Վեցերորդ Մրցույթ-5

……..Նա փորձում է նկարել ինձ իր գույներով..:)))………. տաք են նրա գույները` կարմիր ու արևային…

Անձրևն ու Հովիվը

Հովիվն առաջին անգամ տեսավ Անձրևին, երբ ընդամենը հինգ տարեկան էր: Այդ օրվանից նրա սիրտը բաբախեց միայն Անձրևի համար: Քանի դեռ փոքր էին, Անձրևի հպարտ, հարուստ ու խիստ ծնողները թույլ էին տալիս իրենց դստերը խաղալ աղքատ ու անընտանիք Հովվի հետ: Երբ չափահաս դարձան, Անձրևի ծնողներն արգելեցին Հովվին անգամ մոտենալ իրենց տան դարպասներին:
Այդ չարաբաստիկ օրն, ու տարվա մնացած բոլոր օրերը Հովիվը միայն երազում էր տեսնում Անձրևին: Բայց դե երազները գալիս ու անբացատրելի կերպով հեռանում էին` իրենց հետ տանելով Անձրևի քնքուշ ու բարի ժպիտները:
Մի քանի անգամ նա փորձեց մոտենալ Անձրևի ծնողների` դղյակ հիշեցնող տան դարպասներին, որպեսզի տեսնի Անձրևին, բայց ապարդյուն: Սիրելի Անձրևին այդպես էլ չտեսավ, իսկ մի անգամ էլ անսիրտ տանտիրոջ հրամանով պահակներն այնպես բռնեցին նրա արդեն իսկ մաշված պիջակից ու շպրտեցին փողոցի մյուս ծայրը, որ խեղճ Հովվի հագուստն ամբողջովին պատառոտվեց:
Այդ ցավին չդիմանալով` Հովիվը հեռացավ լեռներն ու որոշեց երբեք չվերադառնալ մարդկանց մոտ:
Նա բարեկամացավ աշնան քամու հետ, ձմռան ցուրտը սովորեցրեց նրան չմրսել, գարնան որոտը սպանեց նրա մեջ վախն ու սարսափը, ամառը դարձավ նրա անդավաճան ու մտերիմ ընկերը: Տարվա եղանակների հետ Հովիվը կոփվեց ու դարձավ լեռներում ապրող միակ ուժեղ ու գեղեցիկ տղամարդը: Նա ապրում էր իր ձեռքով սարքած քարե փոքրիկ հյուղակում, սնվում էր ինչով պատահի, երբեմն նրան հաց էին բերում մարդիկ, ում ընտանի կենդանիներին Հովիվը պաշտպանում էր վայրի կենդանիների հարձակումներից:
Չէր խոսում մարդկանց հետ, չգիտեր գրել ու կարդալ, բայց շարունակում էր սիրել: Լեռնային բնությունը ոչ միայն չէր սպանել նրա սրտում ապրող սերը, այլև ավելի էր տարածել այդ սիրո արմատները:
Հովիվն անում էր ամեն ինչ Անձրևին մոռանալու համար, բայց սերն ավելի ուժեղ էր, քան ուժը` սեփական սրտից այն հանելու:
Մի օր էլ Հովիվն զգաց սրտի անհույս բաբախյունն ու մտածեց. “Ինչու՞ է այս սիրտն ապրում, եթե չեն թողնում սիրել”: Ու նա որոշեց գնալ և հանդիպել սիրելի Անձրևի հետ:
Քամին ու Որոտը միացան նրան: Երեքով կտրեցին- անցան գյուղ տանող ամենակարճ ճամփան:
Տեղ հասան երեկոյի հետ: Սպասեցին մի քիչ էլ մութն ընկավ ու Քամին մի շնչով հանգցրեց գյուղի բոլոր ճրագները, Որոտն էլ այնքան ուժգին սկսեց փռշտալ, որ մարդիկ շտապեցին վերջացնել իրենց գործերն ու փակվեցին տներում:
Այդժամ Հովիվը նստեց Քամու թևերին, մոտեցավ Անձրևի պատուհանին ու անհամբեր նայեց ներս: Անձրևն իր ծաղկավոր գիշերազգեստով պառկել էր գորգի վրա ու գիրք էր կարդում: Նրա ալիքվող վարսերը, երկու ծամերի ձևով, գրկել էին նախշազարդ գորգը: Հովիվը տեսավ Անձրևին, նրա դեմքից թափվող գեղեցկությունն ու բարությունը, ու չկարողացավ զսպել ցանկությունը` գրկելու Անձրևին ու կարոտն առնելու:
