Երկրորդ Մրցույթ-2


Ֆերդինանդ Մուրադյան

Մարգո

Շարժումներդ կրակոտ փառատոն են հիշեցնում:
Ահա եկար, անցնում ես` հպարտ կուրցքդ` այցետոմս:
Այն կանանցից ես, Մարգո, որոնք մայր չեն ընկալվում.
Ծիծաղիդ զանգն է սարում տղամարդկանց հարահոս.
Շարժումներդ կրակոտ փառատոն են հիշեցնում:

Փարթամ զիստ ու կոնքերդ` քառասուն այր սպառող,
Ի~նչ մոգությամբ են զորում, որ մե’նք լինենք լոկ մեկտեղ:
Այս ի`նչ խանդ է, տարփուհիս, մեղավորիս սպանող.
Խոշոր վրձնի բերանդ ու շուրթերը քո հյութեղ.
Փարթամ սիստ ու կոնքերդ` քառասուն այր սպառող:

Մենախցում կույսերի ի~նչ գիշերներ շիջվեցին
Արեգակի ցնցուղով` հում խորտիկներ տարփանքի…
Եվ վիճակվեց քեզ, Մարգո, նրանց մեղքի հալոցքին
Չքնաղ մարմինդ պարզել, որպես սափոր հանցանքի.
Մենախցում կույսերի ի~նչ գիշերներ շիջվեցին:


Սաղմոս արարման

Եվ արարիչ ես և կնքահայր,
Աստված, Քո փառքը վիթխարի է.
Տիեզերքը այս անծիր, անծայր
Կերտեցիր` կնքելով` Բարի է:

Խավարը լույսից անջատեցիր`
Եղիրիդ արդյունքը անթերի էր,
Ջրերը ջրերից բաժանեցիր
Կնքելով` սա ևս բարի էր:

Ապա ջրերում կյանքը եռաց-
Այն շատ բեղուն էր ու բերրի էր,
Ցամաքում ավանակը զռաց-
Ժպտացիր` սա ևս բարի էր:

Ծառ բուսնեց ու կանաչ աչք շոյող,
Եվ այդ օրը մի ողջ տարի էր,
Եվ սրանց պետք էր մի աչք նայող,
Եվ մարդու ծնունդը բարի էր:

Փառքդ շատ, Արարիչ-Մկրտիչ-
Մի օր խինդ եղավ` հանուրի էր-
Ճամփեցիր Քո Որդուն` մեզ Փրկիչ,
Նրա այցը թանկ էր ու բարի էր:
Ամմեն:

***

Երբ ջրվեժն է ծալ-ծալ իջնում մարմարներին…
Եվ երբ, ոչ ջուրն է ջուր, ոչ մարմարը` մարմար,
այլ վարսերն են ծածկում մարմարափայլ ուսեր,
երբ աղջկա դեմքը կտրվածք է ձվի
ու շուրթերին նրա արևներ են նստած,
երբ երկնքից բերված զույգ աստղիկներ պայծառ
աչիկներ են դարձել,
ու երկու նուրբ փետուր տատրակների` հոնքեր,
երբ ճակատը` մի շերտ դալկաճերմակ լուսնից,
և գլուխը խոհուն, և աչքերը թավշյա
պարանոցն է պահում զարմանալի բարձր,
և եթե նա ունի պտտահողմ կրծքեր
ձյունե լանջի վրա, ձեռքեր` հեզաճկուն,
բևեռախույս` իրան, ոտքեր` լուսե սյուներ-
ես ասում եմ` օ~, կա’, կա’ համբարձման երկինք,
ուր համբյուրն է հունցում կախարդանք ու մշուշ,
և յոթ ձայնանիշի յոթ զանգերն են երգում:

***

Առանց քեզ չկա խնդություն, լսու’մ ես Նելլի:
Շերլոկ Հոլմսը հնարովի բան է.
նրա մեթոդները չոգնեցին բռնելու
մեր միջև անցած սև կատվին:
Թափանցիկ տառապանք…
Խաղաղվի~ր, այս հոկկուն քեզ համար չէ, գեյշա.
Կա քարե մի երկիր.
Ուր քարե սրտերով աղչիկներ են կենում…
<<Հե~յ, սեր իմ բյուրեղյա,
զարնվեցիր քար սրտի…
աշխարհը մորմոք է, փուշ>>:
Այս հոկկուն քեզ համար չէր, գեյշա:
Եվ սակայն ամեն օր
Միջօրեն ստվերն իր շինում է կոշկատակ,
Որպեսզի իջնելիս ոտքերն իր չարյունի:
Ես, սեր իմ, քեզ համար
Հեքիաթից կբերեմ ոսկյա մաշիկներ:

***

Ի~նչ տառապանք է քեզ դուք-ով դիմել,
աչքերիդ նայել անսեռ հայացքով,
Պիզաի ոճի` հակված բաժակով-
թաքուն ակնարկով կենացդ խմեմ:

Ի~նչ տառապանք է այս գիտակցումը`
շուրթերիդ գինին պետք է բաժանվի,
և մաշկիդ բու’յրը պետք է բաժանվի…
Խանդահունց խինդի այս մատուցումը
Ի~նչ տառապանք է…


Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s