Հինգերորդ Մրցույթ-5

Լևոն Շահնուր

Կյանքի վերանորոգված օրագրից 

Դեկտ.03

Նախաբանի պես մի բան, որից խուսափելն ավելի ճիշտ է…
Ինչքան էլ սա նման լինի նախաբանի, ամեն դեպքում կարիք չեմ զգում տրամադրելու որևէ մեկին`մի պարզ պատճառով, սա կտակ է մահվան մահճում պառկած մի երիտասարդի,ավելի ճիշտ գամված, որովհետև արդեն բավականին թույլ եմ քայլելու համար`անբուժելի հիվանդությամբ…Գուցե խղճացիք կամ հետաքրքրությունը տեղի տվեց (երկրորդն ավելի հավանական է), սակայն ամենևին ինձ չի հուզում.ես գնում եմ սրբագործված անհայտություն,դուք մնում եք անհայտ հայտնության մեջ…
Ներքին մղումն է կամքս հայտնում ձեր աչքերին, իսկ ավելի խելացիներին (ոչ խելքով, այլ սրտի տեսքով) աչքերից ներս կթափանցի, ինչ ուղի էլ, որ բռնի,իմ միակ, ներեցեք միակներից մեկն է,որովհետև մարդ չունի միակը ոչ մի վեհ զգացմունքի մեջ`տեսնել կարողանաք ձեզ իմ միջոցով: Հարց կծագի`իսկ ինչու՞ հենց իմ և ոչ ձեր,կա պատասխան`ես ձեր կյանքն եմ բացված առանց ձգտումների`մաքուր մի կյանք…Ես ոչ սուրբ եմ, ոչ առաքինություններով փաթաթված մեկը, այլ դաշտում թավալգլոր մի մարդ ինչպես և դուք…
Իմ միջոցով, որովհետև Էլ կախման մեջ չեմ զգում ինձ կյանքի գարշահոտ շահատենչությունից,`չնայած գոռոզությունս դեռ սկզբից նկատելի է տողերիս մեջ: Կանխօրոք ասեմ`ենթակա չեմ որևէ մեկի գիլյոտինյան քննադատության առջև գլուխս կախելու`հիմնավոր խոսք է <<Բոլորս էլ մեղավոր ենք անցավոր այս աշխարհում>>, համաձայնվեք`էլ ինչու չասեմ էն,ինչի համար ամեն օր նայում ենք մեզ հայելու մեջ…
Ինչքան էլ նկարագրենք և որքան էլ խորանանք մարդու ճանաչողության Դոստոևսկյան ծալքերում, մեկ է`մարդուն ոչ մեկը չի կարող պարզել բացի Աստծուց և Սուրբ հոգուց, որը հենց ներքին ինքնաճանաչման զգացողությունն է հայտնի, բայց և անհայտ թողնված…Դա անկարելի է վերնագրել կամ վերծանել մարդկային մտքի ու լեզվի…Բավարարվենք այս երկարաշունչ ինքնաարդարացման սկզբունքով, որի նպատակն էր.<<Ես ուղղակի պատմում եմ ինձանից>>:
Նախաբան`նախ բանն էր և բանն է Աստված…

Դեկտ.04

…Այսպիսով`քիչ բնութագրեմ ինքս ինձ: Գտնվում եմ պատանեկության ու երիտասարդության կիզակետում: Բարդ տարիք է.դեռ չեմ կողմնորոշվել մնամ պատանի լինեմ երիտասարդ, թե ծերանամ անմիջապես`միանգամից: Դուք երևի ընտրել եք, որովհետև բոլորն են ընտրում այս երեքից ու ամբողջ կյանքում մնում են դրանցից մեկի մեջ…իսկ ես ժամանակ չունեմ արդեն անգամ խաչբառ լուծելու համար պրոֆեսորս կասի.<<Դու ժամանակ չունես…>>: Հասակս, միջին և մնացած հասակների նման ,ես նույնպես ներշնչում էի, որ երկար մարդիկ հիմնականում լինում են մի քիչ անխելք, իսկ ահա միջինները եղել են լուրջ ու հայտնի մարդիկ.դա էլ անցավ մնացած սին պայքարների նման…
Դեմքս նռան գույնի`կարճ ասած հայկական լեռնաշխարհի տղամարդկային քար ու ժայռով պինդ մռութով: Ծիծաղս եկավ`պատկերացրեք արտասահմանցի մեկը կարդար այս տողերը,հաստատ ցանկություն կառաջանար տեսնելու նման մեկին, ինչն էլ հեշտ կլիներ անգամ Գրենլանդիայի հազարավոր մետր սառույցների տակ…

