9-րդ Մրցույթ

Այս մրցույթը մեկնարկել է ակումբում.

http://www.akumb.am/showthread.php/63990-%D5%80%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-2-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%BD%D5%AF%D5%AB%D5%A6%D5%A2%D5%A8?p=2378880#post2378880

Advertisements

Իներորդ մրցույթ

loadimage-ashx22-1

 

Հարգելի հեղինակներ,
Հաջորդ գրական մրցույթը կլինի թեմատիկ: Մրցույթի թեման է` «Աշխարհի սկիզբը»:
Կընդունվեն միայն պատմվածքներ, մինչև 15 000 նիշ (ներառյալ բացատները) ծավալով:
Հեղինակներին կտրամադրվի 25 օր` հանձնելու իրենց ստեղծագործությունները մրցույթին: Վերջնական ժամկետը պատմվածքների ընդունելության`Հունվարի 3, 23:59, Երևանյան ժամանակով:
Եթե ուղարկված տարբերակների քանակը 10-ից ավելին լինի, ապա նախապես կընտրվեն լավագույն 10-ը, որոնք կդրվեն Ակումբում՝ քվեարկության ու քննարկման:

Առաջին տեղ-150.00
Երկրորդ տեղ-75.00

Լավագույն 2 պատմվածքը նաև կտպվի «Գրեթերթի» գարնանային համարում:

Նոր, չհրատարակված և սրբագրված պատմվածքները ուղարկել այս էլեկտրոնային փոստի վրա.
dakopia@gmail.com

Արաքս Հակոբյան

Իմ հաղթանակների օրը

 

Տիկին Գոհար, փակեք աչքերն ու հաշվե՛ք մինչև տասը:
— Չէ, լավ է «Հայր մերը»,- մտքում որոշեց Գոհարը:

1

— Երազումս մի աղջիկ երեխա էի գրկել, ո՜նց էի սիրում, ո՜նց էի սիրում, ու պատկերացնու՞մ եք, ինքս ինձ բարձրաձայն ասում էի. «ես էս երեխային Աննայի չափ եմ սիրում»,- շոկոլադի սալիկը կոտրատելով պատմում էր Գոհարը,- մեր Հասոյի աղջկա,- ակնարկեց քրոջը:
— Երազում երեխան լավ չի,-սուրճը բաժակների մեջ լցնելով ասաց Մանուշակը,- հիվանդությունա:
— Եթե արթնացել ես ու տրամադրությունդ լավա եղել, ուրեմն էսօր մի լավ բան կլինի,- Մարիամն էր, Գոհարի ամենամոտ ընկերուհին:
— Տեսնես առավոտվա սուրճից ավելի համեղ բան կա՞…
— Չէ- չկա, առավոտյան սուրճն անմահական ա,- միաբերան արտասանեցին աղջիկներն իրենց հնարած կանոնն ու ծիծաղեցին:
— Էսօր երեկոյան մեր տուն կգաս, Ռաֆի ծնունդնա, բայց նվեր չբերես,- հենց Մանուշակը սենյակից դուրս եկավ, շուտասելուկի պես ասաց Մարիամը:
-Առանց նվեր ծնունդա՞ լինում,- ծիծաղեց Գոհարը:
Տուն գնալիս ճանապարհին մտավ խանութ, կոնյակ ու մի երկու քաղցր բան վերցրեց, հո դատարկ ձեռով չի՞ գնալու:
Հայրը դիմավորեց դռների մեջ:
— Խորովածի լավ միս եմ առել, էսօր խորովե՞մ թե մնա շաբաթ.
— Պապ ջան, էսօր ծնունդի եմ, թո՛ղ մնա:
Գոհարն արագ հաց սարքեց հոր համար, կարգի բերեց՝ առանց այդ էլ ամեն ինչ իր տեղում բնակարանն:
— Պապ ջան, արի, հացդ կեր,- ու մտավ իր սենյակ զգեստափոխվելու:
Մարիամը դուռը բացեց,- արի, սրանք ինչի՞ ես բերել, չասացի՞ չբերես, արի, արի,- ու առաջնորդեց Գոհարին հյուրասենյակ:
Ա՛յ քեզ բա՜ն, հյուրասենյակում տոնական սեղան չկար դրված, բազմոցին էլ Ռաֆն էր ու Ռուբենը՝ Գլխավոր երկրաբանի բաժնի նոր աշխատողը: Տղամարդիկ կանգնեցին, ու դա ավելի շփոթեցրեց Գոհարին:
— Ռուբե՛ն, մենք իրար գիտենք, բայց ուրախ եմ օֆիցիալ ծանոթանալու համար:
Գոհարն այնպես էր ամաչում, որ միայն կարողացավ շշնջալ,- Գոհա՜ր…
— Մարիա՞մ, սա՞ էր Ռաֆի ծնունդը,- ընկերուհու ետևից խոհանոց մտավ Գոհարը.
-Ասաց, չի ուզում աշխատանքի տեղում կամ դրսում հանդիպել, էնպես լա՜վ տղայա, Ռաֆի դասընկերնա …
Ռուբենը հետաքրքիր էր խոսում, ռուսերեն շեշտադրուլթյամբ, էնպես էլ անուշ հոտ էր գալիս: Կարծես մի պայմանավորվածություն լիներ. բոլորը խոսում էին իրենց մասին, ու Գոհարը զարմանում էր ինքն իր վրա, թե ո՞նց այդքան շուտ վերագտավ իրեն ու կարծես թե համաձայն է, ինքն էլ չգիտի թե ինչի…
Հրաժեշտ տվեցին տանտերերին ու իջան աստիճաններով: Ռուբենը բռնեց Գոհարի ձեռքը: Ձեռքն այնքան տաք էր, ինչ որ ուժ էր գալիս նրանից, ու Գոհարն իրեն շատ հանգիստ էր զգում: Նոյեմբերյան երեկոյի ցուրտը անկարող էր սողոսկել նրանց հագուստից ներս, անգամ քամին չէին զգում:
Շատ հաճելի էր Ռուբենի ձայնը՝ հավատ ներշնչող: Ամեն խոսքից Գոհարը մտքում երկար-բարակ մտածում էր, բայց միայն արտաբերում էր այո, կամ … ավելի շատ՝ այո: Երջանկությունը ջերմացրել էր արյունը, դարձել հաճելի խռովք, և ժպիտի ու շիկնանքի ձևով դուրս էր հորդում նրանից:
— Ես քեզ հավանել եմ առաջին իսկ պահին, որ տեսել եմ, ուզում եմ իմ կինը լինես, հարստություն չեմ խոստանում,աստղեր ու լուսին էլ չէ, բայց սեր ու հավատ՝ վստահեցնում եմ:
Երկար քայլեցին քաղաքի փողոցներով, չնկատելով էլ դրանք ծանո՞թ են, թե ոչ: Իրար ձեռքից բռնած, երբեմն կանգնելով ու իրար աչքերի մեջ նայելով, քայլում էին աղջիկն ու տղան և ծրագրում իրենց ապագան:
Կեսգիշերն անց էր: Մոտեցան Գոհարենց շքամուտքին:
— Երրորդ հարկի այն պատուհանները մերն են:
-Բարձրանա՛նք.
Բնակարանի դռան մոտ Ռուբենը ձեռքերի մեջ առավ Գոհարի գլուխը, նայեց աչքերին ու համբուրեց …
Գիշերը կրկնվող երազի նման էր: Անընդհատ հիշում էր իրենց զրույցները, Ռուբենի ռուսերեն շեշտադրությունն, օծանելիքի բույրը… իսկ շուրթերը դեռ այրվու՜մ էին, ի՜նչ երանություն …
Գոհարը շտապ վեր կացավ անկողնուց, առանց հողաթափերի վազեց դեպի գրասեղանը, փոքրիկ օրացույցի վրա կարմիր գրիչով օղակեց նոյեմբերի 29-ը, ժպտաց իր հայտնագործությանն ու հանգիստ մտավ անկողին:

2

-Սրտիկս, ես գնացի,- խելոք կմնաք, շուտ կգամ,- հայացքով շոյելով վերմակի տակից ընդգծված կնոջ փորիկը, հուշիկ համբուրելով ականջի բլթակը՝ շշնջաց Ռուբենն ու ուղղվեց դեպի ննջարանի դուռը:
Գոհարը կիսաքուն երջանիկ ժպտում էր:
— Կսպասենք, դու հանգիստ եղիր,- արտաբերեցին կիսաբաց շուրթերը,- մի ժամ էլ պառկեմ ու վեր կենամ:
Աչքերը բացեց մեջքի սուր ցավից: Անտանելի էր: Վերմակը ետ գցեց, որ վեր կենա, չկարողացավ, ոտքերն ընդարմացել էին, շարժել չէր կարողանում,- Ռուբե՜ն…,- ու այդպես կծկված տապ արեց անկողնում:
Մի քանի վայրկյանից ցավը մեղմացավ, անցավ: Փորձեց, ոտքերի զգացողությունը վերականգնվել էր, վեր կացավ տեղերից ու գնաց խոհանոց: Մի բաժակ ջուր խմեց, ասես ոտքերն էլ ամրապնդվեցին: Մտքում միայն մի հարց էր՝ մի՞թե դա հենց այն է, ինչին սպասում են, պետք է անհապաղ զանգել Ռուբենին:
— Բարև Ձեզ, պարոն Սեդրակյան, Ռուբենին կկանչե՞ք, այո, շնորհակալություն, լավ եմ, լավ ենք…, ա՜խ…
Էլի նույն ցավերը, բժշկուհին ասել էր հենց անծանոթ ցավեր ունենաս, շուտ կգաս հիվանդանոց,- Ռուբե՜ն,- թույլ տնքաց Գոհարն ու ամուր բռնեց սեղանից…
Դուռը բացվեց ու հևիհև ներս ընկավ Ռուբենը:
— Սեդրակյանի մեքենայով եմ, գնում ենք հիվանդանոց …
Բժշկուհի Լենան շփոթված էր: Ցավերի հաճախականությունն մոտ է ծննդաբերության, բայց Գոհարի մարմինը՝ ոչ: Միգուցե կեսարյա՞ն անեն, երեխային կորցնելու վտանգ կա: Զանգեց վիրաբույժին:
— Հայրապետյան, խնդրում եմ գաս ինձ մոտ:
— Ուշ է վիրահատության համար, պետք է բնական ճանապարհով ծննդաբերի, ամուսնուն կանչե՛ք:
— Գոհարի մոտ խնդիրներ կան, Երեխան արդեն ֆիքսվել է, իսկ համապատասխան չափսեր չկան, պետք է վիրաբուժական միջամտություն, եթե ոչ, երեխային կորցնելու վտանգ կա, ուզում ենք, որ դուք էլ ներկա լինեք:
Ռուբենը լվացվեց, հագավ բուժքրոջ տված խալաթն ու գլխարկը: Շատ մտահոգ էր: Նա ինքն էլ անհանգստանում էր կնոջ ու երեխայի համար, բայց պիտի հավաքվի, որ Գոհարն ոչինչ չզգա: Ո՞վ կպատկերացներ, որ կարող է ներկա գտնվել իր զավակի լույս աշխարհ գալուն: Աչքերը լցվեցին, բայց միայն մի պահ, արագ սթափվեց, ինքը ուժեղ էր պետք Գոհարին:
Կինը ցավերից կծկվել էր ու անձայն տնքում էր, արցունքները գլոր-գլոր հոսում էին աչքերից: Ռուբենին որ տեսավ, ամաչությունից ուզեց վեր կենալ պառկած տեղից.
— Էս ու՞ր, աղջիկ ջան, ամուսնուդ բերել ենք որ քեզ ուժեղ զգաս…
Հայացքը հառեց բժշկուհուն, որտեղ և՛ խնդրանք կար, և՛ պահանջ, և՛ համաձայնություն:
-Գոհար ջան, դու ուշադիր լսիր ինձ, մենք հիմա միասին պիտի օգնենք ձեր բալիկի ծնվելուն :
Ռուբենը բժշկուհու ցուցումով կանգնեց կնոջ գլխավերևում, բռնեց ձեռքերը: Նրա տաք ու հուսադրող, չէ՛, վստահություն փոխանցող ձեռքերը ամեն ինչ էին Գոհարի համար: Ու նա ապավինեց դրանց՝ ջանալով ամեն կերպ կատարել դրանցով իրեն հասնող հրահանգները…

