Վեցերորդ Մրցույթ-11

Ազնիվ ձեռքեր

<<Հիրասոֆիա`հին գիտություն, որն ուսումնասիրում է ձեռքերի խորհրդի վերծանմամբ, սակայն սա էլ դժվարացավ այս ձեռքերի ծալքերի մեջ…>>:
…Մթության մեջ, ուր մերթ ընդ մերթ լույսի շողն էր արձագանքում, շարժվում էին թաղանթով պատված մետաքսե երկու փոքրիկ թելեր, որոնք սրտի ներդաշնակ համաչափությամբ վեր ու վար էին անում: Ամիսներ անց ձգվեցին դեպի լույս, և ինչ-որ մեկի սառնասիրտ ձեռքերն անմիջապես նրանց ջրոտ`կյանքին երկրպագող անհանգիստ գլուխները խցկեցին սավանի մեջ: Ժամեր հետո նորից արձակվեցին պինդ կապերը և արդեն ուզում էին զրույցի բռնվել իրար հետ, երբ դիպան ինչ-որ տաք փափկության: Անասելի խենթացում պատեց նրանց. կառչել էին տաքությունից արծվի փոքր մագիլների պես: Թաթիկներն զգացին կաթի հոսքը, որը ներսից մամռակալ հոսում էր մեկ կլթկլթալեն, մեկ հանդարտ` առանց հնչյունի: Հետո շոշափեցին գեղեցիկ դիմագծեր. դեռ մանր մատները խրվում էին հրճվող այդ փոսիկների մեջ, թաթիկներին փչում էր կաթի սնող շունչը: Մոռանալով քիչ առաջվա մոլեգնությունը` խաղաղվեցին…Երազում օրորվում էին տերևի վրա փռված ու վերևից իջնում էին ցած ,հետո խորքից ուժգնորեն բարձրանալով`նորից նույնը կրկնվում էր մոր շնչառական թեթևության շնորհիվ:
Դրսում հովը մի պահ նրանց կծկեց, ու քաշվեցին պատյանի մեջ, բայց քիչ-քիչ դրան էլ ընտելացան և հաճույքով էին շնչում գարնան բույրը, որի մեջ զգացին բացվող ծակոտիներն ու բազմազան բույսերի կերակրող համը: Փորձեցին ծանոթանալ միմյանց հետ, բայց ոչ խոսել գիտեին կարգին, ոչ էլ կենտրոնանալու ժամանակ էր լինում. անընդհատ որևէ կպչուն բան գգվում էր իրենց. այս համբույրները լինում էին նախանձակռինչ, որից ինքնապաշտպանական կլորություն էին վերցնում: Շատ էին նաև կոպիտ շոյանքները ու մեղմիկ գգվությունը, բայց սրանցից ոչ մեկը չէր բերում այն թախծալի թմբիրը, որը շնորհում էր մոր թույլ համբույրի հետ արցունքի գլորվող կաթիլը…Սա էր կյանքի ելքը:
Ձեռքերը վարժվել էին տիրոջից տրված անուններին`Աջ և Ձախ: Մեծանում էին օր օրի, գուցե ժամ առ ժամ`նայած թե ինչ հաճախականությամբ էին օգտագործվում: Մեկը մյուսի հետ համերաշխ էին, մինչ այն պահը, երբ վերևից ուղեղն ու սիրտը խնդիրներ ունեցան ու մնացին թշնամիներ հետագայում: Դա պատահեց մոտավորապես չորս-հինգ տարեկանում: Գնացել էին այգի: Ուռենիների կլորված ճյուղերը հովհարում էին, մանուկների բզզոցն ու իրենց նման փամփլիկ թաթիկները հրապույր գծեր էին քաշում խաղերի մեջ: Աջն ու ձախն էլ տարվելով ընդհանուրի զվարթությամբ`փաթաթվեցին աղջնակի երկար վարսերին ու շոյեցին ներքևի սպիտակ թաթիկները, երբ հանկարծ մի հսկա թաթ շրմփաց նրանց գլխին: Զարզանդեցին, ձախն անմիջապես կծկվեց, սրտի խորհրդով խղճաց արցունքոտ տիրոջը`երբ հարվածում են, մյուսն էլ դեմ տուր, սակայն աջը ուղեղի հրամանին ականջալուր`չկարողանալով զսպել արթնացող ոճիրը, բռնեց անկոչ հսկայի մատը և կծեց ատամների զինվորներով: Զինվորիկները որսալով արյան հատիկները`խելագարի պես ինչքան կարող էին մխրճվեցին մսի մեջ: Ահա այստեղից ծագեց թշնամական վերաբերմունքը`խիղճն ու պաշտպան գոյությունը մեկը մյուսի նկատմամբ, և կիսվեցին, Ձախը`սրտին, Աջը`ուղեղին, բայց միշտ կարոտով նախկին միատեղ կյանքին:
Ձեռքերն իրենց տիրոջ հետ շատ չէին շփվում`դե նրա հոգին խորն էր ու անհաս, իսկ ահա ուղեղն ու սիրտը միշտ պատրաստ էին հրամայելու, չնայած նրանք էլ երբեմն ընկնում էին անորոշության գիրկը, և ձեռքերը մնում էին ներքին մղումների հույսին: Կար նաև պատկերավոր մեկը, որն իր ներկայությունը հազվադեպ էր ձեռքերին ցույց տալիս`հոգուց բխող երևակայության թագուհին էր դա: Նրա գալով ձեռքերը երկրաշարժի փլուզումներով մեկ ձգվում էին վառ աստղերին, մեկ երկիրն էին բռի մեջ առնում ու հասնելով ամպի կույտին`լող էին տալիս մինչ տիեզերք…
Նրանք պարապ ժամանակ փորձում էին ծանոթանալ իրենց հետ մի մարմնում ապրող բնակիչների հետ: Կային աչքեր, սրանք գոռոզ էին, շատ բան տեսածի կարճությամբ էին հարցերին պատասխանում, բայց չէ որ իրենք էին լուսաբացին ճպուռներից նրանց քանդում: Աղին կար իր նմաններով, սրանց հետ գրեթե ոչ մեկը չէր խոսում`համարելով զզվելի և ապրում էին անհուն խորքում, մութ տեղանքում, ու միայն ձեռքերն էին դրսի մարմնապատից զգում նրանց ցավը:Օրինակ`ստամոքսը, շատախոս էր, բայց սրանից նույնպես խուսափում էին, որովհետև միակ թեման ուտելիքն էր`կերակուրը: Առանց համի զգայության`սրան էլ էին կերակրում: Լեզուն շան պոչի նման խաղում էր կեղծիքի մեջ, և դրա համար նրան ատում էին ձեռքերը, որոնք միշտ ճմռվելով ճիշտն էին հուշում դիմացինին: Շատ էին մարմնում բնակվողները ինչպես աշխարհում`տարբեր բնավորություններով ու հակումներով: Այս բոլորից ամենից շատ ձեռքերն էին, որ կատարում էին յուրատեսակ, տարօրինակ ու տանջալի ամեն բան:
Գիշերը բոլորը քուն էին մտնում, բայց ոչ երբեք խիղճն ու պաշտպան գոյությունը`Ձախն ու Աջը: Նրանք միշտ հսկում էին տիրոջ թանկ երազները: Հանկարծակի վրա հասած դառնությունը իրենք էին ուժգին ցավով բռունցքներում անէացնում: Իսկ տերը իր երազում օրորում էր լուսնի շողը ու մեկ-մեկ էլ այն ընդունելով գերանի տեղ`ոտք էր դնում նրա վրա ու շրմփում էր երկիր :
Գոյություն ունեին զորեղ պահեր, երբ մարմինն ու նրա ներսի անդամները միանում էին նույն հարկի տակ մի մտքի մեջ`դա լինում էր ադամամութ շղարշի տակ: Հովն էր բերում ունայնության գիտակցումը, ու խաչվում էին ձեռքերն իրար և համերաշխ լռության մեջ զգում էին մեկը մյուսին: Փոխանցվելիք միամշակ տրոփյունը այդ պահերին հասկանում էին, թեկուզ անգամ հակառակ էին նրանք կյանքում`խիղճն ու պայքար հաղթ բազուկը, սակայն մի ալիք թեթևակի նրանց տարուբերում էր`սիրտն էր նրանց խաղաղեցնում:
Պատանության տարիներին առնական տեսք ստացան, ու այդ ընթացքում էր, որ նկատեցին մարգարտափայլ ձեռքերին: Խոսք չկար`տերը դանդաղում էր, իսկ ահա Աջը ինքնաբերաբար չդիմանալով նրանց հեզ շարժումներին ու մատների բարակիրան օրորվելուն`կիսակլոր փարվեց ափին, մյուս վայրկյանին արդեն ամուր բռնել էր խաչված մատներով:
Եվ մի օր էլ Աջն ու Ձախը նկատեցին կեղծ շարժումով քաշքշողին բարակիրան նույն ձեռքերին`տրորվեցին, տենչը բռունցք հարվածեցին, այս անգամ Ձախն ակտիվ էր`սրտից բխող կատաղությամբ Աջի կողքին պաշտպանվում էր և հարվածում`սերն էր:
Նորապսակ սերն էր մղում նրանց առաջ: Երբ արյունոտ գլուխներով փորձում էին հանգստացնել սպանող բնազդը`մեծ մատանին բթամատին ինչ-որ մեկը պինդ ծալելով նրանց ուսին, ցույց տվեց շուրջ բոլորին.<<Ահա տեսեք`սրանցով էր սպանելու>>: Աջն ու Ձախը գազազած էին`անօգնական դրությունից փրփրած, ծանոթ էր դա, հին էր մինչև նոր ծնվելը, երբ սառնասիրտ սրա տիպի կոշտուկներով խցկում էին սավանի մեջ…Աչքից կաթած առաջին արցունքը մի նոր ակոս քաշեց ձեռքին, ինչ էր տեսել, ակնհայտ էր, պաշտպանված սիրածին էր տեսել լիրբ ճչացող.<<Դու գազան~ ես, կատակում էինք մենք նրա հետ>>: Հիասթափված ձեռքերը կողից կախված տարուբերվող ձողերի պես շարժվեցին. ծխախոտն ու երիտասարդի դառը ծուխը խուտուտ տվեցին կոկորդից ներս, իսկ ձեռքերին խավար ծխի քուլա շերտավորվեց…
Երբ աղոթքի պարզվեցին`Ձախը, որը խիղճն էր`թուլանալով կախվեց, հետո հիշելով գալիք օրվա մի գործարքը`գաղտագողի գրպանը մտավ ու համրում էր գումարները բաժան-բաժան, այդ ընթացքում`Աջը վերում խաչ էր քաշում ճակատին մոտ:
Տարիներն անցնում էին, իսկ արկածները տարիներից էլ առաջ էին ընկել, որպեսզի հետո հիշողության խորքում սեղմվեին ծալքերի լռությանը: Ձախը զայրանալու առիթներ շատ էր ունենում, ինչպես չնեղանար, երբ աջի անտրամաբանական արարքների պատճառով հավասարապես ինքն էլ էր տուժում, քիչ չէին դեպքերը, երբ աջը տեսած թմբլիկ մաժմժողի`հրամանն էր վերից իջնում.-Շուտ բարևի`արագացրու, իսկ Ձախը եռման սուրճը ձեռքին կարմրում, ամոթից վառվում էր խաշվող ցավից…սակայն բարի էր Ձախի ներշնչանքի աղբյուրը և հոխորտալուց հետո անցնում էր շոյելու Աջի մարմինն ու չհասկացված ծակոտիները:
Հակառակված երկուսն իրար ապրում էին`խիղճն ու պաշտպան գոյությունը, առանց Ձախի մյուսը մահ էր, առանց երկրորդի մուրացկանի դեմը դրված մի քաթան էր, որ միշտ խղճային ու մի կոպեկ վրան գցեին:
Ու մի օր էլ քրտինք պատեց Աջի դեմքին`հավատով վեր բարձրացավ բռունցք արած`վրեժն էր ճզմում ծալապատիկ մատների մեջ.<<Դեպի կռիվ…>>: Զենքը պահված թշնամու կրծքին, հանկարծ դողաց Ձախը կրկին.<<Մարդ է մեզ պես>>, սակայն Աջը շատ բան ուներ դեռ մաքրելու ու սեղմելով արյուն թափեց`մեջը դրած նպատակներ…
Պատերազմից վերադարձան`ծերացած էին, իրենց ափին մահացող ընկերոջ վերջին կանչն էին բերում երկիր: Տեսան մորը կործանվածի`քրտնքախաշ մարգերի մեջ ուռած ոտքով`գործ անելիս և փարատելով իջան սպասումից մաշված ափին:
Հետո ծիծաղ ու հռհռոց`Աջի երեսին մի սպի էր կեռով քաշվել, և բեկորն էր երկաթադեմ միջից ցցվել, ու մյուսները հրճվում էին.<<Ինչու? կռվեցիք դուք, չէ, հարմար չէ, գրասենյակային գործ է, իսկ ձեր ձեռքը…ներեցեք, բայց կվանի հաճախորդին>>: Մոլեգնած էին`այդ ընթացքում, մինչ կռվում էին ոսոխի դեմ, սրանք մտած իրենց որջը, գրասենյակ էին մեղմիկ տաշում: Հիշեց մայրական առաջնորդող կյանքի շունչն ու կարոտեց`երկնքի պես կապույտ ծորաց սրտին, հիմա վառոդ`միայն վառոդ քուլա-քուլա իր ձեռքերին:
Նորից սիրեց`ձեռքը տարավ ստինքներին, մաշկի տակից երակները պիրկ ուռչեցին`գրկեցին մեջքը գեղեցկուհու, սեղմվեցին նրա շուրջը վահան դարձած անգամ քամու սուլող թևին, իսկ երբ դիպան շրթունքներին`սա շշնջաց.<<Ախր մի գործ պետք է գտնես, իսկ եթե ոչ`Եվրոպայում քեզ կհարգեն…>>: Եվ ծալվեցին ու խաչվեցին հետ քաշվելով`դողդողացին.<<Հեռու կացեք, սպիս շոյող հեզ թաթիկներ, ձեր մտքում է ադամանդով մատանիներ ու ոչ մի սեր`սերը մեռավ այն աչքերում, որոնք կաղի կողքով քայլով աչք են նետում ոսկով լցված ծանր բազկի>>:
Մտորումի ծանր բեռը պինդ լլկելով ձեռքի ցավը`ամուսնացավ: Առաջնեկի գլուխը շոյում էր միշտ Ձախ ձեռքով: Վախենում էր, եթե տեսնի Աջի սպին մանկական հարցը չի հապաղի: Պետք էր գալու կեղծից հեռու մի պատասխան.-Հերոսական վերք ա տղաս ու կպատմեր իր վերքերից :
Սակայն տերը դարման գտավ սպին դեմքին Աջի համար.<<Թող միշտ մնա նա գրպանում`համարձակ է, աններելի համառությամբ հիշեցնում է այս խեղճերին մահվան մասին, իսկ դու գիտես Ձախ իմ բարի նա ամեն ինչ կտապալի, հիմա այստեղ այս վայրկյանին մեզ պետք է ամուր գոտի, որ չպայթեն սովից քնած աղիները>>:
Եվ շատերը ուղեղների փամփլիկ ձայնով հաղորդեցին.<<Գտեք դրանց աջ ձեռքերը ու կտրտեք`պոկեք ջիղը հին կտակի, մենք ենք տերը դրանց կյանքի, էլ ինչ հերոս, որբ և այրի ձեռ~ եք առնում, հավատացեք, երբ դուք տեսնեք, թե ինչպես է մի աղջնակ քրջերի մեջ հեկեկալով դիմում հորը զոհված մարտում, վեհացնում է, բայց հիշելով դառնությունը`ունևորի բակը սրբող մոր դանդալոշ գոյությունը ու լսում է բակի տիրոջ հռհռոցը նրան տեսած.<<Հլը նայեք, երբ խնդում ա էս կնիկը, ոնցոր հրեշ`ընդամենը երկու ատամ ունի բերնում…>> Անիծում է այս աղջիկը, հորը հողում տրորում է հաղթած սիրտը`շատ դեպքերում նա հանգում է նրանց մտքին.<<Եվ ում? համար, միթե? սրանց>>: Սրանք, որ համակ տարիների ընթացքում նկատեցին ու բամփեցին իրենց գլխին: Եվ հաղթական Աջը տեսած այս ամենը վախենալով կտրվելուց`քաշվեց գրպան, ձախն էլ դարձավ թեք գծերով սողացող օձ կամ կնճիռավոր կրիայի գլխով մի կենդանի:
Ու մոռացավ տերը Աջին: Սովորությամբ միշտ գրպանում ապրեց կյանքը խեղճ բարությամբ.<<Դե, կռիվ էր, անցավ գնաց, կարևորը ձուկ առնողը չնկատի աջիս վերքը…>>, ու հիշում էր, երբ մի անգամ մոռանալով դուրս էր քաշել հաշմվածին`մի գնորդ հետույքն էր տարուբերել.<<Զզվելի է~, չեմ հասկանում`ձեռնոց հագեք, սա ինչ բան է…>>: Հագավ ձեռնոց:
Երբ մահացավ տիրոջ սիրտը`ձեռքերն ասես նոր կյանք մտնող նույն ցնցումով վեր հառնեցին: Աջը դրին ձախի վրա, և բոլորը նկատելով հաղթական սպին`ակնթարթում Աջը բռնած գլխից վերև`նկարվեցին ու պահ տվին ընտանեկան մեծ ալբոմին: Այնտեղ գրվեց`<<Ձախը երբեք թող չիմանա Աջի վերքն ու տառապանքը>>: Մտամոլոր`<<լուրջ դեմքերով>> հերոսացրին: Իսկ ձեռքերը հետ գնացին նույն խավարին և մեխվեցին դագաղից ներս: Անցան ժամեր, գուցե օրեր, որդը կերավ Աջի սպին ու հոշոտեց բյուր ծալքերը հաղթանակի…
Այդ սերունդը իր հաղթական բազուկների ակոսներից ամաչելով`հեռանում է մոտավորապես հենց այս ձևով:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s