Վեցերորդ Մրցույթ-19

Բարմենը ժպտում է

Դեկտեմբերն անցավ ցավի ու վախի մեջ: Վախ, որ  հորս կկորցնենք: Քրոջս նախկին ամուսնու տանն էի. տներ կան չէ, որտեղ իրերը քայլ առ քայլ, աստիճանաբար կուլ են տալիս քեզ, ու դու ամեն անգամ չգիտես՝ ինչ անես, որովհետև ամեն  անգամ պատշգամբում օդը կապարի պես ծանր է, օդը հեռացած հորդ նիհարած դեմքի պես ծանր է. օդ չկա:

Քույրս մանուշակներ էր խցկում մանր մատիկներիս մեջ, ես մի ձև պաչում էի քրոջս կարծեցյալ մոր  այտը, ասում՝ սա ձեզ, Ռոզա տատի, լավ նայեք քրոջս, լավ նայեք էս նախկին աղջկան, որ ինչ-որ ժամանակ տնից սիգարետներ էր թռցնում ու տալիս իր սիրածին, լավ նայեք, որովհետև նա էլ ոչինչ չունի կորցնելու:

Տարիներ անց մնացել է աղոտ ինչ-որ զգացում օրվանից, երբ հորս սիրտը կանգնեց: Հայրս էլ չէր դիմանում, հայրս խնդրում էր մորս, որ անջատեն աշխարհի հետ իրեն կապող բոլոր սարքերը և թողնեն շնչի….հայրս մեռնել էր ուզում:

Մենք մի ժառանգական հիվանդություն ունենք, որ հորս արյան հետ փոխանցվել է մեզ. մեզ սպանում է այս երկիրը: Երևանյան հիվանդ քույրս ու եղբայրս մեռան…եղբորս վիճակը այնքան անհույս էր, որ նրան ամեն ինչ կարելի էր: Շաքարախտով հիվանդ ընկերուհու հետ, թե ամուսնանար տեսնես ով ավելի շուտ կմեռներ, ու տեսնես ինչպիսի զգացողություն ունի մարդը, երբ ամուսնանում է մեռելի հետ: Երևի գերեզմանոցում կտրվեին իրար, որ սովորեին, որ թեթև տանեին իրենց բաժին ընկած մահը: Եղբայրս կտաներ տատուս ու պապուս շիրիմի մոտ, ու գերեզմանաքարի վրա ոնց կսիրեին իրար, ոոոոոոոնց…ոնց որ լինում է վերջին անգամ , ոնց որ ստացվում է առաջին անգամ ՝վախով, հիացմունքով, անորոշությամբ ու անտանելի խորը ցավով. ցավ, որ մտնում է երակներիդ մեջ, ցավ, որ մարմնիդ մեջ գալարվում է , ցավ, որ սպանում է քեզ…ցավ, որից ծնվում են:

Հիվանդանոցում եմ: Վախենում եմ, ամեն  օրը մյուսից ավելի մահաբեր է, ամեն օրը մյուսից ավելի վախենալու…ես  միշտ կեֆիր եմ առնում, որովհետև այդ սպիտակ պատերից ներս հայրս մտածում էր, որ գոնե ես առողջ լինեմ: Ես կեֆիր էի խմում ու մտածում` այդ ինչպես ստացվեց, որ էսքան հիվանդ մարդիկ կան, ու այդ ինչու էս պատերից ներս էս մարդկանց ժպիտը ժպիտ չէ՝ կորուստ է, ժպիտը ժպիտ չէ ՝մահ է:

Եղբորս եմ նկարում մեծ ականջներով, շատ մեծ ականջներով, այնքան մեծ, որ ներսում ընտանիք կարող էր կազմել: Մայրս մի կողմից է բզում, որ նկարը իրեն տամ, հայրս հիվանդ հայացքով ժպտում է: Մաման չի դիմանում.

-Ապեր, Նարեն քեզ ա նկարել..

Վահանը ժպտում է մեղմ ու մեռնող ժպիտով.

-Բա էս ինչի են ականջներս էսքան մեծ…

Իսկ ես զգում էի, որ մի բան այն չէ, դրա համար էլ ականջներդ մեծ էին իմ ախպերիկ..

Գերեզմանոցում

Ես ոչինչ չէի հասկանում, ու լացը նվագում էր իմ նիհարիկ մարմնի վրա: Ուրիշների մարմնի մեջ կուտակված լացը ինձ սպանում էր, որովհետև միակ մարդը, ով ոչինչ չէր հասկանում՝ ես էի: Հորս նախկին կինը հիստերիա սարքեց, ինձ թվում է՝ հրեց ինձ ու ես դեղնած տերևի պես ընկա ծառից, ինձ բռնեցին, ես ոչինչ չհասկացա: Ես շուրթերս մոտեցրել էի հորս, ես նայում էի հորս մեռած կոպերին և իմ մտքով չէր անցնում, որ կոպերից ներս մթությունը՝ այդ վիժվածքը, այդ լիրբը, գրկել է հորս բոլոր մազանոթներով, բոլոր բարակ թելիկներով ու թռթռում է….համաչափ թռթռում է հորս կոպերից ներս…ու ես չէի կարող գոռալ , ու ես չէի կարող շրջել դագաղը, հրամայել հորս,  որ վազի ու նորից երեխաներ ունենա, սիրի ինձ, չթողնի, որ իր գնալուց տարիներ անց իր կորուստից խելագարվեմ:

դու ինձ մենակ թողեցիր հայր,

դու ինձ սպանեցիր հայր,

քո գնալուց հետո մայրս վիժեց ինձ…

Ջրծաղիկ

Երեք օր մարմինս տապակած կարտոֆիլի պես տժժում է, քրտինքս ձեթի պես այրում է: Սեփական մարմնի ջերմության ու ջրի մեջ թաթախված՝ ինչ հիվանդ բան ասես՝ չեմ մտածում: Գիշերը գոռում եմ.

-մամ, մարմինս վառվում է, ուսերս սառում են….մի բան արա..

Գիշերը ուզում եմ գայլի պես անտառում լուսացնել, ուզում եմ ոռնալ, որովհետև ուրիշ ոչինչ չեմ կարող անել.ցանկացած ուրիշ փորձ կլինի իննքնասպանության փորձ, որը չեմ անի,  որովհետև չեմ կարող, վախենում եմ, չեմ պատկերացնում: Սենայկիս պատերը քերել ենք, մնացել է դատարկ պատը: Ոտաբոբիկ քայլում եմ գաջի միջով ու քիչ-քիչ սովորում եմ, որ տունը այսպիսին պետք է լինի, որ առհասարակ մարդիկ տուն չպետք  է ունենան, որ ես ոչ մի բանով ավելի լավը չեմ մեր բակի անտեր շնից ու դեռ ավելին .իր բախտը բերել է, որ անտեր է, թե չէ ես իմ տերովությունից հոգնել եմ: Ուզում եմ  թավալ գամ, ոռնամ, մկան պես դաշնամուրի մեջ մտնեմ ու ոտքերով դոփեմ՝ դո, դո, դոոոոոոոոոոոո, ու թող տունը հեռու լինի…ու հարևանները մեռած…

Ուրիշ ժամանակ խնդրում ես, որ քեզ հանգիստ թողնեն, որ չմոտենան քեզ, չխոսեն, իրենց մոտիկությամբ չսպանեն քեզ…դեղատան աշխատողը կարճ է կապում, ես էլ հեռու եմ կանգնել, դիտավորյալ մեկուսացրել եմ ինձ ու հասկանում եմ՝ էս ընտրություններից հետո ամենաահավորը կլիներ ջրծաղիկ ընկնելը: Երևի կամաց ասեցի, ասում է բարձր ասա, ես էլ հեռու եմ կանգնած ու թվում է՝ ոտքիս ծայրերի վրա պետք  է կանգնեմ, թվում է՝ պետք ձգեմ մարմինս,  որ հասակս չի հերիքում նրան մոտ կանգնելու, եթե անգամ մոտ կանգնեմ.

