Հինգերորդ Մրցույթ-16

Թինա Յան

Ափսոս …

    Ապրիլ է արդեն:

Գարնան շունչը և բույրը կարելի է լիովին զգալ. ձյունը գրեթե  հալեվել է ու  տեղ-տեղ  նկատելի է կանաչ խոտը:

Արևն այնքա՜ն ջերմ և հարազատ է թվում, որ ակամա տրամադրությունս բարձրանուն է  նրան նայեիս: Գարնան այն ժամանակն է, որը տարօրինակ ձևով կարողանում է ազդել մարդու հոգու վրա, երբ ուզում ես ճախրել…

Ամուսինս զանգեց և ասաց, որ ուզում է գնալ պապիս տուն̀ ինչ-որ գործիք պիտի տանի: Խնդրեցի, որ ես էլ իր հետ գնամ, քանի որ պապիս վաղուց չէի  տեսել, համ էլ ուզում էի տեսնել մեր հին տունը, որ պապիս տան մոտերքում էր:

Փորձեցի հիշողությանս մեջ վերականգնել, թե վերջին անգամ երբ եմ եղել այնտեղ, բայց չստացվեց:

Մեկ ժամ հետո մեր փողոցում էինք: Փոքրիկ փողոց է, ուր միայն սեփական տներ են իրար կողք-կողքի կանգնած: Ժամանակին շատ աշխույժ թաղամաս էր, բայց հիմա միայն մեծերն են մնացել, իսկ ջահելները հեռացել, որը ընտանիք է կազմել ու նոր բնակարան տեղափոխվել, մյուսը Ռուսաստան կամ այլ երկիր մեկնել, երրորդը՝ …

Ամուսինս ոգևորված բան է պատմում. ես իր դեմքին նայելով ժպտում եմ,   բայց չեմ կարողանում կենտրոնանալ, լսել նրան. տարբեր հիշողություններ են խառնվել իրար, ու գրավել ողջ ուշադրությունս: Մեղավոր ժպտալով խնդրեցի, որ ինքը մենակ գնա պապիս տուն, իսկ ես ավելի ուշ նրանց կմոտենամ: Նա համաձայնվեց, բայց այնպես նայեց, որ ես խոստացա որ չեմ ուշանա:

Կանգնեցի մեր տան  առջև… փորձեցի դուռը բացել, ձեռքս դողաց և համարձակությունս պբավարարեց: Չկարողացա այն  բացել: Հոգնություն զգագի, փորձեցի հանգստանալ ու նստեցի տան կողքի աստիճաններին :

Տան կողքին մի մեծ ծառ կա, որի տակ միշտ հավաքվում ու խաղում էինք երեխաներով: Արդեն տասը տարի  էր, որ չենք ապրում այդ տանը, ավելի ճիշտ փոքրիկ տնակում, որտեղ երջանիկ էինք, անհոգ, միասին էինք բոլորս…  Այն բաղկացած էր մեկ ննջասենյակից, հյուրասենյակից ու խոհանոցից:  Զարմանում եմ, թե ո՞նց էինք այնտեղ տեղավորվում, ապրում վեց հոգով: ՈՒ  չէինք զգում մեր տան փոքր լինելը :  Աստիճաններն էլ էին  ասես  փոքրացել աչքիս: Հիշում եմ, որ բակի բոլոր երեխաներին հավաքում էի, այդ աստիճաններին նստացնում և ինձ ուսուցչուհի երևակայում, ինչ-որ բաներ էի սովորեցնում, նույնիսկ  մատյան էի պատրաստել նրանց անուններով և գնահատականներ էի դնում:

Դեմքիս մի ժպիտ եկավ  այդ հիշողություններից ու սրտումս ինչ որ ջերմություն զգացի, ինչ-որ մոռացված, բայց շատ հաճելի ջերմություն…

Աստիճաններին նստած, նայում եմ.   հիանալի տեսարան է բացվում   տան դիմաց. հեռվում սարերն են իրենց ճերմակ գագաթներով, մեր քաղաքի հարուստ անտառը, ավելի ներքևում քաղաքն է երևում ՝  իր տարբեր շինություններով և տների բազմագույն կտուրներով:

Իսկ   երկինքը կապու՜յտ-կապու՜յտ է…

Աչքերս բարձրացրեցի և տեսա, որ արևն էլ է միացել ինձ ու ջերմորեն ժպտում է  հիշողություններիս…

Հանկարծ մեր տան դուռը բացվեց… ես ցնցվեցի… մարմնովս սարսուռ անցավ… Նստածս տեղում քարացա.

Տեսնեմ երկու աղջիկ երեխաներ դռնից դուրս եկան ու վազեցին դեպի բակ՝ մի կերպ քարշ տալով խաղալիքներով լցված արկղը : Առաջինը մոտ չորս տարեկան էր, սևահեր և խոշոր աչքերով , երկրորդը̀ երկու տարեկանին մոտ, շիկահեր և այնքան սպիտակամաշկ, որ արևի լույսի տակ կարծես թափանցիկ լիներ:  Երեխաները ճռվողույնով լցրեցին բակը ու զարմանալիորեն ինձ չէին էլ նկատում:

Փորձեցի տեղիցս վեր կենալ , միգուցե այնտեղ հիմա ուրիշ մարդի՞կ են ապրում և ես տեղյակ չեմ, բայց վախեցա դռանը մոտենալ,  շրջվեցի, որ  անձայն հեռանամ, բայց հանկարծ  լսեցի մի քնքուշ ու շատ ծանոթ ձայն, որ ամբողջ ներաշխարհս խառնեց իրար: Այնքան հարազատ ձայն է. հիշողությունս փորփրում եմ ու չեմ կարողանում մտաբերել, թե  ով է… սիրտս այնքան արագ է բաբախում, որ ինձ թվում է, ամբողջ աշխարհը լսում է այդ բաբախը…

Իսկ այդ ձա՜յնը, դեռ կանչում է…  այդ ձայնն ի՞նձ է կանչում,   ո՞վ է  …

-Թինա՛, Թինա՛, Անի՛, տուն եկեք.

