Յոթերորդ Մրցույթ/Արձակ-3

Գրիգ Շաղիկյան

 

Ների՛ր, հայրիկ, ների՛ր

-Գոնե շենքի հետևով դուրս գանք էլի,-խնդրում եմ, արցունքները գլորվում են այտերիս վրայով: Ձայն չի հանում, արագ իջնում,վազում ենք սանդուղքով.
-Մա՛մ , աղաչում եմ,ախր ամոթ ա,-փորձում եմ ձեռքս ազատել, ամուր է բռնել, դարձյալ չի պատասխանում
-Մա՛մ ,խնդրում եմ,շենքի հետևով դուրս գանք, ախր….
-Ի՞նչ ես ուզում,ի՞նչ ես ուզում ինձնից, կյանքս կերաք, ի՞նչ եք ուզում,-նայելով աչքերիս բղավում է ու շարունակում ենք իջնել, երկուսս էլ արտասվում ենք:
Ձեռքս բաց չի թողնում, զայրույթից ավելի պինդ է սեղմում: <<Երևի հայրիկին ա հիշում , -մտածում եմ ,-գիտի՝ նա է կողքին>>: Հասկանում եմ մորս . <<Չեմ բղավի , թող սեղմի, թող ավելի ուժեղ սեղմի, թող կոտրի տեղն ա հայրիկին>> կրկնում եմ մտքումս, որ դիմանամ ցավին:
-Մա՛մ, ախր շատ եմ ամաչում, ինչ կլինի շենքի հետևով դուրս գանք…,-
Արդեն բակում ենք, քիչ հեռվում տղաներն են խաղում, չգիտեմ ինչ անել, արագ սրբում եմ արցունքներս, փորձում թաքնվել մորս կողքը, ձուլվել մարմնին, միայն, թե չտեսնեն, միայն թե…
Տղաները բարևում են մեզ, ձևացնում իբր անտեղյակ են, իբր ոչինչ չի եղել , բայց աչքերում գրված է <<լսել ենք բղավոցները, ամեն ինչ գիտենք…>>:
Այդպիսի օր չկար, որ տանը վեճ չլիներ, հայրիկը միշտ մի առիթ գտնում էր վիճելու, բղավում էր, հայհոյում, հարվածում էր պատերին ու մորս հետ միշտ ստիպված էինք ժամերով շրջել փողոցով մինչև հայրս կհանգստանար: Մանկությունս անցավ փողոցում այսպես սպասելով, թե հանկարծ ծանոթներից մեկը դիմացս կելնի, ու ես կամաչեմ:
Նրա բղավոցը լսվում էր ամբողջ բակում, հարևանները բողոքում, հաճախ ոստիկան էին կանչում, սակայն ապարդյուն: Երբ վերադառնում էինք ծնկի էր գալիս, արտասվելով ներողություն խնդրում, ասում էր, որ մեղք չունի, որ հիվանդ է… բոլորս արտասվում էինք, հետո հաշտվում: Մի քանի օր անց ամեն ինչ կրկնվում էր :
Դպրոցից վերադառնում եմ, արդեն բակում եմ ,հանկարծ ականջիս է հասնում մորս ձայնը.<<Ծեծում ա, էլի ծեծում>>.- մտածում ու արագ բարձրանում եմ աստիճաններով, փորձում եմ հնարավորինս շուտ հասնել, որ խանգարեմ, չթողնեմ…
Բնակարանի դուռը բաց է,արագ մտնում եմ,հայրս գետնին է, կուչ է եկել`գլուխն առած ափերի մեջ: Ինչ-որ մարդիկ հարվածում են , մայրս փորձում է խանգարել…
-Հեռո՛ւ…հեռո՛ւ,-անզորությունից կրկնում եմ մորս բառերը, սակայն բառերը կանգնել են կոկորդիս, միայն անհասկանալի ձայն է դուրս գալիս.
Շրջվում են դեպի ինձ, հարևաններից են, անզորությունից չգիտեմ ինչ անել, փորձում եմ զսպել արցունքներս, չի ստացվում… շուտով հեռանում են:
Մայրս շտապում է նոր թրջոց բերել, հայրիկը նստած է աթոռին՝ վերնաշապիկը արյունոտ ու տեղ-տեղ պատռված, ինձ կանչում է իր մոտ.
-Դու չտխրե՛ս, հանկարծ չտխրե՛ս,-ասում և ուզում է գրկել: Միշտ նույնն է ասում
Չեմ մոտենում, ես էլ եմ ուզում հարվածել դեմքին, վիրավորել, ասել ինչ մտածում եմ…չի ստացվում, վազում եմ սենյակս ու փակվում:
Այդ և հաջորդող մի քանի գիշերը չկարողացա քնել, թվում էր՝ ուր որ է գալու են հայրիկին ծեծելու:Երկար ժամանակ տանից դուրս չեկա, կարծում էի՝ բոլորը գիտեն ինչ է եղել: Ուզում էի մեռնել .<<թող տանջվի>> մտածում էի: Երևի դիմեի այդ քայլին, եթե մայրս չլիներ. Խղճում էի, պատկերացնում ինչպես է միայնակ շրջում փողոցով, սպասում մինչև հայրս կհանգստանա …
Համալսարանից վերադառնում եմ, նստած է բազմոցին, հայացքից կռահում եմ, շտապում եմ ննջասենյակ , մայրիկը պառկած անձայն արտասվում է:
-Ի՞նչքան կարելի ա, ի՞նչքան,-բղավում եմ,-հայրիկը գլուխը կախել է, -ի՞նչ ես ուզում,ի՞նչ ա ուզածդ, փոքր էի ծեծում էիր,հիմա ծեծում ես,կյանքը կերար,երկուսիս կյանքը կերար…
-Ճիշտ ես, ներեցե՛ք ինձ, ներեցե՛ք, խնդրում եմ-կմկմում է,հարվածում ինքն իրեն-ձեզնից բացի ուրիշ ոչ մեկը չունեմ, ներեցեք, շատ եմ խնդրում…,-
-Ինձ նման մարդը չպիտ ամուսնանար, փորձեցի մարդկանց պես ապրել, չեղավ,-ասում ու արտասվում է,- ներիր, ներվերս են, հիվանդ եմ, ներեցեք, էլի…
Մայրս երկար չապրեց, մահացավ, դեկտեմբերյան մի օր ուղղակի չարթնացավ: Մնացինք երկուսով:
-Դո՛ւ սպանեցիր,հա հենց դու, -հերթական վեճի ժամանակ բղավում եմ, -մորս դո՛ւ սպանեցիր, ինքը շուտ էր մահացել, շատ շուտ…դու պիտի մեռնեիր, ոչ թե ինքը, դու…
-Չէ, դու էդպես չես ուզում, խաբում ես, խաբում,-ասում է, հայացքը փախցնում, չի կարողանում նայել աչքերիս:
-Ուզում եմ,միշտ էլ ուզել եմ,փոքրուց երազել եմ,թե երբ ես մեռնելու,-բղավում եմ, զայրույթից մարմինս դողում է,-դու ի՞նչ հեր ես,ի՞նչ…ավելի լավ ա չլինեիր:
Դուրս եմ գալիս, նորից նույն զգացողությունն է, թվում է մարդիկ ինձ են նայում, գիտեն ինչ է եղել, ուզում եմ փախչել մարդկանցից, նրանց հայացքներից հեռու, շատ հեռու…
Այդ օրը հայրիկը մի քանի անգամ զանգահարեց, չպատասխանեցի, անընդհատ մայրս էր աչքիս գալիս, ու հեռախոսը զայրույթով անջատում էի: Երեկոյան , երբ տուն մտա , նա անշնչացած ընկած էր գետնին: Բժիշկների ասածը, թե մի քիչ շուտ հասնեին, հնարավոր կլիներ փրկել, վերջին հարվածը եղավ …
Հիմա ամուսնացած եմ ունեմ իմ ընտանիքը, թվում է շատ ժամանակ է անցել,սակայն երազը հանգիստ չի տալիս: Հորս մահից հետո պարբերաբար նույն երազն եմ տեսնում,ամենը կրկնվում է ճշգրտությամբ.
-Գոնե շենքի հետևով դուրս գանք էլի,-խնդրում եմ, արցունքները գլորվում են այտերիս վրայով: Ձայն չի հանում,արագ իջնում,վազում ենք սանդուղքով.
-Մա՛մ, աղաչում եմ,ախր ամոթ ա,-փորձում եմ ձեռքս ազատել, ամուր է բռնել, նորից չի պատասխանում.
-Մա՛մ,խնդրում եմ,շենքի,հետևով,դուրս,գանք, ախր….
-Ի՞նչ ես ուզում, ի՞նչ ես ուզում ինձնից, կյանքս կերաք, ի՞նչ եք ուզում, -նայելով աչքերիս բղավում է ու շարունակում ենք իջնել, երկուսս էլ արտասվում ենք:
Հանկարծ հիշում եմ, որ հայրիկը տանն է, փորձում եմ ձեռքս ազատել, ամուր է բռնել, շատ ամուր.
-Մա՛մ, բաց թող, բաց թող,-բղավում եմ,-խնդրում եմ, քանի չի գնացել, բաց թող, հետո ուշ կլինի, թող,-
Ազատում եմ ձեռքս ու վազում, շունչս կտրվում է, ոտքերս`ծանրանում <<պիտի վազեմ,պիտի…>> կրկնում եմ ինքս ինձ <<ուզում եմ,միշտ էլ ուզել եմ,փոքրուց երազել եմ, թե երբ ես մեռնելու>> լսում եմ,ծանոթ, շատ ծանոթ ձայն է <<դու ի՞նչ հեր ես, ի՞նչ…ավելի լավ ա չլինեիր>> ականջներս փակում, սակայն նորից լսում եմ:
Արդեն տեսնում եմ դուռը՝մեր բնակարանի սպիտակ դուռը,կիսաբաց է, մի քանի աստիճան է բաժանում, ընդամենը մի քանի: Հանկարծ նկատում եմ, որ ամեն քայլիս հետ սանդուղքի աստիճաններն ավելանում են, սկսում եմ վազել, արագ, շատ արագ, բայց ինձնից արագ էլ ճամփան է երկարում: Հասկանում եմ՝երազ է.
-Չէ՛, չէ՛ ,ես պիտի տեսնեմ,պիտի ասեմ,-բղավում եմ , ուզում եմ մի քիչ էլ երազը շարունակվի: Ամենը փախչում է իր տեղից, ուզում եմ բռնել, չթողնել…դուռը մոմի պես հալչում է…
-Ների՛ր, հայրիկ, ների՛ր,-բղավում եմ ու արթնանում…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s