Ստեղծագործություն 4.

Մենք Հայ ենք

Այո’, սիրելի ժողովուրդ, մենք հայ ենք:
-Լսի’ր, այ անգլիական կապիկ, բան ունես ասելու, էդ կաղնու ծառից ցած իջիր, բան ասա-բան լսենք:
Դարվինն է: Ասում է դուք էլ, ձեր նախահայրեր Հայկն էլ, Թորգոմն ու Հաբեթն էլ կապիկից եք ծնվել: Ասում են սրանց Վիկտորիա թագուհու թղթերի մեջ մի թուղթ կա, որտեղ ասվում է- իբրև Անգլիան` Բրիտոն կոչված հայկական մի ցեղ է հիմնել: Դրա համար է իրենց երկիրը կոչվում Մեծ Բրիտանիա: Ո’նց բռնեց- իր ապուպապերին գորիլլաններ ու շիմպանզեներ դարձրեց: Ազգադավ շանորդի: Իսկ ես, ահա, համոզված եմ, որ մենք սերվել ենք Հայկից ու Հաբեթից: Հաբեթին ձոնված մի քառյակ էլ ունեմ: Ուզու’մ եք կարդամ: Ծափ չտաք-հրեաները խանդից գլխներիս մի բան կշինեն…
Հին ազգ ենք, այո’, ուստի` անգին,
Հաբեթն է մեր նախահայրը:
Եվ կլինեինք ավելի հին,
Թե չլիներ դինոզավրը:
Էդ դինոզավրն էլ, ասեմ ձեզ-նախանձից է մեզանից շուտ ծնվել, թե չէ մենք առաջինը կլինեինք: Էնքան էլ հսկա է եղել անտերը- նայողը կզարզանդեր: Բայց, ոչինչ- վերևում Աստված կա. ջրհեղեղի ժամանակ, որ տապանում տեղավորվեր- Աստված նրան դարձրեց մողես: Էն որ փըխկ էս անում- լեղաճաք է լինում: Այդպես է. մեզ նախանձողները մեծ-մեծ գալիս են ու խլեզի պես կորչում: Դրանց գլխում խելքի կտոր չկա- չեն կռահել, որ մեզանից պրծնելու ամենահեշտ ձևը- մեզ հանգիստ թողնելն է: Մի կես դար մեզ ձեռք չեն տալիս, և մենք իրար ենք ուտում ու պրծնում: Ա’յ, էս տասը տարվա նման, տեսնու’մ եք, մեզ հանգիստ թողեցին, ու Հայաստանում էլ հայ չկա: Ճար լիներ- էս մի քանի խեղճ ու կրակներն էլ գնայինք- մնային իշխանավորները: Իրար տուն հյուր կգնային, իրար նոր տարի, մարտի 8 կշնորհավորեին: Հանգի~ստ, խաղա~ղ… Մինչև տակերոց արածները պրծներ, ու սկսվեր մարդակերությունը: Հա’, բա ո’նց: Ախր դրանք, իրենց կանայք աշխատանքից հետ են սովորել: Քաղցն էլ որ վրա տար` կսկսվե~ր… Ասում են, որպեսզի առնետը սովորի առնետ ուտել, որ իր ցեղի վերջը տա- մի տասը հատ առնետ ես վերցնում, գցում տակառը ու կեր չես տալիս: Սկսում են իրար ուտել: Մնում է մեկը` ամենաուժեղը: Դրան բաց ես թողնում: Մի տարի և իր ցեղը` չկա: Էլ ի’նչ ուտի… Մնում է աղբյուրի ակը պահող Ֆալլուսը: Սա էլ քարից է` կրծիր ու կրծիր էդ քարե անտերը: Դրա համար եմ ասում. Մեզ չուզողները մեզ հանգիստ պետք է թողնեն: Դե հիմա գնա, այ թուրք ու եվրոպաներում ու ամերիկաներում հավաքիր էդ սեզի արմատները, որ կրակին տաս: Աղորժակդ` քացախ: Էդ քեզ շփոթեցնելու համար ենք մենք դառնում կինոռեժիսոր Իրժի Կավալերովիչ, միլիարդատեր Մասեյ Բաբա Ջոն ու ոչ էվկլիտյան երկրաչափության հիմնադիր մաթեմատիկոս Յանուշ Բոյայի… Մեր <<յանը>> մեր արյան մեջ է, մեր գեների: Չէ’, ցուլ կատաղեցնող կարմրի պես մեր <<յան>>-ից քեզ պրծում չկա:
Մեզ էլ պրծում չկա. Փարիզի քո շքեղ առանձնատան մեջ քնած, Երեվանի քոսոտ բնակարանդ ես երազումդ տեսնում: Թէ ի’նչ տեսակ մագնիս կա մեր էս չոր քարերի մեջ- խելքս բան չի կտրում: Թող հա քեզ դառնացնեն ու նվաստացնեն. Մեկ է- էստեղից դուրս եկար- մեկ շաբաթից` օտար քաղաքների փողոցներով քայլում ես ոնց որ լուսնոտը` կաս ու չկաս… Ու սկսում ես քեզ դռնեդուռ գցողների եղած-չեղածին կնկա շոր հագցնել…
Լենկ Թեմուրն այդպես չարեց: Նա գնաց, որ հետո գար ու իրեն ցավացնողներին ցցի վրա շարեր ու խորովեր: Բայց եկեք նախ ծանոթանանք Սերգեյ Գլինկայի` 1832 թվականին գրված “Հայ ժողովրդի պատմության տեսությունը” աշխատասիրության այս մեջբերման հետ. << Աշխարհամասերի վրա հասնող անսովոր իրադարձություններում, թագավորություններն իրենց ետևից անկման հասցնող ահեղ փոթորիկների ժամանակ, ի հայտ են գալիս և անսովոր մարդիկ: Այդպիսին էր հայ Լենկ Թեմուրը: Իր փլուզվող հայրենիքի աղաղակի պահին, Մեծ Հայաստանի այդ անդրենածինը, կարծես թե բուռն մոլեգնությամբ պարուրված, հավաքելով սպառազինությունը, հայոց զորագնդերով սլացավ դեպի Խորասան/:
Հիմա կասեք. << Էդ գազանին ի’նչ կապեցիր մեր գլխին>>: Իսկ ինձ Լենկ Թեմուրը այսպես է պատկերանում. նա կաղ էր, և հասակակիցները նրա հետ ոչ գնդակ էին խաղում, ոչ լախտի, ոչ չլիկ-դաստա: Ո’չ մի բան: Ոնց որ հիմա. նախարարի տղան քեզ իր հետ խաղատուն կտանի’, քեզ հետ երթուղային տաքսի կնստի’… Բայց դառնանք Լենկ Թեմուրին: Նա իր կաղ տեղով մի իշխանադստեր սեր էր խոստովանել: Սա էլ. <<Գնա ոտքդ երկարացրու, եկ ամուսնանանք>>: Ենիկոպոլյանը դեռ չէր ծնվել… Եվ ինչպես լինում է նման դեպքերում- վիրավորված պատանին իրեն տալիս է գրքերին. պատմություն է ուսումնասիրում, աշխարհագրություն, լեզուններ, մարտարվեստ, թվաբանություն… Եվ երբ ամեն բան սովորած է լինում- Խորասան` ու’ր ես` եկա: Ու սարսափազդու լինելու համար իրենց դեմքերն ու մարմինները դաջվածքներով այլանդակած հորդանների գլուխն անցած` աշխարը սրբելով մտավ Հայաստան: Այ, դու’ք, երբ մեկը ձեզ վիրավորում է, ի’նչ եք անում. կամ պատժում եք, կամ ձեր դատը հանձնում Երկնավորին: Թեմուրը և երկրավոր էր և երկնավոր: Սկսեց իշխանավորներից.
