Սոնա Բաղդասարյան

Թափառող հոգիներ

«Ամենից անկախ,Աստծո կամքից դուրս կա մի ինքնագո աշխարհ, ուր նետվում են ինքնակոչ վրիժառուները՝ ակնկալելով իրենց հաղթանակը անշնորհակալ աշխարհի հանդեպ»:

 

Ես չգիտեմ թե որտեղից եմ եկել, չգիտեմ թե ինչու եմ ծնվել: Երբ առաջին անգամ բացեցի աչքերս, լողում էի անսահման օվկիանում: Իսկ իմ եղբայրներն ու քույրերն անհետանում էին մեկը մյուսի հետևից: Թույլ, բայց սարսռազդու ալիքները անընդհատ ծփում էին: Ես վախնում էի, կարծում էի, թե հաջորդ վայրկյանին կանհետանամ, ինչպես նրանք: Դա առաջին զգացմունքն էր կյանքիս մեջ: Այն էլ այդժամ ինձ միակ հասանելի զգացմունքը: Պարուրված վախով սպասում էի թե երբ կգա իմ ժամանակը: Բայց դա երկար չտևեց: Եկավ իմ աշխարհ գնալու օրը: Տեսադաշտումս շողաց արևը, որին ես սև էի ներկել: Տարված այդ հսկայի վեհությամբ՝ թույլ ձեռքերս մեկնեցի՝ փորձելով գիրկս առնել այդ մռայլ մենակին, բայց նա հեգնանքով ինձ վրա սփռեց իր սառը շողերը: Գիտակցեցի, որ այդպես նա ինձ պատրաստում էր ապագա խոչընդոտներին: Չէ՞-որ Սև Արևն էր իմ մայրն ու իմ Աստվածը: Վրեժի աստվածը: Դա հասկանալուց հետո ես ոտքի կանգնեցի ու սկսեցի ապրել: Ապրել, որ վրեժս լուծեմ ամբողջ աշխարհից:

Այն ժամանակ, այն երկրում, ուր ես ծնվել էի կար մի սովորություն: Եթե երեխան իր առաջին քայլերն անում էր մինչ իր միամյակը, նրա մեջքին էին կապում խոշոր կծիկներ: Այդպես երեխան չէր կարողանում հավասարակշռությունը պահել ու անընդհատ ընկնում էր: Սա միջոց էր, որ նա չկարողանար լքել հայրական տունը ժամանակից շուտ: Ես էլ կանգնել սովորեցի տասերորդ ամսում: Ինչպես ակնկալվում էր, շուրջս հավաքվեցին տատիկ-պապիկներն ու ծնողներս: Մեջքիս կապեցին հինգ խոշոր կծիկ, բայց ես չընկա: Չգիտեմ թե ով, բայց ինչ որ մեկը ուսիցս ինձ հրեց: Եվ ես ընկա մեջքիս վրա: Իսկ նրանք բոլորը վերևից ինձ էին նայում ու ծիծաղում: Ես չլացեցի, նրանք էլ շարունակում էին վերևից ցած ինձ նայելը: Ես մեռելի պես անշարժ մնացի պառկած…

Մինչև վեց տարեկանը ինձ դաստիարակեցին որպես մի աղջկա ու վարսերս էլ դեռ չէին կտրել: Իսկ արդեն հիմա ես մորս հետ նստած էի վարսավիրանոցի սպասասրահում: Հիշում եմ, որ մի գիրք էի նայում ու երբ հայացքս գրքից հեռացրի, վարսավիրանոցի աթոռները կամովի վերածեցի փոքրիկ բեմահարթակների: Երեխաները բարձրանում էին դրանց վրա ու անէանում: Այդ երևույթը ինձ մի բան հիշեցրեց: Թե ինչպես էի ես մի քանի ամիսն շարունակ կավից մարդուկներ պատրաստում: Բավականին շատ էի պատրաստել ու սենյակիս հատակը ասես պատերազմի դաշտ լիներ: Օրերից մի օր, չկարողանալով կուլ տալ մանկությունս տրորող ձանձրույթը, արձանիկներս հատիկ-հատիկ փշուր-փշուր արեցի՝ խառնելով դրանց զայրութ, ատելություն, ինքնասիրություն: Դա էր իմ առաջին չարագործությունը: Հիշեցի նաև մեր շան: Նրան ջրախեղդ էին արել: Ես սիրում էի շնիկիս, նա էլ ինձ էր սիրում: Մեծերը փորձում էին հանգստացնել անդադար  ու սրտապատառ լացս:  Զուր էր. նրանք չէին էլ ենթադրում, որ հենց ես էի սպանել իմ սիրելի շնիկին: Ու երբ նույնիսկ ինքս ի վիճակի չէի հավատալու արածիս, ես դադարեցի լացել: Դա տարրական դպրոց գնալուցս մեկ տարի առաջ էր:

Բայց ինչքա՜ն էի սիրում այդ փոքրիկ էակին…

Սա էլ կատարվեց, երբ գնացի ավագ դպրոց: Ծնողներս ինձ տարան մի խումբ, որը նախատեսված էր հոգեպես անկայուն ու մտովի թերզարգացածների համար: Նրանց կարծիքով արտսասովոր էի, նույնիսկ վտանգավոր: Բայց դա ժամանակի անտեղի կորուստ էր: Ուղղակի մինչ այդ ես ինձ համար արդեն մերժել էի «զգացմունք» ու «անհատականություն» կոչվածները: Եվ ես հաստատ մտովի թերզարգացած չէի, դրանք էլ ինձ պարզապես պետք չէին: Բայց ես հաճախում էի այդ խումբ ամեն կիրակի: Երևի թե ասելու կարիք չկա, որ նույնիսկ պատկերացում չունեի թե ինչպես շփվել խմբակիցներիս հետ: Հենց նրանց պահելաձևն ինձ ստիպեց կյանքում առաջին անգամ ապշանք զգալ: Ասես մոլորվել էի: Տպավորությունն այն էր, թե երեխաները միայն անմիտ քիթ քչփորել, անկապ ծիծաղել ու ավազների մեջ թավալ գալ էին կարողանում: Բայց ինքս ներծծված լինելով այդ միջավայրում՝ տեսնում ու զգում էի նրանց տառապող հոգիներն ու լացող աչքերը: Ինձ էլ պիտակեցին շփման եզր գտնելուն անկարողունակ: Դա ևս մի հիմարություն էր: Պարզապես ես փախչում էի մյուսների հոգու լացից.

-Մենք չե՛նք սիրում մահը, մենք չե՛նք ուզում մահը զգալ:Մենք չե՛նք ուզում, որ դուք լացեք: Չե՛նք էլ ուզում ինքներս լացել, ո՛չ մի բանի համար» ու «ի՞նչ կլիներ, որ մենք ինքներս ընտրեինք մեր սեփական կյանքը: Իսկ ի՞նչ եք զգում դուք, երբ մահանում է ձեզ հարազատ մեկը: Ինչպե՞ս է աշխարհը դեռ կարողանում ագահորեն ծիծաղել նման անտեղի ցավերի վրա…- այս հարցերն էին հորդում նրանց վիրավոր էությունից: Նրանցից ոմանք էլ տաիս էին լուռ ու ոչնչացնող պատասխաններ.

-Ո՛չ-ոք չի ցանկանում բախվել նման բաների հետ, մենք էլ շրջվել ենք ու հետ չե՛նք նայի… Մենք ոչինչ փոխել չե՛նք կարող… Չե՛նք ուզում վայելել մի աշխարհ, ուր մարդ կարող է կորցնել սեփական «ես»-ը:

Տեսնելով նրանցում թաքնված պարզությունն ու իրականությունը՝ իմ առաջին ռեակցիան նրանցից հեռու մնալն էր: Բայց ի վերջո ես չէի ուզում, որ ինձ ուղարկեին հիվանդանոց: Դրա համար էլ փորձեցի շփվել մեծերի հետ. «ծափ-ծափ մեր քիթիկը», ապա «ծափ-ծափ մեր աչքերը» ու «ծափ-ծափ բարձրացնում ենք ձեռքերը»: Լիակատար հիմարություն…  Հանուն ծնողներիս ես մի կերպ տանում էի այդ դասաժամերը: Մեկն էլ կար՝ մի աղջիկ: Նա օգնում էր ուսուցիչներին երեխաներին զբաղեցնել:  Նկատելով իմ մեկուսացումը մյուսներից՝ նա միշտ խաղում էր ինձ հետ: Տարօրինակ կընկալվի, բայց նրա ջերմ վերաբերմունքը ավելի շատ վանում  ու կատաղեցնում էր ինձ, իսկ մյուս երեխաների մոտ առաջացնում նախանձ: Ի վերջո դա ընդունեցի որպես առավելություն ու զգացի հպարտություն ասվածը:

Սովորում էի արդեն ավագ դպրոցում: Ի զարմանս իմ ծնողների, նրանց զավակը, որին ներառել էին հոգեպես անկայունների կուրսերում, իրեն բավականին լավ էր զգում նոր դպրոցում: Ինձ համար այդ դպրոց կոչվածը ասես բանտ լիներ: Ես միանգամից հասկացա այնտեղ օտար լինելս: Դպրոցականների հոծ ամբոխին հարմարվելու համար դիմում էի ամեն քայլի: Բայց ամեն ինչ զուր էր: Ոմանք շարունակ ամեն ինչ իրենցով էին անում, մյուսները՝ հեգնանքով քրքջում, երրորդներն էլ՝ անտարբեր սահում ու անցնում: Հետո հասկացա, որ նրանց հարմարվելն այնքան էլ էական չէր: Պետք էր ուղղակի չառանձնանալ ընդհանուր խմբից: Բայց սուսուփուս ուղղակի նստելն էլ տարբերակ չէր: Իրականում դա հակառակ արդյունք էր տալիս: Կարևոր էր ոսկե միջինի դերում հանդես գալ կարողանալը: Բոլորի նման ուրախ լինել, բոլորի նման հիմար ու խելացի լինել, բոլորի նման խելոք և չարաճճի լինել: Այդպես օրերս գլորում էի աշխույժի ու վախկոտի սեփական դիմակով: Ի վերջո ես զարգացնում էի դերակատարիս այդ տաղանդը ամբոխից աննկատ հեռու մնալու համար: Ինձ դա այնքան անիմաստ էր թվում, որ առանց խղճի խայթի սկսեցի խաղալ: Խաղալ այնպես, ինչպես բոլորն էին խաղում: Դասարանում մի աղջիկ կար: Նա համարվում էր բոլորի թիրախը: Պատճառը կայանում էր նրանում, որ խեղճը ուղղակի չէր կարողանում հարմարվել աշակերտական հասարակությանը: Քանզի նա բոլորովին ընդունակ չէր խաղալու, մեկ հյուսքերն էին կտրում, մեկ հրում գցում, մեկ էլ տեսար պայուսակն էին գողանում: Չնկատեցի թե ինչպես ինքս էլ ներքաշվեցի հեգնանքով քրքջացողների կարգի մեջ: Հետո էլ մակարդակս «բարձրացրեցի»ու այժմ արդեն հոսում էի հոսանքին համապատասխան, այն էլ աչքերս փակ:    Այդպես էլ անընդհատ խավարում խարխափելով՝ դարձա շրջանավարտ, վերջակետ դրեցի դպրոցական կյանքիս: Առաջինը, մտքիս խրամատներում ձևավորվեց բարձրագույն ընդունվելու ցանկությունը: Բայց հաշված ժամերում կասկածեցի ու փոշմանեցի: Հոգիս ձանձրույթից պայքարում էր ինքն իր հետ, փնտրում որևէ փոփոխություն, որը թույլ կտար գտնել մի հետաքրքիր արժեք կամ հիասթափություն: Հերթը հասավ աշխատանքի անցնելուս մտքին: Որոշումս վերջնական էր: Հորս ծանոթներից մեկը կարողացավ քաղաքային փոստում ինձ աշխատանքի տեղավորել: Փոստատար… Շատերի համար դա անգույն ու տաղտկալի զբաղմունք էր միայն: Բայց կարծում եմ՝ ինձ չէր խանգարի հասկանալ մարդկանց մեկը մյուսին նամակ գրելու իմաստը: Ի՞նչ  էր ասում տնօրենը: Կարծես թե.