Ոչ ոք, բացի լուսնից ու աստղերից, չտեսան, թե ինչքան մեղմ թակեց Հովիվը սիրելի Անձրևի պատուհանը:
Անձրևը չլսեց, իսկ Հովիվն էլ չուզեց ավելի բարձր թակել, որ հանկարծ սիրելիին չվախեցնի:
Քամին նայեց ընկերոջ հուսահատ աչքերին, ու փորձեց օգնել նրան: Նա մի ուժգին հարվածով բացեց լուսամուտի փականն ու, Հովիվը հայտնվեց Անձրևի սենյակում:
— Չվախենա՛ս, Անձրև,- ասաց Հովիվն ու մոտեցավ սիրելիին,- Քամին ինձ բերեց:
— Ո՞վ ես դու,- հարցրեց աղջիկը վախեցած ու վազեց մտավ վերմակի տակ,- դու երա՞զ ես:
— Մի՞թե իմ Անձրևն ինձ մոռացել է,- վերմակը բարձրացրեց Հովիվը, որ Անձրևը տեսնի իրեն,- լա՜վ նայիր, Անձրև, ես եմ, քո մանկության ընկերը` Հովիվը:
— Ստում ես,- հերքեց աղջիկը,- Հովիվը հեռացել է լեռներ, ուր նրան վայրի կենդանիները հոշոտել են:
— Ո՞վ է ասել քեզ այդ սուտը,- բարկացավ Հովիվն ու բռնեց Անձրևի ձեռքը,- այո, ես հեռացա լեռներ, որ մոռանամ քեզ, բայց չկարողացա…
— Իսկ ես այնքա՛ն եմ արտասվել քեզ համար,- նրան փաթաթվեց Անձրևը,- չեմ հավատում աչքերիս, ինչ լավ է, որ կենդանի ես…
— Ես եկել եմ քո հետևից, սիրելի Անձրև, կգա՞ս ինձ հետ,- խնդրեց Հովիվն ու փաթաթվեց Անձրևին:
— Իհարկե, Հովիվ, ուր էլ գնաս, ես քեզ հետ կգամ,- ուրախ առաջարկից Անձրևը կորցրեց իրեն ու էլ ավելի շփոթվեց, երբ Հովիվը համբուրեց նրան:
Քամին նրանց տարավ մարդու աչքին դեռևս անծանոթ մի վայր, ուր նրանք վայելեցին իրենց սերը, ապրեցին երջանիկ, բայց ոչ երկար: Չար մարդիկ մի օր գտան նրանց թաքստոցն ու հայտնեցին Անձրևի ծնողներին:
Վախից, որ ծնողներն իրեն նորից կբաժանեն սիրելիից, Անձրևը ծածուկ աղոթեց Բարձրյալին ու խնդրեց, որ ծնողների ու մարդկանց աչքից իրեն թաքցնի, դարձնի թափանցիկ ու անբռնազբոս, իսկ սիրելիի աչքին միշտ երևա նույն գեղեցկությամբ:
Բնության ու աշխարհի տերը լսեց Անձրևի աղոթքն ու, երբ ծնողները եկան նրա հետևից, նրան տարավ իր մոտ:
Չանցած մեկ շաբաթ, երբ բոլոր մարդիկ իմացան Անձրևի անհայտանալու մասին լուրն ու հաշտվեցին դրա հետ, Բնության Հայրը կատարեց նրա ցանկությունն ու ուղարկեց երկիր` սիրելիի մոտ` երկնքից թափվող ջրի տեսքով:
Մարդիկ, որ առաջին անգամ էին տեսնում երկնքից թափվող ջուր, սարսափեցին ու օրերով, քանի դեռ Անձրևն ու Հովիվը երկրի վրա վայելում էին իրենց սերը, դուրս չեկան տներից:

Տարիներ ու դարեր են անցել, բայց մինչև այսօր էլ մարդկանց մոտ կա անձրևից փախչելու սովորությունը:
Միայն լեռներում դեգերող հովիվն է, որ գուցե չգիտի, իր պապերից չի լսել Անձրևի ու Հովվի սիրո մասին, բայց և երբեք չի փախչում ու թաքնվում երկնային ջրից:

Ձեր Կարծիքը