Յոթերորդ Մրցույթ/Արձակ-5

Անի Հովհաննիսյան

 

<<Կինը>> և <<տղամարդը>>

Բոլոր կերպարները հորինված են

-Որդյակ իմ, տե՞ր ես,- հարցրեց քահանան տղամարդուն, իսկ վերջինս վախեցած նայեց նախ հարսնացույին, ապա` քահանային ու ոչինչ չպատասխանեց:
-Որդյակ իմ, տե՞ր ես,-ևս մեկ անգամ հարցրեց քահանան:
-Տե՛ր եմ, տե՛ր եմ, -պատասխանեց հարսնացուն:
-Հնազանդ եմ, — հնազանդ ավելացրեց տղամարդը:
Այդ գիշերից հետո կինը տիրեց տղամարդուն և քանի որ սկեսրոջ ոտքերը չափից դուրս կարճ էին, սկեսրայիր քիթը` չափից դուրս մեծ, ուստի ապրեցին առանձին, ու քանի որ տղամարդը բնությունից ժառանգաբար չէր կարող հղիանալ, հետևաբար երեխաներ չունեցան:
Կինը աշխատեց: Տղամարդուն արգելեցին աշխատել: Նրան մնաց կապել գոգնոցն ու երկար օրերով զբաղվել տնային գործերով:
Կինը առաջադրեց իր թեկնածությունը առաջիկա ընտրություններում ու դարձավ ԱԺ պատգամավոր: Երկար-բարակ գռփեց ժողովրդին, կաշառք վերցրեց, նրան տեսան բոլորը, բոլորը լռեցին նրա մասին ու բանը հասավ նրան, որ մի օր էլ գժտվեց գործընկերների հետ, հանեց կոշիկն ու հենց նիստի ժամանակ շպրտեց մեկի երեսին:
Ապշած պատգամավորը (ով նշված պատմության մեջ հաստատ ամենաիրականն էր), ում ատամների արանքում դեռ մնացել էին իր կնոջ պատրաստած ապուրի մնացորդները, դարձավ չորրորդ խոսնակն ու սկսեց նեգատիվ ելույթը.
-Այս ի՞նչ կարգեր են, ի՞նչ բարքեր են, և հետո, Աստված հեռու պահի նման կանանցից, թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ:
Իսկ տղամարդը օրերով մաշվեց կնոջ կարոտից, ով երեկոները ուշ էր վերադառնում, իսկ առավոտյան հեռանում էր վաղ:
Կինը նյարդային էր ու սկսեց ծխել:
Օրերից մի օր ամուսինը մոռացավ ճաշի մեջ աղ լցնել, կինը բղավեց, զայրացավ ու գնաց տանից: Սկսեց ալկոհոլ օգտագործել ու քանի որ դա ևս քիչ էր` փորձեց ձանձրույթը փարատել գիշերային ակումբներում:
Տղամարդը նիհարեց: Կինը արհամարհեց նրա` ճիշտ ուղղու վրա կանգնելու աղերսանքները: Հերթը հասավ սիրեկանին: Օրերը դարձան փոքր ինչ հաճելի կնոջ և սարսափելի տխուր տղամարդու համար: Ամուսինն ի վերջո սպառնաց, որ կլքի կնոջը, կհեռանա տանից: Կինը մի երկու փաղաքշական արտահայտություններ շռայլեց նրա հասցեին ու համոզեց, որ այդպիսով տնային գործերը կիսատ կմնան, իսկ վերջինս չի կարող առանց կնոջ գոյության:
Կնոջ գործերը վատացան: Հաջորդ ընտրություններին չստացավ բավարար ձայներ: Տղամարդը վերջնականապես հյուծվեց աստիճաններին կանգնած` երկար, լայն օրերով ու պարզապես հյուծվեց: Բանը հասավ խղճահար հարևանների դեմքերին, որոնց մոտ, չգիտես, բամբասանքը գերիշխեց, թե՞ իսկապես խղճալու հատկությունը:
Սիրեկանը լքեց կնոջը: Կինը գուրգուրեց, փայփայեց, լաց եղավ, խաղաց իր իսկ հորինած դրամման, ասաց, որ ավելի լավ կլիներ դերասանուհի դառնար, ի՜նչ սև բախտ, սպառնաց, որ ցած կնետվի կամրջից, բայց ոչինչ չփոխվեց: Դեպրեսիաներից ազատվելու նպատակով կինը այցելեց մի հոգեբանի, նրան գիժ կոչեց, շրխկացրեց դուռը, հեռացավ, ատեց ամուսնուն, ու առհասարակ,ամեն ինչ ատեց:
Մի գիշեր տունը գող մտավ: Տղամարդը մենակ էր ու չափից դուրս անպաշտպան: Գողը զենքը պարզեց տղամարդու վրա,իսկ սա վախեցած ասաց տան բոլոր փողերի և ոսկեղենի տեղը: Կինը վերադարձավ: Պահարանից անմիջապես հանեց պահած ատրճանակն ու կրակեց: Տղամարդը վնասվեց: Գողը փախավ:
Եկավ ոստիկանությունը: Կինը հայտնվեց ոստիկանական բաժանմունքում: Տղամարդը հիվանդանոցում լաց լինելով խնդրեց, որ կանչեն կնոջը ու կարոտը սրտում` փչեց վերջին շունչը:
Քննիչը հարցաքննեց կնոջը ու բազմաթիվ գովեստներ շռայլեց նրա գեղեցկությանը: Կինը հայհոյեց:
-Բայց ի՞նչ տեսակ կին ես դու:
Զարմացած քննիչը նրան ուղարկեց հատուկ բաժանմունք, ուր կինը վերջապես գտավ իր տեղը և իր հսկողության տակ առավ բերդի կանոնադրությունը: Ոչ մի օր չհիշեց իր տղամարդուն, չցավեց ու չափսոսեց երբևէ, հեռու մնաց սենտիմենտալությունից ու առհասարակ այն ամենից, ինչ կոչում էր հիշողություն:
Տղամարդու թաղումը կազմակերպող քահանան` լսելով այս անհաջող պատմությունը, զարմացած կարողացավ հազիվ մի երկու բառ արտասանել ու տալ հանգուցյալի վերջին օրհնությունը` շարունակելով.
-Ներիր, Տե՛ր, քո անմեղագույն զավակին ու ընդունիր նրան երկնային թագավորությանդ մեջ, քանզի երկնային կյանքում ոչ մի կերպ չի կարևորվում մարդկային սեռը, ինչպես որ Երկրի վրա: Ամեն:
Բոլորը դուրս եկան ու ամեն կողմից լսվեց կանանց լացի ու տղամարդկանց ծանր շնչառության ձայնը:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s