Լիլիթ Կարապետյան

Անվերնագիր

 

Այդ երազանքները հազվադեպ են իրականանում ու հոսում են սեփական ուշացած կենսագրությանը համընթաց: Ետ նայելիս անծայյրածիր մթության մեջ հայյրս դիտարկում է ինձ, որպես մի կղզու, ուր ոչ ոք չի բնակվում, որովհետև մարդիկ ասում են , որ բոլոր կղզիները մի օր անցնելու են ջրի հատակը: Խարխափելով մթության մեջ` հայրս, անխոս գրկելով, բազմոցից նստեցնում է հաշմանդամի սայլակին: Մեջքիս ետևում փափուկ բարձ է դնում , հարմարեցնում գլուխս այնպես , որ ետ չընկնի ու միասին իջնում ենք բակ: Քարին նստած ծեր կինը առօրեական ողջույնը փոխանակելուց հետո , հիշեցնում է իմ վտիտ մարմնագոյացման վտանգի մասին ու հորս արագորեն պատմում դրախտի գոյությունը հաստատող վերջին կարևորագույն լուրերը. Կանաչ խոտածածկի վրա ցատկոտող երեխաներ, քաղցր պաղպաղակ, գնդակ խաղացող մանուկներ: Ֆուտբոլի դաշտի կողքով անցնելիս <<գոլ>>, <<գոլ>> բացականչություններով գնդակը հայտնվեց ուղիղ ոտքերիս մոտ ու շոկոլադե պաղպաղակով տղան վախեցած սկսեց լաց լինել: Հայրս թեթև շարժումով, հատկապես որ սպորտային կոշիկներ էր հագել, ետ մղեց գնդակը ու խաղը շարունակվեց դատավորի` ծռմռված շրթունքներից բխող սուլոցի ներքո:
Ամենաշատը վախենում եմ հրաժեշտից, որին հաջորդում է նոր բան սկսելու անորոշությունը ` անհայտ եզրափակիչով, հաշիվը առնվազն 1-0 ավարտով: Դեռ մտովի հետևում էի ֆուտբոլի խաղին ու չնկատեցի ինչպես հասանք կանաչ նստարանին վիճաբանող կանանց: Աստծուց էին բանբասում` լսել էին` տղա է ունեցել: Իմ լռությունը անզոր էր կանգնեցնել վստահ քայլերով ինձ մոտեցող կնոջ ցանկությունը` մի խուրձ բուկլետ տալ: Հայրս անխոս , բայց կտրուկ շարժումով թեքեց սայլակը ` բախվելով հայտարարությունների բարձր սյանը` <<Զգուշացեք Եհովայի վկաներից>>: Պատ: Սա տեսողական խաբկանք չէ: Երկգույն վանդակավոր տախտակին շարված խաղաքարերի գլխիկները տաքացել էին կնճռոտված մատների արանքում: Ծերունիները լքված էին ինչպես դատարկ տան չորս պատերը և չաշխատող ժամացույցի նման պարապ, որովհետև ժամանակը կորցնում է իր բովանդակությունը երբ առջևում միայն մի արկած կա` մահը: Անցանք ժամացույցի վերանորոգման կողքով, դատարկ տարածք, տրվում է վարձով, ականջի դակում: Անցանք վայրկյանապես, առանց ափսոսանքի, արագորեն: Հայրս լարված սայլակս էր հրում, իսկ մյուս ձեռքով խոսում էր բջջայինով` հաջորդ օրվա պայմանավորվածությունների մասին: Միասին հեռանում էինք, ինձ թվում է փախչում էինք այն ժամանակներից , երբ դռան թակոցը լսելիս վազում էի իմ ննջասենյակ ու անկողին մտած ամուր փակում աչքերս` իբր թե քնած եմ: Հայրս դռան արանքից երկար նայում էր ու լուռ հեռանում: Մի անգամ խիզախեց համբուրել: Փափուկ ու ծույլ շարժումով մի կողմ հրեցի նրան ու վերմակով ծածկեցի դեմքս:
<< Ինչ լավն ես քնած ժամանակ>>,- Ժպիտով ասաց նա:
Դեռ չգիտեի, որ ամբողջ անշարժ ու շարժական գույքը ժառանգելու են բարեկամներս, հորս դիակը` ես: Նա հնամենի մի երգ էր շվշվացնում սիրո մասին: Գեղջկական ելևէջներով բառերը չէին համապատասխանում բանկոմատի էկրանին գրվող թվերի հետ: Վերջին ամսվա աշխատավարձը նախքան տուն հասնելը ծախսվելու էր քաղցրավենիքի ու նման անհեթեթ բաների վրա: Ինչպես միշտ դատարկ գրպաններով վերադառնալու էինք տուն, բայց հայրս ուրախ էր թվում: Իմ փոխարեն ողջունեց դասընկերոջս, որ փորձում էր ձեռքս սեղմել ու հարցնել որպիսությունս: Լավ ենք: Երկու բառով ավարտեց խոսակցությունն ու նույնպիսի զվարթ տրամադրությամբ փոսերի վրայով հրեց սայլակս ` կամացուկ ցնցումով հայտնվելով մթերային խանութի առջև: Թեք հարթակի վրայով անցանք ազատ զամբյուղների մոտով ` որպես նշանակետ ունենալով գինիների բաժինը, հայրս վերցրեց ամենամեծը: Նեղ ու երկար լաբիրինթոսի նմանվող ճանապարհին կորելու վախից ուզում էի բռնել հորս ձեռքը, բայց մնացի անշարժ: Տեսողությամբ լուսանկարեցի այն պահը` ինչպես է կլոր գործիքով օղակ-օղակ կտրվում երշիկը ակվարիումի մեջ լողացող ձկան կողքին, որ դանդաղ բացուխուփ էր անում բերանը` կեր որսալու պատրվակով: Մի պահ սայլակս ու զամբյուղը, միմյանցից չտարբերվելու աստիճան, գլորվում էին դեպի ելքը` փաթեթավորված ձուկն ու վերնաշապիկը մինչև վերջ կոճկած իմ մարմինը միասին: Հայրս միայն ուղորդում էր մեր շարժումը մինչև դրամարկղի մոտ:
Այնուհետև նահանջն էր, որովհետև փախչելու տեղ չկար: Միևնույնն է կգտնեին: Մեքենայի ապակին իջեցնելով` ասելու էին` արձակիր վերնաշապիկիդ կոճակները, երբ հայրս կողքիս չլիներ: Նա չգիտեր, որ մարդկանց ամենաբաղձալի ցանկությունները իջնում են շատ ավելի ներքև: Վերադարձն այնքան դանդաղ էր, որ ճանաչեցի հորս շնչառությունը, չորացած տերևների շրշյունը ու հաշվեցի ձկան տոպրակից գլորվող արյան կաթիլները` 67:
Ջութակ նվագող մուրացիկի երաժշտության ներքո մեր բնակավայրն ավելի դատարկ էր թվում: Նա երկար մատներով խնամքով բռնել էր փայտիկը. այդ վտիտ մատներում լռությամբ ու վախով ապրում էր երաժիշտ կոչվելու երբեմնի փառքը: Հյարս: Հայրս մեծ երազող է: Նրա երազանքը գամված է սայլակին, սպասումով, որ կգրկի ինձ ու սովորականի նման կբարձրացնի վերև: Հորս մարող ջերմությունը, ծանր ու ընդհատվող շնչառությունը: Թրմփ: Ձկան տոպրակը ձեռքից ընկավ:
Ես շրջվեցի, հայրս ծերացել էր: Ոտքի կանգնեցի, գրկելով հորս, օգնեցի նստել սայլակին ու միասին բարձրացանք չորրորդ հարկ:
Ես գիտեի , որ երբ հայրս ծերանա, կկորցնեմ նրան ու կսկսվի իմ մենությունը:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s