Դավիթ Արայի Քյարունց

Ծնվել եմ 1993թ. հունիսի 27-ին Գորիս քաղաքում: Ավարտել եմ Գորիսի թիվ 6 միջնակարգ դպրոցը, այժմ սովորում եմ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների երրորդ կուրսում:

ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

ԱՌԱՋԻՆ ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ

Այնքան խղճալի տեսք ուներ նա… Դեռ առավոտյան նույնիսկ գոռգոռալով տնից դուրս քշեց հարևանի երեխաներին, որոնք լկտիաբար նստել էին դռան շեմին ու թոռան հետ միասին իր համար ինչ-որ անհասկանալի ու աննպատակ խաղով էին տարված: Նույնիսկ փորձել էր մուրճով ամրացնել անձրևաջրերի հեռացման համար աստիճանահարթակի կողքով ձգվող թիթեղը: Իսկ արդեն կեսօրին նա պառկած էր անշարժ` զրկված խոսելու, քայլելու, շարժվելու և նույնիսկ բերանը կարգին բացելու ունակությունից:
Ութսուներկու ամյա կնոջը հիվանդանոց էին տեղափոխել ուղեղի կաթված ախտորոշմամբ, բայց միայն ասել ուղեղի կաթված, նշանակում է ասել ոչինչ:
Կինն արդեն քսան տարուց ավելի տառապում էր միանգամից մի քանի հիվանդություններով: Դրանց հետևանքով քայլում էր միայն ձեռնափայտի օգնությամբ, և այն էլ այնքան դանդաղ, որ մի սենյակից մյուսն անցնելու համար բավականին երկար ժամանակ էր պահանջվում, երկար քայլելուց սկսում էր զգացնել տալ ասթման, որից խիստ դժվարանում էր շնչառությունը: Բացի այս ամենից, նա ծայրահեղ վատ լսողություն ուներ, իսկ տեսողության առնվազն կեսը կորցրել էր` աջ աչքը բոլորովին կուրացել էր մոտ հինգ տարի առաջ: Սակայն միայն այս նկարագրությունը որոշների մոտ խղճահարություն կամ կարեկցանք կարող է առաջացնել, իսկ վերջիններս էլ` դրական վերաբերմունք այդ կնոջ հանդեպ: Կոպիտ, բայց սխալ չի լինի ասել, որ այդ կնոջ ֆիզիկական թերությունները նրա ներքինի արտացոլումն էին: Եթե մի փոքր շփվեիք նրա հետ, այն տպավորությունը կստանայիք, որ այդ կինը միշտ եղել է ութսուներկու տարեկան: Նրա կիսանենգ հայացքում կարելի էր կարդալ անցյալը, որը, անկեղծ ասած, այնքան էլ հաջող չէր դասավորվել:
Դեռ երիտասարդ տարիքում նա ամուսնացել էր Սերգեյ անունով տղամարդու հետ: Ամուսնության տաս տարիների ընթացքում երեխա չունենալու պատճառով ամուսնու մայրը տնից դուրս էր շպրտել` բառիս բուն իմաստով: Դրանից հետո ամուսնացել էր Գառնիկ անունով մի մարդու հետ, որի համար դա արդեն երրորդ ամուսնությունն էր: Նոր ամուսինը նախկին կանանցից երկու տղա էր ունեցել, որոնք գտնվում էին իր խնամակալության տակ: Մեկ տարի անց, ի զարմանս Սերգեյի, ընդմիշտ ութսուներկու ամյա կինը տղա ունեցավ: Տղան առաջինն էր, բայց ոչ վերջինը այդ կնոջ համար: Արդեն հինգ տարի անց նա հինգ երեխաների մայր էր` երեք տղա և երկու աղջիկ: Ամուսինն այն ժամանակ աշխատում էր քաղաքի ամենափողաբեր հիմնարկներից մեկում` պետի պաշտոնով, իսկ կինը կարի գործարանում` սկզբից