Վեցերորդ Մրցույթի Արդյունքները

1. Գրիշ Դավթյան-Բացակա
2.Արսեն Համբարյան- Կենդանի մեռյալներ-3, Ընտրություն-2
3.Գիսանե Հովսեփյան-Բացակա
4.Բյուրակն Իշխանյան-Սոխակը-3, Տեխնոլյուցիա-2
5. Բայանդուր Պողոսյան-Տեխնոլյուցիա-3, Բարմեն-2
6.Դօրիան-Դնգստան Վնգստանը-3, Տեխնոլյուցիա-2
7.Գոռ Հարությունյան-Բացակա
8. Արմինե Պետրոսյան-Սոխակը-3, Տեխնոլյուցիա-2
9. Հասմիկ Սիմոնյան-Բարմեն-3, Տեխնոլյուցիա-2
10. Անի Հովնանյան-Բարմեն-3, Ընտրություն-2
11. Արուսյակ Օհանյան-Սոխակը-3, Բարմեն-2
12.Լիլիթ Կարապետյան-Բարմեն-3, Մակերես-2
13. Դավիթ Հակոբյան-Բարմեն-3, Տեխնոլյուցիա-2

“Բարմենը ժպտում է”-18 միավոր

“Տեխնոլյուցիա”-16 միավոր

“Սոխակը”-9 միավոր

Շնորհավորում եմ Մանե Գրիգորյանին (Բարմենը ժպտում է), Վահե Ղուկասյանին  (Տեխնոլյուցիա) և Բայանդուր Պողոսյանին (Սոխակը):

Վերջնական Փուլ-13 Բայանդուր Պողոսյան

Սոխակը

Նայչինգե-րյու

Դաշտում խոնավ էր. երբ նա վերև նայեց, չկարողացավ գտնել արևն ու պարզել, թե օրվա որ ժամն է: Խոտը մուգ կանաչ էր, գրեթե մարդաբոյ, խիտ, կապույտ ու մանուշակագույն մանր ծաղիկներով, իսկ տերևների վրա ցողի մանր կաթիլներ էին հավաքվել: Ուժեղ մառախուղ էր. նա հասկացավ, որ ճահճի ուղղությամբ է գնում ու քայլերն ուղղեց դեպի անտառը:

Խոտի դառնավուն հոտը հաճելի էր: Նա գիտեր, որ եթե մի փոքր էլ քայլեր, դրան կխառնվեր նաև ճահճի կանգնած ջրի գարշահոտությունը:

Հանկարծ ուշադրությունը գրավեց հեռվից եկող մի ձայն. զանգակ էր: Ձայնը մոտենում էր, ու նա որոշեց սպասել:

Մի փոքր անց նա տեսավ. մի աղջիկ էր, որը զանգակը ձեռքին՝ վազում էր դաշտով: Նա ձեռքով արեց. աղջիկը մոտ վազեց: Ծանր էր շնչում:

— Օգնեցե՛ք, խնդրու՛մ եմ:

— Ինչ-որ բա՞ն է պատահել,- հարցրեց:

— Այնտեղ գակիներ են:

— Տու՛ր ինձ զանգակդ: Ի՞նչ է անունդ:

— Նայչինգե-րյու:

— Գնա տուն, Նայչինգե-րյու:

Նա վերցրեց զանգակն ու թափահարեց:

Ցուրտ քամու պոռթկումը նրան ստիպեց ավելի ամուր փաթաթվել թիկնոցի մեջ: Եթե մառախուղն այսքան թանձր չլիներ, մտածեց, ես արդեն կտեսնեի նրանց: Նա նստեց խոնավ խոտի վրա:

Երբ մառախուղից մի կիսաթափանցիկ քուլա մի պահ մարդկային ձեռքի տեսք ընդունեց, նա չկարողացավ որոշել, իսկապես տեսե՞լ է դա, թե՞ թվացել է:

Նորից թափահարեց զանգակը: Այս անգամ միանշանակորեն խաբկանք չէր. նա հասցրեց նկատել գեր, տգեղ կնոջ դժգոհ, բարկացած դեմքը, գոգնոցն ու գլխանոցը: Կնոջ շրջազգեստից երկու երեխաներ էին կառչած, ասես անձայն լաց լինեին: Գակիներն առաջ քայլեցին՝ առանձնանալով մառախուղից, դառնալով անէ ու փխրուն տեսիլքներ:

Բայց նա պարզ տեսնում էր ուրվականներին: Նա նորից թափահարեց զանգակն ու սկսեց սեգակիի աղոթք արտասանել: Հիմա նա գիտեր. որքան էլ քաղցած լինեն ուրվականները, իրեն ոչինչ չեն կարող անել:

Նրանք ընդամենը քաղցած ուրվականներ են ինչ-որ մեկի անցյալից: Միգուցե հենց քո:

Չէ՞ որ սա երազ է: Զանգակի ձայնն իմ զարթուցիչն է, որն ապարդյուն փորձում է ինձ արթնացնել:

Բայց ես չեմ ուզում արթնանալ: Որքան էլ տարօրինակ կամ սարսափելի լինեն երազներս, ում կյանքն էլ վերապրեմ, ես երբեք չեմ ցանկանում արթնանալ: Բայց արդյո՞ք ընտրություն ունեմ:

Բացեցի աչքերս ու, ինչպես միշտ, հայացքիս առաջ առաստաղն էր, որը կիսախավարի մեջ այդքան գորշ էր երևում: Ես նստեցի անկողնուս մեջ ու մի քանի րոպե մնացի անշարժ՝ տրված մտածմունքներիս:

Երբ արդեն հագնվել ու նախաճաշել էի, հեռախոսս զանգեց:

— Ես ձեր շենքի տակ եմ,- ասացիր դու:

— Հիմա կիջնեմ:

Նա քայլում էր թաց մարդաբոյ խոտի միջով, մինչև հասավ աղջկա ետևից:

— Դուք իսկապես քշեցիք գակիներին,- ասաց աղջիկը՝ տեսնելով նրան:

— Այո:

Նրանք մի կողք-կողքի քայլեցին մի փոքր:

Ակոյգահարա

Ֆուձի սարի ստորոտին մի անտառ կա, որն անվանում են «Ծառերի ծով»: Ահա թե որտեղ պետք է լինեի: Ակոյգահարայում մի ժայռ կա, որից եթե գլխիվայր կանգնես ու նայես վերև՝ ոտքերդ հենելով ժայռին, կթվա, թե անդունդի մեջ ես նայում, ու անդունդի հատակը երկինքն է: Ու եթե երկար նայես, կընկնես այդ անդունդը:

Ու եթե հասցնես թևերդ պարզել, մինչև բախվես երկնքին, թռչուն կդառնաս: Դա աշխարհում միակ վայրն է, որտեղ մարդը կարող է թռչուն դառնալ:

Ինքնասպանների անտառ, ահա թե ինչ են անվանում Ակոյգահարան:

Ու ես արթնացա:

Նեկո

Քամու պոռթկումն այնքան սառն էր, որ աշնանային զբոսայգու նստարաններից մեկին նստած մարդը կծկվեց մոխրագույն թիկնոցի մեջ: Մոխրագույն բծերով ծածկված, կեղտոտ ու գունատ տերևների մի ալիք գլորվեց նրա կոշիկների վրայով, ծածկելով դրանք փոշու թեթև շերտով:

Զբոսայգին դատարկ էր, ու նա հանգիստ տրվել էր իր մտքերին:

Թվում էր՝ այդպիսի մարդիկ պարզապես ի վիճակի չեն կայուն զգայական կապ հաստատել ուրիշների հետ:

Նոյեմբեր էր. երկինքը ծածկած կիսաթափանցիկ կապարը խոնավ ու ցուրտ ձմեռ էր գուշակում: Նայեց ժամացույցին՝ դեռ հինգն էր, բայց ամպերի պատճառով արդեն կիսախավար էր:

Ինչ-որ երեխա էր կանգնած ծառի տակ ու վերև էր նայում: Ինչ-որ բան էր խոսում, բայց չափազանց հեռու էր, որպեսզի լսելի լինի: Առանձնապես հետաքրքիր էլ չէր: Նա նորից նիրհեց:

— Քեռի՛:

Աչքերը բացեց, նայեց. նույն աղջիկն էր իր թևքից քաշում՝ ոչ այնքան գեղեցիկ, պեպենոտ, նիհար, երկարավիզ: Երևի մի տաս-տասներկու տարեկան լիներ:

— Ի՞նչ է պատահել, փոքրի՛կ,- ասաց նա, փորձելով ձայնին հնարավորինս բարեկամական երանգ տալ:

— Ներեցե՛ք, քեռի՛, կօգնեի՞ք ինձ փրկել այն կատվին:

— Ի՞նչ կատու:

— Եկեք, ես ձեզ ցույց կտամ:

Ու անհամբեր քաշեց թևքից: Ինքն իրեն ստիպելով վեր կացավ նստարանից ու երեխայի հետևից քայլեց դեպի ծառը, ճանապարհին ձգելով ու արթնացնելով վերջույթների դեռևս քնած մկանները:

Կատուն իսկապես ծառի վրա էր ու խղճալիորեն մլավում էր:

— Կօգնե՞ք նրան, քեռի՛: Նա ինձ չի լսում,- ասաց աղջիկն ու, արդեն կատվին դիմելով, ավելացրեց (ասես փոքրիկ երեխայի հետ խոսար),- հիմա այս պարոնը քեզ կօգնի, լա՞վ:

Նայեց կատվին. հասարակ, մոխրագույն կատուն էր՝ այն քիչ փողոցային կատուներից, որոնք խուսափել էին դրանց որսացողների աչքերից: Սկսեց ինքն իրեն համոզել, որ բարձրանա ծառը՝ ինքն էլ չիմանալով, հանուն ինչի, բայց հանկարծ զգաց, որ թիկնոցն արդեն ծառի կողքի նստարանին է, ձեռքերն արդեն բռնել են ծառի ամենացածր ճյուղը, իսկ ոտքերը մագլցում են բնի վրայով:

Երբ վերջապես հասավ կատվին ու ձեռքերն առաջ մեկնեց, կատուն ցած թռավ ու հեռու փախավ:

Նա կախվեց ճյուղից ու նույնպես ցած նետվեց:

— Փախա՛վ կատուդ, փոքրի՛կ,- ասաց նա, ծիծաղելով ու շունչը տեղը բերելով:

Աղջիկը կանգնել էր տեղում ու ձեռքերի մատներն իրար հյուսելով՝ ցրված շուրջն էր նայում: Հագուստն ուղղելով ՝ ավելացրեց.

— Քեզ ի՞նչ եղավ, փոքրի՛կ:

— Հայրիկն ասում է, որ ես չպետք է խոսեմ անծանոթների հետ:

— Տարօրինակ երեխա ես: Ախր դու ինքդ ինձ մոտեցար:

Երեխան շարունակում էր լռել:

— Հայրիկդ ճիշտ է ասում: Իսկ հիմա վազիր տուն, արդեն ուշ է:

Երեխան արագ փախավ, նա էլ սկսեց քայլել դեպի տուն՝ արագ մոռանալով պատահածի մասին:

Մերի

Ես կանգնած եմ պատուհանի մոտ, Մերին մոտենում է ինձ ու ձեռքը դնում ուսիս:

— Չգիտեմ, երբևէ կներե՞ս ինձ,- ասում է նա:

Ես շուռ եմ գալիս, նայում նրան, ուզում գրկել, բայց չի ստացվում: Ինչ-որ բան ներսումս կծկվում է, ու ես ետ եմ քաշում ձեռքերս: Ինչ-որ բան է լռվել կոկորդումս, ուզում եմ լացել, բայց արցունքներս խեղդում եմ:

— Ես չեմ բարկանում քեզ վրա:

— Չես պատկերացնի, որքան մեղավոր եմ: Ներիր ինձ, խնդրում եմ:

Ոչ ոքի երբեք էլ չխոստովանեց, որ ամեն անգամ, երբ երազում Մերիին էր տեսնում, արթնանում էր լացելով: Տղամարդը երբեք լաց չի լինում, նա՝ առավել ևս:

«Ինչու՞ էիր ներողություն խնդրում, Մերի: Դու երբեք ինձանից ներողություն չես խնդրել: Մենք իրարից երբեք ներողություն չենք խնդրել»:

Հանկարծ մտքով մի տարօրինակ կասկած անցավ.

«Չլինի՞ ինչ-որ բան է պատահել»:

Մարմինը միանգամից դող ընկավ, ու ամբողջ օրը չէր կարողանում կենտրոնանալ: Երեկոյան կողմ չդիմացավ, զանգեց:

— Ալլո, Մե՞րի:

— Ի՞նչ է քեզ պետք:

Վախը միանգամից փոխարինվեց նույն հին ճնշվածության զգացողությամբ:

— Ոչինչ, պարզապես ցանկանում էի համոզվել, որ քեզ հետ ամեն ինչ լավ է:

— Շնորհակալ եմ, որ հոգ ես տանում իմ մասին, բայց ես դրա կարիքը բնավ չեմ զգում: Գիտե՞ս, ով ինձ պետք է, իմ մասին հոգ կտանի:

— Գիտեմ: Ներիր, որ քեզ անհանգստացրի:

— Էլ ինձ չզանգես:

Դրեց հեռախոսն ու ցրված հայացքով դուրս եկավ աշխատասենյակից:

Մի անհանգստացեք, տիկնայք և պարոնայք, ես լավ եմ:

Նա բարձրացրեց հայացքն ու աչքի անց կացրեց սենյակը: Ջրամանն իր տեղում էր, թղթերի պահարանը նույնպես: Ի՞նչն էր սխալ այդ դեպքում: Ինչ-որ բան այն չէր:

Թիկնոցը: Զբոսայգում էր մոռացել նախորդ օրը, թողել էր նստարանին, երբ բարձրանում էր ծառը՝ կատվին իջեցնելու համար: Պետք էր վերադառնալ այն հույսով, որ դեռ այնտեղ կլինի:

Դուրս եկավ, միջանցքի հարթ, մարմարե հատակի վրայով հայլեց դեպի վերելակն ու ձեռքը մեկնեց դեպի կոճակը, բայց, ինչպես երազում, ինչ-որ բան կծկվեց ներսում, ու ձեռքը ետ քաշեց:

Հանգիստ քայլերով հեռացավ վերելակից ու աստիճաններով իջավ ներքև: Եղանակը նախորդ օրվանից ավելի վատն էր:

Ճահիճ

Երբ նա պառկած է անկողնում, կատուն գալիս ու պառկում է նրա կողքը: Նա շոյում է կատվին, խաղում հետը, հետո կատուն հանկարծակի վեր է թռնում ու գնում: Միգուցե կատուն մտածում է, որ նա կպահի իրեն, թույլ չի տա գնալ, էլի կշոյի: Բայց նա կատվին չի խանգարում:

Միգուցե դու հենց դա էիր ուզում, որ ես քեզ պինդ գրկեմ, թույլ չտամ փախչել, բայց ես այդպես չեմ կարող: Եթե ցանկանում ես՝ մնա, բայց մնա ինքդ: Ես հոգնել եմ:

Մենք ճահճի մեջ էինք, այն նույն կանաչ ճահճի մեջ, ու ես ձեռքս մեկնեցի քեզ: Ես ցանկանում էի քեզ հանել ճահճից, բայց դու ցանկանում էիր նախ ճանաչել ինձ, վստահել ինձ: Ես ասացի, որ երբ դուրս գանք ճահճից, դու կկարողանաս շարունակել քայլել, թեկուզ առանց ինձ:

Ես նայում էի առաջ, դու նայում էիր ինձ ու ձեռքս բաց չէիր թողնում: Իսկ երբ ճահիճը երկուսիս էլ քաշեց, դու բաց թողեցիր ձեռքս, ու ես փնտրում էի քեզ, բայց չգտա:

Մերին վաղուց անցյալում է, բայց դեռ ցավում է: Դու հիմա ես:

Հայրիկ

— Մի՛ սիրիր Արևին,- ջղայնացած ասում է փոքրիկը, երբ ես համբուրում եմ քեզ:- Արևին Նարեկն է սիրում: Գնա՛:

— Գնա՞մ:

Մոտենում եմ փոքրիկին, վեր քաշում նրա շապիկն ու շրթունքներս հպելով նրա փորին՝ փչում: Փոքրիկը ծիծաղում է, հարվածում գլխիս ու կրկնում.

