Հինգերորդ Մրցույթ-12

Հռիփսիմե Հովհաննիսյան
Մանկությունս և պատանեկությունս անցել են Հայաստանում, հետո ընկել եմ ուրիշ աշխարհներ:
Գրելն ինձ համար հաճելի զբաղմունք է, զվարճանք, որով լցնում եմ ազատ ժամանակս: Դա նաև հարազատ լեզվիս հետ մտերիմ կապը պահպանելու լավագույն միջոցն է:

Թատերական փողոց, քսանինը


Պատրիկը ներս մտավ նեղլիկ փողոցում կուչ եկած երաժշտական փոքրիկ խանութը: Լավ գիտեր, թե ինչ է գնելու:
— Համոզված եմ, որ տեղյակ եք, բայց մի անգամ ևս հիշեցնեմ, որ այս սարքավորումները չափազանց հզոր են տնային պայմանների համար: Հավանաբար ստուդիա ունեք, այնպես չէ՞:
Պատրիկը նայեց իրեն ինչ-որ բաներ բացատրող վաճառողին ու հեգնական ժպտաց: Հեռախոսը զնգաց գրպանում, բայց այս էլ որերորդ անգամ չպատասխանեց զանգին: Միայն դժգոհությամբ մտածեց. «Նորից նա է»: 
Վճարեց իր գնումների համար և նայեց խոշոր տուփերին` մտածելով, որ հեշտ չի լինի այս բեռը մինչև մեքենան հասցնելը: 
— Կարծում եմ գոհ կմնաք, միայն թե հիշեք, որ վագր եք գնել, այլ ոչ թե տնային կատվիկ:
Պատրիկը քմծիծաղ տվեց: Վաճառողը, որն արդեն վաղուց երիտասարդ չէր, շտապեց օգնել նրան, և միասին տուփերը տարան, տեղավորեցին հնամաշ, բայց տարողունակ մեքենայի մեջ: Հեռանալուց առաջ Պատրիկը հայացքը շինծու հետաքրքրությամբ սևեռեց վաճառողի վրա ու փորձելով լուրջ ձևանալ` արտաբերեց.
— Լսիր, բարեկամ, քեզ ասե՞լ են, որ դու անտանելի նման ես Միք Ջագերին:
Եվ չսպասելով զարմացած տղամարդու պատասխանին` նստեց իր հին, փոշոտ մեքենան ու քշեց դեպի Թատերական փողոց` ընկերոջ տուն, որտեղ տղերքն արդեն վաղուց իրեն էին սպասում: 

Միխալը տեղավորվեց բազկաթոռի մեջ ու սկսեց շրջել հեռուստացույցի ալիքները` իրար հետևից համտեսելով չեխական հեռուստածրագրերը: Աշխատանքային օրը նոր էր ավատվել, և նա իր երեկոն անցկացնում էր սովորականի նման` անհամ ընթրիք, դառը թեյ ու միակ ընկեր՝ հեռուստացույց: Ինչպես միշտ, բոլոր սենյակներում վառված էին լույսերը. Միխալը ծանր էր տանում մութը: Բայց ուզեր, թե չուզեր, հոկտեմբերյան հանգիստ օրը հետզհետե վերածվում էր հոգնած գիշերվա: 

Թերեզան շորերով պառկած էր լոգարանի մեջ և ոչինչ չարտահայտող հայացքով նայում էր իր մարմինն ու թաց հագուստը գրկած ջրին: Իր առաջին երեկոն էր նոր բնակարանում: Արդեն տեղավորել էր իրերի մի մասն ու հասկացել, որ արածն անիմաստություն է: Ինչո՞ւ էր տեղափոխվել, ի՞նչ նոր կյանք էր ուզում սկսել. այստեղ, ինչպես և ամենուր նրան միայն մի բան էր սպասում` միայնակություն: Ոչ ոքի պետք չէր, անգամ սեփական երեխաներին: Ոչ ոք երբեք չէր այցելելու նրան, ոչ էլ նամակ էր գրելու, նույնիսկ Սուրբ Ծնունդին: Նրա կյանքը վաղուց արդեն ավարտված էր, մնում էր միայն այդ փաստին պաշտոնական բնույթ տալ: Նա ձեռքը գցեց քիչ այն կողմ ընկած հարդարիչին, որով առավոտյան մազերն էր կարգի բերել: Օդում պահելով էլեկտրական փոքրիկ սարքը` միացրեց այն ու նորից նայեց իրեն գրկած ջրին: Մնում էր միայն պաշտոնական բնույթ տալ…

