնօրենի աշխատասենյակի շքեղությունը սկսվում էր զարդանախշերով ծանր դռնից, շարունակվում էր ընդարձակ նախասրահով, որտեղ նստած երկու տղաներ ուշադիր նայում էին բազմաթիվ տեսասարքերից ստացվող տասից ավել էկրանների պատկերներին, իսկ հաջորդ ծանր ու նախշազարդ դռան ետևում տեսարանը կտրուկ փոխվում էր: Ներսում գտնվող բնական քարերից ու փայտից պատրաստված կահույքի անհասկանալի շքեղությունն ուղղակի աչք էր ծակում: Հարստության ու զեխության նման ցուցադրումը այնքան զզվելի էր, որ մեջս հեռանալու ցանկություն առաջացավ, բայց մինչ ես կփորձեի դա իրականացնել` ձեռքը դեպի ինձ պարզած մոտեցավ մի շատ գեր մարդ, որի շինծու ժպիտը չէր կարողանում թաքցնել խորամանկ ու գնահատող հայացքը:
-Բարով էկար ախպեր ջան, ես Դուրոն եմ:
-Բարև ձեզ:
-Նստի: ի՞նչ կխմես:
-Ջրից չեմ հրաժարվի:
Դուրոն սեղմեց իր սեղանի վրայի կոճակն ու ասաց.
-Սոֆա, շուտ ջուր, էրկու հատ կոֆե, կոնյակի բաժակներ ու քաղցր բեր:
Ժամանակակից աշխատասենյակների անբաժան մասը կազմող համակարգիչը այստեղ բացակայում էր, դրա փոխարեն սեղանին դրված էին տարատեսակ քարե արձանիկներ, իսկ սեղանի կողքին, մոտ երկու մետրանոց քարե գլոբուս էր պտտվում:
Շուտով գրասեղանը նմանվեց հարուստ ճաշացանկով ռեստորանի սեղանի`ծանրաբեռնված բազմատեսակ քաղցրավենիքներով ու խմիչքով:
Ես հրաժարվեցի կոնյակից ու կում-կում վայելելով սառը ջուրը սկսեցի անտարբեր շուրջս նայել:
-Շատ էլ, որ քո հետ նոր եմ ծանոթանում Մհեր ջան: Գոռի ախպերը իմ ախպերն էլ ա: Քեզ ազատ զգա: Դու օգտվի, մի բան կեր, ես էլ քեզ մեր խնդիրների մասին կասեմ, — իր խռպոտ ձայնով ասաց Դուրոն, որի իսկական անուն, ազգանունը Մանուկ Սիմոնյան էր, իսկ մականունը ստացել էր երիտասարդ տարիքում փայտամշակման գործիքով` դուրով, մարմնական վնասվածքներ հասցնելու համար ազատազրկում կրելիս:
-Շնորհակալ եմ: Լսում եմ Ձեզ, — պատասխանեցի ես:
Իմ սովորության համաձայն, երբ գործնական հանդիպումներին իմ հետ սկսում են խոսել ժարգոնով, անպայման պատասխանում եմ խիստ գրական հայերենով ու մի քանի րոպե անց զրուցակիցս նույնպես, թեկուզ տանջվելով, բայց փորձում է իմ հետ խոսել հնարավորինս գրական: Այս հնարքը ինչ-որ չափով ազդեց նաև Դուրոյի վրա:
-Ուրեմն Էսպես: Երևի գիտես, որ ես երշիկի արտադրամաս ունեմ, իսկ հիմա արտասահմանից սննդի տարբեր արտադրությունների հոսքագծեր եմ պատվիրել, որոնք արդեն մոնտաժվում են իմ գործարանում, բայց չունեմ մասնագետ, ով կկարողանա համապատասխան բաղադրություններ տրամադրի: Մի մասնագետ վարձեցի, լաբորատորիայի համար սարքեր առա, բայց երկու ամիս անիմաստ աշխատավարձ ստանալուց հետո, էտ անասունը փախավ մոտիցս առանց արդյունքներ ստանալու: Մոտ օրերս շինարարական աշխատանքները արդեն ավարտված կլինեն: Ես նույնիսկ հումքերն եմ պատվիրել ու պահեստավորել, բայց արտադրություն չեմ կարող սկսել: Հիմա շատ շտապ ինձ պետք ա կարագի, մայոնեզի, պաշտետի, կետչուպի արտադրական բաղադրություններ: Կարա՞ս էտ հարցում օգնես, — ու ինձ մեկնելով մի թուղթ` ավելացրեց, — էս էլ էն հումքերի ցուցակը, որոնք արդեն պահեստավորված են:
Ես ուշադիր զննեցի նյութերի ցուցակն ու հարցրեցի.
-Իսկ, ո՞վ է ձեզ խորհուրդ տվել, ներկրեք այս հումքերը:
-Դե~, հոսքագծերի հետ ինձ որոշ բաղադրատոմսեր էին տվել, բայց դրանք Հայաստանի համար չէին: Շատ էր թանկ ստացվում արտադրանքը: Ես էլ էն էշ տեխնոլոգիս հետ հումքերը փոխարինեցի դրանց էժան տարբերակներով:
-Գիտեք, այս ցուցակում կան նյութեր, որոնք արդեն արգելված են: Օրինակ` կարագի համար նախատեսված հումքերից մեկը արդեն չի թույլատրվում օգտագործել սննդի արդյունաբերության մեջ, լավագույն դեպքում հնարավոր է կիրառվել օճառի արտադրությունում:
-Մհեր ջան, արխային, ինձ ստեղ արգելող չկա, — ինքնահավանության նոպային ջղաձգումներով համեմելով խոսքերը` ասաց Դուրոն:
-Հարցը արգելողը չի, այլ այն, որ կոնկրետ այս նյութը վտանգավոր է առողջության համար ու հենց այդ պատճառով էլ արդեն հինգ տարի է ինչ ամբողջ աշխարհում արգելվել է օգտագործել սննդի արտադրությունում:
-Հա, հասկանում եմ Մհեր ջան, բայց մենք Հայաստանում ենք:
-Դա ի՞նչ նշանակություն ունի:
-Դա նշանակում ա, որ նախ մեր պետստանդարտի համապատասխանության վկայական տվողները դրանից տեղյակ չեն, հետո էլ, որ իմանան էլ, մեկա ինձ բան ասող չի լինի:
-Դուք ինձ նորից չհասկացաք: Լավ, մի էսպիսի հարց տամ Ձեզ: Այդ կարագ կոչվածը, որ այս հումքով արտադրեք, ո՞վ է ուտելու:
-Դե սաղ էլ ուտելու են, Մհեր ջան: Նախ Էժան կլինի, իսկ էսօր մեր խեղճ ազգի վիճակը գիտես` ուզած-չուզած էժանին են վազելու, հետո էլ նաև բանակին եմ մատակարարելու: Արդեն հինգ տարուց ավել ա, որ ես աշխատում եմ Պաշտպանության Նախարաության հետ ու սննդի մատակարարման մրցույթների մեծ մասը իմ հիմնարկն ա կրում:
Ես հայացքս հառել էի հումքերի ցուցակին, բայց ոչ թե կարդալու համար, այլ որ կարողանամ կենտրոնանամ ու էս հաստափորին հասանելի լեզվով բացատրեմ, որ այս նյութերով սնունդ արտադրելը հավասարազոր է ազգին ու բանակին դանդաղ ազդեցության թույն ներարկելուն:
