Արա Ալոյան

Երկու սահմանների առաքյալները
Հայտնվում է Առաքյալը՝ բերնով
փրփրակալած ու դեմքով ջղաձիգ,
եւ ասում. «Ամեն ինչ այս մեռնող
ներքեւում նման է վերեւում եղածին»…

Ա.Եփրեմյան

 
Հարևանի դուռն իրենց համար փակ սահմանն էր: Թե ինչու, գոնե տան փոքրերի համար այդ թեման փակ էր, ինչպես հարևանի դուռն ու սահմանը: Ուրախության, թե վշտի առիթներ որպես այդպիսին չէին եղել, հանդիպումներ չէին լինում, որպեսզի վերջապես հալչեր երեխաների համար խորհրդավոր սառույցը: Չէր եղել կամ չէին ուզեցել, որ լինի:

Ամանորի համընդհանուր այցելություններն էլ շենքում շրջանցել էին երկու ընտանիքներին: Նրանք այսինչի տուն գնալուց առաջ`նախ ճշտում էին կոդ-հարցադրմամբ` Եկել ե’ն: Իրենց մեծերն էլ, թե` գնացե’լ են…երկուսն էլ ճշտում էին, առանձնահատուկ զգուշավորությամբ, թեև տարիների ընթացքում, անհաշտության դեպքում բավականին նախանձելի փոխհամաձայնությամբ անխախտ կազմել էին չեզոք կողմերի այցելությունների ժամանակացույցը: Անգիր գիտեին ժամանումն ու մեկնումը: Կենացների հերթագայությունը: Իրար մերժելով հաստատում էին իրենց իսկ գործողությունների օրինաչափությունը: Իրարից հեռանալով ավելի շատ էին մոտեցել իրար, ավելի մերձ ու ճանաչող էին դարձել:

Պատշգամբում նստած, սրճելիս, թերթ կարդալիս ու մեկ այլ բանով զբաղվելիս անգամ տարբերում էին նրանց ընտանիքի անդամներին` անտես, ոտնաձայներով, օծանելիքի հոտով…Սահմանապահի լսողություն ու ամենատեսություն ունեին, հոտառությունն անխաբելի էր ու դիպուկ: Անգիր գիտեին նախասիրություններն ու հակակրանքները: Դե արի ասա, որ փակ էին միմյանց հանդեպ: Դե արի ու ասա սահմանաբաժան համակեցության մարդիկ էին:

Դրան վարժվում էին նաև երեխաները, ակամայից, առանց հատուկ կողմնորոշման: Լուռ գաղափարախոսությամբ: Երևի այդպես է աշխարհիս օրենքը կամ դրանով է արդարացվում անօրենությունը: Սրանք ոչ այն է պատերազմում, ոչ այն է` հանդուրժում էին միմյանց:

Մի օր այդուհանդերձ ամեն ինչ խառնվեց: Արամը դասերից հետո գերհոգնածության պատճառով սովորականի պես չհետախուզեց իրենց շքամուտքի վերելակում մարդ կա, թե ոչ: Անծանոթ մարդու, չէ, անծանոթ վերարկուի հետևից ինքն էլ խցկվեց վերելակի մեջ ու հարցրեց.

— Որ հարկ եք գնում…

Անծանոթ վերարկուով տղամարդը ծանոթ դեմքով, աչքերով, հոտով լցվեց Արամի հայացքի մեջ:

— Յոթերորդ…

Ալկոհոլի հոտ առավ: Չնահանջեց սահմանապահի պես ու սեղմեց կոճակը: Առաջին անգամ ներքևից վերև տանող վերելակի երթուղին երկար թվաց սովորականից: Էս ինչու է այսքան դանդաղ աշխատում: Մտքում էր ասել: Հիմա սկսեց կասկածել: Իսկ եթե բարձրաձայնել է: Ու հարևանն էլ հասկացել է ակնարկը անհամատեղելի ճամփընկերոջ մասին:

Հարևանի նոր վերարկուն էր շեղել կրտսեր սահմանապահի նշանառությունը: Ձախողել էր հմուտ որսորդ, քաջարի զինվոր դառնալու հեռանկարը: Թեպետ ոչ ոք չէր էլ պարտադրել իրեն նման առաքելություն ստանձնել: Ինքնահռչակ դրույթ էր, ընտանեկան սահմանադրություն…

Փակ սահմանի կենվորը հանկարծակի գունատվեց: Հենվեց վերելակապատին: Ձեռքերը դողում էին. փորձում էր ծոցագրպանից ինչ-որ բան հանել, չէր ստացվում, դրանից ավելի էր նյարդայնանում: Ի վերջո հաջողեց հանել վալյերանկայի սրվակն ու մի քանի դեղին հաբ հանելով` արագորեն կուլ տվեց դրանք: Դարձյալ թույլ էր ու անօգնական: Խփված, խոցված որսազոհի էր նման: Ինքն էլ տանուլ էր տվել: Խորամանկ աղվեսը զույգ ոտքով է թակարդն ընկնում: Հիշեց մեկ օր առաջ դպրոցատարիք աղջկա բարձրաձայն ընթերցանությունը: Ասույթներ էին հանձնարարել: Այդ մեկը հատկապես տպավորվել էր: Ու ահա…տեսության առարկայացումը:

…Վերելակի դռները բացվեցին: Երկուսն էլ դուրս չեկան: Ամեն մեկը դրա համար սեփական ու հիմնավոր պատճառներ ուներ: Երկուսն էլ սահմանախախտի երկչոտությամբ սպասում էին պատժին: Դռները փակվեցին: Վտանգն ու մտավախությունն առավել սաստկացավ: Եթե վերելակը կանչեն ու միասին բռնացնեն: Չէ, դա ավելի ստորացուցիչ է: Լիակատար պարտություն: Ըստ իրադրության երկուսն էլ պարտված էին: Ինքն ավելի խոցված է: Չի կարող շարժվել. սրտի նոպա ունի հավանաբար: Արամը սեղմում է կոճակը. սիրտ ունի հաստա’տ…Պետք է փրկել կամ փրկվել: Ի’նչ տարբերություն:

Դռների բացվելուն պես տղան առաջինը դուրս եկավ ու միանգամից տնտղեց միջանցքը: Կատուն խոշոր աչքերով սևեռուն նայեց նրան: Առաջին հայացքը պետք է ընդունել պատվով: Ուզում էր առաջանալ դեպի իրենց տան դուռը, մեջքին զգաց նրա անհույս հայացքը…Ինքնաբերաբար ետ է գնաց ու ոտքը խցկեց փակվող կիսադռների արանքը: Ոտքը ցավեց: Անսովոր իրավիճակում ակամայից ստացած առաջին ցավը պետք է պատվով տանել` մտածեց Արամը:

Հարևանը բռնեց իր ձեռքը, հենվեց նրան ու չանցնող կասկածանքով քայլ առ քայլ շարունակեց դանդաղընթաց, երկար ու ճնշող ճանապարհը: Սահմանը հարաբերական անդորրի մեջ է: Կատուն շարունակում է նայել`լուռ, ճնշող հայացքով:

Հասան սահմանին: Արամը ձգվեց: Պետք է անպայման ետ դառնալ: Առաքելությունն անսահմանափակ չէ: Ու’մ առաքելությունը…

