Վեցերորդ Մրցույթ-3

ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ՍԵՐԸ

Արդեն կեսօր էր, երբ կիզիչ արևի խայտաբղետ ցոլքերը խլրտացին Անիի մահճակալի վրա: Շուրջը համակած լռության ստվերոտ կախարդանքն իր երկարաքուղ զգեստի մի մասը կարծես փաթաթել էր աղջկա պարանոցին և իր թավշյա գիրկն առել նրա երբեմնի խնդությամբ պարուրված հոգին: Սենյակի օդը սովորականից ավելի արբեցնող բուրմունքով էր լցվել` ինչպես հոտավետ ծաղիկների ժպիտից քաղված փունջը կբուրեր:
Հեռվից նկատելի ծիկրակող արևը իր շողերով սողոսկել էր պատուհանի եզերքին, ուր դեռ երեկ անձրևի մի քանի կաթիլ ծռմռվելով սահել էին ապակին ի վար:
Վեր կացավ տեղից. հագնելով թավշյա մետաքսից գործված խալաթը` հանդարտ քայլերով մոտեցավ պատուհանին, որտեղից միայն լույս էր ճառագում, իսկ բուրումնավետ օդի պղպջակներում լողում էին երկնի արծաթափայլ բեկորակույտերը` լի զովաշունչ մաքրությամբ ու խոնջ քնքշության մեղմ հպումներով:
Հնչեց դռան զանգը. անմիջապես հագնելով զգեստը` Անին շտապեց դեպի դուռը: Շեմքին կանգնած էր շողարձակ աչքերով մի երիտասարդ, որը ստիպեց աղջկան աչքերի մի քանի զննումով հավաքագրել մտքերը: Նրա մատաղ, գեղեցիկ դեմքը, թարմ կերպարանքը ինչ-որ ռազմիկի սլացքի էր հիշեցնում: Միայն նրան ուշի-ուշով նայողը կնկատեր, որ նրա հայացքի խորքում, շրթունքների անկյուններում մի կոտրված, թախծալի նշույլ էր խաղում, երբ նա դողունի հայացքը նետեց դեպի աղջիկը:
-Բարև ձեզ,-լսվեց երիտասարդի շուրթերից:
Ծանոթ մի ձայն, որն անմիջապես փոթորկեց աղջկա հոգու անդորրը:<<Մի՞թե նա էր, բայց դեմքը… ախր ո՞նց կարող էի մոռանալ…>>: Մի պահ ընկնելով մտորումների գիրկը, հետո ամոթխած աչքերը հղելով հատակին` հազիվ արտաբերեց. <<Բարև>>:
-Ինչու՞ չես նայում աչքերիս, մի՞թե անծանոթ է հոգուս լռությունը,-մեղանչող ձայնով շշնջաց տղան:-Այդ ես եմ` Արմենը,գուցե տարիները արտաքնապես փոխել են ինձ, բայց դու նայիր սրտիս անսահմանությանը…մի՞թե ոչինչ չեն ասում:
Անին վախվորած հայացքը այս ու այն կողմ էր նետում` պարփակվելով լռության ճիրանների ալեկոծ օվկիանում: Մի պահ սթափվելով ձեռքը տարավ դեպի նրա այրվող դեմքը, որը շիկնել էր ոսկեզօծ արևի խայտաբղետ երանգներից:
Աղջիկը մտորում էր. <<Զգացումը զարթնեց հոգումս, տարիների կարոտը, սրտումս երկար ժամանակ ջերմացրած խանդավանքը, երջանիկ գոհացման այրեցումն արբեցրին ցավեցնող կարոտս>>:
Անիի դողդողացող շուրթերին երևաց կարոտի նշույլը, իսկ աչքերի սևորակ թախիծը մի կողմ նետելով իր մռայլ ժպիտը, հայացքը սևեռեց նրա դեռևս ոչինչ չասող աչքերին:
-Մի՞թե ես հեռու չէի սիրո երջանիկ տարփանքից և շատ մոտ մահվանը,-լացակումած գոչեց աղջիկը,-մի՞թե չես սպանել մեր սերը, գնա’ մի’ բացիր հոգուս պարփակված վերքերը:
-Ների’ր ինձ,- մեղանչող ձայնով շշնջաց նա: Ինչ-որ դաժան խաղաղություն կար նրա խոսքի մեջ, և միևնույն ժամանակ փաղաքուշ մի մեղմություն ամեն մի բառում:
Թաքուն սրբելով տամուկ աչքերը` աղջիկը սահուն քայլերով ուղղվեց դեպի դռան կողմը: <<Մի’ գնա, ների’ր ինձ…>>. այս խոսքերն անընդհատ կրծում էին աղջկա մարմինը, սեղմում կոկորդը ու աղեկտուր ճիչով դանդաղեցնում սրտի զարկերը: <<Ներե՞լ, թե՞ փախչել հետապնդող անցյալից>>. այս հարցի պատասխանն օրնիբուն ծվատում էր աղջկա հոգու կապանքները:
…<<Բարեհամբյուր ու բոլորի կողմից սիրված աղջիկ էր Անին: Ծնողների միակ զավակը: Պետական համալսարանի ուսանողուհի էր : Սովորում էր բացարձակ գերազանց գնահատականներով. ուսումը կյանքում ամեն ինչից վեր էր: Բացի այդ նրա արժանավայել հագուկապը` համապատասխան խնամքով, մեծ ուշադրություն էր գրավում:
Կուրսեցիներով հրավիրվել էին միջոցառման. այնտեղ էր նաև Արմենը` գեղեցկադեմ այն երիտասարդը, ով անդառնալի հետք թողեց աղջկա երբեմնի խանդավառված հոգում: Կապուտաչյա աղջկա հմայքը մեխվել էր նրա ուղեղում և ստիպել սիրահարվել մինչև ականջների ծայրը: Նրանք ծանոթացան, և տղան երեկոյի ավարտին աղջկան ուղեկցեց տուն:
Օրըստօրե նրանց հանդիպումները հաճախակի էին դառնում: Անին այլևս անտարբեր չէր երիտասարդի նկատմամբ. նա հետաքրքրություն ուներ, սիրահարվել էր: Նրանց սերը գարնան նորաբողբոջ ծաղկի նման իր շունչն էր տարածում ամենուր: Սեր էին շնչում ծաղիկները, բույսերը ,սեր էր հոսում բազմավտակ մայր գետի ալիքներից: Աշխարհը մի վայրկյանում կարծես դադարեց պտտվել և իր ամբողջ էներգիայով միայն սեր ճառագեց: Այդ տարօրինակ, բայց միևնույն ժամանակ հաճելի զգացմունքը, աղջկան ստիպեց կտրվել իրական կյանքից ու նետվել երազանքների, վառ զգացմունքների գիրկը: Կյանքը կարծես մի հեքիաթային ակնթարթ լիներ երկուսի համար, որ շատ շուտով պիտի վերանար, վաղամեռ անձրևի կաթիլների հետ մեկտեղ… Ավա~ղ…
Արդեն մոտենում էր ձմռան ավարտը, քաղաքն ամբողջությամբ ծածկվել էր ճերմակափրփուր ձյան սավանով: Այդ օրը նրանց հանդիպման հերթական օրերից մեկն էր: Հանդիպում, որն այդպես էլ չկայացավ` մնալով լոկ հուշերի սևամութ հարձանուտում:
Ոչինչ ավելի դժվար չէր կյանքում, քան մերժված և հիասթափված լինելը:Ինչո՞ւ… Աշխարհում ամեն ինչ կորցրել էր իր իմաստը նրա համար:Ժպտադեմ անցորդներ, վարսերի մեջ մեխված փաթիլներ, ամեն ինչ…Սպասում…Բայց նա չկար, ա’խ,միթե՞…Ինչու՞…
Ուշ երեկոյան կոտրված սրտով Անին վերադարձավ տուն: Մարմինն ազատելով հոգին խեղդամահ անող հագուստի կապանքներից, խենթացածի պես պառկեց իր սենյակի մահճակալին, որն հետագայում դառնալու էր սեփական եսից թաքնվելու միակ ապաստանը:
Նա` այդքան երազներով ու ձգտումներով լեցուն մարդը հոգեկան իր տվայտանքներով առանձնացավ, մենացավ բոլորից և ամենից: Սերը փշրեց նրա ոգին, այդ անբացատրելի սիրո առեղծվածը ծվատում էր նրա ջահել սիրտը` տակնուվրա անելով հոգին: Նա հեռացավ ամեն ինչից` ցանկանալով ջնջել բոլոր հիշողությունները:
Դարձավ ինքնամփոփ, թախծոտ ու անտարբեր: Նրան հոգու ճգնաժամից հնարավոր չէր վերադարձնել լիարժեք կյանք>…
Անցան տարիներ, և ահա մի օր տղան վերադարձավ բացահայտելու առեղծվածայինը: Կարծում էր կվերաբացեր աղջկա հավիտյան փակված սիրտը` իր հոգու բանալիով: Բայց այն միամիտ աղջիկն այլևս չկար, այժմ նրա փոխարեն կանգնած էր խորհրդավոր ու հպարտ կեցվածքով, թովիչ աչքերով օրիորդը, ով չէր կարող մոռանալ երկարամյա տարիների տառապանքը: Բայց… Երբեմնի հաստատակամ վճիռը ակնթարթորեն հօդս ցնդեց տղայի աղերսող հայացքի ներքո: ՈՒ՞ր մնացին այն վճռված ցավագին խոսքերը, որ պիտի ասվեին նրան: ՈՒ՞ր մնաց այն երկարամյա վշտերից ու տանջանքներից բաղկացած հիշողությունը: Երևի խեղդվեց հոգին ակնթարթորեն պարուրող երջանկության հորձանուտներից: Քնքուշ այտերը, որ սովոր էին դառը, աղի արցունքներին, այս անգամ ողողվեցին երջանկության արցունքներով:
<<Սերը ամենակարող էր>> ,-համոզվեց տղան` չմտածելով, որ կրկնում է աղջկա շուրթերի շշնջյունը:
Գրկախառնմանը հաջորդեցին կարոտագին համբյուրները:
• Բայց, համենայնդեպս, ի՞նչն էր պատճառը…

1 thoughts on “Վեցերորդ Մրցույթ-3

  1. Հեղինակի ձեռագիրը միանգամից ճանաչելի է, ուրիշ ոչ մեկի հետ չես շփոթի, ինչը միակ ուրախալի բանն է տվյալ պարագայում… Թեև պիտի խոստովանեմ, որ մարդու էս աստիճան համառությունն էլ հարգանքի արժանի բան է:

Ձեր Կարծիքը