Հինգերորդ Մրցույթ-8

Իզաբելլա Համբարձումյան

Ծնվել եմ ՀՀ Մեղրի քաղաքում: Սովորել եմ Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում:
Աշխատել եմ թերթի խմբագրությունում և գրադարանում՝ շուրջ 25 տարի: Ստեղծագործելն այժմյան իմ հոբբին է:

\

Ի՜մ քսանմեկ…նվիրում եմ ՀՀ բանակի կազմավորման 20 ամյակին

Այսօր երազումս մի պահ հայտնվեցիր՝ երիտասարդ, ժպտադեմ. վազելով հեռացար մոտիցս և պատվիրեցիր՝ ՛՛Զանգի՛ր ինձ, համարս գիտես՝ 21՛՛:
Բացեցի աչքերս. աստվա՜ծ իմ, արդեն 20 տարի է անցել, ինչու՞ այսօր ինձ հյուր եկար, կրկին նախկին ծով թախիծը պարուրեց հոգիս: Կինոժապավենի նման հիշողությանս ամբարից պտտվեց անցյալի իրադարձությունների սկավառակը.
…Ճանաչում էինք միմյանց ու ներքուստ համակրում իրար, սակայն բարձրաձայնել չէինք համարձակվում:
Մայիսյան մի իրիկնամուտին զանգահարեց ինձ ու խնդրեց մի քանի րոպեով բակ դուրս գալ՝ կարևոր բան ունի հայտնելու: Չգուշակեցի հանդիպման իմաստը: Բակում մանր ու տաք անձրև էր մաղում: Բարակ, սև թիկնոցով էր, գրեթե վազեվազ, հևիհև մոտեցավ, կանգնեց դիմացիս .
_Բարի երեկո…
_Ասենք բարև… ինչ-որ բա՞ն է պատահել,-վարանած հարցրեցի:
_Չէ՜, ավելի ճիշտ՝ հա՜՜…բայց վատ բան չէ…պարզապես Արցախի կամավորական ջոկատի մի խումբ է կազմավորվել, ես էլ եմ ընդգրկված խմբում, վաղն առավոտյան մեկնելու ենք Արցախ: Զինվորական ուսապարկս պատրաստ է, որոշեցի մի քանի ընկերներիս ցտեսություն հայտնեմ, նոր ուղևորվեմ:
_Կատա՞կ ես անում, ինչ է…
_Չէ՛, ազնիվ խոսք, հանպատրաստից ստացվեց:
_Վահե՛, ախր նոր ես վերադարձել ծառայությունից, հայրդ չկա, մայրդ ու փոքր քույրդ ինչպե՞ս են դիմանալու:
_Ինձ հետ ոչինչ չի պատահի, թող ոչ-ոք չանհանգստանա: Ախր ես ծառայել եմ Արցախի սահմանամերձ մի տարածքում, այդ տեղանքներին քաջածանոթ եմ:Քույրիկս արդեն 10-րդ դասարանում է, կավարտի, մայրիկս էլ մանկապարտեզում է աշխատում, իր օրը երեխաների մեջ կանցկացնի:
Եվ թիկնոցի գրպանից ժպտալով մի կարմիր, թաց վարդ հանեց, թե ՝ ՛՛սա էլ կենտրոնի պարտեզից քաղեցի, կներես, ծաղկեփունջ գնելու ժամանակ չմնաց:
Կարկամած, շփոթահար վերցրեցի անձրևակաթիլներով ցողված վարդը:
_Հա, այս էլ հետո կկարդաս,- և ծոցագրպանից հանեց նոթատետրից պոկած մի թերթիկ, մեկնեց ինձ՝ խորիմաստ զննելով աչքերիս խորքը:
Բակի նեոնային լույսի գունատությունը համահունչ էր մեր երկուսի հոգեկան, զգայական գունավորմանը:
Սրտիս ճմլվածությունից ասելիքս խեղդվեց կոկորդումս. այնպե՜ս էի ուզում փաթաթվել նրան ու ասել. ՛՛Դու հրաշալի տղա ես, քեզ սիրում եմ, շա՜տ, շա՜տ եմ սիրում, բայց այդ ի՞նչ ես անում…՛՛
Սակայն աչքերս սառել էին, ձայնս խզվել, կոկորդս էլ չորացել: Միայն շրթունքներս կեղծ ժպիտ խաղացրին նրան՝ հրաժեշտի առթիվ:
_Դե՛ ես գնացի, մի՛ անհանգստանա, ես կապավոր եմ լինելու, ազատամարտն ավարտվի, առաջինը ձեր տուն եմ գալու:
Հավաքեցի ներաշխարհիս ողջ ճիգերն ու.
_Վահե՛, Վահե ջան, բոլորիդ ցանկանում եմ փորձանքներից հեռու մնաք, պահպանի՛ր քեզ:
…Ու նա, երևի ինձ մխիթարելու համար, բարձր ու իբր լիաթոք, ծիծաղեց, շրջվեց, արագ քայլերով հասավ շենքի անկյունին, ետ նայեց և ի նշան հրաժեշտի՝թափահարեց ձեռքերը:
…Եվ այսօր երազումս կրկին այցելեց ինձ: Ես Վահեի նվիրած վարդի թերթիկները պահել էի ՛՛Երազահան՛՛ վերնագրով գրքիս մեջ: Գրքի մեջ էի պահել նաև նրա նոթաթերթիկը, որտեղ գրել էր՝
Սպասիր, մինչև գամ, սպասիր մինչև ձյունը հալվի,
Մինչև արագիլը իր բույնը շինի…սպասի՜ր. գուցե մի քիչ ուշանամ…