— Գնա՛:

— Գնում եմ,- շարունակում եմ ես,- էլի՞ գնամ:

— Դու գիտե՞ս, ով ես,- հարցնում է մյուս փոքրիկը:- Դու պապան ես: Չէ, պապան Ն****ն է: Գնա՛:

Ես գիտեմ, գիտեմ: Ու ամեն ինչ կտայի այս ամենը չլսելու համար: Ամեն ինչ կտայի նրանց հայրը դառնալու համար:

Դու ինձ սիրու՞մ ես:

Ոչ:

Դու ինձ սիրահարվա՞ծ ես:

Ոչ: Լաց մի եղիր, ամեն ինչ ողբերգություն ես դարձնում:

Ոչինչ, հիմա կանցնի: Ես լավ եմ:

Ես գնում եմ կղզի: Ես ուզում եմ մենակ լինել, ինձ երկրորդ ամուսին պետք չի:

Եթե գնաս, ես կգամ քո հետևից:

Չեմ հավատում: Դու հիմա ես այդպես կարծում:

Կգամ: Միգուցե ոչ միանգամից, փող կհավաքեմ ու կգամ: Ու ես մոտիկ կլինեմ, երբ դու իմ կարիքն ունենաս:

Երբ դու հարբած ես, գրկում ես, համբուրում ինձ ու խնդրում, որ քեզ պատշգամբից ցած նետեմ, ասում ես, որ սիրում ես ինձ այսպիսին:

Մենք սիրով ենք զբաղվում, մենք մեկ ենք, մենք սիրում ու վստահում ենք իրար: Ուզու՞մ ես՝ միասին հասնենք օրգազմի: Ուզու՞մ ես՝ երեխա ունենանք:

Չգիտեմ, պատասխանում ես դու:

Իմ քաջությունը չի բավականացնում: Երբ դու սթափվես, ամեն ինչ նորից նույնը կլինի, ու մեզ կմնա միայն ափսոսանքը:

Մենք մի քանի րոպե միասին պառկած ենք մնում:

Ծխախոտ չկա, ասում ես դու, գնանք սենյակ՝ ծխելու:

«Խաղաղ քնի ձեռնարկ»

Այս գիրքը նախատեսված է լուրջ հիվանդ ու տառապող մարդկանց համար, ում քիչ հույս է մնացել, թե իրենց կյանքի պայմանները կվերականգնվեն մինչև իրենց համար բավարար աստիճանի:
Ֆիլիպ Նիչկե, Ֆիոնա Ստյուարտ, «Խաղաղ քնի ձեռնարկ»

Նա նստած է տանն ու զգում է, որ այլևս չի ցանկանում ամեն ինչ նորից սկսել: Չի ուզում ուրիշ երեխաներ, էլի սիրել, ուրիշ ոչ մեկին չի ուզում:

Նորից սկսել, նորից սկսելը նշանակում է արժեզրկել, կորցնել այն ամենն, ինչ արդեն եղել է: Արժեզրկել երջանիկ պահերն, արժեզրկել ցավն ու կորուստը:

Նա չափազանց շատ է ամեն ինչ նորից սկսել:

Նա չի ցանկանում կորցնել նույնիսկ քո կորուստը: Դու էլ չես վերադառնա, ու նա չի ցանկանում քո ուրվականն էլ բաց թողնել: Երբ տարիներ կանցնեն, ու դու էլ այդքան գեղեցիկ չես լինի, էլ դու չես լինի, միգուցե ամեն ինչ փոխվի: Բայց հիմա սա այն ամենն է, ինչ նա ուզում է պահել:

Նայչինգե-րյու

Դաշտում խոնավ էր. երբ նա վերև նայեց, չկարողացավ գտնել արևն ու պարզել, թե օրվա որ ժամն է: Խոտը մուգ կանաչ էր, գրեթե մարդաբոյ, խիտ, կապույտ ու մանուշակագույն մանր ծաղիկներով, իսկ տերևների վրա ցողի մանր կաթիլներ էին հավաքվել: Ուժեղ մառախուղ էր. նա հասկացավ, որ ճահճի ուղղությամբ է գնում ու քայլերն ուղղեց դեպի անտառը:

Նրան գտան ժայռի տակ պառկած՝ խաղաղ, մանկական ժպիտը դեմքին: Միգուցե պատահական էր, բայց արյան լճակը թռչունի թևեր էր նկարել նրա ձեռքերի շուրջը:

Սոխակը երգում էր ուռենու ճյուղին: Ես քեզ սիրում եմ քո աչքերի համար, ասացիր դու: Հիմա դու գիտես, որ այս սոխակն իմ աչքերը կունենա:

Ուռենին խոնարհվել ու քնել է,
Ու թվում է ինձ, թե սոխակը ճյուղի վրայի
Նրա հոգին է:
Բասյո Մացուո

 

Մայիս, 2012

Վերջնական Փուլ-12 Վահե Ղուկասյան

Տեխնոլյուցիա

 

2024 թ. Երկիր. Արմինիա. Երևան.

Թանձր ծուխն առաջանում էր քաղաքի վրա արևածագից մի քանի ժամ անց: Միլիոնավոր մեքենաները միաժամանակ լռվում էին բազմակիլոմետրանոց թրաֆիկների մեջ, իսկ նրանց շարժիչներն անդադար դուրս էին նետում ածխածնային միացություններ ու ծանր մետաղներ:

Եվա Բիշարը նայեց լուսամուտից դուրս, շոյեց ինն ամսական փորն ու կրկին զգաց անդիմադրելի սովը: Եվայի ամուսինը սովորել էր վերջին ամիսների կնոջ արտասովոր ախորժակին ու գոստրոնոմիկ նախընտրություններին: Կնոջ հիմնական սնունդը հղիության ընթացքում կազմում էին խնձորը, գազարը,ծովամթերքները, կաղամբը, ոսպն ու տավարի միսը: Մնացած գրեթե ամեն ինչն արհամարում էր: Բժիշկները միայն բարձրացնում էին ուսերն ու ասում, որ վախենալու ոչինչ չկա, հավանաբար օրգանիզմը կարիք է զգում երկաթի, մագնեզիումի, ալյումինիումի, պղնձի, կալցիումի կամ այլ օգտակար նյութերի: Բժիշկն ասում էր, որ դա նորմալ է:

Նախաճաշելուց հետո Եվան բացեց պատուհանները:Նա խորը շունչ քաշեց: Քաղաքի ծանր ու աղտոտված օդը հաճելի էր նրան: Լսվեց ամուսնու ձայնը:

-Եվա՛, փակի՛ր լուսամուտը, կխեղդվես, քեզ չի կարելի ախր:

Եվան չուզենալով, վրա բերեց լուսամուտի փեղկը:

Ամուսինը նստած էր հեռուստացույցի առջև: Հաղորդում էին նորություներ: Խոսում էին Մերձավոր Արևելքի պատերազմների, Ուոլ Սթրիթի և աֆրիկյան ճգնաժամի մասին:

«Հետաքրքիր երևույթ է հետազոտում մեր հատուկ թղթակից Սաշա Կոուլը,-ասում էր հեռուստացույցը,-Տոկիոյում, Մոսկվայում, Պեկինում, Լոնդոնում և Չիկագոյում նկատվում է սննդի որոշ տեսակների հանդեպ պահանջարկի խիստ ավելացում: Հատկապես դա վերաբերվում է կաղամբին և ոսպին: Խանութների վաճառասեղաններից դրանք անհետանում են հաշված ժամերի ընթացքում: Վաճառողների պնդմամբ դրանց հիմնական սպառողները երիտասարդ կանայք են: Ի՞նչ կմտածի այս ամենի մասին գործարար աշխարհը: Հնարավո՞ր է, որ նշված ապրանքների վրա կիրառվեն գնային նոր քաղաքականություններ, հնարավո՞ր է արդյոք բարձրանան դրանց գները: Այս հարցերին կպատասխանի Դունկան Ռահյանը` Առևտրի Միջազային Կոնգրեսից»:

-Քո մասին են խոսում, Եվա,-ասաց ամուսինը:

-Սկսվեց,-ասաց Եվան:

-Ի՞նչ:

-Կարծես թե սկսվում է…

Եվայի ոտքերի արանքից ջուր հոսաց: Կնոջ աչքերի մեջ տագնապ հայտնվեց: Նա երկու ձեռքով ամուր գրկեց փորը:

-Սկսվեց:

3514. Երկիր. Արմինիա. Երևան.

Այդ օրը եղավ ուժեղ արևմտյան քամի: Քամին սկսեց փչել գիշերն ու շարունակվեց ողջ ցերեկը: Քամին ուժեղ էր, նրա արագությունը` կայուն: Վերջին մեկ տարվա ընթացքում քամին արդեն հինգերորդ անգամ էր փչում: Այն պտտեցնում էր քաղաքի վրա կուտակված դեղնամոխրագույն ամպերը, խտացնում դրանք: Քամու ժամանակ լինում էին կայծակներ: Կայծակի էլեկտրական թևերը հարվածում էին քաղաքի շանթարգելներին: Քաղաքը լցվում էր դրանց տնքոցով:Բնակիչները հետ էին քաշվում իրենց բնակարանների խորքերն ու սպասում տարերքի ավարտին: Դեռ մեկ տարի առաջ, երբ Էյվան դուրս եկավ բնակարանից անմիջապես կայծակից հետո, երկնքում նկատեց կապտավուն մի բան, իսկ օդը «վառեց» նրա ներսը:

Էյվան զգույշ բացեց պատշգամբի դուռն ու քայլ արեց: Նայեց երկինք: Տեղ-տեղ երևում էին կապույտ հետքերը: Էյվան չգիտեր, թե ինչ են դրանք, սակայն դրանք նրան քաշում էին, ասես կանչում էին, ու Էյվան շնորհակալ էր դրանց: Նա շոյեց իր կլորիկ փորը: Ներսում զգաց փոքրիկի շարժումները: Էյվան ժպտաց:

-Այս կայծակները վառում են ողջ օդը: Հապա նայիր` անհնար է  շնչելը:

Էյվայի ամուսինը հայտնվեց նրա կողքին ու գրկեց կնոջն ամուր մետաղե ձեռքով:

-Ի՞նչ են կապույտ հետքերը,-հարցրեց Էյվան:

-Ինչ էլ որ լինեն` դրանք դուրս չեն գալիս: Ու ես կհայտնեմ իմ անհանգստությունը քաղաքային խորհրդում: Այսպես ապրել չի լինի:

Էյվան տհաճ մի բան զգաց: Նրա բերանից ճիչ դուրս թռավ, նա ընկավ ամուսնու ձեռքերի մեջ:

-Սկսվեց,-ասաց նա:

2024 թ. Երկիր. Արմինիա. Երևան.

«Շտապ օգնության» մեքենան սլանում էր դեպի հիվանդանոց: Միակ պրոբլեմն այն էր, որ մեքենան սլանում էր ընդամենը քսան կիլոմետր ժամ արագությամբ ու ոչ մի կերպ չեր կարողանում արագանալ: Մեքենաների հոսքը ահռելի էր: Դա նման էր երկար օձի, որ սողում էր փողոցն ի վեր:

-Արա՛գ, արա՛գ:

-Բա՛ց, լուսամուտը բա՛ց,-ասում էր Եվան ամուսնուն:

Բժիշկը բացասական շարժում արեց գլխով:

-Բացե՛ք լուսամուտը,ասում եմ ձեզ,-Եվան արդեն գոռում էր:

Ամուսինը հագավ իր պաշտպանիչ դիմակն ու օգնեց այն դնել նաև կնոջը: Բժիշկները նույնպես փակեցին իրենց դեմքերը դիմակներով: Լուսամուտը բացեցին: Գաղջ օդը լցվեց մեքենայի մեջ: Եվան կարծես հանգստացավ, բայց մի քանի րոպե անց պոկեց դեմքից դիմակն ու խորը շունչ արեց: Բժիշկներն անսպասելիությունից ճչացին: Եվան գիտակցությունը կորցրեց: Անտանելի լարվածությունից և հուզումից գիտակցությունը կորցրեց նաև նրա ամուսինը:Լուսամուտները փակեցին: Մեքենան շարունակեց սողալ-սլանալ դեպի հիվանդանոցի սպիտակ երկնաքերը:

Ճանապարհը տևեց կես ժամ ևս: Նկատելով, որ ազատվել է երթևեկության աջ գիծը, «Շտապ օգնության» մեքենայի վարորդը միացրեց ազդանշաններն ու կարողացավ հասնել հիվանդանոցի մոտ: Նշանց ընդունեց երիտասարդ բժիշկ Սրապյանը: Եվային դրեցին պատգարակի վրա ու տարան: Սրապյանը նրա ամուսնուն ասաց, որ ամեն ինչ լավ կլինի, և հետևեց պատգարակի հետևից: Բժիշկը նյարդային էր: Նրան հանգիստ չէր տալիս լոնդոնաբնակ ընկերոջ զանգն, ով հայտնել էր նրան տարօրինակ մի երևույթի մասին:

«Նրա մաշկը կարծես նորմալ է,-ասել էր Սրապյանի կոլեգան,-բայց ոսկորները…դրանք մետաղական են: Արյան մեջ գերակշռում է սնդիկն, իսկ ֆրանսիումի առկայությունը գանգում ընդհանրապես ոչնչի նման չէ…երեխային մենք կորցրեցինք ծնունդից կես ժամ անց, իսկ մայրը մահացավ քիչ ուշ:»

Եվան ուշքի չէր գալիս: Սրապյանը կարգադրեց անել կեսարյան հատում: Լանցետի սուր շեղբը կտրեց կնոջ փորի մաշկը: Հեռու տանելով որովայնի մկանները` Սրապյանը տեսավ արգանդը: Երեխան պատրաստ էր դուրս գալուն, նա շարժվում էր, նա սպասում էր:

Նորածնի ձայնը մի պահ խլացրեց բոլոր գտնվողներին: Հասակը քառասունչորս սանտիմետր էր, սակայն կշռում էր նա վեց կիլոգրամ: Երեխան ուներ խելացի աչքեր, որոնց մեջ ժամանակ առ ժամանակ կայծեր էին բոցկլտում: Սրապյանը կայծերը վերագրեց սեփական հոգնածությանը: Երեխան դժգոհության նոտաներ արձակեց: Նա անդադար շարժում էր ձեռքերը, նա կապտում էր ու խեղդվում:

Եվան հասցրեց բարձրացնել գլուխը.

-Բացե՛ք լուսամուտը…բացեք:

Սրապյանը շոշափեց երեխայի թաթիկները: Դրանք ամուր էին: Նա վերցրեց լանցետն ու փոքրիկ վերք բացեց երեխայի ոտքին: Արյունը կապտակարմրավուն էր…

«…երեխային մենք կորցրեցինք ծնունդից կես ժամ անց, իսկ մայրը մահացավ քիչ ուշ…»

Սրապյանը վերցրեց պաշտպանիչ դիմակը,հագավ այն, գրկեց երեխային ու դուրս եկավ պատշգամբ: երեխան խորը շունչ քաշեց, մատը դրեց բերանն ու քնեց:

Եվան մահացավ քիչ անց:

 

 

 

3514. Երկիր. Արմինիա. Երևան.

