Համբարձում Համբարձումյան

Հենակետում

Երբ մարտական հենակետի հանձնում-ընդունումը կատարվեց, ծանր զենքը բարձրացրին ու տեղադրեցին դիրքում, զենք-զինամթերքը դասավորվեց զինանոցում ու զինաբուրգում, ուտելիքի պաշարը` գետնափոր մառանում, մարսողության հետ խնդիրներ ունեցող հենակետի ավագը` կապիտան Ղազարյանը, արտաքնոց գնալու բնական պահանջ զգաց, և երկու վատ նորություն բացահայտվեց: Պարզվեց, որ արտաքնոցը ծայրից-ծայր լցված է կղանքով, մեզով ու անձրևաջրերով, իսկ դա նշանակում էր, որ անհրաժեշտ է նոր փոս փորել ու արտաքնոց կառուցել և` որ յոթ գալար զուգարանի թղթերով տոպրակը անհետացել է: Ղազարյանը, որը հաշվի առնելով բանակային սննդից, թե ինչ-որ ուրիշ բանից պարբերաբար կրկնվող փորլուծությունը՝ իր սպորտային ճամպրուկում մշտապես մի քանի գալար պահուստային թուղթ էր բարձրացնում հենակետ, վերցրեց պահուստային գալարներից մեկը և հրահանգեց մինչև իր վերադարձը ինչ գնով էլ լինի գտնել զուգարանի թղթով տոպրակը:
Հենակետի սակավաթիվ անձնակազմից երկուսը` Բրդոտն ու Բիձեն, սկսեցին ուսապարկերը քրքրել, Բոյով Ճուտը ` հենակետի բարձրահասակ խոհարարը, գետնափոր մառանը տակնուվրա արեց, իսկ ավագի օգնականը` Կոտոշը, սկսեց տապիկով զանգել հարևան հենակետերը, որոնց անձնակազմերի հետ նույն մեքենայով էին բարձրացել:
Երբ հանգստացած ստամոքսով Ղազարյանը վերադարձավ գետնատնակ, Կոտոշը վերջին հենակետի հետ էր զրուցում:
-Չկա, հա՞: Դե լավ, ապեր…
-Գտա՞ք,- հարցրեց Ղազարյանը:
-Չէ, -տապիկի լսափողը ցած դնելով` ասաց Կոտոշը:
— Հենակետը բլինդաժի դեմը շարվի,-խիստ տոնով հրաման տվեց Ղազարյանը:
Անձնակազմը հոգնած էր: Ճանապարհի մեծ մասը ոտքով էին եկել` ծանր զենքը, 14 օրվա սնունդը ձեռքով էին բերել, որովհետև հակառակորդի նշանառուները աշխատում էին և բաց` ծառազուրկ տարածքով մեքենայի անցնելը վտանգավոր էր: Այս ու այն կողմից լսվեցին անձնակազմի դժգոհության ձայները : Ղազարյանը, բերանից փրփուր շաղ տալով, գոռաց.
-Զենքով, բրոնիժիլետով` պոլնի էպիկիրովկա:
Անձնակազմը դանդաղ էր շարժվում, մի քանի րոպե առաջ դասավորված զինամթերքն ու նառերի տակ դրված ուսապարկերը վերցնելը չափազանց տհաճ էր: Հենակետի ավագը թողնել տվեց` զենքերը կրկին դրվեցին զինանոցում, զինամթերքը զինաբուրգում, ուսապարկերը նառերի տակ, ապա Ղազարյանը նորից հրամայեց շարվել:
Երրորդ փորձից հենակետի անձնակազմը շարված էր դրսում: Բոյով ճուտը, Բրդոտը, Բիձեն և Հարութը զրահաբաճկոնով ու սաղավարտով էին, ուսապարկերը մեջքներից կախած, իսկ հենակետի «լավ տղերքը»` Բիզոնը և Կոտոշը, միայն զենքերն էին վերցրել: Բիզոնը այնպես էր ճնշել Ղազարյանին, որ կարող էր դուրս չգալ, պառկել նառերի վրա, հեռախոսով ծանոթության կայքեր մտնել և Ղազարյանը հազիվ թե բան ասեր, ինչպես որ հիմա ուշադրություն չէր դարձնում, որ նա միայն զենքն է ուսից կախ գցել, բայց նա չէր չարաշահում իր հնարավորությունները:
Ամեն անգամ, երբ հենակետ էին բարձրանում, նույն պատմությունը կրկնվում էր: Կապիտան Ղազարյանը, որ գումարտակի ամենաթույլ սպան էր , որին զինվորները չէին հարգում և որից չէին վախենում, միշտ ինչ-որ պատճառ գտնում էր հենակետի անձնակազմը առաջին իսկ օրը դրսում շարելու համար: Դրանով նա փորձում էր ցույց տալ, թե իրավիճակի տերն է, որ պետք է ենթարկվեն իրեն, բայց ճիշտ հակառակ արձագանքն էր ստանում. իր ու զինվորների միջև նորից լարում էր ստեղծում:
— Էս էդքան հաբգել եք, հա՞, որ ասում եմ շարվեք ` չեք շարվում,- մի քիչ կատաղած, մի քիչ էլ կատաղություն խաղալով՝ գոռում էր Ղազարյանը,- դուք երևում ա` լավ չէք ճանաչում Ղազարյանին: Ոչինչ, մի երկու ժամ ստեղ կանգնած կմնաք, տեղը կբերեք:
Ղազարյանի ներկայացումները զվարճալի էին, բայց զենքով, ծանր ուսապարկով, զրահաբաճկոնով ու սաղավարտով 10-15 րոպե կանգնելուց հետո սկսում էին ձանձրացնել ու հոգնեցնել:
— Ղազարյան, ախպոր պես, վերջացրու,- ասաց Կոտոշը,- կարող ա ճանապարհին ա ընկել, կարող ա ներքևում` կապտյորկում ա մնացել, վաղը մարդ կուղարկենք ճանապարհը նայելու: Եղածը զուգարանի թուղթ ա, էլի: Եթե չգտնվի, կասենք՝ ներքևից տղերքը կուղարկեն ջրի հետ:
— Մի պաշտպանի սրանց, Կոտոշ,- ասաց Ղազարյանը,- էսօր զուգարանի թուղթն են կորցնում, վաղը զենքերը կկորցնեն, երկուսիս էլ բռնել կտան:
Ղազարյանը սիրում էր իր խոսքը համեմել տղայական, փողոցային պատկերացումներով. նրան թվում էր, թե դրանով հարգանք է ձեռք բերելու հենակետի «լավ տղերքի»` Բիզոնի ու Կոտոշի մոտ:
-Ղազարյան, ես գնացի Բլինդաժ,- անտարբեր արտաբերեց Բիզոնը և քայլեց դեպի գետնատնակը;
-Գնա,- ասաց Ղազարյանը կարծես իր թույլտվությունից էր կախված Բիզոնի գնալ-չգնալը,- Կոտոշ, դու էլ ներս մտի:
Բիզոնը,Ղազարյանը, Կոտոշը ներս մտան գետնատնակ, իսկ մի քանի րոպեից ներս կանչեցին նաև հենակետի խոհարարին: Պատվերը ստանալուց հետո Բոյով Ճուտը գետնատնակից դուրս եկավ ու մոտեցավ գետնափոր մառանին: Ծալվեց, մարմնով 90 աստիճանի անկյուն կազմելով ներս մտավ: Մառանից Բոյով Ճուտը դուրս եկավ մի քանի օրվա ձվի ու պահածոյացված մսի պաշարը ձեռքին, իսկ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեփավորված երշիկները սեղմված ատամներից կախված:
Գետնատնակի առջև շարված զինվորները հայացքով ուղեկցեցին Բոյով Ճուտին. նրանց հասանելիք մի քանի օրվա սնունդը «լավ տղերքը» ու Ղազարյանը մի քանի րոպեում խժռելու էին, և իրենք նորից մսաբուսական շիլայի հույսին էին մնալու:
— Ղազարյանին առիթ էր պետք մեզ դուրս հանելու համար,- ասաց Բրդոտը ու, շարքից դուրս գալով, նստեց գետնատնակի մոտ` հարթ մակերևույթից դուրս տնկված գլաքարի վրա:
Իրիկնանում էր, բայց անձնակազմը դեռ կանգնած էր գետնատնակի առջև: Կանգնած էր, որովհետև հացկերույթը ավարտվել էր, իսկ ճաշից հետո Ղազարյանը արտաքնոց վազելու սովորություն ուներ և ամեն պահ կարող էր դուրս գալ գետնատնակից ու, անձնակազմը շարված չտեսնելով, նորից աղմուկ բարձրացնել: Շուտով հերթափոխի ժամանակն էր, գետնատնակի առջև կանգնածները հերթափոխելու էին դիրքերում կանգնած դիտորդներին և չէին ուզում, որ իրենց պատճառով հերթափոխից իջած զինվորներն էլ չարչարվեն, իսկ եթե չենթարկվեին հրամանին, ամենայն հավանականությամբ այդպես էլ կլիներ:
Բիձեն ու Բրդոտը հայացքը բոսորագույն վերջալույսին հառած ծխում էին, իսկ Հարութը նայում էր հենակետի տարածքում վեր բարձրացող միակ մատղաշ ծառին, որն անհասկանալի է, թե ինչպես էր առաջացել լերկ ապառաժների քարքարոտ միջավայրում: Նրան դուր էր գալս նայել այդ ծառին, հետևել , թե քամու թույլ հոսանքից ինչպես են մեղմորեն շարժվում տերևները: Մշտապես, երբ նայում էր ծառին, սիրելի աղջիկը` Արփին էր միտքը գալիս, որովհետև ծառը հույս էր ներշնչում, որ բոլոր դժվարությունները և արգելքները հաղթահարելի են, որ շուտով կվերջացնի ծառայությունը և ինքն ու Արփին միասին կլինեն ու այլևս չեն բաժանվի: Հարութը նայում էր ծառին, մտովի թռչում Արփիի մոտ` ոչ վաղ անցյալ կամ ոչ հեռավոր ապագա և սաղավարտը այլևս չէր նեղում ծանրացած գլուխը, զրահաբաճկոնի ու զենքի ծանրությունը չէր զգում, ու այդ ծանրության տակ հոգնած ոտքերին թեթևություն էր իջնում: Ներսում մի հաճելի ջերմություն էր տարածվում, և գլխում մի բանաստեղծություն էր պտտվում, այն պոեզիայի գրքից, որ Արփին էր նվիրել բանակ գալուց առաջ և որը ամենուր իր հետ էր վերցնում` նույնիսկ ուսումնական զորավարժությունների ու մարտական հերթապահության ժամանակ:
«Էս ծառը ոնց-որ մեր սերը լինի,-մտածում էր նա,- աճել է շրջապատին ու միջավայրին անտեսելով, և գնալով ավելի է բարձրանալու ու փարթամանալու»:
Հաջորդ օրը կապիտան Ղազարյանը մարդ ուղարկեց, որ ստուգեն ճանապարհը, որով եկել էի, բայց զուգարանի թղթերով տոպրակը չգտնվեց: Նախորդ օրվա ճոխ ընթրիքից բարիացած՝ հենակետի ավագը զուգարանի թղթի երկու գալարները դրեց գետնատնակի պատին ամրացված պահարանի դարակի վրա և պատվիրեց խնամքով օգտագործել: Շուտով մոռացան թղթի պակասության մասին և միայն, երբ ինչ-որ մեկը արտաքնոց գնալիս գալարից թուղթ էր պոկում, մյուսները հայացքով հետևում էին, որ հանկարծ շատ չվերցնի, անտեղի չվատնի թուղթը: Իսկ գալարները ինչքան էլ խնամքով էին օգտագործում, բարակում էին մեծ արագությամբ: Բանակային սնունդը, նեխահոտ արձակող ջուրը և ցուրտ եղանակը հաճախ էին փորլուծություն առաջացնում և ոչ միայն Ղազարյանի մոտ: Էժանագին, հաստ ու կոշտ թղթի գալարները հալվում էին, և մի շաբաթ անց Ղազարյանի պահուստային երեք գալարներից ընդամենը մեկն էր մնացել: Կոտոշը հոգացել էր, որպեսզի ներքևից` գումարտակից ջուր բերող մեքենայի հետ գումարտակում մնացած տղաները թուղթ ուղարկեն, բայց ջրի մեքենայի գալը հետաձգվում էր, որովհետև հերթափոխը երկարաձգվել էր` նրանց գումարտակը 14 օրվա փոխարեն 21 օր պետք է մնար հենակետում, և գումարտակի հրամանատարը բենզինը խնայելու համար հետաձգում էր, որ ջրի մեքենայի հետ գնդից ստացվելիք հավելյալ մեկ շաբաթվա սնունդը ևս ուղարկի:
Մարտական հերթապահությունից հետո զինվորները իջնում էին և, բացի Բիզոնից ու Կոտոշից , նոր արտաքնոցի փոսն էին փորում: Քարքարոտ հողը մեծ դժվարությամբ էր փորվում, իսկ Ղազարյանը պարբերաբար դուրս էր գալիս գետնատնակից ու գոռգոռում, որ ավելի արագ անեն գործը, որովհետև գործածվող արտաքնոցը ծայրեծայր լիքն էր կեղտով: Գերհոգնած դիտորդները մարտական հերթապահության ժամանակ քնում էին, որովհետև նրանց հանգստի ժամանակը ծախսվում էր զուգարանի շինարարության վրա: Կարդալու ժամանակ չէր լինում, բայց Հարութը երբեմն գիշերով, երբ արթուն հերթափոխ էր լինում, ուսապարկից հանում էր Արփիի նվիրած գիրքը և վերընթերցում:
Նոր զուգարանի շինարարությունը ավարտելու գիշերը կիսխավար` մոմի լույսով լուսավորված գետնատնակի նառերի վրա պառկած Հարութը տեսավ, թե ինչպես Ղազարյանը մոտեցավ դարակին ու, թղթի գալարը վերցնելով, դուրս եկավ: Երբ նա վերադարձավ, գալարը այլևս նրա ձեռքին չէր: Առավոտյան պարզվեց, որ գալարը գլորվել, արտաքնոցի անցքով ցած է ընկել և փոսի հատակում է: Կոտոշը հարցրեց անձնակազմի անդամներին, թե ով է մեղավորը, բայց ձայն հանող չեղավ, և նա հայհոյեց թուղթը փչացնողին: Ղազարյանը, որ չգիտես ինչու լռել էր, հիմա ստիպված էր շարունակել լռել, այլապես կստացվեր, որ Կոտոշը իրեն է հայհոյել, իսկ դա ավելի կհեղինակազրկեր նրան: Կոտոշից հետո բոլորը սկսեցին հայհոյել նրան, ով ցած էր գցել թուղթը ու չէր խոստովանում: Ամենաթունդ հայհոյանքները Ղազարյանն էր տալիս:
Հենակետում մի 12 էջանոց նոր տետր կար, «Զինվոր» թերթի մի քանի համար և վերջ: Ճաշի ժամանակ Ղազարյանը անձնակազմին հարցրեց, թե ում մոտ տետր կամ գիրք կա, թեև շատ լավ գիտեր, որ միայն Հարութն է հենակետ գրքեր բարձրացնում:
-Ինձ մոտ, բայց չեմ կարող տալ, -ասաց Հարութը,-ինձ համար շատ թանկ նվեր ա:
Ղազարյանը ինչ-որ բան էր ուզում ասել, բայց լռեց:

Երբ Հարութը մտավ գետնատնակ, զգաց, որ ինչ-որ բան այնպես չի. տղաները մի տեսակ նայեցին իրեն ու հայացքները փախցրեցին, ասես ինչ-որ մեղք էին գործել իր հանդեպ կամ ինչ-որ գաղտնիք էին պահում: Նայեց պատից կախված դարակին՝ տետրը այնտեղ էր, թուղթ կար, նշանակում է գրքին ձեռք չեն տվել: Սուրճ դրեց վառարանի վրա և գնաց ուսապարկից գիրքը հանելու:
-Իզուր մի նայի, — ասաց Բրդոտը,- Ղազարյանը վերցրել, զուգարան ա գնացել: Ասեց` տետրի թուղթը չոր ա:
Հարութը գլխիվայր ջրջեց ու դատարկեց ուսապարկի պարունակությունը` գիրքը չկար: Արյունը խփեց գլխին, մարմնով ջղային դող անցավ:
-Կսպանեմ էդ անասունին,- ասաց ու դուրս եկավ գետնատնակից:
Նստեց դուրս ցցված գլաքարի վրա և, հուզմունքից ջղային դողալով, մի ծխախոտ վառեց, սպասեց Ղազարյանի դուրս գալուն: Գիրքը` Արփիի նվերը, այսքան ժամանակ ուժ և համբերություն էր տվել նրան բանակային կյանքին համակերպվելու համար. երբ նա բացում էր գիրքը, բոլոր դժվարություններն ու անարդարությունները` սպաների հայհոյանքները և ստորացումները, «լավ տղերքի» սանձարձակ ու լկտի պահվածքը, ոտնահարված արժանապատվությունը մոռացվում էին, և բանակային կյանքը տանելի ու ժամանակավոր էր դառնում:
Ուժեղ քամու հոսանքից մատղաշ ծառը ճկվել էր և նրա աչքի առաջ ժամանակից շուտ տերևաթափ էր լինում:
Մինչ Կոտոշը և մյուս տղաները Հարութին հանգստացնում էին, համոզում, որ կռիվ չսարքի, Ղազարյանը արտաքնոցում պպզած, բաց հետույքը և հետանցքից դուրս եկած թութքը արտաքնոցի ճյուղաշեն պատերից ներս թափանցող սառը քամուն հանձնած, պոեզիա էր կարդում: Ամեն նախադասության հետ նրա հոգին փափկում, նրբանում էր և մոռացված մի քնքշություն ջերմացնում էր սիրտը: Նրա աչքերը վազում էին տողերի վրայով, իսկ միտքը ընտանիքի` կնոջ ու երկու աղջիկների հետ էր, որոնց վեց ամիս է՝ չէր տեսել:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s