Յոթերորդ Մրցույթ/Արձակ-2

Նառա Վարդանյան 

ԱՐԳԵԼՎԱԾ ՊՏՈՒՂԸ

Ռիմայենց ու Հրաչենց հյուր գնալիս մերոնք զգուշացրին, պայմանավորվում ենք` ոչ մեկս երեխուն չենք ուտի: Հա: Լավ: Չենք ուտի: Հասանք, հյուրասիրություն, բարձր երաժշտություն: Պատշգամբում մեծ տերևներով կալանխոե կա ծաղկած: Պատուհանից նայում եմ, բակում խաղացող երեխաները տիկնիկից էլ փոքր են: Գլուխս պտտվեց: Վերադառնում եմ հյուրասենյակ: Ես տեսնում եմ երեխան լացում է: Դուրս եմ գալիս միջանցք: Ռիման հայելու առջև վզին ակացիայի սև սերմերից շղթա ամրացրեց, ինձ աչքով արեց` Հրաչն ա նվիրել: Դուրս եկավ: Երեխայի լացից Հրաչը նեղվում է: Երաժշտությունը բարձր է: Երեխան լացում է: Մերոնք սեղանի շուրջ, բարձր խոսակցություններ: Երեխան լացում է: Հրաչը օրորոցի կողքին մեխվել-կանգնել է: Ոնց որ թե Հրաչն ու Ռիման վիճել են ու երեխան Հրաչին խանգարում է: Երեխան լացում է: Մտածում եմ` խեղճ երեխան ճղվեց լացից: Չէ, չեմ ուտի: Հրաչն ուրախացավ, որ գրկեցի երեխային: Երեխուն գրկելուց հետո տեսնում եմ` ականջին լսողական սարք կա փաթաթած, խեղճը լավ չի լսում: Խեղճ երեխա: Սենյակում նրան գրկած ֆռֆռում եմ: Կամաց-կամաց թաթիկներից սկսած ուտում եմ: Ոչ ոք չի նկատում: Մինչև մինչև վերջ չուտես ոչ ոք չի նկատի: Վերջին մարմնամասերը` տուտուզն ու ոտիկները վերջում եմ ուտում, հույսով որ չեն նկատի երեխու բացակայությունը: Ուղեղն էլ պետք չի: Պատշգամբ, ծաղկած կալանխոե, լուսամուտ ու ուղեղը տիկնիկ-երեխաների մոտ ցրիվ է գալիս: Բակի տիկնիկներն անհոգ խաղում են: Վերադառնում եմ: Մի բաժակ կոնյակ եմ խմում, որ երեխայի հոտ չգա վրայիցս: Պապաս շուն ա, գլխի ա ընկնում: Բոլորս լուռ դուրս ենք գալիս: Հրաչը տեսավ երեխան չկա: Ասաց` ոչինչ, Ռիման հիմա մեկն էլ կբերի: Մերոնք ամոթից գետինն են մտնում: Վերելակում հայրս.
— Ինչ արի՞ր երեխուն:
— Չգիտեմ:
— Քո ձեռքին էր:
— Հա: Լացում էր: Ձեզ խանգարում էր:
— Կերա՞ր:
— Չէ, գրկիս էր: Թռվռում էր: Լուսամուտից ընկավ: Պապ, հիվանդ էր:
— Հոտ ա գալիս վրիցդ: Կերա՞ր:
— Կալանխոեի ճտերին տեսա՞ր: Ծաղկել էր:
— Էդքան էդ մարդիկ չարչարվել են, էդ երեխու վրա էդքան փող են ծախսել: Անամոթ ես: Քեզ էլ հետներս ոչ մի տեղ չենք տանելու: Սանիտար ես գլխներիս:
Վերելակից դուրս ենք գալիս: Իմ բախտից հենց շենքի առաջ աղավնիները աղիքներ էին ուտում: Մի քիչ քայլեցինք: Մեծ աղավնին ուղեղ էր կտցարահում:
Մայրս մեղադրում, լաց է լինում: Ես էլ եմ սկսում լացել: Քույրերս ասում են` չենք հավատում, որ կերել ես: Չէ, հաստատ ընկավ լուսամուտից, ասում են` մեկ է չենք հավատում:
Ռիման հենց մեր երթուղային բարձրացավ: Ակացիայի սերմերը մաշկի խոնավությունից պարանոցին կանաչել, ծաղկել էին, ծածկել Ռիմայի դեմքը հազիվ էր երևում: Մերոնք սառում են: Պապաս ամոթից գետինը մտնում, ասում է` դե մորը պատասխան տուր: Ռիման լուցկու տուփից մայիսյան բզեզ է հանում, փայլող կանաչ մեջքով բզեզի ոտքից թել կապած: Թելն օղակում է մատին. Հրաչն ա նվիրել, — ասում է,- հարսանեկան մատանիս ա: Էլի լացում է:
Ռիման հավատում է, որ իր ճուտը լուսամուտից ընկել է: Ռիման կանաչ ծածուկ երեսով լացում է, ասում` հա, հենց էն ակացիայի սերմերով շապիկը հագցնում եմ, անհանգիստ է լինում, չես կարողացել պահել: Ընկել ա: Հետո երթուղայինի ուղևորներն են սկսում ամոթանք տալ` էդ մեղքով ոնց ես ապրելու, ոնց ես ապրելու էդ մեղքով, մեղք բառն արձագանքում է: Ասողներ ուղևորներից շատ են: Հա, ոնց եմ ապրելո՜ւ: Ինձանից շատ ասողներ են լինում: Մածուն ծախող չաղ կնիկները հարձակվում են վրաս: Մազերիցս քաշում: Ճաշոտ թաթերով խփում:
Անզորանում եմ:
— Էդ դու ես հա՞ մեր երեխեքին ուտողը:
— Դու մեր մարդկերանց էլ կխլես ձեռներիցս:
Հայրս մեծ պառավի գլխին խփում ա: Մնացածը սսկվում են: Մայրս հորս շշնջում է` էս պառավից էլ ա երեխու հոտ գալիս: Ագռավներ են բարձրացել երթուղային ու լուռ նստել են մեզ հավասար:
Բայց հայրս տանջվում ա` ախր ինչի հենց ի՛ր աղջիկը: Մերոնք տխուր տուն են հասնում: Հայրս մորուքն ու կնճռոտ քիթը ածելիով հանում, դիմակի պես դնում է սեղանին: Խոսում ենք:
— Խայտառակեցիր ինձ: Ինչի՞ հենց դու: Էնտեղ լիքն ուտող կար: Հենց դու պիտի անեի՞ր:
— Պապ, բոլորն էլ էդպես են մտածում: Իսկ առաջին քայլն անողներ պիտի լինեն չէ՞, որ մոլորակն առաջ գնա,- ասում եմ ու նայում սեղանի բորբոսնած, կանաչող քթին:
— Դու չես մոլորակն առաջ տանողը:
— Հիտլերի, Ալեքսանդրի, Հիսուսի ծնողներն էլ չեն հավատացել:
— Նրանց ծնողները պոռնիկներ են եղել: Դու նորմալ, կարգին ընտանիքի մարդ ես:
Խելոք լինես ինքնասպան կլինես:
— Պապ, բայց տե՛ս, տանջվում եմ չէ՞: Հերիք չի՞:
— Չէ: Իհարկե հերիք չի: Մինչև վաղը աշխատիր չլուսացնես:
Գիտեի, որ հազար տարի էլ անցներ հիշելու էին ինձ, երեխային: Իմ տեսակն ինքնասպաններից չի:
Շրջվում եմ, տեսնում ագռավների մի խումբ վստահ քայլելով, երգելով, անորոշ շվշվացնելով գալիս են հետևիցս: Նրանցից մեկի կտուցին տերև կար, կողքինը` մարդու նման ծխում է, ծուխն աչքերը մրմռացնում, արցունքոտում է:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s