Վերջնական Փուլ-2 Մանե Գրիգորյան

Բարմենը ժպտում է

Հորս մահը

Դեկտեմբերն անցավ ցավի ու վախի մեջ: Վախ, որ  հորս կկորցնենք: Քրոջս նախկին ամուսնու տանն էի. տներ կան չէ, որտեղ իրերը քայլ առ քայլ, աստիճանաբար կուլ են տալիս քեզ, ու դու ամեն անգամ չգիտես՝ ինչ անես, որովհետև ամեն  անգամ պատշգամբում օդը կապարի պես ծանր է, օդը հեռացած հորդ նիհարած դեմքի պես ծանր է. օդ չկա:

Քույրս մանուշակներ էր խցկում մանր մատիկներիս մեջ, ես մի ձև պաչում էի քրոջս կարծեցյալ մոր  այտը, ասում՝ սա ձեզ, Ռոզա տատի, լավ նայեք քրոջս, լավ նայեք էս նախկին աղջկան, որ ինչ-որ ժամանակ տնից սիգարետներ էր թռցնում ու տալիս իր սիրածին, լավ նայեք, որովհետև նա էլ ոչինչ չունի կորցնելու:

Տարիներ անց մնացել է աղոտ ինչ-որ զգացում օրվանից, երբ հորս սիրտը կանգնեց: Հայրս էլ չէր դիմանում, հայրս խնդրում էր մորս, որ անջատեն աշխարհի հետ իրեն կապող բոլոր սարքերը և թողնեն շնչի. հայրս մեռնել էր ուզում:

Մենք մի ժառանգական հիվանդություն ունենք, որ հորս արյան հետ փոխանցվել է մեզ. մեզ սպանում է այս երկիրը: Երևանյան հիվանդ քույրս ու եղբայրս մեռան: Եղբորս վիճակն այնքան անհույս էր, որ նրան ամեն ինչ կարելի էր: Շաքարախտով հիվանդ ընկերուհու հետ, թե ամուսնանար տեսնես ով ավելի շուտ կմեռներ, ու տեսնես ինչպիսի զգացողություն ունի մարդը, երբ ամուսնանում է մեռելի հետ: Երևի գերեզմանոցում կտրվեին իրար, որ սովորեին, որ թեթև տանեին իրենց բաժին ընկած մահը: Եղբայրս կտաներ տատիս ու պապիս շիրիմի մոտ, ու գերեզմանաքարի վրա ոնց կսիրեին իրար. ոնց որ լինում է վերջին անգամ , ոնց որ ստացվում է առաջին անգամ ՝վախով, հիացմունքով, անորոշությամբ ու անտանելի խորը ցավով. ցավ, որ մտնում է երակներիդ մեջ, ցավ, որ մարմնիդ մեջ գալարվում է , ցավ, որ սպանում է քեզ, ցավ, որից ծնվում են:

Հիվանդանոցում եմ: Վախենում եմ, ամեն  օրը մյուսից ավելի մահաբեր է, ամեն օրը մյուսից ավելի վախենալու: Ես  միշտ կեֆիր եմ առնում, որովհետև այդ սպիտակ պատերից ներս հայրս մտածում էր, որ գոնե ես առողջ լինեմ: Ես կեֆիր էի խմում ու մտածում` այդ ինչպես ստացվեց, որ էսքան հիվանդ մարդիկ կան, ու այդ ինչու էս պատերից ներս էս մարդկանց ժպիտը ժպիտ չէ՝ կորուստ է, ժպիտը ժպիտ չէ ՝մահ է:

Եղբորս եմ նկարում մեծ ականջներով, շատ մեծ ականջներով, այնքան մեծ, որ ներսում ընտանիք կարող էր կազմել: Մայրս մի կողմից է բզում, որ նկարը իրեն տամ, հայրս հիվանդ հայացքով ժպտում է: Մաման չի դիմանում.

-Ապեր, Նարեն քեզ ա նկարել

Վահանը ժպտում է մեղմ ու մեռնող ժպիտով.

