Հինգերորդ Մրցույթ-15

 Հայարփի 

Արևոտ Արծիվը

Քայլում էին երկուսով, տղամարդը բռնել էր աղջկա ձեռքն այնպես ուժգին, որ վերջինս երբեմն անհանգիստ շարժումով փորձում էի դուրս բերել ձեռքը տղամարդու գրեթե կրկնակի, հուժկու ձեռքից: Ու ամեն անգամ աղջիկը այդ անհանգիստ շարժումից հետո ինքն էր ձեռքն ավելի ու ավելի ուժեղ ընկղմում տղամարդու ափի մեջ: Քալում էին այնպես խելացնոր, ինչպես չէր քայլել տղամարդը իր հիսուն, իսկ աղջիկը իր քսաներեք տարիների ընթացքում: Քայլում էին, թե՞ սավառնում, դժվար է ասել: Իրենք էլ չէին հասկանում կան, թե՞ չկան, իրական են, թե՞ մի խենթ երաժշտի նոտաներից պոկված հնչյուններ:

Քաղաքի աղմկոտ փողոցներում երկու խենթ հոգի էին պարում` ամուր բռնած մեկ-մեկու ձեռքը: Ձեռքերը գրեթե միաձուլվել, մեկ էին դարձել, ու թվում էր` բաժանվելու դեպքում մեկը պիտի զրկվի ձեռքից: Բաժանվելու դեպքում կամ աղջիկը պիտի դառնար կռնատ, կամ տղամարդը, իսկ ավելի ճիշտ` երկուսն էլ:

Լույսերի մեջ շաղախված քաղաքում այս երկուսի աչքերը փայլում էին առավել, քան երկրին ամենամոտ փայլող աստղը` արևը:

-Ես երազում տեսել եմ, որ դու հիմա մեղմ կնայես ինձ ու քնքուշ կժպտաս,- ասաց աղջիկը ու չարաճճի, անթաքույց ժպիտով շոյեց տղամարդու հոգնած աչքերը:

-Դու իմ փոքրիկ գժուկն ես,-մեղմ նայեց ու քնքուշ ժպտաց տղամարդը,-դեռ շա՞տ պիտի քայլենք, այս ի՞նչ ես դու մտածել անել ինձ հետ, Արև՛ս, միթե՞ մոռացել ես, որ երիտասարդ չեմ այնքան երեք ժամ քաղաքում քայլելու համար:

-Մի՛ չափազանցրու,  ես երբևէ իմ կյանքում առավել երիտասարտ արծվի չեմ ճանաչել:

Տղամարդը հիսունից հանել, բաժանել ու կրճատել էր դեմքին դրոշմված տարիների հետքերը, ժամանակի հետ ծնված իմաստությունն ու դառնությունը ու ստացել էր այս գիշերը:

Արևը գիտեր, որ էլ չի ունենալու արևներով շաղախված գիշեր ու տրվել էր իր երազին առավել ուժգին, քան աշնանային տերևն է տրվում վերջին տերևաթափին: Արևը նախապես մտածել էր, թե որտեղ են քայլելու, ուր են գնալու ու որ բարձունքից են քաղաքի անհանգիստ լույսերին նայելու: Վերջապես հասան այնտեղ, որտեղից պիտի չափեին աստղերի  հեռավորությունը իրենց աչքերի արևներց ու երազանքների անհասությունը իրական քաղաքից :

-Դու հիանալի ես առավել, քան պատմում էին քո մասին երգերդ,- ամաչկոտ հայացքը քաղաքի վրա տարածելով շշնջաց աղջիկը, հանկարծ ձայնում հուզմունքի ելևէջներ ծնվեցին, ու առաջին անգամ փորձեց թաքցել հայացքը, իսկ տղամարդն այդպես էլ չկարողացավ կտրել հայացքը աղջկա դեմքից:

Արևաթաթախ գիշերվա մթության մեջ րոպե անգամ ապարդյուն չկորցնելու համար տղամարդը ակամայից սկսեց խոսել ու ասաց մտքին եկած առաջին իսկ միտքը, ակամայից քաղաքի վրա ժայթքեց մի միտք, որ թերևս ամենաքիչը կուզեր ասել այդ պահին.