— Տղա է, — ուրախ բղավեց Ռուբենը՝ չնկատելով բժշկուհու խեթ հայացքը:
Գոհարը քնքշորեն կրծքին էր սեղմել նորածնին ու երջանկությունից փայլում էր: Հայկը ծնվել էր իր ու Ռուբենի ծանոթության օրը, նոյեմբերի 29-ին՝մեկ տարի անց:

3

Հիվանդասենյակի դուռը ծեծեցին:Ռուբենի «մտե՛ք»-ին պատասխան՝ սենյակ մտավ Սուսաննա Սեյրանովնան:
— Տիկին Գոհար, վաղը վիրահատվում ենք,- ականջին հաճելի հանգիստ տոնով սկսեց նա,- մենք ուժեղ ենք չէ՞,- ու շոյեց սրսկումից կապտած ձեռքը,- այս պահից ոչինչ չուտեք ու չխմեք, ու՝ հանգիստ եղեք: Նայեք աչքերիս, ամեն ինչ լավ է լինելու, դե՞, դե՞…
Մի ձեռքը բժշկի ափում, մյուսը՝ ամուսնու, արցունքները զսպած կոպերի տակ՝ Գոհարը ժպտում էր անբնական ժպիտով ու չէր զգում թե որքան ամուր է սեղմում Ռուբենի ձեռքը:
— Վաղը սենյակը հանձնելու եք,-դիմեց բժշկուհին Ռուբենին, մի անգամ էլ ժպտաց Գոհարին- բարի մնացեք, մի՛նչ առավոտ:
— Դու մի քիչ ննջիր, ես մի հատ ծխեմ ու գամ,- բժշկուհու հետ դուրս գնաց Ռուբենը:
Գոհարը փորձեց պառկել: Ո՛չ, խառը մտքեր են, անհանգիստ վիճակ, մենակ չի ուզում մնալ:
Միջանցքում միայն հերթապահ քույրն էր ու մի հիվանդապահ: Արդեն քանի անգամ ետ ու առաջ էր անում ողջ երկարությամբ՝ չնկատելով, թե որքան արագ է քայլում:
— Վա՞տ եք զգում…
— Ինձ վաղը վիրահատելու են…
— Գիտեմ, ,- ու ժպտաց, որ նշանակում էր «ոչնչից մի վախեցեք»:
Միջանցքի ծայրից գալիս էր Ռուբենը, օ՜, աստված, Երվանդի հետ է, իր դասընկերոջ:
— Գոհա՛ր…
Միանգամից փլվեց Երվանդի գրկում ու հեղձկաց: Երվանդը հայացքով լռեցրեց Ռուբենին.
— Գնա՛նք, գնանք սենյա՛կ.
— Երվանդ ջան, էս որտեղի՞ց, ո՞նց…
— Ընկերոջս հորն են վիրահատել, սպասասրահում տեսա Ռուբենին… էս ինֆարկտը ո՞նց ես հաջողացրել:
Հարցուփորձ արեց նրա ընտանիքից, հետո անցան իրենց պատանեկությանը, վերհիշեցին դասընկերներին , Երվանդի սերերին (իրեն էլ էր հետամտում անպիտանը), առանց իրար հերթ տալու պատմում էին ու այդ ամենը՝ ընդմիջելով ծիծաղով: Ռուբենը երախտապարտ հայացքով նայում էր Երվանդին. «ինչ լավ մարդ ես դու, աստված քեզ ուղարկեց»:
Հեռուստացույցով Նունե Եսայանն էր երգում, կարծես ձյան մասին էր.
— Ուզում եմ քնել, հոգնեցի, լույսը չանջատես, լա՞վ…
Ռուբենը վաղ առավոտյան գնաց Նորքի եկեղեցում մոմ վառելու՝ ի հաջողություն սպասվող վիրահատության: Երբ վերադարձավ, Գոհարը լվացված, մազերը հարդարած ու նոր խալաթով նստած էր աթոռին:
— Ամեն ինչ հավաքել եմ, — ցույց տվեց դռան անկյունը:
Եկավ բուժքույրը, անվասայլակ էր բերել.
— Չէ, ես ինքս կգնամ,- բռնելով ամուսնու ձեռքը, սենյակից դուրս եկան:
Վիրահատարան տանող վերելակի մոտ ժպտաց ամուսնուն, համբուրեց ձեռքերը…
— Ես չեմ վախենում, չմտածե՛ս…

— Տիկի՛ն Գոհար, հաշվե՛ք մինչև տասը.
— Չէ, լավ է «Հայր մերը»,- մտքում որոշեց Գոհարը:

— Գոհա՜ր, Գոհա՜ր,- լսվում էր հեռվից տղամարդու ձայնը:
Մի ծանրություն էր զգում կրծքավանդակում, մտածեց որ իրեն արդեն անզգայացնում են, իսկ ձայնն էլի կանչում էր.
— Գոհա՜ր, բացի՛ր աչքերդ..
Լուսավոր, իրեն անծանոթ սենյակ էր, գլխավերևում տղամարդու դեմք էր, աղոտ նմանեցրեց Հրայրին: Աչքերը չդիմացան վառ լույսին ու նորից փակեց:
— Շնորհավորում եմ նոր սիրտդ, դու հերոսուհի ես,- Տղամարդը Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի գլխավոր վիրաբույժն էր:
Փորձեց պատասխանել, բայց ինչ.որ բան կոկորդում խանգարում էր խոսելուն:
Մտքում բարձրաձայն արտասանեց. «նոյեմբերի 29, Հրայր, դու էլ Աստվա՜ծ ես» ….

ԹԱՎՐԵ

Խե՛նթ
(լեգենդ)

Ազգային հերոս Խենթի, Սամսոն Տեր-Պողոսյանի հորեղբոր աղջըկանից, լուսահոգի Վերգուշ տատուցս մանուկ հասակում լսած մի պատմություն, որն արժե հիշատակության և խոնարհման…

***
19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին, երբ ռուսական բանակը փորձում էր ավելի ամուր հաստատվել անդրկովկասում, իր միակ հավատարիմ դաշնակցի, հայերի երկրում`, ղաչաղների երկու տարբեր ավազակախմբեր, որոնց պարագլուխներն էին Սոլան ու Նաբին, արդեն մի քանի տարի անպատիժ ասպատակում էին Բայազետից մինչև Սուրմալու և Մասիսի չորս դին ընկած բնակավայրերը: Հայ աշխարհականը կրակն էր ընկել սրանց ձեռքը, որոնք նախամարդու դաժանությամբ, սուլթանի ու սատանայի հովանավորությամբ կողոպտում, սպանում էին և մարդու աչքը մտած փշի պես` ցավ պատճառում:
Այլևս անկարելի էր հանդուրժել ղաչաղների վարքը, սակայն վարժված լինելով միայն կանոնավոր ու լայնամասշտաբ գործողությունների, ռուսական բանակը հարմարված չէր առանձին պատժիչ գործողություններ իրագործելու համար: Այնուամենայնիվ, հայ աշխարհականի բարյացակամությունից չզրկվելու և Խենթի համառության շնորհիվ` ռուսական հրամանատարությունը հարկ համարեց երկու տասնյակից բաղկացած հեծյալների մի խումբ տրամադրել Խենթին. Սամսոն Տեր-Պողոսյանին…

