Չորրորդ Մրցույթ-24

Ես`Շահանե Հապետնակովի Խաչիկյանս,ծնվել եմ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում
1995 թվականի Մայիսի 29-ին` մանկավարժների ընտանիքում: 2002թվ.-ից սովորել եմ
Մեղրիի Ստ. Շահումյանի անվան միջնակարգ դպրոցում: Այժմ սովորում եմ Երևան քաղաքի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի գեղարվեստի ավագ դպրոցի 11-րդ դասարանում: Մասնակցել եմ բազմապիսի մարզային և հանրապետական մրցույթների:2011 թվ.-ին մասնակցել եմ <<Հավատում եմ քեզ, զինվո’ր>> շարադրության մրցույթին`
հաղթող ճանաչվելով Հանրապետական փուլում`արժանանալով ՊՆ և ԿԳ նախարարների
Պատվոգրին և հուշանվերներին:
2011թ.-ին մասնակցել եմ Մոսկվայի տանը անցկացվող <<Դեպի տաճար տանող ճանապարհ>> մրցույթ ցուցահանդեսին` արժանանալով հանդիսատեսի համակրանք Դիպլոմին և հուշանվերներին:

Մեր օրերի հայ կինը

Ծաղիկ է, ծիծաղ, անձրև , մառախուղ, ամպրոպ է, արև, ծիածան է, սերմ ու պարարտ հող, մայր ու երեխա:
Մեր օրերի հայ կինը գարուն է` պայծառ, ծաղկառատ, պայթող բողբոջ, անձրևոտ ու քամոտ, նուրբ, քմահաճ, ծիծաղը կարկաչ:
Մեր օրերի հայ կինը ամառ է: Ծիծաղկոտ, զվարթ, ջերմ, գուրգուրող, պայծառ ժպիտով, բերք ու բարիքով, խոսքով , վարմունքով:
Մեր օրերի հայ կինը աշուն է` հասուն, թախծոտ, իմաստությամբ լի ու երազկոտ, խոհեմ ու խորհող, կարոտից հուզվող, ծանրությունից թևերը իջած ու  կախված մի ծառ:
Մեր օրերի հայ կինը ձմեռ է ` ատելությունից սառած, հոգնածությունից գունատված, լքված, ցեխ է ու ճերմակ, նախշազարդ կարպետ:
Մեր օրերի հայ կինը օրորոցային է, ռոք, մի քիչ ջազային: Զինվոր է, բժիշկ, ուսուցիչ…
ՄԵՐ ՕՐԵՐԻ ՀԱՅ ԿԻՆԸ ՄԱՅՐ Է, ԵՐԲԵՄՆ’ <<ՏՂԱՄԱՐԴ ԿԻՆ>>, ԵՐԲԵՄՆ’ ԳԱՂՏՆԻՔ, ԵՐԲԵՄՆ ԷԼ’ ՊՈՌՆԻԿ:

Անվերնագիր

Ուզու՞մ ես` նկարեմ պայծառ գարուն,
Արև ու անձրև` իրար ջերմ խառնված,
Խենթ ճախրող ճայեր ծավի երկնքում,
Ծիածանն ամպին գրկախառնված:
Ուզում ես թափեմ երկնքից աստղեր,
Որ ընկնեն գիրկը սիրահարների,
Նկարեմ կանանց’ փթթող գարուններ,
Արձագանքը խենթ ծաղկած ծառերի:
Ցավ ու մայրություն իրար դեմ դիմաց,
Հոգու օվկիանում թափառող մտքեր,
Սկիզբ ու ավարտ իրարու գրկված…
Կյանք, սեր, մահ, ավեր ու սպասումներ…
Ուզու՞մ ես` վառեմ երկնքում շողեր,
Ու լցնեմ հոգուս լույսը սրտիդ մեջ:
Տես` կինը գարուն է,հող է բարեբեր,
Լռություն ու ցավ,լույսից քամվող երգ:
Կինը գարուն է, ծաղիկ է, հրեշտակ,
Գարնան ժպիտներ, հոսող առուներ,
Տիեզերք է` սիրո լույսի մեջ համակ,
Անճանաչ աշխարհ, հույսեր ու հույզեր…

2 thoughts on “Չորրորդ Մրցույթ-24

  1. Սիրելի Շահանե
    ՈՒրախ եմ տեսնել քո չափածո հույզերն ու մտորումները այստեղ ու ողջույնս եմ հղում.
    շատ ուրախացա քեզ այստեղ տեսնելով
    ստեղագործություններումդ տեսնում եմ արյանդ հետ եկած Մայրիկիդ պայծառ ժպիտը, հայրիկիդ վրձնի գույներն ու այդ ամենը նրա երգեցողության ներքո՝ համեմված Մեղրու Արևով, քաղցրությամբ, դյութազուն սարերի ամրությամբ
    ,,,,,,,,,,,,,,,,
    Կինը գարուն է, ծաղիկ է, հրեշտակ,
    Գարնան ժպիտներ, հոսող առուներ,
    Տիեզերք է` սիրո լույսի մեջ համակ,
    Անճանաչ աշխարհ, հույսեր ու հույզեր…
    ,,,,,,,,,,,,,,,,
    ԱՊՐԵ՛Ս

  2. Սիրելի հայրենակիցս, էլ ուրիշ ո՞րտեղ կարող են մեղրեցիներն հանդիպել…տեսաերիզներում էլ եմ դիտել և լսել քեզ, ողջունում եմ, հավանում եմ, համակրում եմ: ես 6-ն եմ…
    Շարունակիր նույն ջանասիրությամբ…

Ձեր Կարծիքը