Անի Հովհաննիսյան

Անվերջանալի դեկտեմբեր կամ հրաշքի սկիզբը

 

Դեկտեմբեր: Գլոբալ տաքացում,բայց էլի մի տեսակ ցուրտ: Տերը սցենար է գրում աշխարհի վերջի մասին և այն էլ Լոռու բառբառով:
— Ինչ լավ է, մոտենում է Նոր տարին… որքան եմ սիրում այն,- մազերս բիզ-բիզ կանգնելու գնով լսում եմ ընկերուհուս հրճվանքը:
<< Չէ մի, Նոր տարին…հիմա ամեն օր նրա ասած անհեթեթությունները պիտի լսեմ>>, -մտածում եմ ու մի կերպ փորձում զսպել ինձ:
Ոնց չեմ սիրում Նոր տարին, Նոր տարվա հանդեսը, փուչիկները, տոնածառը, փայլերը, Նոր տարվա սեղանը, հարբեցող հարևանների մի ամբողջ շարքի…բա Ձմեռ Պապը…նա սիրում է գողանալ խաղալիքներս…
Ու այսպես անցնում է դեկտեմբերը:
— Բաղդյան իջեցրո՛ւ գլուխդ, գրատախտակը չի երևում:
Մոտենում են քննության օրերը, դեկտեմբերը սպառվելու է, անվերջանալի են միայն դասախոսությունները Տոպոլոգիայից, իսկ Բաղդյանին շարունակ ասելու են, որ գլուխը մի քիչ իջեցնի…
Ինչ տխուր է դեկտեմբերը, ինչ ցուրտ է, արև կա, բայց էլի ցուրտ է: Մասնագետների մի խումբ կարծում է, որ գլոբալ տաքացումը և աշխարհի վերջը սերտորեն կապված են իրար հետ…ևս մի չհաջողված սցենար…
Տոնածառ վաճառողները փակել են մայթերը,օդ չկա, ամենուր կանաչ է…փակ աչքերով սիրում եմ կանաչը, ու ամեն անգամ փողոց դուրս գալուց վախենում եմ, որ էլ չեմ սիրի իմ սիրելի կանաչը…վախենում եմ…
Ընկերուհուս հորինած անհեթեթությունները դեռ շարունակում են բարկացնել ինձ… նրանից ազատվելու ջանքերի գնով շտապում եմ տուն… երթուղայինի մեջ մի երեխայի թարս հայացքով եմ չափում,որովհետև նա էլ է սիրում Նոր Տարին… մի ժամանակ ես հավատում էի հրաշքներին, մի ժամանակ ես էլ էի երեխա…
Մտովի տեղափոխվում եմ անցյալ տարի, հնչում են զանգերը, բոլորից թաքուն սկսում եմ չսիրել Ամանորը, կենացներ, էլի կենացներ, հրավառություն, որ սկսվում է երկնքում ու ավարտվում աչքերիդ մեջ…իսկ ես շտապում եմ մտնել անկողինս…ուշ գիշեր… 02:02 րոպե… հեռախոսս զնգում է…
— Բարև…
Երեխայի ձայնը ծակում է ուղեղս, այն ինձ ներկա է վերադարձնում, որովհետև նա նորից համարյա ճչում է, որ հատ-կա-պես սիրում է Ձմեռ Պապին… մի ժամանակ ես երեխա չէի, բայց հավատում էի հրաշքներին, ու թերևս երևի բոլորից թաքուն շարունակում եմ հավատալ …
Հարմարավետորեն տեղավորված մայրիկն ու իր փոքրիկը, երեխայի դեմքի ուրախությունը սպառելու անհեթեթ հայացքներս ստիպում են, որ ինքս հրաժարվեմ նյարդերի բորբոքումից…
Թափառում…
Երազներում վերջերս անընդհատ Ձմեռ Պապին եմ տեսնում,նորից խաղալիքներս գողանալիս… այսպես ամեն օր, ամեն գիշեր… դրա համար էլ քունս տանում է դասերի ժամանակ:
— Բաղդյան,վերջապես իջեցրու գլուխդ…գրատախտակը նախատեսվածից ներքև են կախել…
Գլոբալ տաքացում, որի պատճառն ընդամենը արտադրված ածխաթթու գազն է: Մոլորակը գնալով լայնանում է տաքացումից, իսկ ձեռքերս սառում են…
Ամեն անգամ փողոց դուրս գալուց մտածում եմ Տերը ինչ սցենար գրեց աշխարհի վերջի ու այս Նոր Տարվա գիշերվա մասին…
Էլի դեկտեմբեր… անհավատալի կերպով ավարտվում են դասախոսությունները Տոպոլոգիայից, քննություններ, Բաղդյան, գրատախտակ, փողոցներ, մարդիկ, տոնածառներ, ամեն տեսակի անհեթեթություններ…
Մայրս իր հերթին պատրաստություններ է տեսնում,իսկ ես մաշվում եմ քննություններից, մաշվում է ինձանով փաթաթված թիկնոցս:
-Մամ, ուզո՞ւմ ես այս տարի պատմվածքներ դնենք սեղանին, իսկ որպես դեսերտ կմատուցենք բանաստեղցություններ,մա՛մ, շատ լավ կլինի…
Աշխարհի վերջի մասին իմ պատկերացումներն ու մտածմունքները թուլանում են, որովհետև միտքս ամբողջությամբ զբաղեցվում է Ձմեռ Պապով ու ամեն գիշեր տեսածս մղձավանջներով:
-Ձմեռ պա՛պ, հերիք Է գողանաս խաղալիքներս…
Վախենալով կանաչը կորցնելու մտքից` ամեն օր տուն եմ փախչում, փակում եմ բոլոր դռներն ու պատուհանները, կծկվում եմ վերմակիս տակ:
Դեկտեմբերը որոշում է անհետանալ, վերջապես անհետանալ…
Երբ զանգերը ներսից խփեն հեռուստացույցի ապակուն, երբ փորձեն ազատվել քառակուսի մետրանոց տարածքից, երբ փորձեն մտնել մարդկանց խորքերը, ես էլ բոլորի նման կպահեմ երազանքներս, որ դրանք կատարվեն… այս անգամ չեմ մոռանա…
Ամանորի գիշեր… մայրս այդպես էլ չհամաձայնեց սեղանի ձևավորման գործողությունը հանձն առնել ինձ, ասաց` հիմա ո՞վ է սեղանին պատմվածքներ ու բանաստեղծություններ դնում:
02:02 րոպե… բացում եմ անկողինս ու տեղավորվում նրա մեջ…նայում եմ հեռախոսիս…նա լուռ է… փակում եմ աչքերս, սպասում եմ…կկատարվի…
02:30 րոպե… արթնանում եմ… բայց չէ՞ որ հրաշքն արդեն կատարվել է… ավարտվեց դեկտեմբերը, իմ կյանքի ամենաերկաաաաաաաաաաաար դեկտեմբերը…
Գլոբալ տաքացման հետևանքով ձյունը կես ճամփին անձրև է դառնում ու լղոզվում գետնին…ինչևէ, վաղը անձրևամարդ կպատրաստեմ…
Իսկ փողոցներում, մայթերի վրա, տանիքների տակ, ամենուր, ամեն տեղ Տերը սցենար է գրում աշխարհի անվերջանալի վերջի մասին և այն էլ Լոռու բառբառով…
Նա պարզապես հիասքանչ է ձնախառն անձրևի տակ, սցենար գրելիս, Նոր տարվա գիշերով ու, հատկապես, իմ պատուհանի անձրևոտ ապակուց նայելիս:
Բացում եմ անձրևանոցս ու դուրս եմ գալիս փողոց… մոտենում եմ նրան ու բռնում ձեռքը. սառն է…
— Բոլորը քնած են, ներս գնանք, Տե՛ր իմ, կմրսես…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s