-թափանցիկ զելյոնկա ունեք

-զելյոնկայի թափանցիկը որն ա

-դե որ կանաչի տեղը գույն չկա

-տենց չի լինում

Ծեծված մարմինս դուրս նետեցի, քայլում եմ թաղերով, որ հազար անգամ չափել եմ, հազար անգամ ժամադրվել, երկար-բարակ սիլիբիլի արել, հետո էլ մենակ թափառել, մտածել, թե ինչ հորինեմ, որ ցրեմ ու ոնց բացատրեմ՝ էն ինչ երեկ էր երեկվա համար էր, էսօր ես նորից խառն եմ, էսօրվա համար ես նորից պատասխանատու չեմ, որ իմ ասած խոսքին հավատալը նույնն է ոնց որ հավատաս, որ մարդը, եթե շատ ուզի՝ չի մեռնի, որ մարդուն, եթե շատ ուզեն՝ չեն սպանի.. չէ, իրոք չեն սպանի…մի օր դպրոցիս բակի ծառերից, սյուներից ուսուցիչները կկախեն իրենց, ոմանք էլ պատուհանից դուրս կնետվեն: Աշակերտները ուսուցիչներին ցած կնետեն,ինչպես ցած են նետում սիրային նամակը, տնօրենը խելագարված կապտակի քարտուղարուհուն, քարտուղարուհին հուզված կկռվի ընկերոջ հետ, ընկերը մոլեգնած կռիվ կսարքի թաղի տղերքի հետ…Մարդիկ կուտեն իրար, կհոշոտեն մարմինները, ատամները կխրեն պարանոցի մեջ, արյունը պարանոցից իջնելով կներկի վերնաշապիկը, կարմիրը որովայնից ներքև կիջնի, կծորա ոտքերի վրայով, մազերի արանքով կսահի ցած ու կլցվի կոշիկների մեջ: Քայլերը արնոտ կլինեն, ու ծանր, մարդիկ դժվար կքայլեն՝ մեկ քայլ ու կրունկը պոկելով կոշիկից կզգաս արյան ծանրությունը…հոտը կբարձրանա վերև..հոտը քրտինք կդառնա…

Մանկպարտեզում տղան կվերցնի պլաստմասե բահը ու կնետի, հետո պլաստմասե կաթսան, վառարանը, սառնարանը…տղան չի հասկանա՝  ինչ է կատարվում, բայց մի բան նրան հունից կհանի: Նա կհիշի հորը, որ միշտ տրամադրություն չունի ու ամեն անգամ, երբ տղան ուզում է մոտենալ, տեսնում է՝ հայացքը ուրիշ տեղ է, ու աչքերի մեջ երևում է՝ մեկը սպանել է հորը. հոր աչքերի մեջ հազարավոր հայրերի մահ կա: Ու տղան կթրջի տակը, ոչ մեկի չի ասի, մեզը տաք ու հարազատ կթվա, րոպեներ անց իրեն պաշտպանված կզգա իր մարմնի տաքության մեջ… տղան կսովորի մենակ լինել…

Աղբի վրա պարող աղջիկները

Գիշերային ակումբում եմ, մթությունը, ծանր օդը, բարմենի ծանր հայացքը, կողքիս մարդկանց անորոշ ծանրությունը, չգիտեմ՝ ինչ վերցնեմ խմելու: Լեզուս կպել է բերանիս, չոր ու տհաճ մի բան ներսից ծորում է, մտածում եմ՝ ոնց կլսվի ձայնս էս աղմուկի մեջ, սպասում եմ, որ ինձ դիմեն…բարմենն ասում է.

-սուրճը իմ կողմից…

Ես էլ շփոթվում եմ. ինչու չասեց ասենք գարեջուրն իմ կողմից, ասեց՝ սուրճը: Հետո ստացվում է, որ չեմ կարող վճարել, բայց ես ուզում եմ վճարել, ես կարող եմ վճարել սուրճի համար:

-դե իմ կողմից էլ հյութ բերեք…

Բարմենի աչքերը ժպտում են, բարմենը մի բան գիտի: Ինձ չորս կողմից կուլ են տալիս պատերը, մարդիկ, բարմենը…սուրճը….

Մեկ էլ աղմուկը ուժեղանում է, ոչինչ չեմ հասկանում, շրջվում եմ, ձայներ են, աղբատար մեքենայի վրա աղջիկները մերկացրել են կուրծքը, աղբի վրա պարում են, կրծքերը վերև են բարձրանում, հետո երևի դաղում են աղջիկների մարմինը: Ես զգում եմ կրծքերի տակ կուտակված քրտինքի ծանրությունն ու ցավը…ոտքերի տակ դատարկ շշեր են, աղջիկները խելագարված պարում են, մեքենան գնացքի պես գնում է: Աղջիկները հիվանդ են, ցավի պարը մոլեգնում է …մարմնի մեջ պարում է ցավը…

Նստել եմ անկյունում, մրսում եմ, անտանելի մրսում եմ, բարմենը սուրճի փոխարեն սպաս է բերել՝ թեյնիկի մեջ լցրած, մատով փակում է թեյնիկի ծայրը, հետո խառնում է սպասը, լցնում է ամանիս մեջ, գդալը մոտեցնում է բերանին, ասում է ՝ լավ է, կարող ես ուտել:

Ծանոթներիցս մեկը համակարգիչս է բզբզում, ֆայլերն է դասավորում,  բարմենը ուզում է սիլիբիլի անի հետս, ես մի տեսակ խեղճացած եմ, ես մի տեսակ կուչ եմ եկել: Բարմենին ասում եմ՝ ես սենց տեղ առաջին անգամ եմ լինում, ասում եմ ու մի բան դաղում է ներսից: Բարմենը ժպտում է:Մի բան գիտի: Հետո մենակ ենք: Ա-ին ասում եմ՝ արի վճարենք սպասի համար, Ա-ն ասում է՝ անջատենք հեռախոսն ու թռնենք, հանկարծ հիշում եմ, որ քարտս մոտս է, որր իբր փող ունեմ: Մտածում եմ կվճարենք, չենք թռնի, դրա փողն ունենք:

Արթնանում եմ: Ծանրությունը մնացել է դեռ: Ա-ի հետ եմ ՖԲ-ով խոսում, երազս եմ պատմում ասում է.

