Յոթերորդ Մրցույթ/Արձակ-1

Նելլի Ռումել 

Մենախոսություն ուշացման

«…որտե՞ղ փնտրեմ ափերիցդ պոկված իմ ծաղկաթերթերը,որոնց կոչել ես «Ակնթարթ»…»

Կողքիս ես, չէ՞…կողքիս ես ինչպես միշտ,ամեն ակնթարթ, ամեն դեպքում: Դու կաս, ու ես քոնն եմ անմնացորդ: Դեռ վաղուց, բազմանշանակ հետևում ես՝ինչպես եմ կծկում գոյիս ճերմակ թելը, որը հաճախ խունանում է բախտի փշոտ ու փոշոտ հեգնանքից, որից քիչ պարապ,ավելի շատ լրացված, էջեր կան կախված: Դրանք ոչ բոլորն են իմը: Անկախ իմ կամքից ընկել են ետևիցս,կախվել իմ պարանից: Չնայած դրանցից սրտիս ընկած ծանրությանը,պետք է մնան այդպես կախված, որ չորանան արևների համբույրներից, ասանձ քամիների գզվռտոցից, որ ինձանից հետո նվիրես իմ «Ուշ Ուշացմանը»: Այն այնքա՜ն թանկ ու կարևոր է ինձ համար, ցավո’ք, այնքա՜ն ուշ եկավ, որ չէր լինի անհարինի,ավելի ճիշտ անթույլատրելիի սահմանը հատել ու նուրբ կարկատել, թեկուզ գոյիս ձյունաթույր թելով,թեկուզ քեզ ջնջելով, նույնիսկ ինքնամոռացմամբ:

Ոչի’նչ չէր ստացվի:
Դու կայիր ու կողքիս էիր երեկ, երբ այսօրը դեռ չէր կախվել ծեգի շառագունող ճառագայթներից ու չէր սկսել հաշվել սիրախռով սրտիս փախչող զարկերը: Կայիր, երբ այսօրը դեռ չէր շղթայել հոգիս լուսավորող վաղորդայնի ցողաշաղ կաթիլների մանյակը, որը յուրահատուկ էր ու այնպիսին, ինչպես միշտ ու հագեցնում էր բնությանը կարոտ անափ ու ջինջ պապակս, որը դեռ մանկուց, շա՜տ վաղուց անվերջ խլվրտում է կոկորդիս ու հիշեցնում իմ բնությունը, ներկայից իմ տարորոշ լինելս, միայն ամբողջովին քո’նը լինելս: Դու կայիր… այնպես նուրբ ու զգույշ էիր ինձ առել տարիների հետքերը կրող ափերիդ, ասես ես էլ դարերից փախած հետք լինեի:
Իմ հար, միշտ կողքիս ես, որովհետև իմն ես, կամ իմն էլ ես այն պահից, երբ արարչագործի օրհնությունը անձրևեց ծնողներիս անապակ սիրո և նվիրումի հետ, երբ անկշիռ,հրաշքով շնչավոր ծվարեցի իմ զվարթունու կավե նյութի մեջ ու մթությանս աստղերը երկնահույլքին առատաձեռն բաշխելով սպասեցի ու հասա փառավորման րոպեին, ինչը քեզանից պիտի պոկվեր ու իմը դառնար, ինչը անկասկած քոնն էր, բայց ամենակարողից էր: Ու մինչ կգար րոպեն ընծայման, դո’ւ էիր, որ անմեկնելիի համբերության կաթիլներով, զվարթունիս գրգանքով գունավորում էիր ձանձրույթս, մերժում վախս և թևավորում էիր սպասումներս:
Ա՜խ,ինչքան եմ շնորհակալ, որ ամեն նոր ճամփա անցնելիս օգնել ես ավազահատերի բազումքից ձուլած իմ քարը ճիշտ գլորելուս, զգույշ ու արժանապատվորեն հղկելուս, ինձ «Ե’ս» լինելուս:
Ի՜մ անբաժան ընկեր, շնորհակալ եմ լուսավորման տարիներիս ինձ չխղճալուդ համար, կաթիլս ծով, ապա օվկիան դարձնելուդ համար, թե չէ ո՜ւր կլիներ հիմա իմ այսքան սիրելի գրիչս,օրերիս քիչ փոշոտ հատորը, ի՜նչ գույն կանձրևեին հոգուս, մտքիս ելևէջները:
Ի՜մ հարազատ, ինչպես էի սխալվում, երբ լույսս մարած պահին կարծեցի թե էլ չկաս, որ որբությանս կողքին պակասությունդ կարձագանքվի անգույնի մեջ ու կկտրվի գոյավարի իմ թելը: Հատվել էր կես դարն արդեն տասը տարի ավել բոլորած իմ կյանքի հզոր ծառը, իմ սկիզբն ու հպարտությունը: Նրա ճյուղերին էր խաղում ու ապրում արվեստը, նրա աշնանաթաց տերևներին՝թեթև ձեռքով գրված, խորին խորհուրդներ, կենսագրություններ ու գիտություններ էին ապրում, որոնցով լցվում էին հոգուս ու խղճիս դատարկ անկյունները: Նա էլ էր իմը, քոնը, իմ հենարանը, բայց այլևս չկար: Սիրտս,հոգիս կորցրած,ծառիս ետևից ընկած, կես գիժ ու կես մարած նրան էի կանչում, քեզ էի փնտրում արյանս բոսորում, օդի տատանումներում, բախտիս ծալքերում…
Նվիրվածիդ հանկարծակի ապտակն էր, որ սթափեցրեց ինձ ինքնակործանումից: Ու դու կրկին առար ինձ անշոշափ գիրկդ, ուր դեռ ծփում էր ավարտված մանկությանս խնկաբույրը: Որպես անպաշտպան պատանի՝գրկիդ մեջ կորած, ինչքա՜ն էի երազում, վերանում ներկայիս թշվառությունից: Զգացմունքեր էի նյութում ափերիդ՝հոգուս աչքերով, սրտիս գրիչով: Ապրում էի դրանցով, դրանցից ժայթքող գույներով, բույրով ու քո շնչով:
Ժպտո՞ւմ ես…ժպտո՜ւմ ես, ի’մ անժամանակ…
Ճիշտ ես, սրտակի’ց ընկեր, դա ի՜մ աշխարհն էր, իմ փոքրիկ ու ի սրտե արարումը, որը փակ էր ամենքի համար, որը պտտվում էր միայն իմ ու քո շնորհիվ ու միայն մեզ համար: Այն մերն էր մինչ նա կգար: Իսկ նա հայտնվեց, որպես մի շանթ, որը նման չէր և ո’չ մի այլ շանթի, որը պոկվում է այնպես անսպաս, անհայտից ու ընկնում է հե’նց սրտիդ մեջ՝առանց դուռ թակելու: Չէ’, ես չէի, որ բացեցի դռներ նրա առաջ, ես չէի, որ նրան տեղ տվեցի աչքերիս անհունում փոթորկվող սրտումս: Նա’ էր, որ տեսավ, կարդաց ու իրենը դարձրեց սիրառատ, միևնույն ժամանակ փոթորկող, ոչ երկրային գույներս: Նա’ էր, որ լույս գտավ ու հույս շաղեց ուսիդ հենված թախիծիս մեջ: Դո’ւ էիր, որ նրա ականջին հասցրեցիր միայնակ գոյիս սրտի զարկերի արձագանքները ու լա՜յն, շատ լայն ճանապարհ ձգեցիր նրա առաջ դեպի իմ աշխարհ, իմ ու քո անկյուն: Զո՜ւր…
Այնքա՜ն ուշ էր, ու ինձ համար չէր նրա ուշացումը: Ես փակեցի ինձ ու իմ աշխարհն իմ ու քո մեջ: Անհնարինն ու անթույլատրելին ի’մը չէր ու չէր տեղավորվի քո ափերին:
Ի’մ բախտակից, ահա նորից մենք՝ ե՜ս, դո՜ւ: Ես իմ խոսուն լռությամբ, դու քո վազքով: Ես իմ «Ուշ Ուշացման» անշեջ ու չափազանց թանկ հուշերով, իսկ դու վայրկյաններիդ մեջ կարոտներիս կարկատմամբ:
Ի՜մ հարազատ ու բարի, գիտեմ՝ կողքիս կմնաս նաև այսօր, վաղը, որոնք էլ, ցավո’ք, իմը չեն, ինձ համար չեն ու մկրտված են անցյալիս փոշով, որը բարձրացել է երազներիս, խռովքիս, կարոտներիս դողից: Իսկ երեկվա ու վաղվա հույսս, ստվերս, լուռ սերս թաղում եմ քո ափերին հար վազող ավազահատերի նախշուն հույլքի մեջ, որտեղ միշտ այնպես ազատ ու լուրթ եմ անձրևել, ինչպես անհունում փախչող ամպերը: Որտեղ այնպես վառ ու բոսոր եմ բորբոքվել, ինչպես և ո’չ մի որբացած օջախ: Որտեղ այնպես թեթև ու վարժ եմ աներևույթացել, ինչպես ո’չ-ոք և ոչ մի տեղ:
Ի’մ անվերջություն, գրկումդ կապրեմ գրիչիս բառով, հուշիս անձրևով, իմ «Ուշ Ուշացուման» հետքերով: Կապրեմ մինչ ափերիցդ պոկես վերջիս րոպեն, որն իմը կլինի, բայց ամենազորից…
Ի’մ անժամանակ, հա՜ր «Ժամանակ»…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s