Վեցերորդ Մրցույթ-16

Փշրված երազ

Այդ օրը լուռ էի ու շատ մտազբաղ: Օրս բացվել էր նախորդ գիշերվա մղձավանջի տպավորության տակ: Այն ինչ լսել էի, անդառնալիորեն փոխել էր կյանքս: Ընդամենը մի զանգ ու…:
Օրս սկսել էի որոնող մտքով: Խառը հուշերը անընդհատ բոցավառվում էին ու մոխրանում գլխումս, իսկ մտքիս թրթիռն արագ կորչում,անհետանում էր գլխիցս` անէանալով հիշողությունների անափ եզերքում:Հորիզոնն, ասես, արքայական ոսկեզօծ ծիրանի էր հագել վարսաթափ կենսատուի շողերի ներքո: Պատուհանս լուսավորվել էր այպիսի պայծառությամբ, որ դժվարանում էի նշմարել սենյակիս պարագաները:
Այսպես շանթահարող և տենդագին գիշերից հետո, ես, փորձելով վերագտնել ինձ, արագ նետվեցի փողոց, որտեղ անբեկանելի լռություն էր տիրում. նույնիսկ մրջյուններն էլ թաքնվել ու հանգստանում էին կիզիչ արևից: Ինձ տեսնողը մի բան կկարծեր` խենթ եմ: Միայն խենթը կարող էր այդ տապին դուրս գալ քայլելու և մտորելու: Սակայն ես նույնիսկ մրսում էի ու դողում ներսումս տիրող սառցե դատարկությունից: Մի խոսքով` շոգն ու տապը անցնում էին կողքովս առանց ինձ դիպչելու: Քայլերս տանում էին, բայց ու±ր: Ինքս չէի գիտակցում` ի±նչ եմ անելու այսքանից հետո, ո±րտեղ եմ գտնելու այն երջանկությունը, որը կորցրել էի հաշված ժամեր առաջ: Եվ այդ անորոշ զգացումը, միայնության ու լռության մեջ, ինձ տարավ այն գողտրիկ անկյունը, որտեղ հաճախ լինում էի: Ահա այն գետակը, որը երկու օր առաջ կարկաչում էր և փրփրելով բախվում ծերացած ու մամռոտ քարերին, այն նույն կանաչազարդ ուռին` իր փարթամ սաղարթով, իմ աչքերում այժմ դրանք վերածվել էին ճաքճքած կավահողի և զորացած ճյուղեի մի անշուք կույտի: Նստեցի այն քարին, որն արդեն կորացել էր ու մաշվել` նստարանի տեսք ընդունելով, և փորձեցի վերապրել ամեն մի ցողունը, որը շատ անգամ կերտել էի: Ամբողջ ընթացքում աչքերիցս արցունք էր հոսում,սակայն քարացած ու պրկված այտերս դա չէին զգում: Ամեն կերպ փորձում էի հիշել դրվագներ, մտաբերել երգեր, կամ էլ մի փոշու հատիկ, որն ինձ ետ էր տանելու դեպի կորած երազ, դեպի մտքերիս կորած աշխարհ: Տարիներիս աշխատանքը, հոգուս ու սրտիս անխնա նվիրումը մի րոպեում մոխրացել էր` թողնելով ինձ մենակ, այս տաղտուկ, նյութական արժեքների աշխարհում: Սիրտս, ասես,փշրվել էր անդառնալիորեն: §Ախ այդ զանգը, եթե չլիներ, եթե չլսեի ու չպատասխանեի¦: Անընդհատ այտ միտքը տանջում էր ինձ: Նրանք այրել էին, այո, ինքս լսեցի, այրել էին իմ արվեստանոցը, իմ տիեզերքը:
Ես ապրում էր քաղաքում, բայց ստեղծագործում այնտեղից քիչ հեռու մի գեղեցիկ ու սքանչելի բնությամբ գյուղում: Սիրում էի առանձնանալ,կտրվել մարդկային գաղջ մտահորիզոնից և տրվել սրտիս թելադրանքին` կերտելով իմ ուրույն ու հետաքրքիր աշխարհը, որով ես շնչում էի,ապրում, մոռանում հոգսերը, հոգեմաշ անող այն իրողությունը, որում ապրում էինք: Մոռանում էի ու անդունդ նետում բամբասող հարևանների սին թեմաները, հարուստ ու աղքատ խավերի միջև եղած ահռելի պատը, պճնամոլ կանանց, դատարկապորտ, փողոցներում թափառող և ոչ մի հետաքրքրություն չունեցող բթամիտ մարդկանց: Մի խոսքով` սուզվում էի իմ գույներում, թրծվում վրձնահարվածներիս ներքո և մաքրվում երանգներիս պայծառության մեջ:
Մինչ վերապրում էի ու կրկին մտովի խորասուզվում իմ կտավներում, նորից գլուխս թափանցեց դաժան իրականությունը: Եվ ես հասկացա, որ այլևս չկան իմ երազների ու մտքերի արտացոլումները, ամբողջն այրվել էր: Այրել էին` փորձելով ջնջել ինձ, փորձելով ինձ էլ դարձնել իրենց փտած մտքերի գերին: Այդ լուսավոր օրը ինձ համար ցուրտ ու մռայլ էր թվում, և այնքան մնացի այդ քարին նստած ու այնքան արտասվեցի մարդկային չար հոգեբանության համար, որ այլևս անկարող էի վերադառնալ տուն, նաև անզոր էի գնալ և ականատեսը լինել փշրված երազի:
Այսպես կամաց-կամաց հրե գունդը թաքնվեց բոսորագույն լեռնագագաթների ետևում, և տրամադրությանս համաձայան լազուր երկինքն էլ,ասես, խորշոմեց ու մռայլվեց: Շուտով գլխավերևումս նկատեցի գորշավուն ամպերի մի հսկա կույտ, որոնք, ասես, մաշված թելերից կարված պարկեր, ճայթեցին, և անձրև տեղաց: Թվում էր` նույնիսկ երկինքն է արտասվում սրտիս դատարկության ու անձիս հոգևոր կորստի համար:Այսպես, մենք միաժամանակ արտասվեցինք այնքան, մինչև հասկացա, որ ամբողջ մարմինս թաց է ու ես ցնցվում եմ: Թուլացած էությունս հանկարծ փայլատակեց, հիշեցի մի կտավ և մեջս ծածուկ հույս փայփայեցի. §գոնե պահպանված լինի, և ես նորից ուժ կգտնեմ ապրելու և
ստեղծագործելու, ոտնատակ տալու մարդկային այն ճղճիմ տեսակը, որը փորձում է ուրիշի դժբախտության վրա կառուցել իր երջանկությունը
և հիանալ գործած չարությամբ¦:Դա իմ դստեր դիմանկարն էր, միայն նա էր, հանուն որի ես ապրում և արարում էի իմ յուրօրինակ աշխարհում:
Եվ ահա, մտաբերելով նրա աչքերն ու հայացքը, ես վազեցի կայարան. անհամբերությամբ սպասում էի հեռվում նշմարվող գնացքի ճռճռթացող
անիվների մոտենալուն: Այդ մեկ քառորդ ժամը ինձ համար դար թվաց:
Գիշեր էր թաց փողոցների վրա արտացոլվել էին գիշերային լուսատուները, և ամբողջ գյուղի վրա իջել էր մեռելային լռություն: Ինձ թվում էր, թե
այդ լռության միջից լսվում էր սրտիս բաբախը:Ահա անցա առաջին խաչմերուկը և թեքվեցի ինձ շատ հարազատ փողոց: Մարմնովս սարսուռ անցավ, երբ հեռվում նշմարեցի իմ երկու պատուհանները, որոնք ամբողջությամբ ածխացած էին:Քայլերս արագացնելով` հազիվ հասա դռան շեմին և, այլևս անկարող լինելով տիրապետել հոգեցունց զգացմունքներս, ծնկի իջա: Տեսնելով այն, ինչից այդքան սարսափում էի, մի գազանային ճիչ արձակեցի և արագ ներս մտա: Պատերն անգամ մոխրացած էին: Կտավներս փոշիացել էին` այրելով նաև ձեռքերս, որոնք այդքան ջանասիրությամբ կերտել էին դրանք: Ինձ ոչնչացած էի համարում, ածխացած:Ցնորվածի պես վազում էի սենյակի մի անկյունից մյուսը, գտնում նկարներից մնացած,խունացած պատառներ ու, ամեն մեկի պատմությունը վերհիշելով, արցունքներս ուղղակի հորդում էին: Ես պարզապես անկարող էի տիրապետել դրանց: Աստված իմ, երբեք չէի կարող պատկերացնել, որ ես կհայտնվեմ նման դաժան իրողության մեջ և այդքան կկոտրվեմ:
Այդ գիշերային դժոխքի մեջ հանկարծ նկատեցի ածխացած կտավի մի կտոր, այդտեղից ինձ էին նայում զույգ աչքեր, մի հարազատ հայացք.
այո դստերս աչքերն էին, դա նրա դիմանկարի մի փոքրիկ հատվածն էր: Մի պահ հառվեցի ու երերացի, ես իմ մեծ կորստի մեջ գտել էի մի
պայծառ կետ, այն կետը, հանուն որի խոստացել էի, եթե գտնեմ` կապրեմ: Ես գտա իմ կորցրած երազի ամենափայլուն կետը, գտա աչքերիս
լույսը և մատներիս վստահությունն ու վարպետությունը: Կորցրել էի իմ աշխարհը, բայց վերագտել այդ աշխարհի ամենաթանկ բնակչին:

Ձեր Կարծիքը