-Աղբի վրա պարողները պոռնիկներ են եղել, դու էլ էդպիսին չես դրա համար էլ խեղճացել էիր…

Վատ եմ զգում: Ախր պոռնիկը որն է, ախր ես էլ եմ պոռնիկ, ախր ես էլ, եթե կարողանայի՝  էդ պահին կպարեի նրանց հետ, էդ պահին էս էլ կմերկացնեի կուրծքս ու ես էլ կզգայի մարմնիս հոտը, որ խառնվել է աղբի հետ, ու ծորում է..ես էլ կզգայի ցավը, որ կատվի պես կուչ է եկել ներսումս , ես էլ կզգայի, թե ոնց է կատվիկը անտանելի մլավում….լսել եք չէ կատվի ձայնը. ոնց որ նեղացած կնոջ ձայն լինի…ոնց որ վիրավոր կնոջ ձայն լինի..ոնց որ մոլեգնած վիրավոր նեղացած կնոջ մլավոց լինի…

Բարմենը ժպտում է: Ես հասկացա՝ բարմենը ժպտում է:

60 thoughts on “Վեցերորդ Մրցույթ-19

  1. Մարդիկ կուտեն իրար, կհոշոտեն մարմինները, ատամները կխրեն պարանոցի մեջ, արյունը պարանոցից իջնելով կներկի վերնաշապիկը, կարմիրը որովայնից ներքև կիջնի, կծորա ոտքերի վրայով, մազերի արանքով կսահի ցած ու կլցվի կոշիկների մեջ: Քայլերը արնոտ կլինեն, ու ծանր, մարդիկ դժվար կքայլեն՝ մեկ քայլ ու կրունկը պոկելով կոշիկից կզգաս արյան ծանրությունը…հոտը կբարձրանա վերև..հոտը քրտինք կդառն….
    Շատ լավն է 🙂

    • Սամվել ջան, դուք բժի՞շկ եք, որ ձեզ իրավունք եք վերապահում մարդկանց դիագնոզ դնել: Թե՞ մեսսիայի կոմպլեքսը երկրորդ անգամ է սրացում տվել:

  2. Ա~յ բալամ, ես ոչ մեսսիա եմ, ոչ աստված, ոչ սատանա, ոչ էլ ձեր գրական հակառակորդն եմ։ ես ընթերցող եմ։ Ըն- թեր- ցող։ Դիցուկ, չեմ հասկանում, ինչի մասին է խոսքը։ Բացատրիր։ Գուցե հասկանա՞մ։ Ախր բան չկա մեջը, բան։ Անձամբ ես բանասիրական կրթություն չունեմ, բայց ախր սա գրականություն չի, որ մարդկանց եք առաջարկում։ Հո ձեռ առնելով չի՞։ Կոնկրետ պատասխան ու բացատրություն ստանալու իրավունք ունի՞ ընթերցողը։ Սա էն դեպքն է, երբ նկարիչը շնորհք չունի նկարելու ու ինքնահաստատման համար սև քառակուսի է նկարում, կողքից էլ մի գիրք է կախում՝ իր կասկածելի մտավոր վարժություններով։ Մինչդեռ մի քանի տարի իրենից առաջ մի հումորիստ(Ալֆոնսո Ալլե) նույն սև քառակուսին անվանում էր ՆեԳՐեՐԻ ԿՌԻՎԸ ԽՈՐ ՔԱՐԱՆՁԱՎՈՒՄ, ԳԻՇեՐԻՆ։ Մալևիչը կերպարվեստի աֆերիստներից էր, որը ինչպես երևում է ունի իր հետնորդները ուրիշ ասպարեզներում։ Թե նկարիչ ես, մի աղջիկ նկարի ասենք, Բորովիկովսկու նման, որ մի ժամ շշմած ու հիացած նայես։ Թե չէ հո խոսելով չի՞։

    • Սամվել ջան, ես այս պատմվածքի հեղինակը չեմ, ես էլ եմ ընթերցող, ու ոչ սև քառակուսի եմ տեսել, ոչ էլ կասկածելի մտավոր վարժություններ: Պատմվածքն ուներ թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր, որոնց ես անդրադարձել եմ իմ քննադատության մեջ:
      Եթե դուք չեք տեսել, թե ինչ էր ցանկանում ասել հեղինակը, կամ տեսել եք ոչ այն, ինչ ցանկանում էր ասել հեղինակը, ապա դա ոչ միշտ է հեղինակի կամ ստեղծագործության խնդիրը: Խնդիրը կարող են լինել ձեր գրական կարծրատիպերն, ընթերցանության փորձի պակասը, կարդացած գրականության նեղ ժամանակային կամ ժանրային խմբի պատկանելը, մտավոր ունակությունների պակասը, սեռական անբավարարվածությունը, կարդալու պահին նյարդայանցած համ հոգնած վիճակը, կյանքից ընդհանուր դժգոհությունը, ստեղծագործական ռեալիզացիայի չստանալուց առաջացած դառնությունը և այլն: Ընտրեք ըստ ձեր իրավիճակը:
      Դուք կոմպետենտ չեք կարդալ կամ քննադատել այս աշխատանքը, ինչն երևում է ձեր հակատրամաբանական ու պատմվածքի հետ ընդհանրապես կապ չունեցող մեկնաբանությունից:

  3. Մանեին։ Բարի երեկո։ Չհասկացա, թե ինչ եք ուզում ասել։
    Ինձ զարմացնում է թե ոնց են մարդիկ մտնում երևակայությունների իռացիոնալ աշխարհն ու այնտեղի կատեգորիաներով ու պատկերներով խոսում ընթերցողի հետ։ Օրինակ ո՞նց հասկանամ հետևյալ տողերը **Անտառը հրկիզվում է դանդաղ, անտառը հրկիզում են աստիճանաբար, որդուս հետ սողում ենք պատերի վրայով, ես նրան պատմում եմ, թե որքան հրաշաի էր, երբ հայրդ մահացած չէր **։ Թարգմանեք սա։ Դարձրեք ավելի մատչելի միջին ու ցածր ՕԳԳ ներով մեր ուղեղների համար։ Գուցե բառապաշարնե՞րդ հերիք չի անում։ Հասկացեք մի բան։ Շարքային ընթերցողը չգիտի ու չի էլ ուզում իմանա թե ինչ բան է մինուս մեկից քառակուսի արմատը։ եթե դուք գիտեք, մի թմբկահարեք այդ մասին, խոսեք ընթերցողի հետ բնական ու կոտորակային, դրական, ռացիոնալ թվերից։ Դասականները հենց նրանով են դասական, որ չեն մտնում այդ ջունգլիների մեջ։ Օրինակ վերցրեք նրանցից։ Սպասում եմ անտառը վառող որսագողի(հայերեն՝ բրակոնյեր) բացատրությանը։

    • Սամվելի ասածը՝ բարձր ՕԳԳ-ներով ուղեղների համար. գրեք այն, ինչ մարդկանց դուր է գալիս ու հեշտ է մարսվում՝ գրեք սերիալների սյուժեներ:
      Մի մոռացեք դասականներին, ինչպիսիք են «Իմ երկրորդ մայրը», «Ստրկուհի Իզաուրան», «Ճակատագիր անունով աղջիկը», «Կասանդրան» ու «Դաժան Հրեշտակը»:
      :D:D:D

  4. Եվ պետք էլ չի, և չեմ էլ ուզում,որ ինձ բոլորը հասկանան… սիրո անմար կրակներում քանի քանի սրտեր են վառվում ու քանի խենթ է հրկիզվում այդ խարույկում..այ նման տողերի հեղինակները ձեզ խելագար չեն թվացել և նման պարզունակությունը՝ սվաղած պաթետիզմով,ձեզ թմբկահարում չի թվացել…շարքային ընթերցողը իմ ընթերցողը չի. ահա թե որտեղ է թաղված շան գլուխը

  5. Հարգելի Սամվել,ես այս գործը շատ եմ հավանել,ու եթե կցանկանաք իմանալ,թե ինչու .ասեմ.սա մարդկային թաքուն տագնապների,չսպիացող ցավի,անցյալի դառը իրականության և ներկայի ցավի համեմատության մեջ անցյալին երանի տալու,վերքերը ամոքել փորձելու և այլ զգացողությունների մասին է՝արտահայտված հետաքրքիր պատկերների,երազ-իրականություն զուգահեռների,խորը ենթաշերտերով արտահայտված փոխաբերության միջոցով,ինչը թերևս լավ գրականության և հեղինակի՝շնորհալի լինելու մասին է խոսում….