— Դուք ինձ նման խեղճ ու կրակների արցունքի բաղնիքներում եք լողանում…
Ինքն արդեն արյան բաղնիքների սովոր մարդ…
Իր սերը մերժած իշխանադստերն էլ ամուսնացրեց իր ներքինիներից մեկի հետ, ու մինչև կյանքի վերջ ոչ սա նրանից բան հասկացավ, ոչ` նա սրանից: /Հեռախոսի զանգ/: Չի կարող պատահել: Ռեստորանի սրահի վարիչ ընկերս էր: Ասում է` հիմա, մի քանի երևելիններ այս հաղորդումն են նայում ու իշխանադստեր ու ներքինու ամուսնությունից` քանդվել են ծիծաղից: Հա, ախր հայ ենք, չէ’:
Ասում են Հնդկաստանում վեց –յոթհարյուր բարբառներով են խոսում: Հայ են գտել ու զարմացնում են: Էդ Հնդկաստանը` էլ օձ, էլ կապիկ, էլ կով- հազար աստված ունի, մեկ միլիարդ բնակչություն ու ջունգլիներում կորած եսիմ քանի հազար ցեղախումբ: Մեզ մոտ մի Աստված կա, մի երկու միլիոն մարդ ու մի հարյուրի չափ բարբառ: Եկեք, ասենք թե, արցախցուն խնամախոս ուղարկենք, ասենք թե, մշեցու մոտ: Միջնորդն էլ Ֆրանսիայից հայրենադարձված Պողոս աղբարը թող լինի: Դե ինչ` սկսե’նք…
Արցախցին,- Եկալ անք մեր խոխի ապովը…
Մշեցին,- Զըդ ին’չ է կժղլե…
Պողոսը,- Փան մը չէ, ջանըմ, սա մարդը
Մենք, թերևս, միակ ժողովուրդն ենք աշխարհում, որ սուբյեկտը օբյեկտից բարձր ենք գնահատում, որ ծով չունենալով` ունենք ծովակալ, չունենալով հայրենական արտադրության ինքնաթիռներ, տանկեր, հրթիռներ, ունենք ավիացիայի, զրահատանկային, հրթիռային զորքերի մարշալներ: Երեք հարյուր տարի ռուսական թնդանոթները հայերն են ձուլել: Երկուհարյուր տարի Օսմանյան տիրապետության ռազմաարդյունաբերական համալիրը հայերն են ղեկավարել: Հինգ հարյուր տարի Բյուզանդիայի տիրակալները ծագումով` հայ կեսարներ են եղել` քսաներկու կեսար… Մեծամորի երկաթաձուլարանը, Մեղրու պղնձի հանքերը դեռ չէին գտել…Եվ ի’նչ ներկա երբ անցյալից կատարյալ չէ… Եվ խորհրդարանի ամբիոնից հնչեց.