Մահմեդականի համար սահմանաբաժան կա. ջիհադն է` քրիստոսի սերնդին հայտարարված պատերազմը: Կրո’ն է, թե’ սահմանափակ պատասխանատվությամբ հավատամք: Ճշմարիտ քրիստոնյան ինքնին առաքյալ է` անսահման սիրով ու ներումնահայց: Նրան խփում են, անիծում, սա մյուս այտն է դեմ տալիս, ներում է…Նա սահմաններ չունի, նրա հայրենիքը մեկը չէ, նա մեկ հայրենիքի առաքյալ չէ: Սերն ու ներումը ջնջում են հողեղեն սահմաններն ու քրիստոնյաին գցում մոլորության, թե ազատության մեջ, այլ սահմանագծեր են նրա հոգևոր քարտեզագրքին: Ու դրա համար սա հաճախ չի կարևորում աշխարհագրական սահմանները, բայց նաև թույլ չի տալիս իր հոգևոր աշխարհը ներխուժող ավերիչներին: Ուստի նրան հավասարապես ցավեցնում է օտար հողում իր հոգևոր հայրենիքի նշխարների պղծումը`խաչքարից մինչև օտարախոս զավակը…Համակեցությունը հոգևոր եզր է`կուզես սահմաններդ ընդարձակիր, կուզես բավարարվիր եղածով, հոգևոր սահմանի գիտակցումն է երկարանցիկ, եթե ոչ դժվարահաղթ ճանապարհ…Ներքուստ ինքնորոշվեցիր, արտաքին սահմանը դառնալու է կյանքային…Կյանքին պետք չէ լուրջ վերաբերել: Անիմաստ է: Իր մասին գիշեր ու տիվ մտածում ենք, ինքը` մեզ չի հիշում, մոռանում, ոտատակ է տալիս, ասես`չենք եղել, չենք լինելու…Այդպես է. ինչին լուրջ վերաբերեցիր, մտածեցիր, դառնում է քոնը: Մահն օրինակ: Լուրջ ենք, չէ’ընդունում, որ վախենում ենք, ու ի’նչ, գալիս ու պոկ չի գալիս մեզնից:

Մինչ Արամը մտորում էր, հարևանը բոլորի աչքից արագորեն վրիպելու և իր տանը պատսպարվելու մտքից զորացած բացել էր իր տան դուռն ու տղային թևանցուկ երկար ու մթամած միջանցքով առաջացել հյուրասենյակ:

Շնորհակալությունը`ներս գնացած, հիվանդոտ աչքերն էին ու դրանց միահյուսում-ջղատ ծամածռումը շուրթերի վրա:

Շնորհակալությունը միասնական հանցանք-քաջության համար Արամի գլխի թեթև շարժումն էր ու ոտքի թաթերի վրա զգուշորեն հեռանալն`ասես պատերազմի ականապատ տարածքից: Ոչ պարտված, ոչ հաղթած ընդարմությունն էր շնորհակալությունը և դա փոխադարձ էր:

* * *
-Ծո, էդ հնճի չե’ք խոսա: Թե մտքներդ պղտոր է ու էս ճամփի լադոկների տակ ձեր կնիգ մարդերուն էք հիշե ` ձեզի ձեռնտու ձեվերով…

Զինվորական ՈՒԱԶ-ի մեջ ծխայրված դեմքով, մոլի ծխողի ծխախոտատուփի հանգույն անկանոն իրար կողքի մեկնված զինվորների մեջ ամենակրտսերն Արամն էր: Չծխված ծխախոտն էր ինքը. անցավ մտքով ու մտքում էլ ժպտաց:

-Մէ անեկդոտմ պադմեմ: Հայը, թուրքը, վրացին գիշերը կգնին թիփիյով ու ստիված քնին տեղըմ`պալադկի մեճը: Առավոդ զարթնին գը ամեն մեգն իր տեսած երազը կպադմե մյուսին: Աջակողմ պառգած հայը կսե`Երզիս ռուս ախչիկների հետ քեֆ կենեի, ըմբես լավ էր ու չսած: Ձախակողմ քնաձ վրացին էլ, թե` ես էլ ուկրաինացիքի հեդ էի ու էլի լավն էր: Ու ես ազերին, ոչ ավել, ոչ պակաս կպադմե, թե`երևի ցրդից էր, ինչ, սաղ գիշեր լիժա կքշեի…