Էյվայի ամուսնու քայլերը հասնում էին չորս մետրի: Նա ուղղակի թռչում էր: Ադամանդիում մետաղի բիոսինթեզի արդյունքում առաջացած հոդերը չափազանց ճկուն էին ու զորեղ, դրանք բժշկի մոտ էին հասցնում ապագա երջանիկ հորը: Կապույտ լաքաներն ավելի ու ավելի պայծառ էին դառնում դեղնամոխրագույն երկնակամարում: Վերջին քամին լավ բաներ չէր հուշում:

Հասնելով բժշկի շենքին` Էյվայի ամուսինը ցատկեց ու հայտնվեց միանգամից հինգերորդ հարկի պատշգամբում:

-Բժի՛շկ, Էյվան ծննդաբերում է, բժի՛շկ:

Բժիշկն, ով այդ ժամանակ զբաղված էր սեփական այրան լիցքավորմամբ, մի կողմ դրեց լիցքավորող սարքը, փակեց ձեռքին բացված փոքրիկ անցքը, վերցրեց գործիքներն ու երկուսով շտապեցին Էյվայի մոտ:

Բժիշկը սովորություն ուներ հագեցնել իր արյունը ստատիկ էլեկտրոէներգիայով: Դա ակտիվացնում էր ուղեղի էլեկտրոքիմիական ռեակցիաներն ու առույգացնում ողջ մարմինը: Բժիշկն ավելի արագ էր վազում քան ապագա հայրիկը: Միայն մի պահ բժիշկը կանգ առավ, երբ նկատեց, որ ճանապարհից քիչ հեռու, սև յուղով հագեցված գետնի վրա կանաչ մի բան է հայտնվել:

-Բժի՛շկ,-հասցրեց հարցնել Էյվայի ամուսինը,-ի՞նչ են նշանակում կապույտ լաքաները:

Բժիշկը լռեց, միայն ավելի արագացրեց վազքը:

Էյվան պառկած էր հատակին: Նրա երկար մարմինը ձգվել էր ողջ սենյակով մեկ: Բժիշկը մոտեցավ, Էյվան հայացքով նշան արեց` պատրաստ եմ:

Բժշկի ձեռքում հայտնվեց տիտանե սկավառակը: Այն սկսեց պտտվել մոտավորապես լույսի արագությամբ: Բժիշկը մոտեցրեց «սղոցը» կնոջ կլորիկ ու փքված որովայնին: Տիտանե սկավառակը հանգիստ կտրեց ալյումինե բարակ թիթեղը: Հոսեց բիոսնդիկը: Երկաթյա նանոթելիկներով հագեցված մկանները հետ քաշվեցին: Երևաց արգանդի ալյումինե գերբարակ թաղանթը: Բժիշկը փորձեց շատ զգույշ հանել պտուղը, բայց նրա մետաղական եղունգը փոքրիկ կտրվածք թողեց երեխայի ձեռքին: Արյունը կարմիր հոսեց: Բժիշկը հուզվեց: Ֆրանսիում գերանկայում մետաղի վերափոխումները նրա գանգում հասան կրիտիկական հաճախականության: Աչքերի մեջ բոցեր հայտնվեցին: Նա սկսեց դողալ: Երեխան նույնպես: Նա փորձում էր շնչել, բայց շատ դժվար էր ստացվում: Քամու հետ մնացած, ուշացած մի պոչ հանկարծ խաղաց լուսամուտի մոտ: Դրսից ներս մտավ կայծակի թեթև այրող օդը…երեխան լցրեց թոքերն ու գոռաց:

21.05.2012

Վերջնական Փուլ-11 Հասմիկ Հոխանյան

                                                               Ընտրություն

Թերևս, նոր բացահայտում արած չեմ լինի՝ ասելով, որ «մարշուտնի»  կոչեցյալ երթուղայինները կամ ավտոբուսները վաղուց մեր առօրյա կյանքի անբաժան մասն են կազմում: Լույսը բացվելուն պես մարդիկ ինչ-որ տեղ են շտապում՝ մեկը դասի, մյուսը աշխատանքի,իսկ երրորդը՝ ուր պատահի, իսկ նպատակակետին հասցնողը, իհարկե, մարշուտնին է: Շատերի համար դա պարզապես փոխադրամիջոց է, որոշ բծախնդիր ուղևորների համար՝ հասարակության վարք ու բարքի տիպիկ դրսևորման միջավայր. ինձ համար, այդ երկուսից զատ, այն յուրօրինակ անոնս է՝ կյանքի երկար ուղին իր մեջ ամփոփող:
Ներս մտնելուն պես՝ ուղևորի առաջին գործը՝ նստատեղի ընտրությունն է: Նա ընտրում է այն տեղը, որն առնվազը հաճելի ընթացք կապահովի: Իսկ այդ «հաճելին» ամեն ուղևորի համար իր չափանիշներն ունի: Երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք, թե որ նստատեղն եք դուք ընտրում երթուղային մտնելիս: «Դե որն ազատ է, էնտեղ էլ նստում ենք, էլի»,-կշտապեք պատասխանել: Այո՛, այո՛, դուք ճիշտ եք, բայց երբ հանգամանքները այլ են, երբ բոլոր նստարանները գրկաբաց ձեր ընտրությանն են սպասում, այդ դեպքում ինչպե՞ս եք վարվում: Երևի տարօրիանակ բան եմ հարցնում ու երբևէ չեք էլ մտածել ենթագիտակցորեն արված ձեր ընտրության մասին, անկեղծ ասած՝ ինքս էլ երբեք այդ մասին չէի մտածել, մինչ այն պահը,երբ առաջին անգամ, կատարեցի ոչ ինձ բնորոշ մի սխալ ընտրություն, որը, անշուշտ, խախտեց հաճելի ընթացք պարգևող ճանապարհի ընթացքը:
Առհասարակ, երթուղային մուտք գործելիս, առանց մի վայրկյան իսկ տատանվելու, ընտրում եմ միայնակ նստարաններից մեկը. սիրում եմ միշտ առանձնանալ, լինել ինքս իմ գուցե և անհեթեթ մտքերի աշխարհում:Դա դեռ բավական չէր,սկսեցի այնքան հաճույք ստանալ միայնությունից,որ ինքս ինձ համար հստակ որոշեցի,որ կյանքում ևս կարող եմ լինել միայնակ ու բոլորովին էլ չվհատվել այդ հանգամանքից,ինչպես շատերը կվարվեին նման պարագայում:Ավելին՝մտքիս ծայրով հասցրեց անցնել այն միտքը,որ դա հերթական անգամ ապացույցն է այն բանի,որ ես նման չեմ մյուսներին (Ախ այդ եսասիրությունը,որքան ենք սիրում մեզ առանձնահատուկ զգալ,հատկապես արվեստագետներս): Միայնակ ուղևոր լինելու առավելություններն ավելի հստակ ուրավգծվեցին ինձ համար հենց այն պահից, երբ միայնակ նստարանների զբաղված լինելու պատճառով, ստիպված եղա զբաղեցնել երկտեղ նստարան, որի երկու նստատեղներն էլ դեռ չէին գտել իրենց ուղևորին: Իհարկե նման պարագայում միշտ նախընտրում եմ պատուհանի կողմը նստել,որպեսզի գոնե ինչ-որ չափով կարողանամ ինձ առանձնացած զգալ՝ հերթական անգամ փորձելով թափանցել իմ իսկ մտքերի խորքը՝ համոզված լինելով, որ ոչին չի կարող փչացնել ինձ համար այնքան սիրելի երթուղայինի ընթացքը: Այնուամենայնիվ, առաջին իսկ ուղևորների ոտնաձայները սկսում են ինձ անհանգստացնել. սրտատրոփ սպասում եմ, թե տեսնես ով է լինելու իմ ուղեկից-կողակիցը: Անհանգստությունս փոխվում է հիասթափության,երբ քայլերը,որոնք հազիվ մոտեցած,արդեն հեռանում են՝ ինձ համակելով չընտրված լինելու տհաճ զգացումը,իսկ եսս դեռ հասցրել էր հիանալ իրենով: Ու հերթական անգամ համոզվում եմ, որ ինքնակամ միայնակ լինելու ընտրությունից ավելի լավ բան չի կարող լինել, չէ՞ որ այդ պարագայում երեբեք չես բախվի չիրականացված սպասումների տհաճ զգացողությանը:Իսկ երկտեղանի նստարանում ուզես-չուզես, ի վերջո՝ բախտի բերմամբ, թե պատահմամբ, կողքդ մեկը հայտնվելու է, և ոչ միայն մեկը, այլ միանգամից մի քանիսը, որովհետև մոտակա կանգառում յուրաքանչյուր նախորդը շտապում է լքել երթուղայինը, չհիշելով անգամ դեմքիդ  ուրվագիծը…
Ու թեև, այդ անգամ, քիչ-քիչ համակերպվել էի իմ ուղեկիցների չավարտվող հերթափոխին, բայց ինձ դուր չէր գալիս բախտի քմահաճույքով բաժին հասած ուղեկիցների երևույթը, չէ՞ որ նրանք հայտնվում են քո կողքին հենց այն պարզ պատճառով, որ ուրիշ ազատ տեղ չկա, բա հո կանգնած չեն մնալու… Չէ՛, երբեք չէի ցանկանա,որ իմ կողակիցը էդպես ինձ  բաժին ընկներ:

Իսկ ձեր դեմքերը,տեսնում եմ, արդեն հասցրեցին անտեղի կարեկցանքի արտահայտություն ստանձնել իմ միայնության նկատմամբ,բայց մի՛ շտապեք տխրել,չնայած  գիտեմ, որ դրանով շատերիդ  <<ախորժակին քացախ արեցի>> ,չէ՞ որ արդեն տրամադրվել էիք մի քանի թախծոտ տող որսալու ու արտասվելու՝ սեփական անհաջողություններից մի քանի տողը մոռացության մատնելու համար:Մոռացե՞լ եք  ինչ է, որ կյանքում չնախատեսված հաճելի անակնկալներ էլ  են լինում: Երբ գալիս է նախախնամության հերթական բարի չարաճճիությունն անելու պահը,նա չի զլանում մատուցել իր անակնկալը: Ով գիտե՞, գուցե՞ իմ ուղեկիցը լինի հենց այն մարդկանց շարքում, ովքեր նստարան չլինելու պատճառով կանգնած են մնացել: Եթե դա այդպես է, ես բնավ չեմ վարանի նույնիսկ իմ միտեղանի նստարանը կիսելու հենց այդ ուղևորի հետ: Չէ՞ որ, երբ երկու հոգի սիրում են միմյանց, միաձուլվում են, դառնում մեկ, իսկ այդ դեպքում մեզ մեկ նստատեղն էլ լրիվ կբավարարի, մի՛ մտահոգվեք:
Եվ մինչ ես իմ սխալ ընտրած նստարանի բեռն էի կրում, սկսեց անձրևել: Հետզհետե ավելացող կաթիլները, ասես զգալով, որ ես հարազատ մեկի կարիքն ունեմ, տկտկացնելով ավտոբուսի պատուհանին՝ սկսեցին շատախոսել՝ իրենց խոհերը կիսելով ինձ հետ: Որքա՜ն տարբեր են նրանք:Նրանք ևս, ինչպես ուղևորներս, սկսեցին կատարել իրենց ընտրությունը:Մեկը վախեցած կպել է ապակուն ու վախենում է ցած գլորվել, վախենում է այն մտքից, որ իր վերջին հանգրվանը կոյուղին կամ ջրափոսն է լինելու,նա այդ <<ախորժակով>>  չէր երկնքի բարձունքը լքել:Քանի անգամ էր մտքում համառորեն կրկնել.<<Եթե ջուր,ապա ամենասուրբը>>,-այսինքն մեռոնը,բայց քեզ լսողն ո՞վ է, հարգելի՛ս,դու հենց այն պահին ես ընկել,երբ լացել սիրող ամբոխը, հեռուստացույցի կապույտ էկրանը գրկած, ամենասրտաճմլիկ հեռուստասերիալն է դիտում ու ինչքան էլ բարձր բղավես,միևնույն է, քեզ ոչ ոք չի լսի: Իսկ,ահա, այս կաթիլը,պատուհանին ընկնելուն պես, շտապում է ցած գլորվել: Նա ինքնամոռաց գնում է դեպի իր վախճանը՝ հիմաբար ականջ դնելով հուսահատ ամբոխի այն պնդմանը, թե <<պայքարը անիմաստ է>>:Գտնվեցին նաև կաթիլներ,որ կամ չէին բարեհաճել երկնքում հստակ պայամանավորվել երկրի վրա հանդիպման մասին,կամ էլ ինչպես միշտ մեկն անպարտաճանաչ էր գտնվել:Ամեն դեպքում, ցավոք, արդեն շատ ուշ է որևէ անփութություն շտկելու համար, քանի որ կյանքում հնարավորությունը միայն մեկ անգամ է տրվում մարդուն կամ… կաթիլին: Իսկ վերջում ես ամենաերջանիկ մեղեդու պես ունկնդրում եմ այն փոքրաթիվ իրար միաձուլված զույգ կաթիլների զվարթ քրքիջները ու չընդհատվող սիրո խոստովանությունները: Ի՜նչ լավ է, երբ որոշ դեպքերում ճակատագիրը հրեշտակային բարություն է կիրառում…
Իսկ ես՝ միայնակ ուղևորս, կշտապեմ մոտակա կանգառում լքել ավտոբուսը,շարունակությունը թողնելով հաջորդ ուղևորին,որը չգիտեմ տեղս գրավելով կստանձնի՞ կաթիլների պատմությունները լսողիս դերը,թե՞ ինքն էլ կընկղմվի առանց այդ էլ գլուխը կարկտահարող դարդերի գիրկը:

_ Կանգառում կկանգնեք:

Վերջնական Փուլ-10 Լևոն Շահնուր

Հավերժ երազ

Աղջիկը`մոր անհանգիստ ձեռքով բացված դռնից ու հոր`գրպանում հեռախոսին դաշնակահարի ցնցվող մատների ուղեկցությամբ`ներս մտավ սենյակ:Սեղանի հետևում`ծուռ դրված ակնոցի խորքում`բարձրացավ մշտաբան պրոֆեսորի ժպիտը.

-Սիրանուշ Աբգարյանը դուք եք?, պարզ է…Իսկ դուք երևի ծնողներն եք?

-Այոո…

-Բարի…Հետազոտելուց հետո ընդհանուր այն եզրահանգմանը եկանք, որ մի կարճատև վիրահատություն պետք է անցկացնել:Ասեմ, որ բացարձակապես անհանգստանալու պատճառ չկա: Կարելի է ասել, որ ամեն երրորդ մարդ ենթարկվում է այդ բուժմանը…

Եվ բժշկի սուր աչքով նկատելով մոր`ձեռքի մեջ խցկվող եղունգը`շարունակեց.

-Հավատացեք, տիկին, լուրջ բան չկա…ընդամենը քթի միջնապատն է վնասված: Դա տևելու է առավելագույնը քառասուն րոպե…

Մայրը շոյելով աղջկա վարսերը`արթնացող մայրական բնազդը զսպելով `հանգիստ ասաց.

-Իսկ երբ? եք նախատեսել վիրահատման օրը…

-Որքան շուտ, այնքան ավելի վստահ կգործենք…Պատրաստվեք երկուշաբթի օրվա համար`այսինքն վաղը չէ մյուս օրը:

Սենյակից դուրս գալով սկսեցին իջնել ներքև: Երբ վերջին աստիճանից ցած իջան, աղջիկը, խախտելով ծնողների պայթող լռությունը, ասաց.

