Հինգերորդ Մրցույթ-4

Արմինե Պետրոսյան

Դու ո՞վ ես…

-Աղջի’կ ես, չա’փդ ճանաչի:
-Դու ո՞վ ես, որ ինչ կարաս անել:
Նա վազում էր, շնչասպառ էր, բայց ոտքերը թափ էին առել ու չէին կանգնում: Խոտի տերևները բարձր էին, շատ բարձր, նրա փոքրիկ գլխից էլ վեր: Իսկ նա վազում էր’ կաթնահոտ շնչառությունը դիպչում էր խոտերին, խոտերը’ կարմրած դեմքին, հևում էր: Ահա և բետոնի հսկա կտորը. մի ժամանակ հայրը այդ կտորի եղբայրակիցներից կազմված վեր խոյացող վեց հարկանի շենքում (վե՞ր խոյացող վեց հարկանի… ծիծաղելի է… հիմա… ոչ այնժամ) ինժեներ էր աշխատում: Հիմա շենքից միայն կտորներ են մնացել, հորից էլ’ մի գերեզմանաթումբ: Մի անգամ իտալացի տուրիստները տեսան թափված քարերի կույտերը ու մտածեցին, որ մ.թ.ա. հնության են հանդիպել… հա’-հա’-հա’… Այս բետոնը իսկը տեղում է, ինքը հենց դրա հետևում էլ կթաքնվի: Այս անգամ իրեն հաստատ ոչ մեկ չի գտնի: Վա~յ, Գոռիկը, Գոռիկն է՞լ է մտածել այս թաքստոցների մասին… չնայած՝ զարմանալի չէ, ժամանակին նրա հայրը այս նախկին գործարանի տնօրենն էր, հիմա էլ այս հողի սեփականատերն է… Տեսնես Գոռիկը իրեն տեսե՞լ է, երևի չէ: Ըհը, Արմենչիկը սկսեց փնտրել, Վահանչիկին գտավ, վա~յ, Սուրենիկին էլ… Մերին սիրում է տղաների հետ խաղալ, նրանց հետ ընկերություն անել, աղջիկներին չի սիրում, զզվում է, նրանք դավաճան են, անմիտ ու անտանելի նվնվան… Վա’յ, Գոռիկին էլ գտավ: Հիմա հարմար պահ է, ինքը դուրս կգա ու կբռնի Արմենչիկին… Ի՞նչ:
-Ա’րմ, էն էլ Մերին:
-Ո՞ւր ա:
-Հետևդ ա:
Գոռիկն էր, երբեք չէր սպասի, որ իր ընկերը կարող էր դավաճան լինել: Լա’վ, Գոռի’կ, հիմա կտեսնես:
Ապտակի չլմփոցը շշմեցրեց բոլորին:
-Մերի՞…
-Ի՞նչ է, դավաճա’ն…
-Աղջի’կ ես, չա’փդ ճանաչիր:
-Դու ո՞վ ես, որ…
Սրանք ովքե՞ր են: Գոռիկի հայրն ու հորեղբայրը: Որտեղի՞ց հայտնվեցին. զարմանալի չէ, իրենց տեղանքն է, նոր շինարարություն են սկսելու…
-Մերի’, փոքրի’կս, մի’ լաց, դրանք բոլորը մի սանրի կտոր են, ես քեզ չէ՞ի ասում, որ հեռու մնաս էդ տղաներից, դրանք դավաճաններ են, դրանց բնույթն է այդպիսին, ո՞նց կուզեի դրանց բոլորին տեղը դնել… բոլորի’ն, լսո՞ւմ ես, բոլորին այս պատուհանից դուրս կշպրտեի…
Հորաքույրն է’ իր միակ հարազատը, միայնակ օրերի ընկերը, հոգածուն, պաշտպանը… Քառասունին մոտ է, բայց այդպես էլ չի ամուսնացել. բա փոքրիկ որբուկին ո՞վ պահեր:
Նա հո լավ գիտի՝ դավաճանությունն ինչ է՝ վկա չորս արհեստական վիժումները:
-Դու ո՞վ ես, որ ինչ կարաս անել:
-Մերի’ս, սիրո’ւնս, չմտածես, դու կմեծանաս, մեծ մարդ կդառնաս, դրանց բոլորի հախից կգաս: Ես գիտեմ, դու շատ խելացի ես, դու հաստատ շատ առաջ կգնաս:
…Անձրև էր: Գիշերային փողոցում գրեթե մարդ չկար: Հատուկենտ մեքենաներ: Իսկ նա քայլում էր անշտապ: Ընձուղտավիզ ոտքերի վրայով, որոնց միայն մի կարճ կիսաշրջազգեստ էր ծածկում, սահում էին անձրևի կպչուն կաթիլները: Մազերը թրջվել էին, երկար գանգուրների միջից’ ասես ջրաշխարհի խողովակներից, ջուրն հոսում էր՝ թրջելով մեջքը, անցնելով ոսկորները: Բայց նա քայլում էր’ կտրված իրականությունից: Հորաքույրը սխալվել էր, նա այդպես էլ ուսման մեջ առաջ չգնաց. չի սիրում ու չի էլ ձգտում ժամանակը իզուր վատնել, հիմար բանաձևերը ու անմիտ անգիրները խցկել ուղեղում, որտեղ ավելի քան կարևոր ինֆորմացիա է լցված ու դեռ լցվելու է: Ինքը, միևնույն է, առաջ է գնալու, ինքը հորաքրոջ պես հավաքարար չի դառնալու, մեջք չի ծռելու որևէ մեկի առաջ, երբեք… Կարևոր չէ, թե ոնց , բայց ինքն ապացուցելու է բոլորին… իրեն՝ հենց ինքն իրեն… հորաքրոջը… որ ինքը բնավ էլ թույլ ու խղճուկ դեռահաս աղջնակ չէ … ինքը կարող է…
-Դու ո՞վ ես, որ ինչ կարաս անել:
Ստվերը մոտեցավ: Հաղթանդամ, ժանտահոտ մարմին, երկու մկանուտ թևեր, աքցանի պես ամուր ձեռքեր, որ հուպ… բռնեցին կոկորդը:
-Ստե’ղ արի, քա’ծ…
Չէ’, չէր կարող այդպես բան պատահել իր հետ… ո’չ իր հետ…
-Ես կմորթեմ քեզ, քեզ ու քո նմաններին, բոլորիդ, լսո՞ւմ ես, բոլորի’~դ…
-Դու ո՞վ ես, որ ինչ կարաս անել…
Քրջի պես ընկած էր փողոցում’ լկտիորեն օգտագործված ու դեն նետված անպետք իր…Դողում էր, դողում ցրտից… ամոթից… զայրույթից… վրեժի անհագ զգացումից… թուլությունից…անկարողությունից…
Ո’չ, Մերին անկարող չէ, նա նման չէ մյուսներին, մյուս ոչ մեկին… ոչ էլ հորաքրոջը: Ատել է, ատե’լ կանացի թուլությունը, ստրկամտությունը, նա կապացուցի, կապացուցի բոլորին… իրեն՝ հենց ինքն իրեն… հորաքրոջը… որ ինքը բնավ էլ թույլ ու խղճուկ կին չէ … ինքը կարող է…