Դեկտ.05-06

…Դադարներով եմ գրում, որովհետև բուժքույրս ամեն րոպե զգացնել է տալիս իր փրկող ներկայությունը, որը ոչ այլ ինչ է`քան ծանոթ-բարեկամներիցս փող մուրալու բարդ ժպիտի մասնագիտացում: Մենակ լինելուց եմ գրում, իսկ հիմա մենակ քիչ եմ լինում: Միշտ մարդիկ են գալիս ու հանդարտորեն նստում են կողքիս. դա ինձ նյարդային շարժումներ է հաղորդում: Մեկի հոգսաշատ միտքն է իրարով անցնում`պահարանի գաղտնարանում կնոջ կրծկալի մեջ թաքցրած գումարն է գտնում ու հազար անգամ տոկոսով բաժանում, հետո հաշվում է ամսական եկամուտն ու այդ պահին ձեռքերը շփելով` ինքնաբերաբար ժպտում է… Մյուսն`օրինակ, ոչ միայն խորհում, այլ բարձրաձայնում է, որ աղջկան չի տա ինչ-որ բանվորի.<<Էդ՜էր մնացել պակաս,պահել եմ, որ տամ բանվորի…>>,իսկ ինքն իրականում խողովակակեր մի լուկ է: Մեկն ատում է կնոջը`նախազգալով դավաճանությունը, բայց մեխով խփված ու բետոնված տախտակի նման մնում է անկյունում գցված,անտեղյակ մի դեմք…Նրանց հանգստացնում է այն միտքը, որ էլ պետք չի գալու իրենց օժանդակ այցելությունները: Արդեն շատ մահացու դեմքով հասցրել են խոսել իրենց անբարենպաստ պայմանների մասին: Ինձ, այսինքն իմ առողջության համար ,գումար էր հարկավոր արտասահման մեկնելու`բուժումս բարելավելու համար, սակայն դա էլ անցավ մնացած սին պայքարների հետ…
…Ներուժ չկա, ինքս ինձ ըմբռնելու հոգի չկա…Եթե անգամ նվիրեին <<կյանքի շաա՜նս>> կոչվածը, ես կմտածեի ինչի՞ համար, որ հաղթած քուն մտնեն, թե հեռուստաէկրանով հաստածավալ եթեր ունենան տրամադրված բարերարի օգնության մասին ու այդ ամենն էլ շաատ խղճուկ երանգներով`անտաանելի՜ խղճուկ տեսքով նմանակեն ինձ հիվանդությանս մեջ ու այդպես պատմեն իրենց բարության մասին և նսեմացնեն, ոչնչացնեն Վերածնունդս…Աստված իմ, պետք չի այդպիսի օգնություն, ավելի լավ է թաղվեմ իմ մեջ, քան թե մինչ մարմնական անկումը մեռնեմ հոգեպես…
…………….
Ճղճղված թուղթը ականատեսն է հարազատ կոչվածներից մեկի գալու: Եկել էր զուտ գործնական նպատակներով: Վերցնելով իր ուզած ինֆորմացիան ու պարապած լինելով կյանքի պարագաներում`փորձում էր արհեստավարժ կերպով ,օրանգուտանի կոկետությամբ ցավ ապրել իմ հիվանդությամբ, կարծես մեղքի մեջ թաղված`անապատում չորացող սատանայի լացող սիրտ էր հայտնաբերել…

