Բյուրակն Իշխանյան

Գագոյի երազանքը

 

Համալսարանն ավարտելուց հետո ամեն տարի հուլիսի 30-ին հավաքվում ենք մեր տասնվեց հոգանոց խմբով: Հավաքվում ենք, որ մեկ-երկու շիշ գարեջրի հետ տեսնենք` ով որտեղ է հասել, որ հիշենք նույն մազալու պատմությունները, նույն դասախոսների տնազներն անենք ու զարմանանք, թե ինչու մեզնից ոչ ոք դեռ չի ամուսնացել: Տարվա մնացած օրերն այնքան են հեռացնում մեզ իրարից, որ հանդիպելիս ուրիշ թեմաներով խոսել չենք էլ կարողանում: Եթե ավելի հաճախ տեսնվեինք, գուցե հուշերը սպառվեին, տնազներից ձանձրանայինք ու սկսեինք նոր թեմաներ հորինել, որ զրույցը շարունակվի:
Ամենամյա մեր հանդիպումները միայն մի բանով էին իրարից տարբերվում. գնալով պակասում էին ներկաները, որովհետև գնալով շատանում էին Հայաստանից գնացողները: Մեր հանդիպման վեցերորդ տարում արդեն տասնվեցիցս ընդամենը չորսով էինք մնացել Հայաստանում` Անահիտը, Տիգրանը, Աշոտը և ես: Եվրոպաներից ու Ամերիկաներից գրում էին մեր համակուրսեցիներն, ասում էին` դուք էլ եկեք, ի՞նչ եք կորցրել Հայաստանում: Անահիտը պատասխանում էր, որ ծնողները ծեր են, չի կարող նրանց մենակ թողնել: Տիգրանն արդեն զզվել էր ամեն ինչից ու պատրաստվում էր Կանադա մեկնել. յոթերորդ տարում ինքն էլ չի լինի: Աշոտը կուրորեն սիրում էր Հայաստանը և հավատում էր, որ ինչ-որ բան կարող է փոխել, չնայած բոլորիցս վատ պայմաններում ինքն էր ապրում: Իսկ ես կյանքիցս գոհ էի. ունեի լավ վարձատրվող աշխատանք, մեկ-երկու տարին մեկ մի քանի ամսով գործուղվում էի արտասահման, ապրում էի առանձին: Մի խոսքով, խելքս չէի թռցրել, որ անհոգս-անդարդ կյանքս ռիսկի տակ դնեի:
Բայց մեր վեցերորդ հանդիպմանը հինգով էինք: Հուլիսի 29-ին Աշոտը հերթով զանգեց բոլորիս ու հարցրեց` կլինի՞ Գագոն էլ գա: Գագոն մեր համակուրսեցին է եղել, բայց վարձը չտալու պատճառով առաջին կուրսից հետո դուրս է մնացել: Գնացել բանակ, վերադարձել, ուսումը շարունակել է, ավարտել է մեզնից երկու տարի հետո: Մեր խմբից միայն Աշոտն էր, որ Գագոյի հետ կապը պահպանել էր, դեռ լավ էլ մտերիմ էին, իրարից տեղյակ: Ու երբ զանգեց, հարցրեց ընկերոջը հետը բերելու մասին, մեզնից ոչ ոք չառարկեց: Ավելին` ուրախ էինք, որ Գագոյին էսքան տարի հետո նորից պիտի տեսնեինք: Բացի դրանից, էդքան քիչ չէինք երևա, տխուր չէր լինի:
Հավաքվեցինք Արամ Խաչատրյանի արձանի մոտ ու զարմանալիորեն հավաքվեցինք ընդամենը հինգ րոպեում. էլ ստիպված չեղանք ամբողջ կես ժամ մեկ-երկու ուշացողների սպասել: Չգիտեմ` ավելի պարտաճանա՞չ էինք դարձել, թե՞ ուշացողներն էին Հայաստանից գնացել:
— Ու՞ր գնանք,- հարցրեց Աշոտը:
Մեր հինգ հանդիպումներից չորսը Վեսթում են անցել, մեկը` Այրիշում, որովհետև կարծում էինք, որ տեղի փոփոխությունը բովանդակության փոփոխություն էլ կբերի, բայց պարզվեց, որ Վեսթը հեչ էլ մեղավոր չէր, որ մենք խոսելու ուրիշ թեմա չունեինք:
— Տեխա՞ս,- առաջարկեցի:
— Էդ ի՞նչ ա,- հարցրեց Գագոն,- էկեք Փարվանա գնանք:
Ես ու Անահիտը նայեցինք իրար, Տիգրանը ցնցվեց, իսկ Աշոտն անհանգիստ շարժում արեց:
— Չէ, Գագ, արի էս անգամ Տեխաս գնանք: Փարվանան թող մնա մյուս անգամ,- առաջարկեց Աշոտը:
Բոլորս թեթևացած շունչ քաշեցինք ու շարժվեցինք դեպի Տեխաս:
Դռան զանգը տվեցի ու դուռը բացող բարմենուհուն ասացի` եկել ենք:
— Քանի՞ հոգով եք,- հարցրեց:
— Հինգ,- պատասխանեցի:
Սկսեցինք հերթով ներս մտնել ու առաջանալ դեպի ազատ սեղաններից մեկը: Դռնով վերջինն անցավ Գագոն: Մատուցողուհին ակնթարթային հայացք գցեց վրան ու արտաբերեց.