Լքված տներ, լքված ու միայնակ’ ինչպես Մերին… Այս լքված վայրերում նա իրեն ամենահանգիստ ու ապահով վիճակում է զգում: Հիմա դեռահաս աղջիկ չէ, որ պատահական մի թշվառ իրեն կարողանա օգտագործել: Մերին հիմա ինքն է օգտագործում նրանց, իսկ օգտագործումից հետո դեն շպրտածը այլևս այս աշխարհինը չէ… հա’-հա’-հա’… Հիմա’ր, մտածո՞ւմ ես, թե դու ես ինձ տիրում, դե’, մի անգամ էլ ինքնագոհ ժպտա ու… հրաժեշտ տո’ւր երկրային անիմաստ կյանքիդ… արդեն առաջինը չես, վերջինն էլ չես լինի… Էլեկտրաշոկ, նա անզգա փռված է, հիմա տե’ս, թե ում ձեռքերն են ավելի զորեղ կոկորդ սեղմում, տղամարդու թե՞ կնոջ… Քա՞ծ եմ, հա՞… եղունգներն ավելի են խրվում կոկորդի մաշկի մեջ… -Աղջի’կ ես, չա’փդ ճանաչիր… ավելի ու ավելի են խորանում… -Դու ո՞վ ես, որ ինչ կարաս անել… արյունը դուրս է ցայտում:
Ինքնագոհություն, հաճույք, հզորություն, հաղթանակ… միայն առաջին մի քանի տարին:
Բնազդ, սովորություն, պարտադիր պայման… հաջորդ տարիներին:
Անիմաստ ու ձանձալի գործողություն, զզվանք’ զոհի հանդեպ, իր հանդեպ:
Իսկ վերջինը… վերջինը անգամ հրապույր ու խիղճ արթնացրեց, բայց բնազդը հաղթեց, հաղթեց ու պարտության մատնեց իրեն’ Մերիին…
Հիասթափություն, ձանձրույթ, հանկարծակի նոպաներ… ինչո՞ւ, ինչի՞համար… ո՞ւմ էր պետք այս բոլորը, ո՞ւմ համար էր արել… բոլորի՞…ի՞ր… հորաքրո՞ջ… Ոչ մեկի, ոչնչի…Նա հիմա ոչ մի բավականություն չէր ստանում և ոչ մի բանից… ինչո՞ւ, ինչի՞ համար…
Մերին հոգեբանի մոտ է: Ուզում է հետ վերադառնալ անցյալ, այն պահը, երբ սկսվեց այս մղձավանջը, ինչի՞ց, ինչի՞ համար…
-Մերի’ս, աղջի’կս, դու կարող ես, ես գիտեմ… դու կարող ես… ես չկարողացա, բայց դու ուժեղ ես… ես եմ քեզ այդպես դաստիարակել… միայն դու կարող ես լուծել իմ վրեժը՝ վրեժը բոլոր տղամարդկանցից՝ այդ զզվելի, դավաճան սեռից: Մերի’ս, գեղեցկուհի’ս, դու ատո՞ւմ ես նրանց, չէ՞… ատում ես իմ չափ, չէ՞… առավե’լ, առավե’լ ատիր… Մերի’, իմ փոքրի’կ Մերի… առաջին անգամ… ես դեռահաս աղջիկ էի… անձրև էր… Գիշերային փողոցում գրեթե մարդ չկար… Իսկ ես քայլում էի անշտապ… Ստվերը մոտեցավ: Հաղթանդամ, ժանտահոտ մարմին, երկու մկանուտ թևեր, աքցանի պես ամուր ձեռքեր, որ հուպ… բռնեցին կոկորդս… -Ստե’ղ արի, քա’ծ… Մերի’, իմ սիրո’ւն աղջիկ, ես հավատացել եմ նրանց, հիասթափվել, տառապել ու կրկին հավատացել, բայց… նորից հիասթափվել’ վկա չորս արհեստական վիժումներս… իմ ուժե՞ղ աղջիկ, իմ Մերի’, դու կլուծես իմ վրեժը, չէ՞…
Մղձավա՞նջ է, երա՞զ, երևակայության հերթական խա՞ղը, թե՞ իրականություն…
Մերին չափահաս կյանքում առաջին անգամ լացեց… չէ’, փուլ եկավ…հեղե՞ղ էր, որ փորձում էր սրբել անիմաստ անցյալը:
-Դու ո՞վ ես, որ…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s