Դեկտ.13

…Տեր իմ Աստված: Այսօր առավոտ ծեգի` նոր կարմրող արևի հետ վեր թռա սպանիչ ոռնոցից, որը գալիս էր կողքի պալատից: Ավտովթարի հետևանքով ջախջախված մի երիտասարդի մայրն էր: Ուշքը գլխից թռած`արցունքները մազերի վրայով ճչում ու չէր գտնում որդուն: Խառնաշփոթ վազվզոց էր.մահը խցկվել էր ուղիղ տղայի սիրտը…
Մի տեսակ <<զզվելի>> կաղկանձ էր `աննկարագրելի ու անպատմելի, մայրական ձայնի հետ ինչ-որ անտես ուժ է թափանցում լսողից ներս,արթնացնում դեռ վաղուց մեռած Աստվածահաճո մտքեր: Մի պահ ներսումդ սատկում են փրկվող ժողովրդի ձուլած հորթն ու սին կուռքերը, մի ակնթնարթ: Հետո նորից նույնության մեջ գտնում ես փափուկ բարձդ ու մտածում ես մորթոտված կենդանու փամփլիկ բմբուլների մասին…
Դժո՞խք…Դանթեի Աստվածային կատագերգությանը պակասում է միայն մի սյուն կամ բացվող պատկեր`դա լույսն է, չնայած դա էլ կա, որ հասկացնել է տալիս իր պահանջը…Գրքում մղձավանջային խորը ճշմարտությունն է, իսկ իրական դժոխքն այստեղ է`վառ լույսի մեջ, երբ բարելուր արևի ճաճանչն ընկել է սրտիդ վրա, բայց դու լսում ես մոր գազանասպան ճիչը…
Երբ դրախտային լուսավորությամբ ու քնքուշ ժպիտների մեջ(որոնք կիսատ են մնում նույն ձայնից), լսում ես դժոխային ճարճատուն մոր ձայն,մկաններդ լարվում են, մարդկային բոլոր ծակոտիներով կլանում ու ապրում ես նույն ցավը, բայց երբեք որդեկորույս մայրական տենչ…
Հետո թուլանում ես, այսինքն ,լարվածությունդ տեղի է տալիս խորհումներին ու շարունակում ես կիսատ միտքդ բարձի մասին`արդեն պատկերացնելով կացնաթռիչք բմբուլավոր կենդանու`օդի մեջ օրորվող տխմար հայացքը,հաճույք ես ապրում ու ավելի պինդ գրկում նույն Բարձը…
Մտածում ու մանրացնելով Ադամյան կյանքիդ խնձորը,քերելով մեղքի կեղևը,մնում ես միայնակ, իսկ ու՞ր են ընկեր-բարեկամները : Նորից կպցնելով խնձորին քերածդ կեղևները` գտնում ես նրանց.<<Ահաա՜ և դուք սիրելիներս…>>:
Ու էլի մտածում ես մինչև դրախտ-պարտեզի սահմանը…Ամենի մեջ ագահություն`հոշոտվում ես գիտակցումից, մանավանդ էս տեսակ աղքատիկ երկրներում անտանելի չափերի է հասնում մարդկային մամոնապաշտությունն ու ագահությունը: Ուտում են հորն ու մորը`ամբողջ ընտանիքը կապելով չաղացնում են ագահ դաստիրակությամբ, անգամ ծամծմելով խժռում են իրենցից ծնված երեխայի սիրտը ու ինչի՞ համար`փողի: Միջից ելնելով հրեշը ինքն իրեն հոշոտելով թափանցիկ թաղանթով`պատասխանում է.<<Այո, փողն աստված է`փողն է ինձ ամուսնացնում, գումարով եմ սեր կորզում, ու դա ապացուցում եմ ամեն քայլափոխի բամփելով կնոջս սրտի նուրբ լարերին: Փողը ամուր ու ժիր է աշխատում, փողը միակ բարի սատանան է,առանց դադարի մաքուր սեր է խժռում: Կարելի է շատ լիբանանյան մայրիներով նկարագրել մեծազորին, որը հաճախ կյանքիդ հետագա արտոնագիրն է`իրական դարձնող իղձերդ ու հույսերդ, ցեխից դուրս եկած թարմությունդ, սակայն վերջ չկա`վերջն ու սկզբնակետը աշխարհից հետո…:
Ու սկսում են ատել ծայրահեղորեն, հիմնավորապես ու կայտառորեն`հասարակական երթուղու վարորդն ատում է իր ուղևորին և հակառակը`ամբողջ հոգով: Հիվանդն ու բժիշկը, դասախոսն ու ուսանողը նողկալի ձևերով ատում են միմյանց: Պաշտոնյան ու նրա մոտ խնդրանքով մտած քաղաքացին ատում են իրար զզվելու չափ: Ակնթարթով անցնելուց տեսնում ես կանգառում կանգնած մաշված շորերով երիտասարդին ծաղրում են քթների տակ: Ու նա արյունոտ աչքերով ատում է բոլորին ու անգամ իրեն ծնող աշխարհին………
Ներողություն հայցելով թմբլ փողատռզուկից`մի փոքր ավելացում, երբ կանգնես հայելու դիմաց ու նայես փողաձիգ քո մռութին,կմոլորվես փոսիկների լաբիրինթոսից ու այն կքաշի քեզ ներս: Այնտեղ դու երբեք չես կարողանա գնել մռութիցդ բխող խորհուրդը: Հաստատ կզգաս ինչ-որ բան, բայց չես բացահայտի գրված կյանքիդ հավերժություն տանող տառերը: Կտանջվես, կորդոտես`1,05 արծաթով կվաճառվես ինքդ քո մեջ զարթնած Հուդային: Սեփական խիղճդ կայլանդակվի սմքած վրեժից ու այսպես մթի մեջ խարխափելով դու մոմ կառնես շատ ու բազմատեսակ, բայց դա էլ շուտ կհալվի`մինչ աղոթքդ…
Եվ մահվան շեմին կհասկանաս, թե ինչքան կիսատ ես ապրել…
Լեզուն սատանայի շարժվող պոչն է,խոսքն ունի իր բաժակը`դրսից լցվում ու եռալով թափվում է մոր խնամքին, ծեր հոր մորուքին ու եղբոր ուրախության զարթոնքին…Երբեմն շշուկ անգամ դուրս չի գալիս ու գոռում ես, խեղդվում`ասելիքդ տիեզերք է`ծնված անպատասխան լինելուց, իսկ բառեր չկան`չեն էլ եղել…

