Վերջնական Փուլ-1 Վարդուհի Բադալյան

ԵՎԱՅԻ ՕՁԸ

Ու մի տարօրինակ միտք է ինձ հետապնդում. oձի մաշկը տա՞ք էր, թե՞ սառն, արդեն չեմ հիշում…

Փոքրիկ-փոքրիկ մի մանկիկ էր, որ բարձրանում էր ոտնաթաթերին, ինչ է՝ մի իր սեղանին դներ: Ես էի: Աշխարհը հեքիաթ էր, որ ես էի հորինում, բայց կային երևույթներ, որ զորեղ էին իմ մանկական երևակայությունից, որ դուրս էին իմ մանկական իշխանությունից, որ անկարող էի կանխել, փոխել, ինչ-որ կերպ հարմարեցնել իմ հեքիաթին: Այդ երևույթներն էին, որ իրենց պաղ շոշափուկները խրում էին մանակական սիրտն ու սնում չարը: Չարն այնքան էր տարալուծվել էությանս, որ ես կիսատ էի առանց նրա: Իմ ներսում այդ չարն անգամ սովորել էր սիրել, ու ես էի անգամ ատել սովորել: Փոխադարձ սիրո և ատելության դաշինքով մենք գոյատևում էինք նույն մարմնեղեն անոթում:

Ամեն վերհուշ սարսափի մի մածուցիկ ոստայն է, որ ինձ փաթաթում է իր կպչուն թելերով ու տանում հատկապես անցյալի այն պահը, երբ ես ճանաչեցի իմ սարսափը:

Ներսիս չարը դեմ էր գառնուկի զոհաբերությանն ու ապստամբած մռնչում էր՝ փորձելով մարմին անոթն իր հետ տանել ու մի կողմ նետել զոհաբերության արարողությունից:  Իսկ ներսիս բարին լուռ ու խոնարհ կանգնել, սպասում էր հետոյին, թեև ևս ընդդիմանում էր՝ մի անբացատրելի մանկական իմաստությամբ կռահելով, որ հետոն սարսափելի է լինելու:

Գառնուկի աղեկտուր հրաժեշտն աշխարհին ընդհատվեց խռխռոցներով: Արյան ալ շատրվանը փրփրեց խոտին, տարածվեց: Մինչ հողն անհագ կլանում էր արյունն անտեսանելի կումերով, ներսիս չարն ինձ բացատրում էր մահը: Սրտխառնոց ու լացելու անհաղթահարելի ցանկություն կար: Մի կերպ ինձ զսպելով, զգացմունքներս վերափոխելով քարացման՝ ես դեռ լուռ հետևում էի հետոյին: Դա պիտի որ անհեթեթույան աստիճան սարսափելի լիներ՝ փոքրիկ աղջնակ, որ սարսափից լայնացած բիբերով ճանաչում է մահը: Կողքիս փոքրիկների աչքերում հանգստացնող անտարբերություն էր: Չէին հասկանու՞մ, թե չէին զգու՞մ: Բոլորի համար աննկատ դողում էի: Իմ ներսի չարն ու բարին մի կուռ դաշինք կնքած ինձ խնդրում էին փախչել, իսկ ես դեռ համառում ու կանգնած նայում էի…

Հետոն իրեն սպասել չտվեց. գառնուկի դեռ տաք արյունը խաչի պատկերով դրոշվում էր երեխաների ճակատներին: Հերթն ահագնաբար հասնում էր ինձ: Ներսումս ապստամբեց մի ամբողջ էություն ու ես դիվահարի նման սկսեցի փախչել՝ ճակատիս զգալով այդպես էլ չպատկերված արյունե խաչը…

Մինչև այսօր ինձ խուճապի է մատնում միայն միտքը, որ մահը կլերդանար ճակատիս, որ ես ֆիզիկապես կզգայի նրա մածուցիկ, դեռ տաք արյունե համբույրն իմ մաշկին: Անգամ հեգեկան անկման այն ամենասարսափելի պահերին, երբ ամեն ցավից գերադասելի է մահը, երբ յուրաքանչյուր մասնիկը մահ է տենչում, ես չեմ ցանկանում մահվան այդ այունոտ հպումը, մտածելով՝ երանի քնեի ու էլ երբեք չարթնանայի:

Իմ միջի չարը դրանից հետո երկար ժամանակ թաքնվեց, բայց նա ինչ-որ ինձ  անհասկանալի հաղթություն էր տողնում: Հետզհետե ես ավելի մեկուսացած, չոր ու սառն էի դառնում աշխարհի հանդեպ, իսկ ներսիս չարը համառորեն նոր շաղախ ու քար էր ավելացնում ատելության իր ամրոցին: Դեռ շարունակում էի խուսափել ցանկացած զոհաբերությունից, իսկ հատկապես գառնուկի զոհաբերությունն էությունս մատնում էր մի փոթորկալի խռովքի ու չարն ու բարին իմ ներսում հերթական անգամ դաշն կնքած ինձ տանում էին հեռու զոհաբերության վայրից…

….