— Մենք ընդերքի առումով աղքատ, բայց մտավոր ներուժի առումով հզոր երկիր ենք, ուստի պետք է մեր մտավոր ներուժը զարգացնենք, -կարգախոսը: Եվ գնացքի վագոնները գծերի հետ, գետնի տակի ու վրայի ջրատար, գազատար խողովակները, գործարանային հաստոցներն ու թանկարժեք սարքավորումները քշեցինք Իրան. Թող նրանք զբաղվեն այդ մրոտ գործով: Մենք դպրոցներն ու մանկապարտեզները դարձրեցինք խանութներ և կինոթատրոնները` ծածկած ու պատրաստի շուկաններ: Սիրտս հպարտությունից ուռչում է, հիմա կպայթի: Երկիրը դարձրեցինք կճպաց ձվի նման հարթ ու կոկիկ, որ մտքի այրերը ճեմելիս գլուխները մի բանի չզարկեն- զրկվեն ուղեղից: Եվ մեր մտավոր ներուժը այնքան զարգացավ, որ մենք մեր մի քանի հատ քնձռոտ ոսկու և պղնձի հանքերը և ընդհանրապես` ընդերքը բաշխեցինք մտավոր ներուժ չունեցող մեր մի տասը անհատների վրա: Մենք միակ ժողովուրդն ենք աշխարհում, որ ունենք մեր անձեռակերտ ռադիոն` <Հայկական ռադիոն>>, որից` այս բոլորի մասին անեկդոտները լսելիս, աշխարհը ուշաթափվում է ծիծաղից: Քիչ առաջ խոսք գնաց մեկ միլիարդ բնակչություն ունեցող Հնդկաստանի մասին: Չէ’, դուք պատկերացնու’մ եք, որ աշխարհում, չեմ ասում` մեկ միլիարդ- մի երեք հարյուր միլիոն հայ լիներ, ի’նչ տեղի կունենար: Հողագունդը լեզուն դուրս կգցեր: Օգոստոս ամսվա ընկնող աստղերի պես` վըզ-վըզ, վըզ-վըզ… Քուվեյթը նավթ ունի- ջուր չունի, Եգիպտոսը մի տասը հատ բուրգ ունի, իսկ Եվրոպայում ոչ մի հատ չկա, Ճապոնիան ոչ սա ունի, ոչ նա:
-Ալո’, Վարդգես, Ալժիրից ուղարկելիք նարինջդ ի’նչ եղավ` Մոսկվան մեկ ամիս է` կարտոլի վրա է նստած…
Քանդվածը կշինվեր, շինվածը կքանդվեր: Կյանքի արագ տեմպից հողագնդի գլուխը կֆռար: Ամերիկան` Ռուսաստանին. <<Ախր սրանք իրենց Հայաստանում ե’րբ են նստում, որ մի-մի ատոմային ռումբ գցենք- հոգիներս ազատվի: Արի’, եղբայր` Մարսը` ինձ, Վեներան քեզ>>…
Եվ նույն պահին` սատանայապետը.
-Մեզ էլ ձեզ հետ տարեք, աղաչում եմ. հայ գործարարները նավթի, գազի, փայտի գործերը իրենց ձեռքն են առել ու հիմա դժողքը կենդանի հոգիներով ենք տաքացնում: Թե դատաստանի օրը ի’նչ պատասխան եմ տալու Աստծուն- չգիտեմ:
Մենք միակ ազգն ենք աշխարհում, որ սատանան էլ մեզանից գլուխ չի հանում…

Դատապարտված առաքյալները

/Նստած են` Հայ դատը` կին է- առջևը դրված է կշեռք, և կուսակցությունների առաջնորդները/:
Հայ դատը,- Զավակներս, դուք կոչված եք ազգի համար առաքելության: Յուրաքանչյուրիդ առաքելության չափը թող այս կշեռքը որոշի: Սրա աջ նժարին ժողովրդի տրտունջն է դրվելու, ձախին` ձեր գործերը: Թեթև չգտնվեք: Սկսենք քեզանից, ՀՀՇ:
ՀՀՇ,- Ինչպես գիտեք ես Հայոց Համազգային Շարժումն եմ: Ես հայ ազգը շարժեցի: Ես շեփորեցի, և ազգը ծովի պես շարժվեց: Օ~, ի~նչ զարթոնք էր, ի~նչ խլրտյուն: Ինչ գեղեցիկ ժամանակներ… Բայց հայ ազգը ինձ մերժեց: Նույնիսկ <<հուդայի հնարած շեփոր>> մակդիրը ինձ կպցրեց: Չմահավան ազգ, երեղտամոռ ժողովուրդ: /Ձայն դիկտաֆոնից/:
Յանուս թմբուկ,- Պարոն Շեփոր, ես Յանուս թմբուկն եմ, ձեզ նվագակցող թմբուկ պետք չէ’:
ՀՀՇ,- /Հնդոստ վեր թռչելով ուրախությունից/ Ինչպե’ս չէի կռահել: Այո, հետայսու ես կշեփորեմ թմբուկի ուղեկցությամբ, և ազգը օվկիանոսի պես կալեկոծվի: Օ~, ես կհասցնեմ դեռ հրաշքով կանգուն մնացած ծառերի և խաղողի այգիների բոցերով հիանալ: /Նժարը բարձրանում է մինչև վերջ/:
Հայ դատը,- Հուսանք, որ դա քեզ մոտ կստացվի, նստի’ր: /Դառնալով ԱԻՄ-ին/: -Դու ի’նչ կասես, ԱԻՄ:
ԱԻՄ,- Ես հայ ազգը ինքնորոշման կոչեցի, այսինքն` տրոհելով հայ ազգ օբյեկտը, ես նրանից տարանջատեցի հայ անհատ սուբյեկտները և ահա արդյունքը. նրանք ինքնորոշմամբ, ես շեշտում եմ` ինքնորոշմամբ ապրում են հիմա` մեկը ԱՄՆ-ում, մեկը Ռուսաստանում, կամ Եվրոպայում, մեկը գնչուական թափորում… Իսկ անճարները, սա արդեն մեր գործունեության ոլորտից դուրս է, այստեղ` Հայաստանում: /Ընթացքում կշեռքի նժարը բարձրանում է մինչև վերջ/:
Հայ դատը,- Դրա համա’ր է ժողովուրդը ձեզ կոչում /Ազգի ինտեգրացիայի մոգոնիչներ /: ՌԱ’Կ:
ՌԱԿ,- Ես որպես Ռամկավար Ազատական Կուսակցություն, շատ եմ մտածում այս ռամիկ ժողովրդի մասին: Իմ առաքելությունը այսպես ծնվեց. մի օր բազմոցին նստած, տղայիս ռուբիկ-կուբիկի վրա էի չարչարվում և հանկարծ Հովնանի հայտնության պես մի բան իջավ վրաս. <<Սրա նման մի բան էլ ինքդ հորինիր>>: Ի’նչ հորինեի. Կոստան-նստանը արդեն կար, մեշոկ պապը նույնպես: Հիմա պատեպատ եմ խփվում: Վերջը- քաղցկեղով հիվանդ մի կոնստրուկտոր ընկեր ունեի, որոշեցի զանգահարել նրան: Ասաց. <<Արի, գարեջուրը` քեզանից, ռակը` ինձանից>>: Եվ հենց այստեղ էր, որ միտքս լուսավորվեց. Այս ժողովրդին ի’նչը չի հերիքում: Այն ցրտի ու սովի տարիներից` ցիստիտը, ռախիտն ու տուբերկուլյոզը կան: Մնում է համատարած քաղցկեղը, այսինքն` ռակը: ՌԱԿ- համատարած ռակ, լավ է հնչում, չէ’:
Հայ դատը,- Այո, գեղեցիկ հիվանդություն է: Դու խոսիր, Շամիրամ, այդ ի’նչ Շամ ու Ռամ կուսանոց եք բացել:
Շամիրամ,- Ձեզ սխալ տեղեկություն են հաղորդել, օ~ ազգիս պաշտպան, մեծն դիցուհիդ. մերը կուսանոց չէ- մերը հարեմ է: Ով թագավոր է- մենք նրա հետ ենք: Նայեք իմ զուգս ու զարդարանքներին. մի’ թե կուսանոցում այդպես ճոխ են հագնվում:
Հայ դատը, — Այո’, իսկ ես, կույրս, այդ չէի էլ նկատել: Դե ինչ, կինը պետք է հետևի իրեն: Այժմ քեզ ենք լսում, ԱԺՄ:
ԱԺՄ,- Նախ ընդունիր իմ դժգոհությունը. Տասը տարի կոկորդ եմ պատռում, թե երկիրը տակերոց են անում, ու’ր ես` չկաս: Իսկ հիմա լսիր եղելությունը. Սկզբում, երբ ՀՀՇ-ն ազգը ծովի պես ալեկոծում էր, մենք նրա հետ էինք: Հետագայում, երբ նա մազութը մենակ լափեց, օգնության ֆոնդերը առնետի պես թաքուն իր բույնը քաշեց, վարկերը մենակ ցխեց, մենք բաժանվեցինք նրանից և ստեղծեցինք մեր ազատ ժողովրդական միությունը: Չար լեզուները խոսում են, թե մենք քաղաքական հողի վրա գժտվեցինք իրարից: Իրականությունը սա է. Հայաստան մեղրի կարասի մոտ, մեզ կաթողիկոսի ասած թղթե շերեփը հասավ: Ո’վ կհանդուրժեր դա, դիցուհի: Մաֆիայի ներսում պետք է մաքրություն լինի: /ՀՀՇ տեղից/.
