Վեցերորդ Մրցույթ-1

Ընտրություն

Թերևս, նոր բացահայտում արած չեմ լինի՝ ասելով, որ «մարշուտնի» հորջորջվող երթուղայինները վաղուց մեր առօրյա կյանքի անբաժան մասն են կազմում: Լույսը բացվելուն պես մարդիկ ինչ-որ տեղ են շտապում՝ մեկը դասի, մյուսը աշխատանքի, երրորդը՝ ինչ- որ գործով կամ պարզապես ուր պատահի. իսկ նպատակակետին հասցնողը, իհարկե, մարշուտնին է: Շատերի համար դա պարզապես փոխադրամիջոց է, որոշ բծախնդիր ուղևորների համար՝ հասարակության վարք ու բարքի տիպիկ դրսևորման միջավայր. ինձ համար, այդ երկուսից զատ, միկրո-ավտոբուսը յուրօրինակ անոնս է՝ կյանքի երկար ուղին իր մեջ ամփոփող:
Ներս մտնելով ու հետևից փակելով դուռը՝ ուղևորի առաջին գործը նստատեղիի ընտրությունն է: Նա ընտրում է այն տեղը, որն առնվազը հաճելի ընթացք ապահովելու երախշխիքն ունի: Իսկ այդ «հաճելին» տարբեր կերպ է ընկալվում տարբեր ուղևորների կողմից: Երբևէ ուշադրություն դարձրել ե՞ք, թե որ նստատեղին եք դուք ընտրում երթուղային մտնելիս: «Դե որն ազատ է, էնտեղ էլ նստում ենք, էլի», կասեք դուք: Այո՛, այո՛, դուք ճիշտ եք, բայց երբ հանգամանքները այլ են, երբ բոլոր նստարանները գրկաբաց ձեզ են սպասում, այդ դեպքում ինչպե՞ս եք վարվում: Երևի տարօրիանակ բան եմ հարցնում ու երբևէ չեք էլ մտածել ենթագիտակցորեն արված ձեր ընտրության մասին, անկեղծ ասած՝ ինքս էլ երբեք այդ մասին չէի մտածել, մինչ այն պահը,երբ առաջին անգամ, կատարեցի ոչ ինձ բնորոշ մի սխալ ընտրություն, որը, անշուշտ, խախտեց հաճելի ընթացք պարգևող ճանապարհի ընթացքը:
Առհասարակ, երթուղային մուտք գործելուց հետո, առանց մի վայրկյան իսկ տատանվելու, ընտրում եմ միայնակ նստարաններից մեկը. սիրում եմ միշտ առանձնանալ, լինել ինքս, դեգերել իմ հոգեվիճակի, զգացմունքների ու մտքերի աշխարհում: Միայնակ լինելու հստակ ընտրություն եմ կատարել նաև կյանքում. շտապեմ ասել,որ ես դրանից բոլորովին էլ չեմ վհատվում, ընդհակառակը, սիրում եմ չվախենալ ու չխուսափել՝ բոլորի համար այդ անցանկալի համարվող կյանքի ընթացքից: Միայնակ ուղևոր լինելու առավելություններն ավելի հստակ ուրավգծվեցին ինձ համար հենց այն պահից, երբ միայնակ նստարանների զբաղված լինելու պատճառով, ստիպված եղա զբաղեցնել երկտեղ նստարան, որի երկու նստատեղիներն է էլ դեռ չէին գտել իրենց ուղևորին: Իհարկե նման պարագայում միշտ նախընտրում եմ պատուհանի կողմը նստել,որպեսզի գոնե ինչ-որ չափով կարողանամ ինձ առանձնացած զգալ՝ հերթական անգամ փորձելով թափանցել իմ իսկ մտքերի խորքը՝ համոզված լինելով, որ շուրջբոլորս կատարվող ոչ մի բան չի կարող ինձ շեղել կամ անհանգստացնել, մի խոսքով, խախտել ինձ համար հաճելի ընթացքը: Այնուամենայնիվ, առաջին իսկ ուղևորների ոտնաձայները սկսում են ինձ անհանգստացնել. սրտատրոփ սպասում եմ, թե տեսնես ով է լինելու իմ ուղեկից-կողակիցը: Անհանգստությունս փոխվում է հիասթափության,երբ քայլերը,որոնք հազիվ մոտեցած,արդեն հեռանում են՝ ինձ համակելով չընտրված լինելու տհաճ զգացումը: Ու հերթական անգամ համոզվում եմ, որ ինքնակամ միայնակ լինելու ընտրությունից ավելի լավ բան չի կարող լինել, չէ՞ որ այդ պարագայում երեբեք չես բախվի չիրականացված սպասումների տհաճ զգացողությանը, հիասթափության կամ հուսահատության հետ. աննախադեպ ոչինչ լինել չի կարող,դու գիտես,որ միայնակ ես,ոչ ոքի չես սպասում ու տհաճ անակնկալների հնարավորությունը հասցված է նվազագույնի: Իսկ երկտեղանի նստարանում ուզես-չուզես, ի վերջո՝ բախտի բերմամբ, թե պատահմամբ, կողքդ մեկը հայտնվելու է, և ոչ միայն մեկը, այլ միանգամից մի քանիսը, որովհետև մոտակա կանգառում յուրաքանչյուր նախորդը շտապում է իջնել, չհիշելով անգամ դեմքիդ ինչպիսին լինելը…