իբրև գորգագործ, իսկ հետո` թել մանող: Չնայած նման ապահովվածությանը` ամուսինների տունը միշտ դատարկ էր, չկահավորված, կիսակառույց: Ամուսինը միշտ պարծենում էր միայն իր փորով, որտեղ լվացվում, կամ ավելի ճիշտ լողանում էին պետական փողերը: Կինը խորթ որդիների համար այնքան էլ լավ մայր չէր: Նա այնքան դաժան գտնվեց, որ այրեց ամուսնու նախկին կանանց բոլոր լուսանկարները` զրկելով <<որդիներին>> իրենց մայրերից նկարի տեսքով գոնե մի հուշ պահպանելու հնարավորությունից: Իր սեփական երեխաների նկատմամբ նույնիսկ նա այդքան ուշադիր չէր: Մեծ տղան ընդամենը ութ տարեկան էր, երբ նա երեխաներին սկսեց ժամերով միայնակ թողնել տանը, առանց նրանց կերակրելու, դաստիարակելու մասին մտածելու: Բայց նրա ամենալավ ստեղծագործությունները, սակայն, դարձան հենց իր երեխաները, որոնք փոքր տարիքից մեծացել էին` մոր երեսը օրական երկու անգամ տեսնելով` երբ վաղ առավոտյան գնում էր աշխատանքի, և երբ վերադառնում էր ուշ երեկոյան: Նրա փնթիության մասին մինչև այսօր հարևանների շրջանում անեկտոդներ են պտտվում` թե նա նույն տարրայի մեջ և’ լվացք էր անում, և’ ճաշ եփում: Միակ բանը, ինչի մասին նա մտածում էր` ստամոքսը լցնել էր, կուշտ ուտելը, սոված չմնալը: Այդպես էր մտածում նաև ամուսինը: Իսկ հարևաններին գող, անբարոյական, անդաստիարակ, նույնիսկ մարդասպան որակելու նրա փորձերի մասին կարծում եմ նույնիսկ թերթերն են գրել:
Դեռ կաթվածահար լինելու նախօրեին էլ նա մտածում էր միայն մեկ բանի մասին` ուտել, լավ ուտել, լավ բաներ ուտել: Ահա թե ինչու եմ պնդում, որ նա հավերժ ութսուներկու տարեկան է եղել:
Բայց այդ օրը նա չափազանց խղճալի տեսք ուներ: Հիվանդասսենյակում պառկած` նա կարծես ուրիշ բանի մասին էր մտածում: Թվում էր` ուտելու այդքան անհագ մոլուցքը մղվել էր երկրորդ պլան: Սակայն դա ավելի շատ ենթագիտակցությունից, քան տրամաբանությունից բխող տեղափոխություն էր: Նրա սառած հայացքում չկար ոչինչ, և միևնույն ժամանակ կար մի անդունդ` լցված դատարկությամբ: Սակայն այդ անդունդում անգամ քո սեփական արձագանքը լսելն անհնար էր:
Դռան ամեն անգամ բացվելուն պես նա կտրուկ շրջում էր գլուխը, մի տագնապալից հայացք նետում դեպի ներս մտնողը և կարծես հանգիստ շունչ քաշելով` հյուրին էր նայում դատարկություն հիշեցնող հայացքով: Անկեղծ եմ ասում, այդ հայացքը կհիշեմ մինչև մահ, որովհետև դա ամենամեծ վախն էր, որ մտավ ներս ու սկսեց կրծել ու դեռ շարունակում է:
Բժիշկները պնդում էին, որ նրա զգայարանները չափազանց թույլ են, և միգուցե անգամ հիշողությունն է կորցրել: Ինչ որ բան հարցնելը, ինչ որ բան ցույց տալը կամ անելն անօգուտ էր` հիվանդը շարունակում էր քեզ նայել այդ սարսռեցնող հայացքով, որում կար ազատություն` դատարկության մեջ…
Այնքան խղճալի տեսք ուներ նա` առաջին հիվանդասենյակի ընդմիշտ ութսուներկուամյա հիվանդը…