-Ախր մի բան հասկացեք, խնդրում եմ: Այս սինթետիկ տրանսիզոմերային ճարպաթթուների ցանկի մեծ մասը հենց այնպես չի արգելվել: Ամբողջ աշխարհը մի հարյուր տարի դրանք օգտագործել է սննդի արտադրության մեջ, բայց հետազոտությունները պարզել են, որ դրանք քաղցկեղածին են ու օրգանիզմի կողմից լրիվ այլ ձևով են յուրացվում, ինչպես նաև բազմաթիվ խնդիրներ են առաջացնում լյարդի և երիկամների համար: Ուղղակի այդ առողջական խնդիրները առաջանում են ոչ միանգամից, այլ քսան կամ երեսուն տարի հետո, այդ պատճառով էլ դրանց բացասական ազդեցությունը դժվար է եղել բացահայտել:
-Լսի Մհեր, — արդեն լրիվ լուրջ դեմքով ու զայրացած տոնով շարունակեց Դուրոն, — ես պիտի ստեղ կարագ արտադրեմ, հենց էդ հումքերով պիտի արտադրեմ ու դու ինձ տերմինակոխ մի արա քո քիմիայով: Դու էլ եթե խելք ունես, ինձ կօգնես ու փող կաշխատես, թե չէ ուրիշին կդիմեմ:
-Հարցը փողը չի:
-Հարցը ստեղ հենց փողն ա:
-Իսկ դու քեզ, ո՞նց կզգաս, եթե մի քսան տարի հետո իմանաս, որ հարյուր հազար մարդ հիվանդացել է քաղցկեղով, քո էս պահին ընդունած որոշման արդյունքում:
-Էտ սաղ հեքիաթ ա: Բա էտ հումքերը ինչի՞ են շարունակում Թուրքիայի գործարանները արտադրել:
-Արդեն ասացի` դրանք օգտագործվում են օճառի ու այլ մաքրող-լվացող միջոցների արտադրության մեջ կամ էլ թույլ զարգացած երկներն են դեռ օգտագործում մարգարինների մեջ:
-Է… Հա: Հայաստանն էլ ա թույլ զարգացած:
-Փաստորեն այնքան էլ թույլ զարգացած չի: Ես թույլ չեմ տա, որ դու սրանցով արտադրես:
-Կարա՞ս որ, — ասաց Դուրոն ու սկսեց քահ-քահ ծիծաղել: Հետո լռեց ու իր աղվեսային հայացքով աչքերը գամեց վրաս:
-Դուրո, փորձիր հասկանալ: Միթե՞ դժվար է: Էլ ինչպե՞ս ասեմ, որ ինձ հավատաս: Դու էդպես մի ամբողջ ազգ ես թունավորելու: Ճիշտ է փող կաշխատես, բայց դա բարոյական չէ: Հասկանու՞մ ես, բարոյական չէ, որ հանուն քո գրպանի մի ամբողջ ազգ թունավորես, բանակ թուլացնես…
-Ինձ լսի, իմ ռոմանտիկ ախպեր: Ստեղ, ոչ թե փողեր են ֆռալու, այլ մեծ փողեր, որ սաղ կյանքումդ սկի չես տեսել: Ի՞նչ ես գլխիս լոլոներ կարդում: Ի՞նչ բարոյականություն:
Դուրոյի ասած վերջին արտահայտության հետ իմ ներսի գազանը ամբողջովին շղթայաթափ եղավ: Ամբողջ արյունը հավաքվել էր գլխումս: Ես դժվարանում էի զսպել զայրույթս:
Ինձնից անկախ սկսեցի մտածել, որ ես էս հաստափորից ոչ պակաս հեղինակավոր ընկերներ ունեմ: Այս համագործակցության համար միջնորդած Գոռը իմ մանկության ընկերն է և քրական աշխարհում մեծ հեղինակություն է վայելում: Նա միանշանակ իմ կողմից կլինի ու հարկ եղած դեպքում կօգնի, որ էս եզին բան հասկացնեմ:
Նայում էի Դուրոյի դեմքին, նրա վզի ճարպոտ ծալքերին ու ամբողջ սրտով ցանկանում հայհոյել նրան: Մտքիս մեջ տարբերակներ էին գալիս ու գնում, թե ինչ անեմ, ինչպես ինձ պահեմ. “Գուցե վեր կենամ ու գնամ, բայց էտ դեպքում սա մեկ ուրիշին կգտնի, որ այդ թույներով արտադրանք տա: Գուցե մնամ, սկսեմ համագործակցել հետը ու թեկուզ ստի միջոցով համոզեմ, որ այդ հումքերով անհնար է արտադրանք տալ: Չէ… Դա էլ ելք չի: Հենց հիմա ու այստեղ, ինչ-որ մի բան է պետք անել, որ սա միտքը փոխի: Երևի պետք սրան է այդ քայլի ստորության աստիճանը բացատրել իր համար ընկալելի լեզվով”:
-Հը, ինչ ես մտածում Մհեր, — լռությունը ընդհատեց Դուրոն:
-Մտածում եմ, որ դու ուղղակի լավ չես պատկերացնում, թե ինչ ես պատրաստվում անել: Արի էսպես ասեմ: Դու շատ լավ համոզել գիտես ու քանի որ քո համար փող աշխատելու հարցում չկան բարոյական չափանիշներ, իմ մոտ մի հարց է առաջ գալիս:
-Ի՞նչ հարց:
-Կարո՞ղ ես կնոջդ համոզել, որ դուրս գա փողոց ու մարմնամավաճառությամբ քո համար փող վաստակի:
Դուրոն էսպիսի հարվածի հաստատ չէր սպասում: Նա երկու անգամ բերանը բացեց, բայց ոչինչ չասաց: Դեմքը ամբողջությամբ կարմրեց, սկսեց շնչահեղձ լինել ու մի կերպ ատամների արանքից արտաբերեց.
-Գնա… Հենց հիմա գնա ստեղից Մհեր…
Ես ոտքի կանգնեցի ու քայլերս ուղղեցի դեպի նախշազարդ դուռը: Երբ արդեն դռների արանքում էի շրջվեցի ու հանգիստ ասացի.
-Ես տեղյակ կպահեմ, սննդի արտադրության ոլորտում փորձ ունեցող իմ բոլոր ընկերներին ու ծանոթներին, կզգուշացնեմ, որ չաշխատեն քո հետ: Երբ միտքդ փոխես ու որոշես նորմալ հումքերով աշխատել` զանգահարիր ինձ: Էն ժամանակ էլ կօգնեմ:
Ես դուրս եկա այդ հիմնարկից և միայն մեքենայի ղեկին նստելուց հետո նկատեցի, որ ձեռքերս դողում են: Մեծ դժվարությամբ ինձ հավաքելով` մեքենայի շարժիչը գործի գցեցի: Երբ բավական հեռացել էի, Ճանապարհի մի հարմար անկյունում մեքենան արգելակեցի ու սկսեցի զանգահարել իմ բոլոր այն ծանոթներին, ովքեր որևէ կապ ունեին սննդի արտադրության հետ: Մի ժամ հետո արդեն տասից ավել տարբեր մասնագետներ ինձ խոստացել էին չհամագործակցել Դուրոյի հետ: Մտածում էի, արդյո՞ք արժի հիմա ասել այս անախորժ հանդիպման մասին Գոռին, թե՞ ոչ: Ես գիտեի, որ Դուրոյի հետ իմ այս վեճը անհետևանք չէր անցնելու, բայց որոշեցի դեռ ոչինչ չձեռնարկել, բացի նրանից, որ թույլ չտամ այդ հումքերով որևէ մեկը բաղադրություններ ստեղծի նրա համար:
Հաջորդ օրը, առավոտյան, երբ հասա աշխատավայր, պարզվեց, որ իմ փոքրիկ արտադրության վաճառքներով զբաղվող գործընկեր կազմակերպության առաքիչները չեն եկել ապրանք ստանալու: Սպասեցի, մինչև տասներկուսը և զանգահարեցի այդ հիմնարկի տնօրենին, որը լինելով ուղղամիտ մարդ` բավական պարզ ամեն ինչ բացատրեց.