-Մի~ մտածեք`չեմ վախենում…

Հայրը, կոկորդում պահելով տղամարդկային արցունքի գունդը`դուրս հանելով հեռախոսը զանգեց հենց առաջին պատահած համարով…Իսկ մայրը պատասխանեց.

-Գիտեմ…դու իմ փափուկ ու իմ անվախ աղջիկն ես…

Վիրահատման օրը եկել էին գրեթե բոլոր ծանոթ-բարեկամները,իսկ ուսանող ընկերներից նկատվում էր ներս հալվող ջրով Տարոնի աչքերը…

Սիրանուշի ու այս տղայի միջև երկու տարվա ընթացքում փոխանակվել էին կիսածիլ սիրո մտքեր ու անզուսպ հայացքներ:Երկուսն էլ գիտակցում էին, որ մի օր առանց ավելորդ խոսքերի`բռնելով իրար ձեռք կանգնելու են երջանկության հրավիրող շեմին…

Աղջկա ճակատին հպված մոր թեթև համբույրըմինչ ցավազրկումը մզզացող մաշկի տակից քոր գալով հիշեցնում էր իր մասին…

Քնաբերը ներարկվել էր: Սիրանուշը մինչև խորքը խաղաղվեց ու բժիշկները սպիտակված`իրար մեջ ձուլվելով մշուշվեցին: Հետո բոլորը ջնջվեցին`վերջում պարզ նշմարվեց Տարոնի դեմքն ու անջատվեց հոգին…

…Կապույտի մի թև պոկվելով ցած հպվեց աղջկա կիսաբաց աչքերին,ինչը միանգամից արթնացրեց քնատ հոգին: Գլուխը շրջեց կողքի, ուր փռված էր անգույն անապատը: Երբ ոտքի կանգնեց`դեռ օրորվող առաջին քայլի հետ դուրս աճեցին անթիվ անհամար գույներով ծաղիկներն ու կանաչ ծածկը հոսեց ոտքերի տակ, իսկ ծառերն ամեն նոր քայլի հետ կլորվելով ու միահյուսվելով`բարձրանում-փարթամանում էին…

Հոգին առաջին անգամ ազատ էր. չկային հեռավոր ու տանջող մտքեր`ինչու, եթե, ինչպես ու նման բզկտող շաղկապներ: Բացարձակությունը լցվել էր ներսը`հենման կետ չկար:Հոգում, մարմնում ու մտքում միայն թռիչքի ծփանքներ էին թևածում:Սիրտը հաճելի զգացողությամբ արագ-արագ բացվում ու փակվում էր: Սավառնող հոգին իր գոյությունը զգում էր մի տեսակ անջատ առանց իրեն հայելու`անսահմանության մեջ անմարմին վիճակում առանց խոցվելու գաղափարի:

Մոտեցավ գալարուն նոր բուսնող հերթական ծառին, որի վրա պտուղների փոխարեն կախվեցին ջրի նման մեծ կաթիլներ:Մոտենալով նրանցից մեկի մեջ փնտրեց իրեն,սակայն արտացոլման մեջ միայն մի երանգ տեսավ գունեղ`երկարուն կամարով առանց որևէ կաղապարի: Հասկացավ, որ դա ինքն է`չկար դիմագիծ, որ այլայլվեր, չկար կեղծից արթնացող դիմախաղ…Այստեղ ամեն ինչ համահունչ էր`առանց տարբերակման ժպիտների ու դիմակների:

Աղջիկն իր երանգով մտավ կաթիլի մեջ, ուր հրաշալի սառնությունը պարուրեց հոգին ու աստվածային նիրհը սոսափվեց անմարմնով: Չկար վաղը, չկար մյուս օր, չկար կյանքից կախված ապրելու բազում թելեր, չկար մահվան սպասման ժամ…

Դուրս գալով կաթիլից`նետվեց հեռվում երևացող ծիածանը, որի գույների ծալքերով անցնում էին իր նման երանգները դեպի վեր ու վեր: Դա մարդկային երազների կացարանն ու հանգստարանն էր…Իրար վրա գրկված գույները մերվելով, հաշտ ու համերաշխ բարձրանում էին միևնույն ուղղությամբ: Իսկ առավոտն ամեն մեկն իր մահճում արթնանալով շեղվելու էին…

Այստեղ չկար ներկայացնող ինչ-որ մեկը`չկային մածուցիկ իմաստությամբ օձ գիդեր: Այստեղ երևույթներն ու անկանոններն իրենք էին խոսում անկեղծ ու բնական…Այդ պատճառով աղջիկը չէր դժվարանում ինքնազգացողության ճանաչմանը:

Հետո սավառնեց ամպերից վեր`ուր տիեզերքն էր ահագնանում: Անքանակ աստղերը փոքրանալով կաթում էին իր երանգին: Արթնացնելով անխոս մի սեր`խորհուրդներ էին ցանում այնտեղ առանց խղճուկ խոսքերի…

Հայտնվեց մի վայրում`ուր սովորական մարդիկ էին`մարմնով ու դեմքով: Այստեղ մեկը մյուսին տեսնում էր նույն այդ տեսքով, սակայն երբ իրենց ուզում էին տեսնել ջրի հայելում, կամ կաթիլում`գտնում էին նույն երանգը`ուրիշ ոչինչ:Աղջիկը սա էլ հասկացավ: Այսպես էր, որպիսզի մեկը մյուսին նայելով`Աստծո դիմային փոսիկների օգնությամբ մշակեր իր մոռացված դեմքը`սիրելով այն`ուրիշի մեջ իրեն գտած ամուր սիրով:

Եվ տիրում էր խաղաղություն…

Երբ փորձեց մոտենալ, խոսել մի երկուսի հետ`պատկերը հեռացավ ու կորավ անհունում…Միայնության զգացումը հանկարծակի կապտեց հոգին…Փնտրեց աստղերին, որոնք նույնպես փայլեցին հեռավոր մի կետում: Որոնեց կաթիլի ջերմացնող նիրհը, սակայն սրանք էլ անէացան: Ձգվելով ուզեց փարվել հսկա ծառերին, բայց դիպչելով փոշիացան: Անապատի կանաչն ու ծաղիկները հոսելով վեր սլացան ու հեռացան…

Ու առաջին անգամ հիշեց երկիրն ու ծնողներին…Հիշեց սիրո միշտ երազած պիրկ համբույրը ու սլացավ երևացող դեպի լույս մի կետ`ուր կային հենարաններ`սիրով լցված հիշողության վառ պատկերներ:

…Աղջկա ցնցումները բժիշկներին շտապ սենյակ էին բերել: Հայրը կոկորդում պահած արցունքի ցամաք գունդն էր դռան հետևում անձայն լալիս…Իսկ մայրը, ում աչքերը կարոտից արդեն չորացել ու կողքերը տապից մաշկի վրա ճեղքեր էին առաջացրել`աղոթքի անհագ սպասումով`աղջկա ձեռքը բռնած, նվաղած մտքերի մեջ ընտրվածն էր նա կրկնում.

-Սիրանուշ…աղջիկս, արթնացիր…Աստված իմ, օգնիր էրեխուս…

Աղջիկը պինդ թարթիչները մի քանի թրթիռներից հետո պոկեց: Առաջին շարժումը եղավ`երկրին կապող դեռ մնայուն ճակատի մոր հիշեցնող համբույրին դիպչելը…Ներկա հայացքները ներս խուժեցին դեռ փակ խորքը…Բժիշկները արագ-արագ ինչ-որ սարքավորումներ էին միացնում ու անջատում: Մայրն արդեն անզուսպ կսկիծով դեմքը ջնջել էր աղջկա նոր բացվող ափի մեջ:

Հարցերին, թե ինչ? էր տեսել կամ զգացել`աղջիկը միայն հիշում էր երկարուն լուսե կամարն ու առաջանալը դեպի լույսը`մնացածը զգում էր հոգու շնչող ծակոտիներում…

Երեկոյան, երբ նորից հավաքվել էին բարեկամները, որոնց մի մասի դեմքը անծանոթ էին թվում`աղջիկը հարցրեց ուսանող ընկերների մասին,իսկ մտքում Տարոնն էր…

Մայրը կցկտուր բառերի մեջ չկարողանալով կապ հաստատել`ասաց, որ կգան…

Աղջիկը դանդաղ բարձրացնելով ձեռքը, կողքի պահարանի վրայի թերթ-ամսագրերից վերցրեց մեկը…Այս շարժմանը բոլորը դողով հետևում էին, իսկ բառ չկար, ինչ-որ անորոշ մթնոլորտ էր կախվել ներքև…Աղջիկն անփութորեն աչքի անցկացնելով մի քանի էջ ուզում էր կողքի դնել, երբ նկատեց ամսաթիվը`2013 մայիսի…

Անմիջապես նայեց բոլոր կանգնածներին, որոնք գլուխները ցած քարացել էին: Միայն քրոջ փոքրիկն էր արդեն բլբլալով ու թույլ քայլերով այս ու այն կողմ գնում-գալիս…Հանդիպեց մոր զսպված կաղկանձ աչքերին ու կարդաց`ծնողի ցավը երկնքից էլ մեծ.

<<Քեզ հետ կատարվածը բացառիկ երևույթ էր: Վիրահատումից հետո չարթնացավ գիտակցությունդ: Տարբեր երկրներից եկան մասնագետներ, սակայն այդպես էլ մնացին լուծումից հեռու`ակնոցների հետևում…Կլինիկական մահ կոչվածը սպասել տվեց արդեն…երեք տարի…Խենթանալուց առաջ անցած ու ծեփված սառը պատերին սպասում էի քեզ, իմ աղջիկ…Աստծուն է միայն հայտնի հոգուս բարձրացած քար անկյունները…>>:

Աղջկա անբավարար հայացքը գնալով ավելի էր լարվում: Մայրը հասկանալով շարունակեց` արդեն ցայտող բուռն արցունքով. <<Քո ընկերներն ավարտել են ինստիտուտն ու շատերը ընտանիք են կազմել: Տարոնը բազում անգամ լուսացրեց կողքիդ,սակայն բարձրաձայնած սիրո խոսքը վեր համարեց ծանր, բայց վեհ սպասումից ու գտավ մեկ ուրիշի…>>:

Աղջիկը քիչ բարձրացավ տեղում ու գրկելով աստղալույս երանգ հոգին`արցունքով ցողեց վառվող սիրտը.

-Մայրիկ, այս բոլորն ու իմ քունը թվաց ինձ մի ակնթարթ…Միթե? ամբողջ կյանքս տեղավորվեց ակնթարթում…

Ու գրկելով տառապախեղդ մոր գլուխը`հասկանալով արդեն ծանոթ նույն Անխոսը`հանգիստ ձայնով ավելացրեց.

-Մայրիկ, հիշում ես? վերջին օրն ինչ ասացի…Հիմա առավելևս.

-ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ:

Զգում եմ,որ ապրել եմ Աստծո անհենարան էությունում`գեթ մի վարկյան Հավերժ երազում:

Վերջնական Փուլ-9 Միքայել Վարդումյան


Իմ ապոկալիպսիսը
Ռոզան մղձավանջ էր տեսնում: Նա կանգնած էր իր հարազատ քաղաքի կենտրոնում, շուրջը վազում էին խուճապահար մարդիկ, ինչ-որ տեղ շտապող ավտոմեքենաները բախվում եին միմյանց, շուռ գալիս, պայթում: Իսկ Ռոզան, պահպանելով սառնասրտությունը և ժպտալով անցնող մարդկանց, կանգնած էր նույն տեղում: Հանկարծ հեռվում սարսափելի ուժգնության պայթյուն տեղի ունեցավ, գետինը ցնցվեց, իսկ վախեցած մարդիկ քարացան` հայացքները ուղղած պայթյունի կողմը:
Ատոմային ռումբի պայթյունից առաջացած լուսային ճառագայթումը կուրացրեց
բոլորին: Մի քանի վայրկյան անց հարվածային ալիքը սրբեց-տարավ բոլոր
շենքերը, ավտոմեքենաները և մարդկանց: Ռոզան կանգնած էր իր տեղում և
շարունակում էր ժպտալ: Տարբերությունն այն էր, որ այժմ նրան շրջապատում
էին վառվող ավերակները:Ռոզան խուճապի մեջ արթնացավ և ճչոց արձակեց: Արթուրը վեր թռավ անկողնուց, ուշքի եկավ խորը քնից հետո և նայեց Ռոզայի վրա:- Դարձյալ այդ երազը, — հարցրեց նա:- Այո, — շնչահեղձ լինելով պատասխանեց նրա կինը:Արթուրը լուռ վեր կացավ, գնաց խոհանոց և վերադարձավ` ջրի բաժակը ձեռքում:
Սկզբում նա մտածում էր, որ Ռոզան դա հատուկ է անում, որպեսզի արժանանա
Արթուրի համակրանքին. վերջերս ամուսինը ընդկծված անտարբեր էր նրա հանդեպ:
Սակայն դա կրկնվում էր ամեն գիշեր, և եթե Ռոզան ձևացներ, ապա մի քանի
անհաջող փորձից հետո կդադարեցներ դա, որովհետև Արթուրը չփոխեց իր
վերաբերմունքը նրա նկատատմամբ:

Մի քանի կում անելուց հետո Ռոզան ուշքի եկավ:

— Սիրելիս, հիշում ես, թե ինչ էր ասում հոգեբանը, — ասաց Արթուրը, — դու
պետք է ուղղակի չմտածես այդ երազի մասին: Դա լիովին քեզանից է կախված…
Ես, ինչ է, իզուր էի խնդրել նրան զրուցել քեզ հետ…

— Հիշում եմ, — ընդհատեց նրան Ռոզան, — ես ամեն ինչ անում էի այնպես,
ինչպես նա ասաց:

— Այդ դեպքում ինչում է խնդիրը, — քթի տակ փնթփնթաց Արթուրը:

— Քո կարծիքով, ծանոթ հոգեբանը կլուծի բոլոր խնդիրները: Իսկ ես գիտեմ, թե
ինչում է խնդիրը, — պատասխանեց Ռոզան: — Այդ երազը մարգարեական է…

***
Առավոտյան ժամը ութին Արթուրը վեր կացավ` աշխատելով չաղմկել, որ
չարթնացնի խաղաղ ննջող Ռոզային, սափրվեց, իր արտաքին տեսքը կարգի բերեց, արագ նախաճաշեց և դուրս եկավ: Արթուրը շտապեց` դեռ շուտ էր գործի գնալու, և նա որոշեց մի քիչ զբոսնել քաղաքի փողոցներով: Նա պաշտպանության
նախարարությունում մի աննշան պաշտոն էր զբաղեցնում: Անցնելով կրպակների կողքով, Արթուրը ամեն անգամ ուշադրություն էր դարձնում թերթերում տպված հոդվածների վերնագրերին: “ՆԱՏՕ-ն վերջնական որոշում է կայացրել ագրեսորների դեմ պայքարելու հարցի շուրջ”, “Ինչպես կպատասխանի Արևելքը”, “Աշխարհը վտանգի տակ է”, “Էքստրասենսները պատերազմի սկիզբն են կանխագուշակում” և այլն:

Բոլորը խոսում էին միայն սպասվող պատերազմի մասին: Հեռուստատեսությամբ,
թերթերում, ինտերնետում… Ոմանք չէին կասկածում, որ պատերազմը կսկվի,
ոմանք էլ թերահավատորեն էին վերաբերվում այդպիսի խոսակցություններին:
Վերջինների թվին էր պատկանում նաև Արթուրը: “Զարմանալի չի, — մտածում էր
նա, — որ Ռոզան տարվել է այդ մտքերով”:

Այնուամենայնիվ Ռոզան հավասարակշռված մարդ էր: Նա երբեք խնդիր չէր
տեսնում նրանում, ինչը դեռևս չի կատարվել կամ կասկածի տակ է: Իսկ այժմ…
նա պնդում է, իբր մարգարեական երազ է տեսնում: Այդ ամենը տարօրինակ էր:
Մտորումների մեջ ընկած Արթուրը ոտքով եկավ իր աշխատանքի վայրը:

Անցնելով աշխատանքի` նա շեղվեց այդ մտքերից, բայց շատ շուտ բախտի բերմամբ վերադարձավ դրանց: Նա աշխատում էր հաշվապահությունում, որոշ
նախարարությամբ ֆինանսավորվող նախագծերի թղթերը անցնում էին նրանց
ձեռքերով: Եվ ահա Արթուրի գործընկերն ասաց.