— Քեզ է վստահվում ամենակարևորն ու թանկը: Հոգի՛ն: Քո պարտականությունն է այն ժամանակին տեղ հասցնելը: Ոչ մի նամակ չպե՛տք է մոլոր մնա,-  ես իհարկե ոչինչ չհասկացա, նույնիսկ մտքումս ծիծաղեցի:  Ծերուկն իրեն երևի համարում էր սառցաբեկորի գագաթը, բայց հազիվ հիմքն էր մի կերպ պահում իր փոստային ցանցով: Կարող էի միայն համաձայնել նրա հետ, որ ամենուր ամենակարևորը հոգին է: Դե բնական է, ամեն հոգի ունի իր տերը: Հոգին է մեզ   դարձնում այն, ինչ մենք կանք իրականում: Երկամյա աշխատանքիս ընթացքում ես պարզեցի ավելին՝ հեռավորությամբ իրարից զատված մարդկանց համար նամակը հոգու մասնիկն էր, որը նրանք ուղարկում էին միմյանց: Սկսեցի հասցեատերերին տեսնելու ծարավ զգալ, զգալ ու ապրել նրանց զվարթությունն ու թախիծը:  Ասես ինքս մի մոլորված նամակ լինեի, որը երկար ու զուր փնտրում էր իրեն սպասողին՝ իր հասցեատիրոջը: Անհանգիստ հոգուս ճիչը լսելով՝ թողեցի փոստատարի պարտականություններն այլոց ու սկսեցի հաշվել անիմաստ  տարիներս: Մի օր գողանում, մի օր խաբում… Ու որոշել էի ոչինչ չփոխել: Սպասում էի ճակատագրի գալուն ու սկուտեղի վրա ակնկալածս մատուցելուն:

Եկավ, նա էլ եկավ: Հայտնվեց փողոցում ուղիղ դիմացս: Մեր մեջ եղած քսանից տասնհինգ մետրը ասես մի երկու ոտնաքայլ լիներ: Սև սքեմը հագին, սահում էր դեպ ինձ: Շուրջբոլորն ամռան ջերմ գույներն էին խաղում, մարդկային ժպիտներն ու հետախույզ հայացքներն էին թափառում: Իսկ նա, ամբողջ հորիզոնը թևի տակ առած, դանդաղ ու  սահուն մոտենում էր ինձ: Մի ակնթարթ, ու մայր մտնող արևի հետքն էլ չմնաց երկնքի մորթված լազուրում: Մի ցավեցնող դատարկություն զգացի: Ծնկներս ծալվում էին, իսկ գլուխս բառացիորեն պայթում էր ներխուժած, անհասկանալի արտահայտություններից:

-Դու՛, որ չգիտես ու չգիտես թե ինչը չգիտես, հիմա՛ ր ես: Դու, որ չգիտես ու չգիտես թե ինչը չգիտես խղճու՛կ ես: Դու՛,որ չգիտես ու չգիտես թե ինչը չգիտես, ագա՛հ ես: Բա՛ վ է, բա՛վ… հերի՛ ք ինչքան խախտեցիր կյանքի հավասարակշռությունը: Գնա՛  ու չքվի՛ր հավիտյան,- ինքս էլ չհասկացա թե ինչպես  ես՝ արդեն ոտքի կանգնած, բախվեցի անծանոթ տարօրինակի հետ: Ապա անբառ նայեցի սիրտս խոցված դանակի բռնակոթին: Թույլություն… Դատարկություն…

Աչքերս բացեցի մի անծանոթ փողոցում: Մինչ կփորձեի հասկանալ կատարվածը, հեռվում նկատեցի մի փոքրիկ աղջակի.

— Հա… Քե՛զ էլ են անջատել ֆիզիկական մարմնիցդ: Մեղքդ ո՞րն էր:

— Ֆիզիկականի՞ց ,- դեռ բառը լրիվ չարտասանած, նրա փոքրիկ մարմինը գերմարդկային արագությամբ անցավ մեջովս:

— Հիմա հասկացա՞ր: Մենք էլ կեղծ մարդիկ չենք: Եթե առաջ գոնե ֆիզիկական մարմնի միջոցով կարող էինք ապրել Առաջին աշխարհում, հիմա այնտեղը մեզ համար տաբու է: Մենք էլ չենք կարող մեր վրեժը լուծել ,- լայն ժպտաց նա:

-Ովքե՞ր ենք մենք:

-Աստծո զավակներն ենք, որ ծնվել են նրա տառապանքից, կասկածանքից ու զղջանքից: Մեր առաքելությունը մեր հոր վրեժը նրա ստեղծած աշխարհից լուծելն է: Բայց դա դժվար է: Մեզանից քչերն են հասկանալով ճիշտ գործում առաջին աշխարհում: Իսկ մինչ մեր հասկանալն ու գործելը, մեր ծրագիրը խափանում են և ուղարկում այս Եկրորդ աշխարհը, ուր մենք ոչինչ չենք կարող անել:

-Ո՞վ է խափանում:

-Աստծո ծառաները՝ հրեշտակներն ու սրբերը: Նրանք իրենց մեզանից ավելի կարևոր են համարում Աստծո համար: Սակայն մեր գոյությունը գաղտնիք է նույնիսկ Նրա համար: Լավ, ո՞րն էր մեղքդ, ի՞նչը օգնեց նրանց գտնել քեզ:

-Չգիտեմ…

— Դե դա հասկանալու համար քեզ ժամանակ է պետք: Ես ինքս միայն վերջերս հասկցա մեղքս: Օգտագործելով անմեղ արտաքնիս առկայությունը սպանում էի նրանց, ովքեր ստիպում էին երկնքին լաց լինել: Ինձ չէին էլ կասկածում: Ի վերջո «նրանք» ինձ էլ գտան, առան ինձ սև թևերի վրա ու այս աշխարհ նետեցին: Բայց ես մենակ չեմ, դու էլ մենակ չես: Այլևս դիմակի ու խաղերի կարիք չունենք: Բոլոր այստեղ ուղղարկվածները մեկ են ու …

-Դա նրանց սխալն է,- շարունակեցի ես նրան ,- մենք կմիավորվենք,կլուծենք մեր վրեժը: Այնտեղ մեր եղբայրներն ու քույրերն են, ոմանք կհասնեն մեր նպատակին, ոմանք էլ կգան այստեղ մեզ ընկերակցելու: Հիմա ես գիտեմ՝ ինչու եմ ծնվել, գտա իմ նպատակը: Մեզ կպիտակեն որպես մարդասպանների ու մոլագար խելագարների: Բայց ես չեմ հրաժարվի իմ առաքելությունից, հանուն իմ Հոր կանեմ ամեն բան,- այսպես ես որոշեցի դառնալ գործիք Ֆարտունայի ձեռքերում: Հանուն նրա, ում չէի էլ հավատում, որոշեցի ցավեցնել մարդկանց, նույնիսկ սպանել: Կարճատև կյանքիս ընթացքում հասկացա, որ նրանք չեն արժևորում կյանքը: Անիմաստ պատճառներ են գտնում ու սկսում ստել, թալանել կամ սպանել: Դա աններելի է: Ինչո՞ ւ պիտի անմեղը զրկվի կյանքից այս կամ այն ահաբեկչության պատճառով, ինչո՞ւ պիտի մեկի ագահությունը կուլ տա մյուսներին, կամ մայրը զոհաբերի իր զավակին քաղաքական նպատակների արդարացմանը: Միանգամից հիշեցի կիրակնօրյա խմբակիցներիս՝ լուռ լացող, գոռոզ սահող հոգիներին: Ճիշտ է՝ մարդիկ չեն սիրում մահը, բայց նրանք սպանում են: Նրանք չեն սիրում անմիտ արցունքներն ու անտեղի արտասվելը: Երբեք չեմ մտածել այս ամենը փոխելու մասին: Բայց եթե չփոխեմ աննպատակ կյանքն ու տխրությունը անխուսափ կլինեն: Հավանաբար դժվար կլինի, բայց առաջ գնալու ժամանակն է արդեն: Միշտ խուսափել եմ մարդկանցից, բայց եթե պետք է, ապա ինչո՞ւ չնայեմ անցյալիս ու չգծագրեմ ապագան: Վայելել մի աշխարհ, ուր ոչ-ոք ո՛չ-ոքի ու ո՛չինչ չի կորցնի: Մի աշխարհ ուր այս աղջնակը ստիպված չի լինի կրել արյունոտ հագուստ, ուր այն դասընկերուհիս չի արտասվի: Մի աշխարհ, ուր ոչ-ոք դիլեմայի առաջ չի կանգնի, երջանիկ կլինի և ուրախ…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s