Դեկտ.21

Աստված իմ, շուրջբոլորդ հարցական կառուցվածքով ես ստեղծել…Ամե՜ն ինչ հարցական, որ մնաս Միակ հաստատունն ու անկասկածը…Քեզ ճանաչելու համար լույս է պետք մարդուն, որպեսզի ներսից ճեղքելով արտաքին մեղքի կեղևը միանա Քո աներկբա ճաճանչ ու անթափանց լույսին…

Դիմակաշերտ

Աստծո տեսքով, հողի փոշուց ծնվեց անմեղսունակ էությամբ առաջամարդ Ադամը, հետո Եվան նույն կողոսկրից: Նրանցից առաջ սատանածոց օձն էր ապրում Եդեմի մեջ`երբեմն փոքրերի փորձությանը սպասում են հզորներն անգամ…Սա էլ դարձավ Աստծո ստեղծած հզորներին քաղցր մեղքի մատուցողը…
Կինն ուղղակի դարձավ միջոց`չարն ու բարին միացնողն ու խառնարանը…Չար ու բարու խառնարան դարձած արգանդից ծնվեցին եղբայրները, բարուց`Աբելը, չարից`Կայենը: Եվ ինչպես ձեզանից կլինեն լավ իմացողներ`Կայենն էր, որ հիշեցնելով իր մասին`չարը թարախագնդի պես պայթեց մեջն ու ճանաչեց նախանձը…Փոխակերպվեց եղբայրասպան հանցապարտի.մի դիմակ էլ ավելացավ Աստծո աներևույթ դիմագծին…Կայենի սերմը ցանվեց շատերի խառնարանում ու ծնվեցին տարբեր դեմքեր,նրանց հետ էլ կրքեր բազում`նախանձասիրտ մարդասպան, դավաճան ու ստախոսը ուսված իրար: Անհամար արատներով այլանդակված կնճիռներ առաջացան մարդու դեմքին: Եկան նաև մարգարեներ ու գիտենալով կատարվածը`դեմքները տվին ճգնավորի կեռ ժայռերին.հույսով քերում էին գտնելու Աստծո մաքուր, ճաճանչ`անդեմ լույսը: Արնոտված խավարի մեջ չանգռելով հին մտքերը`ծնկի իջած գույժ լալիս էին.<<Տեր Աստված ինչու՞ թողիր մեզ մեղքի մեջ…>>:
Տառապանքից հանգած մոմեր…
Գիտնականներն ու գրեթե բոլոր առաջավոր կոչվածները յուրաքանչյուր ատոմի հետ, ամեն մասնիկի, քաղաքակրթության զարգանալուն կից հաստացնելով պատվաստում են նաև խորհրդավոր թզի ծառը`մեղքով պատված…
Ու փրկիչ ժամանակը հասունանում է: Մարդն իր ձեռքով մեղքի փոշին ավելացնում է երեսին: Մանկան երես ,Դու ես միայն ջնջող ուժը արատավոր իմ մեղքերի…
Երեկոյան, երբ վերմակով ծածկվում եմ,Փրկվում եմ…

Դեկտ.31:

Իմ թախիծ հոգում արեգակն արդար բույն դրեց ,ու կարմիր ցոլքերը մազերիս արմատներով հոսեցին ցած,գլուխս զարթնեց ու հասկացա, որ նորից կամ այստեղ ու դեռ ապրում եմ մի ուրիշ տեղ…
Իսկ իմ կյանքից պոկվեց տարին…
Ամանորյա գիշերը, բոլորն արդեն ապրած իրենց ուրախ երեկոն,այցելեցին ինձ նեխած ու փտած դեմքերով: Եթե ուժերս ներեին , կողքիս 1800-ականների մահճակալը ձուլելով երկու եղջյուրի`կտեղադրեի կողքերս ասելու համար.<<Ահա դուք այս եղջյուրների նման անբնական ու սառը աճել եք սրտիս մեջ, տանջվեցի ու երկաթով պատրաստեցի սա, որպեսզի ասեմ`նստեք ծայրին ու կորե՜ք գրողի ծոցը…>>:

Հուն.11

Առաջ թե՞ հետ

Յուրաքանչյուր վարկյանն ապրում ենք հեռացնելով ջինջ լույսը,ձգտելով առաջ նայել և ի՞նչ ենք տեսնում`միգամած մշուշ ու սին հույսեր, որոնք կոչվում են զարգացման թևեր: Իրականում մենք դեռ հետ ենք հնացածից`անցյալներից: Մոռացել ենք նախամարդու`կրակ ստանալու ջանք բերկրանքը, հետ ենք կոպտաբար մանուկին գրկելու սիրուց, մոռացել ենք գազանաբար բուռն սիրով տերևների մեջ խրվելով թավալվելը, հետ ենք առաջին համբույրի գերբնական ապրումներից, հետ ենք նախամարդու ամեն մի պարզ ու անկեղծ արարքից………
Երբ միացնում ես հեռուստացույցը, վախեցնող`կաթվածահար եղած սնկի դեմքով պառավը չտրված հարցին հեզահամբույր կպատասխանի.<<Այո՜, մենք հետ ենք ժամանակի պահանջներից…>>, և դա ոճիր չէ: Դու հասկանում ես նրա խոսելու պահանջն ու կարիքը.թոռանը կգրկի ու կհիանա իր ելույթով`առաջին անգամ անձրևից հետո մարդ կզգա իրեն ու ոչ թե սունկ…
Նայենք մյուս տեսանկյունից. արդյո՞ք նրանք չեն առաջ, որ նկատում են տրորվածն ու մոռացվածը, նկատում են սատանի ծոցում թևածող օձին, ինչն էլ փաթաթվում է մեր կյանքի փիլիսոփայության վրա…

