Հինգերորդ Մրցույթ-3

Հասմիկ Վովիկի Կիրակոսյան

Ծնվել եմ 1966թ. հուլիսի 19-ին Կիրովական , այժմ Վանաձոր քաղաքում:
Սովորել եմ Կիրովականի թիվ 23 միջն. դպրոցում:
Ընդունվել և ավարտել եմ ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի շինարարական ֆակուլտետը: Մասնագիտությամբ շինարար եմ, ժամանակի թելադրանքով` զինվորական (աշխատում եմ զորամասում, որպես համակարգչային օպերատոր):
Ինչքան ինձ հիշում եմ`ստեղծագործել եմ: Ընկերներս հավանում են:

ԴԵՂՆԱԿԱՐՄԻՐ ՏԵՐԵՎՆԵՐ

Նրանց, ովքեր ուզում էին սաղարթ լինել, բայց խաշամ դարձան…

Հա՜, զարմացած եք, ասում եք նման չեմ… նրանց: Սխալվում եք, պարզապես, այդ Դուք եք առաջին անգամ հանդիպում իմ նմանին: Կարիք չկա, ես հաճոյախոսությունների պետք չունեմ: Ես նայել եմ հայելուն, ես գիտեմ, որ գեղեցիկ եմ, միայն դա ինձ համար առավելություն չէ, այլ անեծք: Չեք հասկանու՞մ… պետք էլ չի, այդպես ավելի հանգիստ կլինի: Ես ի՞նչ եմ ուզում, գիտե՞ք… Փո՞ղ… Դե՜, իհարկե, իմ կարգավիճակին հարիր, տրամաբանական պատասխան: Իսկ ես, հիմարս, պատրաստ էի տալ ամեն ինչ ` փոխարենը մի պճեղ սիրտ ստանալու ակնկալիքով: Օ՜, այդպիսի աչքեր մի սարքեք, սերն ու՜ր, ես` ուր, այո՞… ախր այդպես եք մտածում, մի ձևացրեք: Դուք վատ դերասան եք: Հա, հա, Ձեր նմաններին շատ եմ տեսել, ոչինչ, առաջին անգամ է, շփոթված եք,մի ժխտեք, ես մարդկանց… տղամարդկանց լավ եմ ճանաչում, մենք լավ հոգեբան ենք,առանց դրա չի լինի: Դուք հուզված եք պարոն,Դուք Ձեր ձեռքերն եք թաքցնում: Խոնավ ափերը տհաճ զգացողություն են առաջացնում` ասես մաշկիդ վրայով օձ է սողում` սառը, անտարբեր ու… վտանգավոր: Պարո՞ն… պարո՜ն… Ներեցեք, ես վիրավորել չէի ցանկանում:
Ծախու հոգու գինն ինչքա՞ն է, չգիտե՞ք: Մարմնինը գիտեք, իսկ ինչու հոգով չեք հետաքրքրվել: Ո՜չ… այն ոչ թե անգին է, այլ առանց գնի: Ասենք այսպես. հոգին մարմնին արված հավելավճար, մի տեղ պետք կգա: Նրա որակով ոչ ոք չի հետաքրքրվել, ոչ մի անգամ: Հոգին նետել են մահճակալի տակ, մարմինը` մահճակալին: Դուք էլ, պարոն,այդպես կվարվեք, Ձեր աչքերում նախամարդու վայրի հայացք կա: Հա, ի դեպ, Դուք նրան որտեղ եք թողել. տանը` տնային մաշիկների մեջ, գրապահարանին դրված ընտանեկան լուսանկարի ետևում, Ձեր տիկնոջ զարդասեղանի վրա, որտե՞ղ… Բերել եք այստեղ… Ինչ անմտություն, ինչպիսի սխալ: Այդ դեպքում… նետեք մահճակալի տակ` ինչպես բոլորը: Կիրքը մի քանի ժամով մոռացության կտա նրա գոյությունը: Հերն անիծած, թե վիրավորանքից արնաքամ կլինի… Հերն անիծած, թե անտարբերությունը կհոշոտի նրան, հերն անիծա՜ծ…
Վճարել եք ամբողջ գիշերվա համար, ուրեմն ինչու եք շտապում, թող մի լավ մթնի, որ մոռացված ամոթի կարմիրը չերևա:
Վերև բարձրացող, դեղնած տերևներ տեսել եք… ո՞չ, ափսոս: Նայեք, լավ նայեք, նրանցից մեկն էլ ես եմ: Փորձում եմ վեր բարձրանալ,չի ստացվում- տիեզերական ձգողության օրենք կա: Պոկվել եմ սաղարթից, մերժել եմ օրինակայնությունն ու բարոյական ամեն ինչ…Սա իրականությունն է- ես ու ինձ նմանները` վերև բարձրանալ փորձող դեղնակարմիր տերևներ, քամու բերանն ընկած, տերևապտույտից խենթացած տերևներ, մեր զուր ջանքերը` վերև բարձրանալու, ծառին հպվելու, սաղարթին միանալու զուր ջանքեր:Մի փոքր հնար լինե՜ր… ճար չկա: Քամուց հետո գեղեցիկ բազմագույն գորգ` խաշամ, միայն ափսոս շուտ է փշրվում,իսկ քանի դեռ չենք փշրվել` ընդունում ենք ձեր մարմինների խեղդող ծանրությունը: Էլի օրենք կա`իներցիայի օրենք, հենց սկսեցիր` պիտի շարունակես… Չէ, պարոն, գիժ չեմ, ծախու կին եմ, պոռնիկ: Երանի գիժ լինեի, ապրելը հեշտ կլիներ,կխղճային, չէին քարկոծի. << Թող առաջինը քար վերցնի նա, ով…>> : Խենթերի սիրում են, մեզ` արհամարում, աթեիստներ շատ են, աստվածաշունչ չենք կարդում:
Թութակի պես, ապուշի նման անընդհատ կրկնում եմ. << Սիրտ եմ ուզում, սի՜րտ…>>, որ ի՞նչ…
Լավ, լավ պարոն,վերջացնում եմ, լսելու համար չեք վճարել, գնանք: Ուրեմն հոգին մահճակալի տակ, մարմինը` մահճակալին: Մարմինը հոգուց առավել, մարմինը` տիրակալ, մութը` անամոթ, մութը` անսեր կրքի կաղապար: Գաղտնիքն իմննէ ու Ձերը: Մի վախեցեք, պարոն, ոչ ոք ոչինչ չի իմանա. դրամը լռության գրավական:
Միայն Ձեր հոգին իզուր եք բերել, խանգարում է, նրա հետ ոնց որ անդունդի եզրին: Այդպես մի հուզվեք, դուք ոչ առաջինն եք ոչ էլ վերջինը: Կսովորեք դավաճանել, հանկարծ Ձեզ չդավաճանե՜ն … Տղամարդու արյան մեջ այդ գենը պինդ, շատ պինդ է նստած, դեռ մայրիշխանության ժամանակներից: Էնպես որ,պարոն, դուք մեղավոր չեք, անգամ Ադամը դավաճանեց իր Եվային, Լիլիթի հետ:
Զգույշ, պարոն, ես խոնավ ափեր չեմ սիրում: Հա, ես Լիլիթի սերունդից եմ, իսկ Ձեր կինը Ձեր կինն է: Գուցե նրա մեջ էլ է Լիլիթ ապրում, բայց Դուք նրան չեք գտել: Մի մեղադրեք նրան Ձեր մեղքի համար:
Կեցցե ամենազոր մութը, սուս, բառեր պետք չեն, սուտ բառեր պետք չեն, պահեք դրանք Ձեր կնոջ համար, կշշնջաք ականջին , երբ կարողանաք նրա մեջ Լիլիթին գտնել:
Պարոն, զգույշ, հոգի՜ն…
… Մնաք բարով, պարոն, մնաք բարով: Բայց սպասեք, այդպես գլխապատառ ու±ր եք փախչում, Ձեր հոգին մոռացաք… Էհ, պարոն,պարոն… Դժվարն առաջին քայլն է : Վերև բարձրացող դեղնակարմիր տերևները Ձեզ էլ չհուզեցին, դուք էլ գերադասեցիք խաշամը, ու ինչպես իսկական տղամարդ Ձուք էլ Ձեր հոգին մոռացաք ինձ մոտ:
Մի օր ցուցահանդես պիտի բացեմ. <<Լքված հոգիների հանգրվան >>-ը, գեղեցիկ է հնչում: Հոշոտվելուց վախենումեմ, բայց պիտի կանչեմ բոլոր խաբված կանանց, թող գան, թող ետ տանեն իրենցը, անվճար, ախր հոգին անգին է ոչ թե առանց գնի: Թող չանիծեն ինձ, թող իրենք որոշեն. միասին անսեր ապրելն է բարոյական, թե՞ ամեն գիշեր սիրուց մեռնելը: Կապանքներից բաց թողեք ձեր բաժին Լիլիթին, ու մեռեք, ամեն գիշեր մեռեք սիրուց, որ հոգին ուրիշ մահճակալների տակ կուչ չգա:
Կմտածեք,թե ուզում եմ արդարացնել ինձ, քավ լիցի… բայց մտածեք ինչ ուզում եք, իսկ ես պաշտպանվելու իրավունք ունեմ, քանզի ինքնապաշտպանության բնազդ կա, ապրելու օրենք…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s