Վեցերորդ Մրցույթ-15

Հանդիպում մանկության ընկերոջ հետ

Անհամբեր եմ:
Խոհանոցի դատարկ շշերի անկյունից ընտրեցի մեծերից մեկը, մեջը ջուր լցրեցի ու տեղավորեցի ուսապարկիս կողքի ցանցավոր գրպանիկում. գուցե ճամփին ծարավեմ: Արդեն պատրաստ եմ, կարող եմ դուրս գալ: Բանալին պտտեցրի առաջին անգամ. չմոռանամ փակել: Երկրորդ անգամ. ապահովության համար: Ձեռքերս դողում են: Անհամբե՞ր եմ:
Հեծանիվով սլացա դեպի կայարան, կանգնեցրի մնացած հեծանիվների կույտի մեջ ու քայլեցի դեպի գնացքները: Քիչ մնաց. ընդամենը երեսուն րոպեից կտեսնեմ մանկության ընկերոջս` Թոմին: Անհամբե՞ր եմ: Էն էլ ոնց: Բեռլինից Էբերսվալդե մեկնող գնացքը շուտով կգա ու ինձ կտանի Թոմի մոտ: Կճանաչե՞մ նրան: Շատ էլ որ Ֆեյսբուքը կա: Տնաշենը մի նկար էլ չի դնում: Էխ, Թոմաս, առաջվա թըմբը՞լն ես մնացել, թե՞ նիհարել ես: Մազերդ էլի երկարացնու՞մ ես, թե՞ ինչ ինքդ քեզ վրա իշխանություն ունես, կտրել ես: Բեղ-մորուք պահու՞մ ես, թե՞ ամեն առավոտ պարտաճանաչ թրաշվում ես:
Գնացքը եկավ: Ըհը, նստեցի ու դեմքս հենեցի պատուհանին: Թոմին վերջին անգամ քսան տարի առաջ եմ տեսել: Հինգերորդ դասարան էինք: Ուսումնական տարին պրծավ, ու Թոմը հետ գնաց Բելգիա` պապայի մոտ: Դրանից հետո խեր-խաբար չկար: Ու հանկարծ մի շաբաթ առաջ Ֆեյսբուքով ընկերության առաջարկի հետ մի կարճ նամակ է գալիս. «Լսել եմ, որ դեռ Բեռլինում ես ապրում: Մի ամսով Էբերսվալդեում գործուղման եմ: Չհանդիպե՞նք»:
Բոլոր կանոններն ասում էին, որ Թոմը պիտի Բեռլին գար, ոչ թե ես Էբերսվալդե մեկնեի: Մինչև հիմա հին ընկերներիցս ով տարածքում հայտնվում էր, միշտ նրանք էին ինձ հյուր գալիս` հաշվի առնելով իմ` կենտրոնական տեղում գտնվելը, ու նրանց` Բեռլինը տեսնելու ցանկությունը: Բացի դրանից, աշխարհի որ ծայրից էլ գար, անհնար էր, որ Բեռլինով չանցներ: Թոմը երկու ոտքը դրեց մի կոշիկի մեջ, վայ-վույը կապեց թե` ես մոտդ էկողը չեմ, դու արի Էբերսվալդե: Մի քաղաք էլ լիներ: Անդուր-անհետաքրքիր, տիպիկ արևելագերմանական քաղաք էր, որտեղ միայն մի անգամ էի եղել: Արդեն չեմ էլ հիշում, թե ինչ էի կորցրել այնտեղ:
Եվ ուրեմն որոշեցի շաբաթ-կիրակիս Թոմին նվիրել: Բայց էդքան ժամանակ ի՞նչ էինք անելու: Իրար ասելիք կունենայի՞նք: Ի՞նչ իմանամ, թե ինչ մարդ է ստացվել Թոմից: Փոքր ժամանակ իրար կիսասիրահարված էինք: Դպրոցի հետևում թաքնվում էինք ու իրար նայում: Դրանից ավել բան չենք արել, լուրջ եմ ասում: Սկի իրար ձեռք չենք բռնել: Չէ, սխալ եմ ասում: Երկրորդ դասարանում իրար տրուսիկ ենք ցույց տվել, ու ես նախանձում էի Թոմին, որ արջուկներով, ոչ թե փոռիկներով տրուսիկ էր հագել: Հետո շուխուռ գցեցի, որ Թոմի տուտուզին արջուկներ կան: Կարծեմ ծնող-մնող կանչեցին, որովհետև մի անգամ դասերից հետո մամաս բացատրեց, որ տրուսիկ ցույց տալ չի կարելի:
Ի՞նչ գործ ուներ Էբերսվալդեում: Փաստորեն Թոմի մասին ոչինչ էլ չգիտեի: Էնքան մեծ էր ոգևորությունս, որ հարցեր չտվեցի. ի՞նչ մասնագիտություն ունես, ինչու՞ ես գալիս Էբերսվալդե, ավելի կարգին քաղաք չկա՞ր, վերջը հասարակածին հասա՞ր: Դեռ էն ժամանակներից միշտ ասում էր, որ հասնելու է հասարակածին ու կանգնի` մի ոտքը հյուսիսային, մյուսը` հարավային կիսագնդում:
Ու մեկ էլ ուղեղս ծնգացրեց, որ բան մոռացել եմ: Ուսապարկս բացեցի, որ համոզվեմ: Հա էլի, մոռացել եմ Թոմի համար պատրաստած խորհրդանշական նվերը` էն ժամանակների մեր սիրած գիրք «Մաթիլդան»: Ի՞նչ անեմ: Դեռ շատ չեմ հեռացել, ընդամենը մի կայարան: Որ ուզենամ, հետ կգնամ, հաջորդ ժամվա գնացքը կնստեմ: Բա որ դուրը չգա՞, որ «Մաթիլդան» եմ նվիրում: Ասի` ավելորդ սենտիմենտալություն: Կամ էլ չասի, մեջը պահի, ինձ էլ թե` վայ, շնորհակալ եմ, միշտ ուզեցել եմ «Մաթիլդայի» սեփական օրինակն ունենալ:
Գնացքը կանգնեց, ու ես ինձ դուրս գցեցի, նստեցի հակառակ ուղղությամբ շարժվողը: Հասա իմ կայարան, հեծանիվս վերցրի ու սլացա դեպի տուն: Ճամփին երևակայությանս զոռ եմ տվել: Երևի սենց էլ պետք ա լիներ: Հիմա էդ գնացքի հետ մի բան կկատարվի: Ասենք, կպայթի, ու ես կուրախանամ, որ «Մաթիլդան» մոռացել էի: Ճակատագիր էր. փրկեց ինձ: Թոմը կանհանգստանա: Իսկ ես կգրեմ նրան, որ հաջորդ գնացքով եմ գալու, «Մաթիլդային» շնորհակալություն ասա: Կասի` Մաթիլդան ո՞վ է, բայց չեմ տեսնի հարցը: Իսկ երբ հանդիպենք, պինդ գրկախառնվելուց հետո նրան հանձնեմ գիրքը ու բացատրեմ, թե ինչ է տեղի ունեցել, կժպտա: Չէ, չգիտեմ ինչ կանի, բայց հաստատ անռեակցիա չի մնա:
Մտա տուն: Հա էլի, «Մաթիլդան» սիրուն փաթեթավորված, դրված էր սեղանին` աչքիս առաջ, որ իբր չմոռանամ: Դրեցի պայուսակիս մեջ, կոմպը միացրեցի, որ Թոմին գրեմ ուշացման մասին: Ձեռքի հետ էլ լուրերը ստուգեցի: Չէ, Բեռլին-Էբերսվալդե պայթող գնացքի մասին ոչ մի տեղեկություն չկար: Երևի դեռ չեն հասցրել հաղորդել էդ մասին: Դե լավ հա, ուրեմն ճակատագիր չէր: Գիրքը մոռացել էի, որովհետև անջո եմ, ոչ թե որովհետև պիտի պայթող գնացքից փրկվեի:
Դուռը փակեցի: Չեմ հիշում` բանալին մի անգամ պտտեցրի, թե երկու, թե ընդհանրապես չպտտեցրի, բայց հետ գալու ու ստուգելու ժամանակ չկար: Նստեցի հեծանիվս ու դեպի կայարան: Այ հիմա հաստատ քիչ մնաց. կես ժամից Թոմին կտեսնեմ:
Թոմն աշխարհագրություն շատ էր սիրում: Դասի ժամանակ միշտ մրցում էինք, թե ով ավելի շատ մայրաքաղաքներ գիտի: Երբ համոզվեցինք, որ երկուսս էլ բոլոր երկրներինը գիտենք, անցանք գետերին ու լճերին, սահմանակից պետություններին, լեռներին ու ձորերին, ծովերին ու օվկիանոսներին: Բայց էն ժամանակ Էբերսվալդեի մասին խոսե՞լ ենք: Չէ, մեզ համար Գերմանիան Բեռլինով էր սկսվում ու ավարտվում:
Նստեցի հաջորդ գնացքը: Դեմքս հենեցի պատուհանին ու գոհունակությամբ շունչ քաշեցի: Ուսապարկս բացեցի ու նորից ստուգեցի. «Մաթիլդան» տեղում էր: Թոմը կհարցնի, թե ինչու եմ ուշացել: Արժե՞ ասել, որ գիրքը մոռացել էի: Կմտածի` ինչ անջատվածի մեկը դուրս եկավ կամ էլ` շատ էր հուզվել, որ ինձ պիտի հանդիպի: Բա էդ դեպքում ուրիշ ի՞նչ կարող եմ հորինել: Ասենք, հեծանվիս անիվը ծակվել էր կամ նախորդ գնացքը չեկավ: Իսկ գուցե ոչ մի հարց էլ չտա: Լավ, կապրենք, կտեսնենք: Քիչ մնաց:
Բայց կճանաչի՞ ինձ: Դուրը կգա՞մ: Բա որ հիասթափվի տեսքիցս, հեռվից տեսնի ու սուսուփուս հեռանա: Էշություններ եմ դուրս տալիս: Ի՞նչ պիտի լինի որ: Մենք օտար ենք իրար: Քի՞չ է պատահել, որ դպրոցական հին ընկերներիս հանդիպել եմ, ու հետները խոսելու թեմա չեմ ունեցել:

Անթարթ նայում եմ Թոմին: Երևում է` չճանաչեց: Իսկապես, այլևս առաջվանը չեմ, շատ եմ փոխվել: Կայարան չհասած գնացքը պայթեց, ու մարմինս ցրիվ եկավ: Մենակ աչքերս գտա, որոնք իրավիճակը չընկալած մանկությանս ընկերոջ ոտքերի մոտ կանգ առան: Բա հիմա ի՞նչ եմ ասելու նրան:

Advertisements

4 thoughts on “Վեցերորդ Մրցույթ-15

  1. Վերջին նախադասությունում կա կոպիտ սխալ։ Պետք էր գրել **մանկության ընկերոջս**, այլ ոչ թե **մանկությանս ընկերոջ**։ Էսպիսի կաղ էշով էլ քարավան եք մտնում, հա՞՞՞։ Խոսքներդ մեկ արած փոցխի վրեն եք ոտ գցում։ Հայ — հու՛՛յ։
    Էլի ներքնաշոր ու զիբիլանոց։

    • Եթե ուշադիր լինեիք, պատմվածքի վերջնական տարբերակում ընդհանրապես չկա այդ նախադասությունը:

      Հետո, դա կոպիտ սխալ չէ: Եվ վերջում` փաստորեն ուրիշ տեղից բռնել չկարողացաք, վատ չէ:

      • Ես սկզբում մտածում էի բանավիճել պարոն Սամվելի հետ գրականության և այլ գաղափարների շուրջ,բայց նա կարծես տրամադրված է առհասարակ վիճելու և քննադատելու ամենքին և ամեն ինչ.ավելի լավ է լռենք…ձեր գործն էլ էր հետաքրքիր,պարոն Իշխանյան…ճճճ

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s