-Մհեր ջան, չեմ մոռացել, պայմանագիր ունենք: Դու էլ գիտես, որ չնայած քո արտադրանքը մեր շրջանառության մեջ երբեք մեծ մաս չի կազմել, բայց ես միշտ պարտաճանաչ եմ եղել մեր համագործակցության ընթացքում: Ուղղակի հասկացի` էլ չեմ կարող: -Երևի արդեն կռահեցիր պատճառը… ինքդ գիտես, թե ում ոտքն ես տրորել…
Հեռախոսը անջատեցի: Անհաջողությունները փաստորեն ինձ սպասեցնել չտվեցին: Մտա արտադրամաս, դադարեցրի աշխատանքներն ու մարդկանց տուն ուղարկեցի: Հետո վերադառնալով աշխատասենյակ` միացրեցի համակարգիչն ու սկսեցի փնտրել այլ կազմակերպություններ, որոնց հետ հնարավոր կլիներ սկսել համագործակցել արտադրանքի իրացման մասով:
Երևի ես մի ժամում այնքան մերժում ստացա, որքան որ Դուրոն երեկ` նոր մասնագետ փնտրելիս:
Լավ գիտակցում էի, որ առկա ֆինանսական իրավիճակում, նույնիսկ մի ամսվա դադարը սպանիչ կլինի գործի համար:
Գործավարուհիս` ում հետ նույն սենյակում էինք նստում, հասկանալով, որ մի բան այն չէ, նույնպես սկսել էր անհանգստանալ ու երևի դա էր պատճառը, որ սուրճի մեջ մոռացել էր շաքար լցնել: Լուռ նստած` խմում էի դառը, անդուր սուրճն ու քաղցրացնելու մտադրություն էլ չունեի: Նորից զանգ.
-Մհեր բարև, — մոտ ընկերս էր` Արսենը:
-Հազար բարի:
-Այ տղա, էս ի՞նչ ես բերել իմ ու քո գլխին:
-Քո գլխին ի՞նչ եմ բերել,- հարցրեցի զարմացած: Ես նրան նույնիսկ դեռ չէի հասցրել պատմել իմ երեկվա անախորժ հանդիպման մասին:
-Ինձ հենց նոր, առանց պատճառի աշխատանքից ազատեցին: Մտա գլխավոր տնօրենի մոտ` ասաց, որ չնայած իր սրտով չի իմ հեռացումը, բայց պատճառը ընկերս է` այսինքն դու: Մհեր ի՞նչ է կատարվում:
Ես լուռ էի, որովհետև չգիտեի ինչ ասեմ: Արսենը հինգ ամիս առաջ էր ամուսնացել ու վարձով էր ապրում հղի կնոջ հետ միասին: Նա ծրագրավորող էր, բայց Դուրոյի կեղտոտ ձեռքերը նույնիսկ այդ ոլորտում էին կարողացել ջուր պղտորել:
Վերջապես խորը շունչ քաշեցի ու ասացի.
-Արս, արի մոտս, ամեն ինչ կբացատրեմ:
Չանցած Կես ժամ, նա գրասեղանիս հակառակ կողմում նստած`լսում էր նախորդ օրը իմ հետ կատարված պատմության մանրամասերը: Ես արդեն ամեն ինչ ծանր ու թեթև էի արել և վերջում հանգիստ ասացի.
-Արսեն, հանգիստ եղիր, եթե պետք լինի մեքենաս կվաճառեմ: Մի քանի ամիս այդ գումարով կապրենք մինչև գործերը կարգի կընկնեն:
-Չգիտեմ Մհեր… Վտանգավոր ու բարդ խաղի մեջ ես մտել, բայց ես քո հետ եմ ցանկացած իրավիճակում:
Արսենի խոսքերից հպարտությամբ լցվեցի ու առաջին անգամ ողջ օրվա ընթացքում ժպտացի:
Մեկ ամիս շարունակ ես փորձում էի իմ արտադրանքի վաճառքի համար նոր գործընկերներ գտնել: Արսենն էլ աշխատանք էր փնտրում, բայց ինչպես պարզվեց` Դուրոյի թեթև ձեռքով բոլոր դռները մեր առջև փակվել էին: Ես չէի վհատվում` մեքենաս վաճառել էի, հիմնարկիս աշխատակիցներին վճարել էի վերջին ամսվա աշխատավարձը և փորձում էի ինքս աշխատանքի անցնել ուրիշ հիմնարկում: Մեքենայի վաճառքից ստացած գումարի մի մասն էլ Արսենին էի տվել, և երկուսով թթվասերի մեջ ընկած գորտերի պես ջանասիրաբար թպրտում էինք աջ ու ձախ` հուսալով, որ այն շուտով կարագ կդառնա:
Չնայած նյարդային վիճակում էի, բայց ամեն ինչ անում էի, որ կինս և երեքամյա դստրիկս դա չզգային: Ես հրաժարվեցի նրանց հետ դուրս գալ զբոսանքի և ճաշասենյակի բազմոցին փռված, փորձում էի մտքերս հավաքել: Հեռախոսս աղմուկով վայր ընկավ դաշնամուրի վրայից` շարունակելով թպրտալ հատակին: Ծուլորեն մոտեցա, վերցրի.
