Հինգերորդ Մրցույթ-7

Բյուրակն Իշխանյան

Գիտեմ, որ վատն եմ: Բայց էս ա կենսագրականս. «Ճամփորդում է»:

Ինտելեկտուալները

Մարիան ուշացած մտավ գրախանութ, որտեղ երկու շաբաթը մեկ ինտելեկտուալ մրցույթներ են կազմակերպվում: Այդ օրը համակուրսեցիներից ոչ ոք նրան ընկերակցելու ցանկություն չէր հայտնել, ու ստիպված էր մենակ գալ: Ստիպվա՞ծ էր: Այդ երեքշաբթիները նրա Բեռլինյան կյանքի ամենասպասված օրերն էին, ու եթե որևէ մեկը համարձակվեր հարցնել` ո՞նց չես ալարում մենակ գալ, Մարիան կարտասաներ նախօրոք պատրաստած պատասխանը. «Չեմ ուզում հերթական միայնակ երեկոն անցկացնել»:

Սեղանների շուրջ արդեն թիմերը ձևավորվել էին: Մոտեցավ խաղի կազմակերպիչ անգլուհի Բեքիին, որը դեռ նախորդ անգամվանից մի տեսակ համակրանքով էր լցվել Մարիայի հանդեպ և ուզում էր ամեն կերպ աջակցել նրա թիմին` հուշելով դժվար հարցերի պատասխանները:

— Կօգնե՞ք` որևէ թիմի միանամ,- շշնջաց:

Բեքին հերթով մոտեցավ բոլոր սեղաններին և հարցրեց.

— Խաղացողի կարիք ունե՞ք:

Չնայած երևում էր, որ շատ թիմեր ընդամենը երեք հոգուց էին բաղկացած, բոլորը քաղաքավարությամբ մերժում էին` նշելով, որ իրենց խմբի չորրորդ-հինգերորդ անդամներն ավելի ուշ են միանալու:

Բայց Բեքին հին գայլ էր ու գիտեր, թե ինչպես խնդիրը լուծել: Եվս մեկ անգամ աչքի անցկացրեց բոլոր սեղանները և նկատեց մեկը, որի շուրջը հավաքվածները նրան անծանոթ էին, իսկ դա նշանակում էր, որ առաջին անգամ էին այնտեղ:

— Ձեզ համար նոր խաղացող եմ բերել,- առարկություն չընդունող տոնով հայտարարեց և չորրորդ աթոռը մոտեցրեց սեղանին:

— Մարիա,- ներկայացավ թիմի անդամներին:

— Լիզ:

— Մայք:

— Դունյա:

— Որտեղի՞ց ես,- հարցրեց Լիզը:

— Հայ եմ:

— Աաա,- միաժամանակ արտաբերեցին Մայքն ու Լիզը: Մարիան արդեն այնքան էր ներկայացել տարբեր ազգերի, որ «աաա»-ի տոնայնությունից հասկանում էր, թե դիմացինն իր երկրի մասին ինչ գիտի: Մայքի ու Լիզի դեպքում դա նշանակում էր. «Մենք քո երկրի մասին երբևէ չենք լսել կամ էլ լսել ենք, բայց չենք հիշում: Ուղղակի չափից դուրս քաղաքավարի ենք, որ այդ մասին ասենք»:

— Մենք Իռլանդիայից ենք,- շարունակեց Լիզը` ցույց տալով իրեն ու Մայքին: Մարիան արդեն սովորել էր, որ այդ բոլոր «մենքերը» նշանակում են, որ զրուցակիցները կամ ամուսիններ են, կամ իրար հետ ապրող չամուսնացածներ: Դեռ կարճ ժամանակ առաջ ինքն իրեն հարց էր տալիս, թե տարբեր լեզուներում ինչի համար է բայը խոնարհվում նաև առաջին դեմք հոգնակի թվով, որովհետև այն գրեթե չի գործածվում: Հետո հասկացավ, որ դա նախատեսված է հատուկ նման դեպքերի համար, երբ այլ անձի հետ բնակվելու արդյունքում վերանում է Եսը, դառնում է մենք:

— Սիրում եմ ձեր մշակույթը,- ժպտաց Մարիան` քաղաքավարությամբ թաքցնելով, որ այդ «սիրում եմ»-ն իրականում նշանակում էր «գժվում եմ», որ իր կյանքի ամենամեծ երազանքներից մեկն Իռլանդիայում ապրելն էր: Իսկ Մայքն ու Լիզը նույն քաղաքավարի «Աաա»-ն արձակեցին` խոսակցությունը չշարունակելով:

— Ես Սերբիայից եմ,- ասաց Դունյան:

— Աաա,- այս անգամ Մարիայի հերթն էր, որ այս բացականչությունը նշանակում էր. «Ես սերբ համակուրսեցի ունեմ»:

— Բայց երկար տարիներ Ավստրալիայում է սովորել,- շտապեց ավելացնել Լիզը` բացատրելով Դունյայի` առանց օտար առոգանության անգլերենը:

— Իսկ դու որտեղի՞ց ես,- հարցրեց Դունյան, որը չգիտես ինչպես բաց էր թողել խոսակցության այդ հատվածը:

— Հայ եմ:

— Աաա,- ու սա նշանակում էր. «Մենք էլ թուրքերին չենք սիրում»:

Սկսվեց հարցերի հաջորդ շարանը.