-Բա էս ինչի են ականջներս էսքան մեծ

Իսկ ես զգում էի, որ մի բան այն չէ, դրա համար էլ ականջներդ մեծ էին  իմ ախպերիկ:

Գերեզմանոցում

Ես ոչինչ չէի հասկանում, ու լացը նվագում էր իմ նիհարիկ մարմնի վրա: Ուրիշների մարմնի մեջ կուտակված լացը ինձ սպանում էր, որովհետև միակ մարդը, ով ոչինչ չէր հասկանում՝ ես էի: Հորս նախկին կինը հիստերիա սարքեց, ինձ թվում է՝ հրեց ինձ ու ես դեղնած տերևի պես ընկա ծառից, ինձ բռնեցին, ես ոչինչ չհասկացա: Ես շուրթերս մոտեցրել էի հորս, ես նայում էի հորս մեռած կոպերին և իմ մտքով չէր անցնում, որ կոպերից ներս մթությունը՝ այդ վիժվածքը, այդ լիրբը, գրկել է հորս բոլոր մազանոթներով, բոլոր բարակ թելիկներով ու թռթռում է. համաչափ թռթռում է հորս կոպերից ներս, ու ես չէի կարող գոռալ , ու ես չէի կարող շրջել դագաղը, հրամայել հորս,  որ վազի ու նորից երեխաներ ունենա, սիրի ինձ, չթողնի, որ իր գնալուց տարիներ անց իր կորուստից խելագարվեմ:

դու ինձ մենակ թողեցիր հայր,

դու ինձ սպանեցիր հայր,

քո գնալուց հետո մայրս վիժեց ինձ

Ջրծաղիկ

Երեք օր մարմինս տապակած կարտոֆիլի պես տժժում է, քրտինքս ձեթի պես այրում է: Սեփական մարմնի ջերմության ու ջրի մեջ թաթախված՝ ինչ հիվանդ բան ասես՝ չեմ մտածում: Գիշերը գոռում եմ.

-մամ, մարմինս վառվում է, ուսերս սառում են, մի բան արա

Գիշերը ուզում եմ գայլի պես անտառում լուսացնել, ուզում եմ ոռնալ, որովհետև ուրիշ ոչինչ չեմ կարող անել.ցանկացած ուրիշ փորձ կլինի իննքնասպանության փորձ, որը չեմ անի,  որովհետև չեմ կարող, վախենում եմ, չեմ պատկերացնում: Սենայկիս պատերը քերել ենք, մնացել է դատարկ պատը: Ոտաբոբիկ քայլում եմ գաջի միջով ու քիչ-քիչ սովորում եմ, որ տունը այսպիսին պետք է լինի, որ առհասարակ մարդիկ տուն չպետք  է ունենան, որ ես ոչ մի բանով ավելի լավը չեմ մեր բակի անտեր շնից ու դեռ ավելին .իր բախտը բերել է, որ անտեր է, թե չէ ես իմ տերովությունից հոգնել եմ: Ուզում եմ  թավալ գամ, ոռնամ, մկան պես դաշնամուրի մեջ մտնեմ ու ոտքերով դոփեմ՝ դո, դո, դոոոոոոոոոոոո, ու թող տունը հեռու լինի ու հարևանները մեռած:

Ուրիշ ժամանակ խնդրում ես, որ քեզ հանգիստ թողնեն, որ չմոտենան քեզ, չխոսեն, իրենց մոտիկությամբ չսպանեն քեզ: Դեղատան աշխատողը կարճ է կապում, ես էլ հեռու եմ կանգնել, դիտավորյալ մեկուսացրել եմ ինձ ու հասկանում եմ՝ էս ընտրություններից հետո ամենաահավորը կլիներ ջրծաղիկ ընկնելը: Երևի կամաց ասեցի, ասում է բարձր ասա, ես էլ հեռու եմ կանգնած ու թվում է՝ ոտքիս ծայրերի վրա պետք  է կանգնեմ, թվում է՝ պետք ձգեմ մարմինս,  որ հասակս չի հերիքում նրան մոտ կանգնելու, եթե անգամ մոտ կանգնեմ.

