Ստեղծագործություն 1.

 

Կիտած հոնքերի տակից կոճակներ հիշեցնող աչքերը լուռ հառած վրաս, հպարտորեն թիկնել էր հսկա փափուկ վագրին, որի աչքերի գույնը, եթե ուշադիր նայեիր տարբերվում էին մեկը մյուսից:
Մի տեսակ ճնշող էր այդ հայացքի սառնությունը…
Համարյա ամեն առավոտ հանդիպելով այդ հայացքին` տրամադրությունս զգալիորեն ընկնում էր, չգիտեմ ի՞նչու: Իսկ առհասարակ նրան շատ էի նմանեցնում մեր կուրսի Կարոյին: Կարոյին տեսնելուց էլ էր տրամադրությունս ընկնում…
-Ի՞նչով կարող եմ օգնել…
Վաճառողուհին նոր էր, բարձրահասակ, սև ներկված մազերով, ռոբոտի ձայնով:
Սիրում էի մտնել այս խանութ, երբ դեռ Ալբերտ պապիկն էր աշխատում, չնայած միշտ բարկանում էր վրաս դպրոցից գալուց սպիտակ առյուծին գրկել-սիրելու և ԱՄՆ-ում ապրող, ատրճանակը ձեռքին թոռնիկի` սեղանին դրված լուսանկարը ծաղրելու համար:
-Չե՞ք տեսնում առյուծը սպիտակ է կկեղտոտեք, չեն գնի…
Հետո գնեցին մեր առյուծին…
-Աբո պապի~…
-Նախ Աբո չի Ալբերտ ա…
Աբո, վայ, չէ Ալբերտ պապին ինձ էլ չէր սիրում, բայց Ինգային տանել չէր կարողանում…
-Աբո պապի, թոռնիկիդ անունն ի՞նչ է:
-Արտաշ…
Արտաշը Ինգայի շուրթերին դարձավ Արտաշիկ:
-Աբո պապի, Արտաշիկը, որ գա կգա՞ք ինձ ուզելու…
-Հա, հա կգանք, կորե՛ք խանութիցս:
-Վա~յ, ապրե՛ս, Ալբե՛րտ պապիկ, Թա՛մ, չմեռանք ԱՄՆ էլ գնացինք, դու չես գա՞, Ալբե՛րտ պապիկ էլ թոռնիկ չունե՞ս…
Հիմա էլ, երբ արդեն ուսանող ենք Ալբերտ պապիկը ամեն առավոտ պարտաճանաչորեն բարկանում էր իմ ու Ինգայի վրա.
-Թեթև եք հագնվում…

Երթուղայինի պատուհանից այն կողմ սահող ծանոթ պատկերներ, իսկ ներսում անծանոթ, լուռ անտարբեր դեմքեր, լավ չլսվող ռադիոընդունիչի ձայն, ավելի շուտ լավ լսվող, բայց չհասկացվող…
Սովորական գերհոգնածություն…
Աչքերս փակվում են: Կողքիս պապիկը ուշադիր բլոկնոտիս է նայում:
Հեռախոսս…
-Հա, մա՛մ…
-Այսօր Տիգրանիկի ծնունդն ա, հրավիրել են, երեխու համար մի բան գնի՛ր
-Մա՛մ, իմ գումարո՞վ…
-Կգաս տուն էլի կտամ:

Վաճառողուհուն խնդրեցի 23.000 դրամի սահմաններում որևէ փափուկ խաղալիք (ես դրանց բոլորին արջուկ եմ ասում) առաջարկի: Ու Ալբերտ պապիկի խանութի համարյա բոլոր խաղալիքները հերթով իջնում էին վաճառասեղանին: Մեկը ժպտում էր, մեկը չէ, մեկը երգում էր, մեկը չէ…իսկ նա կիտած հոնքերի տակից կոճակներ հիշեցնող աչքերը լուռ հառած վրաս, հպարտորեն թիկնել էր հսկա փափուկ վագրին,որի աչքերի գույնը, եթե ուշադիր նայեիր տարբերվում էր մեկը մյուսից…
Սկյուռիկի վիզը ծուռ էր, գանգուր նապաստակ ո՞վ է տեսել, այն էլ վարդագույն, չէ, էէ, չեմ ուզում…
Ճանապարհին անցորդները զարմացած ինձ էին նայում, իսկ ես մտածում էի, թե ո՞րտեղից էր ինձ այդքան ծանոթ տիրոջ իրավունքով խանութ մտած, հազիվ հայերեն խոսացող երիտասարդի դեմքը և ի՞նչու էր թոռնիկի նկարի փոխարեն նկարակալում Ալբերտ պապի նկարը…
Երիտասարդը կարծես ամաչելով մի կողմ նետեց փոքրիկ Արտաշիկի նկարը.
-Բիձեն լրիվ խայտառակ էր…
Ամբողջ ճանապարհին ուղեղումս հնչեց այդ «էր»-ը…

Դուռը բացեց մայրս ու անցորդներից զարմացած նայեց գնածս խաղալիքին.
-Էս ի՞նչ ես առել…
-Չէի՞ր ասել մեծ խաղալիք…
-Էս տարիքի աղջիկ ես, մի նվեր էլ չես կարողանում ընտրել:
-Մամ, դե տղա-երեխա է հո վարդագույն նապաստակ չէ՞ի առնելու…
-Հա, սև կապիկ պիտի առնեի՞ր…տանում ենք երեխուն ուրախացնենք, թե՞ վախեցնենք:
Զգում էի, որ անկյունում կանգնած եղբայրս պատրաստվում էր հումոր անել, լուռ վերցրեցի կապիկին ու մտա սենյակս:
-Վաղն էլ սենց մեկի ձեռքը կբռնի, կբերի, կասի` ծանոթացե՛ք ընկերս է…
Ի պատասխան եղբորս շրխկացրեցի սենյակիս դուռը ու կապիկին շպրտելով մի կողմ` ընկա անկողնուս…
Ալբերտ պապիկը խայտառակ Էր…Էր…Էր…
Մաման չգիտեմ ինչ գնեց ու գնացին ծնունդ: Կապիկը մնաց ինձ, բայց ամենասարսափելին այն էր, որ ինձ այդպես էլ չվերադարձրեցին 23.000 դրամս, այդ պատճառով կապիկը մի անգամ էլ շպրտվեց պատին…
Շաբաթս անհաջող էր, ինչպես որ սպասում էի: Իսկ համալսարանում իմ հետ կապված անախորժության մասին զարմանալի զուգատիպությամբ հենց Կարոն էլ հայտնեց:
Կապիկը էլի շպրտվեց պատին (լավ է գոնե մի բանի համար պետք գալիս է): Գլուխս թաղեցի բարձիս մեջ: Ի՞նչու վերջերս ոչինչ չի ստացվում մոտս, ի՞նչու…
Մի ձեռք կամացուկ իջավ գլխիս ու շոյեց մազերս…Բռնեցի այդ ձեռքը, որն անսովոր մազոտ էր, մազոտը ո՞րն է` բրդոտ ու սև:
Ամուր գրկեցի կապիկիս…
Առավոտյան արևի առաջին շողերի հետ սենյակս ներխուժեցին Տիգրանիկը` մոր ձեռքը բռնած ու մայրս:
Տիգրանիկը մի շնչում Eminem-ից շատ բառեր արտասանելով` շտապեց հայտնել, որ հայրը տարեդարձին համակարգիչ է նվիրել, որ այն իմ համակարգչից լավն է, որ իրենց դասարանի Արթուրիկը երեկ գրատախտակին գրել էր Արթուր + Լիլիթիկ, որ ուսուցչուհին դա կարդացել է և, որ Լիլիթիկը լաց է եղել…
-Գիտես այսօր վերջին տառն ենք սովորելու, արդեն պիտի…վա~յ, էս ի~նչ սիրուն կապիկ ա, ինչ լա~ավն …մա՛մ, ինձ սրանից կառնե՞ս…


Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s