-Լսում եմ:
-Բարև Մհեր: Դուրոն ա: Ո՞նց ես:
-Քեզ ի՞նչ,- սառը պատասխանեցի ես:
-Դե ես պատահաբար իմացել եմ, որ գործերդ խառնվել են իրար: Ասի զանգեմ, թե պետք ա մի բանով էտ տղուն օգնեմ: Շատ էլ, որ տմարդություն արեցիր իմ համդեպ:
-Քո կարիքը հաստատ չունեմ: Ես էլ լսել եմ, որ դեռ չես կարողացել համապատասխան բաղադրություն ստանալ թունավոր մարգարինիդ համար:Արածս էլ տմարդություն չէր, այլ հակառակը` մարդկություն էր:
-Լսի Մհեր, հիմա կինդ ու էրեխեդ ու՞ր են:
-Քեզ ի՞նչ, թե ուր են, -ասացի ես ու խուճապը միանգամից տարածվեց մարմնովս մեկ:
-Իմ գործը չի, ճիշտ ես ասում: Հույս ունեմ, որ ողջ ու առողջ տուն կհասնեն:
-Լսի Դուրո, ես քեզ կտոր-կտոր կանեմ, եթե ընտանիքիս անդամներից մեկնումեկի մազին անգամ կպնես:
-Ես հիմնականում կանանց ու երեխաներին ձեռք չեմ տալիս: Համ էլ գիտեմ, որ շուտով կնոջդ հույսին ես մնալու: Երևի արդեն սկսել ես համոզել, որ փող աշխատելու համար փողոց դուրս գա, թե չէ սովից կմեռնեք:
Արյունը սառեց երակներումս: Մի պահ պապանձվեցի ու… Հայհոյանքների տարափ սկսեցի տեղալ Դուրոյի գլխին, բայց նա արդեն անջատել էր հեռախոսը:
Դռան կողպեքի ձայնն ու դրան հետևած աղջկաս անհոգ թռվռոցը մի քիչ հանգստացրեցին ինձ, բայց ես ի վիճակի չէի էլ կուլ տալու այս ամենը: Դուրս եկա տնից ու զանգահարեցի իմ մանկության ընկերոջը` Գոռին:
-Գոռ, ես էտ քո տռզած ընկերոջը շան պես սատկացնելու եմ: Ես դրա լեշը կախելու եմ հենց հրապարակի կենտրոնում, որ ամեն մեկը տեսնի ու իմանա ինչի համար եմ դա արել: Ես…
-Մհեր… Մհեր… Հանգստացիր: Ինչ ա պատահե՞լ…
Տաս րոպե անց, Գոռի ավտոմեքենայում նստած նրան մանրամասն պատմում էի, թե ինչ է պատահել մի ամիս առաջ Դուրոյի աշխատասենյակում, հետո դրա հետևանքների` իմ ու Արսենի գործնական խառնաշփոթի մասին:
Ամբողջ պատմությունը լսելուց հետո Գոռը մեղադրանքների տարափ տեղաց գլխիս, այն պատճառով, որ իրեն այսքան ուշ եմ տեղեկացնում, հետո ասաց, որ կզանգի ու հեռացավ:
Հաջորդ օրը, առավոտյան նա զանգահարեց.
-Բարև Եղբայր:
-Բարև Գոռ ջան:
-Աշխենն ու Անին ո՞նց են:
-Լավ են: Ձերոնք ո՞նց են:
-Երևի լավ են… Երբ եմ կարում էրեսները տենամ որ, — հետո մի պահ լռեց ու շարունակեց արդեն գործնական տոնով, — Մհեր, Էրեգ քո գործերով սաղին խառնել եմ իրար: Չգիտեմ ինչ ասեմ… Համը հանել ես: Չափն անցել ես: Բան չեմ կարա անեմ, եթե չհամաձայնվես Դուրոյին օգնել:
-Օգնեմ, որ էդ թույնը ազգովի ուտե՞նք: Դու ինձ խորհուրդ ես տալիս, որ օգնե՞մ էտ լրբին, — նյարդային ճիչով հարցրեցի ես:
Ուրիշ ելք չեմ տեսնում: Ես միջնորդել էի, որ դու գումար աշխատես, բայց դրա փոխարեն հիմարի պես զորավոր թշնամիներ ես վաստակել: Եթե շարունակես հակառակվել նրանք ուղղակի կճզմեն քեզ ու դա կանեն բոլոր հնարավոր տարբերակներով: Հիմա մնում ա նրանց օգնես իրանց բռնած գործում, որ…
Անջատեցի հեռախոսն ու նրա հաջորդած բազմաթիվ զանգերին էլ չպատասխանեցի:
Շտապ ոտքի կանգնելու ու անհապաղ գործելու ցանկություն առաջացավ: Կարծես ինչ-որ բանից ուշանում էի ու պիտի հասցնեի… ի՞նչ հասցնեմ: Ի՞նչ անեմ: Մնացի տեղում նստած: Մտքումս մի բան էր պտտվում. “Սառն է պետք դատել, որ հաշվենկատ գործեմ”:
Փաստորեն կարողացել էի անհանգստությունս թաքցնել, քանի որ Մոսկվայում ապրող եղբորն ու ծնողներին Անիի հետ այցի գնալու առաջարկս Աշխենն ընդունեց մեծ ուրախությամբ , համոզիչ լինելու համար ես հավաստեցի , թե իբր կիսատ գործերս ավարտելուց հետո մեկ շաբաթից կմիանամ նրանց: Հաջորդ օրը եղբորս մեքենայով ընտանիքս հասցրեցի օդանավակայան: Վերադարձի ճանապարհին լարվածությունս հասել էր գագաթնակետին: Մտքերս սև էին ու արյունոտ: Իմ ունեցած բոլոր բարոյական ու մարդկային կոշտ սահմանները ծխե քուլայի պես հալվում էին օդում: Իմ դոգմաները փլուզվում էին ու այդ փլատակների տակից ներքին հակասությունները գալարվելով դուրս էին գալիս` ներխուժելով մարմնիս ամեն մի հատված: Իմ դիվային ցանկությունները իրագործելու պատճառներն արդեն ավելի շատ էին քան միայն վտանգավոր սննդի արտադրության կանխարգելումը, իսկ կանգ առնելու համար հակազդեցություն չէի գտնում:
Մեքենան արգելակեցի իմ համար ինչ-որ անծանոթ վայրում: Երևի դուրս էի եկել օդանավակայանից ու մտքերով տարված գնացել սխալ ուղղությամբ: Նայեցի ժամացույցին ու տեսա, որ բավական ժամանակ էր անցել` մոտ երեք ժամ: Աչքերով սկսեցի փնտրել բջջային հեռախոսը, իսկ այն ուղղակի ճզմված էր ղեկի ու ձախ ձեռքիս արանքում: Յոթ չընդունված զանգեր ունեի` Աշխենն էր: Մտքերս հավաքեցի ու հետ զանգահարեցի: Նա ուրախ տրամադրությամբ հայտնում էր , որ բարեհաջող տեղ են հասել: Նրանց հետ զրուցելիս բնականաբար ձայնիս արհեստական ուրախ երանգ տալով մի անգամ էլ խոստացա, որ մոտ օրերս ես կմիանամ նրանց: Խոսակցությունն ավարտելուց հետո վերջապես սկսեցի շուրջս նայել: Լարվածությունից շնչահեղձ էի լինում: Դուրս եկա մեքենայից, մոտեցա ոչ հեռու գտնվող աղբյուրին ու ագահորեն սկսեցի ջուր խմել: Երեք ժամում կարող էի Հայաստանի որևէ ծայրում հայտնված լինեի, իսկ ես իսկապես չէի պատկերացնում , թե ուր եմ հասել: Ծարավս հագեցնելով գլուխս բարձրացրի ու սկսեցի շուրջս նայել: Ամայի վայր էր: Իմ կանգնած դիրքից ձախ երևում էին ինչ-որ գյուղակի սակավաթիվ տներնի կղմինդրե կտուրներ, աջ կողմով ձգվում էր մի ձորակ, որի խորքից լսվում էր գետակի քչքչոցը, դիմացս անտառապատ սարեր