Ու թեև, այդ անգամ, քիչ-քիչ համակերպվել էի իմ ուղեկիցների չավարտվող հերթափոխին, բայց ինձ դուրս չէր գալիս բախտի քմահաճույքով բաժին հասած ուղեկիցների երևույթը, չէ՞ որ նրանք հայտնվում են քո կողքին հենց այն պարզ պատճառով, որ ուրիշ ազատ տեղ չկա, հո կանգնած չեն մնալու… Չէ, երբեք չէի ցանկանա իմ կողքին մեկը հայտնվի կանգնած վիճակում, քանզի կարծում եմ, որ կանգնած մնալն ու կողքիդ չնստելն էլ պետք է համարել նույնպես գիտակցված ընտրություն…
Թերևս ասվի, թե այս բնութագծերով՝ ես դատապարտված եմ միայնության, բայց դա այնքան էլ ճիշտ չէ: Չէ՞ որ կյանքում չնախատեսված հաճելի անակնկալներ էլ լինում են: Երբ գալիս է հերթական, բարի չարաճճիությունն անելու պահը՝ նախախնամությունը չի զլանում մատուցել իր անակնկալը: Ով գիտե՞, գուցե՞ իմ ուղեկիցը լինի հենց այն մարդկանց շարքում, ովքեր նստարան չլինելու պատճառով կանգնած են մնացել: Եթե դա այդպես է, ես բնավ չեմ վարանի նույնիսկ իմ միտեղանի նստարանը կիսելու հենց այդ ուղևորի հետ: Չէ՞ որ, երբ երկու հոգի սիրում են միմյանց, միաձուլվում են, դառնում մեկ մարմին, այդ դեպքում մեկ նստատեղին էլ լրիվ կբավարարի, մի՛ մտահոգվեք:
Եվ մինչ ես իմ սխալ ընտրած նստարանի բեռն էի կրում, սկսեց անձրևել: Հետզհետե ավելացող կաթիլները ասես զգալով, որ ես հարազատ մեկի կարիքն ունեմ, տկտկացնելով ավտոբուսի պատուհանին՝ սկսեցին զրնգուն, աղմկոտ, գուցեև թախծոտ զրուցել՝ իրենց խոհերը կիսելով ինձ հետ: Որքա՜ն տարբեր են նրանք:Մեկը վախեցած կպել է ապակուն ու վախենում է ցած գլորվել, վախենում է այլևս գոյություն չունենալ, մոռացվել. վախենում է այն մտքից, որ իր վերջին հանգրվանը կոյուղին կամ ջրափոսն է լինելու: Իսկ գու՞ցե ինքը դրա համար չի ծնվել,գու՞ցե ծնվել է մեռոնի կաթիլը լինելու համար, բայց ենթարկվել է ճակատագրի անագորույն խաղին… Իսկ,ահա, այս կաթիլը,պատուհանին ընկնելուն պես, շտապում է ցած գլորվել: Նա ինքնամոռաց գնում է դեպի իր վախճանը,երևի նրա համար կյանքը կորցրել է իր երբեմնի իմաստը, որով պայքարելը այլևս դարձել է անիմաստ: Որոշ կաթիլներ, ուղևորների պես կատարում են իրենց ընտրությունն ու գտնելով իրենց կեսը միաձուլվում են ու միասին հոսում դեպի կանգառ… Իսկ մի քանիսը այնպես էլ միայնակ, տրված երթուղայինի ուժեղ ցնցումներին, դողդողալով շարժվում են ապակու վրա՝ հավատարիմ մնալով իրենց ուղեծիրին: Գուցե նրանք, ճիշտ ժամանակին ու ճիշտ վայրում, չեն գտել իրենց կեսին, կամ պարզապես, երկնքում չեն պայմանավորվել երկրի վրա իրենց հանդիպման մասին: Ամեն դեպքում, ցավոք, արդեն շատ ուշ է որևէ անփութություն շտկելու համար, քանի որ կյանքում հնարավորությունը միայն մեկ անգամ է տրվում մարդուն կամ… կաթիլին: Ես լսում եմ իրար միաձուլված զույգ կաթիլների զվարթ քրքիջներն ու ամբողջ հոգով ուրախանում նրանց երջանկությամբ: Ի՜նչ լավ է երբ որոշ դեպքերում ճակատագիրը հրեշտակային բարություն է կիրառում…
Այսպես, թե այնպես, վերջին կանգառում երթուղայինը լրիվ դատարկվում է՝ սպասելով նոր ուղևորների…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s