  6. Երևի ժյուրիի անդամներից միայն ես եմ, որ այս գործն առանձնապես չեմ հավանել: Ավելի ճիշտ, ուրիշ գործեր են եղել, որ ինձ ավելի են դուր եկել: Այնուամենայնիվ, հոգեբույժ լինելով հանդերձ մտքովս չի էլ անցել ստեղծագործության մեջ որևէ հիվանդության ախտանիշ փնտրել: Իրականում մի քիչ հում է գործը, մշակման տեղ ունի, բայց բազմաթիվ ուժեղ պատկերներ ունի, որոնք զարգացնելու ու իրար կապելու դեպքում հեղինակը հրաշալի գործ կստանա: Ի դեպ, տաղանդավոր հեղինակը:

    • դե,պարտադիր չէ,որ բոլորս հավանենք,բայց հեղինակին հոգեկան անվանելը ճիշտ չէ,կարծեմ…ճճճ

      • Սամվելին կարելի է, ինչ ասեմ: Դորիանի դիակը ճոճվելուց համալսարանի մուտքի մոտ, սա երևի ավելի մեղմ ձևով էր արտահայտված:

  7. Բարի լույս իմ ընդդիմախոսներին։ Դուք լավ կլինի ինձ ասեք, թե քանի մարդ է այս ստեղծագործությունը հիշել ու օգտագործել։ Անի Հովնանյանի խոսքերից հետևում է ,որ վերոհիշյալ երկը այնքան բազմաչափ է ու այնքան բան ընդգրկող, որ համաշխարհային գրական մրցանակի հոտ է գալիս։ Կարծում եմ որ նորություն չի ձեզ համար որ ամեն փայլող բանը ոսկի չի։ Հետո մի բան։ ես ընդհանրապես չունեմ նպատակ նսեմացնելու որևէ մեկի գրածը, պարզապես ինձ պետք է մեկը, որը հասկանալի ու միանշանակ ասի բանի էությունը։ Ցավալի է, որ այդ մեկը չկա։ Հրես, հեղինակն էլ փախավ ու թաքնվեց պահարանի հետևում։ Թե տեսեք, ամեն ուղեղի համար չի գրված իմ երկը։ Հա, վիզ եմ առնում, ունեմ սահմանափակ մտավոր հնարավորություններ։ Դրանից ձեր տպաքանակն ավելացա՞վ։ Դուք ինձ ներեք, բայց ստիպված եմ մեջբերել դասականին։

    Да, господа, в Кезике своём
    Людей получше вас вы всегда чурались,
    Друг-друга вы читали, а потом,
    Друг-другом изощренно восхищались,
    И вы сошлись, естественно, на том,
    Что лавры вам одним предназначались,
    Но, господа, вам пора перестать
    За океан озёра принимать.

    • Սամվել, հազար ներողություն եմ խնդրում, բայց դուք հեղինակի համար հոգեբույժ էիք խնդրում: Հրես, եկել եմ, դիպլոմավորված հոգեբույժ եմ: Ու վախենամ` դուք ավելի շատ եք հոգեկան հիվանդի տպավորություն թողնում:

    • Սամվել, հավատացեք ինձ, դուք ինձ ընդդիմախոս չեք կարող լինել: Ինչպես ինձ ընդդիմախոս չի կարող լինել ոչ մեկն, ում համար ով գիտի՝ Բալզակը ժամանակակից գրականություն է: Մի հատ փորձեք Նիլ Գեյմանի «Դառը հատիկները» կարդալ: Ումբերտո Էկոյի «Վարդի անունը»: Արտուրո Պերես-Ռևերտեի «Դյումա Ակումբը»: Ալան Մուրի «Պրոմեթեան»: Ուիլլիամ Գիբսոնի «Նեյրոմանտը»: Կարծում եմ՝ նշածս բոլոր աշխատանքներում էլ ձեր ուղեղը բլոկ կընկնի ու կսկսեք սև քառակուսի տեսնել՝ բաղձանքով հայ դասականներին հիշելով:
      Ինչ վերաբերում է Դորիանին, ես կարող եմ նրա գրածի երկրպագու չլինել, բայց պետք է ընդունեմ, որ այսօրվա հայ գրականության մեջ նրա խոսքը կշիռ ունի, իսկ ձերը՝ ոչ: Ձեր Դորիանի վրա հարձակումներն էլ, մեր մեջ ասած, «Слон и Моська»-ի միջի Моська-ին են հիշեցնում՝ նույնիսկ այն բանով, որ սեփական խոսքերով պայքարելու փոխարեն անընդհատ ինչ-որ դասականների ու նրանց հետ կապված ստերեոտիպների հետևում եք թաքնվում:

  8. Մի բան ևս։ ես ասել եմ որ Դորիանին կախելու եմ գլխիվար այլ ոչ թե սպանելու եմ։ Ինքը իրեն կսպանի երբ այդ վիճակում ծաղրի առարկա կդառնա։ Հայտնեք իրեն որ խելքը գլուխն հավաքի ու ամենից առաջ հայ դասականներին խոշորացույցի տակ կարդա։ Դրանից հետո ինձ թվում է նա շաաաաատ ճիշտ հետևություններ կանի։ Ի՞նչ եք ինձ արնախում գազան դարձնում։

  9. համաշխարհային գրական մրցանակի հոտ է գալիս:ՃՃ չէ մի չէ՝Նոբելյան մրցանակի:Ճ Ընդամենը մրցույթ է,որտեղ կարող է խոտան լինել, և ոչ խոտան…հիմա էս գործը անոմալ ծնունդ է. մոլախոտի մարմնով մեկ էլ ասենք ծաղկի գլխով..ասածս էն ա, որ չնայած որոշ պահեր իմ տեսանկյունից հաջողվել են, ամեն դեպքում շատ թերություններ ունի, համակարգված չի, որպես այլ ժանրում ստեղծագործող ինձ դժվար էր շատ հստակ կառուցել գործը և մի գծով տանել սյուժեն..թեթև տարեք, ու մի ճոխացրեք վիճակը: Թե չէ նմանվում եք մեկին, ով ճանապարհին հանդիպած մկանը դինոզավրի տեղ է դնում..ընդամենը պատմվածքի փորձ էր:Ինչ մի խառնել եք իրար տպաքանակ, դասականներից մեջբերումներ…բանի էությունը շատ եք միանշանակ ընկալում:

  10. Թույլ տվեք հարցնել, ինչու՞ պիտի խոտան լինի։ Գրական մրցույթը, թեկուզ ամենափոքր թաղի մասշտաբով, ըստ իս, իրավունք չունի այդպիսի բաները ընդհանրապես ընդունի ու կոնկուրս դնի։ Գրականությունը չափից ավելի լուրջ գործ է, որպեսզի խոտաններ թույլ տրվեն։ Դե, ասենք, դուք գիտեք, ձեր հնարած խաղը, ձեր կանոնները։ Ներեցեք, դուք պարզապես գրական մթնոլորտում թթվածինն եք պակասեցնում վերոհիշյալ բարմենի պատմվածք կոչեցյալով։ Դուք ձեզ եք խաբում։ Կամա թե ակամա։

