Յոթերորդ Մրցույթ/Չափածո-9

Մարգարիտա Ղազարյան

 

 

Հինը, կարոտը, մենակությունը

Հինը եկել էր նորից ինձ այցի
Հինը վերստին ինձ հիշեցնում է,
Որ իմ հորինած այս փոքրիկ տունը փակ դռներ չունի,
Ու թե ուզենան, ներս էլ կմտնեն բոլորը՝
Երգը, կարոտը ու էլի..հինը:
Հինը եկել է ու շատ է ուրախ
Գիտի, լավ գիտի, որ սպասված է,
Հինը եկել է հաղթած ու ուժեղ, ավելի ուժեղ,
Հինը հիշում էր, իսկ ավելի ճիշտ չէր էլ մոռացել,
Որ բերի իր հետ նոր, բայց հին դռներ
Ու , տե՛ս, բերել է,
Իսկ իմ հորինած տան դարպասներից
Սրանից հետո կարող է մտնել
Հենց ինքը՝ Հինը, ու միայն ինքը…
Հինը եկել էր, բայց նորից գնաց…
Մենակություն է…
***
Երեկ իրիկուն զրուցում էինք
Ես ու իմ ընկեր մենակությունը:
Հենց որ գալիս է՝ էլ ինքը չկա,
Լցնում է իրեն հենց ինքն իրենով,
Գալիս է նա միշտ իրեն ցրելու մոլի ցանկությամբ
Ու ստացվում է, որ կա ու չկա…..
Զրուցում էինք մենք այն ամենից, ինչ որ ես ունեմ՝
Ինձնից, իրենից, ինձնից, իրենից,
Իր մասին ու իր,
Միայն իր մասին,
Միայն ու միայն…
Շատ շուտ հեռացավ՝
Մենակ թողնելով ինձ նորից իր հետ.
Ե՛վ կար, և՛ չկար…
Մենակություն էր…
***
Սիրում եմ այս տունը.
Ես եմ հորինել,
Համեցի՛ր, նստի՛ր, բայց զգույշ ու մեղմ,
Թե չէ կարող է ամեն հպումից այս տունը քանդվել,
Իսկ ես չեմ կարող… նորից հորինել:
Քեզ վատ մի՛ զգա, համեցի՛ր, նստի՛ր.
Չէ՞ որ դեռ պարզ չէ՝
Այդ դու՞ ես եկել առանց հրավեր,
Թե՞ ես եմ նորից քեզ այստեղ կանչել…
Վաղուց չկայիր, ու այն աթոռը,
Որին դու էիր միշտ սիրում նստել,
Դատարկ էր երկա՜ր- երկար ժամանակ,
Իսկ հիմա նորից այն լիքն է քեզնով
Ու լիքն է հնով…
Երեկ իրիկուն իմ հորինած տուն
Մի հյուր էր եկել, Բայց նորից գնաց…
Կարո՛տ, մի՛ գնա,
Թող քեզնով ապրեմ, Տունս դատարկ է,
Աթոռը նույնպես…

* * *

Երկրումըս ընտրություններ են, տանը՝ ընտրություն չկա…
Միապետները չեն համոզում. ընտրակաշառք էլ չկա:
Երկերեսանի լինելը նորաձև է, իսկ ես աներես եմ դարձել,
Կան բաներ, որ չեն ներվում՝ ընտրությունները կեղծ, ու շիտակ անընտրությունը…
Ես դիալեկտիկա եմ… կամ էլ՝ ինչ տարբերություն…

Ձեր Կարծիքը