— Հիշում ես Ալբերտին, որ աշխատեց այստեղ երկու ամիս, հետո ավելի բարձր
պաշտոն ստացավ:

— Հիշում եմ, — առանց խանդավառության պատասխանեց Արթուրը:

— Ալբերտը զբաղվում էր որոշ գաղտնի նախագծերի ֆինանսականով: Երևում է,
նրան վստահում էին վերևներում:

— Դա էլ եմ հիշում:

— Երկու ամիս առաջ նա անհետ կորել է: Դուրս է եկել գործի տեղից և տուն չի
եկել: Զարմանալին այն է, որ նրան անհետ կորած հայտարարին, չնայած որ նրա
անհետացումից նույնիսկ երեք օր չէր անցե~լ:

— Իրոք կասկածելի է, — Արթուրը հետաքրքրվեց այդ պատմությամբ:

— Դու շարունակությունը լսի, — նա սկսեց ցածր խոսել: — Ամենահետաքրքիրն

այն է, որ անմիջապես անհետանալուց առաջ նա մի բան պատմեց մերոնցից մեկին,

— Նա չասաց այդ մարդու անունը: — Ալբերտը պատմում էր, իբր
նախարարությունը մի նախագծով է զբաղվում, որի գաղտնանունն է “Վերադարձված քաղակրթություն”: Զարմանալի անուն է, չէ: Ամենազարմանալին հենց ինքը նախագիծն է: Նրանք ինֆորմացիա են հավաքում, ահռելի ինֆորմացիա… Գրքեր, երաժշտություն, թանգարաններից գնում են նկարներ և քանդակներ (այս մասը իրոք ճիշտ է, ես ստուգել եմ): Բացի դրանից, Ալբերտի խոսքերով, կառավարությունը չորս միլլիարդ է տրամադրել այդ նախագծին: Գիտես, թե ուր են գնում այդ փողերը:- ՈՒր:- Կենեդիի տիեզերական կենտրոն:- Բայց այնտեղ տիեզերանավեր են բաց թողնում…- Ճիշտ է: Ալբերտը ավելի խորը փորեց, դե դու գիտես նրա տաղանդը, և
իմացավ, որ տիեզերական կենտրոնը պոլիգոն է կառուցում ինչ-որ կղզու վրա
Ատլանտյան օվկիանոսում: Ինչի համար, ոչ ոք չգիտի: Մեր գործընկերոջ
խոսքերով Ալբերտը շատ վախեցած էր, երբ պատմում էր դա, իսկ երկու ժամ հետո նա անհետանու~մ է:

— Շատ տարօրինակ է, — արտասանեց մտածմունքի մեջ ընկած Արթուրը:

— Ես քեզ սա պատմեցի, որովհետև մենք ուզում ենք, որ հնարավորինս շատ մարդ
իմանա այդ մասին: Ինքդ ես հասկանում…

— Այո, ամեն ինչ հասկանալի է, — պատասխանեց Արթուրը:

***

Ընմիջման ժամանակ Արթուրին զանգահարեց իր հին ընկեր Մաքսը: Նա լրագրող էր և միշտ, երբ մի հետաքրքիր նյութ էր գտնում, զանգում և խորհրդակցում էր Արթուրի հետ: Հիմա էլ նա սկսեց պատմել իր հայտնագործության մասին:

— Հիշում ես, մեկ տարի առաջ երկու հարգված ֆիզիկոսներ հայտարարին, իբր
պիտի համաշխարհային պատերազմ լինի, և մարդիկ պիտի խոչնդոտեն դրան: Նրանք նաև փորձում էին ինչ-որ ապացույցներ ներկայացնել, բայց ոչ ոք նրանց լուրջ չընդունեց:

— Այո, հիշում եմ: Լսել էի դրա մասին հեռուստացույցով, — պատասխանեց Արթուրը:

— Ես նոր մանրամասներ եմ իմացել այդ գործով: Պարզվում է, որ նրանք ինչ-որ
սարք էին կառուցել (հովանավորում էր պաշտպանության նախարարությունը),
որով կապվել էին ապագայի հետ և այնտեղից էին իմացել դրա մասին:

— Ով է քեզ այդ հեքիաթը պատմել, — Արթուրը ժպտաց:

— Այդ ամենը նկարվում էր թաքնված տեսախցիկով, եղբայր: Եվ ես գտա~ այդ
ձայնագրությունը: Այն ձեր արխիվներում էր:

— Ինչպես կարողացար մտնել նախարարության արխիվ, — Արթուրը խոսում էր
շշուկով, որ կողքի մարդիկ չլսեն:

— Դու գիտես, ծանոթ ունենալը կարևոր բան է: Եթե բախտս բերի, — շարունակեց
Մաքսը, — վաղը արդեն կտպեմ հավաքված նյութը: Եթե հետս մի բան պատահի,
իմացիր, որ դա դժբախտ պատահար չէ, — նա ծիծաղեց:

Այս խոսակցությունից հետո Արթուրը վերջնականապես ընկճվեց: Ինչ է
նշանակում այդ ամենը: Ալբերտը երբեք կատակասեր չի եղել, նրա պատմածը
անհավատալի էր, բայց անհետացումը հաստատ պատահականություն չէր: Իսկ Մաքսի պատմածը… Եվ բոլոր հետքերը տանում են պաշտպանության նախարարություն: Ինչ են նրանք կազմակերպում:

Արթուրի մտքին դարձյալ եկավ Ռոզայի երազը: Իսկ եթե այդ ամենը ճիշտ է: Այդ
երկու ֆիզիկոսների փորձը, “Վերադարձված քաղաքակրթությունը” խոսում էին
դրա օգտին:

Նա տուն վերադարձավ վատ տրամադրությամբ` տագնապալից և մռայլ մտքերը
հանգիստ չէին թողնում նրան: Ռոզան սեղան գցեց, նրանք լուռ ընթրեցին,
նույնպես լուռ նստեցին հեռուստացույցի առջև և գնացին քնելու: Երկու իրար
օտար մարդ իրար մեջքով էին պառկել, և յուրաքանչյուրն իր մտքերով էր
տարված: Լիովին օտարանալու համար նրանց պահանջվեց ընդամենը երեք տարի:
Արթուրը կարեկցում էր Ռոզային, բայց նվիրվածություն չէր ցուցաբերում, իսկ
Ռոզան այնպես էր իրեն պահում, կարծես լիովին անկախ է և նույնիսկ մենակ:

***

Այս գիշեր նույնպես Ռոզան արթնացավ խուճապի մեջ: Արթուրը նորից
հանգստացրեց նրան, բայց այս անգամ նկատեց, որ արդեն վերաբերվում է այս
ամենին զայրույթով: Ռոզան իրոք զայրացնում են նրան, սակայն նա ցույց
չտվեց իր զգացմունքները:

Նույն բանը կրկնվեց հաջորդ երկու գիշերները, իսկ հետո Արթուրը նկատեց, որ
իրեն հետևում են: Նա չէր կարող ճշգրիտ ասել, թե ով և ինչու, բայց չէր
կարող նաև ազատվել այդ զգացողությունից: Ներքին ձայնը հուշում էր նրան,
որ այդ ամենը կապված է իր գործընկերոջ և Մաքսի պատմությունների հետ: Ամեն ինչ պարզ դարձավ, երբ նրան մոտեցան փողոցում զբոսնելու ժամանակ: Նրան մոտեցավ մի ամրակազմ, լուրջ դեմքով տղամարդ և առանց նախաբանի ասաց.

— Այն ամենն, ինչ ձեզ պատմել են մի քանի օր առաջ, էական բան չէ: Մոռացեք
դրա մասին: Դա պետք է ձեր և ձեր կնոջ ապահովության համար:

Արթուրը ոչինչ չպատասխանեց, միայն դրական գլխի շարժում արեց: Դրանից հետո նրան այլևս չէին հետևում, սակայն Արթուրը ցասումի մեջ էր. նրան սպառնու~մ էին: Սպառնում էին Ռոզային: Նա վերադարձավ տուն, արագ հանեց վերարկուն և սկսեց քայլել սենյակներով` մտածմունքի մեջ ընկած:

Ռոզան հեռուստացույց էր նայում: “Բարի երեկո, այսոր 2013 թվականի ապրիլի
…, դուք դիտում եք նորություններ, — մի փոքր ուշ հաղորդավարուհին ասաց,
— Ֆրանսիացի լրագրողները նոր տեղեկություններ են հրատարակել իբր թե
պատրաստվող համաշխարհային պատերազմի մասին…”

— Հերի~ք է, — գոռաց Արթուրը` ձեռքերով ականջները փակելով, — Այլևս ոչինչ
չեմ ուզում լսել դրա մասին, բավակա~ն է:

Նա գցվեց բազկաթոռին և տնքոց արձակեց: Ռոզան լուռ մոտեցավ նրան և գրկեց:
Նա կարծես թե հասկանում էր, թե ինչ է զգում Արթուրը: Արթուրի համար դա մի
անսովոր բան էր. համատեղ ամուսնական կյանքի ընթացքում սա երևի թե առաջին անգամն էր, երբ նրանք հասկացան միմյանց:

Նրա վերաբերմունքը կնոջ նկատմամբ իսկույն փոխվեց: Նա ինքը զարմացավ, թե
ինչ շուտ իր հոգում փոփոխություններ եղան: Այդպես նստեցին նրանք քսան
րոպե, հետո Արթուրը ցածր ձայնով հարցրեց Ռոզային.

— Քո երազում ասվում է, թե երբ կսկսվի… պատերազմը:

— Դա ընդամենը զգացողություն է, բայց… վաղը, — պատասխանեց Ռոզան:

Վերջին բառը հնչեց որպես ճակատագրական արձագանք: Արթուրը չզարմացավ և
նույնիսկ չվախեցավ:

— Ես սիրում եմ քեզ, — ասաց նա` համբուրելով կնոջը, — Այժմ ես հասկացա`
իզուր չէ, որ հենց դու էիր տեսնում այդ երազը:

— Ինչու:

— Դու կարծես այս աշխարհից չլինես: Դու մաքուր, անմեղ էակ ես` հեռու
բոլոր այդ պատերազմներից:

— Ես մտածում եմ… իմ միակ արժանիքը նա է, որ ես քեզ եմ սիրում:

Նրանք կրկին համբուրվեցին: Եկավ այդ պահը: Նրանց այլևս չէր
անհանգստացնում պատերազմը, մահը, ոչինչ: Նրանք կարծես պատահականորեն
հայտնաբերեցին միմյանց, հասկացան իրենց զգացմունքները: Այդ գիշեր Ռոզան
ոչ մի մղձավանջ չտեսավ:

***

Ողջ աշխարհը ճչում էր: Հեռուստատեսությամբ, ինտերնետում, թերթերում,
պարզապես փողոցներում բոլորը և ամեն ինչը գոչում էր. “ՊԱՏԵՐԱԶՄ Ե”
ՍԿՍՎԵԼ: ՊԱՏԵՐԱԶՄ Է ՍԿՍՎԵԼ”: Բոլոր տեղերում լսվում էին նույն բառերը.
“ՓՐԿՎԵՔ, ՊԱՏԵՐԱԶՄ Է ՍԿՍՎԵԼ”, “ԱՌԱՋԻՆ ՌՈՒՄԲԵՐԸ ԸՆԿԵԼ ԵՆ”:

Արթուրը և Ռոզան արթնացել էին, նրանք պառկած էին անկողնում` իրար գրկած և նայելով առաստաղին: Նրանք լսել էին ամեն ինչ, սակայն ոչ մի ռեակցիա չէին
տվել: Ռոզան ասաց.

— Հիշում ես, ինչպես մենք ծանոթացանք:

— Իհարկե, — պատասխանեց Արթուրը:

— Թվում է, թե դա շատ վաղուց է եղել: Դա կարծես ուրիշ Ռոզա լիներ: Սակայն
հիմա, — շարունակում էր նա, — ես հասկացա, որ ոչինչ չի փոխվել: Ես նույնն
եմ, իմ զգացմունքները քո նկատմամբ նույնն են: Մենք պետք է միասին մնանք
մինչև վերջ:

— Ինչու ես դա ասում, — հարցրեց Արթուրը:

— Ես քեզ չէի ասել առաջ… Իմ երազներից մեկում մենք… մենք…

— Մահանում ենք, — Արթուրը չէր ուզում այլևս ձգել:

Ռոզան փակեց աչքերը և սկսեց արտասվել:

— Պետք չէ, — ասաց Արթուրը: — Մենք երջանիկ ենք և պետք է ժպտանք: Դե
ժպտա, ժպտա ինձ հետ: Իսկ այժմ եկ ծիծաղենք, բարձր ծիծաղենք:

Արթուրը կանգնեց անկողնում և սկսեց այնպես ուժեղ ծիծաղել, որ դուրսը
անցնող մարդիկ նայում էին նրանց բնակարանի պատուհաններին: Ռոզան առանց երկար մտածելու միացավ նրան: Նրանք այնքան էին ծիծաղում և թռվռում
մահճակալի վրա, մինչև որ ուժասպառ չեղան: Այդ պահին Ռոզան էլ զգաց, որ նա
երջանիկ է և այդքան երջանիկ դեռ երբեք իր կյանքում չի եղել: Եվ ինչն է
դրան նպաստել: Պատերա~զմը:

Այդ օրը նրանք անցկացրին միասին: Փողոցներում տագնապ էր տիրում: Որոշ
մարդիկ փախչում էին քաղաքից, ուրիշները իրենց մտահոգությունն էին
արտահայտում ստեղծված իրավիճակի մասին: Եվ միայն մեկ զույգ քայլում էր
փողոցներում առանց որևէ բառ ասելու: Նրանք նստեցին սրճարանում, որտեղ
բացի նրանցից ոչ ոք չկար, գնացին զբոսայգի, որտեղ նստեցին մինչև ուշ
երեկո այն ուռենու տակ, որտեղ առաջին անգամ հանդիպել էին:

— Դեռ այն ժամանակ ես ինչ-որ տարօրինակ բան զգացի, — պատմում էր Ռոզան, —
Կարծես մեզ առանձնահատուկ դեր էր տրված:

Արթուրը ծիծաղեց և պատասխանեց.