էին, իսկ նույն ուղղությամբ, ավելի մոտ` ծառերի կատարների ետևում եկեղեցու խաչ էր երևում: Մեքենան փակեցի ու քայլերս ուղղեցի դեպի այդ կողմ: Եկեղեցու բակը ամայի էր, կողքին առանձին փոքր զանգակատուն կար: Հասա եկեղեցուն շրջապատող մետաղական ցանկապատին, բայց առաջ քայլ գցել անհասկանալիորեն չկարողացա: Մոտակա բլրակի վրա խաչքարեր էին երևում: Քայլերս ուղղեցի դեպի այդ կողմ: Երբ բարձրացա բլրակի վրա` զարմանալի տեսարանը ինձ ստիպեց մի պահ մոռանալ բոլոր խնդիրների մասին: Այդտեղ համախմբված հեթանոսական նախշաքանդակներով տապանաքարերը, քրիստոնեական շրջանի հայկական խաչքարերն ու ժամանակակից քարե սալերն այնպես համահունչ էին իրար հետ,որ թվում էր, թե “տիրակալ ժամանակը” անտեղյակ է աշխարհի այս կտորի գոյության մասին: Քարերի արանքում մի քիչ զբոսնելուց հետո հայացքս նորից հառեցի եկեղեցու խաչին ու սկսեցի ինքս իմ հետ զրուցել. “էս իմ ներսում եղած ամբողջ կեղտով հանդերձ, երևի ես իրավունք չունեմ մտնել եկեղեցի: Ինչպե՞ս թե չունեմ, լավ էլ ունեմ: Բա էլ ու՞ր գնամ, ու՞մ հարցերս ուղղեմ: Դե թող վերևում նստած ամենագետն էլ ինձ ասի, թե ինչ անեմ: Դե ասա, Տեր Աստված, ես ի՞նչ անեմ: Լռում ես: Ում է պետք հիմա քո լռությունը, քո անգործությունը, քո անտարբերությունը…”:
Այսպես Աստծո կամ գուցե ինքս ինձ հետ կռիվ տալով էլ քայլում էի ու չնկատեցի, թե ինչպես եմ անցել ցանկապատն ու հասել եկեղեցու դռան մոտ:
Նորից հախուռն մտքերն ինձ կանգնեցրին. “էտ ե՞րբվանից եմ ես հավատացյալ դառձել, ե՞րբ եմ որևէ բան խնդրել Աստծուց, ե՞րբ եմ նրա ողորմածությունը մուրացել: Ես ամեն ինչ ունեմ: Ինձ նրանից ոչինչ պետք չի, ես ինքս գիտեմ, թե ինչ եմ անելու”: Քայլ արեցի դեպի ներս: Եկեղեցին ամայի էր ու զով: Սև մտքերիս միջից մի լույս տարածվելով ու ամոթ դառնալով պատեց ամբողջ մարմինս: Նստեցի գետնին, մեջքս հենեցի եկեղեցու սևացած պատին ու նորից սկսեցի ինքս ինձ լուռ խոսել: Միթե՞ ես` անհավատս, աղոթում էի, թե՞ ընդամենը մենախոսում էի:
-Տեր Աստված, աղաչում եմ քեզ, իմաստություն տուր իմ թշնամուն, որ վերջապես գիտակցի իր արարքների մահաբեր ուժը: Ուժ տուր նրան: Թող կարողանա ազատվի այն չարից, որ իր գրպանից սողոսկել ու հասել է սրտին: Սեր բեր նրա տկար սրտին, որ կարողանա լինել մարդկանց հետ, մարդկանց համար ու նրանց մեջ: Հավատ տուր նրան, որ սեփական մարմնի մթության խորքում, իր հոգին էլ լույսով ողողի: Լույս տուր նրան, որ կարողանա հաճույքից զատ, այս աշխարհի ցավերն էլ տեսնի ու ոչ թե ցավից, այլ երջանկությունից ծնված արցունքի մի կաթիլ տուր նրան, որ այդ հատիկի մաքրության միջից, իր մութ աչքերով իրական կյանքի պատկերը տեսնի: Կյանք տուր նրան, Տեր իմ Աստված: Հենց վաղը նորից, մի անգամ ևս, թող նա ծնվի, այլ ոչ թե զոհվի` դատավոր դարձած իմ պես դահիճի անողոք ձեռքից:
Հետո մտքերս դադարեցին ու ճամփա տվեցին արցունքներիս: Լռության մեջ սեփական հեկեկոցիս ձայնը հարազատ մոր պես գրկել ու օրորում էր ինձ:
Լացն էլ հեռացավ ու դատարկությունը դրսից ներս լցվեց: Ես ոչինչ չէի զգում…
Ուշքի եկա դրսում լսվող երեխաների ձայնից: Ոտքի կանգնեցի դժվարությամբ, բայց ներքուստ ավելի թեթևացած: Դուրս եկա եկեղեցու բակ: Արդեն երեկո էր: Մի երիտասարդ հոգևորական, երեխաների խմբի մոտ կանգնած, ցածրաձայն սաստում էր նրանցից մեկին: Ցանկապատի մոտ կանգնած էին երկու ավտոբուսներ, ու նրանց շուրջ հավաքված տուրիստները աշխուժորեն ինչ-որ բան էին քննարկում: Թեթև թուլություն զգացի ու նստեցի հարևանությամբ գտնվող զանգակատան դիմաց ցցված երկարավուն քարին: Տուրիստները դանդաղորեն սկսեցին գնալ դեպի եկեղեցին: Այդ խմբից մի տարեց տղամարդ քայլերն ուղղեց դեպի ինձ ու նստեց կողքիս: Նա շատ անհոգ ու երջանիկ տեսք ուներ: Վերջապես ինձ մի լավ ուսումնասիրելուց հետո խոսեց.
-Բարև Ձեզ:
-Բարև Ձեզ, — պատասխանեցի ես նրա բարևին:
-Ես Մհերն եմ, բայց բոլորը ինձ Մհո Եղբայր են կոչում — ասաց նա ու ձեռքը մեկնեց ինձ:
Ես էլ եմ Մհեր, — ասացի ես ու սեղմեցի տարօրինակ տղամարդու ձեռքը:
-Մենք արդեն մի ժամ է, ինչ այստեղ ենք, — ու նորից գնահատող հայացքով ինձ տնտղելուց հետո շարունակեց, — ես հատուկ մեր խմբի անդամներին խնդրեցի զբոսնել խաչքարերի մոտ, որ չխանգարենք Ձեզ:
-Կներեք ինձ…
-Ներեղության կարիք չկա, երիտասարդ: Այդ դուք ինձ կներեք, որ մնացի դռների մոտ ու ակամա լսեցի ձեր զրույցը Աստծու հետ: Ուղղակի ես երբեք չէի լսել այդքան անկեղծ աղոթք, — հետո ցուցամատը վեր բարձրացնելով շարունակեց, — Նա անկասկած լսում էր Ձեզ:
-Մի՞թե ես բարձրաձայն էի խոսում:
-Իհարկե, — ասաց սովորական տոնով, ու իր զննող հայացքը հառեց հեռվում ձգվող լեռնաշղթային:
Մեզանից ոչ շատ հեռու երիտասարդ հոգևորականը դեռ շարունակում էր սաստել նույն երեխային, բայց արդեն անկեղծորեն բորբոքված բարձր ձայնով ու երեխայի ձեռքից բռնած թափ տալով: Մոտ ութամյա, կրակի պես վառվող աչքերով այդ տղան, երևի շարունակում էր իր ասածը պնդել ու դրա պատճառով հոգևորականի կողմից թեթև ապտակի արժանացավ:
Խնդրում եմ ինձ այստեղ սպասեք: Ես ձեզ ասելիք ունեմ, — ասաց ինձ իմ անվանակից նոր ծանոթն ու քայլելով դեպի հոգևորականը շատ հարգալից ձևով դիմեց նրան.
-Տեր հայր, կարո՞ղ եմ հետաքրքրվել, թե ինչու ապտակեցիք այս մանչուկին:
Հոգևորականը մի պահ շփոթվեց, բայց տեսնելով հարցադրումը անողի պատկառելի տեսքն ու բարի հայացքը` ասաց.
