Վեցերորդ Մրցույթ-20

Տեխնոլյուցիա

 

2024 թ. Երկիր. Արմինիա. Երևան.

Թանձր ծուխն առաջանում էր քաղաքի վրա արևածագից մի քանի ժամ անց: Միլիոնավոր մեքենաները միաժամանակ լռվում էին բազմակիլոմետրանոց թրաֆիկների մեջ, իսկ նրանց շարժիչներն անդադար դուրս էին նետում ածխածնային միացություներ ու ծանր մետաղներ:

Եվա Բիշարը նայեց լուսամուտից դուրս, շոյեց իր ինն ամսական փորն ու կրկին զգաց անդիմադրելի սովը:Եվայի ամուսինը սովորել էր վերջին ամիսների կնոջ արտասովոր ախոժակին ու գոստրոնոմիկ նախընտրություններին: Կնոջ հիմնական սնունդը հղիության ընթացքում կազմում էին խնձորը, գազարը,ծովամթերքները, կաղամբը, ոսպն ու տավարի միսը: Մնացած գրեթե ամեն ինչն արհամարում էր: Բժիշկները միայն բարձրացնում էին ուսերն ու ասում, որ վախենալու ոչինչ չկա, հավանաբար օրգանիզմը կարիք է զգում երկաթի, մագնեզիումի, ալյումինիումի, պղնձի, կալցիումի կամ այլ օգտակար նյութերի: Բժիշկն ասում էր, որ լինում են դեպքեր, երբ հղի կանայք անհաղթահարելի ձգտում են ունենում դեպի լուցկու գլխիկը, չեն կարողանում իրենց զսպել և կրծում են այն: Դա պատահում է այն դեպքերում, երբ էմբրիոնն ունենում է ֆոսֆորի պակաս:

Նախաճաշելուց հետո Եվան բացեց պատուհանները:Նա խորը շունչ քաշեց: Քաղաքի ծանր ու աղտոտված օդը հաճելի էր նրան: Լսվեց ամուսնու ձայնը:

-Եվա, փակիր լուսամուտը, կղեղդվես, քեզ չի կարելի ախր:

Եվան չուզենալով, վրա բերեց լուսամուտի փեղկը:

Ամուսինը նստած էր հեռուստացույցի առջև: Հաղորդում էին նորություներ: Խոսում էին Մերձավոր Արևելքի պատերազմների, Ուոլ Սթրիթի և աֆրիկյան ճգնաժամի մասին:

«Հետաքրքիր երևույթ է հետազոտում մեր հատուկ թղթակից Սաշա Կոուլը,-ասում էր հեռուստացույցը,-Տոկիոյում, Մոսկվայում, Պեկինում, Լոնդոնում և Չիկագոյում նկատվում է սննդի որոշ տեսակների հանդեպ պահանջարկի խիստ ավելացում: Հատկապես դա վերաբերվում է կաղամբին և ոսպին: Խանութների վաճառասեղաններից դրանք անհետանում են հաշված ժամերի ընթացքում: Վաճառողների պնդմամբ դրանց հիմնական սպառողները երիտասարդ կանայք են: Ի՞նչ կմտածի այս ամենի մասին գործարար աշխարհը: Հնարավո՞ր է, որ նշված ապրանքների վրա կիրառվեն գնային նոր քաղաքականություններ, հնարավո՞ր է արդյոք բարձրանան դրանց գները: Այս հարցերին կպատասխանի Դունկան Ռահյանը` Առևտրի Միջազային Կոնգրեսից»:

-Քո մասին են խոսում, Եվա,-ասաց ամուսինը:

-Սկսվեց,-ասաց Եվան:

-Ի՞նչ:

-Կարծես թե սկսվում է…

Եվայի ոտքերի արանքից ջուր հոսաց: Կնոջ աչքերի մեջ տագնապ հայտնվեց: Նա երկու ձեռքով ամուր գրկեց փորը:

-Սկսվեց:

3514. Երկիր. Արմինիա. Երևան.

Այդ օրը եղավ ուժեղ արևմտյան քամի: Քամին սկսեց փչել գիշերն ու շարունակվեց ողջ ցերեկը: Քամին ուժեղ էր, նրա արագությունը` կայուն: Վերջին մեկ տարվա ընթացքում քամին արդեն հինգերորդ անգամ էր փչում: Այն պտտեցնում էր քաղաքի վրա կուտակված դեղնամոխրագույն ամպերը, խտացնում դրանք: Քամու ժամանակ լինում էին կայծակներ: Կայծակի էլեկտրական թևերը հարվածում էին քաղաքի շանթարգելներին: Քաղաքը լցվում էր դրանց տնքոցով:Բնակիչները հետ էին քաշվում իրենց բնակարանների խորքերն ու սպասում տարերքի ավարտին: Դեռ մեկ տարի առաջ, երբ Էյվան դուրս եկավ բնակարանից անմիջապես կայծակից հետո, երկնքում նկատեց կապտավուն մի բան, իսկ օդը «վառեց» նրա ներսը:

Էյվան զգույշ բացեց պատշգամբի դուռն ու քայլ արեց: Նայեց երկինք: Տեղ-տեղ երևում էին կապույտ հետքերը: Էյվան չգիտեր, թե ինչ են դրանք, սակայն դրանք նրան քաշում էին, ասես կանչում էին, ու Էյվան շնորհակալ էր դրանց: Նա շոյեց իր կլորիկ փորը: Ներսում զգաց փոքրիկի շարժումները: Էյվան ժպտաց:

-Այս կայծակները վառում են ողջ օդը: Հապա նայիր` անհնար է  շնչելը:

Էյվայի ամուսինը հայտնվեց նրա կողքին ու գրկեց կնոջն ամուր մետաղե ձեռքով:

-Ի՞նչ են կապույտ հետքերը,-հարցրեց Էյվան:

-Ինչ էլ որ լինեն` դրանք դուրս չեն գալիս: Ու ես կհայտնեմ իմ անհանգստությունը քաղաքային խորհրդում: Այսպես ապրել չի լինի:

Էյվան տհաճ մի բան զգաց: Նրա բերանից ճիչ դուրս թռավ, նա ընկավ ամուսնու ձեռքերի մեջ:

-Սկսվեց,-ասաց նա:

2024 թ. Երկիր. Արմինիա. Երևան.

«Շտապ օգնության» մեքենան սլանում էր դեպի հիվանդանոց: Միակ պրոբլեմն այն էր, որ մեքենան սլանում էր ընդամենը քսան կիլոմետր ժամ արագությամբ ու ոչ մի կերպ չեր կարողանում արագանալ: Մեքենաների հոսքը ահռելի էր: Դա նման էր երկար օձի, որ սողում էր փողոցն ի վեր:

-Արա՛գ, արա՛գ:

-Բա՛ց, լուսամուտը բա՛ց,-ասում էր Եվան ամուսնուն:

Բժիշկը բացասական շարժում արեց գլխով:

-Բացե՛ք լուսամուտը,ասում եմ ձեզ,-Եվան արդեն գոռում էր:

Ամուսինը հագավ իր պաշտպանիչ դիմակն ու օգնեց այն դնել նաև կնոջը: Բժիշկները նույնպես փակեցին իրենց դեմքերը դիմակներով: Լուսամուտը բացեցին: Գաղջ օդը լցվեց մեքենայի մեջ: Եվան կարծես հանգստացավ, բայց մի քանի րոպե անց պոկեց դեմքից դիմակն ու խորը շունչ արեց: Բժիշկներն անսպասելիությունից ճչացին: Եվան գիտակցությունը կորցրեց: Անտանելի լարվածությունից և հուզումից գիտակցությունը կորցրեց նաև նրա ամուսինը:Լուսամուտները փակեցին: Մեքենան շարունակեց սողալ-սլանալ դեպի հիվանդանոցի սպիտակ երկնաքերը:

Ճանապարհը տևեց կես ժամ ևս: Նկատելով, որ ազատվել է երթևեկության աջ գիծը, «Շտապ օգնության» մեքենայի վարորդը միացրեց ազդանշաններն ու կարողացավ հասնել հիվանդանոցի մոտ: Նշանց ընդունեց երիտասարդ բժիշկ Սրապյանը: Եվային դրեցին պատգարակի վրա ու տարան: Սրապյանը նրա ամուսնուն ասաց, որ ամեն ինչ լավ կլինի, և հետևեց պատգարակի հետևից: Բժիշկը նյարդային էր: Նրան հանգիստ չէր տալիս լոնդոնաբնակ ընկերոջ զանգն, ով հայտնել էր նրան տարօրինակ մի երևույթի մասին:

«Նրա մաշկը կարծես նորմալ է,-ասել էր Սրապյանի կոլեգան,-բայց ոսկորները…դրանք մետաղական են: Արյան մեջ գերակշռում է սնդիկն, իսկ ֆրանսիումի առկայությունը գանգում ընդհանրապես ոչնչի նման չէ…երեխային մենք կորցրեցինք ծնունդից կես ժամ անց, իսկ մայրը մահացավ քիչ ուշ:»

Եվան ուշքի չէր գալիսՍրապյանը կարգադրեց անել կեսարյան հատում: Լանցետի սուր շեղբը կտրեց կնոջ փորի մաշկը: Հեռու տանելով որովայնի մկանները` Սրապյանը տեսավ արգանդը: Երեխան պատրաստ էր դուրս գալուն, նա շարժվում էր, նա սպասում էր:

Նորածնի ձայնը մի պահ խլացրեց բոլոր գտնվողներին: Հասակը քառասունչորս սանտիմետր էր, սակայն կշռում էր նա վեց կիլոգրամ: Երեխան ուներ խելացի աչքեր, որոնց մեջ ժամանակ առ ժամանակ կայծեր էին բոցկլտում: Սրապյանը կայծերը վերագրեց սեփական հոգնածությանը: Երեխան դժգոհության նոտաներ արձակեց: Նա անդադար շարժում էր ձեռքերը, նա կապտում էր ու խեղդվում:

Եվան հասցրեց բարձրացնել գլուխը.