— Կներեք, տեղ չունենք:
Կյանքիս մեջ առաջին անգամն էր, որ Տեխասի ֆեյս քընթրոլը չանցա: Լեզուս կծեցի ու հասկացա, որ դժվար երեկո է լինելու, բայց սպասեցի, թե ընկերներս ինչ կառաջարկեն:
— Էկեք Անանուն փաբ գնանք,- առաջարկեց Աշոտը
— Գնանք, վաղուց էնտեղ չեմ եղել,- համաձայնեց Անահիտը:
Անանուն փաբում չկարողացան ասել, որ տեղ չկա, որովհետև բոլոր սեղաններն ազատ էին, բացի մի անկյունում ինչ-որ առիթով հավաքված ինը-տասը երիտասարդներից, որոնք, ինչպես հետո իմացանք, ծնունդ էին նշում: Մտնելու պահին Փինք Ֆլոյդ էր հնչում, ու երբ մատուցողուհին մոտեցավ պատվերներ վերցնելու, Գագոն միանգամից վրա բերեց.
— Քուր ջան, ինչ կլինի, էս երաժշտությունը ցածրացրու:
— Մեզ մոտ շատ լավ երաժշտություն է հնչում,- հայտարարեց զարմացած մատուցողուհին:
Եկան գարեջրի առաջին շշերը: Սկսվեցին առաջին պատմությունները:
— Հիշու՞մ ես Ասատրյանին, որ մի անգամ երկու գալստուկ կապած դասի էկավ: Որ շուռ էկավ, գրատախտակին բան գրելու, երկրորդն էլ էրևաց, ու ուշքներս ծիծաղից գնաց:
— Բա Գևորգյա՞նը: Ո՜նց էր ոտը ոտին գցում ու ծխում սաղ վախտ: Տեսնես` հլը սա՞ղ ա:
— Հա, էն օրը տեսել եմ. առաջվա ծիտն ա, հեչ չես ասի, որ հեսա ութսուն տարեկան կդառնա:
— Լուրջ, էդքան կա՞: Ես իրան հիսունից ավել չէի տա:
— Հա, հաստատ բան եմ ասում: Իրա թոռան հետ եմ աշխատում, ինքն էլ ա իրա տատով հպարտանում:

Երաժշտությունը փոխվեց պարայինի: Կողքի սեղանի աղջիկները վեր կացան, սկսեցին կոտրատվելով պարել: Գագոն չէր մասնակցում մեր զրույցին: Աչքերը չռած նայում էր պարող աղջիկներին:
— Գագ, տենց մի նայի, մի մոռացի, որ ընկերուհի ունես,- փորձեց սաստել Աշոտը:
— Լու՞րջ,- զարմացավ Անահիտը` ուրախանալով, որ խոսակցության նոր թեմա կբացվի. մենք բոլորս ոչ միայն ամուրի էինք, այլ երդվյալ սինգըլներ, ու մինչև հիմա ոչ մի սիրային պատմություն ոչ մեկիցս չէինք լսել:
Լսելով, որ Գագոն ընկերուհի ունի, բայց միևնույն ժամանակ ուրիշ աղջիկների վրա է կենտրոնացել, թարս նայեցի:
— Քեզ ի՞նչ էղավ, Մար,- Գագոն վախեցել էր հայացքիցս:
— Որ ընկերուհի ունես, ի՞նչ ես տենց վավաշոտ նայում էդ աղջիկներին:
— Էդ չի խանգարում: Էսօր մեկին կպցնելու եմ:
Աղջիկները շարունակում էին կոտրատվել: Նրանցից երկուսն արդեն գրկախառնված էին պարում:
— Սրանք հաստատ լեզբի են,- որոշեց Տիգրանը:
— Ճարներն ի՞նչ: Որ սենց խիար տղերքով շրջապատված լինեն, տենց էլ կլինի:
Սեղանի շուրջ հավաքված տղաներն իրենց աթոռներին փռված Գագոյից ոչ պակաս վավաշոտ հայացքներով նայում էին պարող աղջիկներին:
— Հլը ուշադիր. իրանցից ամեն մեկը մի տղու համար ա կոտրատվում,- նկատեց Անահիտը:
Իրոք, աղջիկներից ամեն մեկն աչքի տակով մի տղայի էր նայում, իսկ նրանք տեղներից շարժվելու մտադրություն բնավ չէին ունեին:
Գարեջրի երկրորդ շշի հետ հայտարարեցի.