Ես չգիտեմ, էլ ինչպե՞ս բացատրեմ սրան, որ իրեն կարգին պահի: Մյուս երեխաներին չհարվածի, խմբից հեռու չգնա, վատ բառեր չասի, Աստծու մասին հիմար հարցեր չտա: Սա ուղղակի դատապարտված է դառնալ հանցագործ: Սրան ուղղակի պետք է…
-Տեր հայր, լռե’ք, — սաստող տոնով ասաց Մհերը: Հետո նրան թևանցուկ արեց ու երեխաների խմբից հեռացնելով` ավելի մեղմ ու ցածրաձայն շարունակեց, — Այդ ինչպե՞ս եք համարձակվում աստծու գառին դատապրտել: Տեր հայր, միթե չգիտեք, որ դատապարտում են ոչ թե մարդուն այլ նրա արարքը: Իսկ դուք… Ձեր անարդար խոսքերով դուք ավելի կսրեք երեխայի ըմբոստությունը կամ էլ վերջիվերջո կկոտրեք նրան ու կդարձնեք մի աննպատակ ու անապագա մարդ:
-Ես ձեզ խնդրում եմ…- հոգևորականը ինչ-որ բան էր ցանկանում ասել, բայց հանդիպելով Մհո Եղբոր խիստ հայացքին պապանձվեց: Փորձեց իր թևն ազատել նրա ձեռքից, բայց շարունակեց կանգնած մնալ նրա կողքին: Մհո Եղբայրը շարունակեց խոսել.
-Համոզված եմ, որ գիտակցում եք, թե ինչ տարբերություն կա մարդուն դատապարտելու և նրա արարքը դատապարտելու մեջ: -Ուրեմն ես ձեզ կոչ եմ անում` դատապարտեք արարքը, դատապարտեք այն մահվան, արեք դա Ձեր սիրով, Ձեր հոգատարությամբ, Ձեր բարությամբ: Փրկեք այդ երեխային իր չարության ճիրաններից: Ազատություն տվեք նրան:
Մհո Եղբայրը խոսում էր ոգևորված: Նրա աչքերը փայլում էին, իսկ դեմքը շիկնել էր անկեղծ զայրույթից: Հետո նա շրջվեց դեպի չարաճճի երեխան ու ասաց.
-Մանչս, հապա մոտ եկ:
Տղան, որի դեմքը ամբողջովին կեղտի մեջ կորած էր, հավանաբար այն պատճառով, որ անլվա ձեռքերով սրբել էր արցունքները, լուռ մոտեցավ ու սկսեց ուշադիր նայել Մհո Եղբոր աչքերին:
-Անունդ ի՞նչ է:
-Մհեր, — ասաց մանչուկը:
-Փաստորեն դու էլ ես հա՞ Մհեր: Իմ անունն էլ է Մհեր,– ասաց ժպտալով ու գլխով դեպի ինձ նշան անելով ասաց, — նրա անունն էլ է Մհեր: Իսկ դու ո՞վ ես Մհեր:
Երեխան զարմացած մի քանի վայրկյան նայեց իր զրուցակցի աչքերին, հետո գլուխը կախեց ու շատ ցածրաձայն պատասխանեց.
-Ես որբ եմ:
-Դա իմ հարցի պատասխանը չի, մանչս, — Ասաց Մհո Եղբայրը: Հետո բաց թողեց երիտասարդ հոգևորականի թևը, ծնկեց երեխայի կողքին ու նրբորեն շոյեց նրա գլուխը: Մի խոր հոգոց հանելուց հետո շարունակեց, — միթե դու դեռ չգիտես, թե ո՞վ ես, մանչս:
-Երևի չէ:
-Կուզե՞ս իմանալ:
Երեխան շփոթված ուսերը թոթովեց, իսկ Մհո Եղբայրը շարունակեց.
-Ես քեզ կհուշեմ, իսկ դու ինքդ կորոշես, թե դու ով ես: Լա՞վ:
-Լավ, — ասաց փոքրիկ Մհերն ու նորից սկսեց ուշադիր նայել Մհո Եղբոր աչքերին:
-Իմ կարծիքով, ամեն մարդ, հենց իր արարքներն ու խոսքերն է, որոնցով էլ աշխարհին է ներկայանում ու այդպես են բոլորը ճանաչում նրան: Եթե մարդը աջ ու ձախ ստում է` ուրեմն ստախոս է, եթե գողանում է` ուրեմն գող է, եթե սովորում է` նա խելացի է, եթե ուրախանում ու ժպտում է` ապա երջանիկ է: Ինքդ որոշիր, թե դու ով ես մանչս ու եղիր այդպիսին, իսկ հիմա ես քեզ մի գաղտնիք կասեմ, — ասաց Մհերն ու ոտքի կանգնելով երեխայի հետ մոտեցավ ինձ, նստեց քարի մյուս ծայրին, նրան տեղավորեց մեր արանքում ու այնպիսի խորհրդավոր շշուկով, կարծես աշխարհի ամենամեծ գաղտնիքն էր պատրաստվում վստահեր` շարունակեց, — Հիշի’ր այս խոսքերս` ամեն մարդ իր երազանքն է: Հաստա~տ… Միայն ու միայն իր երազանքն է: Երազի~ր… Երազիր քո ուզած ապագան, երազիր, որ միշտ երջանիկ լինես, երազիր,որ շրջապատված լինես լավ մարդկանցով, երազիր, որ մարդիկ քեզ սիրեն ու դու սիրես նրանց: Չմոռանաս խոսքերս` դու միայն ու միայն քո երազանքն ես:
Երեխայի մտածկոտ դեմքից միանշանակ կարելի էր ասել, որ նա արդեն սուզվել էր Մհո Եղբոր ասածների մեջ:
-Իսկ հիմա գնա Տեր հոր մոտ, մանչս: Գնա ու եղիր այնպիսին, ինչպիսն որ կաս` բոցավառ աչքերով բարի պատանի, իր գաղտնի երազանքներով:
Երեխան հանդարտ քայլերով վերադարձավ իր ընկերների խմբի մոտ, իսկ Մհո եղբայրն իր խորաթափանց հայացքով մի քանի վայրկյան ինձ քչփորելուց հետո, մի անակընկալ հարց տվեց.
-Կհյուրընկալե՞ս ինձ այսօր ձեր տանը:
-Ես Երևանում եմ ապրում:
-Ես այդպես էլ ենթադրում էի:
-Իհարկե, մեծ ուրախությամբ, — պատասխանեցի ես ու շուրջս նայելով հարցրեցի, — իսկ որտե՞ղ ենք մենք:
-Մենք Լոռվա Արդվի գյուղի, Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում ենք, — անտարբերությամբ պատասխանեց իմ տարօրինակ հարցին:
Ես մոտավորապես պատկերացրեցի, թե որտեղ եմ գտնվում, բայց իսկապես չէի հասկանում, թե ոնց եմ այդքան ճանապարհ կտրել-անցել առանց գիտակցելու: Մհո Եղբայրն իր բարի սրտով ու հետաքրքիր պահվածքով մեծ տպավորություն էր թողել իմ վրա, բայց ներկա վիճակս ու հետագա անելիքներս ոչ մի կերպ չէին համատեղում նրան հյուրընկալելը:
-Մհո Եղբայր, ես խնդիրներ ունեմ ու չեմ ցանկանում, որ դրանք անհարմարություն պատճառեն Ձեզ: Գուցե դուք թողնեք Ձեր հեռախոսահամարը: Ես անպայման կզանգահարեմ ու Ձեզ կհրավիրեմ իմ տուն, երբ կկարողանամ:
-Չէ, — կտրուկ ասաց Մհո եղբայրն ու համառ կեցվածքով ավելացրեց, — նախ ես երեք օր հետո մեկնում եմ Հայաստանից ու չգիտեմ, թե էլ երբ կվերադառնամ, ու բացի այդ ` ես հիմա եմ ուզում:
Անհասկանալիորեն չէի կարողանում դիմադրել Մհո Եղբոր պնդումներին: Ի պատասխան նրա խոսքերին ես ուղղակի ժպտացի ու ասացի.
