Վեցերորդ Մրցույթ-18

 

Սկսեց: Միգուցե` վերջին անգամ, հարցրեցի ինքս ինձ, իմանալով պատասխանը:

Փողոցի երկայնքով վառվող էլեկտրական լապտերների լույսը ասֆալտի վրա ասես ուղղակի պառկած լիներ , ու ոչ ոք չէր նկատում, որ կոխ է տալիս լույսը. Ձեռքս պահեցի ընկնող լույսի ուղղությամբ ու նայեցի ստվերին: Ահա՝ գայլ: Ահա՝ որդ: Ուզում եմ նապաստակ: Ահա՝ գայլը ընկել է նապաստակի ետևից: Խժռեց ախորժակով:  Զավեշտալի էր:

— Ինչպե՞ս ես:

— Արի գնանք այստեղից, հոգնել եմ , ցուրտ է:

Գնացինք: Դու կրկին լռում ես, ու իմ Եսը կրկին դիալոգ է սկսում քո Եսի հետ:

Լուռ քայլեր, ոտնահարված արհեստական լույս, ցուրտ: Ցու՞րտ է, իրո՞ք: Արի վազենք: Չէ, դու չես համաձայնի, դու ուզում ես միայն տան ջերմությունը, կրկին արհեստական ջերմություն: Երբվանի՞ց մենք դադարեցինք խոսել իրար հետ, երբվանի՞ց դարձանք մի ամբողջի երկու կեսեր, որոնք չեն նկատում իրար:

— Արի գրկեմ քեզ, տաքանաս:

— Չեմ ուզում, շորերդ սառն են , ավելի կսառեմ:

Ու էլի լուռ ճանապարհ: Ժամացույց, եթե նայեի քեզ, ինչքա՞ն ժամանակ ցույց կտայիր:

— Արի վազենք:

-Արի՛:

Չեմ հավատում լսածիս, բայց միանգամից խանդավառվում եմ ավելի շատ, քանզի անսպասելին դառնում է ձգող, ինչպես ոչինչ այս պահին:

Դու ժպտում ես, դու խաղում ես, դու վազում ես ոչ այս փողոցով, դու վազում ես ծովի ափով, ես դա տեսնում եմ քո աչքերում:

Ո՞վ ես դու: Ես արդեն չգիտեմ: Դու ինձ ծանո՞թ ես, թե՞ անծանոթ, ու որքա՞ն ժամանակ է անցել, ինչ վերջին անգամ նկատել եմ, թե ինչպիսին ես դու, որ դու անհատ ես, որ ինձ այնքան անծանոթ է, ինչպես ամեն մի անծանոթ:

Բայց ինձ այնքան հաճելի է քեզ հետ, ինձ խենթացնելու աստիճանի դուր է գալիս քո անգուշակելի լինելը, ու իմանամ քեզ թեկուզ հավերժություն, միևնույն է՝ չեմ ճանաչի անգամ շատ փոքր, որովհետև դու ինքդ չես ճանաչում քեզ: Կարևորը ոչ թե երազանքին հասնելն է, այլ դեպի այն քայլելը: Հավատ, ինչ վաղուց դու չես եղել իմ մեջ ինչպես մանչուկ:

— Ինչպե՞ս ես:

— Հիանալի, իսկ դու՞:

Ավելի, քան հիանալի:

Ու ես ժպտում եմ, ու հավատում իմ ժպիտին: Թախծին ու հուսահատությանը հերթափոխում է ինչ-որ վաղուց ի վեր մոռացված զգացողություն բաղձանքի, ասես ոչինչ էլ չի եղել, բայց ամեն ինչն է տրված: Ու քո ժպիտը, լուսաորված արհեստական լույսով, ավելի է գեղեցկացնում քեզ, ասես լուսավորում քո վաղեմի եսի ներկայությունը քո մեջ:

— Ուզում եմ ձյուն, ուզում եմ սահել, ուզում եմ պարել աստղերի տակ , ուզում եմ սիրով զբաղվել քեզ հետ՝ ասես առաջին անգամ, ու նորից սկսել ապրել:

Զարմանք. ոչ, միայն թե ոչ դա: Զարմանում են կենդանի մարդիկ, իսկ ես վաղուց ի վեր արդեն կենդանի չեմ: Դա զարմանք չէր, ինչ անցավ իմ միջով ինչպես մեղրը, որ ընկնելով թեյի մեջ՝ ազատություն ստացած լուծվում է ջերմության մեջ: Դա հիացմունք էր ու շնորհակալություն, դա թախիծ էր ու արտասուք աչքերի ետևում, դա դրախտ էր ու վախ, դա ամեն ինչ էր , որի վրա փակցված եր. «Պայթունավտանգ»:

Համբույր: Մի՞թե դու երբևէ եղել ես այսքան քաղցր՝ բառիս բուն իմաստով: Ցուրտ, մի՞թե դու եղել ես այսքան ջերմ երբևէ:

— Գրկիր ինձ, խնդրում եմ, ես մոռացել եմ, թե ինչ է նշանակում ջերմությունը:

….