— Որ Նիրվանա դնեն, ես էլ կպարեմ:
Գագոյի աչքերը կլորացան ու դուրս թռան: Ինչ-որ բան էր ուզում ասել, բայց էդ պահին Աշոտն առաջարկեց կենաց խմել, ու Գագոն ստիպված ասելիքը մեջը պահեց:
Կողքի սեղան տորթ բերեցին մոմերով:
— Ան, լսել եմ գործից դուրս ես էկել:
— Հա, բայց արդեն թազա գործ եմ ճարել, նենց որ էդքան էլ վատ չի:
Գագոն էլի բացակա էր:
— Տիկ, բա դու ե՞րբ ես գնում:
— Եթե սաղ լավ լինի, մինչև ձմեռ: Բանակիս հարցերը դեռ չեմ լուծել:
— Ո՞նց, քեզ չէի՞ն ազատել:
— Վերջնական չէ:
Մեկ էլ Գագոն նորից միացավ մեզ:
— Անահիտ ու Մարի, ես ձեր մասին ուրիշ կարծիք ունեի: Չգիտեի, որ սենց տեղեր եք գալիս:
— Ո՞նց տեղեր,- ծիծաղեցի:
— Դե սենց էլի… ես ստեղ կգայի աղջիկ կպցնելու:
— Արի գրազ գանք, որ քառասուն անգամ գաս ստեղ, քառասուն անգամն էլ մենակ դուրս կգաս,- առաջարկեց Աշոտը:
— Կամ էլ երեսունիններորդ անգամ տղու հետ դուրս կգաս,- ծիծաղեց Տիգրանը:
Գագոն չլսելու տվեց:
— Աղջկերք, դուք ստեղից դուրս գալուց հետո ուզող չեք ունենալու:
— Արխային, ես տարին մեկ արտասահման եմ գնում: Նենց որ սենց թե նենց ուզող չեմ ունենա:
Էծերս էկան ու որոշեցին Գագոյին ջղայնացնել: Մտածեցի` ամենաուժեղը շիշը ձեռքիս պարելը կլինի: Գնացի զուգարան, որպեսզի շպարս թարմացնեմ, ավելի թեթև մայկա հագնեմ, մազերս էլ թացացնեմ: Հետո պիտի վերադառնայի, խնդրեի, որ Նիրվանայի Rape Me-ն միացնեն, վերցնեի գարեջրի շիշը ու գժված թռվռայի:
Լավ էր, որ զուգարանում մարդ չկար: Հանեցի տաք սվիտրս ու հագա մարմինս գրկող մայկաս, ներքև քաշեցի, որպեսզի կրծքերիս բացվածքը երևա: Կարմիր շրթներկ քսեցի: Մազերս թեթևակի թացացրեցի, որ պարելիս չշոգեմ: Այ Գագո, Գագո, դու հիմա կտեսնես: Երբ պարեմ, ու լոզերդ գնան, երբ ուշքի գաս, որ քո հեզիկ-նազիկ համակուրսեցին եմ, ոչ թե «կպցնելու աղջիկ», երբ չկողմնորոշվես՝ ինձ մոտենաս, թե չէ, էդ ժամանակ կիմանաս, թե ինչ է նշանակում ընկերուհուն դավաճանել կամ ինչ է նշանակում իմ մասին «ավելի լավ» կարծիք ունենալ:
Երբ դուրս եկա զուգարանից, Գագոն չկար, իսկ աղջիկները չէին պարում:
— Էս ու՞ր ա Գագոն,- հարցրի:
— Նեղացավ, գնաց դուրս
— Ինչու՞, ի՞նչ եք արել էդ խեղճին:
Ձայն չհանեցին: Գնացի դուրս, որ Գագոյին բերեմ: Դեռ մի քայլ էի արել, որ դուրս գամ փաբից, մեկ էլ տեսնեմ` ծառի տակ թաքնված Գագոն ինչ-որ մեկի հետ համբուրվում է: «Փաստորեն գրազը կրեց»,- մտածեցի ու թաքուն մոտեցա, որ տեսնեմ` պարողներից որ մեկը վերջը բաժին հասավ Գագոյին:
Եվս երկու քայլ, և նկատեցի, որ Գագոյի հետ համբուրվողը կողքի սեղանի սպիտակ շալվարով տղան էր, որն իր մյուս սեռակիցների պես աթոռին գամված նայում էր պարող աղջիկներին` այդպես էլ չմիանալով նրանց:
***
Կարդաց էս պատմությունն ընկերներիցս մեկը: Կարդաց-կարդաց ու չհավատաց, ասաց՝ Գագոն տղու հետ չէր համբուրվի, օրալ սեքս՝ հա, բայց համբուրվել՝ երբեք: Երկնքից ընկավ երեք խնձոր: Մեկն էս պատմությունը հորինողին, մեկը Գագոյին, մյուսն էլ հավատացողին, որ Գագոն տղու հետ համբուրվեց:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s