-Թափանցիկ զելյոնկա ունեք

-Զելյոնկայի թափանցիկը որն ա

-Դե որ կանաչի տեղը գույն չկա

-Տենց չի լինում

Ծեծված մարմինս դուրս նետեցի, քայլում եմ թաղերով, որ հազար անգամ չափել եմ, հազար անգամ ժամադրվել, երկար-բարակ սիլիբիլի արել, հետո էլ մենակ թափառել, մտածել, թե ինչ հորինեմ, որ ցրեմ ու ոնց բացատրեմ՝ էն ինչ երեկ էր երեկվա համար էր, էսօր ես նորից խառն եմ, էսօրվա համար ես նորից պատասխանատու չեմ, որ իմ ասած խոսքին հավատալը նույնն է ոնց որ հավատաս, որ մարդը, եթե շատ ուզի՝ չի մեռնի, որ մարդուն, եթե շատ ուզեն՝ չեն սպանի, չէ, իրոք չեն սպանի: Մի օր դպրոցիս բակի ծառերից, սյուներից ուսուցիչները կկախեն իրենց, ոմանք էլ պատուհանից դուրս կնետվեն: Աշակերտները ուսուցիչներին ցած կնետեն,ինչպես ցած են նետում սիրային նամակը, տնօրենը խելագարված կապտակի քարտուղարուհուն, քարտուղարուհին հուզված կկռվի ընկերոջ հետ, ընկերը մոլեգնած կռիվ կսարքի թաղի տղերքի հետ:Մարդիկ կուտեն իրար, կհոշոտեն մարմինները, ատամները կխրեն պարանոցի մեջ, արյունը պարանոցից իջնելով կներկի վերնաշապիկը, կարմիրը որովայնից ներքև կիջնի, կծորա ոտքերի վրայով, մազերի արանքով կսահի ցած ու կլցվի կոշիկների մեջ: Քայլերը արնոտ կլինեն, ու ծանր, մարդիկ դժվար կքայլեն՝ մեկ քայլ ու կրունկը պոկելով կոշիկից կզգաս արյան ծանրությունը: Հոտը կբարձրանա վերև.հոտը քրտինք կդառնա:

Մանկպարտեզում տղան կվերցնի պլաստմասե բահը ու կնետի, հետո պլաստմասե կաթսան, վառարանը, սառնարանը. տղան չի հասկանա՝  ինչ է կատարվում, բայց մի բան նրան հունից կհանի: Նա կհիշի հորը, որ միշտ տրամադրություն չունի ու ամեն անգամ, երբ տղան ուզում է մոտենալ, տեսնում է՝ հայացքը ուրիշ տեղ է, ու աչքերի մեջ երևում է՝ մեկը սպանել է հորը. հոր աչքերի մեջ հազարավոր հայրերի մահ կա: Ու տղան կթրջի տակը, ոչ մեկի չի ասի, մեզը տաք ու հարազատ կթվա, րոպեներ անց իրեն պաշտպանված կզգա իր մարմնի տաքության մեջ. տղան կսովորի մենակ լինել:

Աղբի վրա պարող աղջիկները

Գիշերային ակումբում եմ, մթությունը, ծանր օդը, բարմենի ծանր հայացքը, կողքիս մարդկանց անորոշ ծանրությունը, չգիտեմ՝ ինչ վերցնեմ խմելու: Լեզուս կպել է բերանիս, չոր ու տհաճ մի բան ներսից ծորում է, մտածում եմ՝ ոնց կլսվի ձայնս էս աղմուկի մեջ, սպասում եմ, որ ինձ դիմեն: Բարմենն ասում է.

-Սուրճը իմ կողմից

Ես էլ շփոթվում եմ. ինչու չասեց ասենք գարեջուրն իմ կողմից, ասեց՝ սուրճը: Հետո ստացվում է, որ չեմ կարող վճարել, բայց ես ուզում եմ վճարել, ես կարող եմ վճարել սուրճի համար:

-Դե իմ կողմից էլ հյութ բերեք

Բարմենի աչքերը ժպտում են, բարմենը մի բան գիտի: Ինձ չորս կողմից կուլ են տալիս պատերը, մարդիկ, բարմենը…սուրճը:

Մեկ էլ աղմուկը ուժեղանում է, ոչինչ չեմ հասկանում, շրջվում եմ, ձայներ են, աղբատար մեքենայի վրա աղջիկները մերկացրել են կուրծքը, աղբի վրա պարում են, կրծքերը վերև են բարձրանում, հետո երևի դաղում են աղջիկների մարմինը: Ես զգում եմ կրծքերի տակ կուտակված քրտինքի ծանրությունն ու ցավը: Ոտքերի տակ դատարկ շշեր են, աղջիկները խելագարված պարում են, մեքենան գնացքի պես գնում է: Աղջիկները հիվանդ են, ցավի պարը մոլեգնում է ,մարմնի մեջ պարում է ցավը:

Նստել եմ անկյունում, մրսում եմ, անտանելի մրսում եմ, բարմենը սուրճի փոխարեն սպաս է բերել՝ թեյնիկի մեջ լցրած, մատով փակում է թեյնիկի ծայրը, հետո խառնում է սպասը, լցնում է ամանիս մեջ, գդալը մոտեցնում է բերանին, ասում է ՝ լավ է, կարող ես ուտել:

Ծանոթներիցս մեկը համակարգիչս է բզբզում, ֆայլերն է դասավորում,  բարմենը ուզում է սիլիբիլի անի հետս, ես մի տեսակ խեղճացած եմ, ես մի տեսակ կուչ եմ եկել: Բարմենին ասում եմ՝ ես սենց տեղ առաջին անգամ եմ լինում, ասում եմ ու մի բան դաղում է ներսից: Բարմենը ժպտում է:Մի բան գիտի: Հետո մենակ ենք: Ա-ին ասում եմ՝ արի վճարենք սպասի համար, Ա-ն ասում է՝ անջատենք հեռախոսն ու թռնենք, հանկարծ հիշում եմ, որ քարտս մոտս է, որր իբր փող ունեմ: Մտածում եմ կվճարենք, չենք թռնի, դրա փողն ունենք:

Արթնանում եմ: Ծանրությունը մնացել է դեռ: Ա-ի հետ եմ ՖԲ-ով խոսում, երազս եմ պատմում ասում է.

-Աղբի վրա պարողները պոռնիկներ են եղել, դու էլ էդպիսին չես դրա համար էլ խեղճացել էիր

Վատ եմ զգում: Ախր պոռնիկը որն է, ախր ես էլ եմ պոռնիկ, ախր ես էլ, եթե կարողանայի՝  էդ պահին կպարեի նրանց հետ, էդ պահին էս էլ կմերկացնեի կուրծքս ու ես էլ կզգայի մարմնիս հոտը, որ խառնվել է աղբի հետ, ու ծորում է: Ես էլ կզգայի ցավը, որ կատվի պես կուչ է եկել ներսումս , ես էլ կզգայի, թե ոնց է կատվիկը անտանելի մլավում: Լսել եք չէ կատվի ձայնը. ոնց որ նեղացած կնոջ ձայն լինի, ոնց որ վիրավոր կնոջ ձայն լինի, ոնց որ մոլեգնած վիրավոր նեղացած կնոջ մլավոց լինի:

Բարմենը մի բան գիտի: Բարմենը ժպտում է մեղմ ու մեռնող աչքերով: Ներսումս ծանոթ մի բան ծորում է, ներսումս մեռնող մի բան ցնցում է գլխիկը, նոր մեռած ձկան պես շարժում պոչը, բիբերը սարսափից ավելի սպիտակում են: Ես, ինչպես արաբ գրող Ռումիի առակում, մտովի շոշափում եմ բարմենի ոտքերը ու թվում է՝ մի զույգ ծառ է՝ մենակ ու դողացող, անտերև ու լքված, շոշափում եմ որովայնը, ականջս մոտեցնում եմ, իսկ ներսում ծովն է շառաչում, ծովի վրա լողացող աղջիկներ կան, որ չհասցրեցին սիրել, մարմինը գերանի պես մեռավ տղամարդու ձեռքերի տակ.աղջիկները մերկ են ու որբ:

Ես շոշափում եմ բարմենի ականջները, հովհարի պես մեծ ականջները, ու ներսից մի բան հարվածում է որովայնիս, մարմինս փլվում է գետնին, հովհարի պես մեծ ականջներից գետի պես հոսում է հորս մարմինը, ջուրը հասնում  է ոտքերիս, եղբորս ականջներից հոսող հայրս ծածկում է  մարմինս:

Ձեր Կարծիքը