— Ոչ մի դեր մեզ տրված չի: Մենք սովորական մարդիկ ենք, ոչինչ չենք կարող
փոխել: Նույնիսկ եթե ամենասկսբից հասկանայինք…

— Այդ դեպքում ինչի համար էր այդ երազը:

— Այն մեզ համար էր, — պատասխանեց Արթուրը:

Այդ ժամանակ ամբողջ քաղաքը ցնցեց տագնապալից ազդանշանը, որ տեղեկացնում էր ռմբակոծության մասին: Հազարավոր ձայներ միաժամանակ ճիչ արձակեցին, կարծես խորտակվող նավի ուղևորներ լինեին: Ոչ ոք չէր մտածում, որ հենց այս քաղաքը կենթարկվի ռմբակոծության: Ինչ-որ մեկը վազեց տուն հավաքվելու, ուրիշը ուղղակի վազեց փողոցներով` հույս ունենալով հասցնել, մյուսներն էլ հասկանում էին, որ դա անիմաստ է: Երկնքում նշմարվեց ռումբը, որ արագորեն իջնում էր մարդկանց գլխներին, որոնք բարձրացրել էին աչքերը և համր խոնարհությամբ հետևում էին մահվան սուրհանդակին:

Արթուրն ու Ռոզան նույնպես նայում էին ռումբին: Նրանք վերջին անգամ
նայեցին միմյանց աչքերին, վերջին անգամ համբուրվեցին և վերջին անգամ
ժպտացին միմյանց:

Ռումբն ընկավ: Այն այրեց շենքերը, փողոցները, մարդկանց: Սրբեց
մեքենաները, ծառերը, այդ թվում ուռենին, որի տակ նստած էր սիրահարվածների զույգը:

Պատերազմը սկսվեց անսպասելիորեն:

Վերջնական Փուլ-8 Վարդուհի Բադալյան

ՄԱԿԵՐԵՍ

Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը:
Ալբերտ Էյնշտեյն 

Եռաչափ տարածությու՞ն… զվարճալի է: իմ բացահայտած նորանոր չափումներն ինձ համար անհաշվելի մեծություն էին, ու ոչ թե նրա համար, որ ես դեռ չգիտեի դրանք անվանող թիվը կամ ի զորու չէի իմ գտած հերթական մեկը նախորդներին գումարել, այլ՝ իմ գտած չափումները հարափոխ էին: Եռաչափ տարածության նորմալ մարինների կողքին ես պարանորմալ սուբստանցիա էի, չկար ինձ համար նախատեսված տարածաժամանակային կետը՝ իմ ՏԵՂԸ: Ու քանի որ տեղս չէի գտնում, սկսեցի ձևափոխվել, խմորվել…

Հետո եկավ մի պահ, որ իմ աշխարհընկալումը հանկարծ դուրս եկավ ցանկացած չափումից, ապա տեղավորվեց մի հարթության մեջ ու, առօրեական լեզվով ասած, դարձավ տափակ: Աշխարհը թվաց իրական հեքիաթ իր տափակության մեջ, մակերեսային աշխարհընկալումը միանգամից ազատեց ավելորդ խոհերից, չարչրկված չափումներից ու փիլիսոփայություններից: Տափակությանս մեջ ես գտա մի միակ չափում՝ Հարթություն:

Ուղեղիցս զատ զգացմունքներս էլ սկսեցին տափակել ու տարածվել այդ հարթությամբ: Երբեմն ինչ-որ նավթոտ շերտ էր տարածվում հարթությանս վրա, արևի լույսի տակ այն թվում էր խայտաբղետ գունային գամմա՝ ասելիքով ու գեղեցկության պատրանքով: Բայց նա, ով ավելին ուներ, քան պարզապես եռաչափությունն էր, կհասկանար, որ այդ շերտն իրականում թունավորում է ինձ:

Հարթությունս մի սքանչելի հատկանիշ ուներ, որ ոչ միանգամից էի հայտնաբերել՝ ճկուն էր: Այն կարող էր ոլոր մոլոր անցնել այլ հարթությունների մեջ, կարող էր ցանկացած հարթության կողքին իր տեղը գտնել ու իրեն լավ զգալ, կարող էր անգամ տարածական մարմինների շարքում որպես մի աբստրակտ պատկեր ծավալի պատրանքով խցկվել ու սիրվել՝ իր նավթոտ մակերեսով ու իր մակերեսային <ես>-ով:
Հարթությունս սկսել էր ուրիշ հարթությունների ակտիվ հետաքրքրության առարկա դառնալ: Նրանք տարածվում էին իմ հարթությանը զուգահեռ, շարժվում իմ վեկտորին զուգահեռ, ապրում իմ կյանքին զուգահեռ ու չէին հասկանում, որ մեր հարթությունները երբեք չեն խաչվի այդ զուգահեռումներում՝ ես յուրովի տափակ էի, իրենք՝ պարզապես տապակ: Որոշ ալիքվող հարթություններ ճկվելու խղճուկ փորձեր էին անում, որ հարթությանս մոտ տեղ զբաղեցնեն, բայց իմ տափակությունն այլ ուղղությամբ էր ճկվում: Տարածական մարմիններն արդեն բացահայտել էին տափակությունն ու խուսափում էին իմ ճկուն հարթությունից: Նրանք սարսափի էին մատնվում իմ հարթությունից, ենթագիտակցական մակարդակով զգալով, որ այն մի ժամանակ իրենց չափումներից դուրս չափումեր է ճանաչել: Բոլոր առումներով, ես արդեն մերժված էի եռաչափ տարածության մարմինների կողմից: Նրանք ինձ մենակ թողեցին…
Հարթություններին ինքս մենակ թողեցի՝ ցավով հասկանալով, որ իմ ճկունությունն ինձ է դարձնում նրանց համար հետաքրքիր, բայց ոչ՝ հակառակը: Այն ճկունությունը, որ մի ժամանակ ինձ օգնում էր ճկվել ու մոտենալ ցանկացածի՝ անկախ այն կլիներ տարածական մարմին, թե հարթություն, այժմ ինձ օգնում էր ճկվել դեպի ազատ տարածություն, ուր մարմիններ չկային:
Ես աշխարհի բոլոր հարթություններից ամենամիայնակն էի:
Մենակությունն ինձ ստիպեց, որ փորձեմ վերագտնել ծավալը: Իմ խեղճ հարթությանը տրված չէր եռաչափ լինել, իմ ճկուն հարթությունը գալարումներում ցանկանում էր ստանալ տարածական պատկեր, ու հերթական անգամ հոգնած փռվում էր իր ողջ մակերեսով՝ ինքն իրենից հաղթված, հևասպառ, հուսահատ …
Իմ նորանոր չափումներում դեգերելով՝ ես մնում էի անտեսանելի եռաչափ տարածականների համար, տառապում էի, բայց չէի կարողանում հասնել նրանց, հասկացվել նրանց կողմից, համարվել մերոնքական նրանցականների մեջ: Ուժասպառ կրկին տարածվում էի մակերեսով ու կրկին տափակում, որ հանկարծ չվերացարկվեմ մի լրիվ ուրիշ իրականություն, որը խելագարություն էր վերանագրվում թե հարթությունների, թե եռաչափ տարածականների համար:
Ինձ տրորված էի զգում ու դա ցավեցնում էր: Իմ ներսում ծնվեց նյութականացված հոգևոր ցավը, ուղեղիս բջիջները սղոցվեցին մի հուսահատ աղաղակով ու այն պահին, երբ ուղեղս կարող էր ժայթքել բաց տիեզերքում սեփական ճնշումից պայթող մարմնի պես, ես հասա մի սահմանի, որ հարկավոր էր թաքցնել թե ինքս ինձանից, թե մնացած ամբողջ աշխարհից… Ես մի ակնթարթ միայն հասա անթույլտրելիին: Առաջին ռեկցիաս իմ ողջ հարթությամբ այդ ամենը սահմանազատելն էր եռաչափ աշխարհից: Ես դարձա մի թաղանթ աշխարհների միջև, մի յուրօրինակ կամուրջ, որով անցնելն անհնար էր: Ու այնտեղ ես հայտնաբերեցի այն, ինչ՝ ինձ հարկավոր էր: Ես գտա այն արտատարածական, վերժամանակյա արտահայտումը, որում նյութականացվեցի՝ ընդունելի թե հարթության, թե տարածության համար: Ես գտա իմ տեղը: Ես այն կոչեցի Մակերես: Տարածական մարմինները, հասնելով մակերեսիս, զգում էին, որ այն ծավալ է թաքցնում, սկսել էին ինձ հանդուրժել, հարթությունները մի պահ անակնկալի եկան՝ ինձ բախվելով ու տեսնելով, որ ճկվելու փոխարեն դիմակայում եմ, բայց իրենք էլ ինչ-որ կերպ համակերպվեցին իմ գոյության հետ:
Այդուհետ ինձ տրորելը վտանգավոր է դարձել, չես իմանա, թե ոտքդ, մակերեսիս դնելով, հարթության կհանդիպես, թե կսուզվես մի խորություն, որի դեմ Մարինյան իջվածքը ոչինչ է: Չէ որ ամեն բան աշխարհում, ի վերջո, հարաբերական է…

Ալ. Էյնշտեյնի հիշատակին

Հ.Գ. Էյնշտեյնն ինձ համար ֆիզիկայում Նյուտոնից հետո նույնն էր, ինչ գրականության մեջ մոդեռնիզմը ռեալիզմից հետո: Նրա տեսությունն ինձ տվեց մի ամբողջ տիեզերք՝ լի բացահայտումներով ու չարչրկված սահմաններից ազատ: Բայց հատկապես այս գործը ծնվեց ոչ թե նրա տեսության հիման վրա, այլ նրա կենսագրության որոշ դրվագների մասին տեղեկանալուց հետո:  Այն նվիրվում է Ալբերտ Էյնշտեյն մարդուն, ոչ՝ գիտնականին:

Վերջնական Փուլ-7 Լևոն Շահնուր

       Ազնիվ ձեռքեր

<<Հիրասոֆիա`հին գիտություն, որն ուսումնասիրում է ձեռքերի խորհրդի վերծանմամբ, սակայն սա էլ դժվարացավ այս ձեռքերի ծալքերի մեջ…>>:

…Մենք պատմում ենք մեր մասին, որովհետև հոգնել ենք տիրոջ համար ձեռնափայտի տակ ոռնալ ցավից, որովհետև մատաղի արյունը էլ չենք ուզում քսել ճակատին`մենք մեղավոր չենք Անմեղի թափված արյան համար…

Մենք ենք պոկել սիրո ծաղիկը և մեր միջոցով ես հատ-հատ պոկել երեքնուկի թերթիկները`այդ խաղի միջոցով գտնելու համար Սիրո խորհուրդը: Շատ փնտրեցիր և մեր ափին մնաց փուչ ու անդամահատ, արդեն թեքված ու կռացած սիրո ծաղիկը, որը հետո դարձավ  ինչ-որ նյութական բույս`չէ որ հիմարացար, շա~ատ մանրացար ու որոնեցիր լույսը վառ աստղերում…

…Մթության մեջ, ուր մերթընդմերթ լույսի շողն էր արձագանքում, շարժվում էին թաղանթով պատված մետաքսե երկու փոքրիկ թելեր, որոնք սրտի ներդաշնակ համաչափությամբ վեր ու վար էին անում: Ամիսներ անց ձգվեցին դեպի լույս, և ինչ-որ մեկի սառնասիրտ ձեռքերն անմիջապես նրանց ջրոտ`կյանքին երկրպագող անհանգիստ գլուխները խցկեցին սավանի մեջ: Ժամեր հետո նորից արձակվեցին պինդ կապերը և արդեն ուզում էին զրույցի բռնվել իրար հետ, երբ դիպան ինչ-որ տաք փափկության: Անասելի խենթացում պատեց նրանց. կառչել էին տաքությունից արծվի փոքր մագիլների պես: Թաթիկներն զգացին կաթի հոսքը, որը ներսից մամռակալ հոսում էր մեկ կլթկլթալեն, մեկ հանդարտ` առանց հնչյունի: Հետո շոշափեցին գեղեցիկ դիմագծեր. դեռ մանր մատները խրվում էին հրճվող այդ փոսիկների մեջ, թաթիկներին փչում էր կաթի սնող շունչը: Մոռանալով քիչ առաջվա մոլեգնությունը` խաղաղվեցին…Երազում օրորվում էին տերևի վրա փռված ու վերևից իջնում էին ցած ,հետո խորքից ուժգնորեն բարձրանալով`նորից նույնը կրկնվում էր մոր շնչառական թեթևության շնորհիվ:

Դրսում հովը մի պահ նրանց կծկեց, ու քաշվեցին պատյանի մեջ, բայց  քիչ-քիչ դրան էլ ընտելացան և հաճույքով էին շնչում գարնան բույրը, որի մեջ զգացին բացվող ծակոտիներն ու բազմազան բույսերի կերակրող համը: Փորձեցին ծանոթանալ միմյանց, բայց ոչ խոսել գիտեին կարգին, ոչ էլ կենտրոնանալու ժամանակ էր լինում. անընդհատ որևէ կպչուն բան գգվում էր իրենց. այս համբույրները լինում էին նախանձակռինչ, որից ինքնապաշտպանական կլորություն էին վերցնում: Շատ էին նաև կոպիտ շոյանքներն ու մեղմիկ գգվությունը, բայց սրանցից ոչ մեկը չէր բերում այն թախծալի թմբիրը, որը շնորհում էր մոր թույլ համբույրի հետ արցունքի գլորվող կաթիլը…Սա էր կյանքի ելքը:

Ձեռքերը վարժվել էին տիրոջից տրված անուններին`Աջ և Ձախ: Մեծանում էին օր օրի, գուցե ժամ առ ժամ`նայած թե ինչ հաճախականությամբ էին տրորվում: Մեկը մյուսի հետ համերաշխ էին, մինչ այն պահը, երբ վերևից ուղեղն ու սիրտը խնդիրներ ունեցան ու մնացին թշնամիներ հետագայում: Դա պատահեց մոտավորապես չորս-հինգ տարեկանում: Գնացել էին այգի: Ուռենիների կլորված ճյուղերը հովհարում էին, մանուկների բզզոցն ու իրենց նման փամփլիկ թաթիկները հրապույր գծեր էին քաշում խաղերի մեջ: Աջն ու ձախն էլ տարվելով ընդհանուրի զվարթությամբ`փաթաթվեցին աղջնակի երկար վարսերին ու շոյեցին ներքևի սպիտակ թաթիկները, երբ հանկարծ մի հսկա թաթ շրմփաց նրանց գլխին: Զարզանդեցին, ձախն անմիջապես կծկվեց, սրտի խորհրդով խղճաց արցունքոտ տիրոջը`երբ հարվածում են, մյուսն էլ դեմ տուր, սակայն աջը ուղեղի հրամանին ականջալուր`չկարողանալով զսպել արթնացող ոճիրը, բռնեց անկոչ հսկայի մատը և կծեց ատամների զինվորներով: Զինվորիկները որսալով արյան հատիկները`խելագարի պես ինչքան կարող էին մխրճվեցին մսի մեջ: Ահա այստեղից ծագեց թշնամական վերաբերմունքը`խիղճն ու պաշտպան գոյությունը մեկը մյուսի նկատմամբ, և կիսվեցին, Ձախը`սրտին, Աջը`ուղեղին, բայց միշտ կարոտով նախկին միատեղ կյանքին:

Ձեռքերն իրենց տիրոջ հետ շատ չէին շփվում`դե նրա հոգին խորն էր ու անհաս, իսկ ահա ուղեղն ու սիրտը միշտ պատրաստ էին հրամայելու, չնայած նրանք էլ երբեմն ընկնում էին անորոշության գիրկը, և ձեռքերը մնում էին ներքին մղումների հույսին: Կար նաև պատկերավոր մեկը, որն իր ներկայությունը հազվադեպ էր ձեռքերին ցույց տալիս`հոգուց բխող երևակայության թագուհին էր դա: Նրա գալով ձեռքերը երկրաշարժի փլուզումներով մեկ ձգվում էին վառ աստղերին, մեկ երկիրն էին բռի մեջ առնում ու հասնելով ամպի կույտին`լող էին տալիս մինչ տիեզերք…