    • Սամվել, ՄԻ ՀԱՄԱՐՁԱԿՎԵՔ ձեր կարծիքն ուրիշներին փաթաթել կամ որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնել, նամանավանդ այստեղ: Ու ՄԻ ՀԱՄԱՐՁԱԿՎԵՔ ուրիշի աշխատանքը խոտան անվանել, նամանավանդ երբ ձեր սեփական ստեղծագործությունները մի օրհնած բան չեն:

  11. Հարգելի Սամվել,թերևս ես և Դուք նույն չափով ենք գնահատում դասական գրականությունը,այն եղել է և կմնա մեծագույն արժեք,բայց դրանից բոլորովին չի հետևում,թե նոր գործեր պիտի չստեղծվեն,թե նոր ասելիք չի կարող լինել,նոր ձևեր չպիտի փորձեն հեղինակները:Իսկ ես բոլորովին չեմ ասել,թե <>:Պարզապես այն համեմատության մեջ բավական հաջողված գործ է,վերում նշել եմ՝ինչով:Եթե նկատել եք,ես հեղինակին որակավորելիս(Նրան դեռ չեմ էլ ճանաչում) Նույնիսկ շատ զուսպ եմ եղել՝անվանելով ոչ թե տաղանդավոր,այլ շնորհալի,որպեսզի ինձ չմեղադրեք չափազանցության և համահարթեցնելու մեջ:

  12. Ի դեպ փակագծերում ձեր ասածն էր,որը չի երևում մեկնաբանության մեջ:Մեջբերեմ առանց չակերտների՝վերոհիշյալ երկը այնքան բազմաչափ է ու այնքան բան ընդգրկող, որ համաշխարհային գրական մրցանակի հոտ է գալիս:Նորից նայեք իմ առաջին մեկնաբանությունը:

  13. Սամվել,հարգելիս, ձեր խիստ սահմանափակ նկատառումները ինձ ընդհանրապես չեն հուզում: Կարդացեք գործեր, որոնց հեղինակները այն ձեզ համար հնարավորինս մատչելի կդարձնեն՝ ծամելով, մասնատելով, պարզունակեցնելով, ամեն ինչը բացատրելով…իմ ընթերցողը բացատրական բառարանների կարիք չունի: Բանի էությունը հասկանալ փորձելուց առաջ հասկացեք, թե ինչ է Բանը:

  14. Անի Հովնանյանին։ Դուք պարզապես հերթական մոդայի զոհ եք։ Ոչ այն է ճապոնական, ոչ այն է եվրոպական, ոչ այն է ամերիկյան մի դուրսպրծածի ու առաջ ընկածի ոճի կրկնօրինակող։
    Այ մի բան ասեմ։ Դուք անկասկած մի խելացի ու համակրելի օրիորդ եք։ Գրեք մի քառատող կամ երկու այնպես, որ ձեզ ծանոթ երիտասարդների մեջ ցանկություն առաջանա վազել ձեր հետևից մինչև աշխարհի ծայրը։ Սողալո՛վ։ ՈՒ չնայելով, թե փորի տակը ավազ է, ջուր է թե ասֆալտ։ Կարո՞ղ եք։ եթե այո, ապա կասեմ ՝ՀԱԼԱԼ Է Քեզ։ Ա~յ դա իսկական գործ կլինի, անկախ ոճից ու ձևից։
    Իսկ այստեղ՝ առռա քեզ. **երևի գերեզմանոցում կտրվեին իրար, որ սովորեին, որ թեթև տանեին իրենց բաժին ընկած մահը**։ Ա՛յ քեզ խոսք, այ քեզ թեմա, այ քեզ միտք։ Լսեք, առանց ներքնաշորերի ու սեռական օրգանների,առանց սեռական հարաբերությունների էժան նկարագրության հնարավոր չի՞՞՞ գրել։ Թե՞ դա է առաջնահերթն ու գեղեցիկը։ Էէէէէ բալամ, էս ազիզ օրով իմ բերանը մի բացեք։

    • Սամվել, երևի ձեզ համար գրականությունը որձի միջոց է էգ կպցնելու համար, բայց մեզ մոտ գրականությունը չի սահմանափակվում թիթեռնիկներով, զատիկներով, սերիկներով ու ծաղիկներով:
      Մարդուն դնում վիրավորում եք, հետո խորհուրդ եք տալիս, թե ինչ անի, որ ձեզ դուր գա: Մտածեք մի հատ, արդյո՞ք այստեղի մարդկանց մեծ մասի բանջարաբոստանին է, թե դուք ու ձեզ նմաններն ինչ են մտածում իրենց մասին:
      Ու եթե սեռական թեման ձեզ այդքան բուռն էմոցիաներ է պարգևում, առաջարկում եմ իրոք հոգեբանի դիմել:
      Մեկնաբանությունից մեկնաբանություն ավելի ու ավելի եք ինձ կատաղեցնում:

  15. Մանեին։ Բարի երեկո։ Դուք նման եք այն ճուտիկին, ով նոր է դուրս եկել ձվից ու դեռ ձվի կճեպը գլխին՝ գոռում է. Աքլորն ու թխսերը էշ մեռնում, են իսկ հավանոցի տերը գող սրիկա է։ ես ձեզ ցույց կտամ, թե ինչ բան է իսկական ցորենի հատիկը։ Պահանջում եմ դեմոկրատիա՛՛՛՛։

    • Դուք էլ նման եք այն էշին, որը հարյուր տարի էլ ապրի՝ էշ եղել է, էշ էլ կմնա: Մի ընկալեք որպես վիրավորանք, որ դուք անցնում եք կենդանիների իդիոմների, ես էլ անցնեմ, էլի:)))

  16. Հարգելի Սամվել,խնդրում եմ չանձնականացնել,դուք ինձ ճանաչում եք?Իմ գրածներն էլ,եթե հետաքրքրում է,մի օր կարող եք կարդալ,ես ոչ մոդայի,ոչ էլ որևէ այլ բանի զոհ եմ,պարզապես երիտասարդ եմ,ով շատ է սիրում գրականություն և հետևում է արդի գրականության զարգացումներին՝փորձելով նկատել երիտասարդների տաղանդն ու նոր և հետաքրքիր գործեր ստեղծելու ճիգը:Փորձեք տեսնել նաև լավը,եթե կարող եք:Բարեկամաբար՝Անի:

  17. կեցցե դեմոկրատիան:ՃՃ Սամվել, էս ազիզ օրով ինձ ահագին զվարճացրեցիք..վերջին քոմենթը մանավանդ.շարունակեք նույն խանդավառությամբ, ինձ դուր է գալիս

  18. Դե,Մանե ջան,ճիգ,որովհետև այդ փորձը երբեմն ստացվում է,երբեմն՝ոչ:Իմ դիտարկումը այսօրվա գրական դաշտի մասին էր ընդհանրապես:ՃՃՃ

      • :Ճ Մանե,իսկ ձեր ազգանունը կասեք?Կարող է պատահաբար,դուք նաև բանաստեղծություններ եք գրում?

