Վարդուհի Բադալյան

Ատունեի կործանումը

 

Լեռնային խորխորատում հսկա մի ծառ կար՝ Ատունեն: Նրա խավարի պես սև ճյուղերին այլևս կանաչ տերևներ չէին աճում: Մռայլ անշնչությունը տարածվում էր ծառի շուրջն ամենուր, բայց երբեմն այնտեղ կարմիր, գեղեցիկ ծաղիկներ էին հայտնվում: Այդ ծաղիկները հողի սրտից չէ, որ բարձրանում էին, դրանք որպես զոհաբերություն անմատչելի լեռներում ապրող Կարմիր Արծվի ցեղախումբն էր բերում: Նրանց պաշտամունքի առարկան էր Ատունեն: Ծառի խոռոչները` նման խոժոռ աչքերի, ներկել էին կարմիր դեռ նրանց հինավուրց նախնիները, և ցեղախումբը սկսել էր պաշտել կարմիրը: Ժամանակ առ ժամանակ հայտնվում էր ցեղախմբից մեկը և նվիրական ցանկություն հայտնում. հնչում էին անհեթեթ կամ նվիրական ցանկություններ, հնչում էին անգամ անասելի չար ցանկություններ, բայց զոհաբերությունից հետո Ատունեն իրականացնում էր մարդկանց ցանկությունները: Միայն թե, քմահաճ էր Ատունեն ու օրհասական պահերին լքում էր նրանց:
Վաղ առավոտյան Ատունեի առաջ հայտնվեցին ամենագեղեցիկ ծաղիկները: Մի աղջիկ ծնկի իջավ և խնդրեց.
— Փրկի՛ր, հզո՛ր Ատունե, Կարմիր Արծվի ցեղախմբին սպանող ծարավից:
Երբ աղջիկը մանուկների կացարանից տեղափոխվեց մեծերի գետնափոր տնակը, նրան նոր անուն տվեցին: Կարմիր վարսերի պատճառով աղջկան Ատունե էին անվանում, բայց չարացած աստվածուհին չհանդուրժեց, որ իր անունով կոչեն մահկանացույի ու որպես պատիժ երաշտ ուղարկեց նրա աշխարհ: Կարմրահեր աղջիկը եկել էր՝ խնդրելու, որ Ատունեն գթա մարդկանց: Հուսահատված նա շշնջում էր
— Ես համաձայն եմ կրել հինավուրց պատիժը՝ մնալ առանց անուն և մինչև կյանքիս վերջին օրերը ապրել մանուկների կացարանում, միայն թե, Ատունե, գթա մարդկանց:
Աղջիկը հավատում էր, որ մռայլ աստվածությունը կլսի իրեն` դրա համար ինքը չափազանց թանկ գին էր վճարում: Բայց երեկոյան, երբ նա վերադարձավ կացարան, այնտեղ մարդիկ դեռ տոչորվում էին: Մարեց հավատը հին աստվածության նկատմամբ: Ատելությունը շանթեց սիրտը, և աչքերում ցոլացին ջինջ արտասուքներ: Նա սլացավ հեռու` չարությամբ մտածելով այն ատելի անվան մասին, որ տվել էին իրեն:
Գիշերը մտամոլոր դեգերումները նրան կրկին տարան ծառի մոտ: Այրվող աչքերը հառված էին ծառին: Աղջկա հայացքում վայրի կայծեր էին հուրհրում, իսկ Ատունե աստվածուհու կարմիր աչքերը քարացած անտարբերությամբ էին նայում հուսահատ աղջկան:
— Հզոր աստվածուհի ես դու, Ատունե, բայց մարդիկ նույնպես ուժ ունեն, ունեն կյանքի ծարավ, մինչդեռ դու ստիպում ես նրանց տոչորվել, իսկ դա սխալ է, վատ է — ասում էր աղջիկը հին աստվածությանը:
Ատունե աստվածուհու քարացած աչքերը նույն անտարբերությամբ էին նայում վրդովված աղջկան:
— Մի լռիր, Ատունե, ես քեզնից չեմ վախենում, դու ենթարկվում ես համընդհանուր ոգուն, գիշերհավասարին նա հառնել է իմ դեմ երազում: Այն երազում իմ նա քեզ նման չէր, նման էր մարդկանց, ուրեմն մեզ ավելի է սիրում, ուրեմն դու պարտավոր ես ենթարկվել, պարտավոր ես փրկել մեռնող ցեղին, այլապես կգա Նրա պատիժն ու այնժամ ինքդ քեզ անգամ փրկել ի զորու չես լինի,- անիմաստ մերթ հորդորում էր, մերթ սպառնում աղջիկը մունջ ծառին:
Բայց Ատունեն չէր լսում նրան: Աղջիկն, արհամարհելով ուժգին քամու սառը պոռթկումները, կանգնել էր Ատունեի առաջ և իր ցեղի հանդեպ տածած սիրուց ուժ առած հրամայում էր Ատունեին փրկել բոլորին: Պառավ Ատունեն կուչ էր գալիս քամու ապտակներից, հոգնած ճռնչում ու չարությամբ քրքջում աղջկա պարզունակ բարության վրա: Աղջիկն այդ պահին բարի և ահեղ էր, Ատունեն թույլ էր ու չար: Եվ հանկարծ աղջիկը հասկացավ, որ իր համար Ատունեն այլևս պաշտամունքի առարկա չէ, այլ չորացած, ներկված մի ծառ, որի ոգին` մի պառավ խաբեբա, վախենում էր մահից և հզորության միֆ էր ստեղծել` խաբելով Կարմիր Արծվի ցեղախմբին: Հիասթափված աղջիկը ցանկանում էր ոչնչացնել մահասփյուռ ծառն ու նրա հետ՝ մարդկանց կաշկանդող անհեթեթ սնահավատությունը: Նա վազեց կրակ հայթայթելու, բայց երբ բարձրացավ ժայռի գագաթը, որի մյուս կողմում ցեղախումբն էր, անսպասելի որոտից քարացավ: Հաղթահարելով սարսափը` նա ետ նայեց և տեսավ այրվող Ատունեին: Համընդհանուր ոգին, որ ավելի հզոր և բարի էր, պատժել էր չար ծառին: Խավարում վիթխարի խաույկի պես մոխրանում էր Ատունեն:
Այս լուրը նա առաջինը տարավ, բայց նրան չհավատացին, և ցեղախմբի ավագները ցանկացան սեփական աչքերով տեսնել սարսափելի հրաշքը: Վերադառնալով` նրանք աղջկան մեղադրեցին:
— Աստվածասպան, — հնչեցին վախվորած շշուկներ ցեղախմբում:
Աղջիկը չարդարացավ, բայց սկսեց մտածել, որ իր ատելությունն էր շանթի վերածված այրել ծառը: Սկզբում նրան ցանկանում էին հեռացնել ցեղախմբից, բայց, վախենալով Ատունեի զայրույթից, որոշեցին նրան արժանացնել նույն վախճանին և հանձնել կրակին` այրվող Ատունեից վերցված խանձողով: Աղջիկը սարսափած էր, բայց հավաքեց իր ողջ արիությունը, անտարբեր մոտեցավ խռիվին, մի թեթև թռիչքով բարձրացավ վեր և սահուն նստեց ճյուղերի վրա:
— Ես պատրաստ եմ մեռնել, չա՛ր աստվածություն: Համընդհանուր ոգին ինձ իր մոտ կտանի, իսկ քեզ մեկընդմիշտ կկլանի մահվան ամպը: Իմ կյանքը ես կդնեմ զոհասեղանի ու իմ մահը քո անեծքից հզոր կլինի, ինչպես հզոր էր իմ զայրույթը քո կյանքից, — շշնջում էին նրա գունատ շուրթերը:
Նա հավատացնում էր իրեն, որ չի վախենում, բայց երբ խռիվը բոցավառվեց, սարսափի մի խուլ ճիչ թռավ շուրթերից, և նա ուշաթափ ընկավ:
Անձրևի սառը կաթիլները նրան ուշքի բերեցին: Աղջիկը մի պահ էր միայն մնացել ուշաթափ, բայց այդ ակնթարթն էլ բավական էր, որ համընդհանուր ոգին տեղատարափ անձրևով հանգցներ խարույկը: Ցեղախմբում հավատացին, որ Ատունեն ներել է նրան: Մարդիկ հեղեղի պես սլացան խորխորատ: Նրանց հետևից դանդաղ, գլխիկոր քայլում էր և աղջիկը: Նրան թվում էր, թե կտեսնի վերածնված, չար Ատունեին, սակայն ծառը վաղուց մոխրացել էր, իսկ անձրևը` որպես անսանձ հեղեղ, նրա խղճուկ մնացորդները քշում էր հեռու` խառնելով արթնացած գետին:
Աղջկա ներսում իրարամերժ վախեր կային. նա մերթ իր հորինած համընդհանուր ոգուն էր հավատում, մերթ չար Ատունեի աստվածային զորությանը, այժմ նրա ներսում մի ուրիշ պաշտամունք էր գոյանում:
Բլրի գագաթից խիզախ աղջիկը արհամարանքով էր նայում ծառի վերջին բեկորներին, հիասթափված նայում էր բլրի շուրջ խռնված մարդկանց, որոնք վախվորած, բայց հիացմունքով լի հայացքները հառել էին նրան: Ատունեի կործանումից հետո փշրվել էր հին պաշտամունքը, հիմա նրանց պաշտամունքի առարկան այդ աղջիկն էր: Աղջկան ինչ որ մեկն Ատունե անվանեց, բայց նա զզվանքով հրաժարվեց հին աստվածության անունից: Ցեղախումբը ծնկի իջավ հրահեր աղջկա առաջ` երկրպագելով նրան:
Մի ժամանակ աղջիկը հավատում էր իր իսկ հորինած համընդհանուր ոգուն, սակայն թախիծով մտածում էր, որ երբեք մարդիկ նրան չեն ճանաչի, չեն տեսնի ու հավիտյան կպաշտեն հորինած աստվածների:
Միայն մի պահ աջիկը սկսեց հասկանալ մարդկային կամքի ու հավատի զորությունը, մի պահ միայն աղջիկը հեռավոր կերպով մոտեցավ մարդկային ներուժի գիտակցմանը:
Այժմ նա հավատում էր, որ ինքն է մեծագույն զորության կրողը, նա հավատում էր, որ իր կամքով ի զորու է աշխարհը փոխել, նա իրեն էր դարձնում իր իսկ պաշտամունքի առարկան ու չէր նկատում, թե ինչպես է քայլում Ատունեի հետքերով՝ հռչակելով ինքն իրեն աստվածուհի…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s