-Իմ մեքենան ներքևում է:
Նա արագ ոտքի կանգնեց, մոտեցավ տուրիստների խմբին, նրանց հրաժեշտ տվեց ու մենք ճամփա ընկանք դեպի Երևան:
Ճանապարհին, մեքենայում սկսեցինք զրուցել: Ես հակիրճ պատմեցի, թե ով եմ ես, ինչ մասնագիտություն ունեմ, ինչ ով եմ զբաղվում, որտեղից են պապերս , ու նման բաներ: Հետո զրույցի թեման հասավ արվեստին ու նույնիսկ քաղաքականությանը, որի ժամանակ ծավալված բանավեճում` ամեն մեկս իր տարակարծությունը հիմնավորելու համար, մյուսին ինչ-որ օրինակներ էր հիշեցնում պատմությունից:
Նրա հետ կարելի էր զրուցել ցանկացած թեմայի շուրջ: Իմ առաջին տպավորությունները Մհո Եղբոր մասին ավելի էին ամրապնդվում ու ես վստահությամբ էի լցվում նրա հանդեպ: Ես նկատեցի, որ բանավիճում Մհո Եղբայրն իր ուրույն ոճն ունի: Նա համարյա միշտ սկսում էր` “իմ կարծիքով” արտահայտությամբ, իր ասածին աներկբա տոն չէր հաղորդում, բայց անպայման ծանրակշիռ հիմնավորումներ էր օգտագործում, որ խոսքը համոզիչ լինի:
Մութն ընկել էր, երբ տուն հասանք: Ընթրեցինք, հետո դուրս գալով զով պատշգամբ շարունակեցինք մեր զրույցը: Մհո Եղբայրն էլ իր մասին պատմեց: Ասաց, որ արդեն տասնհինգ տարի է ինչ ապրում է ԱՄՆ-ում, ոսկերիչ է, ունի սեփական ոսկերչական արտադրամաս և ոսկյա զարդերի մի փոքրիկ խանութ: Կինը մահացել է քսանչորս տարի առաջ` որդուն ծննդաբերելիս: Ինքը ամեն տարի Հայաստան է գալիս` կնոջ և ծնողների գերեզմանները խնամելու, իր ձեռքով թարմ ծաղիկներ դնելու համար, ու ամեն տարի Հայաստանում իր համար մի կարճ շրջագայություն է կազմակերպում: Մհո Եղբայրը պատմեց, թե ինչ մեծ դժվարություններ է կրել ԱՄՆ-ում իր բնակության առաջին տարիներին: Ես մեծ հետաքրքրությամբ լսում էի նրան ու կարծես ամբողջովին մոռացել էի իմ խնդիրների մասին, երբ նա հանկարծակի լռեց, նորից իր գնահատող հայացքը հառեց վրաս ու ասաց.
-Մհեր, Արդեն ասել եմ, որ եկեղեցում ակամա լսեցի Աստծուն ուղղված դիմումդ: Հետո տեսա, թե ինչպես արցունքներդ դուրս հորդացին: Դու այդ պահին նման էիր անմեղ երեխայի: Կարծում եմ արդեն համոզվել ես, որ կարող ես ինձ վստահել: Պատմիր ինձ, թե ինչ է պատահել: Չեմ ասի, թե խնդիրներդ էդպես կլուծվեն, բայց խոստանում եմ, որ կկարողանամ ցավիդ ընկերակից լինել: Ինչպես ասում են հայերը` հյուրն աստծունն է, ուրեմն մի մերժիր խնդրանքս ու ասա, թե ինչ է պատահել:
Ես տարակուսանքի մեջ էի: Չէի ցանկանում նրան խաբել, բայց խուսափում էի վստահել մի մարդու, ում ընդամենը մի քանի ժամ էի ճանաչում:
Նորից երկար լռություն տիրեց: Մհերը համբերատար սպասում էր իմ պատասխանին: Ես որոշեցի թռուցիկ պատմել, բայց նա սկսեց մանրակրկիտ հարցեր տալ ու արդյունքում իմացավ գլխիս եկած պատմության բոլոր մանրամասները:
Հետո երկուսով երկար ունկընդրում էինք մոլորված ծղրիդի գիշերային անդորրը սղոցող երգը, որի ներքո էլ գիշերային թիթեռը համառորեն պարի էր հրավիրում անկենդան էլեկտրական լամպին…
Վերջապես Մհո Եղբայրը ոտքի կանգնեց, նայեց ժամացույցին ու ասաց.
-Արդեն չորս անց է Մհեր: Չքնե?նք:
Ես Մհո եղբոր համար անկողին գցեցի ու ինքս էլ պառկեցի:
Առավոտյան զարթնեցի կնոջս զանգից: Մի քանի բառ փոխանակեցինք ու ես ոտքի ելա անկողնուց: Արդեն տասն անց էր: Ես ինձ անհարմար զգալով, քնած մնալու համար, մտա խոհանոց ու ի~նչ տեսնեմ` Մհո եղբայրը խոհանոցում նախաճաշ է պատրաստում:
-Շատ լավ է, որ արդեն զարթնել ես: Մեզ այսօր կարևոր գործեր են սպասում:
-Ի՞նչ գործեր, — զարմացած հարցրեցի ես:
-Ինքդ կտեսնես, իսկ հիմա, լվացվիր, թեյ լցրու ինձ ու քեզ ու սեղան նստիր:
Մի ուրիշ դեպքում գուցե ես վատ զգաի ինձ, որ ուրիշը իրեն տանտիրոջ պես է պահում իմ տանը, բայց Մհո Եղբոր անկեղծ հոգատարությունը միայն ժպիտ առաջացրեց իմ մոտ:
Նախաճաշից հետո սուրճ պատրաստեցի երկուսիս համար, ու մինչ ես սեղանից դանդաղ ափսեներն էի վերցնում, Մհո Եղբայրը ոտքի վրա սուրճը շտապ խմեց ու ասաց.
