Հինգերորդ Մրցույթ-17

Լուսին Ամարա


Արարատը` շալի անցքերից

Բարձրանում էի կտուրը: Համատարած կտուրների մեջ ա՜յլ բարձրություն էի փնտրում. այն, որ պատմվել ու դաջվել էր մտքումս, որպես շարունակ բարձր տեղից երևացող հրաշալիք:  Երկար — երկա՜ր նայում էի… Հետո նայում էի արևին տատիս շալի ամենամեծ անցքից, ապա՝ փոքրից ու անչափ խաղաղ էի իմ պատկերացումներում, թե ես տեսա Արարատը: Հետաքրքիր է, վեցամյա մանչուկի համար ի՜նչ գույն ունի այդ անունը…

Մանկական սիրտը պատրաստ էր այդ տարվա սեպտեմբերին: Պատրաստ էր «Ես իմ անուշ Հայաստանի…»-ն ու պատրաստ էր դպրոցն՝ ընդունելու մեզ: Իմ անո՜ւշ Հայաստան, մենք վեց տարեկան էինք…

Ես շարունակ բարձրանում էի կտուրը… արդեն մեծ էի ու գիտակցում էի երազելու ունակությունից իմ «զրկվածությունը». մեզնից «գողացել էին» մեր ճերմակաթույր չքնաղին, բացի այդ՝ ես հեռու եմ, փոշոտ եմ ու ոտքերս փաթ կընկնեն, երբ քայլեմ դեպի երազանքս…

Ավելի մեծացա… Էլ չէի բարձրանում կտուրը ու երբ լսում էի Արարատ, պատկերացնում էի բարեկամություն, անձնազոհություն: Եթե մարդկային հոգու ամենաբարի մղումների արձանագրությունը կազմվեր ու այն դառնար աշխարհի ամենամեծ ու հետաքրքիր գիրքը, ապա այն կընդգրկեր Արարատից բխող բարեսրտությունը  ժառանգած մարդկային էակի դրսևորումները:

Կտուրը մոռացվեց: Աշխարհ եկավ «բարձունքի» գաղափարը: Մի քիչ հանդարտ էր սրա ճախրանքը, բայց հանճարեղության երանգ ուներ. ես տեսել էի Արարատը… Ես տեսել էի ինչպես երկնքի շալը պատռվեց, արևը լուսավորեց Մասիսը, ապա՝ Սիսը ու երկրագնդի լուռ ստեղներին ո՜նց էր արևը Արարատ նվագում…

Բարձունքը հիշվում է…

Ամեն ոք իր հույսի ճանապարհն ունի… Հիմա աստվածահոժար ու հասկանալի մրմուջով նորից կրկնում եմ հին երգս. «Իմ հույսի ճանապարհը Արարատին է գնում»: Հայաստանի թռչող հեքիաթի մի մեղմիկ երազն եմ: Իմ երազը Հայաստանն է ու… Արարա՛տ, ինչպես ցերեկը դու հեռացնում ես բոլոր դավոտ մշուշները, այնպես էլ գիշերով ցրի՛ր տարակուսանք բերող մութը, հակառակ դեպքում՝ խելագար մտքիս մոլուցքը զսպի՜ր…

Ձեր Կարծիքը