Մարտ.14

Ժամանակն այսպես, ժամանակն այնպես է թելադրում ու վերջ…Մարդիկ հազարամյակներ պայքարել են մի նպատակի համար`<<Սանձել ժամանակը>>, գրեթե միշտ պարտվելով, որպես սպեղանի շարունակում են ստեղծել երևակայությամբ լի ինքնավերացնող ապագաներ: Միայն Հիսուսն էր, ով չապրեց առանձին-առանձին, այլ ապրեց բոլորն իրար հետ`անցյալ, ներկա միաժամանակ ու ապացուցեց ապագայի խորհուրդը`Ալֆայից Օմեգա…
Զբաղված եմ մտորումներով ու պայքարներով, հարց է ծագում, իսկ ինչի՞ դեմ.չէ որ կարճ է ճանապարհս,կարճ ու նեղ է արահետս, որն էլ ժամանակ առ ժամանակ ընտրյալներին է տանում դեպի բացատ, ուր ջրաղացն է եռում, աշխատում: Ջրաղացը մեր հին կյանքի իրականության, որը բոլոր մահկանացուները զգում են, սակայն տրվելով աֆեկտների զորության անզորությանը փքվում ու ամոթի տակ վերցնելով առաքինի արարքներից մեծագույնը`ամաչում են խոսել հավատի մասին, որովհետև կան խեթ հայացքներ`<<Աղանդավո՞ր է, թե ցնդածի մեկը, չէէ՜ երկար չարժի մնալ հետը…>>:

Մարտի 22:

Դարերի, տարիների, ամիսների, օրերի ու կտրտված վայրկյանների լռության մեջ ես գժվում եմ, ցնորվում եմ…
Ապրիլից Մայիս ու մնացածի մեջ չգիտեմ, որ ամսում`հիվանդությունս գիտակցած, հասկանալով, որ վերջ կա`մտածեցի, միթե՞ տարբերություն կա հիմա, կամ հետո: Բոլորին էլ երրորդ սերնդից հետո չեն հիշելու, ու անտես հողը նրա վրա`թաղելու են ուրիշ մեկին ու շարունակ… Թող մոռանան ինձ առանց սերունդ հենց այս օրը ու այս պահին թող վերանամ…
Հոգնել եմ այս հիվանդասենյակից, նրա միջի տխուր լույսից, գիշերային տնքոցներից, մահս ապրած բժիշկների `դռան մոտի հայացքներից, տրտնջացող հիվանդներից, երիտասարդի շարժումներին նախանձամուտ ծեր մարդկանցից, <<Ես կմեռնեմ, դուք կմնաք>> հիմար խոսքից, հավաքարարի խոշոր խալից, սանիտարի միջանցքներում գաղտագողի սիրախաղից, կողքի սենյակի թունավորված երեխայի վայնասունից ու նույն տեղից իր թութակի ծլվլոցից: Դրսում…հոգնել եմ մեքենայի վերնամասից`տապին, ցրտին հարս ու փեսու ցից տնկված գլուխներից, քահանայի գոռոզությամբ խեղաթյուրված սուրբ խոսքերից, աղանդավոր շատակերի պնդաճակատ ձկան աչքից…Ու վերջ չկա այս ամենին և վերջապես բավականին տանջվել եմ հիվանդության կծող ու սուր`բարդ ցավերից: Շաա՜տ եմ հոգնել ու գնում եմ…