— Արդեն հոգնել եմ , դու ամեն անգամ նույնն ես ուզում:

— Իսկ ես հոգնել եմ քեզանից, դու ամեն անգամ ասում ես՝ մեկ այլ անգամ. Ասա ինձ՝ չէ, որ գոնե հասկանամ՝ պետք է դրան արժանանալ, կամ էլ հրաժարվել այդ մտքից ընդմիշտ:

— Ասում եմ, ասում եմ՝ ՉԷ:

— Մի գոռա:

— Մի հրամայի ինձ, ինչ անել, ու ինչը՝ ոչ:

— Լավ, ինչպես կուզես: Մնա ինքդ քեզ հետ, ու թող ոչ մեկ քեզ հրաման չտա:

Ու քայլեր: Փողոցի ելեկտրական լապտերներ: Առաջին անգամ եմ նկատում ձեզ: Ամռանը դուք այնքան ուրախ եք, ասես կենդանի մարդիկ, իսկ ձմռանը  դառնում եք խորհրդավոր, ձմռան խավարը ձեզ ինչ-որ նոր տեսք է տալիս, դուք ասես զառամյալ ծերունի լինեք, որ ճկռվել է անցած կյանքի բեռից ու խորհում է աշխարհի մասին լրիվ այլ կերպ:

Ոտնաձայներ. Դու՞ ես: Չեմ թեքի գլուխս, ինձ գոռոզ կպահեմ, ախր ես տանջվում եմ, իսկ դու դա չես նկատում: Դու ես: Ի՞նչ ես ուզում: Չասես ոչինչ, լռիր, խնդրում եմ, դու ինձ պետք ես, բայց լռիր, աղաչում եմ:

…..

Քո գրկում դրախտն է վերածնվում, քո գրկում երազանք է ծնվում ու բացում իր լուրթ աչուկները ու նայում իր համար անծանոթ աշխարհին ու միանգամից ժպտում այնպես, ինչպես նորածին իմաստուններն են ունակ:

— Ես քեզ սիրում եմ:

Ինչ նուրբ է քո մաշկը, աստված իմ: Ինձ խենթացնում է քո բույրը, ո՞վ եմ ես, տղա՞, թե՞ աղջիկ, ինչպե՞ս եմ սիրում քեզ, ինչպես տղա՞, թե՞ աղջիկ: Ես ախր սեր չունեմ քեզ հետ, ես աստված եմ ու գերի, ես տանջվում եմ ու հասնում երկնքի, ապրում եմ դժոխքում ու աշխատում դրախտում, ամեն օր ասես նույնը, ամեն օր ասես առաջին անգամ: Ես սիրում եմ քեզ:

— Ես սիրում եմ քեզ:

— Արի էլի վազենք, վազենք այնքան, որ հոգնենք ու շնչահեղձ լինենք:

Ու վազք: Փողոցի մայթի վրա պառկաց լույս, ես վազում եմ քո վրայով, բայց ախր դու ցավ չես զգում, ու շնորհակալ եմ քեզ, որ դու եղար իմ հետ այժմ, ես պետք է վազեմ, ես պետք է ապրեմ հենց  հիմի, ես ժամանակ չունեմ սպասելու, ամեն ինչ շուտով վերջանալու է ու ես էլի պետք է գնամ իմ դժոխքի խուցն ու այրվեմ այնտեղ այնքան, մինչ նորից աշխատանքի կկանչեն:

Դու սայթաքում ես ու ընկնում: Իսկ ես ընկնում եմ քո կողքը: Ոտքդ ցավացրել ես,  բայց ծիծաղում ես: Սիրում եմ քո ծիծաղը, ամեն անգամ տարբեր, ամեն անգամ այնքան վարակիչ:

— Ուզում եմ քեզ:

— Շուտով հասնենք տուն ու ես քո հախից կգամ:

— Չէ, ուզում եմ քեզ հենց այստե՛ղ, հենց հիմա՛:

Մահճակալ. Զգու՞մ ես իմ ժպիտը: Զգու՞մ ես հեշտանք ապրած աստծո ժպիտը: Տաք թեյ, դու լավն ես, բայց դու ոչինչ ես: Միակ բանը որ ուզում եմ հիմի, դա ըմբոշխնել, զգալ ամեն ակնթարթ ասես վերջինն է: Հասկացիր ինձ ճիշտ, դժոխքում ամեն ինչ մռայլվում է, այնտեղ հիշողությունը դադարում է լինել հիշողություն, այն չի պարունակում ժպիտ, այնտեղ նամակները կարդում ես դժգույն լույսի տակ, և ուրախության ճառագները չեն հասնում ուղեղին:

Ակնթարթնե՞ր, միգուցե րոպենե՞ր, միգուցե անգամ ժամե՞ր: Չգիտեմ, չեմ նկատում:

— Գլուխս ցավում է:

— Համբույրը կօգնի՞, շատ նուրբ ու շատ կրքոտ համբույրը:

— Չէ: Գլխացավի դեղը որտե՞ղ է:

Ինչի՞ն է պետք զգացմունքը, ինչու՞ մարդիկ չեն կարող ապրել առանց որևէ էմոցիա: Ինչի՞ է պետք դրախտ, որին հետևելու է դժոխքը: Ինչու՞ եմ այսքան էմոցիոնալ, ախր դա ինձ սպանում է:

— Դարակի մեջ է, երկրորդ արկղում:

— Ու՞ր է, չեմ գտնում:

Լավ փնտրիր, միգուցե և գտնես, թեկուզ և այնտեղ չի:

— Լավ նայի, երեկ ես եմ դրել:

— Չկա:

— Ուրեմն ուրիշ տեղ եմ դրել:

— Հա, դե հիշի՝ որտեղ:

— Դե ինչքան հիշում եմ՝ այդտեղ է, եթե այդտեղ չէ, ուրեմն չգիտեմ:

Դժգոհության ձայներ, բայց ոչ այնքան բարձր, որ լսելի լինեն:

Ես ատում եմ քեզ: Մի՞թե սիրում էլ եմ: Ախր քեզ հետ անհնար է, բայց առանց քեզ ամեն ինչ չկա, դատարկ է, չկա ցավ, չկա հաճույք, աշխարհը միապաղաղ է: Ախր ինչու՞ եմ այսքան էմոցիոնալ:

Ձեր Կարծիքը