  19. ահա, Անի ջան:Ճըսկի լեզուս էլ չի պտտվում ասեմ նաև արձակ եմ գրում,որովհետև որպես էդպիսին սա առաջին փորձս է: Երկար էր իմ ճանապարհը դեպի արձակ…նոր-նոր դուխ եմ հավաքում, նոր-նոր ոնց որ ինչ-որ նրբություններ եմ հասկանում:Բայց դե երկար ճանապարհ ունեմ անցնելու:)

  20. Էս ազիզ օրով…:) Սամվել ջան, մտածում էի հեռացնել գրառումներդ, բայց հետո մտածեցի` ինչու՞, ինչու՞ չպետք է լինեն նաև “գունավոր” մեկնաբանություններ մեր բլոգում:

  21. Էրեվում ա դուք շուտով էնենց բաներ դուրս կբերեք գրական ասպարեզ, որ Խեմինգուեյը, Դյուման ու իրենց նմանները ձեր նման գրական շնաձկների առջև մանր կիլկա են երևալու։ Խորհուրդ եմ տալիս նորից կարդալ սեփական գրածներդ։ Ձեր իռացիոնալ աշխարհը ոչ մի ընդհանուր բան չունի ոչ իրականության ու ոչ էլ գրականության հետ։ Հեն ա, ձեր պրեմիայով մի փունջ ծաղիկ հազիվ առնես։
    Փախչում եք կոնկրետ խոսակցությունից ու ցուցաբերում եք հիվանդագին ինքնասիրություն. կարծես թե ես նպատակ ունեմ ձեր թանի մեջ մուկ գցելու։ Նորից եմ հարցնում. ո՞նց հասկանալ էն անտառ վառողի ու պատով էրեխու հետ սողացողի ասածը։ Դուք հայերեն խոսել գիտե՞ք ընդհանրապես։ Հեղինակը թող շարադրի իր մտքերի ընթացքն ու գլխավոր վեկտորը։ Թե չե Քաջ Նազարի նման հորանջում եք ու ձեռը թափ տալիս, որ կողքի նստածները մտածեն թե ինչքա՛ն բան կնշանակեր։

    • Սամվել ջան, Դյուման ու Հեմինգուեյը ահավոր տարբեր են: Ինչպե՞ս քեզ բացատրեմ, որ դու փորձում ես տեսնել Դյումայի “Երեք Հրացանակիրները” Հեմինգուեյի ոճի պատմվածքի մեջ: (Մանե ջան, քեզ մեծ խրախուսանք):)

      Ավելի ճիշտ կլինի, եթե դու կիսվես մեզ հետ այս հատվածների շուրջ:

      1. Շեմքին կանգնած էր շողարձակ աչքերով մի երիտասարդ, որը ստիպեց աղջկան աչքերի մի քանի զննումով հավաքագրել մտքերը: Նրա մատաղ, գեղեցիկ դեմքը, թարմ կերպարանքը ինչ-որ ռազմիկի սլացքի էր հիշեցնում: Միայն նրան ուշի-ուշով նայողը կնկատեր, որ նրա հայացքի խորքում, շրթունքների անկյուններում մի կոտրված, թախծալի նշույլ էր խաղում, երբ նա դողունի հայացքը նետեց դեպի աղջիկը:

      2. — Դու ծխո՞ւմ ես… Չգիտեի՜…
      — Այո՜, իսկ ինչո՞ւ ոչ… Միևնույն է՝ արդեն կորցրել եմ կյանքիս բանալին…
      -Ինչե՞ր ես խոսում… Դու դեռ շա՜տ երիտասարդ ես…
      — Ես արդեն մահացել եմ` հասկանո՞ւմ ես… Ի դեպ նաև ակումբներում հարբում եմ այնքան, որ ինձ մի կերպ են տուն տանում… Կգա՞ս մի օր…
      — Ես քեզ չեմ ճանաչում, դու այդպիսի՛ն չէիր…
      — Նորություն չես ասում… Իսկ դո՞ւ ինձ երբևէ ճանաչել ես… Գնա՛, խնդրում եմ… Մենակ թո՛ղ ինձ, չնայած ես միևնույն է միշտ էլ մենակ եմ եղել…
      -Կգնամ, իհա՛րկե, բայց ինչո՞ւ ես քեզ կործանում… ինչի՞ համար…

      3. Կապույտի մի թև պոկվելով ցած հպվեց աղջկա կիսաբաց աչքերին,ինչը միանգամից արթնացրեց քնատ հոգին: Գլուխը շրջեց կողքի, ուր փռված էր անգույն անապատը: Երբ ոտքի կանգնեց`դեռ օրորվող առաջին քայլի հետ դուրս աճեցին անթիվ անհամար գույներով ծաղիկներն ու կանաչ ծածկը հոսեց ոտքերի տակ, իսկ ծառերն ամեն նոր քայլի հետ կլորվելով ու միահյուսվելով`բարձրանում-փարթամանում էին…
      Հոգին առաջին անգամ ազատ էր. չկային հեռավոր ու տանջող մտքեր`ինչու, եթե, ինչպես ու նման բզկտող շաղկապներ: Բացարձակությունը լցվել էր ներսը`հենման կետ չկար:Հոգում, մարմնում ու մտքում միայն թռիչքի ծփանքներ էին թևածում:Սիրտը հաճելի զգացողությամբ արագ-արագ բացվում ու փակվում էր: Սավառնող հոգին իր գոյությունը զգում էր մի տեսակ անջատ առանց իրեն հայելու`անսահմանության մեջ անմարմին վիճակում առանց խոցվելու գաղափարի:

      4. Այսպես շանթահարող և տենդագին գիշերից հետո, ես, փորձելով վերագտնել ինձ, արագ նետվեցի փողոց, որտեղ անբեկանելի լռություն էր տիրում. նույնիսկ մրջյուններն էլ թաքնվել ու հանգստանում էին կիզիչ արևից: Ինձ տեսնողը մի բան կկարծեր` խենթ եմ: Միայն խենթը կարող էր այդ տապին դուրս գալ քայլելու և մտորելու: Սակայն ես նույնիսկ մրսում էի ու դողում ներսումս տիրող սառցե դատարկությունից: Մի խոսքով` շոգն ու տապը անցնում էին կողքովս առանց ինձ դիպչելու: Քայլերս տանում էին, բայց ու±ր: Ինքս չէի գիտակցում` ի±նչ եմ անելու այսքանից հետո, ո±րտեղ եմ գտնելու այն երջանկությունը, որը կորցրել էի հաշված ժամեր առաջ: Եվ այդ անորոշ զգացումը, միայնության ու լռության մեջ, ինձ տարավ այն գողտրիկ անկյունը, որտեղ հաճախ լինում էի: Ահա այն գետակը, որը երկու օր առաջ կարկաչում էր և փրփրելով բախվում ծերացած ու մամռոտ քարերին, այն նույն կանաչազարդ ուռին` իր փարթամ սաղարթով, իմ աչքերում այժմ դրանք վերածվել էին ճաքճքած կավահողի և զորացած ճյուղեի մի անշուք կույտի: Նստեցի այն քարին, որն արդեն կորացել էր ու մաշվել` նստարանի տեսք ընդունելով, և փորձեցի վերապրել ամեն մի ցողունը, որը շատ անգամ կերտել էի:

      5. Մահճակալ. Զգու՞մ ես իմ ժպիտը: Զգու՞մ ես հեշտանք ապրած աստծո ժպիտը: Տաք թեյ, դու լավն ես, բայց դու ոչինչ ես: Միակ բանը որ ուզում եմ հիմի, դա ըմբոշխնել, զգալ ամեն ակնթարթ ասես վերջինն է: Հասկացիր ինձ ճիշտ, դժոխքում ամեն ինչ մռայլվում է, այնտեղ հիշողությունը դադարում է լինել հիշողություն, այն չի պարունակում ժպիտ, այնտեղ նամակները կարդում ես դժգույն լույսի տակ, և ուրախության ճառագները չեն հասնում ուղեղին:

      Ակնթարթնե՞ր, միգուցե րոպենե՞ր, միգուցե անգամ ժամե՞ր: Չգիտեմ, չեմ նկատում:

      — Գլուխս ցավում է:

      — Համբույրը կօգնի՞, շատ նուրբ ու շատ կրքոտ համբույրը:

      — Չէ: Գլխացավի դեղը որտե՞ղ է:

      Ինչի՞ն է պետք զգացմունքը, ինչու՞ մարդիկ չեն կարող ապրել առանց որևէ էմոցիա: Ինչի՞ է պետք դրախտ, որին հետևելու է դժոխքը: Ինչու՞ եմ այսքան էմոցիոնալ, ախր դա ինձ սպանում է:

      — Դարակի մեջ է, երկրորդ արկղում:

      — Ու՞ր է, չեմ գտնում:

      Լավ փնտրիր, միգուցե և գտնես, թեկուզ և այնտեղ չի:

      — Լավ նայի, երեկ ես եմ դրել:

      — Չկա:

      — Ուրեմն ուրիշ տեղ եմ դրել:

      — Հա, դե հիշի՝ որտեղ:

      — Դե ինչքան հիշում եմ՝ այդտեղ է, եթե այդտեղ չէ, ուրեմն չգիտեմ:

      Դժգոհության ձայներ, բայց ոչ այնքան բարձր, որ լսելի լինեն:

      Ես ատում եմ քեզ: Մի՞թե սիրում էլ եմ: Ախր քեզ հետ անհնար է, բայց առանց քեզ ամեն ինչ չկա, դատարկ է, չկա ցավ, չկա հաճույք, աշխարհը միապաղաղ է: Ախր ինչու՞ եմ այսքան էմոցիոնալ:

    • Սամվել, մեր օրերում Դյուման էնպիսի հաջողություն չէր ունենա, ինչպես իր օրերում: Ժամանակները փոխվում են, փոխվում է ընթերցողի պահանջարկը: Չեմ հասկանում` ինչու՞ եք էդպես չարությամբ լցվել այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձում են ստեղծագործել ու պոտենցիալ ունեն: Եթե ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս, գուցե բարի խորհուրդներով օգնե՞ք: Թե՞ ուղղակի նախանձից պատեպատ եք խփվում:

    • հա բայց ինչի եք տենց տվայտվում հասկանալու համար?ես,որ մի բան չեմ հավանում, չեմ էլ փորձում հեղինակից բացատրություններ պահանջել.չեք հավանել, ձերը չի, անցեք առաջ…վերընթերցեք դասականներին

  22. Մանեին։ Կարդացեք ձեր վերջին խոսքը (2 հունիսի 11.02) ու հաշվեք, թե քանի հատ սխալ եք թույլ տվել, հարգարժան բանաստեղծուհի։ Մինչև հիմա չգիտեք որ նախադասությունը մեծատառով է սկսվում։

  23. Իմ ընդդիմախոսներին։ Տեսնում եմ, որ դուք էլ եք մեր անուսում ջահելների նման տառապում մեր ազգի մեծամասնությանը բնորոշ մեծամտությամբ, ինքնահավանությամբ, մեծ հավակնություններով(համեստ հնարավորությունների փաստացի առկայությամբ), հիվանդ ինքնասիրությամբ ու անառողջ պատվախնդրությամբ։ Ձեր տարիքի հայ ջահելները Մոսկվայում կուբամետրերով թափած են ու հինգ տարում բնակարանի ներքին մակերևույթի մակերեսը հաշվել չգիտեն։ Ջհանդամը ռուսերենը գոնե հայերեն սեփական անունը գրել իմանան մարդավարի։ Փոխարենը բլատնոյ բազար ինչքան ուզես։ Տաջիկներին էլ երրորդ տեսակի մարդ են հաշվում։ Լավ էլ նման եք սրանց։ **Դյուման այսօր հաջողություն չէր ունենա**։ Այս պոստուլատով ու դատողությամբ էլ քարավա՞ն եք մտնում։ Դյուման այսօր երևի ավելի քիչ է տպվում ու կարդացվում, քան դուք։ Կարճ ասած՝ ցտեսություն։ Ձեր հաղթողի գրածն էլ կերևա, կտեսնենք թե ինչ եք գրել։ էԼԻՏԱՅԻ ՀԱՄԱՐ ԳՐՈՂՆեՐ։ ՈՒ ձեր մեծամիտ — խրատական տոնով դուք հեռու չեք գնա։

  24. Մեր ազգը միշտ էլ եղել է ինքն իրեն խաբող ու երբեք քաջություն չի ունեցել անկեղծորեն վերլուծելու սեփական անցյալն ու ներկան։ Դրա համար էլ հասել է այսօրվա մուրացկանի օրվան։ Դուք այդ ավանդույթը շարունակողներից եք։ Ձեզ ասում են՝ բացատրեք ձեր իսկ ասածը, դուք պատասխանում եք, թե հարցնողը հիմար է։

    • Մեր Սամվելը միշտ էլ եղել է ինքն իրեն խաբող ու երբեք քաջություն չի ունեցել խոստանալ հեռանալ քննարկումից ու խոստումը պահել: Դրա համար էլ ուշադրություն է մուրում ու ոչ ադեկվատ զառանցում:
      Շուտով կպարզվի՝ Ղարաբաղյան հարցը չի լուծվում Մանեի պատմվածքի պատճառով 😀

  25. Հեթանոսին։ Տաջիկները ունեն Ֆիրդուսու նման աշխարհահռչակ մարդ, որի նմանը հայ ազգը ոչ ունեցել է, ու, ամենայն հավականությամբ, ոչ էլ կունենա։

  26. Հեթանոսին։ Վերլուծենք ձեր առաջադրած ու մեջբերած տողերը(2 հունիսի 5.53)։ Սկսենք առաջին պարբերությունից։ Դուք երևի գիտեք, որ գրված է հայերեն։ Ուրեմն հայկական լսարանի կամ հայերեն իմացողների համար են։ Դուք պարտավոր եք իմանալ որ ՇՈՂԱՐՁԱԿ բնութագիրը սովորաբար աղջկա աչքերը բնութագրելու համար են ասում հայերը ու հայերի պոետները։ Բայց այդ նրբությունը հեղինակը չգիտի։ Որովհետև կամ հայերեն լավ չգիտի, կամ էլ հայ գրականություն ասածին հեռվից է տեսել։ Անցնենք առաջ։ … ՍՏԻՊեՑ ԱՂՋԿԱՆ…. ՀԱՎԱՔԱԳՐեԼ ՄՏՔեՐԸ։ Հեղինակի անգրագիտությունը ակնհայտ է, որովհետև նա չգիտի, որ մտքերը ՀԱՎԱՔՈՒՄ են։ Իսկ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ են կամավորներին, որոնք մեկնում են ռազմաճակատ կամ որևէ այլ գործի։ Այս երկու զռացող կոպիտ սխալները մեկ նախադասության մեջ բավարար պայման են հեղինակին կարմիր քարտ ցույց տալու համար։ Սա ձեզ ցանկացած առողջ դատողությամբ մարդը կասի։ Ոչ միայն գրական պրոֆեսիոնալ քննադատը։ Հակաճառիր, եթե կարող ես։ Թե չէ ձեզ կոտորում եք այնպես որ թոզ ու դումանը աշխարհը բռնել է։

    • Հակաճառեմ բոլոր պունկտերով և մի բան էլ ավել:

      Առաջինը, պարսիկները դժգոհ կլինեն քեզնից, որ Խորասանում ծնված Ֆիրդուսիին Տաջիկ սարքեցիր:

      Հավաքագրել բառը այդքան էլ վատ չի ընտրված այս դեպքում, չնայած` համախմբել կամ ժողովել բառերը ավելի հարմար կլինեին: Գիտես, հավաքել բառը լայն գործածում ունի հայերենում: Շողարձակն էլ ես չէի դասի միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար: Տղաների աչքերից էլ են շող արձակվում երբեմն:

      Բայց ինչու՞ ես էժան բառակերությամբ զբաղված, Սամվել ջան: Ես դրել էի այս ծամծմված, մաստուրբացված և կլիշեյահոտ նկարագրումներն ու դիալոգները, որպես համեմատական Մանեի պատմվածքին, սակայն դու որոշեցիր կենտրոնանալ չնչին բառախաղերի վրա` ամբողջովին չնկատելով դիակի քայքայումը և հոտը:
      Գուցե սովոր ես այդ հոտին ու դրա համար էլ չնկատեցի՞ր:

  27. Հեթանոսին։ Պարսկական ազգը մոտ քառասուն ազգերի բազմություն է, ինչպես ասենք, սլավոնները։ ՈՒ տաջիկները ֆարսի- դարիի մի տարբերակով են խոսում։ Բնականաբար, տարածությունն ու ժամանակը փոխում են լեզուն, բայց միևնույն է, այսօրվա տաջիկները մնում են պարսկական մշակույթի ժառանգորդները։ Թեհրանում նստածները ընդհակառակը, ուրախ են, որ իրենց ցեղակիցները հասել են Պամիրի գագաթները։ Մեկը կասի՞ ,թե ամերիկահայի համար Խաչատուր Աբովյանը օտար է։ Հաջորդը։ Ձեր Մանեն սկզբից թող սովորի հայերեն գրագետ գրել ու նոր հետո բանաստեղծ կամ գրող հորջորջի իրեն։ Գրելուց մի վագոն սխալ է թույլ տալիս։ Այնպես որ իր գրածները իր մորաքույրը մենակ կկարդա։ Հլա մի թող ասի, ի՞նչ էր ուզում անտառ վառելով ու պատին էրեխու հետ սողալով ասել։ Ինքներդ ձեզ դնում եք հիմար վիճակի մեջ։ Քառակուսի հավասարում չլուծողը երբեք դիֆերենցյալ հավասարում չի լուծի։ Հետո։ Ի՞նչ ես ուզում ինձ կծած լինես։ Սովոր ես հոտին։ Մանր հոգի ունես։ Դա կարող է կործանարար հետևանքներ ունենալ։ Մի քիչ հասունացիր ու կարողացիր լսել։ ես նպատակ չունեմ ձեզ կամ ձեր գրածները նսեմացնելու, բայց դուք համառորեն ձեր կաղ ջորին արաբական նժույգի տեղ եք անցկացնում։

    • երանի ձեր հավեսին ու պարապությանը: լավ ա էս դեմոկրատիան էլ կա խոսում եք, թե չէ ձեր նմանները չէին իմանա ոնց սպանել ժամանակը:չմոռանաք հաշվել, թե քանի անգամ եմ վերջակետից հետո փոքրատառ գրել. հասկանում եմ, ժամանակ ա պետք մեռցնել ,կարաք հանգիստ հաշվեք: անտառ, սողալ, պատ-մատ էդ ձեր խելքի բանը չի. դուք հաշվեք:հա, Սևակը, ով համոզված եմ ձեր ամենասիրելի պոետն ա,բանաստեղծություն ունի, որը վերնագրված ա և նվիրվում ա համայն աշխարհի հաշվիչ մեքենաներին:եթե տեղայնացնենք սևակի ասածը և դարձնենք եզակի, ապա կստացվի՝ ձեզ ա նվիրել բանաստեղծությունը:ես ձեր պես պարապ մարդ չեմ ու վերջին անգամ եմ գրում՝ հիշելով և մեջբերելով սևակին.(ձեր դեպքում մենակ սևակին կարելի ա հիշել).
      -հաշվում եք, հաշվում հաշվեցեք հապա…
      իսկ թե ինչ հաշվել դա ես չէ, որ պետք է ասեմ

    • Լսիր երիտասարդ ջան: Ես այնքան հոգի ունեմ, որ քո անհեթեթութունները թողնում եմ բլոգում: Հասկանում եմ, որ կարող է դու միայնակ ես Մոսկվայում և ուզում ես շփվել հայրենակիցներիդ հետ այս բլոգում, բայց ժամանակին կանգ առնելն էլ է լավ բան: Ես մի շատ տխուր լուր ունեմ քո համար: Դու ոչ կարողանում ես գրել, ոչ էլ` քննադատել:

  28. Հեթանոսին։ Մանեն գոնե հայտնվում է սեփական անունով, դու ինչու ես թաքցնում քո անունը։ Թե՞ վախենում ես ակամա ավելորդ բաներ ասել ու դողում ես հնարավոր հետևանքներից։ Հայրենակիցների հետ շփվելը լավ բան է, եթե հայրենակիցդ չի տառապում հիվանդ ինքնասիրությամբ։ Դուք փոքր մասն եք հայրենակիցների ու հուսով եմ, ոչ մի հարթությունում եղանակ չեք ստեղծում։ Իսկ հիմա ասա անունդ ու ազգանունդ ու հասցեդ։ Գալու եմ Հայաստան ձեր ակումբը ու կխոսենք արդեն կոնկրետ թե Սևակի ու թե մյուսների մասին։ Բաժակի միջի փոթորիկ եք, լոպազներ։ Էն գլուխ գովան արտաշատցու պես։ ՉԱԲԱՋԱՂՈՎ ՏՎԱՄ ԳՅԱՄեՇԻ ՎԻԶԸ ԿՌԱՄ ԹԱԼԱՄ։

  29. Մանեին։ Աղջիկ ջան, հայերեն գրել սովորիր ու ուրիշներին անգործ մի անվանիր։ Դա քեզ պատիվ չի բերում։ Ծնողներդ քեզ չե՞ն ասել որ բոլոր պարագաներում պետք է զուսպ լինել։ Ի դեպ, դու իմ կոնկրետ հարցադրումներին ոչ մի կոնկրետ պատասխան չտվեցիր։

    • Սամվել, երբ, կներես, ոչ այնքան նորմալ մեկը ոչ այնքան նորմալ բաներ է ասում այնպիսի մեծամիտ տոնով, ասես աշխարհում ինքն է մենակ նորմալ, լրիվ նորմալ է, որ մարդն անիմաստ է համարում քո նկատմամբ քաղաքավարի կամ զուսպ լինել:

      Այ մարդ, ես մրցույթին մասնակցել եմ ու պարտվել Մանեին, ու իմ հետույքը չի մրմռում դրանից, քանի որ Մանեի աշխատանքն իրոք այնքան լավն էր, որ արժանի էր հաղթանակի: Ես նախնական քննադատությունից արդեն գիտեի, թե որ աշխատանքներն են բարձր բալեր հավաքելու ու իմ սեփական աշխատանքին մրցակից չստեղծելու համար կարող էի քվեարկել ուրիշ բնավ ոչ վատ աշխատանքների օգտին: Այնինչ քվեարկել եմ երկու աշխատանքների օգտին, որոնք երկուսն էլ իմից շատ բալ են հավաքել: Ու բնավ չեմ ափսոսում՝ մարդիկ արժանի էին: Դու՞ ինչից ես վառվել, չեմ հասկանում:

Ձեր Կարծիքը