— Ի՞նչ ես անում Բեռլինում:

— Սովորում եմ,- ու որովհետև գիտեր հաջորդ հարցը, անմիջապես ավելացրեց,- լեզվաբանություն:

— Այսինքն դու շատ լեզուներ գիտես,- հիացած բացականչեց Մայքը:

— Հա, բայց դա կապ չունի կլինիկական լեզվաբանության հետ: Ի դեպ, ժամանակին իռլանդերեն էլ եմ փորձել: Չկարողացա, շատ դժվար էր:

— Իռլանդերե՞ն: Ինչու՞: Ավելի անիմաստ լեզու չե՞ս գտել:

— Ճիշտն ասած, ուզում էի մի լեզու սովորել, որով աշխարհում քչերն են խոսում:

— Գուցե ուելսերեն փորձեիր: Դա իռլանդերենի չափ մեռած չէ:

— Ասում ես ի՞նչ լեզուներ գիտես:

— Ռուսերեն, հոլանդերեն, անգլերեն, շվեդերեն, ֆրանսերեն, գերմաներեն ու արաբերեն :

— Մենք մենակ անգլերեն գիտենք,- նորից այդ մենքը:

Խաղը սկսվեց: Շատ հարմար թիմ էր կազմվել. կինոների մասին Լիզն ու Մայքն ամեն ինչ գիտեին, Դունյան նկարչության,  ճարտարապետության ու պատմության վարպետ էր, իսկ Մարիան երաժշտությունից ու գրականությունից էր գլուխ հանում: Թեև խաղի կեսից պարզ դարձավ, որ հաղթելու հնարավորություն չունեն, ամեն դեպքում վերջին տեղերում էլ չէին: Մայքը, Լիզն ու Մարիան պիտի որ պատասխանեին Իռլանդիային վերաբերող բոլոր հարցերին, իսկ դրանք քիչ չէին, քանի որ կազմակերպիչներից մեկն իռլանդուհի էր:

— Ե՞րբ է Իռլանդիայի անկախության օրը,- հնչեց հարցը:

Մայքն ու Լիզն իրար նայեցին:

— Մենք տենց բան ունե՞նք… երևի պիտի գրենք` նման բան չկա:

— Չէ, կա,- պնդեց Մարիան,- ուղղակի չեք տոնում: Ապրիլի 24-ին է:

— Ամոթ մեզ, չգիտեինք:

— Ես էլ չէի իմանա, եթե…

Մարիան չհասցրեց խոսքն ավարտել: Հնչեց հաջորդ հարցը:

Ընթացքում մի քիչ գրականություն.

— Ո՞ր գրքում են իրադարձությունները տեղի ունենում Դուբլինում, չնայած բազմաթիվ էջերին, քսանչորս ժամվա պատմություն է, իսկ գլխավոր հերոսի ազգանունը Բլում է:

— Սա մենք գիտենք… հեղինակն անգլիացի է,- հայտարարեց Լիզը:

— Հա, հա, Դիքենսը չէ՞ր,- հաստատեց Մայքը:

— Բայց… «Ուլիսեսը»,- գրեթե շշուկով ասաց Մարիան` վախենալով վիրավորել իռլանդացիներին:

— Հա, ճիշտ ես, «Ուլիսես»:

Ու պատասխանների թերթիկին գրեցին. «Ուլիսես», Դիքենս:

— Ջոյս,- փորձեց ուղղել Դունյան, որը նույնպես հարցի պատասխանը գիտեր,- Ջեյմս Ջոյս:

— Չէ, չէ, մենք վստահ ենք, որ Դիքենսն է:

— Վերջին հարցը,- հայտարարեց խաղավարը,- ո՞ր նախկին սովետական պետությունն է վաղն իր անկախության քսան ամյակը

— Վաղն ամսի քսա՞նն է, թե՞ քսանմեկը,- հարցրեց Դունյան,- եթե քսանմեկն է, ուրեմն Բելիզի մասին հաստատ գիտեմ, բայց դա ի՞նչ նախկին սովետական պետություն: Համ էլ նրանցը քսանամյակ չէ: Մարիա, դու ի՞նչ կասես: Պիտի որ ավելի տեղյակ լինես:

— Գաղափար չունեմ: Նիդեռլանդներում եմ մեծացել,- արդարացավ Մարիան:

— Գրենք Ուկրաինա,- առաջարկեց Դունյան:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s