Լենա Հովսեփյան

ՔԱՐԱՀՈՒՆՋ. ԻՄ ՉԵՂԱԾ` ԳԻՐՔՆ ԻՄ…ԻՐԱԿԱՆ

 

Քարահունջն իմ գյուղն է, իմ կենսագրության ակունքն ու…մինչ այսօրն է:
Վաղն է:
Հետոն էլ է…
Քարահունջը չունեցածս գրքի բազմահատորյակն է, որը ժանր չունի, չունի “Առաջաբանի
փոխարեն” ու “Ծանոթագրություններ” բաժիններն անգամ: Չպիտի էլ ունենար, որովհետև իմ չեղած գրքում
հաստատել-ապացուցել-վկայակոչելու կարիքը չկա:
Այնտեղ փաստեր չկան, իրադարձություններ՝ նույնպես:
Այնտեղ այգաբացին ստվերներ նետող, իրար հրմշտոցով նախրի` նախրաձայնով բացվող այգաբացը
կա, ու օնիբուն թորվող օղու տաք թթաբույրը կա…
Այնտեղ Ներքի աղբրից կժով ջուր կրել ու մինչ տատիդ տուն ձգվող քարասալ դիքերի հետ հաշտ-
համերաշխ լինելը կա-վիթի նման դյուրաթրթիռը կա…
Այնտեղ քո  թախտին ու լույս-Լուսիկ տատիդ անկողնուն կեսգիշերին վետվետող հսկա ակացիայի
օրօր-ստվերը կա…
Այնտեղ կավե քրտնած կուլայից գիշերվա կեսին մոթալի պանրի ծարավը ջրող, ծոցդ գիլ-գիլ
ակոսող սառը ջուրը կա…
Այնտեղ Շռռանի փրփուր ջրվեժազրնգոցը կա…
Այնտեղ ժամերը խառնած-շփոթած աքլորականչը կա…
Այնտեղ օրվա ժամանակին իր ժամանակով…հաղթած, քնած-դադրած տատիդ մեղմ չնչառությունը
կա…
Այնտեղ քեզ հայացք նետած ջահելների հետ մեն-մեկուսի, ձեռքերդ վերմակին դարսդասած
խունջիկ-մունջիկը կա…
Այնտեղ ողջն այդ նոտագրող, մեղրածոր թթով ծոցվորված թթենինների..սոխակ “ճիճու”  միալար
սերենադան կա…
Այնտեղ համը կա, հոտը կա, գույնը կա, մարդը կա, հոգնությունն ու իրար տեղ իմանալը կա…
Այնտեղ կյանքիդ  հեքիաթը կա ու իրական-իրական հրաշքը կա…

Կա, կա’ իմ չեղած գրքում, իմ բաժիններ, էջ ու “Բովանդակություն” չունեցող գրքում, որ իմն է
միայն, իմ մասունքն է, մասունքից էլ թանկ է, իմ միս ու արյունով անցածն է, իմ հիշողությանն ու նյարդին
անխաթար պահ տվածն է:
Բայց այսօր տխուր է, այսօր տխուր-խեղճացած է իմ չեղած գիրքը…
Այսօր իմ գյուղը սահում-իջնում է, այսօր իմ գյուղում նախրաձայնը խլանում է ճաքհառաչ
անհանգիստ ընդերքի ձայներից՝ խուլ դղրդյուններից…
Այսօր ակացիայի ստվերը մոգոնող-խաղացնող լույսերը չկան…
Այսօր այնտեղ քամին կա, բայց անհավես է-լուսնապարը չկա, լուսնապարին սպասողը չկա…
Այսօր այնտեղ իմ թախտն ու տատիս “ֆրաժի” մահճակալը բաց կտուրի՝ շեկ արևի ու մզմզան
անձրևի տակ են…
Այսօր այնտեղ ծեր ու լքյալ է Ներքի աղբյուրն անգամ…

Այսօր այնտեղ ջահելները ծեր են-օրվա, օրվա ծանծաղի մեջ են, ծերերն ո՞ւր են. կան-չկան՝
մամռոտ հավատով են, մամռե դեմքերով են, այստեղ, բայց …այնտեղ են, այնտեղ, ուր օրը ժպիտ ուներ ու
վաղվա լույս-պարան…
Իմ հաշվանքի սիստեմն էլ է փոխվել այսօր, այսօր…փարթամ-հաստ ծամերով, ջուր շաղ տված խալ-
խալ բակը սրբելուց խենթանալու չափ երջանիկ աղջնակը մտքով ավելի քան աղջնակ է, բայց…
Բայց նա այդպես էլ չեղած գիրքը հոգու սնդուկում գուրգուրող գյուղաճարակի տենդ ունի, արյան
մշտահմա ժաժք ունի, ունի ու՝ հավերժ փառաբանության պատճառ՝ այդքա~ն իրական ու իրեղեն,
այդքաա~ն…չեղած գիրք ունենալու համար…
Ու այդ աղջնակը հոժար է, որ իր հոգին, պահապան հրեշտակի պես, ճերմակ թևերով գուրգուրի իր
արյան կաթնաղբույր Քարահունջը:
Որ գրկի-գուրգուրի այնպես, որ սահք-սողքի ցավը բալասանի, որ հոսելուց, ընդերքի ձայների ահից
փրկի իր թելիկ-մելիկ հուշերը…
Որ էն՝ մանկության պստլիկ սրտիկը, անզորության ցավից ճաք չտա…
Որ կենդան մարմնի կենդան հոգին երկար-երկար գուրգուրի Քարահունջը…
Որ Քարահունջն իրեն պահի իր բացվող, բայց տաք ծոցում…
Որ պահենք իրար, որ չեղած գիրքս, Աստված մի արասցե, չվավերագրվի…
Որ գրադարակ մտնելու ահը չառարկայանա…
Որ հեքիաթս չխռովի ինձնից…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s