Տարիներն աննկատ անցան… Դպրոց, դասեր, գիտելքներ… Դպրոցում արդեն աստղագիտություն էինք սովորում, փորձում էի աշխարհը ճանաչել իր ամենափոքր մասնիկից մինչև գալակտիկաներ, ինձ համարում էի իմաստուն հիմարաբար, ու մանկական անբացատրելի իմաստության վերջին բեկորները շաղ տալիս անհայտում:
Հեքիաթս գրեթե սպառել էր իրեն: Դավաճանված մուսաս էլ արդեն աթեիստ էր դարձել ու գրում էր տողեր, որ արժանի էին այրվելու…
Հետո այդպես էլ վարվեցի՝ անարժան տողերի հետ վառարանում այրելով նաև մանկական իմաստուն թոթովանքներս:
Զոհաբերության տեսարաններ կյանքումս այլևս չէին եղել՝ ես բարեհաջող ծլկել էի ճիշտ ժամանակին, ու մանկությունից ժառանգած սարսափը գրեթե քերել, թափել էի ճակատիցս:

Նորից գառնուկի մայուն: Նստել էի կողքին ու քարացած ինչ-որ հեռավոր կետի էի նայում: Չգիտեի անգամ՝ չար, թե բարի մի թրթիռ ներսումս հուշում էր ազատություն տալ գառնուկին: Գառնուկն ազատություն չստացավ: Ես արդեն չէի տարանջատում իմ բարին ու չարը: Այս անգամ զոհաբերություն չէր, պարզապես խորոված էր, բայց ես էլ պարզապես ի վիճակի չէի ուտել այն կենդանուն, որի հետ խաղում էի, որին կերակրում էի, որին սկսել էի սիրել:
Աննկատ հեռացա…
Սկզբում գրեթե սողալով, կուզեկուզ էի հեռանում, որ ինձ չնկատեն, հետո անվտանգ հեռավորության վրա ուղղվեցի ու վազեցի… Կյանքում հաճախ եմ այդպես սլացել, բայց այդ անգամն, այնուամենայնիվ, ինչ-որ առանձնահատկություն ուներ. ես փախչում էի ինքս ինձանից և դա ինձ մոտ ստացվում էր… Աստիճանաբար ես մնում էի ետևում, իսկ մարմին անոթում մնում էր միայն չարը:
Աստվածաշունչ դեռ չէի կարդացել: Իհարկե, ձեռքս էի առել, հատվածներ կարդացել, բայց ամեն անգամ չարի հզորագույն զենքերից մեկը՝ ծույությունն ինձ հերթական անգամ իր ցանցն էր առել ու ես չէի ճանաչել այն արժեքները, որոնցով ապրել էին անցած սերունդները:
Տարբեր տեղերից կարդացածս ու լսածս քաոսվել էին ուղեղումս ու ներսումս մտքերը սկսել էին մրրկվել կրոնախոհափիլիսոփայական անիմաստությունների քաոսում, որ սպառնում էր բանականությունս շղթայել խելագարությամբ: Աշխարհի արարումից մինչև աշխարհի կործանում իմ ունեցած պատառիկներով մի անհեթեթ մոզայիկա էի ստացել, զուր փորձեցի այդ պատկերում գտնել ինձ: Եվ այդ պահին ես հասկացա, որ ես աշխարհի արարման պատմությունում չգրված մի հնչյուն եմ, որ ամենին ու ամենքին պիտի լինի դիտորդ ու ոչ մասնակից: Դա սկսեց ինձ սփոփել, պատասխանատվության բեռը թեևացավ ու էլ ինձ չճզմեց տրորելու աստիճան, ուրիշ շատ բեռեր էլ թեթևացան, ես աննկատ դանդաղեցրել էի վազքս ու իմ եսը եկավ, հասավ ինձ, գտավ իրեն իր սովորական տեղում ու լուռ համակերպվեց չարի դեմ տարած իր բացակա բանավեճի արդյունքների հետ:
Այդ փոքրիկ, միայն ինձ հայտնի խելագարությունն ինձ փրկեց մի ավելի մեծ խելագարությունից, ուր իմ չարը փորձում էր ինձ ցմահ փակել ու դառնալ դիվահար մարմնի միահեծան տիրակալ:
Խորը շունչ քաշեցի, շուռ եկա ու գլխիկոր ետդարձի ճամփան բռնեցի այնտեղ, ուր մարդիկ էին, ուր խորովվում էր գառնուկը ու այդ խորովածն այժմ հանգիստ կարող էի ուտել: Ճանապարհին փորձում էի հասկանալ, թե ինչեր են կատարվել մարմնումս իմ բացակայության ժամանակ. բանականությունն ու զգացմունքներն իրար հակասում էին…