Երկար-բարակ կատակներից, գարեջրից ու ծխախոտներից կշտացած` տղաները հզոր դինամիկները վերջապես հանեցին տուփերից: Էլեկտրական կիթառը միացրեցին դրանց և հիմա պիտի ստուգեին, թե ինչի է ունակ Պատրիկի գնած վագրը: Իսկ դինամիկներն իսկապես ահռելի էին, ու հարևանները շուտով հաստատ լավ անունով էին հիշատակելու իրենց «բարի գիշեր» մաղթող մի խումբ ջահելներին: Պատրիկն ընկերների հետ անհամբեր սպասում էր կատվիկի մլավոցին: Միացրեցին… Ականջ ծակող սուլոցին հաջորդեց պայթյուն, ու բոլորը հանկարծ մնացին կատարյալ մթության մեջ: Եվ ոչ միայն նրանք, այլև Թատերական փողոցի քսանինը շենքի բոլոր բնակիչները մի ակնթարթում բախվեցին դրսից իրենց վրա հարձակվող գիշերվա հետ. հոսանքն անջատված էր: 

Միխալը մի պահ չհասկացավ, թե ինչ կատարվեց: Ինչպե՞ս կարող էր մեկ էլ ամեն ինչ սևանալ: Երբ ի վերջո հասկացավ, որ հոսանքն անջատվել է, մի բան, որն իր կյանքում առաջին անգամն էր պատահում, սարսափից ավելի ամուր կպավ բազկաթոռին: Մթից վախեցող մարդու ուղեղը սկսեց արագ աշխատել` փնտրելով որևէ այլընտրանք: Տանը ոչինչ չուներ նման դեպքերի համար, անգամ կրակայրիչ չկար… Ձեռքերով խարխափելով և հարթելով իր առջև գոյություն չունեցող արգելքները, ցավեցնելու աստիճան ծանր ահն էլ սրտի մեջ` Միխալը մի կերպ դուրս եկավ իր բնակարանից` հարևաններից լույս հայթայթելու հույսով:

Ամեն ինչ մթնեց հենց այն պահին, երբ հարդարիչը պիտի տաք համբույր տար ջրին ու նրա մեջ պառկած Թերեզային: Սարքը չլմփոցով ընկավ ջրի մեջ, բայց մեռցնելու փոխարեն, ինքը մեռավ: Թերեզան քարացավ: Գուցե հենց դա էր մահը` համատարած մթություն: Ու նա շարունակեց մնալ ջրի մեջ` կիսամեռած, կիսաանմեռ:

Հարևանները Միխալի առջև դուռը չբացեցին. գուցե վախենում էին, որ կատարվածը պատահականություն չէր, և հիմա էլ ինչ-որ մեկը շարունակել է իր չարագործ ծրագիրը` անլույս ու անօգնական մարդկանց տունը մտնելու փորձով: Վախից դողացող Միխալին միայն մի խումբ տղաների կարճատև հյուրընկալությունն էր սպասում: Նրանք արագ հայտնեցին, որ ոչ մոմ ունեն, ոչ ճրագ և տեղյակ չեն, թե ինչ է կատարվել ու անմիջապես փակեցին դուռը: Միխալը հասկացավ, որ ստիպած է տնային շորերով և մաշված հողաթափերով իրեն դուրս գցել ու կծկվել մի լուսավոր անկյունում, մինչև բացվի առավոտը: Առաջին հարկի դռներից մեկի մոտ նա հիշեց, որ այդ օրն ինչ-որ կին էր տեղափոխվում իրենց շենք: Եվ մոտենալով նորեկի բնակարանին` որոշեց մեկ անգամ ևս փորձել բախտը:

Ջրի մեջ թմրած ու գրեթե անջատված կինն ուշքի եկավ դռան անհանգիստ թակոցից: Ամբողջ էությամբ զգաց, որ դեռ ապրում է, իսկ դռնից այն կողմ էլ ուրիշ մեկն է ապրում, որը չգիտես ինչու հարվածում է իր դռանը: Թերեզան վեր կացավ ու կանգնեց լոգարանի մեջ, ապա հանգիստ դուրս եկավ այնտեղից ու մթի մեջ կողմնորոշվելով` մոտեցավ դռանը: Իր առջև մեկն էր, ով ուներ տղամարդու ձայն և խավարի մեջ թաքցրած արտաքին: Նա ինչ-որ բան էր ասում հարևանության և հոսանքի մասին: Հետո էլ հավանաբար իրենից էր պատասխան ակնկալում, բայց ինչի մասին…
— Ինձ մոտ էլ է մութ,- ասաց Թերեզան:
— Ա՜խ, ի՞նչ կարող էր կատարված լինել, սա սարսափելի է, ինձ լույս է պետք…
— Ինձ էլ է անհրաժեշտ հոսանք,- շարունակեց կինը:
— Երևի ինչ-որ կարևոր գործ էիք անում, հա՞,- փորձեց խոսակցությունը շարունակել Միխալը:
— Շատ կարևոր. լուսավորում էի հոգիս:
— Հոգու լուսավորումը անչափ կարևոր է… հոգևոր արժեքներ… մշակույթ: Գիտեք, ես էլ եմ մշակույթի մարդ:
— Իսկապե՞ս,- անտարբեր տոնով արտաբերեց Թերեզան:
— Այո, երաժշտություն եմ սիրում, մի փոքրիկ երաժշտական խանութ ունեմ…. Վերջերս գործերս այնքան էլ լավ չեն, բայց դա էական չէ, ես այդ խանութը երբեք չեմ փակի: Մարդիկ գալիս են, երաժշտական գործիքներից են հարցնում, իսկ ես բացատրում եմ, թե ինչն ինչ է. դա միակ բանն է, որ գիտեմ…
— Անչափ հետաքրքիր է:
— Այսօր ոչ մի գործիք չեմ վաճառել, միայն հսկայական դինամիկներ… Ի դեպ, մի բան հարցնեմ: Ի՞նչ եք կարծում, միայն անկեղծ, ես նմա՞ն եմ Միք Ջագերին:
— Գիտեք, ես մթի մեջ տեսնելու ունակություն չունեմ: 
— Ափսոս, շատ ափսոս… Բայց ես էլ չունեմ այդ ունակությունը. երևի մենք ինչ-որ բանով նման ենք,- ոգևորվեց Միխալը,- դուք լսո՞ւմ եք, թե՞ միայն ինձ է թվում, որ ինչ-որ տեղից ինչ-որ բան է կաթում:
Թերեզան քամեց իր թաց վերնաշապիկի ստորին մասն ու ասաց.
— Իսկ հիմա էլ կաթկթոցը շատացավ, այնպես չէ՞:
— Այո… ինչ լավ է, որ միայն ինձ չի թվում: Ես ձեզ անկեղծորեն խոստովանեմ` մթից անտանելի վախենում եմ, նույնիսկ քնելիս չեմ անջատում լույսերը, իսկ հիմա էլ արդեն մտածում էի` մոտս վախից լսողական հալյուցինացիաներ են:
— Ես էլ գրեթե համոզված եմ, որ Դուք եք իմ հալյուցինացիան. իմ դուռը սովորաբար ոչ մի տղամարդ չի ծեծում: Բայց եթե իրականում կաք, մի անգամ ևս ներողություն եմ խնդրում. ես ճրագ չունեմ…
Այս ասելով` Թերեզան պատրաստվում էր փակել դուռը, երբ Միխալն արագ վրա բերեց.
— Ինձ սխալ չհասկանաք, բայց… չէ, իսկապես սխալ բան մի մտածեք, ուղղակի… 
— Վախենում եք, հա՞:
— Հա: Ամաչում եմ, բայց ոչինչ անել չեմ կարող: Խնդրում եմ թույլ տաք գիշերը մնալ ձեր բնակարանում, եթե կողքս մարդ լինի, այդքան չեմ սարսափի, հատկապես, որ երկուսս էլ լսում ենք այդ արտասովոր կաթկթոցը…
Թերեզան զարմացավ, որ դեռ կարող է ինչ-որ մեկին պետք լինել ու մտածեց, որ առավոտյան անպայման ուշադիր կնայի, թե արդյո՞ք այդ հայլուցիանացիան այցելել է Միք Ջագերի տեսքով: 

— Ո՞վ էր,- հարցրեց Պատրիկը:
— Ոստիկանները, եկել էին քեզ ու դինամկիներիդ ձերբակալելու, ասացի, որ արդեն փախել ես քո տուն,- դռան մոտից պատասխանեց ընկերներից մեկը:
— Ես լուրջ բան եմ հարցնում:
— Մեր ցնդած հարևաններից մեկը: Միայնակ է ծերուկը, լույսերն անջատվել են, վախից լցրել է տակը: Սրա-նրա մոտից մոմ է խնդրում:
— Ներս կանչեիր,- ասաց Պատրիկը:
— Ինչո՞ւ պիտի ներս հավիրեի, ես նույնիսկ սեփական հորս դժվարությամբ եմ հյուր ընդունում, ծերուկներն անտանելի են…
— Միայնակ է…
Պատրիկը նստել էր խավարի մեջ, որտեղ չէին երևում ոչ երաժշտական գործիքները, ոչ իր ընկերները, այնտեղ ոչինչ չկար. միայն ինքն էր ու իր անպետք հոգին, որտեղ շրջում էին բազմաթիվ ու խառնիխուռն տեսարաններ, ահա և մենակ ու ցնդած ծերուկը, որը մոմ էր խնդրում… ահա և իր միայնակ մայրը, որի մասին գուցե և նույնն են ասում հարևանները, ու երբ մութ է, ոչ ոք նրան ներս չի թողնում: Պատրիկի սիրտը կծկվեց, քորոց դարձավ ու մխրճվեց հոգու բարձիկին: Ուզեց խոսել հետը, հենց հիմա, հենց այս վայրկյանին: Ձեռքը տարավ գրպանը, հանեց հեռախոսն ու նայեց վրան.
«
Մամ»
Բաց թողած յոթ զանգ:
Մեկ հաղորդագրություն. «Բարև, Պատրիկ, չես պատասխանում… ուղղակի տեղյակ պահիր, որ քեզ մոտ ամեն ինչ լավ է: Ուզում եմ իմանաս` ես այսօր նոր բնակարան եմ տեղափոխվել, գուցե այցելե՞ս ինձ Սուրբ Ծնունդին կամ նամակ գրես: Թատերական փողոց, քսանինը»:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s