ԵՐԿՐՈՐԴ ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ

Շատերն են կանգնել բարձրահարկ շենքի տանիքին, մի հայացք նետել դեպի շուրջն ու ներքև և, չդիմանալով գայթակղությանը, ցած նետվել: Բայց ցած ընկնելիս դեռ վայրկյաններ առաջ զգացած գայթակղությունն ու նետվելու ցանկությունը ի սպառ վերացել են, իսկ վրա հասած սարսափից սիրտը սկսել է անասելի արագ աշխատել, շնչառությունը ծանրացել է ու դժվարացել: Ու անկումը միշտ ավարտվել է փափուկ անկողնում` մահճակալի մեջ, որը սրտի այդքան արագ զարկերից երերում էր, ինչպես կերերար պատից կախված նկարը ուժեղ երկրաշարժի ժամանակ:
Սակայն նրա մոտ այդ երազը խիստ արտասովոր էր. կրկին տանիքին, կրկին ցած նետվելու կիրք ու դրան հաջորդող անկում` սարսափի ու վախի ուղեկցությամբ: Միայն թե վերջում…
Միայն թե վերջում նա անկողնում չհայտնվեց: Վայրէջքի ժամանակ նրան թվում էր, թե ոչ թե ինքն է մոտենում գետնին, այլ երկիրն է ապշեցուցիչ արագությամբ ու զայրացած հայացքով շտապում վերև: Եվ ինչքան մոտենում էր նրանց բախման պահը, սիրտը սկսում էր ավելի արագ բաբախել: Երբ իր ու երկրի հանդիպմանը գեթ մի ակնթարթ էր մնացել, նրա մոտ այն տպավորությունը ստեղծվեց, թե սիրտը պատռեց կուրծքն ու թռավ` խուսափելու համար սպասվող անցանկալի բախումից: Որոշ ժամանակ անց նա իրեն գտավ գրեթե անգիտակից վիճակում: Մտածեց, որ դա այն հերթական երազներից է, երբ վերջում փրկությունդ գտնում ես անկողնում: Հավանական վարկածը ստուգելու համար ձեռքով շոշափեց հարթությունը, որի վրա պառկած էր: Բայց հիասթափությունը մեծ էր, երբ պարզվեց, որ նա պառկած է մի կոշտ ու խորդուբորդ հարթության վրա` հավանաբար գետնին: Այդ փաստը ահաբեկեց նրան, սիրտը վերստին սկսեց բաբախել չափազանց արագ: Եվ սրտի զարկերը հետզհետե այն աստիճան տագնապալից դարձան, որ ստիպեցին նրան բացել աչքերն ու վերջ տալ մղձավանջին:
Սեպտեմբերի տասնյոթի երեկոյան հիվանդանոց էր տեղափոխվել տասնհինգ տարեկան մի պատանի, ով բակում ֆուտբոլ խաղալիս ընկել էր շուրջ երեք մետր բարձրությունից: Թեպետ հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ գիտակից վիճակում էր, բայց գրեթե ոչինչ չէր հիշում: Պատանու մոտ ախտորոշել էին աջ նախաբազկի կոտրվածք և գլխուղեղի փակ սալջարդ:
Պատանին երազանքներ ուներ` շատերն անիրատեսական, շատերն էլ երևակայությունից դուրս, երազանքներ, որոնք ապրելու շարժառիթ են յուրաքանչյուր պատանու համար: Բայց երազանքներից ոմանք անհրաժեշտ էր հետաձգել, անհրաժեշտ էր ամեն կերպ պայքարել կյանքի համար, հետապնդել մահին, որպեսզի վերջինս չհետապնդի իրեն:

* * *

Հիվանդանոցի միջանցքում բախվեցին մահվան երկու թշնամիները` անտարբերությունը մահվան նկատմամբ և ուժեղ կամքը, որ զենքը ձեռքին պայքարում էր մահվան դեմ: Վերջինս առաջին և երկրորդ հիվանդասենյակներում այլևս անելիք չուներ, որսն այդ անգամ չէր հաջողվել…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s