Նա բակ դուրս եկավ և ես կարողացա տեսնել այդ անուշ ձայնի տիրուհուն:

Նա  կրկին  կանչեց, բայց այս անգամ ձայնի մեջ բարկություն կար: Հասկացա, որ ինձ չի դիմում, այլ մանկահասակ երեխաներին: Մոտենալով նրանց, շարունակեց.

_ Թինա՛,  դե հերիք է խաղաք այդ հողի հետ, ոտքից գլուխ նորից կեղտոտվել եք: Չե՞ս ամաչում, ապա քույրիկին նայիր, տես ինչ վիճակում է… տուն եկե՛ք, շու՛տ…

Ես հենվեցի պատին, որ չընկնեմ:  Աշխարհը պտտվեց աչքերիս առաջ, կոկորդս սեղմվեց,: Այդ կինը…  մայրի՜կս  է…  վախենում եմ  աչքերս թարթել, որ չկորցնեմ նրա տեսիլքն  աչքիս առջևից: Ին՜չ գեղեցիկ է, ինչքա՜ն նուրբ ու պայծառ է:  Երևի իմ այսօրվա տարիքին լինի… հագին կապույտ շրջազգեստն է, հայրիկս էր գնել:  Այնքան է սազում նրան, ասես հրեշտակ լինի …  Իսկ խոշոր, սև աչքերում այնքան սեր ու մաքրություն կա, որ կարծես  աշխարհի դառնությունը իր կողքով չի անցել:

Երեխաների հետ տուն մտավ, իսկ ես նրանց ետևից:

Ամեն ինչ այնքան հարազատ է, այնքան եմ  կարոտել մեր տան ամեն մի առարկա, ուզում եմ համբուրել ամեն ինչ…

Մայրս երեխաների ձեռքերը լվաց, զգեստները փոխեց,  : Ապա նստեցրեց մեր ձվաձև սեղանի շուրջ ու ճաշ դրեց նրանց առջև: Այդ ճաշի բու՜յրը… ի՜նչ անուշ է… որքա՜ն եմ կարոտել…

Զանգում է հեռախոսը և մայրս շտապ մոտենում է լսափողին.

_  Լևո՛ն, սիրելիս, այնքան անհանգիստ էի, մեկ շաբաթ է քեզնից լուր չունեմ, ինչպե՞ս ես, ես լավ եմ, երեխաները նույնպես լավ են, կարոտել ենք քեզ…  լավ պահիր քեզ, սիրելիս, հանգիստ եղիր մեր համար, գործերդ արագ վերջացրա, որ շուտ վերադառնաս…

Նա խոսում է, իսկ ես աչքս չեմ կարողանում կտրել իրենից, չեմ ուզում բաց թողնել որևէ շարժում:  Ինչքան կուզենայի համբուրել նրան, գրկել, այնքան եմ կարոտել, սիրտս  ասես  հրդեհում է: Մայրս կախեց լսափողը և մի արցունք շողաց նրա աչքի անկյունում:

Ինչքան է նա մոտիկ, նույնիսկ զգում  եմ նրա բույրը, ուզում  եմ  գլուխս դնել ծնկներին, ուզում  եմ մազերս շոյի, ուզում  եմ  ասել, թե որքան դժվար ու ծանր է առանց իրեն, ուզում  եմ  ասել, որ կրծքիս տակ նոր սիրտ է բաբախում, որ  մայր եմ դառնալու, իսկ ինքը̀ տատիկ: Պատկերացնում  եմ նրա ուրխությունը ինչքա՜ն կլինի…  Բայց չեմ կարողանում գոնե մեկ հայացք  փախցնել նրանից, մեկ ժպիտ որսա՜լ… Չնայած երջանկությանս սահման չկա: Ամեն ինչ այնքան հաճելի  է, վերագտածս  ամեն վայրկյանը շատ թանկ …

Զգացի, որ   ուսս ցնցվում է:

Աչքերս բացեցի, ամուսինս է կողքիս կանգնած: Փաթաթվեցի նրա վզին, ամուր գրկեցի  ու լաց եղա՝  ազատություն տալով արցունքներիս:

— Հանգստացի՛ր, սիրելի՛ս, հանգստացի՜ր … ,- անընդհատ կրկնոմ էր ամուսինս:

Տուն ենք վերադառնում:

Ճանապարհին ոչինչ չենք խոսում ու մտովի շնորհակալ եմ նրան ինձ հասկանալու համար, իսկ ես  դեռ  անուրջներիս  հետ եմ, մայրիկիս տեսիլքի հետ …

Ողջ կյանքիս ամենաթանկ երազը տեսա, ափսոս, թեկուզ այն կարճ էր…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s