-Բացե՛ք լուսամուտը…բացեք:

Սրապյանը շոշափեց երեխայի թաթիկները: Դրանք ամուր էին: Նա վերցրեց լանցետն ու փոքրիկ վերք բացեց երեխայի ոտքին: Արյունը կապտակարմրավուն էր…

«…երեխային մենք կորցրեցինք ծնունդից կես ժամ անց, իսկ մայրը մահացավ քիչ ուշ…»

Սրապյանը վերցրեց պաշտպանիչ դիմակը,հագավ այն, գրկեց երեխային ու դուրս եկավ պատշգամբ: երեխան խորը շունչ քաշեց, մատը դրեց բերանն ու քնեց:

Եվան մահացավ քիչ անց:

3514. Երկիր. Արմինիա. Երևան.

Էյվայի ամուսնու քայլերը հասնում էին չորս մետրի: Նա ուղղակի թռչում էր: Ադամանդիում մետաղի բիոսինթեցի արդյունքում առաջացած հոդերը չափազանց ճկուն էին ու զորեղ, դրանք բժշկի մոտ էին հասցնում ապագա երջանիկ հորը: Կապույտ լաքաներն ավելի ու ավելի պայծառ էին դառնում դեղնամոխրագույն երկնակամարում: Վերջին քամին լավ բաներ չէր հուշում:

Հասնելով բժշկի շենքին, էյվայի ամուսինը ցատկեց ու հայտնվեց միանգամից հինգերորդ հարկի պատշգամբում:

-Բժի՛շկ, Էյվան ծննդաբերում է, բժի՛շկ:

Բժիշկն, ով այդ ժամանակ զբաղված էր սեփական այրան լիցքավորմամբ, մի կողմ դրեց լիցքավորող սարքը, փակեց ձեռքին բացված փոքրիկ անցքը, վերցրեց գործիքներն ու երկուսով շտապեցին Էյվայի մոտ:

Բժիշկը սովորություն ուներ հագեցնել իր արյունը ստատիկ էլեկտրոէներգիայով: Դա ակտիվացնում էր ուղեղի էլեկտրոքիմիական ռեակցիաներն ու առույգացնում ողջ մարմինը: Բժիշկն ավելի արագ էր վազում քան ապագա հայրիկը: Միայն մի պահ բժիշկը կանգ առավ, երբ նկատեց, որ ճանապարհից քիչ հեռու, սև յուղով հագեցված գետնի վրա կանաչ մի բան է հայտնվել:

-Բժիշկ,-հասցրեց հարցնել Էյվայի ամուսինը,-ի՞նչ են նշանակում կապույտ լաքաները:

Բժիշկը լռեց, միայն ավելի արագացրեց վազքը:

Էյվան պառկած էր հատակին: Նրա երկար մարմինը ձգվել էր ողջ սենյակով մեկ: Բժիշկը մոտեցավ, Էյվան հայացքով նշան արեց` պատրաստ եմ:

Բժշկի ձեռքում հայտնվեց տիտանե սկավաղակը:Այն սկսեց պտտվել մոտավորապես լույսի արագությամբ: Բժիշկը մոտեցրեց «սղոցը» կնոջ կլորիկ ու փքված որովայնին: Տիտանե սկավառակը հանգիստ կտրեց ալյումինե բարակ թիթեղը: Հոսեց բիոսնդիկը: Երկաթյա նանոթելիկներով հագեցված մկանները հետ քաշվեցին: Երևաց արգանդի ալյումինե գերբարակ թաղանթը: Բժիշկը փորձեց շատ զգույշ հանել պտուղը, բայց նրա մետաղական եղունգը փոքրիկ կտրվածք թողեց երեխայի ձեռքին: Արյունը կարմիր հոսեց: Բժիշկը հուզվեց: Ֆրանսիում գերանկայում մետաղի վերափոխումները նրա գանգում հասան կրիտիկական հաճախականության: Աչքերի մեջ բոցեր հայտնվեցին: Նա սկսեց դողալ: Երեխան նույնպես: Նա փորձում էր շնչել, բայց շատ դժվար էր ստացվում: Քամու հետ մնացած, ուշացած մի պոչ հանկարծ խաղաց լուսամուտի մոտ: Դրսից ներս մտավ կայծակի թեթև այրող օդը…երեխան լցրեց թոքերն ու գոռաց:

21.05.2012

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s