Մարտ-ապրիլ-մայիս…

Համակերպվելով Աստծո կանչին` խաղաղ գիշերով վեր կացա անկողնուց ու թաքնագնդիկ ուղևորվեցի դեպի լիճս, որտեղ մի ժամանակ սիրում էի գինի վայելելով մտածել ապագա ընտանիքիս`հեքիաթային երեխաներիս, թոռներիս ու քո մասին, իմ սեր, որ այդպես էլ չճանաչեցի այստեղ, ու հետդարձի ճամփան արհամարհելով` գնում եմ կանչը: Բայց չեմ մոռանում ու հոգուս տենչով, արտասուքի գետը ամբողջ մարմնիս օվկիանած անձայն ու լուռ քեզ եմ ասում բազմաթիվը մտքիս նստած ու վերջինը դժբախտ կյանքիս.<<Սիրում եմ…վերքս` բացված հոսող արյամբ, քեզ եմ գրկում, ում չեմ էլ տեսել իրական լույսով և ով էլ, որ լինեիր…Իմ միակը ճանաչվածների մեջ, ում այդպես էլ չտեսավ երկնող հոգիս…>>:
Առաջին հարկ…Դուրս եմ պրծնում պահակի`էժան օղուց քնատ աչքից, իսկ շունը կա, միշտ արթուն է իր հաչոցով հավատարիմ հիվանդների երազների պատրանքների ստեղծումին. արդեն կողքիս գռմռում է.<<Ու՞ր ես գնում, մարդ արարած…>>, այս օրագրից մի թուղթ պատռում ու գցում եմ նրա դիմաց.<<Ա՜ռ, վերցրու կարդա, ու հանգիստ թող`հավես չունեմ, հա՜ լավ հիշեցի, երբ հարբում ես էգիդ հոտից, կամաց բացիր մեծ բերանդ, հիվանդներդ ամեն անգամ անիծում են քո բերկրանքը…>>:
Նստում եմ տաքսին ու դեպի լիճ…Մի քիչ, մի քիչ, կամաց-կամաց շարժվում ենք…Վարորդը սկսում է պատմել ֆանտաստիկ, դեդեկտիվ ու երբ վերջում անցնում է սարսափներին,ես գլխի եմ ընկնում, որ ուղղակի ուզում է իմանալ գումար ունեմ թե՞…Ես մեկնում եմ 10-անոցը: (դև չեմ`ոչ էլ գիշերային մի սատանա): Եվ վարորդը հրեշտակի պայծառությամբ փայլում է քաղաքի լույսերի մեջ ու անցնում է լավ ու բարի պատմությունների, թե ինչպես մի անգամ գիշերով մի շան ձագի գցեց մեքենայի տակ ու անտերը ծախսի տակ գցեց…
Էլ չեմ լսում, մտքով առաջ ընկած սլանում եմ…

