Լիլիթ Վահանյան

Գետնահարկը

 

Առաջինը Մերուժանն էր: Երբ նա սկսեց օրվա մեջ մի քանի անգամ մոտենալ արևելք նայող պատին և հանգամանորեն լիզել պատի ճաքերը, գործընկերներն սկսեցին անհանգստանալ: Մերուժանին մինչ այդ նույնիսկ պաղպաղակ լիզելուց չէին տեսել: Սկզբում բոլորը ծիծաղում էին: Քահ-քահ: Հետո երբ հավատացին, որ Մերուժանը չի հիշում՝ ինչպես և ինչու է պատը լիզում, սկսեցին վախենալ նրա համար: Համոզեցին՝ գնաց բժշկի: Որոշ ստուգումներից հետո նա հայտարարվեց առողջ և ուղարկվեց տուն: Գործընկերները թեթևացած շունչ քաշեցին: Էլ ոչինչ չէր լիզում:
Անցավ մեկ շաբաթ: Լուսինեն ինչպես միշտ առաջիններից մեկը եկավ աշխատանքի այդ օրը: Իր սեղանին մոտենալիս Լուսինեն դանդաղեցրեց քայլերը: Օդի մեջ տարօրինակ զգացողություն էր տիրում: Հինգ քայլ հետո… Նաիրան, գործընկերուհիներից մեկը, գոտկատեղից ներքև մերկ, պատռտած վերնաշապիկով ու արյան մեջ կորած, անբնական դիրքով պառկած էր՝ սառած հայացքը դեպի արևելք նայող պատը: Նրա պարանոցին սիրտ խառնելու չափ պարզ երևում էին արդեն սևացող մատնահետքերը: Լուսինեն փորձեց ճչալ, բայց ասես երազում՝ ձայն դուրս չեկավ կոկորդից: Միայն բերանն էր բաց՝ ու սարսափից աղճատված: Վարագույրի հետևում շողք էր երևում: Անհասկանալի ուժով մղված, շատ լավ գիտակցելով, որ չի ուզում տեսնել, թե ինչ է վարագույրի հետևում, Լուսինեն քայլեց դեպի պատուհանը:
Չգիտես ինչու՝ ամենաշատը տպավորվեց Մերուժանի զոլավոր փողկապը: Պատուհանի վերևի բռնակից կապած, վիզը գրկած, կարմիր ու կապույտ զոլերով փողկապը, որի կապույտը շատ մոտ էր Մերուժանի դեմքի կապույտին: Լուսինեն մտածեց, որ գույները սազում են իրար ու վերջապես կարողացավ կոկորդի ճիչը դուրս բերել՝ իր վերջին հետևության անպատեհությունից ավելի, քան երկու դիակներից սարսափած:

Քաղաքի մեծահարուստներից մեկին պատկանող շինության մասին շշուկները չէին դադարում: Մարդիկ համառորեն պնդում էին, որ երբ համարձակվում ես շենքին շատ մոտ քայլել, գետնահարկից ճիչեր ու տնքոցներ են լսվում: Ու մարդիկ գործի էին դնում իրենց երևակայությունը: Ասում էին, որ մեծահարուստը ամեն գիշեր քնելուց առաջ գետնահարկն է բերել տալիս մի ընտանիք ու սպանում է ընտանիքի բոլոր անդամներին: Յուրաքանչյուրին մի առանձին ձևով: Մեկին կտրտում է կացնով՝ սկսած ձեռքի մատներից, մյուսին խեղդում ու եփում է եռացած ջրով լի կաթսայի մեջ, երրորդին, ասենք ընտանիքի հորը, ստիպում է բռնաբարել իր աղջկան և հետո սպանել նրան՝ կոկորդը կտրելով: Իսկ հետո նրանց բոլորին թաղում է գետնահարկի բետոնե խորը ավազանի մեջ, որը արևելքին նայող պատի մոտ է փորված, իրար կողք շարելով դիակներն ու բետոնի նոր շերտ ավելացնելով: Տասից մեկին էլ կենդանի է թաղում: Ու մինչև հաջորդ գիշեր բետոնի այդ շերտը չորանում-քարանում է, քանի որ գետնահարկում դժոխքի ջերմաստիճանն է տիրում: Պարզ չէր, թե նման մանրամասները որտեղից են հայտնի քաղաքի բնակիչներին. չէ՞ որ գետնահարկից ոչ ոք կենդանի դուրս չէր գալիս ըստ շշուկների:

Փոքրիկ քաղաքի ամենահին բնակիչներից մեկը,Սերոբեն, ով երդվում էր, որ անգիր գիտի բոլոր հին բնակիչներին, մարդկանց ասում էր, որ մեծահարուստն իրականում Սպանդարամետ աստվածն է, որ վերադարձել է մարդու կերպարանքով և հագեցնում է իր դարավոր քաղցը: Հետո նա ստիպված էր լինում բացատրել, թե ով է Սպանդարամետը և ընդհանրապես ինչպես կարող է բացի մարդկանց ճանաչած Աստծուց ուրիշ աստված լինել: Այն էլ արյունարբու ու մարդակեր: Սերոբեին ատեցին ու դադարեցին լսել:

Հրատարակչության տնօրինությունը երեք տարի էր արդեն, որ աշխատակիցներին խոստանում էր տեղափոխվել նոր շենք, բայց խոստումը խոստում էր մնում: Ներկայիս շենքը, ճիշտ է վերանորոգած, բայց միևնույն է, շատ հին էր: Գետնահարկը, որում հրատարակչության տարածքն էր, վերջին մի քանի օրում, ասես արագացված կադրերով, սկսել էր մաշվել: Իսկապես մաշվել: Պատերի ներկը քայքայվում էր, առաստաղից ժամը մեկ ծեփոններ էին կախվում ու ընկնում հատակին, համակարգիչների ու մարդկանց վրա: Բայց այս ամենը համարվել էր աշնան խոնավության հետ եկած երևույթ և գրեթե անուշադրության էր մատնվել՝ մինչև Մերուժանի ու Նաիրայի վախճանը:
Փորձաքննությունը պարզել էր, որ Մերուժանը սպանելուց առաջ բռնաբարել է Նաիրային: Մերուժանը, որ ըստ բոլոր գործընկերների, աշխարհի ամենաբարի ու ամաչկոտ մարդն էր:

Ու Լուսինեն: Դեռ խելքի չեկած երկու գործընկերների հետ պատահածից, աշխատողներն սկսեցին նկատել Լուսինեի տարօրինակ պահվածքը: Նրան անընդհատ բռնացնում էին հայացքը հառած այն կետին, ուր այն օրն ընկած էր խոշտանգված Նաիրան: Պետք էր լինում մոտենալ ու դիպչել Լուսինեի ուսին, որովհետև պարզապես կանչելով նա խուլի պես արձագանք չէր տալիս:
Հրատարակչությունում շշուկներ սկսվեցին հիմնարկը փակելու մասին: Աշխատողների մեծ մասը պարզապես հրաժարվում էր ներկայանալ՝ անգամ աշխատանքից զրկվելու սպառնալիքով: Բայց ոչինչ էապես չփոխվեց, մինչ մի առավոտ Անահիտը ներս մտնելով չգտավ Լուսինեին նույն տեղում, ուր նա նայում էր առանց հայացքը կտրելու: Նրա կոկորդի մեջ ցցված էին գրասենյակային երկու մատիտներ՝ ծայրերին վարդագույն կիսամաշ ռետիններով:

Միքայելը նորից զարթնեց նույն երազից: Շունչը դեռ չէր հերիքում, ինչպես երազում: Բետոնի հեղուկ զանգվածն ասես դեռ մարմնի վրա, աչքերի ու բերանի մեջ լիներ: Ու այն չորանում էր: Արագ, արագ: Աչքերն էլ չէր կարողանում փակել, մեջը լցված բետոնը չէր թողնում:
Հեռախոսի զանգը փրկության ղողանջ թվաց; Նետեց իրեն հեռախոսի մոտ;
— Ալո:
— Միքայել,- լսեց Անահիտի հիստերիկ ձայնը, — Լուսինեն… Լուսինեն… Լուսինեն…
Միքայելը լսափողը հեռու տարավ ականջից: Մի տոն էլ բարձր ու Անահիտին միայն չղջիկները կկարողանային լսել:

Միքայելը տենդագին արագությամբ փորփրում էր իր դարակը: Նյարդայնացած՝ եղածը շուռ տվեց բազմոցի վրա և սկսեց մի կողմ շպրտել այն ամենն ինչ իրեն պետք չէր: Վերջապես թղթերի կույտի տակ նշմարեց կարմիր, մաշված կազմով տետրը: Վերցրեց և սկսեց դողացող մատներով թերթել: Գտավ իր փնտրած էջը: Վերջին էջը, որից հետո սկսվում էին դատարկ թերթերը:

“Դժոխքն ավելի քան իրական է: Սպանդարամետը վերադարձել է: Նա քաղցած է: Մարդկանց հոգիները բանտված են քարե դարակներում: Նրանց ճիչն ու ոսկորները հալվում են դժոխքի կրակում: Արևելք նայող պատի մեջ թույն կա: Կաթիլ-կաթիլ հավաքված են մարմիններից գողացած հոգիները: Եվ կրկնվելու է: Շրջանը լրանալուն պես կրկնվելու է: Կանցնի ուղիղ յոթանասունհինգ տարի, Սպանդարամետի զոհերի քանակով, ու նորից կսկսվի նույնը: Քաղցած չարիքը կսկսի խժռել մարդկանց: Տանջել, անասնացնել, մարդկային կերպարանքից զրկել ու խժռել…”

Միքայելն արագ բացեց կիսամաշ տետրի առաջին էջը:

Օրագիր Սերոբեի
Անիծված մարգարեի և դժբախտ մարդու:

Երկրորդ տողն ուրիշ թանաքով էր գրված, հավանաբար ավելի ուշ էր ավելացվել:
Միքայելը կարդաց նաև քիչ առաջվա գրառման տակ դրված ամսաթիվը՝արդեն իմանալով, թե ինչ թիվ է տեսնելու: Գրառման թվականից անցել էր ուղիղ յոթանասունհինգ տարի:

Միքայելն այդ օրագիրը գտել էր քաղաքային գրադարանի արխիվներից մեկում, փոշու կեսդարյա շերտի տակ ծածկված և անհասկանալի մղումով արել էր իր կյանքի առաջին և վերջին գողությունը: Պարզապես չէր կարողացել օրագիրը թողնել այնտեղ, փոշիների մեջ, մոռացված ու արհամարհված: Սերոբեի մտքերը կարդացել էր մի գիշերում, կուլ տալով ամեն մի բառը, բայց ժամանակի ընթացքում այն դարձել էր իր գրադարանի մի սովորական մասը: Մոռացվել էր:

Հրատարակչության տնօրենն ուշադիր լսեց Միքայելի պատմածը, բայց վերջում չկարողացավ զսպել ժպիտը:
— Միքայել, Սերոբեի մասին ես վաղուց գիտեմ. քաղաքի ամենահայտնի գիժն է համարվել: Այդ պատմությունից էլ եմ տեղյակ: Անհետացած մարդկանց մասին ու դրա շուրջ հյուսված լեգենդների: Ու ես համամիտ եմ, որ մեր հիմնարկն աշխատողների համար երբեմն դժոխքի է վերածվում, բայց արի մեզ չկորցնենք, լա՞վ:
— Ինչպես Մերուժա՞նն էր իրեն կորցրել: Լուսինե՞ն, Նաիրա՞ն Ես համաձայն եմ:
Տնօրենը մռայլվեց:
— Ի՞նչ է ուզածդ:
— Ստուգել, ընդամենը ստուգել ու համոզվել:
— Ախր ես չեմ կարող հիմնարկի հատակը փորել քեզ համար, Միքայել, հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ուզում:
— Դուք ոչ մի բան էլ մի փորեք, փորող կգտնվի:
— Դու համոզվա՞ծ ես, որ ուզում ես ճիշտը փորել:
Միքայելը զարմացած նայեց:
— Բա էլ ինչու՞ եմ ձեզ հետ խոսում:
— Լավ: Ես քեզ կզանգեմ երեկոյան:
Միքայելը սպասողական նայեց:
— Փորողն իմ կողմից,- տնօրենը լայն ժպտաց:

Աղմուկը դեռ դրսից լսեց: Միքայելը երբեք այդքան ուշ ժամի չէր եղել հրատարակչությունում: Տարօրինակ էր ու անսովոր: Կամ գուցե պատճառն իր ընկերների չարագույժ մահերն էին: Միքայելին վերջինն ավելի հավանական թվաց:
Արևելքին նայող պատը և այդ տարածքում դրված ամեն ինչը ծածկված էր փոշու հաստ շերտով: Երկու տղամարդ, երկաթե բրիչներով զինված, հայացքները գետնից չկտրելով քանդում էին հիմնարկի հատակը: Սկզբում Միքայելին թվաց, թե նրանցից մեկը շատ ցածրահասակ է, բայց մոտենալով հասկացավ, որ պարզապես ավելի ներքև է կանգնած, իր իսկ փորած փոսի մեջ: Տնօրենը Միքայելի գրասեղանի մոտ նստած ծխում էր: Միքայելը քայլեց դեպի իր սեղանը՝ մտքում նյարդայնանալով, որ տնօրենը սիգարետի մոխիրը թափ է տալիս ուղիղ իր ստեղնաշարին:
Տնօրենը գլխով ցույց տվեց սեղանի մոտ դրված աթոռը՝ հրավիրելով նստել:
— Գո՞հ ես: Փորում են:
— Շնորհակալ եմ:
— Տղաները հենց մի տեղ հասնեն, մեզ տեղյակ կպահեն: Օրագիրը բերե՞լ ես:
Միքայելը բաճկոնի գրպանից հանեց կարմիր կազմով օրագիրը, մեկնեց տնօրնեին, հետո փոքր-ինչ մտածելուց հետո հանեց բաճկոնը և դրեց իր մեջքի հետևը: Շոգում էր:
Տնօրենը մի երկու էջ թերթեց, ժպտալով կարդաց մի քանի նախադասություն և փակելով օրագիրը անփույթ նետեց սեղանին:
— Սերոբե, Սերոբե…
Միքայելն զգաց, որ չնայած տաքությունից խտացող օդին, իր ճակատից դեպի աչքերը սողացող քրտինքը սառույցի պես սառն է:
— Դե դու գիտես, — տնօրենը ժպտում էր:

Միքայելի վերջին ճիչը, խառնվելով բերանը լցվող հեղուկ բետոնի հետ, վերածվեց անորոշ խռխռոցի:
“Հիմա կզարթնեմ, հիմա կզարթնեմ, հիմա կզարթնեմ…”

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s