***
Լուսաբացը մոտ էր, բայց խավարը դեռ չէր ցրվել: Խենթի ձին առաջապահ Իվանի ձիուն գրեթե հավասար` առաջ էր ընթանում: Քսանչորս հեծյալներ, արդեն երկու օր էր, ինչ հաղթահարում էին քարքարոտ ու դժվարանցանելի լեռնուտը…
Առանց գլուխը վեր բարձրացնելու, կիսախուփ աչքերի արանքից Խենթը զննեց իրեն քաջ ծանոթ տեղանքը: Համոզվելով, որ հետախույզի հայտնած վայրին դեռ չեն հասել` քթի տակ քրթմնջաց.
-Իվան, ոլորանի վրա ձայն կտաս ինձ:
-Անհոգ մնա, կարթնացնե´մ, — արձագանքեց Իվանն ու իրենց հետևող հեծյալներին համր շարժումով հասկացրեց, որ զրույցները դադարեցնեն:
Հրահանգներ կատարելիս ակնհայտ էր ռուսների վարժվածությունն ու ապահով սրտով Խենթը կրկին փակեց աչքերը:
Դա մի վիճակ էր, երբ մարդ ոչ քնած է, ոչ էլ արթուն: Նրա ձին ասես զգում էր, որ իր հեծյալը ննջում է ու սրածայր քարերը ջոկ-ջոկ անելով էր առաջանում… Քչերին է հաջողվում նիրհել թամբին ու վայր չընկնել ձիուց: Անվերջ դիմադրելով քնի դեմ, Խենթը նիրհում էր և հայտնվել էր վերհուշի գրկում: Թույլ չտալով, որ քաղցր նիրհը վերջնականապես խոր քնի վերածվի և վերհուշն իրենից խլելով այն փոխի երազի, նա հաճախ մի աչքը բացում ու էլի տեղանքն էր զննում: Մի պահ երազի սահմանագծին հասնելով`, նա տեղափոխվեց աշուն… Ահա´: Ինքը ուշաթափ ընկած էր Լալայենց ցանկապատի մոտ… Ձախ ուսն ու թևը բզկտված էին… Խեղդամահ գայլի դունչը կրծքին սեղմած` ինքն արնածորում էր…
Այդ օրը Լալայի հայրը ջերմություն ուներ… Անձրևնեևը սկսելուց առաջ ինքը թաքուն կալսել էր նրանց արտի խոտն ու սիրած աղջկա տան կրակը թեժ պահելու համար` չոր քոթուկ էր քարշ տվել նրանց ցանկապատի մոտ… Առաջը գայլ էր կտրել… Գզվռտոցից հետո, երբ Լալան գտել էր նրան ասես բալասան` արտասվելով իր վերքերն էր համբուրում. «Դու խե´նթ ես, խե´նթ սիրելիս»…
Ահա´, կարծես մեկը կրկին ձայն էր տալիս ու իր անունը կրկնում…
-Խե´նթ, Խե´նթ… — ցածրաձայն կանչում էր Իվանն ու թեթևակի ցնցում ընկերոջ ուսը: — Արթնացի´ր, արդեն ոլորանի վրա ենք:
Խենթը բացեց աչքերը: Փորձեց թոթափել հոգնությունը, պարզեց թևերն ու ձգվեց հորանջելով:
Ձիերից իջան: Ուր որ է լուսանալու էր: Հուշերն էլ, Լալային էլ մի կողմ թողած` Խենթը մի թմբի մոտեցավ: Կանչեց Իվանին ու սկսեց հրահանգներ տալ.
-Ա՜յն քարափը տեսնու՞մ ես, որի տակ քարայր է նշմարվում, — ցույց տալով դիմացի կնճռապատ լեռը, հարցրեց Խենթը: — Քարայրը, որի աջ ու ձախ կողմերում լիքը մասրենու թփեր կան: Տեսա՞ր:
Իվանը ցրվող աղջամուղջի մեջ նշմարեց քարայրն ու գլխով արեց:
-Կեցցե´ս: Հենց այդ քարայրի մասին էր պատմում հետախույզը, դա է ղաչաղների որջը: Մարդկանց բաժանիր երեք խմբի… Մի խումբը կգա ինձ հետ, մյուս երկու խմբերի նշանառուները, գնդակի հեռավորություն պահելով` թող դիրքավորվեն այդ քարայրի աջ ու ձախ թևերում… Կկազմակերպես այնպես, որ փախուստի ճանապարհ չմնա ավազակներին: Պետք է անաղմուկ գործել : Թուր ու թվանքի հետ վարվելու մեջ` հմուտ են ղաչաղները, էս ջահելներդ ափսոս են, հասկացա՞ր: Դե, քեզ տեսնեմ Իվան ջան, գործի անցիր:
Մինչ Իվանը փույթով անցավ ջոկատի անդամներին իրենց անելիքները բացատրելուն, Խենթը ջրի տափաշիշը մոտեցրեց բերանին: Նա Իվանին լավ գիտեր: Իրենց ծանոթության երկու տարիների ընթացքում Իվանը «մեծն» ռուս եղբորից հասցրել էր վերածվել հավատարիմ զինակցի, ընդունելով իր հայ բարեկամի գերազանցությունը մարտավարական խնդիրներում: Ինչ վերաբերում էր շիկահեր ու պեպենոտ նորաթուխ տղաներին`, նրանցից շատերին առաջին անգամն էր տեսնում:
Ավարտելով զինվորների հետ քննարկումը, Իվանը շրջվեց Խենթի կողմն ու իրեն հատուկ հումորով կատակեց.
-Սամսո´ն, հրամանդ անիրագործելի է:
-Ինչու՞: Ի՞նչ կա…
-Ինձ ու քեզ էլ միասին հաշված` քսանհինգ հոգի ենք: Ի՜նչ անում եմ, ասածիդ պես ջոկատը երեք խմբի հավասար չի բաժանվում…
Ընդունելով կատակը, Խենթը բարեհոգաբար ժպտաց: Այնուհանդերձ` հարկ համարեց խստորեն հիշեցնել.
-Լույսը բացվեց, կատակելու ժամանակը չի: Շտապի´ր, այլապես կձախողվենք:
-Կատարե´լ, — զինվորների կողմ շրջվելով, հակիրճ նետեց Իվանը:
Ձիերին թաքցնելու համար հարմար տեղ գտան ու կապկպեցին քարերից: Այնուհետև ջոկատը երեք խմբի բաժանվեց: Զգուշորեն,
բայց սրընթաց`, յուրաքանչյուր խումբ իր ուղղությամբ առաջ նետվեց:
Իրեն բաժին հասած յոթ զինվորների գլուխն անցած, Խենթն առաջնորդեց կենտրոնով: Այդ ընթացքում նա գոհունակորեն նկատեց, որ մյուս երկու խմբերը հաջող թևանցումներ արեցին ու հարմար տեղեր ընտրեցին քարայրի ելքը թիրախում պահելու համար:
Բավականին մոտենալուց հետո քարայրի խորքում թրթռացող ճրագի լույս նշմարվեց: Խենթն իր կողքին գտնվող զինվորի դեմքին խորացող երկյուղ հայտնաբերելով, մտածեց. «Եթե ղաչաղների դեմ սասանվեց, կորած է… Այս անփորձների երկյուղը կարող է իրենց կործանման պատճառը կդառնալ: Սրանց մարմինները լավ են կոփել, բայց սրտերն անտեսել են»: Երկյուղած զինվորին ափով իր մոտ պահած`, Խենթն անաղմուկ մուտք գործեց քարայր: Մնացածները հետևեցին նրան: Երբ այնքան էին խորացել, որ պարզորոշ լսվում էր ներսի խոսակցությունները`, Խենթի հովանու տակ գտնվող զինվորը սայթաքեց ու մատնեց իրենց ներկայությունը: Նա մեղավոր հայացքով կարմրատակեց ու քար կտրեց: «Գրողը տանի, հապաղելը կործանարար է», կայծակի արագությամբ անցավ Խենթի գլխով ու որոտաձայն հայհոյելով ներխուժեց քարայրի խորքը:
Քաջալերված զինակիցներն ու Իվանը նրա ետևից հասան այն պահին, երբ Խենթը թիկունքից դեն նետեց յափնջին ու մերկացնելով ուսադիրները, վայրագ ղաչաղների առջև հայտնվեց որպես ռուսական բանակի սպա:
Ղաչաղներից երկուսը ռազմատենչ գոչյունով վեր թռան ու նախքան իրենց արձակած գոռոցի ձայնը կմարեր, Խենթի սրից խոցված փլվեցին գետնին: Իրարանցումից քարայրում ճրագները մարեցին:
Ներկա գտնվող երկու տասնյակից ավելի ղաչաղների պարագլուխը` Սոլան, դրանցից յոթի հայրն էր նաև: Անակնկալից ուշքի գալով, նա ճանկեց թուրն ու ցասումով ոտքի կանգնեց: Հայացքն անընդհատ սպանված յուրայինների մարմիններին գցելով, նա կատաղի ֆշշաց.
-Դու ո՞վ ես…
-Սամսոնն եմ, Խե´նթը… Լսած կլինես:
Չնայած այն հանգամանքին, որ Սոլան իր հարցը տվեց քրդերեն, իսկ Խենթը պատասխանեց հայերեն`, թե ռուսները, թե ղաչաղները հասկացան այդ կարճ երկխոսության իմաստը: Ակնհայտ էր, որ նախաձեռնություը խըլված է ղաչաղներից և Իվանը, գոտկատեղից հանելով մի ջահ, վառեց:
Մազակալած դեմքերով ղաչաղները ձեռքները երկարած դեպի իրենց թըվանքները`այդպես էլ սառել մնացել էին նայելով իրենց վրա ռուսների ուղղած հրացանների սվիններին:
Հանկարծ ավազակապետը, Սոլան կտրուկ շարժումով թրախողոխ արեց Խենթի դաստակը, սակայն` վերջինիս պատասխանը սառեցրեց Սոլայի կիրքը, երբ իր սուրը մի մատ հեռավորությամբ սպառնալից կախեց նրա պարանոցին: Խենթը չշտապեց թռցնելու սրա գլուխը և ինչպես կատուն է դադար տալիս, երբ թաթը մկան պոչին է դնում, այնպես էլ` Խենթը, հաղթողի վայելեքը երկարաձգեց իր քիմքում:
Սոլան շփոթմունքի մեջ էր: Նա իր հուսահատական քայլն արել էր յուրայինների ու յոթ զավակների աչքին մի վերջին անգամ տղամարդ երևալու մղումով…
-Իվան, հապա ջահդ մոտեցրու, — գյուտ արածի պես զարմանքով ասաց Խենթը:
Իվանը մոտեցրեց ջահը, որն իր առատ լույսի ներքո պատվազուրկ դրության մեջ բացահայտեց Սոլային: Սա չնայած թուրը ձեռքին կատաղի մարտիկ էր հիշեցնում, սակայն անզոր էր դադարեցնելու այն խայտառակությունը, որն առատորեն ծորում էր թրջված ծնկների արանքով…
-Ցած նետիր թուրդ, — նողկանքով պահանջեց Խենթը:
-Երբե´ք, գյավուր, — ծղրտաց Սոլան:
-Բոլորին կապել, — հրամայեց Խենթը: — Իսկ այս մեկին`, ոչ մի իրեն հարգող ձի չի´ հանդուրժի իր գավակին:
Հաջորդ ակնթարթին Խենթն ու Սոլան միաժամանակ սրերն օդ բարձրացրին… Ղաչաղներից նրանք, որոնք ավազակապետի յոթ զավակներն էին, գլուխները մի կողմ թեքելով հայացքներն իջեցրին այն պահին, երբ հայի պատժող սուրն իջավ իրենց ավազակ հոր պարանոցին:

***
Կայազոր վերադառնալիս զինվորները զրույցներով, իսկ Իվանն ու Խենթը` իրենց մտքերով էին տարված… Զինվորներից նրանք, որոնք քարայր մտնելիս գըտնվել էին Խենթի կողքին, քչփչոցով մյուսներին պատմում էին, թե ինչպես մի անզգույշ շարժումով մատնվեցին ու գրեթե տապալված գործն ինչպես գլուխ եկավ շնորհիվ Խենթի վճռականության: Փառք տալով Աստծուն, որ գործողության ընթացքում մարդկային կորուստներ չունեցան, նրանք նաև պնդում էին, թե հակառակ դեպքում քարայր մտած իրենց փոքրիկ խմբի անդամները գլխովին կկոտորվեին…
Իվանը թիկունքով որսում էր ռուս հայրենակիցների շշուկներն ու իր հերթին մտաբերում այն պահերը, երբ շատ անգամ ինքն ականատես էր եղել ժողովրդի ընդունելությանն ու սիրուն, հանդեպ Խենթի: Նա հասկացել էր, որ ինքը ճակատագրի բերումով հերոսի զինակից ընկերն է ու թանկ էր գնահատում իրենց բարեկամությունը:
Տարօրինակ էր, բայց փաստ. ընկերոջ մասին ինքը շատ բան չգիտեր… Խարույկների շուրջ իրենց գինովցած զրույցներից տեղյակ էր միայն, որ Խենթի հայրը եկեղեցու բարեպաշտ ծառա, տերտեր է եղել… Բազմիցս տեսել էր նաև, թե ինչպես էր նա ախ քաշում, երբ սիրած աղջկա, Լալայի անունն էր արտաբերում…
Հանկարծ Իվանն իր համար պարզեց, հայտնաբերեց, թե ինչպես են ծնվում լեգենդնեը… Հե´նց հիմա, այդպիսի մի լեգենդ ծնվում էր իր թիկունքում, իր զինակիցների բերանում, նրանց իսկ շուրթերով…

Նկատելով, որ հայտնվել է գերիներով բեռնված երամակի թիկունքում, Խենթն ալարկոտ ճլոթեց իր ձիուն: Նա կրկին սուզվել էր խոհերի հորձանուտը:
Կրոնավոր հայրը իրեն սովորեցրել էր աշխարհին հոգու աչքերով նայել, ներշնչել էր համոզմունք, որ ամենուրեք Արարչի կամքն է տիրում: Սակայն, ապավինելով Աստծուն` տարակուսանքը միաժամանակ խեղդում էր պատանի Սամսոնին, երբ ականատես էր լինում անարդարության, ջարդ ու սպանդի: Իրո՞ք Արարիչն ամենատե՜ս էր… Եվ արդյո՞ք Արարիչն ամենակարող էր, եթե չէր միջամտում, հանդուրժում էր այդ ամենը…
Ու մի օր, մարմնով վերացած, հոգում տառապանք`, նա ծնկեց աղոթքի ու պատասխան մուրաց երկնքից:
Սակայն` երկինքը լուռ էր:
Տանջալի սպասումը մուրալուց վերաճեց ըմբոստ պահանջի: Անպատասխան մնալուց հոգնած`, աղոթքի համար նրա վեր պարզած ափերը բռունցքների վերածվեցին ու նա սկսեց հարվածներ տեղալ ծունկ դրած հողին…
Գուցե հենց դա էր եղել երկնքի պատասխանը, որն իր համր լռությամբ նրան ստիպել էր հիշել իր բռունցքների գոյության մասին… Ու սարեցու ազատամիտ ոգին, որ հենց նույն Արարիչն էր դրել Սամսոնի սրտում, ստիպել էր բարեպաշտ հորից ներշնչված հեզության դեմ ըմբոստանալ, շեղվել կրոնավոր դառնալու արահետից և իր խենթ ոգու թելադրանքով` ձեռքը սուր վերցնել:

***
Ռուսական կայազորի հրամանատարը, լինելով բանիմաց ու խըստապահանջ սպա` ստորադասների համար միաժամանակ նաև սրտացավ ու կարեկից ընկեր էր: Անհանգստացած և արդեն թերահավատորեն տրամադրված, նա հասցրել էր բազմիցս զղջալ Խենթին տաք գլխով տված իր համաձայնության համար: Տագնապը, թե երկու տասնյակից ավել զինվորների կորստյան է դատապարտել, խուճապի էր սկսել մատնել նրան…
Հենց այդ ժամանակ, փոշու ամպ բարձրացնելով` քրտինքի մեջ կորած հեծյալների ջոկատը բերդի դարպասներից սրընթաց ներս խուժեց: Տեսնելով կապկպված ղաչաղներին, որոնք գետին գլորվեցին ձիանքի վրայից ու համոզվելով, որ անձնակազմը կորուստ չի կրել, հրամանատարը թեթևացած շունչ քաշեց: Եթե մինչև ջոկատի ժամանելը նա հասցրած լիներ որևէ մեկի հետ կիսվել իր տագնապների մասին, ապա թերևս ուրախությունից չբացականչեր այն, ինչ պարզապես դուրս թռավ նրա բերանից.
-Կեցցե´ք: Слава Богу ! Ողջ ու առողջ եք բոլորդ: Մնաց` կաչակ Նաբին…
-Կաչա՜կ, կաչա՜կ… — Խենթը մի կուշտ ծիծաղեց հրամանատարի անվարժ արտասանության վրա: — Ո´չ թե կաչակ`, այլ ղաչա´ղ:
Նա ջրով լի դույլը դրեց ձիու առջև ու փաղաքշեց կենդանու մեջքը: Ձին գոհունակորեն փռնչաց: Խորամանկ փայլն աչքերում, Խենթը տևականորեն ջուր խմեց սափորից:
«Պետք է օգտվել հրամանատարի բարձր տըրամադրությունից, — մտմտաց նա, — չէ՞ որ ի´նքը հիշեցրեց ղաչաղ Նաբու անունը»:
Թավ բեղերը թևքով սրբելուց հետո, նա լայն բացեց ափն ու մոտեցավ հրամանատարին:
-Ասացիր` մնաց ղաչաղ Նաբի՞ն: Դե ուրեմն, թխի´ ձեռքիս:
Միաժամանակ, երկուսն էլ իրենց ձեռքի ափերը բարձրից բերելով` ուժգին շխկացրին:
Երեկոյան, երբ հրամանատարը գերագույն շտաբին զեկուցագիր էր գրում ղաչաղ Սոլայի ավազակախմբի չեզոքացման մասին, ժպտալով նկատում էր, որ իր աջ ձեռքի ափը դեռ շարունակում է ցավից մզզալ…

***
Հերթը ղաչաղ Նաբունն էր:
Հետախույզները լուրեր էին հասցնում, որ սա սկսել է առավել զգուշավոր գործել: Էությամբ առավել դաժան Նաբին Սոլային վիճակված դատաստանի մասին շշուկներն առնելուց հետո` դասեր էր քաղել: Գազանի հոտառությունը նրան թելադրում էր, որ անընդհատ տեղաշարժվի ու նույն տեղում երկար չմնա…
Այդ կերպ` նրան առայժմ հաջողվում էր անպատիժ մնալով այստեղ-այնտեղ կտցահարել, խփելտանել ու խուսափել ուխտ արած հայ վրիժառուների կամ ֆիդայինների ձեռքն ընկնելուց…
Զգուշավոր սրիկան ծածուկ գործելիս սկսել էր առավել դաժան վարվել աշխարհականներիի հետ:
Շտապել էր պետք ու Խենթը կրկնապատկել էր ծպտյալ հետախույզների քանակը:

***
Մի քանի ամիս անց, երբ Նաբու գտնվելու տեղի մասին Խենթը հավաստի լուրեր ստացավ` որոշեց, որ պահը հասունացել է հրամանատարին իր տված խոստման մասին հիշեցնելու: Որպեսզի նա ոչ մի պատրվակով հանկարծ չդրժեր նախկինում իր տված խոստումը, Խենթը մոտակա գյուղից նախապես երկու պուլիկ ընտիր գինի հայթհայթեց:
Նույն երեկոյան ախորժելի գինարբուք կազմակերպեց, որի ավարտին հարմար առիթը բաց չթողեց վերստին հրամանատարի համաձայնությունը կորզելու համար… Կերուխումի ավարտին հրահանգներ տվեց Իվանին ու գնաց մի քանի ժամ քնելու…
Լույսը բացվելուն պես, Իվանի և մեկ տասնյակից ավել հեծյալների գլուխն անցած` Խենթը լքեց կայազորի տարածքը: Առանց ձիերին ուժասպառ անելու, մեկ օրվա ճանապարհ ունեին անցնելու:
Հաջորդ օրը, դեռևս խնդալով Իվանի գլխացավի վրա, որը տրտընջում էր անվերջ, թե հարբածության զգացումը իրեն չի լքում`, դաշտում մի թուրք գառնարածի հանդիպեցին: Սրա լեզուն արագ բացվեց հենց իմացավ, թե
ում են փնտրում հեծյալները. խեղճը քիչ առաջ ի´նքն էլ էր տուժել ղաչաղի ձեռքից: Գառնարծը բողոքեց, որ մի քանի ժամ առաջ Նաբու զինակիցը զոռբայությամբ իրենից երկու գառ է խլել ու դեռ մի այրող ապտակ էլ` վրայից հասցրել, իրկամքին հակառակվելու համար:
Կորցրած գառների մրմուռը սրտում, խեղճը ձեռքը պարզեց իրենց գյուղի կողմն ու մղկտաց.
-Հրե´ն, մեր գյուղի տանուտիրոջ տան բակից ծուխը ելնում է… Անիծյալները հիմի կրակը վառել, գառներս են խորովում… Հարա´մ ըլնի նրանց էդ միսը:
Գառնարածից անհրաժեշտ հարցերի պատասխանները ստանալով, Խենթը գործի անցավ: Գյուղի մոտերքում զինվորներից մեկին ձիանքի վրա պահակ կարգեց, մնացածին երեք-երեք տեղակայեց տանուտիրոջ տան բոլորքն ու կարգադրեց մատները ձգաններին պահել: Այդ ամենից հետո` Իվանի ուղեկցությամբ մոտեցավ տանուտիրոջ տանը:
Փայտե դարպասը թակելուց հետո մարդաբոյ պարսպի ետևից գամփռի կուշտ ու ալարկոտ մարդահաչ լսվեց… Դուռը բացվեց ու հայտնվեց կլորավուն մարմնով տանուտերը: Նրա դեմքին առկա բարձր ինքնագնահատանքի արտահայտությունը փոխվեց, երբ իր առջև տեսավ համազգեստով շիկահեր ռուսի և յափնջին ուսերին գցած խոժոռադեմ, թավ բեղերով անբռնազբոս հայի: Խենթն ինչպես վայել է ողջունեց, սակայն տանուտերը զարմանքով նկատեց, որ այդ հայն ի վերջո ներս մտնելու հրավերքի չի սպասում: Շեմը բաց չթողնելով, հարցրեց.
-Ո՞վ եք, ի՞նչ կա…
-Քո հետ խնդիրք չունենք, — ասաց Խենթը, — մեզ ղաչաղ Նաբին է պետք: Ու՞ր է նա: Թուրքի դեմքով տագնապի ստվեր անձավ: Նա փորձեց խոսքը կտուրը նետել. -Նաբի՞ն… Ասում են` Նաբին մի տեղում չի սըթրվում, ես ի՜նչ իմանամ: Համ էլ`, — տանուտերը բարձրացրեց ձայնը, կարծես լսելի դարձնելու համար անկոչ հյուրերի այցելության նպատակը, — պարոնն ինչու՞ է Նաբուն իմ տանը փնտրում: Տանուտերը հետևեց հայի դեմքի խոժոռվելուն և հակադրվելու կամքից զուրկ` ստիպված ասաց.
-Լավ, ներս անցեք… Հյուրն ալլահինն է…
Խենթը ներքուստ զվարճություն զգաց հաստամարմին թուրքի կեղծավորությունից և առանց զգոնությունը թուլացնելու, սկսեց խաղալ նրա առաջադրած խաղի կանոններով: Իվանի հետ հայացքներ փոխանակելով, նրանք մոտեցան ծածկի տակ գտնվող սեղանին, որի վրա մրգեղեն, գինու թասեր և ուտելիքի մնացորդներ կային: Տեղավորվելով հարդաթաղտերից մեկին, որոնք առատորեն ծածկված էին գույնզգույն բարձ ու մութագիներով` Խենթը հարցրեց.
-Էս տեսակ սեղանի պատվին արժանացած հյուրերդ ու՞ր են:
-Նաֆարիս հետ էի սեղան նստել, դուք էլ համեցեք… — կմկմաց թուրքը չիմանալով, արդյո՞ք իր խոսքը համոզիչ հնչեց:
Նա բացահայտ շփոթմունքի մեջ էր, սակայն փորձեց այն հաղթահարել, երբ տեսավ, թե ինչպես Իվանը խորոված մսի մի պատառ վերցրեց ու սկսեց վայելել… Հյուրասեր տանտիրոջ դերի մեջ մտնելով` թուրքը սկսեց թասերի մեջ առատորեն գինի լցնել… Ընդարձակ բակը, որ մինչ այդ կարծես թե ամայի էր, լցվեց ներս ու դուրս անող չալմայավոր կանանցով… Թուրքին մի պահ թվաց, թե խրոխտ արտաքինով հայն արդեն մոռացել է իր այցելության նպատակն ու գեղեցիկ այգով է զմայլվում: Դրանից թեթևացած` թուրքն ավելի աշխուժացավ. մոտենալով կանանց սկսեց կարգադրություններ տալ, որ սեղանն առատ պահեն ու խաշլամայով լի ղազանի տակ կրակը նորից թեժացնեն:
Խենթը մի սերկեվիլ սկսեց մաքրել: Խաղը շարունակվում էր… Իվանը կարծես գտել էր խումարից ու գլխացավից դուրս գալու միջոցը: Նա արդեն գինու երկրորդ թասը բերանից հեռացնելով` որոշեց կատակել.
-Սամսո´ն, հապա խոսքս թարգմանիր տանուտիրոջ համար. հարցրու´, այս բոլոր կանայք նրա՞նն են: Երանությու՜ն է, այնպես չէ՞, մեկից ավելի կին ունենալը… — Առանց նկատելու իրեն ուղղված Խենթի սաստող հայացքը, Իվանը հիմա էլ սկսեց հարեմի կանանց համրել. — Մեկ, երկու, երեք… Ա ՜յ քեզ բախտավորություն: Թուրքը դեռ չէր հասցրել իր դեմքին մտահոգություն հաղորդել Իվանի լկտի վարքագծի կապակցությամբ, երբ Խենթը ոտքի կանգնեց ու արագաքայլ գնաց այգու խորքը: Թիկունքից զննելով հեռացող կանանցից մեկին և համոզվելով, որ նրա տրեխները չափազանց մեծ են կնոջ համար`, գոչեց.
-Հապա` կա´նգ առ: Կա´ց:
Մոտ վազող թուրքը, որն անկոչ հյուրերի հայտնվելուց ի վեր ստիպված էր անվերջ փոխել իր դիմակները, Խենթի թևը բռնելով հիմա էլ փորձեց խանդոտ ու պատվասեր այր ձևանալ.
-Հարգելի՜ս… — բողոքեց նա, — Դու արդեն չափդ անցնում ես: Կնանիքի՞ցս ի՜նչ ես ուզում…
Լավ իմանալով վարվեցողության կանոններն ու թուրքերի ադաթները, Խենթն այլ պարագաներում իրեն թույլ չէր տա խախտել այդ նորմերը: Սակայն` հիմա անտեսելով թուրքի խանդոտ հանդիմանանքը, չալմայավոր կնոջը հրամայեց.
-Բա´ց դեմքդ:
Կինը հապաղեց: Նա գլուխը թուրքի կողմն ուղղեց ու կարծես մի վերջին պաշտպանություն հայցեց:
Այլևս հարկ չհամարելով սպասել, Խենթը դուրս քաշեց սուրն ու դիմացինի չալման մի կողմ տարավ… Ղաչաղ Նաբու մորուքը հայտնըվեց Խենթի բռում: Նաբին ցավից ոռնաց, երբ ծնոտն ազատելու համար ցոնցեց գլուխն ու մի մազափունջ թողնելով նրա բռում, թուրը վեր քաշեց…
Խենթի սուրն ավելի արագ կիսաշրջան գործեց օդում և նախքան Իվանն իր զորակցությունը կհասցներ, գլխատված ղաչաղի դին տապալվեց խոտերին:
-Գնա´, — գործի դնելով Իվանին, հուշեց Խենթը, — սրա զինակցին մյուս չալմայավորների մեջ փնտրիր:
Թզենու տերևով սրի շեղբը մաքրելուց հետո, նա շրջվեց թուրքի կողմը: Ահից անշարժացած թուրք տանուտիրոջ դեմքին սառել, մնացել էր խանդոտ այրու դիմակը, որից ազատվել` օգնեց Խենթի ծանըր բռունցքը: Թուրքի բերանում ինչ որ բան շրխկաց:
-Ատամներդ կոտրեցի այն պատճառով`, — բացատրեց Խենթը, — որ սրանից հետո գողացված գառան միս չկարենաս ծամել, մեկ էլ`
չալմա կրող հարեմիդ մեջ ավազակ չթաքցնես : Իսկ`… Անունս չես ուզու՞մ իմանալ, չի հետաքրքրու՞մ:
-Կռահել եմ:
-Հապա՞:
-Խե´նթ, Խե´նթ է անունդ:

***
Ռուսական կայազորի հրամանատարը երկու օրվա մեջ կրկին հասցրել էր զղջալ Խենթին տված իր համաձայնության համար: Նա հալումաշ էր լինում, անհանգստանալով անձնակազմի անվտանգության համար:
Կեսօրին, տեսնելով, թե ինչպես Խենթի գլխավորած հեծելախումբը փոշու ամպ բարձրացնելով խուժեց բերդատարածք`, անորոշ սպասումից հոգնած`, նա դուրս նետվեց ու շտապեց տեղեկանալ, թե ինչը ոնց է անցել: Համբերությամբ, մինչև վերջ լսեց Իվանի զեկույցը:
Վերջում թեթևացած շունչ քաշեց, թփթփացրեց Իվանի ուսին և քայլեց դեպի Խենթը: Չնայած նա կանխավ գիտեր, որ իր հայ բարեկամի հարվածի ուժգնությունից ողջ օրվա ընթացքում կրկին ցավից մզզալու է իր ափը, միևնույն է, աջը լայն բացեց ու պարզեց Խենթին:
-Կեցցե´ս, — ասաց նա,- Թխի´ գա…
Ձեռքերի բարեկամական շխկոցից Իվանի ձին, որ մինչ այդ հանգիստ կանգնած էր, խրտնեց ու իր գավակից ցած նետեց կնոջ չալմայով բարուրված Նաբու զինակցին: Հարվածի պատճառած ցավից հրամանատարի աչքերում արցունքի երկու կաթիլներ հայտնվեցին:
Դրանք միայն Իվանը նկատեց, որովհետև` Խենթն արդեն շրջվել ու հեռանում էր:
Նա սիրում էր առանձնության մեջ վերհուշի գիրկն ընկնել ու քայլելով դեպի իր վրանը, քթի տակ արդեն ինքն իրեն հարցնում էր. «Տեսնես` հիմա ո՞նց է, ի՞նչ է անում Լալաս… »:

Սաթ Ռշտունի

Ցրված սկավառակ

 

Հորս մատների արանքում չվայելված ու չբավարարված ծխում էր մայրս:Ոտքերն ու կոնքերն արդեն թաթախվել էին տաք մոխրի մեջ,որ երկարելով կեռանում էր ու սպառնում հաջորդ շնչին փշրվել:Մայրս աղաչող հայացքով նայում էր կուչ եկած զևսի աչքերին,որ ժամանակից շուտ իրեն դժողքի կրակներն էր նետել ու աղոթում էր,իրենից ուժեղ մեկին էր փորձում հորինել.նա օգնության կարիք ուներ:
-Սա´մ,Սամվել հերիք ա,խնդրում եմ:
-Սու´ս,Գոհար:Գործիդ նայի:
-Ախր բժիշկն ասեց,որ խստիվ արգելվումա ծխել:
-Հաաա:Բա ապրե ՞լ,էդ էլ ա՞ խստիվ արգելվում:
Մայրս թուլացած նստեց բազկաթոռին ու փորձեց ամենահարմար բառը ընտրել սկսելու համար:
-Դու կբուժվես,հավատա ինձ:
Հայրս հանգցրեց ծխախոտն ու արագ մյուսը վառեց:
-Պետք չի ինձ հույս տալ,ես ամեն ինչ գիտեմ ու զգում եմ:Նվագի´ր:իմ սիրածը:
Մայրս նստեց դաշնամուրի մոտ:Մատները ցրվեցին դաշնամուրի վրա ու սառը հնչյունների մեջից լսվեց մորս նվվոցը:
Լույսը,քիչ -քիչ թափանցելով կոպերիս տակ,խառնվեց երազներիս, ու ենթագիտակցորեն զգալով մթի ու գիշերվա կորուստը,ինձ ուժեղ ու ամենակարող զգացի,փախա ետևիցս ընկած առյուծից,բայց հասնելով փակուղի,լսելի ձայնով ասացի.”Սա իմ երազն է,ես կարող եմ”:
Հետո ոտքերս գետնին հրեցի ու թռաա,ես առանց թևերի ուղղակի թռա ու շատ բարձր ,որտեղ չկարողացավ հասնել գիշատիչը:փրկվեցի:
-Այ քեզ երազ:Համ վախենալու էր,համ հրաշալի:
-ինչ ես դատարկ բաների հետևից ընկել,Կարեն,ուրիշ բան չունե՞ ս մտածելու:
Ես մի փոքր վիրավորված նայեցի մորս,որ միչև քոք բթամատի եղունգը կրծած շարունակում էր բզկտել եղունգի կողքերի կաշին:
-ՈՒնեմ,մամ:Ես էլ եմ պապայի մասին շատ մտածում,բայց ի՞նչ կարամ անեմ:Ոչ մի բան:
-Մեծ տղա ես,արդեն 16 տարեկան ես,մի բան մտածի:
Մի պահ վախեցա:Ինձ թվաց մայրս գժվել է:
-Մամ,ի՞նչ ես խոսում,պապան անբուժելի հիվան ա,ես ինչ կարող եմ անել կամ մտածել:
-Գիտեմ,էդ գիտեմ:Բայց բժիշկն ասեց որ իրեն լավ նայի ու սթրես չտանի,իրենց նշած ժամանակից երկար կապրի:
-հմմ,գիտեմ:Իսկ ինքը ամբողջ օրը ծխում ա ու մտածում մահվան մասին:
-Հա´,հա´:Ոնց որ նստել սպասում ա,թե երբա մեռնելու:Ես կգժվեմ:Մեզ էլ իր հետ ա սպանում:
Մայրս չդիմցավ,փռթկաց ու ոռնալու աստիճան խեղդված ու անօգնական լաց եղավ:

-Պապ ջան,ո՞ նց ես:
Հայրս,ուսերը թափ տալով,շարունակեց նայել հեռուստացույցին,որտեղ կատարվող ոչինչ իրեն չէր հուզում կամ բարկացնում,ինչպես առաջ:
-Պապ,էսօր լավ երազ եմ տեսել,պատմե՞ մ:
-Պատմի:
Ամենայն մանրամասնությամբ ու մի քիչ էլ ճոխացնել — չափազանցնելով պատմեցի երազս,հիանալի նկարագրեցի
թռիչքս ու փրկվելս,բայց հորս դեմքին ոչ մի միմիկա չէր հայտնվում,ոչ մի գիծ չէր փոխվում:Նա շարունկում էր նայել հեռուստացույցին,որ ծխի մեջ խավար գույներով էր երևում:
Մայրս այսուայնկողմ իբր գործ էր անում,բայց աչքի պոչով հետևում էր հորս,կարծում էր կարող էի մի կերպ հորս տրամադրությունը լավացնել:
-Պապ կուզե՞ ս շախմատ խաղանք:
-չէ:հավես չունեմ:
-Հահա,վախենում ես կրե՞ մ քեզ,-փորձեցի խորամանկության դիմել:
-Հա:
էլ ինչ խոսեի:Լրիվ անիմաստ էր.հայրս զենքերը վայր դրած սպասում էր:Նա կորցրել էր պայքարելու ունակությունը:Նա սպանում էր ինքն իրեն :Մայրս ճիշտ էր ասում.նա մեզ էլ էր սպանում:Մեր տունը չափազանց մռայլ էր դարձել,մեկ-մեկ ուղղակի չէի ուզում դասից տուն գալ:Մայրս ինքն իր գոյության մասին լրիվ մոռացել էր,նիհարել,կնճռոտվել ու կորացել էր մի տեսակ,կարծես ծերացած լիներ մի 20 տարով:Ամիսներն անցնում էին,հայրս ամեն օր նույն դիրքով,նույն դեմքի արտահայտությամբ սպասում էր,տունը թոնրատան նման թաղվել էր ծխի մեջ,մեր տնից անհետացել էին բոլոր զվարճալի ու ուրախ ձայները,գույներն ու իրերը,նույնիսկ 6 ամյա քույրս էր մեծացել ու հասունացել այս ամիսների ընթացքում:Մայրս ամբողջ օրը հազում էր:Նրա ձեռքերը չորացել ու դեղնել էին,մարմինը կորել էր շորերի մեջ,գլուխը փոքրացել էր,որի հաշվին ավելի մեծ էին երևում բերանը,քիթն ու խամրած աչքերը:Մի քանի անգամ մայրս գիտակցությունը կորցրել էր,բժիշկ էինք կանչել,եկել վիտամիններ ու գլյուկոզա էր ներարկել գնացել:
-Մամ,լավ ե՞ ս:
-հա տղես,լավ եմ,հորդ հաց տվե՞լ ես:
-Հա:
Մայրս տկարած սեղմվել էր մահճակալի մեջ,ես երբեմն մոռանում էի,որ մայրս կին է.նա վերածվել էր անորոշ ու անհասկանալի էակի:Նրա վիճակը գնալով վատանում էր,շուտով հիվանդանոց տեղափոխեցինք,որտեղ և օրեր անց մահացավ մայրս:Հայրս համակերպված մասնակցեց նրա հուղարկավորությանը,ջահել մորս,որ հիվանդություն չուներ,որ ուներ շաաատ երազանքներ ու ուզում էր ապրել,ուզում էր,բայց նրան սպանեց…
Մորս մատների պես սառն ու ցրված սկավառակը պտտվում է:Երեխաներս վազվզում են ծխի միջով,ինչպես մանր ձկները ակվարիումի մեջ,որոնք զարմանալիորեն չեն շնչահեղձվում:Հայրս արդեն 20 տարի սպասում է ու բոլորիս հերթով ծխում :

Արա Ալոյան

Երկու սահմանների առաքյալները
Հայտնվում է Առաքյալը՝ բերնով
փրփրակալած ու դեմքով ջղաձիգ,
եւ ասում. «Ամեն ինչ այս մեռնող
ներքեւում նման է վերեւում եղածին»…

Ա.Եփրեմյան

 
Հարևանի դուռն իրենց համար փակ սահմանն էր: Թե ինչու, գոնե տան փոքրերի համար այդ թեման փակ էր, ինչպես հարևանի դուռն ու սահմանը: Ուրախության, թե վշտի առիթներ որպես այդպիսին չէին եղել, հանդիպումներ չէին լինում, որպեսզի վերջապես հալչեր երեխաների համար խորհրդավոր սառույցը: Չէր եղել կամ չէին ուզեցել, որ լինի:

Ամանորի համընդհանուր այցելություններն էլ շենքում շրջանցել էին երկու ընտանիքներին: Նրանք այսինչի տուն գնալուց առաջ`նախ ճշտում էին կոդ-հարցադրմամբ` Եկել ե’ն: Իրենց մեծերն էլ, թե` գնացե’լ են…երկուսն էլ ճշտում էին, առանձնահատուկ զգուշավորությամբ, թեև տարիների ընթացքում, անհաշտության դեպքում բավականին նախանձելի փոխհամաձայնությամբ անխախտ կազմել էին չեզոք կողմերի այցելությունների ժամանակացույցը: Անգիր գիտեին ժամանումն ու մեկնումը: Կենացների հերթագայությունը: Իրար մերժելով հաստատում էին իրենց իսկ գործողությունների օրինաչափությունը: Իրարից հեռանալով ավելի շատ էին մոտեցել իրար, ավելի մերձ ու ճանաչող էին դարձել:

Պատշգամբում նստած, սրճելիս, թերթ կարդալիս ու մեկ այլ բանով զբաղվելիս անգամ տարբերում էին նրանց ընտանիքի անդամներին` անտես, ոտնաձայներով, օծանելիքի հոտով…Սահմանապահի լսողություն ու ամենատեսություն ունեին, հոտառությունն անխաբելի էր ու դիպուկ: Անգիր գիտեին նախասիրություններն ու հակակրանքները: Դե արի ասա, որ փակ էին միմյանց հանդեպ: Դե արի ու ասա սահմանաբաժան համակեցության մարդիկ էին:

Դրան վարժվում էին նաև երեխաները, ակամայից, առանց հատուկ կողմնորոշման: Լուռ գաղափարախոսությամբ: Երևի այդպես է աշխարհիս օրենքը կամ դրանով է արդարացվում անօրենությունը: Սրանք ոչ այն է պատերազմում, ոչ այն է` հանդուրժում էին միմյանց:

Մի օր այդուհանդերձ ամեն ինչ խառնվեց: Արամը դասերից հետո գերհոգնածության պատճառով սովորականի պես չհետախուզեց իրենց շքամուտքի վերելակում մարդ կա, թե ոչ: Անծանոթ մարդու, չէ, անծանոթ վերարկուի հետևից ինքն էլ խցկվեց վերելակի մեջ ու հարցրեց.