ՀՀՇ,- Լսիր, Ազգային ժողովարանի միմոս, երբ մենք Հայաստանը քանդում, գործարանների թանկ սարքավորումները, գունավոր ու անգույն մետաղը պարսկաստաններ էինք քշում- վաճատում, դուք ձեր փայը չունեի’ք: Սուրբ ես ձևանում:
ԱԺՄ, — Բերանս բացել մի տուր, թե չէ էն տեսակ բաներ մեջտեղ կհանեմ, որ էս խեղճ աղջկա մազերը գլխին բիզ-բիզ կկանգնեն:
Հայ դատը, — Պարոնայք, մի եղեք մարդակեր նաև: Քո հերթն է ՀԿԿ, ձեզ ինչու’ են կոչում Հին Կտակարանի Կպչուկներ:
ՀԿԿ,- Քանդեցին երկիրը, օ~ կույր կին: Իմ աստվածամերժ, Լապտևի ծովից մինչև Սև ծով ու Վլադիվոստոկ փշալարերով արգելապատված, աշխարհը ահ ու դողի մեջ պահող երկիրը քանդեցին: Ժողովուրդը Լենին չի կարդում- տգիտանում է: Փող ունես- սատանայի չարխի պես կուզես Փարիզ թռիր, կուզես` Լոնդոն… Եկեղեցի են գնում, մոմեր են վառում: Անկախություն են ստեղծել. Տիգրան Մեծ են խաղում- լիլիպուտ շանորդիներ: Վիզդ տակդ մնա, Գորբաչով- մի տասը տարի հետո աշխարհը մերն էր: / Երգում է/ Ելիր` ում կյանքը անիծել է…
Հայ դատը,- Դու ի’նչ կասես, ՍԴԿ:
ՍԴԿ,- Ես քիչ բան ունեմ ասելու, եթե չհաշվենք սա, որ մենք ո’չ թե ցածրարժեք սոցիալիստական կուսակցություն ենք, այլ Սոցիալ-Դեմոկրատական, այսինքն` ժողովրդապետական կուսակցություն: Ո’րն է մեր գերխնդիրը. Պետությունը, գործարաները, հանքերը, մի խոսքով ինչ կա-չկա տալիս ենք ժողովրդի ձեռքը, և երբ ժողովուրդը սկսի աշխատել ու արդյունք բերել, մեզ ոչինչ չի մնա անելու, բացի ուտել- խմելուց և կանանց հետ սիլի-բիլի անելուց:
Հայ դատը,- Ես կին եմ ՍԴԿ, հոսով եմ ինձ կխնայեք, այլապես ձեզ կանվանեմ Սելիդոն դենդիների կաստա: Իսկ այժմ ավելի քան լուրջ լսենք ՀՅԴ-ին:
ՀՅԴ,- Խնդրում եմ ուղղեք ձեր կշեռքը, դիցուհի: Հուսով եմ դուք տիրապետում եք գրաբարին, որպեսզի ոչ թե ՀՅԴ ասեք, այլ ՀոՅիԴա: Պարծենալը իրավցընե անօգուտ է, ինչպես ասում է Պողոս առաքյալը, բայց իմ տարիքը ինձ իրավունք է վերապահում, որ իմ անունը հնչի գրաբարով:
Հայ դատը,- Ես զղջում եմ, որ նրբանկատ չեղա, սակայն քաղաքականության մեջ ո’րն է այս տասերեք տարվա քո առաքելությունը:
ՀՅԴ,- Ես բանտում էի դիցուհի:
Հայ դատը,- Ես Կտակարան կարդացել եմ. դու երկու տարի բանտում էիր: Դու բանտից դուրս եկար որպես Աստծո ծառա’, թե’ արդեն` մամոնայի: /Դիկտոֆոնի մեջ/:
Յանուս թմբուկ,- Ալո, դիցուհի ես Յանուս թմբուկն եմ. երբ ՀՀՇ-ն իր շեփորը փչի, թող ՀՅԴ-ան իմ դհոլչին լինի:
Հայ դատը, — Լսու’մ ես, թե հավլունի Յանուս դհոլը քեզ ինչ է ասում… /ՀԺԿ?/
ՀԺԿ,- Դե ես ժողովրդական կուսակցություն եմ և ունեմ իմ կարգախոսը. Ժողովուրդը լավ ապրի իմ օգուտն է, վատ ապրի իր վնասն է: Այսինքն ծայրահեղ դեպքում ես վնաս չեմ կրի: Իսկ իմ կուսակցական ծրագրերի մասին. Դե բոլորիս ծրագրերն էլ նույնն են, էլի: Եվ եթե մեր մեջ խոսենք, դիցուհի, մեր այս ծրագրերից ժողովրդին ոչ տակ է, ոչ` պաղ: Մենք խաբլան-խաբլան ծրագրեր ենք մոգոնում, ժողովուրդը մեզ միամիտ-միամիտ արհամարում է:
Հայ դատը,- Հանճարեղ մեկնաբանություն: Քո անկեղծության համար ես քեզ կանվանեմ հրաշք ժամանակների կատակերգակ: Խոսիր ԵԿՄ: Բայց սպասիր, կարծեմ այդպիսի կուսակցություն չկա:
ԵԿՄ,- Նախ ասեմ, եթե մեզ անուն կպցնես- կգյուլեմ: Մենք` մեր <<Եկամուտները կողոպտող մագնատներ>> անվանում ունենք: /Ծիծաղում է/ Հի-հի-հի. սրանք բոլորը, որ կուսակցությու-կուսակցություն են խաղում` իմ բռի մեջ են: Երբ ուզում եմ տզոց լսել, բռունցքս թուլացնում եմ, ձանձրացար` բռունցքդ սեղմիր: Գալով մեր էությանը` մենք ռազմաքաղաքական, բայց ավելի շուտ մաֆիոզ կազմակերպություն ենք: Ինքդ դատիր. Այսօր Հայաստանում փող բերող բոլոր խլվլացող ու անշարժ օբյեկտները, սկսած օդանավակայանից ու էլեկտրականությունից, վերջացրած գերեզմանոցներով մեր ծանր ձեռքի տակ են: Փող է, որ գալիս է: Թող մեկը լպտա: Աստծո դատաստանի մասին էլ ենք մտածել. Մեր տղերքը` գյուղապետ թե քաղաքապետ ամեն մեկը իր բնակավայրում մի վանք է շինել: Չէ’, դու ասա. Աստված էս չպլախ ժողովրդի լացն ու կոծը առավել կգնահատի, թե’ մեր սրբատաշ քարերով շարված Աստծու տները: <<Հայր Մերն>> էլ բերանացի գիտենք, էլ Աստծուն ի’նչ է պետք: Թե’ բռնենք- սատանայի գնդի կապավորները դառնանք:
Հայ դատը,- Ո’չ, ի սեր Աստծո, պետք չէ դա նաև կնիքով հաստատել: Սի’մ…
ՍԻՄ,- Սահմանադրական Իրավունք Միություն մեր անվանումը ի’նչ է նշանակում, դիցուհի: Այն է նշանակում, որ մենք հետևում ենք սահման դնողների իրավունքներին: Պետք է տեղեկանանք, որ այսօր Հայաստանում ուզածդ եկամտաբեր ճյուղ իր նայողն ունի. Վառելքն իր նայողն ունի, շաքարը` իր, ալյուրը` իր, ոսկին, հոսանքը, ավտոխճուղիները, շուկաները, հանքերը… Մի խոսքով ինչ կա-չկա, ամեն մեկն իր նայողն ունի: Եվ մենք հետևում ենք, որ վառելիքի նայողը չանցնի շաքարի, կամ ասենք էլեկտրականության նայողի սահմանը:
Հայ դատը,- Դուք ուրիշ առաքելություն չունե’ք:
ՍԻՄ,- Ունենք, ինչպես չէ: Մենք մեկ-մեկ հեռուստատեսությամբ ելույթներ ենք ունենում: Բայց տհաճությունների մեջ չնկնելու համար իրավաբանական այնպիսի բարդ դարձվածքներ ենք օգտագործում, որ ոչ թե ժողովուրդը, այլ մենք էլ ոչինչ չենք հասկանում մեր ասածից:
Հայ դատը,- Այո’, ձեր երկրորդ առաքելությունը հատկապես արժե այն բանին, որ ձեր ելույթների պահին ժողովուրդը ուրիշ ալիքներով լատինաամերիկյան կինոնկարներ դիտի, օ~, սին իմաստների մագիստրոսներ: Վերջին հաշվետուն դու ես, ՀՀԿ:
ՀՀԿ,- Դե ես ի’նչ ասեմ, դիցուհի: Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը իմ հայելին է: Մի իսկական ծիծաղի սենյակ: Մտնում ես այնտեղ ու ծիծաղից ուշաթափվում: Արտասահմանյան դիտորդներ էլ ունենք, բայց թե նրանք ե’րբ ծիծաղել գիտեն որ: Հատլապես անգլիացիները. քթի տակ հազիվ են ժպտում: Սպասիր մի ուրախ դեպք պատմեմ: Վերջերս մի ամերիկահայ մեծահարուստ էր ժամանել: Հինգ տարեկան երեխայի պես նայում էր ու հրճվում.
— Աս ի~նչ աղվոր երկիր է- հոս Լոս Անջելեսին հայերուն չափ հայեր կապրին: —
Սիրտս ուրախությունից ուռչեց, երբ նա այդպես ասաց: Ծրագրային առումով` մենք ծրագիր չունենք` որտեղ կտրեց կապ: Իսկ այժմ շոգեբաղնիքների ու խաղատների բացման ժապավեններն ենք կտրում: Օգտվելով առիթից ավելացնեմ, որ եթե ուզում եք դուք էլ ծիծաղից թուլանալ- գոնե մի ամսով ապրեք մեզ մոտ:
Հայ դատը,- Օ~, ոչ, պարոն, ինձ հրաժարված սեպիր- ես այստեղ թերևս լաց լինեմ: /Դադար/ Զավակներս, ես հատ- հատ լսեցի ձեզանից յուրաքանչյուրի առաքելական գործունեությունը և կայացրեցի իմ այս դատավճիռը. ես ձեզ հանձնեցի ապագայի երեխաների դատին …

Advertisements

One thought on “Ստեղծագործություն 4.

  1. Ստեղծագործություններում հումորի մեջ դառնությունը շատ էր:Կան դիպուկ արտահայտություններ, որոնք ոչ միայն ուղղված են նշանակետին, այլ նաև զարկը հաջողությամբ հասցված է այդ նշանակետին:

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s