Սաթ Ռշտունի

Ցրված սկավառակ

 

Հորս մատների արանքում չվայելված ու չբավարարված ծխում էր մայրս:Ոտքերն ու կոնքերն արդեն թաթախվել էին տաք մոխրի մեջ,որ երկարելով կեռանում էր ու սպառնում հաջորդ շնչին փշրվել:Մայրս աղաչող հայացքով նայում էր կուչ եկած զևսի աչքերին,որ ժամանակից շուտ իրեն դժողքի կրակներն էր նետել ու աղոթում էր,իրենից ուժեղ մեկին էր փորձում հորինել.նա օգնության կարիք ուներ:
-Սա´մ,Սամվել հերիք ա,խնդրում եմ:
-Սու´ս,Գոհար:Գործիդ նայի:
-Ախր բժիշկն ասեց,որ խստիվ արգելվումա ծխել:
-Հաաա:Բա ապրե ՞լ,էդ էլ ա՞ խստիվ արգելվում:
Մայրս թուլացած նստեց բազկաթոռին ու փորձեց ամենահարմար բառը ընտրել սկսելու համար:
-Դու կբուժվես,հավատա ինձ:
Հայրս հանգցրեց ծխախոտն ու արագ մյուսը վառեց:
-Պետք չի ինձ հույս տալ,ես ամեն ինչ գիտեմ ու զգում եմ:Նվագի´ր:իմ սիրածը:
Մայրս նստեց դաշնամուրի մոտ:Մատները ցրվեցին դաշնամուրի վրա ու սառը հնչյունների մեջից լսվեց մորս նվվոցը:
Լույսը,քիչ -քիչ թափանցելով կոպերիս տակ,խառնվեց երազներիս, ու ենթագիտակցորեն զգալով մթի ու գիշերվա կորուստը,ինձ ուժեղ ու ամենակարող զգացի,փախա ետևիցս ընկած առյուծից,բայց հասնելով փակուղի,լսելի ձայնով ասացի.”Սա իմ երազն է,ես կարող եմ”:
Հետո ոտքերս գետնին հրեցի ու թռաա,ես առանց թևերի ուղղակի թռա ու շատ բարձր ,որտեղ չկարողացավ հասնել գիշատիչը:փրկվեցի:
-Այ քեզ երազ:Համ վախենալու էր,համ հրաշալի:
-ինչ ես դատարկ բաների հետևից ընկել,Կարեն,ուրիշ բան չունե՞ ս մտածելու:
Ես մի փոքր վիրավորված նայեցի մորս,որ միչև քոք բթամատի եղունգը կրծած շարունակում էր բզկտել եղունգի կողքերի կաշին:
-ՈՒնեմ,մամ:Ես էլ եմ պապայի մասին շատ մտածում,բայց ի՞նչ կարամ անեմ:Ոչ մի բան:
-Մեծ տղա ես,արդեն 16 տարեկան ես,մի բան մտածի:
Մի պահ վախեցա:Ինձ թվաց մայրս գժվել է:
-Մամ,ի՞նչ ես խոսում,պապան անբուժելի հիվան ա,ես ինչ կարող եմ անել կամ մտածել:
-Գիտեմ,էդ գիտեմ:Բայց բժիշկն ասեց որ իրեն լավ նայի ու սթրես չտանի,իրենց նշած ժամանակից երկար կապրի:
-հմմ,գիտեմ:Իսկ ինքը ամբողջ օրը ծխում ա ու մտածում մահվան մասին:
-Հա´,հա´:Ոնց որ նստել սպասում ա,թե երբա մեռնելու:Ես կգժվեմ:Մեզ էլ իր հետ ա սպանում:
Մայրս չդիմցավ,փռթկաց ու ոռնալու աստիճան խեղդված ու անօգնական լաց եղավ:

-Պապ ջան,ո՞ նց ես:
Հայրս,ուսերը թափ տալով,շարունակեց նայել հեռուստացույցին,որտեղ կատարվող ոչինչ իրեն չէր հուզում կամ բարկացնում,ինչպես առաջ:
-Պապ,էսօր լավ երազ եմ տեսել,պատմե՞ մ:
-Պատմի:
Ամենայն մանրամասնությամբ ու մի քիչ էլ ճոխացնել — չափազանցնելով պատմեցի երազս,հիանալի նկարագրեցի
թռիչքս ու փրկվելս,բայց հորս դեմքին ոչ մի միմիկա չէր հայտնվում,ոչ մի գիծ չէր փոխվում:Նա շարունկում էր նայել հեռուստացույցին,որ ծխի մեջ խավար գույներով էր երևում:
Մայրս այսուայնկողմ իբր գործ էր անում,բայց աչքի պոչով հետևում էր հորս,կարծում էր կարող էի մի կերպ հորս տրամադրությունը լավացնել:
-Պապ կուզե՞ ս շախմատ խաղանք:
-չէ:հավես չունեմ:
-Հահա,վախենում ես կրե՞ մ քեզ,-փորձեցի խորամանկության դիմել:
-Հա:
էլ ինչ խոսեի:Լրիվ անիմաստ էր.հայրս զենքերը վայր դրած սպասում էր:Նա կորցրել էր պայքարելու ունակությունը:Նա սպանում էր ինքն իրեն :Մայրս ճիշտ էր ասում.նա մեզ էլ էր սպանում:Մեր տունը չափազանց մռայլ էր դարձել,մեկ-մեկ ուղղակի չէի ուզում դասից տուն գալ:Մայրս ինքն իր գոյության մասին լրիվ մոռացել էր,նիհարել,կնճռոտվել ու կորացել էր մի տեսակ,կարծես ծերացած լիներ մի 20 տարով:Ամիսներն անցնում էին,հայրս ամեն օր նույն դիրքով,նույն դեմքի արտահայտությամբ սպասում էր,տունը թոնրատան նման թաղվել էր ծխի մեջ,մեր տնից անհետացել էին բոլոր զվարճալի ու ուրախ ձայները,գույներն ու իրերը,նույնիսկ 6 ամյա քույրս էր մեծացել ու հասունացել այս ամիսների ընթացքում:Մայրս ամբողջ օրը հազում էր:Նրա ձեռքերը չորացել ու դեղնել էին,մարմինը կորել էր շորերի մեջ,գլուխը փոքրացել էր,որի հաշվին ավելի մեծ էին երևում բերանը,քիթն ու խամրած աչքերը:Մի քանի անգամ մայրս գիտակցությունը կորցրել էր,բժիշկ էինք կանչել,եկել վիտամիններ ու գլյուկոզա էր ներարկել գնացել:
-Մամ,լավ ե՞ ս:
-հա տղես,լավ եմ,հորդ հաց տվե՞լ ես:
-Հա:
Մայրս տկարած սեղմվել էր մահճակալի մեջ,ես երբեմն մոռանում էի,որ մայրս կին է.նա վերածվել էր անորոշ ու անհասկանալի էակի:Նրա վիճակը գնալով վատանում էր,շուտով հիվանդանոց տեղափոխեցինք,որտեղ և օրեր անց մահացավ մայրս:Հայրս համակերպված մասնակցեց նրա հուղարկավորությանը,ջահել մորս,որ հիվանդություն չուներ,որ ուներ շաաատ երազանքներ ու ուզում էր ապրել,ուզում էր,բայց նրան սպանեց…
Մորս մատների պես սառն ու ցրված սկավառակը պտտվում է:Երեխաներս վազվզում են ծխի միջով,ինչպես մանր ձկները ակվարիումի մեջ,որոնք զարմանալիորեն չեն շնչահեղձվում:Հայրս արդեն 20 տարի սպասում է ու բոլորիս հերթով ծխում :

Advertisements