Սևից սպիտակ

Այստեղ ես-ս սրախողխող նետվեց գետին ու վառվելով չարության վախից` դուրս թռավ…Մնացի վերից տրված մեծ հոգուս հետ…
Արծիվն ասես լող է տալիս ամպերի մեջ`վեհ ու մաքուր սուր թռիչքով…Հետևող հայացքս սահեց ներքև: Թռչունին մեխված, մտքերով ընկած չէի նկատել, որ արդեն երկու քայլ գցել եմ լճակի երեսին: Լիճը, որի մեջ ժամանակին լողանում էին մոտակա գյուղերի երեխաներն ու սիրահարները,հիմա դատարկ է ու խուլ: Երեխաները մեծացել են ու չեն լողանում անգամ տանը, սիրահարները հիասթափված քարշ են գալիս անկողիններում:
Շտապով ետ գցեցի թրջված կոշիկները ու խելապակաս ճիչ թողնելով այս աշխարհին`սուզվեցի լճի խորքը: Լիճը, անկոչ հյուր ընդունողի կերպարանքով,խոժոռվել ու պղտորվել էր…Լռություն տիրեց.լուռ նայում էի լճի խորքին, ուր մութ էր կեղեվապատ աչքի լույսից: Լռությունը կախվեց ներքև ու խորացավ: Լիճն էլ ստիպված համակերպվեց ու հանդարտվեց իմ անկոչ մոտիկության մուգ տագնապին:
…Մարդը գտավ ներսի մարդուն, այնտեղ տեսավ իրեն նայով երկրորդ կեսին վաղուց փնտրած`իր նախահայր հողից ծնված Ադամարդուն: Մարդու ձեռքը ,կողքից մի ուժ դողդողալով ,ուզեց ներսը իրեն նայող այդ քանդակից: Զգաց ջիղը նախամարդու, հայր Ադամի անմեղսունակ զարկերակը խփվեց լարին հիշողության…Իր ողջ կյանքում ի՞նչ էր ապրել ու դեռ ինչքա՞ն ապրել է պետք…Ադամամեղք կես խնձորը ճաշակել էր, մնացածն էլ կորոնի` կրծոտելով ամեն օրից կճաշակի…
Կյանքի շեմին դուռը բացված, ետ գնալու ճամփան մութ է`դատապարտված ներքին ձայնից, բայց հաճելի…Իսկ առջևում տարածություն, որն էլ արդեն օր-օրի հետ վերանում է գերմարդկային հայտնություններից,կատարյալին հասնելու ծամածռված ձգտումներից…
Ժամանակին ամեն ինչի հավատում էր ,ժամանակին, որովհետև չկար սկզբնակետ,որից սկսեր: Ու հավատաց մարդկային ձեռքով բռնած ու բերանով կրծած խնձորներին`սուտ խոսքերին…
Ինքն էլ ծնվեց բոլորի պես դարերից եկած խաբկանքի մեջ: Ապրեց սերը մաքուր կոչված, սակայն դա էլ անհետացավ բառերի պես,ցնդեց երկինք աղոթքի մեջ, մի պահ միայն նա գոյացավ իր խորքերում Ադամարդու մաքուր դաշտում, հետո զատվեց մյուսների պես ու դուրս վանվեց հիասթափված արցունքի մեջ…
Խորհեց մարդը բնության մեջ, զգաց գոյը անմահության`իր մեջ ապրող անբաց մի բան, ջղաձգվեց.<<Ոչինչ չկա…մարդ միշտ միայնակ է ինքն իր ներսում, որոնում է միակ կեսին `իր նմանին ,հոգում ապրող Ադամարդուն…>>, ոչ թե պատճառ, այլ ընթացքից դուրս ու հետևանք`փուչ ու տարտամ, որ ծնվում են ամեն վարկյան…Քաոսի համար ստեղծված ճամփեք, բոլորի մեջ էլ նույն ճիչն է տարբեր գույներով, ու պաշտում ես քո կեղևը, գիտակցելով, որ մենակ ես դու այս կյանքում, կորոնես ներսիդ Աստծուն ու հավատաս միայն նրան, ով անուն չունի, որը քո մեջ է, բայց կծկված ու կուչ եկած…
…Դուրս թռչելով խորունկ լճից`շունչ քաշեցի: Մահը միշտ կա`մեծ հարուստից վերածվելով մուրացկանի, ազատության գիրկը վազող ավազակից`ցմահ բանտարկվածի մահը միշտ կա, ուրախության թեժ պահերին`սիրտդ վազող տխրությունից ,մահը միշտ կա: Պետք է ապրել…
Ու որոշեցի մահվան համար էլ մի կոտոշ պատրաստել`այս պահին հոգիս գրկող վառ աստղերից, լճի սառը ու հաճելի սրտիս վրա հոսող շիթից, կողքիս միայնակ, բայց արդեն ընկեր դեղնատերև այս ծառերից, ահա հեռվում գայլակերպ այս կենդանու ինձ հոշոտող աչքերի կյանքի փայլից, բնությունից ու ամենից: Պատրաստեցի ու կանչեցի մահվանն այստեղ և խաբվելով`նստեց ցից կոտոշին, իսկ ես լճից նոր դուրս եկած, մի քիչ սրթսրթալով իմ կյանք մերկությամբ`հռհռացի նրա պոռնկամիտ վայնասունից…
<<Սկզբում կյանքը,հետո նոր մահը զզվելի մտքերով այցելեց ինձ, սակայն դա էլ հաղթվեց մնացած փուչ պայքարների պես…>>: Ու նորոգված Կյանք առ Աստված:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s