Զինվորների փռթկոցի մեջ շատերին պատմածի բուն իմաստն այնքան էլ ընկալելի չէր, ուղղակի ծիծաղում էին, ծիծաղանկար ելք փնտրում համատարած տագնապից ու պատերազմի շուրջկալ վախից: Շատերն իրար նայելով կասկածում էին`մահն է արդյոք, նստել է ու նախապատրասում է, որ շատ մեծ ցավ չապրեն: Կողքինդ զինակիցդ է, թե մահվան սուրհանդակը, ապագ մեռնողը, մահից փրկողն ու մահացնողը միաժամանակ:

* * *
…Դիրքերում աննկարագրելի ցուրտ էր: Մորից ստացած քառածալ նամակը ոչ մի կերպ չէր կարողանում բացել, կարդալ: Ատամներով մի կերպ, հոտոտելով, մոր հոտն առնելով, սուրբ նշխարի պես զգույշ ու ծիսական բացեց, հայացքով պարագրկեց տառերը, պատկերացրեց դրվագ առ դրվագ, թե ինչպես է թուղթ վերցրել (Արամիս ձեռագիրը լավն է), նստել ու ծնկներին դողդողալով, մի կողմից կուլ տալով արցունքը, մյուս կողմից թղթի վրայից մաքրել ծորացած արցունքամեռոնը, գրել է, չէ տառ տառ ասեղնագործել, հուլունքաշարել: Մոր նամակն ախր սովորական նամակ չէ, աշխարհի մայրական բոլոր նամակները…

Այդ նախադասությունը ծանր էր գրվել. զգաց ձեռագրից: Մատնվող ձեռագիր էր: Ծանր գրվածը ծանր էլ կարդացվեց: Ծանր էլ հասկացվեց: Չհասկացվեց: Դառն օղու պես չոր-չոր խրվեց կոկորդում, վառեց ներսն ու քայքայեց ամբողջությամբ: Արցունք չեղավ: Չեղավ կամ չդարձավ: Ցուրտ էր: Լիներ էլ`չէր երևալու, արցունքառում լաց չէր: Սովորական լաց չէր: Այդ լացը երբեք չէր լացվել: Ամեն լաց տարբեր է. առանց արցունքի լացն ամենաեղերականն է:

Մայրն իր փոխարեն լացել էր:
Ընկերները համերաշխ լռությամբ լացի դեմն առան ու մտքներում ամեն մեկն իր լացը լացեց:

* * *
-Ես եմ գնալու,-հրամանատարին ի պատասխան ասաց Արամը:

-Այդ առաջադրանքի համար դու փորձ չունես:

-Կունենամ,-սեպեց կամակոր երեխայի պես:

Որոշված էր: Փորձն ինքը խաբուսիկ է միշտ: Քաջությունը միանգամյա չէ: Որ փորձես ու ասես քաջ եմ, վերջ: Քաջ եմ եղել, քաջություն եմ արել: Ամենօրյա ապացուցման առաքելություն է: Անսահման քաջություն է: Սահմանադրուժ ու սահմանապահ է միաժամանակ:

-Ես միշտ սահմանապահ եմ եղել,-հայտարարեց ամենայն պատասխանատվությամբ,-փոքրուց:

-Այ տղա միայն չասես, որ Աֆղանստանում կռվել ես,-առաջին անգամ կատակեց հրամանատարը:

-Իմ Աֆղանստանում`հա: Ամեն մեկն իր մարտադաշտն ունի:

-Պոետիս տեսեք: Գնա, գնա պատրաստվիր, համոզեցիր…

Հետո զարմանալիորեն փաղաքուշ, հայրաբար մոտեցավ ու պինդ հպեց կրծքին.դուխդ չգցես…Սրտառուչ էր: Հրամանատարի ու զինվորի սահման չկար: Իրար շատ էին պետք, անսահման նվիրում ու զորակցություն էր հարկավոր: Ամեն մեկին հրաժեշտ տալը մահվան դուռը ճամփելու պես էր: Ամեն առավոտ զարթնելն ու բարևելն էն աշխարհից հետ գալու հանգույն: Մահակռիվ էր ու կյանքի տնազ:

Երբ վերջին կասկածը փարատվեց, որ մոլորվել է, դանդաղ առաջացավ դեպի անծանոթ տեղանքի ծառուտ հատվածը: Մարդկային բնազդ է: Պատսպարվել մի վայրում, որն ամենավտանգավորն է իրականում: Ծառ, մարդ, նկուղ`բոլորն էլ հասանելի, ենթադրելի գաղտնազերծելի: Գնաց գիտակցելով, բայց պաշտպանություն փնտրողի անհաղթահարելի մղումով: Քաջության համար վայրը կարևոր չէ: Այն որոշակի տեղանք-տարածություն չունի, արարմունք է`մի վայրում, ցանկացած տեղում:

Մթի մեջ միանգամից տարբերեց իրեն նայող մարդկային, թե կենդանական հայացքը: Զգաց ներկայությունը: Մա’հն էր: Թե մահվան ուղարկածը: Կարևոր չէր:

Զենքն արդեն ձեռքում էր`պատրաստ կրակելու:

Մթության գրքից խախուտ էջի պես պոկվեց ու առաջն ընկավ ծերունին:

-Խնայիր, մի խփիր: Մի երկու ցախ եմ տանում, պառավս չմրսի:

Խոսող էջ էր`պատմության, խաղաղության մասին պատառոտված թղթի կտոր: Դեղին, ճմրթված թղթի մի հատվածին մահակնիք կար:

-Հեռու ես ապրում,-չիմացավ ինչ պատասխանի:

-Մի կես ժամվա ճամփա է:

Լւոռ գնացին: Ինքը հետևից, ծերունի`առջևից: Նեղվում էր, իր կարգավիճակից, հետևից անզոր, անմեղ մարդուն ուղղորդելուց: Պատերազմից:

-Կաց,-դիմեց ծերունուն:

Հալիվորը չխոսեց: Կանգնեց: Մեռնելու ես`միանգամից մահացիր: Իրեն մտքում գոտեպնդեց ազերին: Հետո մտքին զուգահեռ նկատեց զինվորի`իրեն հավասարվելը:

— Ցախդ տուր ինձ,-վերցրեց կապոցն` առանց քաջության սեթևաթանքի:

Լուռ շարունակեցին գնալ:

-Նոր ես ռազմադաշտ եկել, հա’…

Ծերունին գլխի էր ընկել: Անփորձությունը կռահելի էր: Կանխատեսելի մարդը խոցելի է, բայց արդար է: Չիմանալին, անորոշելին մահն է իսկ: Քաջությունը ծերունու վրա փորձարկվելիքներից չէ: Քաջության թիրախն էլ մարդը չէ, եթե կուզեք: Մեկին խփել սպանելով չեն հերոսանում, անարդար, բռնի մահից փրկելն է հերոսությունը: Մարդեղեն, հողեղեն, սահմանային չէ քաջությունը:

Քաջության մասին խորհրդածությունն առաջինն էր, ինչպես պարտադրված պատերազմը: Դիրքերը, զինվորական մտքերը, հոր մահվան մասին մոր առաջին նամակը, ամեն ինչ առաջինն էր ու վերջինը գուցե:

Ծերունու տանը ոչ մի արտառոց բան չկար: Սովորական բնակատեղի էր, գյուղական կահավորանքով, մարդա-անասնա համաբույրով, պլպլան սպասքով, պատին կախված մեծ գորգով`վրան նույն հայացքով, գործի համար նկարված-կյանքային հրատապ դեմքով, հետմահու օգտագործվող հիշողություն-մասունք մեծադիր լուսանկարով:

Պառավը չկար: Հալիվորն այդ զգաց շեմքից առաջ գալուց հետո: Առանց ձայնի ու խոսակցության, առանց տեսնելու: Դիմավորվողի բնազդով: Առաջը չէր եկել ու ձեռքից վերցրել բեռը: Թե’ տեսել էր մոտեցող զինվորին ու թաքնվել: Չէ: Իրեն հակադարձեց ծերունին: Ցախը տղայի ձեռքին էր ու օգնող զինվոր էր: Իրենց պաշտպանվելուն կոչված մի երկու զինվորացու եկան ու վերջին անգամ հոխորտացին`ինչ եք լռվել, մնացել, այ բիձեք: Հո այգում ոսկի չէք պահել: Հայը գալու է ու կոտորի ձեզ: Ոսկին էլ հետը տանի:

-Չէ,-լուրջ հանդիմանել էր ծերունին,-մեռնելու ենք` այստեղ կմեռնենք: Ուրիշ որտեղ գնանք: Ով ունենք, որ գնանք: Ինչու գնանք:

Բարձրաձայն չէր ասել, որ չի հավատում, որ հայը կգա ու կկոտորի իրեն: Ախր շրջկենտրոնում աշխատելուց հայի հետ է շփվել, հայի տուն է գնացել ու հյուր կանչել: Հաց են կիսել, հարսանիքի ու թաղման են մասնակցել: Միասին ապրել են ու միասին մեռել: Ինչու պիտի առանձին տեղ գնային ու այդպես չտրամաբանված մեռնեին:

Զինվորները կոպիտ-կոպիտ խոսել էին, բայց նստել տաք ճաշ էին կերել, մի երկու բաժակ օղի խմել: Այդ ընթացքում նրանցից մեկը հաշիշի ազդեցության տակ աչքը չէր կտրել պառավ կնոջ փարթամ կրծքերից, միտքը պղտորվել էր ու համոզել էր ընկերոջը, թե բա ցուրտ է, արի էսօր մնանք էս ծերուկների մոտ, համ էլ կպաշտպանենք: Մյուսը չէր համաձայնել, որովհետև հայի մոտալուտ գալուստն ու շնչառությունն էր զգացել մաշկով մեկ: Այդպես թողել գնացել էին, անպաշտպան թողնելով ու պարտք կատարածի պես նախազգուշացնելով: Գնացել էին`խաղաղության վերջին ծվենի վրա վերջին մարդուն հերոսացնելով: Ակամա:
Հերոսը չի նախազգուշացնում. պարտքը կատարում է առանց բառերի, բառախաղի, առանց իր խոսքն ու գործը կշռել-ծախելու: Անում է լուռ`Արևի հանգույն` տեսանվելու անհրաժեշտությամբ, գնալիս, անէանալիս էլ` պարտքը կատարածի համեստությամբ:

Կնոջ սառած մարմինը երկուսով տարան այգու այն հատվածը, որը կարճ ժամանակում փորել էին: Շատ խորը փոս չէին արել, պարզապես մի կես մարդաբոյ, այնքան, որ կինը տեղավորվի ու հետո վրան ոչ մեծ թումբ գոյանա: Որ հողը վրան թեթև լինի: Թե չէ ասում են ու վրան եգիպտաբուրգեր ծանրացնում`դե արի ու հողի տակ, հանդերձյալախցում մի պատեպատվի: Դե արի ու մեռած տեղդ նորից մի մեռիր ու մահդ մի ապրիր: Մարդը տարօրինակ է, ապրելու ժամանակ կյանքն է ծանրացնում, մեռնելու ժամանակ`մահը:

Լուսանում էր: Արևալույսը զորություն չուներ: Զորացնում էր լույսի երևումը, ներկայությունն իսկ: Գույնն էր փոխվում, պատկերն էր փոխվում, թե չէ նույն ցուրտն ու մահախուճապն էր:
Կնոջը հողին հանձնելուց հետո ծերունին Արամին խնդրեց օգնել ու բացել մառանի դուռը, սառել չէր բացվում:

-Այնտեղ գինի ունեմ պահած, պառավիս ողորմաթասը խմեմ,-մի շնչով, ծերունական լացի պես արտաբերեց նա, հետո ուղղեց իրեն, -խմենք:

Բանալին տվեց Արամին: Առաջին անգամ ձեռքերը շփվեցին: Սառը զենքից ու փայտակույտից հետո մարդու էր կպնում: Մեռնող, թե սպանող մարդու: Կյանքը միակերպ սիրող ու մահը միանման ատող մարդու ձեռք: Խաղաղության հուսահատ ձեռք:

Երկուսն էլ վստահության կարիք ունեին: Սահմանախախտ վստահության: Մարդկային չգրված ու չորոշված սահմանադրության:

Մառանի դուռն իրոք լռվել, մնացել էր: Չհանձնվող մահ էր դուռը: Քաջին չէր ուզում ենթարկվել: Քրտինքի մեջ կորած փորձում էր ծերունու առաջադրանքը կատարել: Հետո հիշեց, որ զենքը չկա: Թողել է հալիվորի ոտքերի մոտ: Կասկածեց, բայց ետ չշրջվեց: Չի սպանի: Դիպուկ չի կարողանա կրակել: Ցուրտ է, մատները չեն ենթարկվի:

Սպասեց, որ ծերունին համարձակություն գտնի ու սառած, դողացող ձեռքերում ավելի ամուր պահի զենքը:
— էխ, Թոֆիկ Մամեդով,-հառաչեց ծերունին,-դու մենակության բան չես…Մենությունը քոնը չի, այ քեֆչի հալիվոր: Ոչ մենությունն է քոնը, ոչ էլ անմահությունը: Էդ երկուսն էլ ամեծք են: Դու սովորական մարդ ես…

Այս ընթացքում Արամն անընդհատ փականի մեջ պտտեցնում էր բանալին, քաշքշում բռնակից, աչքը դիմահայաց ապակուց չկտրելով, մտքում էլ սրտնեղելով, թե այ բիձա, ինչու ես ուշացնում, դե խփիր էլի, խփի’ր, որ գոնե ինքնապաշտպանության դիմեմ, որ զորեմ ձեռք բարձրացնել: Արդարացնեմ մեղքս: Քաջությունն հաստատեմ կամ հերքեմ:

Ձայնը պատկերից շուտ եկավ: Շրջվեց ծերունու մարմնի անկման խաղաղ ձայնից: Մոտի եղած դանակը խրել էր կրքավանդակիմեջ:

…Թոֆիկ Մամեդով…Արդեն կրկնեց Արամը: Պատահական չէր: Մեռնողի ամեն խոսքը պատահական չէր: Իր անուն ազգանունն արտասանելը պատահական չէր: Մենության մասին խոսքը հենց այնպես չէր ասել: Ուզում էր անհիշատակ, անանուն չկորչել, ուզում էր մեռնելուց հետո տապաքանար ունենալ ու կարևոր չէ որտեղ, բայց շարունակել ներկայությունը: Իր մահով սահմանազատվել մահից: Ազերի ծերուկն ուզում էր կյանքում ի’ր մահն ունենալ և ունենալ մահվան մեջ իր կյանքը: Միայն թե մենակ ու անմահ չլիներ: Անմահությունն անեծք է: Ամեն մեկն իր մահվան իրավունքն ունի, ինչպես և ապրելունը: Ամեն մեկն իրավունք ունի անմահ չլինելու: Որովհետև անմահությունն անեծք է և առաքյալն էլ անմահ չէ: Անընդհատ շարժման մեջ է`հանուն խաղաղության: Մեկ ցածի աստված է, մեկ վերից է հսկում: Ուրեմն օրհնյա’լ են խաղաղությունն ու նրա առաքյալները` սահմանի որ կողմում էլ լինեն…