Այն վայրկյանին, երբ ես ՉԱՐ էի ու չար էին մտքերս, լսվեց հատու սուլոցն ու ես զգացի, ձեռքումս օձի գլուխը…
Աստիճանաբար գիտակցությունս հաղթեց սարսափին, ու հասկացա, որ ես չեմ ճզմում օձին, այլ իմ ներսում եղած մեկ այլ էություն, որ երևի հենց իմ կորած ԲԱՐԻՆ էր…
Ամեն ինչ կատարվել էր ակնթարթորեն՝ մտամոլոր ոտքս դրել էի օձի պոչին, նա սուլոցով վեր էր թռել՝ երևի կոկորդումս ներարկելու իր չարության չափաբաժինը, բայց այդ նույն ակնթարթին մի ինչ-որ ուրիշ էակ իմ ձեռքով բռնել էր հենց իր` օձի կոկորդն ու սեղմում էր նրան ամուր-ամուր…
Ամենը տևեց ինչ-որ ակնթարթներ, բայց այդ ընթացքում, ինչպես երազում է լինում, վայրկյաններում անցան օրեր ու իմ մտքերն էլ վեպեր դարձան մի քանի վայրկյանում, երբ մենակ էինք ես, Եվայի օձն ու իմ բարին…
Մտածե՞լ էի օձի մասին այն ժամանակ, թե հիմա սկսեցի մտածել: Օձը, որ իմացության պտուղը հանձնեց Եվային, օձը, որ եղավ մարդկային չարության հիմնադիրը, օձը…
Իմ ներսում արթնացած զորեղ բարին նույնքան անսպասելի էլ չքվեց: Ես մնացի մենակ օձի հետ: Եթե մի փոքր թուլացնեի ձեռքս, օձը վարկենաբար իր թույնը կպարպեր մարմնումս: Այլևս չէի կարողանում իմ դերից դուրս ինձ զննել, մահը ականջիս շշնջում էր ինձ համար անհասկանալի բառեր ու միայն իմ միջի չարն էր տխուր, որ բարի էի մեռնելու…

Բարի ու չար:

Հիմա արդեն ինձ համար ուրիշ բառեր էին հնչում՝ մահ և կյանք: Ես չգիտեի, իրականում չգիտեի, դրանցից որն էր իմ բարին:
Ես հիշում եմ իմ ձեռքում աքցանված օձի հայացքը. այն անափ սարսափ էր արտահայտում… գուցե ես իմ սարսափի արտացոլումն էի տեսնում նրա հայացքում, չգիտեմ, բայց երևի օձը նույն այս պահի հայացքն է ունեցել, երբ դատապարտվել է սողալու…
Այդ հայացքից… Այո՜, ոչ թե մահից, այլ հատկապես օձային հիպնոսացնող աչքերից վախեցած ես մյուս ձեռքով ամուր կառչեցի օձի սահուն իրանից, ոտքս պոչից բարձրացրեցի ու ողջ ուժով սուլացող օձին ժայռերի վրա նետեցի՝ ոչնչացնելու:
Շուռ եկա ու սկսեցի վազել: Հետզհետե արագությունս դառնում էր կայծակնային…
Ընդհանրապես, այդ օրվանից հետո արագ եմ վազում, շատ արագ, թեև այլևս ինքս ինձանից փախչել չեմ կարողանում:
Վազքի յուրաքանչյուր վայրկյան լսում էի ինձ հետապնդող օձի սուլոցը, բայց օձը չկար: Մի պահ ես անգամ ցանկացա լսել այդ սուլոցը, բայց իմ ականջներում միայն քամին էր սուլում: Չէի հասկանում՝ քամին ինչ է ասում, ականջ դնելու ժամանակ չկար, ես փախչում էի Եվայի օձից…
Ահա և մարդիկ: Ամբոխի գործոնը հանգստարար ազդեցություն ունեցավ: Լուռ մոտեցա մարդկանց:
— Ո՞ւր էիր այսքան ժամանակ:
— Զբոսնում էի գետափով:
— Մենա՞կ: Գոնե մտածե՞լ ես, որ դա վտանգավոր է:
— Համամիտ եմ, ինքս ինձ հետ մենակ մնալը վտանգավոր է:
— Լավ, մի փիլիսոփայիր, մի կտոր հաց կեր, հիմա ձերոնք կգան:
— Շնորհակալություն, սոված չեմ:
— Դու գիտես:
Ամբոխի գործոնը սկսեց նյարդայնացնել:Մեկուսացած չգիտես ինչու հատկապես չորացած խնձորենու տակ նստած, փորձում էի հասկանալ: Միաժամանակ մի քանի կյանք էի վերապրել վայրկյանների ընթացքում, ուզում էի հասկանալ, թե հատկապես որն է իմ կյանքը:
ՙԵրանի օձն ինձ հասներ…՚
Ներսումս ձայն էր բարձրացրել խիղճը: Ինչո՞վ էր իմ հանդեպ մեղանչել օձը: Այն անգամ կարող էր ոչ էլ թունավոր լինել (այն ժամանակ դեռ գրքերում չէի փորփրել ու գտել օձի նկարը՝ բացահայտելով, որ այն ավելի քան թունավոր իժ էր):
Մի պահ զգացի ինձ օձի թեփուկավոր մաշկի ներքո: Սողում էի ինձ համար, իսկ հետո եկավ մարդը, տրորեց ինձ, իսկ երբ փորձեցի պաշտպանվել, նա իր ճիրաններում առավ գյուխս, նայեց ինձ իր աչքերի սարսափով ու ինքն իրենից վախեցած ինձ ջախջախեց, սպանեց, ոչնչացրեց…
Եվայի վրե՞ժը լուծեց…
Զգացի, որ շատ եմ խորանում հիմար մտքերում: Ինձ այնքա՜ն էր այդ պահին հարկավոր իմ մանկական իմաստությունը… Չկար, սպառել էի, ոչնչացրել, նետել ժայռերին ու սպանել…
Ինչ-որ մշուշոտ հույսի ու կասկածի ստվերներ կային, որ օձը փրկվել է: Մի պահ անգամ ցանկացա բարձրանալ ու վերադառնալ այնտեղ, ուր ամենը կատարվել էր: Հանցագործության վայր վերադարձողի պես ուզում էի գնալ ու փնտրել: Միթե՞ հանցագործը հույս է փնտրում՝ վերադառնալիս: Ինչ-որ անբացատրելի ուժ ինձ մեխել էր տեղում, այդ ուժը վախն էր, բայց ոչ թե վախն օձի հանդեպ, այլ հիասթափության վախը, մինչ այդ պահն ունեցած իմ բոլոր վախերից այնքա՜ն տարբեր…

Ես այն մարդն էի, ով մահը մերժելով, երբեք ի զորու չեղավ ոչ մի էակի կյանքից զրկել:  Իսկ այժմ՝ օձին ժայռերին նետելով, ես դահիճ էի դարձել: Այդպիսով, ես ճաշակեցի իմացության պտուղը, սկսեցի տարբերել բարին ու չարը, ես իմ ներսի բարուն զոհաբերեցի օձի կերպարանքն առած իմ ներսի չարը, բայց դեռ ապրում եմ հետապնդաման սարսափով՝ ամեն վայրկյան սպասելով վրիժառու սուլոցին…
Հետո քանի-քանի անգամներ գնացել եմ այնտեղ ու նույն ժայռի ներքո հույսով սպասել սուլոցին, քանի քանի անգամ եմ նույն քամու սուլոցը լսել, երկար զրուցել այդ անտուն թափառականի հետ ու անհասկանալի զգացողությունների բեռը սրտումս ետ վերադարձել:

-Բարև, — ասում էր քամին:

-Բարև,- շշնջում էի ես:

-Նորից այստե՞ղ: Նորից հույս ես փնտրու՞մ:

— Օձին եմ փնտրում, չկա:

Ու քամին լռում է:

Արդեն վաղուց այնտեղ չեմ եղել…

Ու մի տարօրինակ միտք է ինձ հետապնդում. օձի մաշկը տա՞ք էր, թե՞ սառն, արդեն չեմ հիշում…

Ձեր Կարծիքը