-Իզուր հանդիպեցինք, իզուր եկա, անկարելի է պայքարել ճակատագրի ու ժամանակի դեմ:

Այս միտքը երեք ժամ էր, ինչ կախված էր օդում: Այս միտքը տանջում էր երկուսին էլ, այն դանակի պես խրվել էր երկուսի կոկորդում, կաղապարում էր ցանկացած այլ բառ, որ կուզեր դուրս գալ այս երկուսի բերանից, ցանկացած ծեծված, ասված ու չասված բառ կտրում էր իր լեզուն այս դանակի սուր ծայրով ու լռում:

Բայց հանկարծ, հոգու երկրաշարժ ու…դուրս պրծած դանակը ծակեց արևի սիրը: Դաշույնը կտրեց քաղաքի վրա կախված մտքի կապանքները: Արևն այդ պահին ատեց բոլոր տանիքները, դրանց վրա դեռ ժանգոտ ձայնով արագանքում էր արծվի հարցը:

Արևը այդ պահին ատելություն զգաց քաղաքի բոլոր շենքերի հանդեպ, որովհետև դրանցից յուրաքանչյուրում կային տասնյակ ժամացույցներ, չարաբաստիկ ժամացույցներ: Ժամացույցները կյանքի դահիճներ են, դրանց լուռ համրում են կորցրած բարևները, գտնված տանջանքներն ու անժամանակ ժպիտները: Թվաց` ժամացույցների սլաքները ասեղներ դարձած խրվել են Արևի ու արծվի սրտում:

-Մեղք է դատապարտել սերը, թեկուզ` անժամանակ,- խորը շունչ քաշելով կոտրեց արևը սիրտը խոցող բոլոր ասեղներն, ու ցավը առավել ուժգին տարածվեց դեպի աչքերում այս վերջին շնչով ապրել փորձող արևները:

— Արև՛ս, դու գիտես, որ անկարելի է շրջանցել բախտի կառուցած պատնեշները, ես այլ ժամանակից եմ, դու ` այլ: Գիտե՞ս բախտը ինչ նյութից է կառուցում այդ չարաբաստիկ պատնեշները` անեծք, ցավ, թախիծ, ասեղապատ  սրտեր ու արցունքներ: Եթե փորձենք քանդել այդ պատնեշները, պատներշները կփոշոտեն մեր ձեռքերը, սրտերը ու մոլորակները: Իսկ ես, ների՛ր, ես չեմ կարող թույլ տալ, որ դու տանջվես, դու հրեշտակ ես ու պիտի երջանիկ լինես:

Ես վաղը ևեթ որոշել եմ մեկնել երկրից, ես գիտեմ` որքան հեռու լինեմ քեզանից, այնքան երջանիկ կարող ես լինել դու: Ես հեռվից կուրախանամ քեզանով, քո հաջողություններով, քո ընտանիքով ու զավակներով: Ես քեզ համար երգեր կգրեմ  միայն արևի մասին: Դու արևի մասին հարյուր ութսուն երգ կունենաս: Ես այդպիսով կփորձեմ ջերմացնել քեզ ու քո ընտանիքը, միայն մի բան եմ խնդրում, երբեք չլացես, երբեք թույլ չտաս, որ անձրը խամրեցնի քո հոգու արևը:

Ի վերջո քաղաքի վրա ժայթքեցին ամենացանր բառերը: Արծվի հոգում դրանք արդեն մի քանի ամիս էր, ինչ ծանրացել, քարի պես կախվել էին կրծքից: Արծվի հոգին մոռացել էր իր երբեմնի քսանմեկը ու դարձել քառասուներկու` քառասուներկու գրամ ցավ, քառասուներկու գրամ կարոտ, քառասուներկու գրամ ափսոսանք, քառասուներկու գրամ կնճիռ, քառասուներկու գրամ զայրույթ ու ժամանակի դեմ պայքարելու անկարողություն:

Արծիվը սիրում էր, սիրում էր իր ամբողջ զգայուն, առնական ու կրքոտ էությամբ: Սիրում էր նաև Արևը, Արևը իր կարճ, բայց դժվարին կյանքում ապրել էր բազում տարբեր կյանքերով, ու այլևս հոգեպես հասուն Արևին կարող էին հասնել միայն արծիվները:  Իսկ այս` կացնի պես կտրող բառերով կարծես պիտի վերջակետվեր իրենց՝ միասին կատարած թռիչքը: Արծիվը ամեն կերպ փորձում էր փայփայել արևի ապագան ու թույլ չտալ, որ նա տանջվի, առավել ևս՝ իր պատճառով:

Այդ էր պատճառը, որ Արծիվը փորձեց վերջակետել, բայց չէ՞ որ վերջակետերը միայն թարս շարված բազմակետեր են, իրականում չկան վերջակետեր, կան միայն ծուռ աչքով նայող ու իրենց խաբել փորձողներ:

Ծուռ  թե շիտակ, վերջակետ, թե բազմակետ, եղածը եղած էր…արծվի ծոցագրպանում, ինչպես  զգացմունքների հարթակում, իր առաջին դերն էր խաղում տոմսը` թռիչք դեպի հեռու եզերքներ, դեպի նոր երգեր ու կարոտներ, սպասումներ ու հույսեր, նոր ծիծաղ և նոր վիշտ ամեն օր: Տոմսը պիտի բաժաներ այս եկուսին: Նրանք  այլևս կիսաարևներ պիտի ունենային: Իսկ ապրել կիսաարևներով նշանակում է ապրել հավերժ գիշերում, քանզի մարդկային հոգին ունակ է ջերմանալու միայն լիաարևներով:  Տոմսը գողացել էր նրանց աչքերի արևները ու թաքցրել ապագայի ծալքերում, որ այս երկուսը հենց այնտեղ որոնեն իրենց կիսատ արևները:

— Իսկ ես ինչպե՞ս կարող եմ ուրախանալ, երբ չգիտեմ` ուր ես, ինչ ես անում, երգում ես թե լացում,-անտանելի լռությունը սպանեց Արևը, սակայն շուտով հավաքեց մտքերը ու հանդարտ, անզորությունից հոգնած, ասաց,-անսահման է իմ հարգանքը քո հանդեպ, դու արծիվ ես, դու պիտի ճախրես, բայց…այս դեպքում դու ոչ թե ճախրում ես, այլ փախչում: Ես երբեմն փորձել եմ վանդակել քեզ` ինքս էլ քաջ գիտակցելով, որ սխալ եմ անում: Խնդրում եմ, գնալուց առաջ այդ քո թևերով գրկի՛ր ինձ ու շոյի՛ր սիրտս: Եթե որոշել ես գնալ, գնա, միայն թե իմացիր` երբ դու չլինես իմ աշխարհում, օրերօց կիսաարևներս քո աչքերով պիտի լցվեն: Այդ ժամանկ, երբ ես նայեմ վերև` լույս ստանալու համար, քո աչքերը պիտի   տեսնեմ: Երբ ես ուզեմ երաժշտությամբ խլացնել մտքերս, քո երգերը պիտի ամոքեն հիվանդ օրերս: Դու կլինես ինձ հետ ընդմիշտ՝ քո սիրով, քո բարությամբ հյուսված ժպիտով ու ..հավերժ կարոտ բերող քո բացակայությաբ: Տարեցտարի ես կմեծանամ, շատ բան կփոխվի իմ աշխարհում, բայց ես միշտ կփայփայեմ իմ սրտում քո սերը: Ես հավատացյալ կդառնամ, ամեն առավոտ կաղոթեմ, որ մեր բաժանումը քեզ միայն երջանկություն բերի: Ես կաղոթեմ, որ երգը երբեք չմարի քո սրտում: Դու Արծիվ ես, դու դաշտային ծաղիկներ ես սիրում, ես քո ձայներիզի մոտ միշտ դաշտային ծաղիկներ շաղ կտամ: Միայն թե՝ երջանիկ եղիր:  Կիսատ արևով ես չեմ ջերմանա երբևէ, ես ստիպված կլինեմ արհեստական լուսավորությամբ լցնել իմ օրը: Ու որքան էլ անկարելի լինի հաղթահարել տարածության ու ճակատագրի պատնեշները, ուզում եմ, որ անունիցդ առավել հստակ իմանաս` ես քեզ հետ եմ միշտ, եթե միայն հնարավոր լինի մարմնիցս պոկել ու սրտիդ մեջ բնակեցնել իմ հոգին: Եթե՜ միայն կարողանայի:

Սրտից դուրս պրծած բառերից թուխպոտեցին Արևի աչքերը ու անձրև տեղաց գիշերվա մթության ողորկ մակերևույթին, թրջվեցին բոլոր շենքերը, Արծվի թևերը և տոմսը: Տոմսը խաղաց իր դերը, բայց ծաղիկների փոխարեն անձրև ստացավ որպես ընծա:

Հարյուր ութսուն  րոպե` երեք ժամ ու անուղղելի բացակայություն, անդառնալի երեք ժամ ու բազում թարս բազմակետեր:

Անցավ ևս մի քանի հարյուր երեք ժամ, անցան ևս մի քանի թարս բազմակետեր, իսկ արևները այդպես էլ չլիացան, այդպես էլ ապրեցին այս երկուսը լի արևներով` հավերժ փնտրելով իրենց կիսաարևներին:

Արևը արևոտ գիշերվանից հետո ատեց ժամանակը`իր բոլոր դրսևորումներով ու երբեք տանը չունեցավ ժամացույց: Սկսեց ապրել առանց ժամանակի զգացողության` որպես մարտահրավեր անհաղթահարելի ու ատելի անկարողության դեմ: Բոլորը գիտեին արևի սիրելի երգչին, բայց ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նա երգիչ էր միայն, այլ Արծիվ, որ իր հետ տարել էր Արևի արևի կեսը:

Ու ամեն անգամ, երբ Արևի որդին հարցնում էր, թե ինչու ժամացույց չունեն տանը և թե ինչու է Արևը միշտ ծաղիկներ գնում երգչի ձայնասկավառակի համար, Արևի կոկորդում կրկին, ինչպես այն գիշեր, սուր մի դանակ էր խրվում, խեղդում յուրաքանչյուր հեգու ճիչ: Ու հիշում էր Արևը Արծվի բառերը.

<<Արև՛ս, պատահական չի մեր կյանքում ոչինչ, և ոչինչ անհետևանք չի մեր կյանքում: Յուրաքանչյուր օր արևը բացում է իր աչուկները ու լուսավորում մեր աշխարհը, բոլորին թվում է` այդպես էլ պետք է լինի: Բայց ինչպե՞ս կարող է արևածագը լինել առանց պատճառի և առանց հետևանքի: Արևը ծագում է, որովհետև գիշերը մենք լաց ենք լինում, թրջում ենք գիշերվա մթությունը: Մութը նեղանում է ու գնում մեր տնից, ձայն տալիս արևին, որ արթնանա ու չորացնի մեր թաց տունը ու գիշերվա թաց մթությունը: Եվ ինչպե՞ս կարող է անհետևանք լինել արևի յուրաքանչյուր ժպիտը, եթե առանց այդ հրաշքի շենքերն ու մարդիկ չեն ունենա այսքան երկար, ժանապարհներից էլ երկար ստվերներ>>:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s