Նրանք պարապ ժամանակ փորձում էին ծանոթանալ մի մարմնում ապրող բնակիչների հետ: Կային աչքեր, սրանք գոռոզ էին, շատ բան տեսածի կարճությամբ էին հարցերին պատասխանում, բայց չէ որ իրենք էին լուսաբացին ճպուռներից նրանց քանդում: Աղին կար իր նմաններով, սրանց հետ գրեթե ոչ մեկը չէր խոսում`համարելով զզվելի և ապրում էին անհուն խորքում, մութ տեղանքում, ու միայն ձեռքերն էին դրսի մարմնապատից զգում նրանց ցավը:Օրինակ`ստամոքսը, շատախոս էր, բայց սրանից նույնպես խուսափում էին, որովհետև միակ թեման ուտելիքն էր`կերակուրը: Առանց համի զգայության`սրան էլ էին կերակրում: Լեզուն շան պոչի նման խաղում էր կեղծիքի մեջ, և դրա համար նրան ատում էին ձեռքերը, որոնք միշտ ճմռվելով ճիշտն էին հուշում դիմացինին: Շատ էին մարմնում բնակվողները ինչպես աշխարհում`տարբեր բնավորություններով ու հակումներով: Այս բոլորից ամենից շատ ձեռքերն էին, որ կատարում էին յուրատեսակ, տարօրինակ ու տանջալի ամեն բան:

Գիշերը բոլորը քուն էին մտնում, բայց ոչ երբեք խիղճն ու պաշտպան գոյությունը`Ձախն ու Աջը: Նրանք միշտ հսկում էին տիրոջ թանկ երազները: Հանկարծակի վրա հասած դառնությունը իրենք էին ուժգին ցավով բռունցքներում անէացնում: Իսկ տերը իր երազում օրորում էր լուսնի շողը ու մեկ-մեկ էլ այն ընդունելով գերանի տեղ`ոտք էր դնում նրա վրա ու շրմփում էր երկիր :

Ինչու? ես խփում մեզ պատերին, ինչու ես լացդ թաքցնում մեր ափերում, ինչն է պատճառը որ խիղճդ`Ձախը քնելուց թողնում ես բարձի տակ, որովհետև վախենում, սարսափում ես`երազիդ մեջ հանկարծ կգա երկրորդ կյանքդ, որը միշտ պահվել է չարածի մեջ,  զգացումը  գուցե քերծի սրբագործված քո երեսը…

Գոյություն ունեին զորեղ պահեր, երբ մարմինն ու մյուս անդամները միանում էին նույն հարկի տակ, մի մտքի մեջ`դա լինում էր ադամամութ շղարշի տակ, երբ հովն էր բերում ունայնության գիտակցումը: Ու խաչվում էին ձեռքերն իրար և համերաշխ լռության մեջ զգում էին մեկը մյուսին փոխանցվելիք միամշակ տրոփյունը, այդ պահերին հասկանում էին, թեկուզ անգամ հակառակ էին նրանք կյանքում`խիղճն ու պայքար հաղթ բազուկը, սակայն մի ալիք թեթևակի նրանց տարուբերում էր`սիրտն էր նրանց խաղաղեցնում:

Պատանության տարիներին առնական տեսք ստացան, ու այդ ընթացքում էր, որ նկատեցին մարգարտափայլ ձեռքերին: Խոսք չկար`տերը դանդաղում էր, իսկ ահա Աջը ինքնաբերաբար չդիմանալով նրանց հեզ շարժումներին ու մատների բարակիրան օրորվելուն`կիսակլոր փարվեց ափին, մյուս վայրկյանին արդեն ամուր բռնել էր խաչված մատներով:

Եվ մի օր էլ Աջն ու Ձախը նկատեցին կեղծ շարժումով քաշքշող մեկին`բարակիրան նույն ձեռքերին`տրորվեցին, տենչը բռունցք հարվածեցին: Այս անգամ Ձախն ակտիվ էր`սրտից բխող կատաղությամբ Աջի կողքին պաշտպանվում էր և հարվածում`սերն էր:

Նորապսակ սերն էր մղում նրանց առաջ: Երբ արյունոտ գլուխներով փորձում էին հանգստացնել սպանող բնազդը`մեծ մատանին բթամատին ինչ-որ մեկը պինդ ծալելով նրանց ուսին, ցույց տվեց շուրջ բոլորին.<<Ահա տեսեք`սրանցով էր սպանելու>>: Աջն ու Ձախը գազազած էին`անօգնական դրությունից փրփրած, ծանոթ էր դա, հին էր մինչև նոր ծնվելը, երբ սառնասիրտ սրա տիպի կոշտուկներով խցկում էին սավանի մեջ…Աչքից կաթած առաջին արցունքը մի նոր ակոս քաշեց ձեռքին, ինչ էր տեսել, ակնհայտ էր, պաշտպանված սիրածին էր տեսել լիրբ ճչացող.<<Դու գազան~ ես, կատակում էինք մենք նրա հետ>>: Հիասթափված ձեռքերը կողից կախված տարուբերվող ձողերի պես շարժվեցին. ծխախոտն ու երիտասարդի դառը ծուխը խուտուտ տվեցին կոկորդից ներս, իսկ ձեռքերին խավար ծխի քուլա շերտավորվեց…

Երբ աղոթքի պարզվեցին`Ձախը, որը խիղճն էր`թուլանալով կախվեց, հետո հիշելով գալիք օրվա  մի գործարքը`գաղտագողի գրպանը մտավ ու համրում էր գումարները բաժան-բաժան, այդ ընթացքում`Աջը վերում խաչ էր քաշում ճակատին  մոտ:

Տարիներն անցնում էին, իսկ արկածները տարիներից էլ առաջ էին ընկել, որպեսզի հետո հիշողության խորքում սեղմվեին ծալքերի լռությանը: Ձախը զայրանալու առիթներ շատ էր ունենում, ինչպես չնեղանար, երբ աջի անտրամաբանական արարքների պատճառով հավասարապես ինքն էլ էր տուժում: Աջը երազում էր.-Մենք պետք է հարստանանք…Ուժեղ թափ էր տալիս գումարները ու ջարդելով նրանց ողնաշարը խցկում էր գրպանը, ուր արդեն հաշմված գումարները լղոզվում էին պատերին և տաքացնում էին կիպ հենց ոտքի երակը`պետք է հարստ…Բայց եղավ մի օր երբ դրամները քչացան: Ձեռքերը մազոտվեցին և գայլային որսը փնտրող թաթերի պես չանչեր դարձան`հացը կիսվեց մատների ծայրով…

Ձախն այս վազքից հոգնել էր և անցնելով հին մի եկեղեցու մամռակալած պատերի կողքով հպվեց պատին ու միջնորդվեց մտածումով.<<Անցյալ`ահա քարը իրենից հին, հազար տարվա կամ ավելին, ահա ներկան`ինքը քարին հպված ու ապագա երկնքի մեջ ծածանվելով`ուր? է մեզ կապող միակ օղակը, ուր ես տեր իմ`վերանում է երազներս, չքանում է քեզ տիրելու միակ ուժս`բարությունս…

Ու մթան մեջ ձեռքերն անհենարան մթնոլորտից պինդ կառչելով հասան պատշգամբ ու գրկեցին լուսնին մոտից…

-Մենք ազնիվ էինք եկել աշխարհ`ինչու? տվիր մեզ այսքան շերտ, կորցրել ենք աշխարհասեր նոր ծնվելու մեր թաղանթը, մանկան թափանց երակների արյան գույնը`թաղվել է փողի լղոզ սոսնձի մեջ, շարժումների կեղծ պարի տակ, մուրացկանին մեծ փողերում`կոպեկ փնտրող մատների խղճուկ ճոճքում, հացի միջից խմոր հանող գծուծ մատից…Ձեռքերում հավաքված սիրո քրտինքն այդպես էլ սառչեց առանց համբույրի.<<Ով? մեզ հիշեց, ով?…

…Հակառակված երկուսն իրար ապրում էին`խիղճն ու պաշտպան գոյությունը, առանց Ձախի մյուսը մահ էր, առանց երկրորդի մուրացկանի դեմը դրված մի քաթան էր, որ միշտ խղճային ու մի կոպեկ վրան գցեին:

Մի օր էլ քրտինք պատեց Աջի դեմքին`բռունցք արած հավատը վեր բարձրացավ `վրեժն էր  ճզմում ծալապատիկ մատների մեջ.<<Դեպի կռիվ…>>: Զենքը պահված թշնամու կրծքին, հանկարծ դողաց Ձախը կրկին.<<Մարդ է մեզ պես>>, սակայն Աջը շատ բան ուներ դեռ մաքրելու ու սեղմելով արյուն թափեց`մեջը դրած հայրենասեր նպատակներ…

Նորից սիրեց`ձեռքը տարավ ստինքներին, մաշկի տակից երակները պիրկ ուռչեցին`գրկեցին մեջքը գեղեցկուհու, սեղմվեցին նրա շուրջը վահան դարձած անգամ քամու սուլող թևին: Փարվեցին հասունացող պտուղին ու զգացին արթնացող մանկան կանչը: Ծակոտված ձեռքերը գտնելով անցքեր մայրական նուրբ պատի մեջ`գրկեցին զավակին…Երանության նման կապից`կորցրեցին նրբանկատ շարժումները ու օրհնելով ողջ աշխարհը երկնքի մեջ`պինդ գրկեցին սիրո բույնը…Իսկ երբ դիպան շրթունքներին`սա շշնջաց.<<Ախր մի գործ պետք է գտնես, իսկ եթե ոչ`Եվրոպայում քեզ կհարգեն…>>: Եվ ծալվեցին ու խաչվեցին հետ քաշվելով`դողդողացին.<<Հեռու կացեք, սպիս շոյող հեզ թաթիկներ, ձեր մտքում է ադամանդով մատանիներ ու ոչ մի սեր`սերը մեռավ այն աչքերում, որոնք կաղի կողքից  քայլելով`աչք են նետում ոսկով լցված ծանր բազկի>>:

Սակայն տերը դարման գտավ սպին դեմքին Աջի համար.<<Թող միշտ մնա նա գրպանում`համարձակ է, աններելի համառությամբ հիշեցնում է այս խեղճերին մահվան մասին, իսկ դու գիտես Ձախ իմ բարի նա ամեն ինչ կտապալի, հիմա այստեղ այս վայրկյանին մեզ պետք է ամուր գոտի, որ չպայթեն սովից քնած աղիները>>:

Եվ շատերը ուղեղների փամփլիկ ձայնով հաղորդեցին.<<Գտեք դրանց աջ ձեռքերը ու կտրտեք`պոկեք ջիղը հին կտակի, մենք ենք տերը դրանց կյանքի: Հաղթական Աջը վախենալով կտրվելուց`քաշվեց գրպան,  Ձախն էլ դարձավ թեք գծերով սողացող օձ:

Ու մոռացավ տերը Աջին: Սովորությամբ միշտ գրպանում ապրեց կյանքը խեղճ բարությամբ.<<Դե, կռիվ էր, անցավ գնաց, կարևորը ձուկ առնողը չնկատի աջիս վերքը…>>, ու հիշում էր, երբ մի անգամ մոռանալով դուրս էր քաշել հաշմվածին`մի գնորդ հետույքն էր տարուբերել.<<Զզվելի է~, չեմ հասկանում`ձեռնոց հագեք, սա ինչ բան է…>>: Հագավ ձեռնոց:

Բողբոջների գլուխները վրա տվեցին դեռ երազող այս ձեռքերին: Ցցուն կնճիռները աճ էին վերցնում առանց հերթի`մեկը մյուսին տրորելով ու հեծնելով իրար գլխի`առանց դադար միշտ պատմում էին իրենց երկար ճանապարհից: Հոգնեցնող էր պատմությունը, թե ինչպես էին ձեռքերին հասած քաղցրության և դառնության ժամանակի վայրկյաններից վերածվել ճակատագրի ակոսադեմ գլուխների: Ձեռքերի ապրումներից էին սրանք ծնվել ու ամեն մեկն ուներ պատմելու իր առաքելությունը: Մեկին տրվել էր սառը աշնան քամու կյանքը, մյուսին արևից ճաքած շուրթի բարդ խոսքը, երրորդին սիրո չասված վերջին Բանը`այս կնճիռը գրեթե չէր խոսում և անմշակ տապանաքարի պես տարածվել էր ձեռքի վրա: Մնացածը անթիվ էին, իսկ խոսքի մեջ ամեն մեկը փորձում էր սաստել մյուսների ձայնն ու լսելի դարձնել բոլորի համար իր պատմությունը: Սրանց աճելուց ձեռքերը տրտմեցին`ախր շաատ էին ճռվռում,  լացում ու կանչում, և զզվելու չափ կլորելով գլուխները`սատկում էին առանց շիրիմ, փաթաթվում էին նեխած մարմիններով ձեռքերի երեսին: Ծերությունն էր այցի եկել անմահության ձգտող տագնապներով…

Երբ մահացավ տիրոջ սիրտը`ձեռքերն ասես նոր կյանք մտնող նույն ցնցումով վեր հառնեցին: Աջը դրին ձախի վրա, և բոլորը նկատելով հաղթական սպին`ակնթարթում Աջը բռնած գլխից վերև`նկարվեցին ու պահ տվին ընտանեկան մեծ ալբոմին: Այնտեղ գրվեց`<<Ձախը երբեք թող չիմանա Աջի վերքն ու տառապանքը>>: Մտամոլոր`<<լուրջ դեմքերով>> հերոսացրին: Իսկ ձեռքերը հետ գնացին նույն խավարին և մեխվեցին դագաղից ներս: Անցան ժամեր, գուցե օրեր, որդը կերավ Աջի սպին ու հոշոտեց բյուր ծալքերը հաղթանակի…

Այդ սերունդը իր հաղթական բազուկների ակոսներից ամաչելով`հեռանում է մոտավորապես հենց այս ձևով:

Վերջնական Փուլ-6 Անահիտ

Դնգստող Վնգստանը

Ես շուն եմ: Անտեր, քնձռոտ շուն: Անտեր եմ, տե’ր չունեմ, չո’ւ -նեմ տեր. viva la liberta . էդ լիբերթա կոչվածը շատ եմ սիրում: Ես սովորական շուն չեմ, անտեր եմ, բայց տերովները երազում են իմ տեղը լինեն. Դնգստող Վնգստանն եմ: Դնգստում ու ո~նց եմ դնգստում, երկու թաթով բռնում, թավալում եմ գետնին, մազերը քամուն եմ տալիս, փըռռռ. փըռռ: Ահա…տեսա էդ Կյաժ Նունուշին, ո~նց եմ փրփրում: Էդ նուրբ դնչիկը ոնց եմ ուզում բռնեմ ու հոտոտեմ, լիզեմ, լիզեեեմ, թաթովս տամ, էդ կյաժ մազերը օդ հանեմ, բայց գիտեմ, որ ձև է տալու իրեն, ինքը արվեստագետ պուդել է , Արվեստով շների միության անդամ, ինքը ամենագետ-ամենատեսն է. Երեկ գնացել էինք ոսկորների անզուգական ցուցահանդեսին, այսօր գնացինք Ուաու Հաֆի “Հաֆ-հաֆ, ա’յ պառավ” գրքի շնորհանդեսին, վաղը գնալու ենք Հաչե Քուչոյի “Հաչոցը” օպերան լսելու : Դե’, գիտե՞ք՝ ե’ս կարծում եմ… դե’ հասկանո՞ւմ եք, որ ե’ս… ե’ս եմ… ե’ս պիտի… ե’ս էի ու եմ… Էդ շուն, շնից ծնվածը ռեստորանում է ճաշում, ուտելիքը էնքան թանկ արժե, որ դրանով ոչ միայն մեզ նման մի հարյուր շուն, հետն էլ էդքան սոված մարդ կկշտանա: Փըըռռը… Դրա համար էլ հենց տերերը հանկարծ հեռանում են մոտից, բռնում եմ ու… բուկը հուպ տալիս, խփում վարսավիրի հմուտ ձեռքով սարքված պրիչյոսկան քանդում ու մի լաաավ դնգստում: Բայց չմտածեք՝ միայն դնգստում եմ, բա ո~նց եմ դնգստվում, ըըը… դնգստվելն էլ է շան համար:
Գարուն է. անձրև, կիսացուրտ, ցեխաջրեր՝ դրսում եմ, վնգստալով վազում եմ կեղտակոլոլ փողոցներով, թեքուծուռ ճամփեքով, ըֆս-ըֆֆֆս, ըֆս, ըհը՝ ցանկալի կալբասը կամ պեռաշկու կրծած կտորը: Կյաժ Նունուշը միայն marciapiede –ով է գնում, տերերի ուղեկցությամբ, ու իրեն թվում է, թե ինքը վերջն է: Խելքին որ մի քիչ զոռ տա, գլխի կընկնի, որ ընդամենը մարիոնետկա է իր տերերի ձեռքին , որ շնչող խաղալիք է, որ նրանց իրն է, սեփականությունը: Է~, ո՞ւմն ես ասում, խելք ունի, որ մտնի: Բա էս կախպոչ իդոտին տե’ս՝ Ավչարկա Գերոյին, իրեն ի~նչ է երևակայում, ո՞ւմ տեղն է իրեն դրած ման գալիս, չի՞ ասում, որ ընդամենը հովվաշուն է: Շատ էլ միլիցեքի հետ է ֆռֆռում (չնայած միլիցեքից մի առանձնահատուկ եմ զզվում ), ուրեմն՝ արմատները մոռացվեցին, հա՞:
Ամառ է. շոգ, վառում-թափում է, փոշոտ փողոցներ, նեխած ցոգոլներ, մառոժնու լպստած մնացորդներ, անօդ օդ. հազիվ ոտերս քարշ եմ տալիս մինչև մոտակա մի ծառ կամ թուփ ու մի լավ խռմփում մինչև իրիկուն: Իրիկունը ընկնում եմ ճամփեքով, մեկ-մեկ բակերն էլ եմ մտնում, գո՞ւցե մի ուտելու բան գտնեմ ու մեկ էլ… Կյաժ Նունուշը ճեմում է, տերերը հովանոցը գլխին են պահել, գո՞ւցե հովհար էլ կա, չեմ տեսնում: Էս մեծ ու փոքր ջղերս իրար են խառնվում, “нервы большие, малененькие, многие. скачут бешенные”(ականջդ կանչի, Մայակովսկի ախպեր),  արյունը խփում է գլխիս ու հաչում եմ, ոոոոնց եմ հաչում՝ ուաու-հա~ֆ, ուաուաուհա~ֆ… Անմեղ մողավորը վախեցած է. վա~յ, սիրո’ւնս, մռո’ւթս, հանգստացիր, Միմի’, մի’ վախեցիր, ես կասեմ Վլադին, որ սրան խփել տա. դեռ ասում են՝ անտեր շները վնասակար չեն: Ո՞նց չէ…
Գըըըռռռմըռռռ… բա որ մի ճանապարհ էն կողմ էլ չեմ տեսնում էն կախպոչ իդոտին, որ իրեն Ռեքս է երևակայում,մտածում կինոյի շունն է, հեսա-հեսա մարդասպանին կբռնի կամ պաժառի միջից էրեխուն կփրկի… Ո~նց չեն հասկանում, որ իրենք ոչինչ են, որ իրենք ստրուկ են, որ միայն կամակատարներ են, որ իրենք չկան, զրո են…
Աշուն է. շուն ու աշուն, պիտի որ իրար հետ լավ լինեին, բայց արի ու տես, որ լավ չեն: Կյաժ Նունուշին թիկնոց են հագցրել, Միրանդա Քերն է դարձել, օ~յ, ոնց ուշքս չգնաց: Նունո’ւշ, ախր, մի քիչ շո’ւն եղիր, Շո’ւն, թե չէ լրիվ դեմքդ կորցրել ես , քիչ չէ հպատակ էիր, հիմա էլ դարձել ես burattino…
Բա Գերոյին տեսե~ք, գլխին միլիցու գլխարկ է դրել, հերթական անկապ “հերոսությունից” է գալիս: Գլուխը էնպես է ցցել, որ իրենից էն կողմ շուն չի տեսնում: Սա էլ մարդամոլական հովերով է, չի ասում, տո’, թող մի էդ մարդ կոչվածները քո հովերով ընկնեն… Ըֆֆըսս-ֆըըս…
Ձմեռ է. էս ձմեռը միանագամից հիշում եմ, որ ձմեռ է, ուրեմն՝ մեռ է, ամեն ինչ մեռ է: Մրսելու չափ ցուրտ է, սարսռելու չափ ցուրտ է, ոռնալու աստիճան ցոոոուրտ է, ստամոքսս ջղաձգվելու աստիճան սոված է, մարդ կուլ տալու աստիճան սոված, գալարվելու աստիճան սովվվված: Թաթս վիրավոր է, ե’ս վիրավոր եմ, ե’ս անտեր եմ, ինչպես միշտ, անտուն, ինչպես երբևէ: Կյաժ Նունուշը հիմա… գըըըռմըռռ… Ավչարկա Գերոյը հիմա…ըֆֆֆսսս, ուաուհաաաֆֆ…
Գարուն է… Ես կամ, ես կարողացա ևս մի մեռած ձմեռ անցկացնել: Ես տե’ր չունեմ, ինքս եմ իմ գլխի տերը, ես ազատ եմ, ես ես եմ: “«За вами придут! Но никто не приходит…”: Ինչո՞ւ, ինչո՞ւ ոչ ոք չի ուզում դառնալ իմ տերը. “«За вами придут! Но никто не приходит…”:

Վերջնական Փուլ-5 Ռազմիկ Գրիգորյան

ԱՐՑԱԽՈՒՄ ԷԼ ԼՈՒՍԱԲԱՑԸ ԲԱՐԻ Է

Հաճախ էի լալիս օրորոցում։ Առաջվա պես ամեն վարկյան կողքիս նստող և ինձ օրորող չկար։ Անհանգիստ պապը անըդհատ դուրս ու ներս էր քայլում։ Մայրս մենակ էր գործերը՝ շատ, չեր հասցնում։ Քայլել չկարողացող տատս ողջ օրը նստաց գուլպա էր գործում.«Տղերքը կմրսեն, դեմը ձմեռ ա, ուղարկեք թող հագնեն»։

Դեմը ձմեռ էր ու… Պատերազմ։ Չգիտեմ ո՞վ կամ ինչո՞ւ է հորինել այդ բառը, կամ ովքե՞ր են այն այդքան սարսափելի ու դաժան դարձրել դարձրել։ Պատերազմ։ Լսելիս մանկական երևակայությանս մեջ հայտնվում էին զոհեր, ցավ, կսկիծ, վիշտ։ Ամեն առավոտ դպրոցների ու մանկապարտեզների վրա նետվող հազարավոր արկեր։ Մինչ այստեղ ես լալիս էի որ ինձ օրորեն, Արցախում մահանում էին ինձ պես երեխաներ։ Մահանում էին չիմանալով թե ինչո՞ւ։ Մահանում էին դաս սերտելիս։ Մահանում՝ հայ լինելու համար։ Ի՞նչ-որ մեկը որոշել էր բնաջնջել հայ տեսակը և խլել նրա հազարամյա հայրենին։ Փառք Աստծո, որ խավարի իշխանությունը դեռ վերջնականապես չի հաստատվել երկրագնդում, և շատ հաճախ խաթարվում են «ինչ-որ մեկ»-երի խավարածին ծրագրերը։

-Ձայնը բարձրացրե՛ք, լուրերն են,- Պապը նստում էր հեռուստացույցի դիմաց։ Բոլորս լռում էինք։

Էկրանին ծխում էին կիսավեր ու քանդված գյուղեր, փլատակների տակ կքված քաղաքներ, եկեղեցիներ, ջարդված խաչքարեր։ Երբեմն ցավն այնքան ուժեղ է լինում որ պատերազմը դուրս է գալիս էկրանից և մտնում տուն։ Մեր տունը Արցախում չեր, բայց այնտեղ էլ պատերազմ էր։  Կռվում էինք, միմյանց հետ, միմյանց դեմ, երբեմն նաև ինքներս մեզ հետ, չնահանջելու, և սեփական հայրենին թշնամուն չզիջելու համար։

-Ի՞նչ ասեց,-Պապը լավ չեր լսում։

-Ասում ա մեր կողմից էլ զոհեր կան,-Մայրս կրկնեց հաղորդավարի խոսքը։

Պապը ձեռնափայտը դրեց ոտքերի արանքում, ծխախոտ վառեց։ Գուլպա գործող տատի ձեռքերի դողը ավելի ուժեղացավ։ Սոսկալի է տեսնել մոր ապրումը ով որդուն պատերազմ է ճամփել, և լսում է որ այնտեղ զոհեր կան։

-Հո՞։

-Չէ, իր անունը չկա,-Մայրս ընդհատեց տատիս և հին խալաթի փեշով սրբեց արցունքները։

Մեր կտուրի տակ ծվարել ու թպրտում էր մի բուռ հայրենիք։ Հին խալաթի ու մաշված գոգնոցի ետևում նիհար մի մարմին, ով ամեն օր պատմում էր ցեղասպանության դառը հուշերից և երազում կրկին Էրգրում ապրելու մասին։ Երբ գոգնոցի գրպանից հանում ու ինձ կոնֆետ էր տալիս, տատիս դողացող ձեռքի կնճռոտ ափում շոշափում էի հայրենին։ Այո՛, հայրենիքը սրտի չափ փոքր և նրա պես անսահման է։

Հայրենիքն էլ շնչում, ապրում է մեզ պես։ Նա էլ գեղեցիկ, հանգիստ, անվնաս է իր խաղաղությամբ։ Երբեմն սակայն պատերազմը դառնում է անխուսափելի, պարտադրված։ Հայրենին անխոցելի պահելու համար նրա զոհասեղանին դրվում են կյանքեր։ Որովհետև անհայրենիք ապրելը անհնար է, անհայրենիք մարդը չի կարողանում տեսնել նաև այն ոգեղենը որը կա, ապրում է յուրաքանչյուրի ներսում հայրենիքի հետ։ Հայրենիքը ոգի է՝ սեր։ Կորցնել հայրենիքը նշանակում է զրկվել սիրուց,  ու ապրել ոչ ոքի պետք չեկող այն թափառականի նման որը ամեն վարկյան դատապարտված է կործանման։

Հերոսները ծնվում են պատերազմի դաշտում։ Այնտեղ նրանք տեսնում են հայրենին, շոշափում նրա ափը, սեխմում նրա ձեռքը։ Տղաները գնում են, դժվար օրերում սեխմելու Արցախի ձեռքը, որը դարեր շարունակ ապրել և արարել է հայեցի։ Հայրիկն էլ է այնտեղ, նա էլ է կռվում ազատագրելու համար այն հողակտորը, որը մերն է։ Հող՝ որի վրա կառուցված է մեր տունը, դրված իմ օրորոցը, այնտեղ է մեր դպրոցը, հիվանդանոցը, եկեղեցին, նախնիների շիրիմները։

Դժվար օրեր էին։ Ամեն օր մեր փողոցում արկեր չէին պայթում, ճիշտ է, բայց պատերազմի արհավիրքը հասնում էր նաև մեզ։ Մեր ունեցած մեկ կովը կարողանում էր ինձ կաթ հասցնել։ Օրեկան երկու կամ երեք բաժակ կաթ, չոր հաց, լավագույն դեպքում էլ մի կտոր պանիր, մեր սնունդը այդ էր։

-Էլի սոված մնացի՞ր,-Շատ եմ տեսել թե ինչպես էր մայրս արտասվում այդ հարցից հետո։

Հաճախ էր պատահում, երբ պապի թութունը վերջանում էր, իսկ նորը գնելու համար գումար չկար։ Պապը դուրս էր գալիս, լուռ հավաքում ծառերի չորացած տերևները և թղթի մեջ փաթաթելով ծխում։ Նա գիտեր արդեն թե ո՞ր ծառի տերևներն են ամենից լավ ծխվում։

-Բարի օր, եկել եմ հաջող անեմ, գնում եմ,-Հարևանի տղան էր, Վարդանը։

-Կռի՞վ ես գնում, ես գուլպաները հետդ տար, կտաս տղերքին,-Տատս չկորցրեց իրեն։

-Չէ՛, չէ՛ Ռուսաստան եմ գնում,-Վարդանը հաջող արեց բոլորին,-Շուտ մեծացիր որ դու էլ գաս,-Համբուրեց այտերս ու դուրս եկավ։

-Ձեր անթասիբ տիրոջ մե՛րը, տենց արեցիք էլի, որ ծովից ով Հայաստանից ես մի բուռը մնաց,-Պապը հայոյեց նրա ետևից։

Պատերազմը սաստկանում էր, ավելանում սգացող, սևաշոր մայրերի թիվը։ Գալիքը խոստանում էր լինել պածառ։ Տղերքը անկոտրում էին, առաջ էին շարժվում։

-Լսեցի՞ք, հակառակորդը զինադադար է խնդրել, մերոնք հաղթո՜ւմ են, հաղթե՜լ են,-Հեռուստացույցի դիմաց նստած պապը վեր ցատկեց թախտից։ Այլևս անհնար էր ինչ-որ բան լսել։

Ազատագրված Արցախը մեր տուն էր եկել։ Գանձասարը, Շուշին, Ստեփանակերտը, պարում էին ցեռնափայտը մոռացած պապի հետ։ Ցեղասպանություն վերապրած տատս, բարձրաձայն արտասվում էր։ Խեղճ կին, չեր հավատում որ հաղթել ենք, չենք բնաջնջվել։ Ձավար մաքրող մորս մատները դողում էին, ուրախության արցունքները գլորվում այտերին։ Հայրիկը տուն էր գալու։

Պատերազմը հազարավոր իմ հասակակիցներից խլեց իրենց հայրիկներին, իսկ իմ հայրիկից՝ ոտքը։ Ժամանակից շուտ հրաժեշտ տվեցի խաղալիքներիս։ Հայրիկը էլ չի կարողանում։ Մայրիկի օգնությամբ դուրս է գալիս, նստում աթոռին կամ ծառի տակ դրված տափակ քարին և խորհուրդ է տալիս ինձ։ Հաղթանակի բերկրանքը ճաշակած պապը, հանգիստ ննջում է գերեզմանոցում։ Հիմա ես եմ գերանդին սրում, դաշտ գնում, խոտ հնձում, փորձում ափերիս մեջ պահել, պահպանել, ինձ ժառանգված հայրենին։

Իրիկուն է։ Ոտքերս ինձ եկեղեցի են տանում։ Խաչակնքվում եմ, փակում աչքերս։ Վառվող մոմերի տաքությունը շոյում է այտերս, ճակատս ապա բարձրանում վեր։ Որքա՞ն շնորհակալ եմ ծնողներիս, որ այն դժվար օրերին չհեռացան, որ հայրենիքը չմնար առանց մեզ, առանց մեր պեսների։ Ավարտում եմ աղոթքս, առանց տագնապի, հանգիստ, խաղաղ։ Հիմա, ամեն առավոտ արթնանում եմ համոզված՝ որ Արցախում էլ լուսաբացը բարի է։