Նոյեմբերին մի երիտասարդ տղամարդ զանգեց ինձ, թե նամակ ունեմ Արցախից: …՛՛Նամա՜կ՛՛…մամուլի էջի ծայրամասից պոկած մի պատառիկի վրա մատիտով գրված էր՝ ՛՛ես լավ եմ, չմտածես, շուտով բոլորս էլ գալու ենք՛՛: Այնքան արագ, ծուռումուռ գրված բառեր էին, սակայն ինձ համար անգնահատելի անգին բառեր. երանի՜ գրվածը իրականություն դառնար: Նամակաբերն ասաց, որ հենց ռազմադաշտում իր սեփական ավտոմատի վրա է գրել այդ կարճ, սակայն այդքա՜ն ցանկալի ու հարուստ ասելիքը:
Բացեցի գրքի էջը, այդ երկտողն էլ սուրբ մասունքի նման տեղավորեցի գրքի մեջ և ակամայից սկսեցի հաշվել չոր ու խշխշան վարդաթերթիկները. ճիշտ 21 հատ էին, այնքան, ինրքան էլ Վահեի տարիքն էր՝ մարտի գնալուց առաջ: Հիմա պարզ է, թե ինչու՞ երազում ինձ պարտադրեց զանգել՝ 21-ին… ավա՜ղ, զանգել հնարավոր չէ, դրա համար էլ գրում եմ, ըստ երևույթին հենց դա էլ ցանկացել էր Վահեն:
Դաժան ու ցրտաշունչ հունվարն էր: Անհանգիստ հոգիս ու մտքերս անվերջ թևածում էին ռազմադաշտերում: Մութ ու անլույս տարիներին տներում կարճ ժամանակով հոսանքի առկայության դեպքում բաց չէի թողնում Արցախին վերաբերող ոչ մի լուր: Վախենում էի սակայն զանգել Վահեի քրոջը՝ Աստղիկին, հարցնելու Վահեի մասին. ներքին ձայնս հուշում էր՝ որ եթե զանգեմ, լավ լուր չեմ ստանա:
Հունվարին ուժեղ բախումներ եղան թշնամու բանակի հետ: Բազմաթիվ հայ քաջորդիներ զոհվեցին մարտադաշտում: Թշնամու տանկի զոհ դարձան ոմանք, սակայն մյուսների հերոսական պայքարի շնորհիվ պայթեցվեց ոսոխի տանկը և գրավվեց անհրաժեշտ բարձունքը:
Հունվարի վերջերին պատահաբար հանդիպեցի Աստղիկին: Գունատ էր, իսկ սև գլխարկով ծածկել էր ճակատը: Նա արդեն համալսարանի պատմության բաժնի ուսանողուհի էր: Հարցականորեն նայեցի դեմքին՝ թե ի՞նչ կա… հասկացավ, գրեթե փղձկալով արտաբերեց.՛՛Վահեն էլ է զոհվել հունվարին… բերեցին փակ վիճակում…նույնիսկ դեմքը չտեսանք, կարոտ մնացիք ընդմիշտ՛՛:
Կոպերիս փթանոց ծանրությունի՞ց էր՝ աչքերիս լույսը խավարեց…Վահեի ձայնը լսեցի. ՛՛Սպասի՜ր….դիմացի՜ր…՛՛ Թուլացած մարմինս հենվել էր Աստղիկին:
_Ինչու՞…իսկ ես այնքան հուսով էի, որ նա իր խոստումը կկատարի, տուն կվերադառնա…
_Արի՛ Վահեին հյուր գնանք, դա քեզ էլ կթեթևացնի,-առաջարկեց Աստղիկը:
Գնեցի 21 կարմիր վարդ: Շիրմաթմբի վրա նոր տեղացած ձյունն էր նստել: Վարդերը սրտաձև դասավորեցի շիրիմի կրծքին, ասես ջերմ սիրտս էլ թողեցի սառ ձնաշերտի տակ. ՛՛Վահե՜, բայց դու խոստացար վերադառնալ… դա կյանքումդ իմ հանդեպ առաջին ու վերջին սուտն էր՛՛…
Դառնացած հոգով իջանք, լուռ ու մտազբաղ անցնում էինք դպրոցի բակի կողքով: Չնայած պատերազմական տարիների տնտեսական ճգնաժամին՝ այնուամենայնիվ  դպրոցներում պարապմունքները շարունակվում էին: Նոր տեղացած  մաքուր, թարմ ձյունը գրավել էր մի խումբ աշակերտների, որոնք բակում զվարճանում էին, միմյանց վրա ձնագնդիներ նետում: ՛՛ Տեսնես քանի՞ երեխա կա բակում՛՛: Հաշվեցի՝ 17-ը, էլի կային, համոզված եմ ՝ նրանց թիվն էլ է լինելու 21:
Այո, այժմ կարող եմ համարձակ  արտահայտվել. Վահեն զոհվեց այս և նման այլ 21 երեխաների զվարթագին առօրյայի համար, Հայաստանի և Արցախի ազատության և անկախության համար: Եվ մենք պարտավոր ենք հիշել, մեծարել, գնահատել հայ քաջազուն նահատակներին, քանզի նրանց արյան գնով ենք այժմ ապրում սեփական խաղաղ Հայրենիքում:
Փա՛ռք տանք Նրանց…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s