Վեցերորդ Մրցույթ-2

Իսկ ես…ես ի՞նչ

Ախ այս կարմիր բարձրակրունկները:Ոնց կարող էի կարծել,թե սրանց վրա կանայք ավելի հմայիչ ու ինքնավստահ են երևում:Դեռ տանից դուրս գալիս հայլեու առաջ ոնց էի սիրում նրանց ու ինձ,իսկ հիմա երեքիս էլ ատում եմ:
Երկվորյակ աշտարակները ճոճվում են ոտքերիս տակ.քիչ է մնում փշրվեմ ու լցվեմ նրանց կարմիր բերանները:
Ժամեր առաջ արիստոկրատ փայլով կարմիրներիս վրա արքայադուստր էի խաղում,ու կարծես թե բոլորը հավատացին:Իսկ այժմ երակներս ուռչել,տռզել են,թվում է ուղեղս հիմա կպայթի ու ցրիվ կգա կրունկներիս փուչիկների միջից:Սկսել եմ անդամալույծի պես ողնաշարս ծռմռելով քայլել:Ոնց եմ երազում իմ տափակ ,սպորտային սպիտակ կոշիկների մասին`նարնջագույն գծերով,ոնց եմ կարոտում նրանց:Մտքումս հազար անգամ հայհոյելով բարձրակրունկներ հորինողին ու ինձ`իջա աշտարակներիցս.կարմիրներն արդեն ձեռքերս էին զարդարում:
Ոտքերս ամեն բջիջով գրկեցին սառը բետոնը ու ,իրար հերթ չտալով,թաթերս համբուեցին գետնի ճակատները:Երբ քիչ-քիչ սկսեցի զգալ,երեկոյի հով սուրհանդակների հազարի լեզուները լցվեցին ծակոտիներս.մարմինս սկսեց շնչել,իսկ կոկորդս բղավեց.ծարավ է:
Առաջին իսկ պատահած սրճարանի գունավոր պաստառը շարժեց աղիքներս:
Ինձ ներս գցեցի ու նստեցի սեղաններից մեկի մոտ,որ քիչ առաջ էր ազատվել, և վրան դեռ տորթի փշրանքներ կային:Ներսում ախորժելի բույրեր էին տարածված,որոնցից անմիջապես զատեցի շոկոլադե կրեմի բույրը:Նույնիսկ մի տեսակ զգացի նրա համը լեզվիս վրա:
-Կոլա:
Կոլայի պղպջակները պայթում էին կոկորդումս:Մեծ կումերը հասնում էին մինչև ոտքերիս ծայրերը,ու, մերկ ոտնամատներս բավարարված, ծռմռվում էին սառը մանրահատակի վրա:Մի՞թե այժմ ինձանից ավելի երջանիկ մարդ կա:Մի՞թե հենց սա չէ լիակատար…
-Բա´րև,Մո´ն:
-Բա´րև:
-Լավ ե՞ս:
-Հա:Իսկ դու՞:
-Ես էլ,մերսի:
Ըմմ,ոնց ասեմ.սա Հայկն էր`իմ համակուրսեցին,որ բավական ժամանակ է ինչ ետևիցս էր ընկած:Դե ասում էր,որ սիրահարվել է:Ես էլ անտարբեր չէի նրա նկատմամբ,համակրելի էր շատ,բայց մի տեսակ խուսափում էի շփվել հետը:
-Ես արդեն դուրս եմ գալիս:
-Հա՞:Թույլ տուր ուղեկցեմ քեզ մինչև տուն:
-Չէ,տունս մոտ է,ինքս էլ կհասնեմ:Բարի գիշեր:
Հիմա ես էլ ծարավ չեմ,տունս մի քանի մետր այն կողմ պլպլուն աչքերով հաչում է ու շարժում պոչը.կարոտել է ինձ:Ոտքերս երկրպագում են բառի ամենաուղիղ իմաստով,պաշտում են բետոնը ու լիզում փոշիները ընկած աստվածների:Իսկ կարմիր կոշիկներս…,իսկ գրողի տարած կարմիր կոշիկներս մոռացել եմ սրճարանում:Հիմա էլի …
-Մո՞ն:
Չէ´,չեմ հավատում:Հիմա ես կշրջվեմ ու ետևումս կանգնած կլինի Հայկը`արքայազնի կերպարով,որ գտել է իր պաշտելի մոխրոտիկի հախճապակե կոշիկները:Հետո մենք կամուսնանաք ու կապրենք երկար ու երջանիկ:Ինչ հրաշալի է:
-Հա՞յկ:Ինչ լավ է եկար:
-Իսկապե՞ս:
-Չէ,դե ես ուղղակի ուզում էի ասել ինչ լավ է կոշիկներս բերեցիր:
-Ահհ,ես հենց այդպես էլ հասկացա,ուղղակի ինձ թվաց այս կոշիկներն այնքան էլ չես սիրում ու չես էլ նկատի նրանց լինել-չլինելը:
-Չէ´,ինչպես:Ես սրանք շատ եմ սիրում:
-Դե լավ է:Իսկապես շատ գեղեցիկ են:Կգա՞ս վաղը միասին սուրճ խմենք:
Հա,չէ,հա,չէ…
-Հա:
-Շատ լավ:Դե ես դասերիցդ հետո կգամ ետևիցդ:

—-

Իմ սիրած սպորտային կոշիկներով անցնում էի երկար զեբրերի վրայով:Մեքենաները անտարբեր սպասում էին
երեքաչքանի շեֆի կանաչ հրամանին:Ռեզինե ակները մի տեսակ հալվել էին ու լղոզվել բետոնին:Զանազան գունավոր պաստառները իրենց հազարերորդ անգամ անիմաստ կարդալ էին տալիս:Մտա մթերային խանութ և ,պայուսակիցս հանելով ցուցակը,սկսեցի հերթով վերձնել մթերքները:Այսօր խոհանոցս պիցցայով պիտի բուրեր:
Ահա ձուն,կաթը,ալյուրը,ձեթը,մի քանի տեսակ երշիկներ,մարինացված սունկ,հալող պանիր ու էլի մի քանի պակաս-պռատ բաներ:Ահհ,չմոռանամ կոլան.պիցցայի հետ լավ կխմվի:Էս ինչի՞ են թանկացրել,փոոհ:
Ես ամենայն հաճույքով կտրատում,շարում ու շխկթխկացնում էի խոհանոցում:Ոտաբոբիկ վազում էի այս ու այն կողմ և ջանում կատարյալ մի համ ստանալ,որ Հայկը մեռներ հաճույքից և պաշտեր ձեռքերը իմ:
Ճաշելիս ամուսինս պիցցայի խոշոր կտորները ,առանց լավ ծամելու,շրխկալով կուլ էր տալիս ու անտարբեր,սառած աչքերով նայում միջանցքի կոշիկների դեզի տակ պլպլացող կարմիր կետին:Նա երազում էր,որ այս համեղ պիցցան իր մոխրոտիկը պատրաստած լիներ.նրան շատ էին սազում փոշոտված շքեղությունները կարմիր:
Իսկ ես,ես ի՞նչ…գետինը և բետոնը պաշտող մոխրոտիկ մի,որ հախճապակե կոշիկների միջոցով հավատաց հեքիաթներին ու գտավ արքայազնին իր,մինչդեռ փայտահատներից ծնված մոխրոտիկները, արքայազների հետ ամուսնանալիս,արքայադուստրեր չեն դառնում:Երևի ես ուրիշ հեքիաթից էի…

Ձեր Կարծիքը