-Մհեր, շտապիր: Տեղ ենք գնում:
-Կներես, Մհո Եղբայր, բայց ես անձնական գործեր ունեմ:
-Գործերդ հետո կանես:
-Չեմ կարող:
-Կարող ես: Այսօր ես քեզնից վերջին անգամ մի բան եմ խնդրելու ու հույս ունեմ, որ չես մերժի:
-Դու գիտես, որ կարևոր գործեր ունեմ:
-Գիտեմ: Դրա համար էլ ասում եմ` շտապիր: Թե ուզում ես ծերուկից շուտ ազատվես, պիտի իրար հետ մի տեղ այցելենք կես ժամով ու ես քեզ հանգիստ կթողնեմ:
-Լավ, — համաձայնվեցի ես:
Շուտով նստեցինք մեքենան ու գնացինք Մհո Եղբոր ասած հասցեով: Այն Երևանի ծայրամասերից մեկում գտնվող արտադրական հատվածներից էր, որտեղ դեռ խորհրդային ժամանակներից մնացած գործարանների մի շարք էր ձգվում: Մեքենան կանգնեցրինք Մհո Եղբոր ասած հասցեի մոտ ու ոտքով ներս մտանք ինչ-որ գործարանի տարածք: Դիմացում գրասենյակային փոքրիկ շենքի մուտքն էր:
-Մհեր ես քեզ խնդրում եմ, սեփական նախաձեռնությամբ ոչինչ չասես ու չանես: Ուղղակի համբերիր ու մի հինգ րոպե լուռ մնա: Շուտով ամեն ինչ կհասկանաս:
-Լավ, — համաձայնեցի ես:
Դռան մոտ մեզ դիմավորեց մի տարեց մարդ, իմացավ մեր անուններն ու ուղեկցեց երկրորդ հարկ: Ներս մտանք տնօրենի սենյակ, որտեղ հավաքված էին մի քանի փողկապավոր տղամարդիկ: Նրանց մեջ նկատելով Դուրոյին, զարմանքից քարացա, ու դրան հաջորդած ցասումը ինձ անպայման հունից կհաներ, եթե հայացքս չհանդիպեր Մհո Եղբոր սաստող հայացքին: Խոստմանս համաձայն ես շարունակեցի լուռ մնալ:
-Բարև Ձեզ, — ասաց Մհո Եղբայրը:
Բոլորը բարձրաձայն բարևեցին: Դուրոն մոտեցավ Մհո եղբորը, ձեռքով բարևեց, հետո ձեռքը ինձ մեկնեց, բայց ես մնացի տեղում կանգնած: Նրա խոժոռված դեմքը ավելի մթնեց:
-Ես ամեն ինչ արդեն նախապատրաստել եմ, ինչես և ասել ես Մհո Եղբայր: Գնանք ինքներդ տեսեք, — ասաց Դուրոն ու բացելով դուռը մեզ ուղեկցեց հարևանությամբ գտնվող արտադրամասի պահեստ:
Տեղ հասնելուն պես, իր գեր մարմնի անճոռնի շարժումներով աջուձախ վազվզելով, Դուրոն սկսեց մեծ պահեստային տարողությունների ստորին մասի փականները բացել, որոնցից թանձր հեղուկը սկսեց հոսել գետնին, իսկ այնտեղից էլ դեպի ջրահեռացման կետ: Մոտ քսան րոպե, մենք լուռ հետևում էինք այդ անորակ ճարպաթթուների հոսքին: Հեղուկը դանդաղ էր ներծծվում ջրահեռացման կետով, որի պատճառով տարածվել էր ոչ միայն պահեստի հատակով մեկ այլ նաև հասել էր հարևանությամբ գտնվող արտադրամասին: Ես սկսել էի կռահել թե ինչ է կատարվում այստեղ ու ներքին ցնծություն էի ապրում, բայց թե Մհո Եղբորը ինչպես է հաջողվել դա կազմակերպել` չէի պատկերացնում:
Վերջապես տարողություններից հեղուկը դադարեց հոսել: Լռությունը խախտեց Մհո Եղբոր բամբ ձայնը.
-Մենք գնում ենք, քանի որ այստեղ այլևս անելիք չունենք, բայց միշտ հիշեք` Մհերը իմ մոտ բարեկամն է ու ես նրա համար պատրաստ եմ ամեն ինչի: Հաջողություն: Հուսով եմ, որ ձեզ համար ամեն ինչ պարզ է, ու էլ երբեք հանդիպելու պատճառներ չենք ունենա, — հետո շրջվեց դեպի ինձ ու ասաց, — գնացինք Մհեր:
Գործարանից դուրս գալուց անմիջապես հետո Մհո Եղբոր գլխին հարցերի հեղեղ թափեցի.
-Մհո Եղբայր, էս ո՞նց ստացվեց, ինչպե՞ս կարողացար դրանց հախից գալ: Դու ե՞րբ հասցրեցիր այս ամենը կազմակերպել: Բա ասում էիր ոսկերի~չ ես…
-Էլի եմ ասում` ես ոսկերիչ եմ, բայց դա չի խանգարում կյանքը լավ հասկանալուն ու համապատասխան ծանոթներ ունենալուն:
-Մհո Եղբայր, դու անհնարին բան արեցիր: Ախր հասկացիր, Դուրոն փողի համար հարազատ մորն էլ կծախի, բայց աչքիս առաջ մի ողջ կարողություն կոյուղի լցրեց:
-Մհեր խնդրում եմ, թույլ տուր քեզ ասեմ այնքան, ինչքան կարող եմ: Ես ուղղակի վաղ առավոտյան կապվեցի իմ ընկերներից մեկի հետ, իսկ մնացածը նա է կազմակերպել: Ընկերս պահանջեց, որ իր անունը չհրապարակեմ, բայց խնդրեց քեզ փոխանցել իր խորին հարգանքն ու մեծ շնորհակալությունը:
-Այդ ես պետք է շնորհակալություն հայտնեմ:
-Չէ Մհեր, իսկապես քեզ պետք է շնորհակալ լինել: Ես հպարտ եմ, որ քո պես մարդու հետ եմ ծանոթացել: Համոզված եմ, մենք դեռ շատ առիթներ կունենանք ամրապնդելու մեր բարեկամությունը:
Ետդարձի ճանապարհին մտքիս մեջ վերլուծում էի կատարվածը: Խոսքերիս պակասը լրացնում էին զգացմունքներս, որ տակնուվրա էին արել ողջ ներաշխարհս: Մտքերս հավաքելուց հետո վերջապես գիտակցեցի, որ իմ ուրախության պատճառը միայն հաղթանակի բերկրանքը չի: Ես կանգնեցրի մեքենան, որ կարողանամ նայել Մհո Եղբոր արչքերի մեջ ու ասացի նրան.
-Մհո Եղբայր, դու իմ հոգին փրկեցիր:
-Երկու օր անց Մհո Եղբայրը մեկնեց ԱՄՆ, իսկ ես` Մոսկվա, ընտանիքիս մոտ:
Մեկ շաբաթ անց վերադառնալով`իմացա առաջին ուրախալի լուրը: Արսենին հետ էին կանչել նախկին աշխատավայրից, և հիմա նա սպասում էր պաշտոնի բարձրացման:
Մի շաբաթ ևս մտորելուց հետո հասկացա, որ չեմ ցանկանումվերականգնել իմ քայքայված հիմնարկի փլատակները և ուրիշ ձեռնարկությունում անցա աշխատանքի:

* * *

Առավոտյան պատրաստվում էի գնալ աշխատանքի: Սկսել եմ սովորականից ավելի շուտ արթնանալ, քանի որ արդեն ենթակվում եմ նոր հիմնարկի կանոններին, ինչպես նաև այն պատճառով, որ էլ մեքենա չունեմ ու քաղաքային տրանսպորտից եմ օգտվում: Կինս խոհանոցում նախաճաշ էր պատրաստում երկուսիս համար: Մեկ էլ տեսնեմ իմ հրեշտակը` Անիս, աչքերը տրորելով, մայրիկի հողաթափերը հագած, ոտքերը քարշ տալով խոհանոցի կիսաբաց դռնից ներս մտավ ու ասաց.
-Մա~մ, ինձ էլ հաց ու կարագ կտա՞ս…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s