— Որ հարկ եք գնում…

Անծանոթ վերարկուով տղամարդը ծանոթ դեմքով, աչքերով, հոտով լցվեց Արամի հայացքի մեջ:

— Յոթերորդ…

Ալկոհոլի հոտ առավ: Չնահանջեց սահմանապահի պես ու սեղմեց կոճակը: Առաջին անգամ ներքևից վերև տանող վերելակի երթուղին երկար թվաց սովորականից: Էս ինչու է այսքան դանդաղ աշխատում: Մտքում էր ասել: Հիմա սկսեց կասկածել: Իսկ եթե բարձրաձայնել է: Ու հարևանն էլ հասկացել է ակնարկը անհամատեղելի ճամփընկերոջ մասին:

Հարևանի նոր վերարկուն էր շեղել կրտսեր սահմանապահի նշանառությունը: Ձախողել էր հմուտ որսորդ, քաջարի զինվոր դառնալու հեռանկարը: Թեպետ ոչ ոք չէր էլ պարտադրել իրեն նման առաքելություն ստանձնել: Ինքնահռչակ դրույթ էր, ընտանեկան սահմանադրություն…

Փակ սահմանի կենվորը հանկարծակի գունատվեց: Հենվեց վերելակապատին: Ձեռքերը դողում էին. փորձում էր ծոցագրպանից ինչ-որ բան հանել, չէր ստացվում, դրանից ավելի էր նյարդայնանում: Ի վերջո հաջողեց հանել վալյերանկայի սրվակն ու մի քանի դեղին հաբ հանելով` արագորեն կուլ տվեց դրանք: Դարձյալ թույլ էր ու անօգնական: Խփված, խոցված որսազոհի էր նման: Ինքն էլ տանուլ էր տվել: Խորամանկ աղվեսը զույգ ոտքով է թակարդն ընկնում: Հիշեց մեկ օր առաջ դպրոցատարիք աղջկա բարձրաձայն ընթերցանությունը: Ասույթներ էին հանձնարարել: Այդ մեկը հատկապես տպավորվել էր: Ու ահա…տեսության առարկայացումը:

…Վերելակի դռները բացվեցին: Երկուսն էլ դուրս չեկան: Ամեն մեկը դրա համար սեփական ու հիմնավոր պատճառներ ուներ: Երկուսն էլ սահմանախախտի երկչոտությամբ սպասում էին պատժին: Դռները փակվեցին: Վտանգն ու մտավախությունն առավել սաստկացավ: Եթե վերելակը կանչեն ու միասին բռնացնեն: Չէ, դա ավելի ստորացուցիչ է: Լիակատար պարտություն: Ըստ իրադրության երկուսն էլ պարտված էին: Ինքն ավելի խոցված է: Չի կարող շարժվել. սրտի նոպա ունի հավանաբար: Արամը սեղմում է կոճակը. սիրտ ունի հաստա’տ…Պետք է փրկել կամ փրկվել: Ի’նչ տարբերություն:

Դռների բացվելուն պես տղան առաջինը դուրս եկավ ու միանգամից տնտղեց միջանցքը: Կատուն խոշոր աչքերով սևեռուն նայեց նրան: Առաջին հայացքը պետք է ընդունել պատվով: Ուզում էր առաջանալ դեպի իրենց տան դուռը, մեջքին զգաց նրա անհույս հայացքը…Ինքնաբերաբար ետ է գնաց ու ոտքը խցկեց փակվող կիսադռների արանքը: Ոտքը ցավեց: Անսովոր իրավիճակում ակամայից ստացած առաջին ցավը պետք է պատվով տանել` մտածեց Արամը:

Հարևանը բռնեց իր ձեռքը, հենվեց նրան ու չանցնող կասկածանքով քայլ առ քայլ շարունակեց դանդաղընթաց, երկար ու ճնշող ճանապարհը: Սահմանը հարաբերական անդորրի մեջ է: Կատուն շարունակում է նայել`լուռ, ճնշող հայացքով:

Հասան սահմանին: Արամը ձգվեց: Պետք է անպայման ետ դառնալ: Առաքելությունն անսահմանափակ չէ: Ու’մ առաքելությունը…

Մահմեդականի համար սահմանաբաժան կա. ջիհադն է` քրիստոսի սերնդին հայտարարված պատերազմը: Կրո’ն է, թե’ սահմանափակ պատասխանատվությամբ հավատամք: Ճշմարիտ քրիստոնյան ինքնին առաքյալ է` անսահման սիրով ու ներումնահայց: Նրան խփում են, անիծում, սա մյուս այտն է դեմ տալիս, ներում է…Նա սահմաններ չունի, նրա հայրենիքը մեկը չէ, նա մեկ հայրենիքի առաքյալ չէ: Սերն ու ներումը ջնջում են հողեղեն սահմաններն ու քրիստոնյաին գցում մոլորության, թե ազատության մեջ, այլ սահմանագծեր են նրա հոգևոր քարտեզագրքին: Ու դրա համար սա հաճախ չի կարևորում աշխարհագրական սահմանները, բայց նաև թույլ չի տալիս իր հոգևոր աշխարհը ներխուժող ավերիչներին: Ուստի նրան հավասարապես ցավեցնում է օտար հողում իր հոգևոր հայրենիքի նշխարների պղծումը`խաչքարից մինչև օտարախոս զավակը…Համակեցությունը հոգևոր եզր է`կուզես սահմաններդ ընդարձակիր, կուզես բավարարվիր եղածով, հոգևոր սահմանի գիտակցումն է երկարանցիկ, եթե ոչ դժվարահաղթ ճանապարհ…Ներքուստ ինքնորոշվեցիր, արտաքին սահմանը դառնալու է կյանքային…Կյանքին պետք չէ լուրջ վերաբերել: Անիմաստ է: Իր մասին գիշեր ու տիվ մտածում ենք, ինքը` մեզ չի հիշում, մոռանում, ոտատակ է տալիս, ասես`չենք եղել, չենք լինելու…Այդպես է. ինչին լուրջ վերաբերեցիր, մտածեցիր, դառնում է քոնը: Մահն օրինակ: Լուրջ ենք, չէ’ընդունում, որ վախենում ենք, ու ի’նչ, գալիս ու պոկ չի գալիս մեզնից:

Մինչ Արամը մտորում էր, հարևանը բոլորի աչքից արագորեն վրիպելու և իր տանը պատսպարվելու մտքից զորացած բացել էր իր տան դուռն ու տղային թևանցուկ երկար ու մթամած միջանցքով առաջացել հյուրասենյակ:

Շնորհակալությունը`ներս գնացած, հիվանդոտ աչքերն էին ու դրանց միահյուսում-ջղատ ծամածռումը շուրթերի վրա:

Շնորհակալությունը միասնական հանցանք-քաջության համար Արամի գլխի թեթև շարժումն էր ու ոտքի թաթերի վրա զգուշորեն հեռանալն`ասես պատերազմի ականապատ տարածքից: Ոչ պարտված, ոչ հաղթած ընդարմությունն էր շնորհակալությունը և դա փոխադարձ էր:

* * *
-Ծո, էդ հնճի չե’ք խոսա: Թե մտքներդ պղտոր է ու էս ճամփի լադոկների տակ ձեր կնիգ մարդերուն էք հիշե ` ձեզի ձեռնտու ձեվերով…

Զինվորական ՈՒԱԶ-ի մեջ ծխայրված դեմքով, մոլի ծխողի ծխախոտատուփի հանգույն անկանոն իրար կողքի մեկնված զինվորների մեջ ամենակրտսերն Արամն էր: Չծխված ծխախոտն էր ինքը. անցավ մտքով ու մտքում էլ ժպտաց:

-Մէ անեկդոտմ պադմեմ: Հայը, թուրքը, վրացին գիշերը կգնին թիփիյով ու ստիված քնին տեղըմ`պալադկի մեճը: Առավոդ զարթնին գը ամեն մեգն իր տեսած երազը կպադմե մյուսին: Աջակողմ պառգած հայը կսե`Երզիս ռուս ախչիկների հետ քեֆ կենեի, ըմբես լավ էր ու չսած: Ձախակողմ քնաձ վրացին էլ, թե` ես էլ ուկրաինացիքի հեդ էի ու էլի լավն էր: Ու ես ազերին, ոչ ավել, ոչ պակաս կպադմե, թե`երևի ցրդից էր, ինչ, սաղ գիշեր լիժա կքշեի…

Զինվորների փռթկոցի մեջ շատերին պատմածի բուն իմաստն այնքան էլ ընկալելի չէր, ուղղակի ծիծաղում էին, ծիծաղանկար ելք փնտրում համատարած տագնապից ու պատերազմի շուրջկալ վախից: Շատերն իրար նայելով կասկածում էին`մահն է արդյոք, նստել է ու նախապատրասում է, որ շատ մեծ ցավ չապրեն: Կողքինդ զինակիցդ է, թե մահվան սուրհանդակը, ապագ մեռնողը, մահից փրկողն ու մահացնողը միաժամանակ:

* * *
…Դիրքերում աննկարագրելի ցուրտ էր: Մորից ստացած քառածալ նամակը ոչ մի կերպ չէր կարողանում բացել, կարդալ: Ատամներով մի կերպ, հոտոտելով, մոր հոտն առնելով, սուրբ նշխարի պես զգույշ ու ծիսական բացեց, հայացքով պարագրկեց տառերը, պատկերացրեց դրվագ առ դրվագ, թե ինչպես է թուղթ վերցրել (Արամիս ձեռագիրը լավն է), նստել ու ծնկներին դողդողալով, մի կողմից կուլ տալով արցունքը, մյուս կողմից թղթի վրայից մաքրել ծորացած արցունքամեռոնը, գրել է, չէ տառ տառ ասեղնագործել, հուլունքաշարել: Մոր նամակն ախր սովորական նամակ չէ, աշխարհի մայրական բոլոր նամակները…

Այդ նախադասությունը ծանր էր գրվել. զգաց ձեռագրից: Մատնվող ձեռագիր էր: Ծանր գրվածը ծանր էլ կարդացվեց: Ծանր էլ հասկացվեց: Չհասկացվեց: Դառն օղու պես չոր-չոր խրվեց կոկորդում, վառեց ներսն ու քայքայեց ամբողջությամբ: Արցունք չեղավ: Չեղավ կամ չդարձավ: Ցուրտ էր: Լիներ էլ`չէր երևալու, արցունքառում լաց չէր: Սովորական լաց չէր: Այդ լացը երբեք չէր լացվել: Ամեն լաց տարբեր է. առանց արցունքի լացն ամենաեղերականն է:

Մայրն իր փոխարեն լացել էր:
Ընկերները համերաշխ լռությամբ լացի դեմն առան ու մտքներում ամեն մեկն իր լացը լացեց:

* * *
-Ես եմ գնալու,-հրամանատարին ի պատասխան ասաց Արամը:

-Այդ առաջադրանքի համար դու փորձ չունես:

-Կունենամ,-սեպեց կամակոր երեխայի պես:

Որոշված էր: Փորձն ինքը խաբուսիկ է միշտ: Քաջությունը միանգամյա չէ: Որ փորձես ու ասես քաջ եմ, վերջ: Քաջ եմ եղել, քաջություն եմ արել: Ամենօրյա ապացուցման առաքելություն է: Անսահման քաջություն է: Սահմանադրուժ ու սահմանապահ է միաժամանակ:

-Ես միշտ սահմանապահ եմ եղել,-հայտարարեց ամենայն պատասխանատվությամբ,-փոքրուց:

-Այ տղա միայն չասես, որ Աֆղանստանում կռվել ես,-առաջին անգամ կատակեց հրամանատարը:

-Իմ Աֆղանստանում`հա: Ամեն մեկն իր մարտադաշտն ունի:

-Պոետիս տեսեք: Գնա, գնա պատրաստվիր, համոզեցիր…

Հետո զարմանալիորեն փաղաքուշ, հայրաբար մոտեցավ ու պինդ հպեց կրծքին.դուխդ չգցես…Սրտառուչ էր: Հրամանատարի ու զինվորի սահման չկար: Իրար շատ էին պետք, անսահման նվիրում ու զորակցություն էր հարկավոր: Ամեն մեկին հրաժեշտ տալը մահվան դուռը ճամփելու պես էր: Ամեն առավոտ զարթնելն ու բարևելն էն աշխարհից հետ գալու հանգույն: Մահակռիվ էր ու կյանքի տնազ:

Երբ վերջին կասկածը փարատվեց, որ մոլորվել է, դանդաղ առաջացավ դեպի անծանոթ տեղանքի ծառուտ հատվածը: Մարդկային բնազդ է: Պատսպարվել մի վայրում, որն ամենավտանգավորն է իրականում: Ծառ, մարդ, նկուղ`բոլորն էլ հասանելի, ենթադրելի գաղտնազերծելի: Գնաց գիտակցելով, բայց պաշտպանություն փնտրողի անհաղթահարելի մղումով: Քաջության համար վայրը կարևոր չէ: Այն որոշակի տեղանք-տարածություն չունի, արարմունք է`մի վայրում, ցանկացած տեղում:

Մթի մեջ միանգամից տարբերեց իրեն նայող մարդկային, թե կենդանական հայացքը: Զգաց ներկայությունը: Մա’հն էր: Թե մահվան ուղարկածը: Կարևոր չէր:

Զենքն արդեն ձեռքում էր`պատրաստ կրակելու:

Մթության գրքից խախուտ էջի պես պոկվեց ու առաջն ընկավ ծերունին:

-Խնայիր, մի խփիր: Մի երկու ցախ եմ տանում, պառավս չմրսի:

Խոսող էջ էր`պատմության, խաղաղության մասին պատառոտված թղթի կտոր: Դեղին, ճմրթված թղթի մի հատվածին մահակնիք կար:

-Հեռու ես ապրում,-չիմացավ ինչ պատասխանի:

-Մի կես ժամվա ճամփա է:

Լւոռ գնացին: Ինքը հետևից, ծերունի`առջևից: Նեղվում էր, իր կարգավիճակից, հետևից անզոր, անմեղ մարդուն ուղղորդելուց: Պատերազմից:

-Կաց,-դիմեց ծերունուն:

Հալիվորը չխոսեց: Կանգնեց: Մեռնելու ես`միանգամից մահացիր: Իրեն մտքում գոտեպնդեց ազերին: Հետո մտքին զուգահեռ նկատեց զինվորի`իրեն հավասարվելը:

— Ցախդ տուր ինձ,-վերցրեց կապոցն` առանց քաջության սեթևաթանքի:

Լուռ շարունակեցին գնալ:

-Նոր ես ռազմադաշտ եկել, հա’…

Ծերունին գլխի էր ընկել: Անփորձությունը կռահելի էր: Կանխատեսելի մարդը խոցելի է, բայց արդար է: Չիմանալին, անորոշելին մահն է իսկ: Քաջությունը ծերունու վրա փորձարկվելիքներից չէ: Քաջության թիրախն էլ մարդը չէ, եթե կուզեք: Մեկին խփել սպանելով չեն հերոսանում, անարդար, բռնի մահից փրկելն է հերոսությունը: Մարդեղեն, հողեղեն, սահմանային չէ քաջությունը:

Քաջության մասին խորհրդածությունն առաջինն էր, ինչպես պարտադրված պատերազմը: Դիրքերը, զինվորական մտքերը, հոր մահվան մասին մոր առաջին նամակը, ամեն ինչ առաջինն էր ու վերջինը գուցե:

Ծերունու տանը ոչ մի արտառոց բան չկար: Սովորական բնակատեղի էր, գյուղական կահավորանքով, մարդա-անասնա համաբույրով, պլպլան սպասքով, պատին կախված մեծ գորգով`վրան նույն հայացքով, գործի համար նկարված-կյանքային հրատապ դեմքով, հետմահու օգտագործվող հիշողություն-մասունք մեծադիր լուսանկարով:

Պառավը չկար: Հալիվորն այդ զգաց շեմքից առաջ գալուց հետո: Առանց ձայնի ու խոսակցության, առանց տեսնելու: Դիմավորվողի բնազդով: Առաջը չէր եկել ու ձեռքից վերցրել բեռը: Թե’ տեսել էր մոտեցող զինվորին ու թաքնվել: Չէ: Իրեն հակադարձեց ծերունին: Ցախը տղայի ձեռքին էր ու օգնող զինվոր էր: Իրենց պաշտպանվելուն կոչված մի երկու զինվորացու եկան ու վերջին անգամ հոխորտացին`ինչ եք լռվել, մնացել, այ բիձեք: Հո այգում ոսկի չէք պահել: Հայը գալու է ու կոտորի ձեզ: Ոսկին էլ հետը տանի:

-Չէ,-լուրջ հանդիմանել էր ծերունին,-մեռնելու ենք` այստեղ կմեռնենք: Ուրիշ որտեղ գնանք: Ով ունենք, որ գնանք: Ինչու գնանք:

Բարձրաձայն չէր ասել, որ չի հավատում, որ հայը կգա ու կկոտորի իրեն: Ախր շրջկենտրոնում աշխատելուց հայի հետ է շփվել, հայի տուն է գնացել ու հյուր կանչել: Հաց են կիսել, հարսանիքի ու թաղման են մասնակցել: Միասին ապրել են ու միասին մեռել: Ինչու պիտի առանձին տեղ գնային ու այդպես չտրամաբանված մեռնեին:

Զինվորները կոպիտ-կոպիտ խոսել էին, բայց նստել տաք ճաշ էին կերել, մի երկու բաժակ օղի խմել: Այդ ընթացքում նրանցից մեկը հաշիշի ազդեցության տակ աչքը չէր կտրել պառավ կնոջ փարթամ կրծքերից, միտքը պղտորվել էր ու համոզել էր ընկերոջը, թե բա ցուրտ է, արի էսօր մնանք էս ծերուկների մոտ, համ էլ կպաշտպանենք: Մյուսը չէր համաձայնել, որովհետև հայի մոտալուտ գալուստն ու շնչառությունն էր զգացել մաշկով մեկ: Այդպես թողել գնացել էին, անպաշտպան թողնելով ու պարտք կատարածի պես նախազգուշացնելով: Գնացել էին`խաղաղության վերջին ծվենի վրա վերջին մարդուն հերոսացնելով: Ակամա:
Հերոսը չի նախազգուշացնում. պարտքը կատարում է առանց բառերի, բառախաղի, առանց իր խոսքն ու գործը կշռել-ծախելու: Անում է լուռ`Արևի հանգույն` տեսանվելու անհրաժեշտությամբ, գնալիս, անէանալիս էլ` պարտքը կատարածի համեստությամբ:

Կնոջ սառած մարմինը երկուսով տարան այգու այն հատվածը, որը կարճ ժամանակում փորել էին: Շատ խորը փոս չէին արել, պարզապես մի կես մարդաբոյ, այնքան, որ կինը տեղավորվի ու հետո վրան ոչ մեծ թումբ գոյանա: Որ հողը վրան թեթև լինի: Թե չէ ասում են ու վրան եգիպտաբուրգեր ծանրացնում`դե արի ու հողի տակ, հանդերձյալախցում մի պատեպատվի: Դե արի ու մեռած տեղդ նորից մի մեռիր ու մահդ մի ապրիր: Մարդը տարօրինակ է, ապրելու ժամանակ կյանքն է ծանրացնում, մեռնելու ժամանակ`մահը:

Լուսանում էր: Արևալույսը զորություն չուներ: Զորացնում էր լույսի երևումը, ներկայությունն իսկ: Գույնն էր փոխվում, պատկերն էր փոխվում, թե չէ նույն ցուրտն ու մահախուճապն էր:
Կնոջը հողին հանձնելուց հետո ծերունին Արամին խնդրեց օգնել ու բացել մառանի դուռը, սառել չէր բացվում:

-Այնտեղ գինի ունեմ պահած, պառավիս ողորմաթասը խմեմ,-մի շնչով, ծերունական լացի պես արտաբերեց նա, հետո ուղղեց իրեն, -խմենք:

Բանալին տվեց Արամին: Առաջին անգամ ձեռքերը շփվեցին: Սառը զենքից ու փայտակույտից հետո մարդու էր կպնում: Մեռնող, թե սպանող մարդու: Կյանքը միակերպ սիրող ու մահը միանման ատող մարդու ձեռք: Խաղաղության հուսահատ ձեռք:

Երկուսն էլ վստահության կարիք ունեին: Սահմանախախտ վստահության: Մարդկային չգրված ու չորոշված սահմանադրության:

Մառանի դուռն իրոք լռվել, մնացել էր: Չհանձնվող մահ էր դուռը: Քաջին չէր ուզում ենթարկվել: Քրտինքի մեջ կորած փորձում էր ծերունու առաջադրանքը կատարել: Հետո հիշեց, որ զենքը չկա: Թողել է հալիվորի ոտքերի մոտ: Կասկածեց, բայց ետ չշրջվեց: Չի սպանի: Դիպուկ չի կարողանա կրակել: Ցուրտ է, մատները չեն ենթարկվի:

Սպասեց, որ ծերունին համարձակություն գտնի ու սառած, դողացող ձեռքերում ավելի ամուր պահի զենքը:
— էխ, Թոֆիկ Մամեդով,-հառաչեց ծերունին,-դու մենակության բան չես…Մենությունը քոնը չի, այ քեֆչի հալիվոր: Ոչ մենությունն է քոնը, ոչ էլ անմահությունը: Էդ երկուսն էլ ամեծք են: Դու սովորական մարդ ես…

Այս ընթացքում Արամն անընդհատ փականի մեջ պտտեցնում էր բանալին, քաշքշում բռնակից, աչքը դիմահայաց ապակուց չկտրելով, մտքում էլ սրտնեղելով, թե այ բիձա, ինչու ես ուշացնում, դե խփիր էլի, խփի’ր, որ գոնե ինքնապաշտպանության դիմեմ, որ զորեմ ձեռք բարձրացնել: Արդարացնեմ մեղքս: Քաջությունն հաստատեմ կամ հերքեմ:

Ձայնը պատկերից շուտ եկավ: Շրջվեց ծերունու մարմնի անկման խաղաղ ձայնից: Մոտի եղած դանակը խրել էր կրքավանդակիմեջ:

…Թոֆիկ Մամեդով…Արդեն կրկնեց Արամը: Պատահական չէր: Մեռնողի ամեն խոսքը պատահական չէր: Իր անուն ազգանունն արտասանելը պատահական չէր: Մենության մասին խոսքը հենց այնպես չէր ասել: Ուզում էր անհիշատակ, անանուն չկորչել, ուզում էր մեռնելուց հետո տապաքանար ունենալ ու կարևոր չէ որտեղ, բայց շարունակել ներկայությունը: Իր մահով սահմանազատվել մահից: Ազերի ծերուկն ուզում էր կյանքում ի’ր մահն ունենալ և ունենալ մահվան մեջ իր կյանքը: Միայն թե մենակ ու անմահ չլիներ: Անմահությունն անեծք է: Ամեն մեկն իր մահվան իրավունքն ունի, ինչպես և ապրելունը: Ամեն մեկն իրավունք ունի անմահ չլինելու: Որովհետև անմահությունն անեծք է և առաքյալն էլ անմահ չէ: Անընդհատ շարժման մեջ է`հանուն խաղաղության: Մեկ ցածի աստված է, մեկ վերից է հսկում: Ուրեմն օրհնյա’լ են խաղաղությունն ու նրա առաքյալները` սահմանի որ կողմում էլ լինեն…

Վարդուհի Բադալյան

Ատունեի կործանումը

 

Լեռնային խորխորատում հսկա մի ծառ կար՝ Ատունեն: Նրա խավարի պես սև ճյուղերին այլևս կանաչ տերևներ չէին աճում: Մռայլ անշնչությունը տարածվում էր ծառի շուրջն ամենուր, բայց երբեմն այնտեղ կարմիր, գեղեցիկ ծաղիկներ էին հայտնվում: Այդ ծաղիկները հողի սրտից չէ, որ բարձրանում էին, դրանք որպես զոհաբերություն անմատչելի լեռներում ապրող Կարմիր Արծվի ցեղախումբն էր բերում: Նրանց պաշտամունքի առարկան էր Ատունեն: Ծառի խոռոչները` նման խոժոռ աչքերի, ներկել էին կարմիր դեռ նրանց հինավուրց նախնիները, և ցեղախումբը սկսել էր պաշտել կարմիրը: Ժամանակ առ ժամանակ հայտնվում էր ցեղախմբից մեկը և նվիրական ցանկություն հայտնում. հնչում էին անհեթեթ կամ նվիրական ցանկություններ, հնչում էին անգամ անասելի չար ցանկություններ, բայց զոհաբերությունից հետո Ատունեն իրականացնում էր մարդկանց ցանկությունները: Միայն թե, քմահաճ էր Ատունեն ու օրհասական պահերին լքում էր նրանց:
Վաղ առավոտյան Ատունեի առաջ հայտնվեցին ամենագեղեցիկ ծաղիկները: Մի աղջիկ ծնկի իջավ և խնդրեց.
— Փրկի՛ր, հզո՛ր Ատունե, Կարմիր Արծվի ցեղախմբին սպանող ծարավից:
Երբ աղջիկը մանուկների կացարանից տեղափոխվեց մեծերի գետնափոր տնակը, նրան նոր անուն տվեցին: Կարմիր վարսերի պատճառով աղջկան Ատունե էին անվանում, բայց չարացած աստվածուհին չհանդուրժեց, որ իր անունով կոչեն մահկանացույի ու որպես պատիժ երաշտ ուղարկեց նրա աշխարհ: Կարմրահեր աղջիկը եկել էր՝ խնդրելու, որ Ատունեն գթա մարդկանց: Հուսահատված նա շշնջում էր
— Ես համաձայն եմ կրել հինավուրց պատիժը՝ մնալ առանց անուն և մինչև կյանքիս վերջին օրերը ապրել մանուկների կացարանում, միայն թե, Ատունե, գթա մարդկանց:
Աղջիկը հավատում էր, որ մռայլ աստվածությունը կլսի իրեն` դրա համար ինքը չափազանց թանկ գին էր վճարում: Բայց երեկոյան, երբ նա վերադարձավ կացարան, այնտեղ մարդիկ դեռ տոչորվում էին: Մարեց հավատը հին աստվածության նկատմամբ: Ատելությունը շանթեց սիրտը, և աչքերում ցոլացին ջինջ արտասուքներ: Նա սլացավ հեռու` չարությամբ մտածելով այն ատելի անվան մասին, որ տվել էին իրեն:
Գիշերը մտամոլոր դեգերումները նրան կրկին տարան ծառի մոտ: Այրվող աչքերը հառված էին ծառին: Աղջկա հայացքում վայրի կայծեր էին հուրհրում, իսկ Ատունե աստվածուհու կարմիր աչքերը քարացած անտարբերությամբ էին նայում հուսահատ աղջկան:
— Հզոր աստվածուհի ես դու, Ատունե, բայց մարդիկ նույնպես ուժ ունեն, ունեն կյանքի ծարավ, մինչդեռ դու ստիպում ես նրանց տոչորվել, իսկ դա սխալ է, վատ է — ասում էր աղջիկը հին աստվածությանը:
Ատունե աստվածուհու քարացած աչքերը նույն անտարբերությամբ էին նայում վրդովված աղջկան:
— Մի լռիր, Ատունե, ես քեզնից չեմ վախենում, դու ենթարկվում ես համընդհանուր ոգուն, գիշերհավասարին նա հառնել է իմ դեմ երազում: Այն երազում իմ նա քեզ նման չէր, նման էր մարդկանց, ուրեմն մեզ ավելի է սիրում, ուրեմն դու պարտավոր ես ենթարկվել, պարտավոր ես փրկել մեռնող ցեղին, այլապես կգա Նրա պատիժն ու այնժամ ինքդ քեզ անգամ փրկել ի զորու չես լինի,- անիմաստ մերթ հորդորում էր, մերթ սպառնում աղջիկը մունջ ծառին:
Բայց Ատունեն չէր լսում նրան: Աղջիկն, արհամարհելով ուժգին քամու սառը պոռթկումները, կանգնել էր Ատունեի առաջ և իր ցեղի հանդեպ տածած սիրուց ուժ առած հրամայում էր Ատունեին փրկել բոլորին: Պառավ Ատունեն կուչ էր գալիս քամու ապտակներից, հոգնած ճռնչում ու չարությամբ քրքջում աղջկա պարզունակ բարության վրա: Աղջիկն այդ պահին բարի և ահեղ էր, Ատունեն թույլ էր ու չար: Եվ հանկարծ աղջիկը հասկացավ, որ իր համար Ատունեն այլևս պաշտամունքի առարկա չէ, այլ չորացած, ներկված մի ծառ, որի ոգին` մի պառավ խաբեբա, վախենում էր մահից և հզորության միֆ էր ստեղծել` խաբելով Կարմիր Արծվի ցեղախմբին: Հիասթափված աղջիկը ցանկանում էր ոչնչացնել մահասփյուռ ծառն ու նրա հետ՝ մարդկանց կաշկանդող անհեթեթ սնահավատությունը: Նա վազեց կրակ հայթայթելու, բայց երբ բարձրացավ ժայռի գագաթը, որի մյուս կողմում ցեղախումբն էր, անսպասելի որոտից քարացավ: Հաղթահարելով սարսափը` նա ետ նայեց և տեսավ այրվող Ատունեին: Համընդհանուր ոգին, որ ավելի հզոր և բարի էր, պատժել էր չար ծառին: Խավարում վիթխարի խաույկի պես մոխրանում էր Ատունեն:
Այս լուրը նա առաջինը տարավ, բայց նրան չհավատացին, և ցեղախմբի ավագները ցանկացան սեփական աչքերով տեսնել սարսափելի հրաշքը: Վերադառնալով` նրանք աղջկան մեղադրեցին:
— Աստվածասպան, — հնչեցին վախվորած շշուկներ ցեղախմբում:
Աղջիկը չարդարացավ, բայց սկսեց մտածել, որ իր ատելությունն էր շանթի վերածված այրել ծառը: Սկզբում նրան ցանկանում էին հեռացնել ցեղախմբից, բայց, վախենալով Ատունեի զայրույթից, որոշեցին նրան արժանացնել նույն վախճանին և հանձնել կրակին` այրվող Ատունեից վերցված խանձողով: Աղջիկը սարսափած էր, բայց հավաքեց իր ողջ արիությունը, անտարբեր մոտեցավ խռիվին, մի թեթև թռիչքով բարձրացավ վեր և սահուն նստեց ճյուղերի վրա:
— Ես պատրաստ եմ մեռնել, չա՛ր աստվածություն: Համընդհանուր ոգին ինձ իր մոտ կտանի, իսկ քեզ մեկընդմիշտ կկլանի մահվան ամպը: Իմ կյանքը ես կդնեմ զոհասեղանի ու իմ մահը քո անեծքից հզոր կլինի, ինչպես հզոր էր իմ զայրույթը քո կյանքից, — շշնջում էին նրա գունատ շուրթերը:
Նա հավատացնում էր իրեն, որ չի վախենում, բայց երբ խռիվը բոցավառվեց, սարսափի մի խուլ ճիչ թռավ շուրթերից, և նա ուշաթափ ընկավ:
Անձրևի սառը կաթիլները նրան ուշքի բերեցին: Աղջիկը մի պահ էր միայն մնացել ուշաթափ, բայց այդ ակնթարթն էլ բավական էր, որ համընդհանուր ոգին տեղատարափ անձրևով հանգցներ խարույկը: Ցեղախմբում հավատացին, որ Ատունեն ներել է նրան: Մարդիկ հեղեղի պես սլացան խորխորատ: Նրանց հետևից դանդաղ, գլխիկոր քայլում էր և աղջիկը: Նրան թվում էր, թե կտեսնի վերածնված, չար Ատունեին, սակայն ծառը վաղուց մոխրացել էր, իսկ անձրևը` որպես անսանձ հեղեղ, նրա խղճուկ մնացորդները քշում էր հեռու` խառնելով արթնացած գետին:
Աղջկա ներսում իրարամերժ վախեր կային. նա մերթ իր հորինած համընդհանուր ոգուն էր հավատում, մերթ չար Ատունեի աստվածային զորությանը, այժմ նրա ներսում մի ուրիշ պաշտամունք էր գոյանում:
Բլրի գագաթից խիզախ աղջիկը արհամարանքով էր նայում ծառի վերջին բեկորներին, հիասթափված նայում էր բլրի շուրջ խռնված մարդկանց, որոնք վախվորած, բայց հիացմունքով լի հայացքները հառել էին նրան: Ատունեի կործանումից հետո փշրվել էր հին պաշտամունքը, հիմա նրանց պաշտամունքի առարկան այդ աղջիկն էր: Աղջկան ինչ որ մեկն Ատունե անվանեց, բայց նա զզվանքով հրաժարվեց հին աստվածության անունից: Ցեղախումբը ծնկի իջավ հրահեր աղջկա առաջ` երկրպագելով նրան:
Մի ժամանակ աղջիկը հավատում էր իր իսկ հորինած համընդհանուր ոգուն, սակայն թախիծով մտածում էր, որ երբեք մարդիկ նրան չեն ճանաչի, չեն տեսնի ու հավիտյան կպաշտեն հորինած աստվածների:
Միայն մի պահ աջիկը սկսեց հասկանալ մարդկային կամքի ու հավատի զորությունը, մի պահ միայն աղջիկը հեռավոր կերպով մոտեցավ մարդկային ներուժի գիտակցմանը:
Այժմ նա հավատում էր, որ ինքն է մեծագույն զորության կրողը, նա հավատում էր, որ իր կամքով ի զորու է աշխարհը փոխել, նա իրեն էր դարձնում իր իսկ պաշտամունքի առարկան ու չէր նկատում, թե ինչպես է քայլում Ատունեի հետքերով՝ հռչակելով ինքն իրեն աստվածուհի…