Վերջնական Փուլ-13 Բայանդուր Պողոսյան

Սոխակը

Նայչինգե-րյու

Դաշտում խոնավ էր. երբ նա վերև նայեց, չկարողացավ գտնել արևն ու պարզել, թե օրվա որ ժամն է: Խոտը մուգ կանաչ էր, գրեթե մարդաբոյ, խիտ, կապույտ ու մանուշակագույն մանր ծաղիկներով, իսկ տերևների վրա ցողի մանր կաթիլներ էին հավաքվել: Ուժեղ մառախուղ էր. նա հասկացավ, որ ճահճի ուղղությամբ է գնում ու քայլերն ուղղեց դեպի անտառը:

Խոտի դառնավուն հոտը հաճելի էր: Նա գիտեր, որ եթե մի փոքր էլ քայլեր, դրան կխառնվեր նաև ճահճի կանգնած ջրի գարշահոտությունը:

Հանկարծ ուշադրությունը գրավեց հեռվից եկող մի ձայն. զանգակ էր: Ձայնը մոտենում էր, ու նա որոշեց սպասել:

Մի փոքր անց նա տեսավ. մի աղջիկ էր, որը զանգակը ձեռքին՝ վազում էր դաշտով: Նա ձեռքով արեց. աղջիկը մոտ վազեց: Ծանր էր շնչում:

— Օգնեցե՛ք, խնդրու՛մ եմ:

— Ինչ-որ բա՞ն է պատահել,- հարցրեց:

— Այնտեղ գակիներ են:

— Տու՛ր ինձ զանգակդ: Ի՞նչ է անունդ:

— Նայչինգե-րյու:

— Գնա տուն, Նայչինգե-րյու:

Նա վերցրեց զանգակն ու թափահարեց:

Ցուրտ քամու պոռթկումը նրան ստիպեց ավելի ամուր փաթաթվել թիկնոցի մեջ: Եթե մառախուղն այսքան թանձր չլիներ, մտածեց, ես արդեն կտեսնեի նրանց: Նա նստեց խոնավ խոտի վրա:

Երբ մառախուղից մի կիսաթափանցիկ քուլա մի պահ մարդկային ձեռքի տեսք ընդունեց, նա չկարողացավ որոշել, իսկապես տեսե՞լ է դա, թե՞ թվացել է:

Նորից թափահարեց զանգակը: Այս անգամ միանշանակորեն խաբկանք չէր. նա հասցրեց նկատել գեր, տգեղ կնոջ դժգոհ, բարկացած դեմքը, գոգնոցն ու գլխանոցը: Կնոջ շրջազգեստից երկու երեխաներ էին կառչած, ասես անձայն լաց լինեին: Գակիներն առաջ քայլեցին՝ առանձնանալով մառախուղից, դառնալով անէ ու փխրուն տեսիլքներ:

Բայց նա պարզ տեսնում էր ուրվականներին: Նա նորից թափահարեց զանգակն ու սկսեց սեգակիի աղոթք արտասանել: Հիմա նա գիտեր. որքան էլ քաղցած լինեն ուրվականները, իրեն ոչինչ չեն կարող անել:

Նրանք ընդամենը քաղցած ուրվականներ են ինչ-որ մեկի անցյալից: Միգուցե հենց քո:

Չէ՞ որ սա երազ է: Զանգակի ձայնն իմ զարթուցիչն է, որն ապարդյուն փորձում է ինձ արթնացնել:

Բայց ես չեմ ուզում արթնանալ: Որքան էլ տարօրինակ կամ սարսափելի լինեն երազներս, ում կյանքն էլ վերապրեմ, ես երբեք չեմ ցանկանում արթնանալ: Բայց արդյո՞ք ընտրություն ունեմ:

Բացեցի աչքերս ու, ինչպես միշտ, հայացքիս առաջ առաստաղն էր, որը կիսախավարի մեջ այդքան գորշ էր երևում: Ես նստեցի անկողնուս մեջ ու մի քանի րոպե մնացի անշարժ՝ տրված մտածմունքներիս:

Երբ արդեն հագնվել ու նախաճաշել էի, հեռախոսս զանգեց:

— Ես ձեր շենքի տակ եմ,- ասացիր դու:

— Հիմա կիջնեմ:

Նա քայլում էր թաց մարդաբոյ խոտի միջով, մինչև հասավ աղջկա ետևից:

— Դուք իսկապես քշեցիք գակիներին,- ասաց աղջիկը՝ տեսնելով նրան:

— Այո:

Նրանք մի կողք-կողքի քայլեցին մի փոքր:

Ակոյգահարա

Ֆուձի սարի ստորոտին մի անտառ կա, որն անվանում են «Ծառերի ծով»: Ահա թե որտեղ պետք է լինեի: Ակոյգահարայում մի ժայռ կա, որից եթե գլխիվայր կանգնես ու նայես վերև՝ ոտքերդ հենելով ժայռին, կթվա, թե անդունդի մեջ ես նայում, ու անդունդի հատակը երկինքն է: Ու եթե երկար նայես, կընկնես այդ անդունդը:

Ու եթե հասցնես թևերդ պարզել, մինչև բախվես երկնքին, թռչուն կդառնաս: Դա աշխարհում միակ վայրն է, որտեղ մարդը կարող է թռչուն դառնալ:

Ինքնասպանների անտառ, ահա թե ինչ են անվանում Ակոյգահարան:

Ու ես արթնացա:

Նեկո

Քամու պոռթկումն այնքան սառն էր, որ աշնանային զբոսայգու նստարաններից մեկին նստած մարդը կծկվեց մոխրագույն թիկնոցի մեջ: Մոխրագույն բծերով ծածկված, կեղտոտ ու գունատ տերևների մի ալիք գլորվեց նրա կոշիկների վրայով, ծածկելով դրանք փոշու թեթև շերտով:

Զբոսայգին դատարկ էր, ու նա հանգիստ տրվել էր իր մտքերին:

Թվում էր՝ այդպիսի մարդիկ պարզապես ի վիճակի չեն կայուն զգայական կապ հաստատել ուրիշների հետ:

Նոյեմբեր էր. երկինքը ծածկած կիսաթափանցիկ կապարը խոնավ ու ցուրտ ձմեռ էր գուշակում: Նայեց ժամացույցին՝ դեռ հինգն էր, բայց ամպերի պատճառով արդեն կիսախավար էր:

Ինչ-որ երեխա էր կանգնած ծառի տակ ու վերև էր նայում: Ինչ-որ բան էր խոսում, բայց չափազանց հեռու էր, որպեսզի լսելի լինի: Առանձնապես հետաքրքիր էլ չէր: Նա նորից նիրհեց:

— Քեռի՛:

Աչքերը բացեց, նայեց. նույն աղջիկն էր իր թևքից քաշում՝ ոչ այնքան գեղեցիկ, պեպենոտ, նիհար, երկարավիզ: Երևի մի տաս-տասներկու տարեկան լիներ:

— Ի՞նչ է պատահել, փոքրի՛կ,- ասաց նա, փորձելով ձայնին հնարավորինս բարեկամական երանգ տալ:

— Ներեցե՛ք, քեռի՛, կօգնեի՞ք ինձ փրկել այն կատվին:

— Ի՞նչ կատու:

— Եկեք, ես ձեզ ցույց կտամ:

Ու անհամբեր քաշեց թևքից: Ինքն իրեն ստիպելով վեր կացավ նստարանից ու երեխայի հետևից քայլեց դեպի ծառը, ճանապարհին ձգելով ու արթնացնելով վերջույթների դեռևս քնած մկանները:

Կատուն իսկապես ծառի վրա էր ու խղճալիորեն մլավում էր:

— Կօգնե՞ք նրան, քեռի՛: Նա ինձ չի լսում,- ասաց աղջիկն ու, արդեն կատվին դիմելով, ավելացրեց (ասես փոքրիկ երեխայի հետ խոսար),- հիմա այս պարոնը քեզ կօգնի, լա՞վ:

Նայեց կատվին. հասարակ, մոխրագույն կատուն էր՝ այն քիչ փողոցային կատուներից, որոնք խուսափել էին դրանց որսացողների աչքերից: Սկսեց ինքն իրեն համոզել, որ բարձրանա ծառը՝ ինքն էլ չիմանալով, հանուն ինչի, բայց հանկարծ զգաց, որ թիկնոցն արդեն ծառի կողքի նստարանին է, ձեռքերն արդեն բռնել են ծառի ամենացածր ճյուղը, իսկ ոտքերը մագլցում են բնի վրայով:

Երբ վերջապես հասավ կատվին ու ձեռքերն առաջ մեկնեց, կատուն ցած թռավ ու հեռու փախավ:

Նա կախվեց ճյուղից ու նույնպես ցած նետվեց:

— Փախա՛վ կատուդ, փոքրի՛կ,- ասաց նա, ծիծաղելով ու շունչը տեղը բերելով:

Աղջիկը կանգնել էր տեղում ու ձեռքերի մատներն իրար հյուսելով՝ ցրված շուրջն էր նայում: Հագուստն ուղղելով ՝ ավելացրեց.

— Քեզ ի՞նչ եղավ, փոքրի՛կ:

— Հայրիկն ասում է, որ ես չպետք է խոսեմ անծանոթների հետ:

— Տարօրինակ երեխա ես: Ախր դու ինքդ ինձ մոտեցար:

Երեխան շարունակում էր լռել:

— Հայրիկդ ճիշտ է ասում: Իսկ հիմա վազիր տուն, արդեն ուշ է:

Երեխան արագ փախավ, նա էլ սկսեց քայլել դեպի տուն՝ արագ մոռանալով պատահածի մասին:

Մերի

Ես կանգնած եմ պատուհանի մոտ, Մերին մոտենում է ինձ ու ձեռքը դնում ուսիս:

— Չգիտեմ, երբևէ կներե՞ս ինձ,- ասում է նա:

Ես շուռ եմ գալիս, նայում նրան, ուզում գրկել, բայց չի ստացվում: Ինչ-որ բան ներսումս կծկվում է, ու ես ետ եմ քաշում ձեռքերս: Ինչ-որ բան է լռվել կոկորդումս, ուզում եմ լացել, բայց արցունքներս խեղդում եմ:

— Ես չեմ բարկանում քեզ վրա:

— Չես պատկերացնի, որքան մեղավոր եմ: Ներիր ինձ, խնդրում եմ:

Ոչ ոքի երբեք էլ չխոստովանեց, որ ամեն անգամ, երբ երազում Մերիին էր տեսնում, արթնանում էր լացելով: Տղամարդը երբեք լաց չի լինում, նա՝ առավել ևս:

«Ինչու՞ էիր ներողություն խնդրում, Մերի: Դու երբեք ինձանից ներողություն չես խնդրել: Մենք իրարից երբեք ներողություն չենք խնդրել»:

Հանկարծ մտքով մի տարօրինակ կասկած անցավ.

«Չլինի՞ ինչ-որ բան է պատահել»:

Մարմինը միանգամից դող ընկավ, ու ամբողջ օրը չէր կարողանում կենտրոնանալ: Երեկոյան կողմ չդիմացավ, զանգեց:

— Ալլո, Մե՞րի:

— Ի՞նչ է քեզ պետք:

Վախը միանգամից փոխարինվեց նույն հին ճնշվածության զգացողությամբ:

— Ոչինչ, պարզապես ցանկանում էի համոզվել, որ քեզ հետ ամեն ինչ լավ է:

— Շնորհակալ եմ, որ հոգ ես տանում իմ մասին, բայց ես դրա կարիքը բնավ չեմ զգում: Գիտե՞ս, ով ինձ պետք է, իմ մասին հոգ կտանի:

— Գիտեմ: Ներիր, որ քեզ անհանգստացրի:

— Էլ ինձ չզանգես:

Դրեց հեռախոսն ու ցրված հայացքով դուրս եկավ աշխատասենյակից:

Մի անհանգստացեք, տիկնայք և պարոնայք, ես լավ եմ:

Նա բարձրացրեց հայացքն ու աչքի անց կացրեց սենյակը: Ջրամանն իր տեղում էր, թղթերի պահարանը նույնպես: Ի՞նչն էր սխալ այդ դեպքում: Ինչ-որ բան այն չէր:

Թիկնոցը: Զբոսայգում էր մոռացել նախորդ օրը, թողել էր նստարանին, երբ բարձրանում էր ծառը՝ կատվին իջեցնելու համար: Պետք էր վերադառնալ այն հույսով, որ դեռ այնտեղ կլինի:

Դուրս եկավ, միջանցքի հարթ, մարմարե հատակի վրայով հայլեց դեպի վերելակն ու ձեռքը մեկնեց դեպի կոճակը, բայց, ինչպես երազում, ինչ-որ բան կծկվեց ներսում, ու ձեռքը ետ քաշեց:

Հանգիստ քայլերով հեռացավ վերելակից ու աստիճաններով իջավ ներքև: Եղանակը նախորդ օրվանից ավելի վատն էր:

Ճահիճ

Երբ նա պառկած է անկողնում, կատուն գալիս ու պառկում է նրա կողքը: Նա շոյում է կատվին, խաղում հետը, հետո կատուն հանկարծակի վեր է թռնում ու գնում: Միգուցե կատուն մտածում է, որ նա կպահի իրեն, թույլ չի տա գնալ, էլի կշոյի: Բայց նա կատվին չի խանգարում:

Միգուցե դու հենց դա էիր ուզում, որ ես քեզ պինդ գրկեմ, թույլ չտամ փախչել, բայց ես այդպես չեմ կարող: Եթե ցանկանում ես՝ մնա, բայց մնա ինքդ: Ես հոգնել եմ:

Մենք ճահճի մեջ էինք, այն նույն կանաչ ճահճի մեջ, ու ես ձեռքս մեկնեցի քեզ: Ես ցանկանում էի քեզ հանել ճահճից, բայց դու ցանկանում էիր նախ ճանաչել ինձ, վստահել ինձ: Ես ասացի, որ երբ դուրս գանք ճահճից, դու կկարողանաս շարունակել քայլել, թեկուզ առանց ինձ:

Ես նայում էի առաջ, դու նայում էիր ինձ ու ձեռքս բաց չէիր թողնում: Իսկ երբ ճահիճը երկուսիս էլ քաշեց, դու բաց թողեցիր ձեռքս, ու ես փնտրում էի քեզ, բայց չգտա:

Մերին վաղուց անցյալում է, բայց դեռ ցավում է: Դու հիմա ես:

Հայրիկ

— Մի՛ սիրիր Արևին,- ջղայնացած ասում է փոքրիկը, երբ ես համբուրում եմ քեզ:- Արևին Նարեկն է սիրում: Գնա՛:

— Գնա՞մ:

Մոտենում եմ փոքրիկին, վեր քաշում նրա շապիկն ու շրթունքներս հպելով նրա փորին՝ փչում: Փոքրիկը ծիծաղում է, հարվածում գլխիս ու կրկնում.

— Գնա՛:

— Գնում եմ,- շարունակում եմ ես,- էլի՞ գնամ:

— Դու գիտե՞ս, ով ես,- հարցնում է մյուս փոքրիկը:- Դու պապան ես: Չէ, պապան Ն****ն է: Գնա՛:

Ես գիտեմ, գիտեմ: Ու ամեն ինչ կտայի այս ամենը չլսելու համար: Ամեն ինչ կտայի նրանց հայրը դառնալու համար:

Դու ինձ սիրու՞մ ես:

Ոչ:

Դու ինձ սիրահարվա՞ծ ես:

Ոչ: Լաց մի եղիր, ամեն ինչ ողբերգություն ես դարձնում:

Ոչինչ, հիմա կանցնի: Ես լավ եմ:

Ես գնում եմ կղզի: Ես ուզում եմ մենակ լինել, ինձ երկրորդ ամուսին պետք չի:

Եթե գնաս, ես կգամ քո հետևից:

Չեմ հավատում: Դու հիմա ես այդպես կարծում:

Կգամ: Միգուցե ոչ միանգամից, փող կհավաքեմ ու կգամ: Ու ես մոտիկ կլինեմ, երբ դու իմ կարիքն ունենաս:

Երբ դու հարբած ես, գրկում ես, համբուրում ինձ ու խնդրում, որ քեզ պատշգամբից ցած նետեմ, ասում ես, որ սիրում ես ինձ այսպիսին:

Մենք սիրով ենք զբաղվում, մենք մեկ ենք, մենք սիրում ու վստահում ենք իրար: Ուզու՞մ ես՝ միասին հասնենք օրգազմի: Ուզու՞մ ես՝ երեխա ունենանք:

Չգիտեմ, պատասխանում ես դու:

Իմ քաջությունը չի բավականացնում: Երբ դու սթափվես, ամեն ինչ նորից նույնը կլինի, ու մեզ կմնա միայն ափսոսանքը:

Մենք մի քանի րոպե միասին պառկած ենք մնում:

Ծխախոտ չկա, ասում ես դու, գնանք սենյակ՝ ծխելու:

«Խաղաղ քնի ձեռնարկ»

Այս գիրքը նախատեսված է լուրջ հիվանդ ու տառապող մարդկանց համար, ում քիչ հույս է մնացել, թե իրենց կյանքի պայմանները կվերականգնվեն մինչև իրենց համար բավարար աստիճանի:
Ֆիլիպ Նիչկե, Ֆիոնա Ստյուարտ, «Խաղաղ քնի ձեռնարկ»

Նա նստած է տանն ու զգում է, որ այլևս չի ցանկանում ամեն ինչ նորից սկսել: Չի ուզում ուրիշ երեխաներ, էլի սիրել, ուրիշ ոչ մեկին չի ուզում:

Նորից սկսել, նորից սկսելը նշանակում է արժեզրկել, կորցնել այն ամենն, ինչ արդեն եղել է: Արժեզրկել երջանիկ պահերն, արժեզրկել ցավն ու կորուստը:

Նա չափազանց շատ է ամեն ինչ նորից սկսել:

Նա չի ցանկանում կորցնել նույնիսկ քո կորուստը: Դու էլ չես վերադառնա, ու նա չի ցանկանում քո ուրվականն էլ բաց թողնել: Երբ տարիներ կանցնեն, ու դու էլ այդքան գեղեցիկ չես լինի, էլ դու չես լինի, միգուցե ամեն ինչ փոխվի: Բայց հիմա սա այն ամենն է, ինչ նա ուզում է պահել:

Նայչինգե-րյու

Դաշտում խոնավ էր. երբ նա վերև նայեց, չկարողացավ գտնել արևն ու պարզել, թե օրվա որ ժամն է: Խոտը մուգ կանաչ էր, գրեթե մարդաբոյ, խիտ, կապույտ ու մանուշակագույն մանր ծաղիկներով, իսկ տերևների վրա ցողի մանր կաթիլներ էին հավաքվել: Ուժեղ մառախուղ էր. նա հասկացավ, որ ճահճի ուղղությամբ է գնում ու քայլերն ուղղեց դեպի անտառը:

Նրան գտան ժայռի տակ պառկած՝ խաղաղ, մանկական ժպիտը դեմքին: Միգուցե պատահական էր, բայց արյան լճակը թռչունի թևեր էր նկարել նրա ձեռքերի շուրջը:

Սոխակը երգում էր ուռենու ճյուղին: Ես քեզ սիրում եմ քո աչքերի համար, ասացիր դու: Հիմա դու գիտես, որ այս սոխակն իմ աչքերը կունենա:

Ուռենին խոնարհվել ու քնել է,
Ու թվում է ինձ, թե սոխակը ճյուղի վրայի
Նրա հոգին է:
Բասյո Մացուո

 

Մայիս, 2012

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s